Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արցախ-Սիրիա-Արցախ. կհամարձակվի՞, արդյոք, «որևէ մեկը» մինչև նոյեմբերի 4-ը մեկ անգամ էլ փորձել մեզ

Արցախ-Սիրիա-Արցախ. կհամարձակվի՞, արդյոք, «որևէ մեկը» մինչև նոյեմբերի 4-ը մեկ անգամ էլ փորձել մեզ
21.10.2016 | 00:30

(սկիզբը՝ այստեղ)

Քիչ չեն լինի մարդիկ, ովքեր կցանկանան չհամաձայնել ինձ հետ և, ասենք, ընդգծել Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի դերը ապրիլյան իրադարձությունների «մարման» գործում: Դե, կամքը նրանցն է: Դիտավորյալ չեմ խորանում այն բանում, թե ինչ և ինչպես կարող էր «քամել» Ռուսաստանը. իսկ ի՞նչ կարիք կա քննարկելու մի բան, ինչն առնչվում է արդեն ռուս-իրանական հարաբերությունների և Սիրիայի հարցում նրանց փոխգործակցության ոլորտին: Ինչպես ասում են, կույր պետք է լինել չտեսնելու համար, որ Մոսկվան ու Թեհրանը ամենասերտ ձևով գործակցում են Սիրիայի հարցում, ձգտելով թույլ չտալ, որ ահաբեկչական պատերազմի ալիքը հասնի իրենց կամ Ռուսաստանին ու Իրանին սահմանակից երկրների տարածք (նույն ուղղությամբ նրանք է՛լ ավելի սերտորեն համագործակցում են Անդրկովկասում, այսինքն, արցախյան և ամբողջությամբ վերցրած հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում):


ՈՒստի պետք է հիշել նաև այլ հայտարարություններ, որոնք, բացի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ վերջերս Իլհամ Ալիևի արած հայտարարություններից, առնչվում էին նաև Արցախին: Իհարկե, այս շարքում առաջինը ոչ թե ինչ-որ հայտարարություն է, այլ անվիճելի փաստ: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի այն լայնատարած հայտարարություններին, թե «այս տարվա օգոստոսին անպայման պիտի տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ևս մեկ հանդիպում», նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը մատը մատին չխփեցին այդ ուղղությամբ և ոչ ոքի թևի տակ այդպես էլ «չծվարեցին»: Համապատասխանաբար և չկայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների 2016 թ. երկրորդ հանդիպումը: Ինչպես և ինչով «արդարացան» նախագահներ Սարգսյանն ու Ալիևը ամերիկացիների առջև, ամենայն հավանականությամբ, հարկ չկա նույնիսկ խորամուխ լինելու: Ադրբեջանը նախապատրաստվում էր «միապետության» հաստատման հանրաքվեին, ի՞նչ պակաս պատրվակ է: Հայաստանն էլ խոսում էր «ժողովրդի վստահության կառավարության» մասին, սակայն հարաբերական կադրային փոխատեղումներ է անում, այնպես որ, դարձյալ ներքին խնդիր է: Բայց սրանք միայն ենթադրություն են, և հետո սրանք չեն բացառում այն, ինչի վերաբերյալ ենթադրություններ արվեցին դեռ հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում նախագահների եռակողմ հանդիպումից հետո (Վլադիմիր Պուտինի հովանավորությամբ). դե, քանի որ ՌԴ արտգործնախարարը պիտերյան խորհրդակցությունից անմիջապես հետո զանգահարեց իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Մարկ Էյրոյին և ոչ թե ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին, ապա հետագայում Մոսկվան ու Փարիզը արցախյան հարցի շրջանակներում «ավելի միահամուռ» կլինեն իրար հետ և ոչ թե Վաշինգտոնի: Եվ քանի որ այդպես է, ապա Ռուսաստանն ու Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, պարզապես կարող էին որոշել, որ օգոստոսը այնքան էլ «հարմար ժամանակ» չէ որևէ մեկի հովանավորությամբ նախագահներ Սարգսյանի ու Ալիևի կրկնական հանդիպման համար:


Այստեղ էլ գալիս է ժամանակը ևս մեկ հայտարարության, որը, նաև իմ կարծիքով, իր լրացուցիչ դերն է խաղացել: Սեպտեմբերի կեսերին Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, հանդես գալով ամերիկացի ՈՒոռլիքի վերն արդեն հիշատակված հայտարարության մեկնաբանությամբ, իմ համոզմամբ, ստիպված էր, հակառակ իր նկարագրի, կոշտացնել տոնը: Հիշեցնեմ, որ ՈՒոռլիքը, ըստ էության, ոչ մի նոր բան չի ասել, նա միայն կրկնել է ԱՄՆ-ի ավանդական դիրքորոշումը. կարգավորումը պետք է սկսվի հայկական կողմից, այսպես կոչված, «օկուպացված ադրբեջանական տարածքների» միակողմանի հանձնմամբ: Իսկ «փոխարենը», իբր, Ադրբեջանը պարտավորվում է տեսանելի ապագայում համաձայնել «ԼՂՀ-ի կարգավիճակին», ընդ որում, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը երբևէ կես խոսք անգամ չի ասել այն մասին, թե ինչ կարգավիճակ է դա: Ադրբեջանցիները, օրինակ, միշտ պնդում են, թե դա «կարգավիճակ է Ադրբեջանի ներսում»:

Դե, իսկ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույն սեպտեմբերին հրապարակային ելույթներից մեկի ժամանակ մի թեթև բացեց «կարգավիճակ տարածքների դիմաց»-ի մասին խոսակցությունների շղարշը. պարզվում է, 2001 թ. ԱՄՆ-ի նախագահ Կրտսեր Ջորջ Բուշի հովանավորությամբ կայացած Քի Վեսթի (ԱՄՆ, Ֆլորիդա) բանակցություններում խոսքը եղել է այն մասին, որ որոշ տարածքների վերադարձման պարագայում բանակցող կողմերը համաձայնում էին Հայաստանին Արցախի վերամիավորմանը, ընդ որում՝ Բերձորի և Քարվաճառի շրջանները ևս մտնելու էին Հայաստանի կազմի մեջ, քանի որ Երևանն ու Ստեփանակերտը երբեք չէին համաձայնում, որ Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև հուսալի ու երաշխավորված ցամաքային կապ չլինի:


Սակայն փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ընդգծելով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ոչ մի նոր բան չասաց, այլ պարզապես կրկնեց այն ամենը, ինչ արտացոլված է Մադրիդյան սկզբունքներում, հանկարծ շարունակեց. «Ղարաբաղի վերաբերյալ Մադրիդյան սկզբունքները ժամանակ էին տալիս, բայց Բաքուն սկսեց այդ ժամանակն օգտագործել այլ խնդիրներ լուծելու համար: Սկզբունքները ենթադրում էին փոխադարձ զիջումներ, որոնք ներառելու էին թե՛ տարածքների, թե՛ կարգավիճակի հարցերը: Այնտեղ մի դրույթ կա հետաձգված հանրաքվեի մասին, որի նպատակն է, որ այդ որոշակի ժամանակամիջոցում Բաքուն իր հասարակությանը նախապատրաստի այն մտքին, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինելու: Բայց Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայից հետո ժամանակն է լրջորեն մտածելու բանակցությունների հիմքի մասին»: Հիշեցնեմ նաև, որ հունիսին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս, անդրադառնալով արցախյան խնդրի կարգավորման նկատմամբ Մոսկվայի դիրքորոշմանը, դիտավորյալ հիշեցրեց, որ խոսքը միշտ եղել է փոխադարձ զիջումների մասին, ոչ թե միակողմանի: Ընդ որում, ինչպես ասաց Ռուսաստանի նախագահը, փոխադարձ զիջումները պետք է ընդունելի լինեն հակամարտության բոլոր կողմերի համար, ոչ թե երեքից մեկի կամ երկուսի: Նրա խոսքերով՝ ժամանակին Մադրիդյան սկզբունքների շրջանակներում Հայաստանի կողմից զիջումը դարձավ հենց հանրաքվեի հետաձգումը և հենց՝ միայն Արցախում: Բայց Ադրբեջանն այդ ժամանակամիջոցն օգտագործեց Ղարաբաղի դեմ ագրեսիա նախապատրաստելու համար: «ՈՒրեմն պետք է լրջորեն վերանայել բոլոր նախորդ համաձայնությունները»,- համարում է Շավարշ Քոչարյանը: Դիվանագետն ընդգծեց նաև, որ որևէ առաջադիմություն ուղղակի անհնար է առանց 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման: «Հրադադարի ռեժիմի ամրապնդման և հակամարտության գոտում ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի ընդլայնման անհրաժեշտությունը ուժի մեջ է մնում, և քանի դեռ այդ պայմաններն ապահովված չեն, բանակցային գործընթացի որևէ արդյունքի մասին խոսք լինել չի կարող»,- արձանագրեց հայ փոխնախարարը:


Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը պարզել է, թե որքանով է այդ հայտարարությունը (ըստ էության, Հայաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունը) Մոսկվայի և Փարիզի հետ Երևանի փոխգործակցության օրինակ հանդիսանում: Եվ արդեն իր համար ինչ-որ բան պարզելով ու ճշտելով, պետդեպարտամենտը ՈՒոռլիքին հրաման տվեց մեկ անգամ ևս «հող շոշափել»: ՈՒոռլիքին, իհարկե, օրինակ ցույց տվեց նրա շեֆը՝ պետքարտուղար Քերին, իսկ նա, ինչպես հայտնի է, հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության կարգավորման պայմանները դեռ չեն ձևավորվել», և որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհնարինության պատճառներն այսօր «լարվածությունն ու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների անպատրաստությունն են»: Քերին նույն քաղաքական հարթության վրա է դրել արցախյան կարգավորման խնդիրն ու պաղեստինա-իսրայելական բազմամյա հակամարտությունը, որտեղ, նրա խոսքերով, «հակամարտությունն այնպիսին է», երբ «մարդիկ որոշումների համալիրներ են ընդունել»: Դա չի նշանակում, թե ԱՄՆ-ը միատեսակ վերաբերմունք ունի նշված հակամարտությունների նկատմամբ, հակառակ դեպքում ՈՒոռլիքը չէր պնդի, թե Արցախն ուղղակի «պարտավոր» է առաջինն սկսել զիջումները, թեև նույնիսկ Մադրիդյան սկզբունքներում առաջին զիջումները (ըստ այդ «սկզբունքների» կետերի իմաստի) հենց Ադրբեջանինն են: Եվ ահա Քերիից հետո եղավ ՈՒոռլիքի նույնիսկ ոչ թե մեկ, այլ երկու հայտարարություն: Նախ, նա կանխագուշակում էր Նյու Յորքում (կարծես՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում) Սարգսյան-Ալիև հանդիպումը, այնուհետև ներկայացնում «ԱՄՆ-ի հույսը», թե մինչև 2016 թ. ավարտը Սարգսյան-Ալիև երկրորդ հանդիպումը, այնուամենայնիվ, կկայանա:


Այսպիսով, Քերիի և ՈՒոռլիքի հայտարարությունները բացահայտորեն նշանակում են, որ, մտահոգված լինելով ստեղծված իրավիճակով, և ոչ միայն Անդրկովկասում, ԱՄՆ-ը ձգտում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցությունների հերթական ձգձգմանը: Ինչի՞ համար: Մակերեսային հայացքով, թերևս, այն բանի համար, որ հանգիստ ու խաղաղ պայմաններում նախագահ փոխվի Վաշինգտոնում, իսկ արդեն «նոր դեմքերը» կորոշեն, թե ինչի է ձգտում Ամերիկան Արցախում հաշտության հասնելու միջնորդության շրջանակներում: Ենթադրությունն իմաստ կունենար, եթե չլիներ Ալիևի արդեն դիտարկված հայտարարությունը: Ահա թե ինչու հարկավոր է մտորել և խույս չտալ այն երկյուղներից, թե ԱՄՆ-ն ու Ադրբեջանը լիովին կարող են փորձել կրկնել ապրիլյան արկածախնդրությունը: Հարցն այն է, թե դա Իրանի ու Ռուսաստանի կողմից կընդունվի՞ այնպես, ինչպես եղավ ապրիլին, թե՞ Թեհրան-Մոսկվա զույգն այս անգամ կնախընտրի ձախողել հնարավոր սադրանքը:


Ես չեմ ձգտում հրեշի կերպարով ներկայացնել ԱՄՆ-ը, ես պարզապես մանրամասնորեն վերլուծում եմ ամերիկյան քաղաքականությունը մյուս բոլոր երկրների նկատմամբ և նշում եմ, որ ԱՄՆ-ն ամենուրեք ընթանում է համաշխարհային հրդեհների բորբոքման ուղիով: Մեկ անգամ ևս կրկնեմ. հնարավոր է, որ դա կապված լինի նախագահական ընտրությունների հետ, և նոյեմբերի 4-ից հետո, իսկ ավելի շուտ 2017 թ. հունվարից հետո, կարելի կլինի կայունացում սպասել: Սակայն Ադրբեջանը 1995 թ. վերջերից գտնվում է ԱՄՆ-ի մանրադիտակի տակ. «Բաքվի գործարքին» ամերիկյան «Amogo» ֆիրմայի միանալուց, Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթենլի Էսկուդերոյին Ապշերոնում համարյա բոլոր «ածխաջրածնային բիզնեսների» մեջ «ներդրումից», 2002-2003 թվերից սկսած Ադրբեջանին Իրանի դեմ օգտագործելու բազմաթիվ փորձերից, ադրբեջանա-իրանական սահմանին ԱՄՆ-ի ու Իսրայելի հատուկ նշանակության ուժերի մշտական տեղակայումից հետո, մենք՝ Հայաստանն ու Արցախը, դեռ այն տարիներին պետք է սթափվեինք: Ավաղ, սթափության նշաններ դեռ չեն երևում:


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ