Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարցազրույց, որը կարող էր դառնալ նշանակալից, բայց չդարձավ

Հարցազրույց, որը կարող էր դառնալ  նշանակալից, բայց չդարձավ
02.12.2016 | 00:31

(սկիզբը՝ այստեղ)

Կարևոր են, թերևս, նաև այն ֆոնային իրադարձությունները, որոնց միջև ժամանակային առումով տեղ է գտել Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Նախ՝ նոյեմբերի 15-ին Եվրահանձնաժողովը Թուրքիային մեղադրեց Արցախում բռնկած քառօրյա պատերազմում Ադրբեջանին աջակցելու մեջ: Այս մասին ասվում է Եվրամիություն մտնելու Թուրքիայի պատրաստության առթիվ Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցում, որտեղ, ընդհանուր առմամբ, գնահատական է տրվում այդ երկրի իրականացրած տնտեսական և քաղաքական բարեփոխումներին: Զեկույցի Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային նվիրված բաժնում նշվում է, որ պաշտոնական Անկարան բացահայտորեն աջակցել է Ադրբեջանին 2016 թ. ապրիլին տեղ գտած ռազմական բախման ընթացքում: «Միևնույն ժամանակ, Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել են ռազմական համագործակցության եռակողմ համաձայնագիր ստորագրելու շուրջ»,- դարձյալ նշվում է զեկույցում: Իսկ մենք նշենք. դա էլ է ակնարկ այն մասին, որ Հայաստանի չորս հարևաններից երեքը պատրաստվում են հակահայկական ռազմական դաշինք կնքելու: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա Եվրահանձնաժողովը նշում է, որ 2009 թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մինչ օրս վավերացված չեն: Զեկույցի հեղինակները առանձին տողով ընդգծում են. «Թուրքիայի իշխանությունները շարունակում են կոշտ արձագանքել որևէ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին»: Փաստաթղթում վերստին խոսվում է այն հայտարարությունների մասին, որոնք ատելություն են սերմանում հայերի նկատմամբ: Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված ատելություն բովանդակող ելույթներն ու սպառնալիքները Թուրքիայում շարունակում են մնալ որպես լրջագույն խնդիր: Առկա է Եվրահանձնաժողովի, այսինքն՝ Եվրամիության «կառավարության», հակաթուրքական և, անուղղակիորեն, հակաադրբեջանական հայտարարության փաստը:


Իսկ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի օրը՝ նոյեմբերի 17-ին, երկու անչափ հետաքրքիր փաստ է եղել. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական բրիֆինգում առանձնահատուկ ընդգծել է. «Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմի հարցը մնում է օրախնդիր»: Ըստ Զախարովայի, այդ մտքի հեղինակը հենց Ռուսաստանն է: «Դեռ 2011 թ. Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ մենք հանդես եկանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող զինված միջադեպերի հետաքննության անցկացման նախաձեռնությամբ: Ի զարգացումն նախաձեռնության, Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ պատրաստեցին համապատասխան մեխանիզմի նախագիծ: Այնուհետև այն նաև հետագա մշակման ենթարկվեց ԵԱՀԿ փորձագետների կողմից: Վիեննայի գագաթնաժողովում պայմանավորվածություն ձեռք բերվեց ամենակարճ ժամկետներում ավարտել այդ աշխատանքը»,- ասել է Մ. Զախարովան: Նրա խոսքերով՝ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները, այդ հարցի վերաբերյալ կոնսենսուս ձեռք չբերվեց: «Ադրբեջանական կողմը պնդում էր, որ զինված միջադեպերի հետաքննության անհրաժեշտություն չկա, քանի որ այն պահին հակամարտության գոտում իրավիճակը կայուն էր: Արդյունքում, մեխանիզմի թեման չարտացոլվեց Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքների առթիվ արված հայտարարության մեջ: Դրա հետ մեկտեղ, մեր կարծիքով, մեխանիզմի հարցը մնում է օրախնդիր»,- ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:


Բայց դե Զախարովայի թեզը վիճելի է. ես հիշում եմ, որ դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հենց Հայաստանը բանակցությունների օրակարգ մտցրեց այն հարցը, որ պետք է հետաքննել յուրաքանչյուր միջադեպ: Այլ հարց է, որ այդ խոսքերը ֆրանսիացիների ու ամերիկացիների գլուխը մտցրին հենց Ռուսաստանի ներկայացուցիչները, և զինված միջադեպերի հետաքննության խնդիրը օրակարգ դարձավ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար: Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հավաստեց նաև, որ հենց Ադրբեջանի մեղքով է, որ «մինչ օրս ո՛չ մեկը, ո՛չ մյուսը (այսինքն՝ ո՛չ Վիեննայի մայիսյան հայտարարությունները, ո՛չ Պետերբուրգի հունիսյան) չեն գործում»:


Նոյեմբերի 17-ի նույն օրը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը քննարկել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն: Քննարկումը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնած հեռախոսային խոսակցության ընթացքում: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կողմերը նաև մանրամասնորեն քննության են առել սիրիական ճգնաժամը, «նորմանդական քառյակի» առաջնահերթ խնդիրները ներուկրաինական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Մինսկի համաձայնագրերի կատարման նկատառումով, շեշտը դնելով դրանց քաղաքական մասի կատարման անհրաժեշտության վրա: Շոշափվել են մերձավորարևելյան կարգավորմանը նպաստելու հարցերը: «Ռուսաստանի և Ֆրանսիայի արտքաղաքական գերատեսչությունների ղեկավարները «ճշտեցին ժամացույցները» ռուս-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգի հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Թե ինչ կարծիքի են հանգել Լավրովն ու Էյրոն, այդ տեղեկատվությունից չի հասկացվում: Սակայն որոշ բաներ հասկանում ես, երբ ծանոթանում ես Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի և նրա ադրբեջանցի պաշտոնակից Է. Մամեդյարովի նույն օրը կայացած բանակցությունների վերաբերյալ պաշտոնական լրատվությանը (Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել էր Փարիզի առաջարկությունը՝ հանդիպում անցկացնելու արտաքին գործերի նախարարների մակարդակով, «3+2» ձևաչափով՝ Համբուրգում դեկտեմբերի 8-ին կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի շրջանակներում): Ինչպես հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց արտգործնախարարությունը, քննարկման ժամանակ նախարարները նշել են բանակցային գործընթացի շարունակման կարևորությունը շուտափույթ կերպով հակամարտության քաղաքական կարգավորման հասնելու համար: Այցով Փարիզում գտնվող Մամեդյարովը հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այդ երկիրը հիմա փոքր-ինչ պասիվ է հակամարտության կարգավորման գործում: Ամենայն հավանականությամբ, դա կապված է նախագահական ընտրությունների և հանրապետականների իշխանության գալու, ԱՄՆ-ում տեղի ունեցող հետընտրական գործընթացների հետ:

Թեև ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերի գծով օգնականի տեղակալ Բրիջիտ Բրինքը, որը Երևանում էր տարածաշրջանային այցի շրջանակներում, հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը ԱՄՆ-ի նախագահի պոստում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո էլ կշարունակի ջանքերը հակամարտության կարգավորմանը նպաստելու ուղղությամբ: Այդուամենայնիվ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենք ներկայումս գտնվում են անցումային շրջանում, և նախագահի նոր աշխատակազմի քաղաքականության մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ: «Մեզ ժամանակ է պետք, որ պատրաստվենք այդ հարցերին: Երբ նոր նախագահն ու նոր աշխատակազմը սկսեն աշխատել, մենք պատրաստ կլինենք ավելի մանրամասնորեն խոսելու այդ մասին: Բայց կարող եմ ասել, որ ես աշխատել եմ ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական վարչակազմերի հետ, և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում եղել է նույնը»:


ՈՒղղենք տիկին Բրինքին. ԱՄՆ-ի քաղաքականության «վարքագծի» շարժառիթն անփոփոխ է ցանկացած վարչակազմի պարագայում, և ոչ միայն Արցախի հարցում: Օրինակ, «Գլոբալ Մերձավոր Արևելք» ծրագիրը, որի զոհերից մեկն էլ դարձան Սիրիայի հայերը, մշակվել է դեռ Ջորջ Բուշ-Կրտսերի նախագահության առաջին ժամկետում, իսկ իրագործման է ընդունվել դեմոկրատ Բարաք Օբամայի առաջին նախագահական ժամկետի ընթացքում: Եվ «Մադրիդյան սկզբունքներ» անունը կրող այդ զիբիլը Հայաստանի ու Արցախի հայերի համար սկսել էին շուռումուռ տալ դեռ 2005-2006 թթ., այլ բան է, որ այդ զիբիլը «Մադրիդյան սկզբունքներ» ձևաչափը ստացավ դեմոկրատ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: Այնպես որ, ով էլ լինի այնտեղ՝ Սպիտակ տանը, «փիղ», թե «ավանակ», հայերի կամ ամբողջ աշխարհի համար առանձին դեր չի խաղում: ԱՄՆ-ի մարդատյաց քաղաքականության էությունը դրանից չի փոխվի:


Հիշում եմ, Կիսելյովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը ուղիղ չպատասխանեց՝ ինքը առաջարկո՞ւմ է, արդյոք, ինքը պատրա՞ստ է, արդյոք, նախագահների մակարդակով նոր հանդիպման: Ճիշտ է, հասկացրեց, որ այժմ նման հանդիպումն անիմաստ է համարում. «Բայց մենք միշտ հանդես ենք գալիս հօգուտ այն բանի, որ այդ հանդիպումները օգուտ տան, մի որևէ տեղաշարժ լինի: Եթե տեղաշարժ չլինի, եթե մենք հանդիպենք, իսկ հետո պայմանավորվածությունները չկատարվեն, ապա ի՞նչ օգուտ հանդիպումներից»: Թեև, օրինակ, շատերը զարմանքով իմացան, որ, պարզվում է, Կիսելյովը Արցախում եղել է դեռ 1988 թ., և, ուրեմն, լիովին կարող էր Սերժ Սարգսյանի հետ ծանոթ լինել հենց այդ ժամանակվանից. «Դուք, իմ կարծիքով, հստակ հիշում եք 1988 թվականը, Դուք եղել եք մեր տարածաշրջանում, Դուք հետաքրքրվել եք այդ հարցով»: Կիսելյովը չվիճարկեց Հայաստանի նախագահի խոսքերը. այնպես որ, կհամարենք, որ նոյեմբերի 17-ին հանդիպել և հրապարակավ զրուցում էին հին ծանոթներ: Բայց, հաշվի առնելով Դմիտրի Կիսելյովի իրարամերժ հարցազրույցները Հայաստանի նախագահի և «ապշերոնյան խանի» հետ, երևի պետք չէ շատ բան սպասել 2016 թ. դեկտեմբերի 8-ին Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի շրջանակներում կայանալիք հանդիպումից, թեև պետք չէ նաև հաշվի չառնել այդ հանդիպմանը Ս. Լավրովի և Ժ. Մ. Էյրոյի նախապատրաստվելու գործոնը: ԱՄՆ-ի ժամանակավոր պասիվության պարագայում Ռուսաստանն ու Ֆրանսիան, իհարկե, հաշվի կառնեն և՛ Իրանի նախագահի Հայաստան այցի արդյունքները, և՛ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ իրենց շփումները: Բայց կանխապես կարելի է ասել. այն պայմաններում, երբ տարածաշրջանում ներկա ստատուս քվոյից հրաժարումը հստակություն և միարժեքություն չի խոստանում, հենց Իրանը հանդես կգա այդ ստատուս քվոն խաթարելու ամեն մի փորձի դեմ: Եվ աշխարհը, այդ թվում՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան, չի կարողանա անտեսել Իրանի կամքը, դա չի բխում Մոսկվայի ու Փարիզի շահերից: Իսկ ԱՄՆ-ի վրա Թեհրանում թքած ունեն: Ըստ այաթոլլա Խամենեիի խորհրդական, Իրանի արտաքին գործերի նախկին նախարար և Իրանի նպատակահարմարության խորհրդին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալի Աքբար Վելայաթիի. «ԱՄՆ-ի կայսրությունը փուլ է գալիս, և ԱՄՆ-ի նոր նախագահը ստիպված կլինի գործ ունենալ շատ բարդ իրավիճակի հետ»:


Իրանցիների կարծիքն այսօր ծայրաստիճան կարևոր է Ռուսաստանի ու Եվրոպայի համար: Մնում է հասկանալ, արդյո՞ք Վելայաթիի կարծիքը կարևոր կլինի Սերժ Սարգսյանի, Հայաստանի ու Արցախի համար:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ