Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

1905, Բաքու

1905, Բաքու
25.11.2016 | 11:04

(սկիզբը` այստեղ)

Այս աշխատանքս ծրագրել էի ամփոփել-ավարտել այլ կերպ, սակայն մտադրությունս փոխեցի Իլհամ Ալիևի հերթական հոխորտանքին նոյեմբերի 16-ին «Գոլոս Արմենիի» թերթի միջոցով նախագահ Սերժ Սարգսյանի համարժեք պատասխանի պատճառով: Եվ ահա թե ինչու:
Երկար ժամանակ ուսումնասիրելով հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմությունը, իսկ այս անգամ հատուկ հետազոտելով 1905 թ. փետրվարին հենց Բաքվում տեղի ունեցածը, ինձ համար հստակ էր, որ այդ առաջին զանգվածային զինված ընդհարումը արդյունք էր երկու ժողովուրդների քաղաքակրթական տարբերության: 1905-ը սկիզբն էր, բայց արդյո՞ք հիմա իրավիճակը փոխվել է: Ճիշտ է, նախագահը պատասխանում է վերջին 25 տարիների կտրվածքով, բայց այդ ամենն ունի պատմական արմատներ, որոնց մի մասն առնչվում է իմ այս գրվածքին:


Սերժ Սարգսյանն ասում է. «Այս բոլոր տարիներին Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունն ստեղծել է թերարժեքության ու պարտվածի բարդույթներ։ Եվ, բնականաբար, ադրբեջանական իշխանություններն օգտագործում են ցանկացած առիթ, յուրաքանչյուր իրավիճակ՝ վերացնելու այդ բարդույթն անգամ կեղծիքի, ապատեղեկատվության և իրականության խաթարման ճանապարհով»։
«Թերարժեքության ու պարտվածի բարդույթներ»:
Համաձայն չեմ նախագահի հետ (Բաքվում մեկը փորձեր նման բառեր գրել Ալիևի հասցեին` թե գրողին, թե տպագրողին կբանտարկեին). թերարժեքությունն ու պարտվածի բարդույթները Ադրբեջանի ղեկավարության քաղաքականության հետևանք չեն, դրանք օբյեկտիվ պատմական ճշմարտություններ են: Հիշո՞ւմ եք՝ ինչ էր գրում ռուս վաճառական Մակարովը. «Այդ բնակչությունը, ցեղական պայմաններից ելնելով, վարելով կիսանստակյաց, կիսաքոչվոր ապրելակերպ, շահավետ է համարում ոչխար պահելը...»:
1905 թ. ապրիլի 13-ին կայսեր կարգադրությամբ Բաքու ժամանեց սենատոր Կուզմինսկին` փետրվարին կատարվածը պարզելու առաքելությամբ: Իր հաշվետվության մեջ նա գրեց. «...Արտաքնապես նրանց (հայերի և ադրբեջանցիների - Խ.Դ.) կյանքի պայմանները որքան էլ հաշտ թվան, այդուհանդերձ, մուսուլմաններին հատուկ մոլեռանդությունն ու դրամական և առևտրական տեսակետներից նրանց մշտական, ծանր կախվածությունը հայերից շարունակ արթնացնում է փոխադարձ անվստահություն և կոծկված թշնամանք։
... Դրամական և առևտրաարդյունաբերական հարաբերությունների ասպարեզում հայերը, որոնք զգալի թվաքանակով դարձել են խոշոր կապիտալիստներ, վերջին տարիներին Բաքվում իշխող դիրք են գրավել և իրենց ազդեցությանն են ենթարկել տեղի մուսուլման բնակչությանը։ Դրա պատճառով ստեղծված նյութական կախվածությունն ու տնտեսական և արդյունաբերական տեսակետից բավականին վառ արտահայտված հարստահարման պարբերական ոտնձգությունները չէին կարող հայերի դեմ չհանգեցնել մուսուլմանների ուժգին չարացածությանը, ինչպես նաև նրանց վճռական ձգտմանը՝ դուրս պրծնելու եկվոր և իրենց այլազգի ու այլադավան հայ բնակչության և տարեցտարի ահագնացող անտանելի լծից» ։
Ահա՛ ճշմարտությունը. մի կողմից՝ ոչխարապահ ադրբեջանցու ցեղային անլիարժեքությունը, անկրթությունը, թերզարգացածությունը՝ միախառնված գազանաբարո ագրեսիվության, հայի հանդեպ օրգանական մերժողականության հետ, մյուս կողմից՝ հայի անուրանալի ստեղծարարությունը, քարից հաց քամելու ընդունակությունը և համախմբվածությունը։
«Կեղծիք, ապատեղեկատվություն, իրականության խաթարում»:


Նորանկախ Ադրբեջանի գաղափարախոսական ամբողջ փիլիսոփայությունը կեղծիքը, սուտը, ապատեղեկատվությունը, իրողությունների զեղծումների տարածումն է: Քարոզչական պատերազմի այսպիսի պրիմիտիվ տարբերակը, որը իսկ և իսկ հարիր է ադրբեջանական պրիմիտիվ հասարակությանը, միտված է մեկ նպատակի` պատրաստել հայատեցությամբ տոգորված «թնդանոթի միս», հայ զինվորների գլուխ կտրող, խաղաղ բնակիչների դիերը պղծող, միջնադարյան վայրենի բնազդներով ներծծված խուժան և նետել պատերազմի վառարանի մեջ: Թող նետեն, վառարանի դռնակը բաց է: Բայց մենք պետք է գիտակցենք, որ վտանգավոր ապուշները ծնվում են երկարատև հիմարությունից, հիմարացման գործընթացից, ու երբեմն-երբեմն հարկ է կեղծիքներին պատասխանել:


Ես դա արել եմ իմ «Հայերը և Բաքուն» գրքում, որտեղ ապացուցել եմ, որ նավթարդյունաբերությանը ադրբեջանցիները որևէ առնչություն չեն ունեցել: Բաքվի նավթարդյունաբերությունը ստեղծել են ռուսները, հայերը, ֆրանսիացիները, այլ ազգությունների ներկայացուցիչները, բայց ոչ` ադրբեջանցիները, 1820-ական թվականներից մինչև 1920 թ. նրանք ունեցել են ընդամենը 2-3 պրիմիտիվ արդյունահանող: Խորհրդային կարգերի շնորհիվ նրանց անցավ մի հարստություն, որն այսօր սնուցում է այդ ագրեսիվ պետությունը: Հետո՞ ինչ, կասեք: Հետո այն, որ ադրբեջանցիներն այսօր ջնջել են խորհրդային տարիները, նավթարդյունաբերության պատմությունից ջնջել Նոբելներին, Ռոտշիլդներին, տասնյակ ռուսների, Մանթաշյանցին և շուրջ հինգ տասնյակ հայ նավթարդյունաբերողների ու մեջտեղ բերել իրենց հատուկենտ խեղկատակներին: (Բայց, կարծես թե, անցում եմ կատարում բարոյականության ոլորտ, ինչն ադրբեջանցիների պարագայում անիմաստ է):
Այս հրապարակմանս մեջ թվարկել եմ Բաքվի տասնյակ փողոցների ռուսական անվանումները (քանզի թաթարական պարզապես գոյություն չունեին)՝ փակագծերում նշելով ներկայիս ադրբեջանական վերանվանումները: Ինչո՞ւ եմ դա արել. ցույց տալու համար, թե ադրբեջանցիներն ինչպես դարձան փողոցների տերեր` «սրբագրելով» իրենց իսկ պատմությունը, պայքարելով իրենց թերարժեքության դեմ: Իմաստ ունի՞ նշելու, որ վերացվել է Հայկական փողոցի անունը, ոչնչացվել են հայոց եկեղեցիները, գերեզմանոցները, յուրացվել ազգային ու մասնավոր շենք-շինությունները, ջնջվել հայի հետքը:


Այսօր նախկին Ցերկովնայա, այժմ` Վեդադիի փողոցում կանգուն է Բաբաջանյանի տունը, այն տունը, որտեղ սպանվեցին ու հրկիզվեցին 40 հայեր, և որի պատշգամբից Ալեքսանդր Ադամյանը գնդակահարեց 40 ադրբեջանցու: Այդ տան ներկայիս բնակիչները գիտե՞ն՝ ում աճյունների վրա են ապրում:
Այսօր կանգուն է Լալաևի պասաժը, այդտեղից առևտուր անողները գիտե՞ն, որ իրենց նախնիքը սպանել են օրինական տիրոջը` Բալաբեկ Լալայանին, նրա կնոջը, եղբորը և արյունաթաթախ ժառանգություն փոխանցել:
Արյան, ստի, կեղծիքի վրա ու մեջ ապրող ադրբեջանական հասարակություն:
Պատասխանելով Իլհամ Ալիևի ամբարտավանությանը, թե Հայաստանը «ոտքի վրա մնալու համար ուրիշների կարիքն ունի», նախագահ Ս. Սարգսյանն ասում է. «Մենք առաջնորդվում ենք նրանով, որ անվտանգության ապահովման հարցերում Հայաստանն առաջին հերթին հույսը դնում է իր ուժերի վրա։ Անկասկած, մենք ունենք ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրեր, որոնք կոչված են նաև զսպիչ դեր կատարելու ուժային հավակնությունների ժամանակ։ Հստակ պարտավորություններով այդ միջազգային համաձայնագրերը կոչված են բարձրացնելու երկրի պաշտպանունակությունն ու զինված ուժերի առջև ծառացած խնդիրների լուծման արդյունավետությունը»։
Սա երկրի ղեկավարին վայել դիվանագիտական խոսք է: Սակայն ես, որպես պարզ մի մտավորական, դիվանագետի պատմուճան հագնելու որևէ ցանկություն չունեմ և Ալիև-կրտսերին ուղղակի կասեմ. «Чья бы корова мычала, а твоя бы молчала»: Որովհետև Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, որի սահմանադրական ժառանգորդն է Ադրբեջանի Հանրապետությունը, ստեղծվեց այլ պետության` Թուրքիայի ռազմական ինտերվենցիայի շնորհիվ` ադրբեջանցիների իսկ հրավերով:


1918 թ. ապրիլի 9-ին Թիֆլիսում պաշտոնապես հռչակվեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (Անդրֆեդերացիա) ստեղծումը, իսկ արդեն մայիսի 26-ին Թուրքիայի արդարադատության նախարար Հալիլ-բեյը Անդրֆեդերացիային վերջնագիր ներկայացրեց, որտեղ կային այսպիսի տողեր. «Հարյուր հազարավոր թյուրքեր ու մուսուլմաններ Բաքվում ու նրա շրջակայքում գտնվում են անողոք ավազակների` այսպես կոչված, հեղափոխականների արյունոտ լծի տակ, և այդ տարաբախտներին սպառնացող անուղղելի աղետը ավելի ու ավելի է անխուսափելի դառնում»: Ապա հայտնում էր, թե Թուրքիան չի կարող անհաղորդ մնալ հավատակիցների ճակատագրի հանդեպ:
Նույն օրը ժամը 15-ին կայացավ Անդրկովկասյան սեյմի նիստը, որի ժամանակ Ի. Ծերեթելին փաստեց. «Թուրքիայի առաջխաղացումը և նրա ներխուժումը Անդրկովկաս ուժեղացրել են Անդրկովկասում բնակվող առավել բազմաքանակ ազգի` մուսուլմանական ազգի ձգտումը դեպի Թուրքիա, դեպի Անդրկովկասից անջատում:
...Եվ ահա ստեղծվել է այսպիսի մի իրավիճակ. Անդրկովկասի վիթխարի մասը գտնվում է նրանց ուղղակի կամ անուղղակի ենթակայության ներքո, ովքեր մեր պատվիրակության հետ բանակցություններ են վարում (նկատի ունի Բաթումի բանակցությունները - Խ.Դ.), Անդրկովկասի վիթխարի մի մասն արդեն անջատվել է Անդրկովկասյան Հանրապետությունից. մի մասը` զենքի ճնշման ներքո, նկատի ունեմ հայ ազգին, որը ձեռքից եկած ամեն ինչ արեց, բայց իր տարածքի զգալի մասը ստիպված եղավ տալու ֆիզիկական գերակշռություն ունեցող հակառակորդին: Բնակչության մյուս մասը, փաստացիորեն, նույնպես անջատվել է, քանզի վճռական պահին նա մեզ չզգուշացրեց և նրա ներկայացուցիչներն ակնհայտորեն կամ ոչ պաշտոնապես աջակցում են հակառակորդ կողմին (նկատի ունի ադրբեջանցիներին - Խ.Դ.)»:
Ապա սեյմը ընդունեց իր վերջին որոշումը. «Ելնելով այն բանից, որ պատերազմի ու խաղաղության հարցում ի հայտ են եկել արմատական տարաձայնություններ Անդրկովկասի անկախ Հանրապետությունը ստեղծած ազգերի միջև, ինչի պատճառով անհնարին է դարձել Անդրկովկասի անունից խոսող մեկ հեղինակավոր իշխանության հանդես գալը, սեյմը փաստում է Անդրկովկասի տրոհումը և վայր դնում իր լիազորությունները»:


Այս որոշումից անմիջապես հետո Վրաստանի Ազգային խորհուրդը նիստ գումարեց և 2 ժամ անց հռչակեց Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության ստեղծումը:
Մայիսի 27-ին ազդարարվեց Ադրբեջանի Հանրապետության ծնունդը. մեր ոխերիմ բարեկամները, ի դեմս Թուրքիայի, ունեին բնական դաշնակից:
Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետության ստեղծումը, որը զուրկ էր դաշնակցից և մեն-մենակ:
Հունիսի 16-ին Ադրբեջանի Հանրապետություն հռչակած մուսուլմանական Ազգային խորհուրդը Թիֆլիսից տեղափոխվեց Ելիզավետպոլ` Գանձակ, որը Բաթումի պայմանագրից անմիջապես հետո գրավել էր թուրքական զորքը` Նուրի փաշայի հրամանատարությամբ:
Սկսվեց Բաքվի գրավման նախապատրաստությունը, այն քաղաքի, որ երբեք զուտ ադրբեջանական չէր եղել, որ հիմնել, կառուցել ու կառուցապատել էին հայերը, ռուսները, բոլորը, բացի ադրբեջանցիներից: Բայց թուրքին ու նրա կրտսեր ցեղակցին պետք էր Բաքուն` պանթյուրքիզմի շղթայի կարևորագույն օղակը:
Բաքվի գրավումը դրվեց «Կովկասի մուսուլմանական բանակի» (շուրջ 13 հազար մարդ ու 40 հրանոթ) և մուսավաթական զորքերի (մոտ 5 հազար մարդ և 10 հրանոթ) վրա: Հունիսի 10-ին թուրք-ադրբեջանական զորքն սկսեց արշավանքը: Իրենց ճանապարհին թուրքերն ու ադրբեջանցիները միայն Նուխիի և Արեշի գավառների 51 հայկական գյուղերից ոչնչացրին 48-ը և սրի քաշեցին մոտ 14000 մարդու:

Հուլիսի 31-ին «Կովկասի մուսուլմանական բանակը» անցավ լայնածավալ հարձակման:
Իսկ որո՞նք էին Բաքվի ինքնապաշտպանական ուժերը. հայերից, ռուսներից, անգլիացիներից, կովկասցիներից բաղկացած տարանջատ զորամիավորումներ, և բնական է՝ Բաքվի ճակատագիրը վճռված էր:
Սեպտեմբերի 15-ին քաղաքը պաշտոնապես զենընկեց եղավ, բայց տեղի ունեցավ մարդկայնության հետ աղերս չունեցող, սակայն ադրբեջանցու էությանը հարիր մի բան` Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ֆ. Խան-Խոյսկին Նուրի և Մուրսել փաշաներից պահանջեց երեք օր կանոնավոր զորք չմտցնել Բաքու: Երեք օր ադրբեջանցի խուժանը սոսկանքի վերջին միջոցներով անարգել կոտորեց բաքվահայությանը. դա գիշատիչների խրախճանք էր… Բայց ադրբեջանցիներն ու թուրքերը դրանով չբավարարվեցին, սեպտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը ցեղասպանվեց 30000 խաղաղ, անզեն բաքվահայ: Այսպես ի հայտ եկավ Ադրբեջան-պետությունը` հայասպանդով ու թուրքական սվինների շնորհիվ:
Եվ այսքանից հետո Ի. Ալիևը լկտիություն ունի հայտարարելու, թե հայերը ոտքի վրա մնալու համար ուրիշների հետ են հույս կապում: Մենք գիտենք նրա բարեկամներին, ինքը` մեր, ուրեմն մերօրյա «ղոչին» լավ կանի բերանը փակ պահի:

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանից մի քանի մեջբերումներ էլ անեմ.
«Ամենավտանգավորն այն է, որ նրանք վտանգում են ոչ միայն երիտասարդների, այլև ողջ ադրբեջանական ժողովրդի կյանքը՝ չգիտակցելով իրողությունները։
Սակայն եթե Բաքուն պատերազմ պարտադրի, մենք հաստատ պատասխանատու չենք լինի թնդանոթի մսի համար, որին ցանկանում է Ադրբեջանը իր ԶՈՒ-ում ծառայող երիտասարդությանը տեսնել։
Բաքվի նախաձեռնած նոր ռազմական ագրեսիայի համար Ադրբեջանը ստիպված կլինի չափազանց բարձր գին վճարել։


Մեզ պետք չէ հավերժական պատերազմ, սակայն եթե Բաքվի ղեկավարությունը ցանկանա նորից բախտը փորձել, ապա թող պատրաստվի վատագույն սցենարի։ Քանի որ այդ ժամանակ նրանք ոչ ոքի չեն կարողանա մեղադրել քաղաքների ու շրջանների կորուստների մեջ»։
Այդ ժամանակ նրանք նորից կաղաղակեն «բարըշլը՜ղ», ինչպես 1905-ին ու 1994-ին:
«Ըստ իս՝ Ադրբեջանի նախագահին անձամբ է անհրաժեշտ եզրակացություններ անել ինչպես 25-ամյա վաղեմություն ունեցող, այնպես էլ ապրիլյան պատերազմից»։
Ադրբեջանի նախագահը թող ականջին օղ անի, որ ինչպես 1905-ին մենք ունեինք Նիկոլ Դուման, Դրո, Ալեքսանդր Ադամյան, այնպես էլ այսօր կան հազարավոր այդպիսիք:
«Բաքվում պետք է գիտակցեն՝ չի ստացվի նրանց մոտ ուժային լուծում։ Հայկական բանակը մեր ողջ ժողովուրդն է, որը, ինչպես ավելի քան 20 տարի առաջ, այնպես էլ ապրիլին պաշտպանեց իր Հայրենիքը»։


Ինչո՞ւ է հայկական բանակը մեր ողջ ժողովուրդը: Որովհետև մեզնից յուրաքանչյուրը մտքով ու գենով գիտի` հարցը միայն Արցախը չէ, Ադրբեջանը ցանկանում ու բացեիբաց հայտարարում է, որ իր նպատակը աշխարհի քարտեզից Հայաստան-պետությունը ջնջելն է: Իշտահներիդ` քացախ:
Մեր ուժը ճշմարտության մեջ է: Բայց ճշմարտություն դեռ չի նշանակում արդարություն, ճշմարտությունից մինչև արդարություն ընկած են հարյուրավոր տարիներ: Մենք կհամբերենք, մենք կհասնենք արդարության:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ