Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

1905, Բաքու

1905, Բաքու
11.11.2016 | 11:52

(սկիզբը` այստեղ)

ՀԱՏՈՒՑՈՒՄ


Ինչո՞ւ են 1905 թ. Բաքվից ծայր առած և ընդհուպ մինչև 1906 թ. նոյեմբերի վերջ Անդրկովկասով մեկ շարունակված ընդհարումները պատմագրության մեջ անվանվում «հայ-թաթարական բախումներ»: Այն պարզ պատճառով, որ թաթար-ադրբեջանցիները լրջագույն հակահարված ստացան, և դա էլ սկսվեց Բաքվից: Եթե 1905-ի փետրվարի 6-ի երեկոյից մինչև փետրվարի 7-ի կեսօր թաթարներին հաջողվեց անպատիժ կերպով հայերին կոտորել, ապա տեսնելով ռուսական իշխանության ոչ միայն անգործությունը, այլև ակնհայտ աջակցությունը ջարդարարներին` ասպարեզ իջան Ալեքսանդր Ադամյանի նման «պլոճիկով» հայորդիներ: Նրանցից մեկն էր Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան, 1867 թ., Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ղշլաղ գյուղ - 1914 թ., Կիսլովոդսկ: Հուղարկավորվել է Թիֆլիսի Խոջիվանք հայոց գերեզմանատանը: 1930-ական թթ., ի թիվս այլ մեծանուն հայերի, հողին է հավասարեցվել նաև նրա գերեզմանը):


ՈՒնենալով զինված պայքարի հարուստ փորձ` 1894-1897 թթ. թուրքերի դեմ կռվելով Արևմտյան Հայաստանում, նախաձեռնելով Խանասորի արշավանքը, հաստատվել էր Բաքվում և Սև քաղաքում շուշեցի Ղուկասյան եղբայրների նավթահանքերից մեկի կառավարիչն էր: Փետրվարի 6-ի երեկոյան ՀՅԴ Բաքվի կոմիտեի անդամ Աբրահամ Գյուլխանդանյանից հեռագիր ստանալով քաղաքում սկիզբ առած ջարդի մասին, շտապեց Սպիտակ քաղաք: Նրա հետ էին ընդամենը վեց մարտիկներ` Մկրտիչ Աղամալյանը (Սարհադ), Մարտիրոս Չարուխչյանը, Հմայակ Ջանփոլադյանը, Համբարձում Բալայանը (Համբի), Փոքրիկ Ղազարը (Ղազո) և Շամախեցի Իվանը:
Բաքվում կար 43 լուսանկարչատուն, որից 13-ը պատկանում էր հայերին (ի դեպ, միայն 1-ը` թաթարի): Դրանցից Տորգովայա (Նիզամի) և Մարիինսկայա (Ռասուլ Ռզա) փողոցների անկյունում գտնվող Իսահակ Մելիքյանի լուսանկարչատունը դարձավ Նիկոլի և նրա փոքրաթիվ խմբի յուրատեսակ ռազմական շտաբը:


Տեղեկանալով իրավիճակին, անձամբ ականատես լինելով կատարվողին և սթափ գնահատելով ստեղծված դրությունը, Նիկոլն անհապաղ անցավ գործի: Ըստ իս, հարկ է ուշադրություն դարձնել ևս մի կարևոր հանգամանքի. նա հրաշալի գիտեր թաթարների հոգեբանությունը, որն էր` գիշատիչների ոհմակի նման հարձակվել անզոր զոհի վրա ու բզկտել, բայց որևէ դիմադրության հանդիպելու դեպքում գլխապատառ փախչել:
Դա էր պատճառը, որ արդեն փետրվարի 7-ից, իր վեց զինակիցների գլուխն անցած, Դումանն սկսեց անխնա հարվածներ հասցնել թաթարների արյունռուշտ ավազակախմբերին, ընդ որում` արագորեն թաղից թաղ անցնելով: ՈՒշագրավ է, որ թաթարական խուժանը, թողնելով սպանվածներին ու վիրավորներին, խուճապի էր մատնվում ու փախչում:
Նույն օրը երեկոյան Սև քաղաքից Բաքու հասան ինչպես բազմաթիվ երիտասարդ բանվորներ, այնպես էլ փորձառու ֆիդայիներ` Առյուծ Ավագը, Մակացի Գրիգորը, Ղաչաղ Ասլանը, Դրաստամատ Կանայանը (Դրո), Թադևոս Պետրոսյանը (Թադե) և այլք:


Սպառնալիքներով, ուժի կիրառմամբ զենք ու ռազմամթերք հայթայթելով ու երիտասարդներին զինելով, նրանց պատժիչ գործողությունները հմտորեն ղեկավարելով, Դումանը երկու օրում կարողացավ հայկական թաղամասերը զգալիորեն մաքրել թաթար ջարդարարներից:
Ինքնապաշտպանական կռիվների մասնակից Թադևոս Պետրոսյանը նշում է. «Թուրք խուժանը, հակառակ որ փառաւորապէս զինուած էր եւ վայելում էր ռուս պաշտօնէութեան հովանաւորութիւնը, թողեց հայկական թաղերը եւ կենտրոնացաւ Ղուբայ Մէյդանի եւ Շամախինկայի մէջ: Դումանի կռիւները կրցան թուրքերին քշել իրենց անառիկ համարուած շրջաններէն, մտան թրքաշատ թաղերը, ազատեցին Դաշնակցութեան զինապահեստը եւ, նոր ուժեր զինելով եւ գրոհներ տալով, շշմեցրին ոչ միայն թուրքերին, այլեւ ռուս զինուորական եւ քաղաքացիական պաշտօնէութիւնը: Եւ երբ, Նիկոլ Դումանի հրահանգով հրապարակ պիտի հանէինք նաեւ մեր ձեռնառումբերը, մեր առաջ ելան թաթար ղեկաւարները ճերմակ դրօշակներով եւ «բարըշլը՜ղ, բարըշլը՜ղ» (հաշտություն, հաշտություն) պոռալով, խնդրեցին վերջ տալ արիւնահեղութեան»:


Ահա՝ որն էր փետրվարի 9-ին հաշտություն ավետելու բուն պատճառը:

Բաքվահայության ջարդերի ոգեշնչողը և գաղտնի աջակիցը նահանգապետ Նակաշիձեն էր, որի նկատմամբ դաշնակցությունը կայացրեց մահվան վճիռ:
Մայիսի 11-ին, չորեքշաբթի, Նակաշիձեն համհարզի ուղեկցությամբ կառք է նստում և ճանապարհվում Պարսկաստանի հյուպատոսություն` այցելելու Թուրքիայից ժամանած հյուպատոս, արքայազն Միրզա Ռզա խանին: Բայց այնտեղ նրան չգտնելով, վերադառնում է: Կառքն անցնում է Գուբերնսկայա (Նիզամի) փողոցով, թեքվում Վրանգելսկայա (Ա. Ջավադ), որպեսզի գնա Վելիկոկնյաժեսկի (Ահմեդ Էմին Ռասուլզադե) պողոտայի վրա գտնվող «Մետրոպոլ» հյուրանոց: Շենքը պատկանում էր Կարապետ Լալայանին, որի երկրորդ հարկում ոմն Օմենցետեր 1891 թ. հիմնել էր հյուրանոց, որտեղ ճակատագրի հեգնանքով 1918 թ. կայացավ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության կառավարության առաջին նիստը և նույն հեգնանքով այսօր Նիզամու անվան գրականության թանգարանն է:
Ժամը 3-ն անց 15 րոպե: Նակաշիձեի կառքը կանգ է առնում «Մետրոպոլի» առջև: Մուտքի մոտ երկու թաթարներ ոտքի վրա միրգ են ծախում: Հանկարծ չգիտես որտեղից վազքով մոտենում է մի երիտասարդ, ռումբ նետում կառքի մեջ և ուրվականի նման անհետանում: Պայթյունից սպանվում են նահանգապետը, նրա համհարզը, երկու թաթար մրգավաճառները, մեջքից ծանր վիրավորվում է կառապանը:


Հյուրանոցը, շրջակա խանութները, հարակից փողոցները շրջափակվում են, դեպքի վայր են գալիս Բաքվի ժամանակավոր գեներալ-նահանգապետ, գեներալ-ադյուտանտ իշխան Ամիլախվարին, դատախազը, և ձեռնարկվում են որոնողական գործողություններ: Սակայն ապարդյուն. ռմբահարն անհետացել էր:
Մի քանի օր անց դաշնակցությունը տարածեց «Դիմում հայ ժողովրդին», որով հայտնեց Նակաշիձեի սպանության մասին: Արդար հատուցման վերաբերյալ այդ լուրն այնպիսի ոգևորիչ ազդեցություն ունեցավ, որ ոմն շուշեցի Սիմոն Բալասանյան և ոմն բաքվեցի Գևորգ Մայրամյան, միմյանցից զատ, գինետներում կատարները տաքացրին և գլուխ գովեցին, թե, իբր, իրենք են մահափորձն իրականացրել: Երկուսին էլ ձերբակալեցին: Ձերբակալեցին նաև պարսկահպատակներ Պետրոս Սահակյանցին և Լևոն Հարությունյանին, ինչպես նաև նախիջևանցի, անչափահաս պատանի Մինաս Աղայանցին: Իշխանություններին քավության նոխազներ էին պետք. առաջին չորսին դատապարտեցին մահվան, բայց հետագայում փոխեցին 15 տարվա տաժանակիր աշխատանքների: Անչափահաս Մինասին դատեցին 1907-ին, բայց արդարացրին:


Նրանցից ոչ մեկը որևէ առնչություն չուներ Նակաշիձեի սպանության հետ: Գործողությունը կատարել էր 20-ամյա Դրոն…

Ընթերցո՛ղ, հիշո՞ւմ ես, Բալաբեկ Լալայանն ուներ երեք որդի: Ջարդի օրերին երջանիկ պատահականությամբ նրանք ծնողների տանը չէին ու փրկվել էին: Նրանցից մեկը Ստեփանն էր…
Մեծացան թաթար լամուկները, որոնք ատրճանակը ձեռքներին ընտելանում էին հայասպանությանը, հասակ առավ նաև Ստեփանը: 1918 թ. ապրիլից սկսած նա լիուլի վրեժ լուծեց սպանված հոր, մոր, հորեղբոր, մորթոտված ու հրկիզված հայերի համար` Բաքվում ու Շամախում անելով ճիշտ ու ճիշտ այն, ինչ արել էին թաթարները: Ըստ ադրբեջանցիների, ապրիլ-մայիս ամիսների ընթացքում հայերը` Ստեփան Լալայանի և Թադևոս Ամիրյանի գլխավորությամբ, միայն Շամախի գավառում ավերել էին 53 թաթարական գյուղ, 13 մզկիթ, սպանել 8027 մահմեդականի: Այս թվերը ես ոչ կմեկնաբանեմ, ոչ էլ կվիճարկեմ, որովհետև անիմաստ է` ադրբեջանցիների զեղծարարություններին վաղուց ենք ծանոթ: Բայց փաստ է` Ստեփանը վրեժխնդիր եղավ:


1918 թ. օգոստոսի 31-ից Գանձակում սկսեց գործել թաթարների Արտակարգ քննչական հանձնաժողովը, որի միակ նպատակը «օրինական» ճանապարհով հայերին հաշվեհարդարի ենթարկելն էր: 15 հոգուց բաղկացած այդ հանձնաժողովը, որի նախագահն էր փաստաբան Ալեքպեր բեկ Խասմամեդովը, անցավ գործի` հայերի «ոճրագործությունների» մասին վկայություններ հավաքելով թաթարներից, բնականաբար, ընդունելով անմեղ գառնուկի, զոհի կեցվածք:
«Քաղաքակիրթ» ժողովրդավարի դիմակ հագած ներկայիս ադրբեջանցիները այդ «վկայությունները» բաց մատչելիությամբ տեղադրել են համացանցում` իրենց իսկ գլխին փորձանք բերելով: Որովհետև բավական է մասնագիտական աչքով դրանք ուշադրությամբ ընթերցել, և ակնհայտորեն կերևան ոչ միայն հորինվածքներ, շինծու պատումներ, բազմաթիվ անճշտություններ, այլև «վկաների» բերանը դրած ձեռնտու «ցուցմունքներ»: Զարմանալի բան չկա, գործ ունենք սովորական քարոզչական զեղծարարության հետ:


Երբ 1918 թ. սեպտեմբերին թուրքական կանոնավոր բանակի շնորհիվ ստեղծվեց Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, պատասխանատվության կանչվեցին 22 հայեր, այդ թվում` Ստեփան Լալայանը, Թադևոս Ամիրյանը, Մարդասիրական ընկերության երկարամյա քարտուղար Սարգիս Վարշամյանցը, «Արամազդ» նավթարդյունաբերական ընկերության տնօրեն-կառավարիչ Աստվածատուր Վաչյանցը, «Ա. Ս. Մելիքով և ընկ.» նավթարդյունաբերական ընկերության սեփականատեր ու տնօրեն-կառավարիչ Համբարձում Մելիքյանը, Եղիշե Ղուլյանցը, լուսանկարիչ Գեորգի (Ժորժ) Մելիքյանը: Ձերբակալվեցին Ս. Լալայանն ու Ե. Ղուլյանցը, ահռելի գումարներ կազմող գրավի դիմաց ազատ արձակվեցին Ա. Վաչյանցը, Ս. Վարշամյանցը, Գ. Մելիքյանը, իսկ մյուսների նկատմամբ հայտարարվեց հետախուզում:


Բացի այդ, քրեական գործեր հարուցվեցին ևս 300 հայերի նկատմամբ:
Այս բոլոր մարդկանցից ողբալի ճակատագիր բաժին հասավ միայն Ստեփան Լալայանին: Ադրբեջանցի դարձած թաթարները 1919 թ. նրան տեղափոխեցին Գանձակ, բանտում ենթարկեցին անլուր կտտանքների, մեռցրին, ապա կեղծ բժշկական եզրակացություն «թխեցին», թե, իբր, մահացել է սրտի կաթվածից: Ընդամենը 27 տարեկան երիտասարդ էր…

Ընթերցո՛ղ, հիշո՞ւմ ես Ալեքսանդր Ադամյանի Մայիսիկ որդուն: Մեծացան նրա հոր վրա կրակող թաթար լամուկները, հասակ առավ նաև որբ Մայիսիկը: Նրան ոտքի կանգնեցրին ունևոր հորեղբայրները, ու կարող էր անհոգ և ապահով կյանքով ապրել: Բայց չմոռացավ հերոս հորը, հրկիզված մորը, զենքը ձեռքին զոհված ավագ եղբորը:


Ես չգիտեմ, թե Արամայիս Ադամյանն ինչպես խաբեց կամ համոզեց Զորավար Անդրանիկին, բայց զինվորագրվեց նրա կազմավորած առաջին հայկական կամավորական զորագնդին և 1914 թ. նոյեմբերի 7-ին Աշնակ գյուղի մոտ զոհվեց տաճիկների դեմ կռվի ժամանակ: Ընդամենը 17 տարեկան երիտասարդ էր…

1905 թ. փետրվարի 11-ին «Մշակ» օրաթերթում մեկն այսպիսի միտք արտահայտեց. «Բագւում ամենքը սովոր էին կարծել թէ հարստութիւնը ամենակարող է, թէ միլիօններով կարելի է ապահով ու հանգիստ լինել: Բայց այդ սարսափելի օրերը ցոյց տուին, որ միմիայն ինքնապաշտպանութիւնն է մարդուն փրկողը: ՈՒրիշ որևէ ոյժի վրայ յոյս դնել չէր կարելի»:
Այս պնդումը մասամբ է անվիճելի: Որովհետև ազգային արհավիրքի պահին հարուստն ու աղքատը միակամ էին, ինչպես նավթարդյունաբերող Ալեքսանդր Ադամյանը և Սև քաղաքի սևագործ բանվորը: Ամեն ոք վարվում էր ըստ իր մտածելակերպի, ազգային և ընտանեկան արժեքների գիտակցման, ըստ գենետիկական հիշողության…
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ