Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հարցազրույց, որը կարող էր դառնալ նշանակալից, բայց չդարձավ

Հարցազրույց, որը կարող էր դառնալ  նշանակալից, բայց չդարձավ
29.11.2016 | 00:18

Առանց չափազանցության կարելի է ասել, որ Հայաստանի կյանքում վերջին շրջանի կենտրոնական իրադարձություններից մեկը եղավ «Sputnik Армения»-ի համար «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հարցազրույցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այսօրվա նման հիշում եմ կեղծ ազատականների ու նրանց ձայնակցող լրատվամիջոցների, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորական կորպուսի որոշ ներկայացուցիչների հարձակումները Դմիտրի Կիսելյովի հասցեին: Հարցն այն չէ, թե Կիսելյովն ինքը անբասիր էր: Ո՜չ: Սակայն արշավը, որ ամեն կերպ մղվում էր նրա ու ՌԴ այն հեռուստաալիքների դեմ, որոնցով Կիսելյովը սովորաբար եթեր է դուրս գալիս, խելամիտ ու հիմնավորված արձագանք չէր:

Մանավանդ 2015 թ. ամռանը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների առումով. մի՞թե ոչ ոք, բացի ռուսական հեռուստաալիքներից, «տարօրինակ» ոչինչ չնկատեց «էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ» իբր «խաղաղ բողոքի» հանրահավաքների ժամանակ: Հետաքրքիր է, և ինչպես էր իրեն զգում Սերժ Սարգսյանը, զրուցելով Դ. Կիսելյովի հետ. հավաստիացնում եմ և՛ ընթերցողներին, և՛ Հայաստանի նախագահին, որ առնվազն «Հայաստանի էլեկտրացանցերի» նախկին ղեկավար Եվգենի Բիբինի Մոսկվա կատարած շտապ ուղևորությունից հետո եթե ոչ անձամբ Կիսելյովը, ապա Ռուսաստանի համապատասխան պետական մարմինները հաստատ գիտեին, թե անցած տարվա ամռանը Երևանի փողոցներում բողոքողների հատկապես որ մասն էր հրահանգավորվել հենց «Սորոսի ֆոնդի» կամ հանրապետության բարձրագույն իշխանության կողմից: Կամաց-կամաց, նաև խորհրդարանի մի շարք պատգամավորների միջոցով, PR գրոհներ ձեռնարկել Կիսելյովի հասցեին, ապա նստել նրա դիմաց և... Բայց դե, քաղաքականության աշխարհը, առավել ևս, արդի քաղաքականության, այնքան աղտոտ է (և՛ ձեռքերը, և՛ մտքերը), որ նման մանրուքներից կարելի է նաև չզարմանալ:
Եթե իրավացի է մոսկվացի լրագրող Ստանիսլավ Տարասովը, ապա Սերժ Սարգսյանի հարցազրույցը Դ. Կիսելյովի անդրկովկասյան շրջագայության ընդհանուր ծրագրի երկրորդ մասն էր միայն. դրանից առաջ նա Բաքվում հարցազրույց էր վարել Իլհամ Ալիևի հետ: Հենց այդ հարցազրույցում էր «ապշերոնյան խանը» «մեծահոգաբար» մեր ազգին առաջարկել համաձայնել «Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարությանը»:

Բայց, անկեղծ ասած, հիմարություն կլիներ ենթադրել, թե Ռուսաստանի պետական կառույցներն ու ատյանները, որոնք մշտական կապի մեջ են Հայաստանի նախագահի, Արցախ-ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանի և, իհարկե, «ապշերոնյան խանի» հետ, հանկարծ խիստ անհրաժեշտություն զգացած լինեն Դմիտրի Կիսելյովի «տեղեկատվական-հետախուզական ուղևորության», «նպատակ ունենալով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ զրույցների միջոցով պարզելու հակամարտության կարգավորման ներկայումս գոյություն ունեցող և, հնարավոր է, հեռանկարային մոտեցումները»: Մենք այդ ո՞ր պետության մասին ենք փորձում դատողություններ անել: Ռուսաստանի՞, թե՞, ասենք, ՈՒկրաինայի մնացորդների: Ես ահա այսպես եմ հիշում. դա Ռուսաստանն է, որը Ֆրանսիայի, իսկ 1997 թվականից նաև ԱՄՆ-ի հետ, ավելի քան 20 տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահ երկիր է: Այդ Ռուսաստանի արտգործնախարարությունն է տարիներ ի վեր հանդես գալիս այս կամ այն հայտարարությամբ: Եվ հանկարծ, ինչ-որ մեկն «այնտեղ՝ Մոսկվայում», որոշել է Կիսելյովին ուղարկել Բաքու և Երևան՝ «պարզելու համա՞ր»... Անհեթեթություն: Խոսքը մեկ այլ պլանավորված քայլի մասին է. և քանի որ Սերժ Սարգսյանի հարցազրույցը երկրորդն էր, ապա... Ինչպես ասում են, ավելի լավ հիշվում է (զանգվածային դիտող-ունկնդրի համար) այն, ինչ հնչում է վերջում:


Այդուամենայնիվ, Հայաստանի նախագահի հարցազրույցը անաչառ վերլուծություն է պահանջում: «Տաք հետքերով» ապրիլին Երևանից ով ասես չի խոսել ՌԴ-ին ուղղված պահանջների, դժգոհությունների, տարակույսների ու «վիրավորվածության» մասին: Իսկ հիմա ի՞նչ է սա: «Հայաստանն առհասարակ Ռուսաստանի հետ ոչ մի խնդրահարույց հարց չունի, բայց երբեմն լինում են հարցեր, որոնց լուծված չլինելը պարզապես թյուրըմբռնում է առաջացնում»,- հայտարարել է նախագահը: Ինչ է, «ամենևի՞ն ոչ մի»: Այդ դեպքում ուրեմն պետք է ասել, թե ինչ եղան ապրիլյան պահանջներն ու խնդիրները, կամ ի՞նչ է արվել, որ դրանք դուրս են եկել օրակարգից: Ոչ մի «Իսկանդեր» նման հարցեր չի կարող փակել, առավել ևս, որ տեղեկություններ կան, որ և՛ Թուրքիան, և՛ «ապշերոնյան խանությունը» շտապում են նոր սպառազինություններ գնելու Ռուսաստանից: Թուրքիայի առումով ռուս պաշտոնյաներն էլ չեն ժխտում, որ բանակցություններ կվարվեն C-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ: Մյուս կողմից, մենք կարծես լուրջ և իրական հիմքեր չունենք կասկածի ենթարկելու Սերժ Սարգսյանի պնդումները: Իսկ ահա երբ լսում (կարդում) ես հակամարտության գոտում ապրիլյան ռազմական գործողությունները դադարեցնելու գործում Ռուսաստանի դերի մասին հարցին ի պատասխան նրա ասածը, ապա, այնուամենայնիվ, նկատելի է, որ նախագահ Սարգսյանը, կարծես, կեղծում է. որոշ «դժվարմարսելի հարցեր» նա ունի տալու Մոսկվային: Հայաստանի ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել մարտական գործողությունները դադարեցնելու գործում, բայց նշել է, որ հայ հանրությունը միարժեքորեն չի ընդունել Ռուսաստանի հաշվեկշռված դիրքորոշումը: «Համենայն դեպս, զանգվածային լրատվամիջոցների մակարդակով, արտգործնախարարության մակարդակով: Այստեղ կարելի է հասկանալ հայ հանրությանը, որովհետև Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը համոզված է եղել, որ վտանգի առաջացման դեպքում Ռուսաստանը միշտ Հայաստանի հետ կլինի: Բայց, ինչպես ասում են, «երազելը վնաս չէ», հանրության որոշակի մասը հասկացավ, որ Ռուսաստանը ստիպված է հավասարակշռություն պահպանել, որովհետև այդ հավասարակշռության չպահպանման դեպքում կարող են ավելի լայն գործողություններ ծավալվել: Այն, ինչ արեց Ռուսաստանը, գուցե և միակն էր այն իրավիճակում, ինչ ստեղծվել էր ապրիլին»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:

Նրա կարծիքով, Ռուսաստանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանում, այդ թվում` խաղաղության և կայունության պահպանման գործում: Կեղծման երկրորդ մասը ապրիլյան ռազմական գործողությունների դադարեցման գործում հարևան Իրանի շատ ավելի կարևոր դերը լռության մատնելն է: Դե, Աստված Հայաստանի նախագահի հետ. թեև չստեց, բայց երևի վախենում է բերանից որևէ անպատեհ բան թռցնել, լավ է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը հայտարարվել է, և նրա այցելության օրն արդեն հայտնի է:
Ո՞վ էր երազում, ի՞նչ էր երազում. Հայաստանի նախագահը չտարածվեց, և ափսոս: Արժեր բացել, ինչքան չլինի նստած ես Կիսելյովի առջև և ոչ թե ամերիկյան «ազատ ժուռնալիստիկայի» ինչ-որ բութ ներկայացուցչի: Կարող էր և անկեղծորեն ասել. գիտեր, չէ՞, որ այն, ինչ ասվել է Կիսելյովին, անմիջապես տեսնելու են Ռուսաստանում գտնվող առնվազն 2-3 միլիոն հայերը: Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանի նախագահի այդ կարգի հարցազրույցը հաստատ դիտել են ամբողջ աշխարհի հայերը, թող որ՝ ռուսերենից թարգմանաբար: Ասեմ, որ հարցազրույցի ռազմական և ռազմաքաղաքական հարցերը Սերժ Սարգսյանը շատ թույլ լուսաբանեց. խույս էր տալիս ուղիղ պատասխաններից: Բայց չէ՞ որ զգացվում էր. Կիսելյովը, ի տարբերություն Հայաստանի և Արցախի բնակչության 90 տոկոսի, ամեն ինչ շատ լավ գիտի: Դատենք ըստ երկու հարցերի.


1) «Դուք այդ մասին (այսինքն, Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորախմբի կազմավորման մասին) այնպես եք խոսում, կարծես ռազմական գաղտնիք է, ոչ մի մանրամասն: Սակայն մեզ ինչո՞վ չէին բավարարում դաշնակցային հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում»,
2) «Կարելի՞ է, արդյոք, սպասել, որ, բացի Գյումրուց, նոր ռազմաբազա կստեղծվի»:
Ըստ էության, սա հանրամատչելի խոսքում նշանակում է «կողմնորոշիչ հարցեր տալ»: Դե ուրեմն, ինչո՞ւ Սերժ Սարգսյանն «ամաչեց» այդքան և չզարգացրեց թեման: Ես, իհարկե, չեմ պատրաստվում Հայաստանի նախագահի փոխարեն որևէ բան պարզաբանել. ինչպես ասում են, թող ամեն մեկն իր գործով զբաղվի, թեև Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով, պետք է անպայման օգտվեր իրավիճակից և որոշ բաների մասին խոսեր պարզ ու հստակ, առավելագույնս անկեղծ ու թափանցիկ: Հայաստանի ղեկավարը բավարարվում է՝ ասելով. «Երբ մենք օգտագործում ենք «ռազմական» բառը, ապա գաղտնիքը միշտ առկա է: Ես չեմ ասում, թե դա մեծ գաղտնիք է, բայց այնտեղ կան մանրամասներ, որոնց մասին չէի ցանկանա խոսել: Բայց սա է այն իրավիճակի զարգացումը, որ առկա է եղել»:
Դե, չէր ցանկանա, թող չցանկանա: Սերժ Սարգսյանը նույն դիրքերում մնաց թե՛ «Մադրիդյան սկզբունքների», թե՛ «Կազանի փաստաթղթի», թե՛ ավելի վաղ ժամանակների «Մայնդորֆյան համաձայնագրերի» հարցերում: Փոքր-ինչ ավելի բացախոս է Վիեննայի հանդիպման (2016-ի մայիս) և պետերբուրգյան եռակողմ հանդիպման (2016-ի հունիս) առնչությամբ:


Դմիտրի Կիսելյովին Հայաստանի նախագահի հարցազրույցի մյուս մասերն առայժմ չենք քննարկի: Եվ նույնիսկ նրա պատասխանը ակնարկ պարունակող այն հարցին, թե կարելի՞ է, արդյոք, Գյումրուց բացի, նոր ռազմաբազայի ստեղծում սպասել: Կիսելյովը, այնուամենայնիվ, Կրեմլի քարոզիչ չէ, այլ, առաջին հերթին, հանպատրաստից մտքերի փորձառու հեղինակ՝ վերլուծական հակումներով, որ հաշվի է առնում «վերևների» ցանկությունները: Եվ եթե նա հարց է տվել «նոր ռազմաբազայի» մասին և այն էլ հայ-ռուսական միացյալ զորախմբի (ՄԶ) վերաբերյալ հարցից հետո, ապա արդեն պետք էր կողմնորոշվել: Եվ, օրինակ, «մեծ էկրանից» ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ դեռ 4-5 տարի առաջ, և նույնիսկ ավելի վաղ, տեղեկություններ կային Նախիջևանում թուրք զինվորականների կիսաքողարկված տեղաբաշխման մասին: Եվ քանի որ հայ-ռուսական ՄԶ-ի մեջ մտնելու է Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսը, ապա երկկողմ ՄԶ-ի զորամասերն ու ստորաբաժանումները լիովին կարող են տեղաբաշխվել թե՛ Թուրքիայի հետ սահմանին, թե՛ Նախիջևանի հետ սահմանին և այլն, և այլն: Բազա է, թե ոչ, բայց ռուս-հայկական ՄԶ-ի համեմատաբար մշտական տեղաբաշխման վայրեր են և, հետևաբար, ՄԶ-ի ռազմական պատասխանատվության գոտու տարածքներ: Բայց այս ամենի մասին Սերժ Սարգսյանը ծպտուն չհանեց, սահմանափակվելով «այնտեղ կան մանրամասներ, որոնց մասին ես չէի ցանկանա խոսել» բառերով: Հաշվի առնելով ռազմաճակատի առաջնագծում ալիևյան ամենավերջին սպառնալիքները, Հայաստանի նախագահը հերթական անգամ վրիպում թույլ տվեց տեղեկատվական պատերազմում: Ավա՜ղ, Հայաստանի և Արցախի հանրությունն արդեն սովոր է դրան: Եվ ահա թե ինչն է զարմանալի. նախագահի հարցազրույցից կարելի է ենթադրել, որ ինքը Սերժ Սարգսյանն էլ մի կարգին տեղյակ չէ, թե հիմա ինչի վրա են աշխատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. «Համանախագահները, ամենայն հավանականությամբ, արդեն պատրաստի փաստաթուղթ ունեն, բայց ադրբեջանական կողմը այդ փաստաթուղթը չի ուզում: Նրանք ասում են, այո, իհարկե, դա շատ կարևոր է, բայց այն բանից հետո, երբ հայկական կողմերը կհեռանան ադրբեջանական շրջաններից»:

Ի՜նչ փաստաթուղթ է, կոնկրետ ո՞ւմ կողմից է պատրաստված և ինչի՞ն է ուղղված: Չէ՞ որ նախընթաց ամիսներին-տարիներին հիմնականում խոսվել է միայն «Մադրիդյան սկզբունքների» մասին, իսկ 2014-16 թթ. ԱՄՆ-ի ակտիվանալուց և «ապշերոնյան խանության» զանգվածային ռազմական սադրանքներից հետո Բաքվից տեղի ունեցած արտահոսքից կիրառության մեջ մտավ «նորացված մադրիդյան սկզբունքների ճանապարհային քարտեզ» ձևակերպումը, որի էությունն այն է, որ վերանայվի «Մադրիդյան սկզբունքների» կետերի կատարման հերթականությունը և Արցախ-ԼՂՀ-ին հարկադրվի զորքերը դուրս բերել անվտանգության գոտու հողերից, միլիոնավոր ադրբեջանցիներ վերադառնան, և շփման գծում տեղաբաշխվեն «միջազգային ուժեր»: Գոնե այսպես են մեկնաբանում ԱՄՆ-ի և «ապշերոնյան խանության» ներկայացուցիչները:
(շարունակելի)


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ