Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
29.11.2016 | 09:05

(սկիզբը՝ այստեղ)

Մեր նախագծած ու Մուշեղյանի մարզադահլիճում օգտագործված «DVH SPORT» տիպի լուսարձակները, հենց սկզբից բախվեցին վարկային միջոցների հետ Հայաստան բերված բետոնե արգելապատին: Վարկային կազմակերպությունների պարտադրած պայմաններից է բխում այն հանգամանքը, որ գործազուրկների մեր այս աշխարհում բարձր աշխատավարձերով աշխատանքի կարող են ընդունվել միայն իրենց ընտրած մարդիկ կամ, ավելի ճիշտ կլինի ասել, ազդեցության իրենց գործակալները (դարձյալ տրամադրված վարկային միջոցների հաշվին, որի տոկոսները մենք ու մեր սերունդները վճարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հոգիներս դուրս չի եկել): Դևին հարցրին.
-Կրակն ո՞վ գցեց քո ջանը։ -Պատասխանեց.
-Ե՛ս:
-Դե քաշիր, մինչև հոգիդ դուրս գա:
ԽՍՀՄ-ում մեկ ավելորդ լրտեսի գործի տեղավորելու համար Արևմուտքի համապատասխան ծառայությունները մշտապես դժվարին խնդրի առաջ էին կանգնում, նախապատրաստական հսկայածավալ աշխատանքներ էին տանում։ Հիմա խնդիր չկա. մեզ պարտք են տալիս, մեզ տրված պարտքի փողերով, բացարձակ լեգալ հիմունքներով, գործի են վերցնում իրենց և մեր քաղաքացիներին, ու ամեն ինչ երկկողմանի հուսալի հսկողության տակ է դրվում, շատ լավ է ստացվում, խոսք չկա: Վարկային միջոցների հաշվին աշխատատեղերի ստեղծումը կործանարար ազդեցություն գործեց հայկական աշխատանքային շուկայի վրա: Սոցիալական լարվածության թուլացման հետ տեղի են ունենում դեգրադացիոն բնույթի տարբեր երևույթներ. աշխատունակ ու փորձառու մասնագետները բոլորովին տեղ չեն գտնում բանկերի նախաձեռնած տարբեր «պրոյեկտների» մեջ: Այս վիճակը պարարտ հող է ստեղծում մեր ուղեղների արտահոսքի համար:


Նոր վարչապետի առջև կարևոր խնդիր է դրված. գտնել օտարերկրյա ներդրումներ ու ներդրողների՝ մեր երկրում նոր գործարաններ կազմակերպելու համար, բայց, առայժմ, ոչ մի խոսք չկա, թե ովքեր են աշխատելու մեր այդ ստեղծվելիք գործարաններում և ի՞նչ արտադրանք են տալու դրանք արտաքին շուկայի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տասնյակ տարիներ ի վեր մեզ, փաստորեն, արգելված է եղել աշխատել նույնիսկ ներքին շուկայում, մեր ներքին կարիքները բավարարելու վրա: «DVH SPORT» տիպի լուսարձակների դառը պատմությունը միայն դա է ապացուցում:
Հայտնի է, որ վարկային միջոցների առյուծի բաժինը մտնում է պետական չինովնիկների գրպանները: Այդ ամենը տեսանելի է նաև վարկատու երկրների համապատասխան ծառայությունների դիտակետերից, նրանք այդ մասին գիտեն, բայց քիչ են խոսում, հիմնականում լռում են՝ շարունակելով վարկաբեկիչ տեղեկություններ (կոմպրոմատներ) հավաքել հետխորհրդային երկրների ղեկավար այրերի վերաբերյալ՝ սկսած հանրապետությունների առաջին դեմքերից: Այդ մասին մեզ հարուստ ինֆորմացիա են տալիս Սնոուդենի ու Ասանժի բացահայտումները, որոնք նաև ցույց են տալիս, թե ինչպիսի բծախնդրությամբ ու հետևողականությամբ են աշխատում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների աշխատակիցները, ինչ ինֆորմացիա են հավաքում իրենց հետախուզական կենտրոնների համար: Այդ ինֆորմացիան հաջողությամբ օգտագործվում է հետխորհրդային երկրների ղեկավարների դեմ՝ նրանց լռեցնելու, երկրների համար օգտակար բոլոր նախաձեռնողական գործողությունները տապալելու, նրանց մշտապես подручная лошадь-ի պատվավոր կարգավիճակի մեջ պահելու և իրենց ուզած հունով երկրները առաջ տանելու (ավելի ստույգ՝ հետ տանելու) համար:


2016 թվականի հոկտեմբերին Նազարբաևը պետք է գար Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի հերթական նիստին։ Չեկավ։ Հայտարարված պատճառները տարբեր էին՝ երեխայականից մինչև մուսուլմանական, բայց կար մեկը, ինչն ուշադրությունից դուրս մնաց: Երևանում պետք է համատեղ որոշում ընդունվեր Սիրիայի վերաբերյալ՝ բոլորի համաձայնությամբ ու ստորագրությամբ և, այստեղ թաքցնելու բան չկար, ուղղված էր լինելու Ամերիկայի դեմ: Իրողությունը Նազարբաևին պետք չէր։ Նազարբաևի դեմ ամենայն «ջանասիրությամբ» ու ճշգրտությամբ հավաքած արևմտյան կոմպրոմատները կարող էին ջրի երես հանվել ու ներկայացնել նրա մեդալի հակառակ երեսը. կոմունիստական սկզբունքային պետական ու քաղաքական գործիչը այսօր դարձել է շատ հարուստ մարդ ու, ձեռքի հետ, նաև պատրաստի սուլթան՝ ապագա պանթուրքական սուլթանատի համար: Ի վերջո, մի օր գալու է ժամանակը, և պատռվելու են հետխորհրդային երկրների նախագահների դիմակները, պարզվելու են նրանց իրական դեմքերը, նրանք պետք է պատասխան տան արած-չարածների, կերած-չկերած փողերի համար, հիվանդ կամ հիմար ձևանալով, միևնույն է, պատասխանատվությունից խուսափել հնարավոր չէ: Նրանք բոլորն էլ իրենց երկրների տնտեսությունները ստացել են կենդանի, լավ, թե վատ աշխատող վիճակում, բայց պատմական կարճ ժամանակահատվածում դիտավորյալ տարել են դեպի քայքայում ու կործանում՝ դրա հաշվին հարստանալով ու զգուշորեն գործելով՝ ի հաճույս Գորբաչովի հետ համատեղ ԽՍՀՄ-ը կործանող մութ ուժերի: Վստահաբար կարելի է ասել, որ հետխորհրդային երկրների պետական էլիտան շարունակում է Գորբաչովի սկսած երկրակործան քաղաքականությունն ու մշտապես գտնվում է միջազգային կազմակերպությունների խփիկի (колпак) տակ, իրենց գործողություններում նրանք ազատ չեն, հետևաբար, չեն կարող զբաղվել սեփական երկրների տնտեսությունների վերականգնման ու վերածննդի գործերով: Նրանք և միայն նրանք են պատասխանատու ոչ միայն իրենց երկրների տնտեսությունների կործանման համար, այլև, ելնելով ստեղծված իրավիճակից, ստիպված են շարունակել իրենց մութ գործերը՝ սաբոտաժի ենթարկելով ու վիժեցնելով երկրների ներսում ծնվող բոլոր խելամիտ տնտեսական ծրագրերը: Սրանք կարող են համարվել միջազգային վարկային կազմակերպությունների կողմից մեր երկրին (երկրներին) հասցրած անուղղակի վնասը, բայց կա նաև երկրին (երկրներին) հասցրած ուղղակի վնասը:


Վարկային պարտավորությունները կատարելու համար յուրաքանչյուր տարի Հայաստանը, արդեն սկսած հաջորդ տարվանից, պարտադրված է 300-350 միլիոն դոլար վճարել արտաքին պարտքի տոկոսները փակելու համար։ Որտեղի՞ց այդ գումարները, երբ երկրի տնտեսությունը հոգեվարքի մեջ է: Այստեղ, թերևս, իշխանություններն իրենց համար մի փորձված ու զարտուղի արահետ պահում են. արտաքին պետական պարտքերի բեռը կարելի է դնել ՀՀ քաղաքացիների վրա՝ հարկերը բարձրացնելու, տույժերի ու տուգանքների նոր ձևեր սահմանելու և նման այլ մեթոդներով: Սրանք Հայաստանի տնտեսությանը մեծ վնաս տալու, մշտապես ծնկաչոք վիճակում պահելու ամենահուսալի տեխնոլոգիաներից են: Եթե սա էլ չօգնի, կգտնվեն այլ, ավելի արդյունավետ ճանապարհներ։ Մեր իշխանական էլիտայի լկտիությունը երբեք չափ ու սահման չի ճանաչել, տերերի պահանջն է այդպես, իսկ տերերին պետք է լսել, սիրել ու հարգել, գոնե առերես: Նման մտահանգումները հիմնված են ոչ թե մարդկային հիվանդոտ երևակայության, այլ առողջ բանականության ու կյանքի հարուստ փորձի վրա: Անկախության առաջին իսկ օրից մեր, հատկապես ՌԱՀ-ի մասնագետներիս մեջ աշխատանքային բարձր տրամադրություն էր ձևավորված, համոզված էինք, որ ԽՍՀՄ փլուզումի պատճառով առաջացած դժվարությունները կրում են ժամանակավոր բնույթ, ու համատեղ ուժերով հնարավոր կլինի դրանք հաղթահարել: 90-ական թվականներին արդյունաբերության խնդիրներով զբաղվում էին ՀՀ արդյունաբերության նախարարությունը, ՀՀ ԳԱԱ-ն, նոր կազմակերպված ՀՀ արդյունաբերողների ու գործարարների միությունը, ՀՀ ինժեներական ակադեմիան: Նույն խնդիրներով զբաղվելու համար, իմ անձնական նախաձեռնությամբ, կազմակերպել էի գիտնականների ու ինժեներների գործող մի խումբ, տեխնոկրատների գումարտակ, որը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս բազմաթիվ կարևոր նախաձեռնություններով: Մեր նպատակն էր լուծել հայկական գործարանների ու ԳՀԻ-ների միջև լայն համագործակցություն սկսելու, միմյանց մասնագիտական օգնություն ցույց տալու, ներքին կոոպերացիոն կապերը զարգացնելու և, ժամանակի պահանջներին համահունչ, այլ հրատապ խնդիրները: Փաստորեն մենք, կամավոր հիմունքներով, մեզ վրա էինք վերցրել դժվարին խնդիրները լուծելու ծանր բեռը, որը, ըստ կանոնադրության, դրված էր ՀՀ արդյունաբերության նախարարության վրա: Ժամանակը ցույց տվեց, որ պրոֆիլային այդ նախարարությունը ի վիճակի չեղավ կատարելու իր պարտականությունները: Փորձեցինք օգնել: Նախարար Աշոտ Սաֆարյանին (մինչ նախարար դառնալը Սաֆարյանն աշխատել էր պոլիտեխնիկական ինստիտուտում, արդյունաբերության ու կիրառական գիտության մեջ աշխատանքային փորձ չուներ) բացատրեցի, որ նախարարությունը պետք է ունենա իր տեղեկագիրը, այդտեղից է պետք սկսել, այդ հարցում մենք կարող ենք օգնել, բայց տպագրության գործը պետք է մնա նախարարության վրա, համաձայնեց.
-Դուք գործը արեք, հետո ես տնօրեններին կասեմ, որ ձեր տեղեկագրերը գնեն:
Արեցինք։ Տպագրության գործի ֆինանսավորումը արեցի իմ գրպանից, երկու ամիս հետո «Промышленный каталог Армении» տեղեկագիրը դրեցի նախարարի սեղանին. դե քեզ ղուրբան, ՀՀ արդյունաբերության հարգարժան նախարար, կատարիր տվածդ խոստումն ու վճարիր։ Չվճարեց։
-Հետո կվճարեմ։
Հետոն էլ չեղավ, մինչ օրս էլ չի վճարել, հիմա Մոսկվայում է ապրում ու աշխատում, այդ մասին վաղուց արդեն մոռացած կլինի: Ստացվեց այնպես, որ ընդհանուր գործի համար ես, որպես անհատ, օգտագործեցի իմ խնայողությունների մեծ մասը։ Ոչինչ, միայն թե ընդհանուր գործը չտուժեր, առաջ շարժվեինք: Զարմանալի մարդիկ են մեր հայ չինովնիկները։ Նրանց բերանից դուրս եկած խոսքը գրոշի արժեք անգամ չունի, արդյունաբերության հաշվին միլիարդներ գրպանեցին, բայց հանրօգուտ գործերի վրա մի ցենտ անգամ չեն ծախսի: Նշված տեղեկագրից հետո կենացները քաղցրացան. մի պատվեր էլ էկոնոմիկայի նախարարությունից ստացանք:


1996-ին Երևանում կայանալու էր հայ-ամերիկյան տնտեսական մեծ ֆորումը, որի համար Հայաստանի արդյունաբերությունը ներկայացնող մի տեղեկագիր էր պետք՝ անգլերեն, մնացել էր երկու ամիս ժամանակ, որը շատ քիչ էր նման պատասխանատվության «վառվող» գործի համար։ Ոչ ոք չէր համաձայնել այդ աշխատանքը վերցնելու իր ուսերին։ Մենք վերցրինք ու 41 օրում հասցրինք հավաքել անհրաժեշտ ինֆորմացիան, մշակել, խմբագրել, թարգմանել ու ժամանակին «Տիգրան Մեծ»-ում տպագրել այդ տեղեկագիրը՝ «500 perspective Armenian Enterprises» վերնատառով, բայց սա չէր հետաքրքիրը: Այդ ցայտնոտային իրավիճակում անհաղթահարելի պրոբլեմներ առաջացան: Համաձայն ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանի որոշման, ՀՀ ձեռնարկությունների վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիան պետք է ստանայինք ՀՀ արդյունաբերության նախարարությունից, որը սակայն նման բան չէր անում։ Գնացի փոխնախարար Միրոն Շիշմանյանի մոտ (նա էր տեղեկագրի պատասխանատու-համակարգողը):


-Ձեր նախարարության աշխատակիցները բոյկոտում են մեր աշխատանքները, անհրաժեշտ ինֆորմացիան չեն տալիս, խնդրում եմ բացատրեք՝ ի՞նչ է կատարվում:
Խոստացավ օգնել: Նույն օրը փողոցում ինձ մոտեցավ նախարարության մի աշխատակից.
-Ես Ձեզ չեմ ճանաչում, բայց տեղյակ եմ, որ շատ ծանր գործ եք վերցրել։ Նախարարությունն այդ գործի համար 300 հազար դոլար էր պահանջել (ողջ աշխատանքի համար մեզ 6 հազար դոլար էին տվել՝ համաձայն կնքված պայմանագրի), Բագրատյանը չի համաձայնել, հիմա ձեզ խանգարելու են, մինիստր Սաֆարյանը կարգադրել է. «Համազասպյանին ոչ մի ինֆորմացիա չտրամադրել, տեղեկագիրը չպետք է լինի»:
Շնորհակալություն հայտնեցի անծանոթին, շնորհակալ էի, որ ՀՀ արդյունաբերության նախարարությունում այդպիսի պարկեշտ ու սկզբունքային մարդիկ էլ էին աշխատում։ Այդ անծանոթը Վարդան Ղուկասյանն էր, որի հետ մենք հետագայում մտերմացանք ու լավ ընկերներ դարձանք:


Ստեղծված իրավիճակում որոշեցինք ընդհատակ անցնել, Շիշմանյանին ու Սաֆարյանին ցույց տալ, որ գործը չի արվում, տեղում դոփում է, չի ստացվում ու հարյուր տոկոսով տապալվելու է, բայց հեղինակային ողջ կոլեկտիվով աշխատում էինք կրկնակի եռանդով ու ճիշտ ժամանակին ավարտեցինք տեղեկագրի հրատարակման աշխատանքները, հայ-ամերիկյան տնտեսական ֆորումը կայացավ մայիսի սկզբին, մասնակիցները ստացան անհրաժեշտ տեղեկագրերը:
Նման զավեշտային իրավիճակներ աշխատանքային պրոցեսում շատ են եղել: Թվում է՝ անկախ Հայաստանի չինովնիկները պետք է վերստին ուրախանային, որ գործերն առաջ են գնում, փորձեին իրենց ուժերի ներածի չափով աջակցել, բայց ոչ, ամեն բան հակառակ ուղղությամբ էր արվում. ուժերի ներածի չափով աշխատում էին միայն խանգարել ու խոչընդոտել, նման պայմաններում աշխատելը արդյունք տալ չէր կարող, Հայաստանի արդյունաբերությունը պետք է կործանվեր, իսկ տնտեսությունը մտներ խոր ճգնաժամի մեջ, այդպես շարունակելով ապագայում էլ ոչինչ չի ստացվի՝ անկախ նրանից, թե քանի նոր վարչապետ մեզ մոտ դեռևս կփոխվի:
Մոսկվայում աշխատելու տարիներին, պետական կարևորության տարբեր աշխատանքներ կատարելիս, նման երևույթների երբեք չեմ հանդիպել, բոլորն էլ աշխատել են իրենց հնարավորությունների սահմաններում օգնել ու օգտակար լինել, նպաստել, որ պետության համար արվող գործերը չտուժեն: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, որ աշխատանքների ղեկավարը հայ է:
1990 թվականին ինձ նշանակեցին «Энциклопедический словарь-справочник по надежности изделий электронной техники» ծավալուն աշխատանքի գլխավոր խմբագիր: Աշխատանքներում ընդգրկված էին Խորհրդային Միության տարբեր քաղաքների գիտական կենտրոնների մասնագետները՝ ունենալով ավելի բարձր պաշտոններ ու գիտական կոչումներ։ Միասին աշխատեցինք մինչև ԽՍՀՄ փլուզումը, ոչ ոք չտրտնջաց, որ աշխատում են հայի ղեկավարությամբ, որն աշխատում է ծայրամասային Արտաշատ քաղաքում: Ռուսաստանում ինձ միշտ շրջապատել է բարյացակամության առողջ մթնոլորտը, որը պահպանվեց նաև Մոսկվայից Հայաստան տեղափոխվելուց հետո. եթե պետության համար մեկը ինչ-որ կարևոր գործ է կատարում, ապա պետք է օգնել ու օժանդակել։


-Դու հո գերմանացիների համար չես աշխատում, դու մեզ համար ես աշխատում, դրա համար էլ օգնում ենք,- մեկ-մեկ անկեղծանում էին իմ ռուս կոլեգաները:
Նման իրողությունը կոչվում է՝ պետական մոտեցում ցուցաբերել ընդհանուր գործի նկատմամբ, որը հայերի մեծամասնության մոտ զրոյի վրա է, իսկական ռուսների մոտ դա մտած է արյան մեջ:
Արտաշատի մեր ինստիտուտը, որ մինչև անկախանալը Լենինգրադի «Էլեկտրոնստանդարտ» համամիութենական ԳՀԻ-ի մասնաճյուղն էր, իր համար անհրաժեշտ տեխնիկան ստանում էր Մոսկվայի մինիստրությունից՝ Լենինգրադի ինստիտուտի անունից ներկայացված հայտերով: Տեխնիկայի հարցերով մինիստրության պատասխանատուն Ալեքսեյ Միխայլովիչ Կռիլովն էր, որի հետ ես աշխատել էի «Ցիկլոն» ԳՀԻ-ում, ընկերներ էինք, Երևանում մեր տանն էլ էր եղել: Ալեքսեյ Միխայլովիչը ինձ միշտ զգուշացնում էր.
-ՈՒշադիր եղեք, ինչ որ Ձեզ պետք է, ես տալիս եմ, Լենինգրադի ինստիտուտին մերժում եմ, որովհետև նրանք հիմար են ձևանում, գործ չեն անում, Ձեր աշխատանքից ընկեր մինիստր Շոկինը գոհ է, նրանցից՝ ոչ։ Նկատել եմ՝ ինձ խաբելու նպատակով իրենց հայտերի վրա նշում են՝ Արտաշատի համար է, որ թույլ տամ, մի քանի հաստոց այդպես ստացել են:
«Էլեկտրոնպրոմի» Շոկինի մասին ես դեռ կպատմեմ, բայց նշեմ նրա հեգնանքը Լենինգրադի ԳՀԻ-ի ղեկավարության հասցեին.
-Ո՞րն է ճիշտը՝ Լենինգրադի ինստիտո՞ւտն է Արտաշատի մասնաճյուղը, թե՞ հակառակը:
Ռուսները աշխատանքի մեջ շատ էին կարևորում պետական մոտեցումը (համոզված եմ, որ նրանց մեջ դա պահպանվել է նաև մեր օրերում), հայերիս համար, ընդհակառակը, աշխատանքի մեջ ամենակարևորը անձնական շահն է, ինչն ապահովելու համար ամենուր կիրառվում է ԽԾԲ սկզբունքը, դա էլ մեր տունը քանդող հիմնական գործոնն է, կաշառակերությունը դրա դրսևորումներից մեկն է:


Լենինգրադի մեր «Էլեկտրոնստանդարտ» ԳՀ ինստիտուտի բազմավաստակ տնօրեն Վլադիմիր Դմիտրևիչ Ստեպանովին ժամանակից շուտ թոշակի ուղարկեցին հետևյալ պարզ պատճառով. նրա մոտ նկատելի էր անձնական շահի գերակայությունը պետականի նկատմամբ: «Էլեկտրոնստանդարտ» ԳՀ ինստիտուտը հիմնվել է 1944 թվականին Գատչինայում՝ քաղաքը գերմանացիներից ազատագրելուց անմիջապես հետո։ Նոր ինստիտուտին տրամադրվել էր Պավել 1-ին կայսեր պալատը, նրա առանձնասենյակը բաժանել էին երկու մասի՝ տնօրենի ու գլխավոր ինժեների առանձնասենյակների, որտեղ անցկացվում էին մեր գիտական ու արտադրական խորհրդակցությունները: 1984 թվականին ինստիտուտի համար մի հսկայական շքեղ շենք կառուցվեց «Площадь Победы» հրապարակի վրա: Շենքն ընդունելու ժամանակ մուտքի մոտ էին հավաքվել ինստիտուտի ղեկավարները՝ Ստեպանովի գլխավորությամբ: Ռեժիմի պետ, ԿԳԲ նախկին գնդապետ Պավել Միխայլովիչ Նեզնամովը նկատում է, որ ինստիտուտի ցուցանակը շատ անշուք է, առաջարկում է փոխել:
-Ոչինչ, երկու տարի դեռ կծառայի,- պատասխանում է տնօրենը, որ նկատի էր առել թոշակի անցնելու իր ժամանակը:
Այդքանը բավական էր, որ ցուցանակի ու տնօրենի հարցը քննարկման դրվի ինստիտուտի պարտկոմի նիստում: Տնօրենը պաշտոնանկ արվեց՝ հետևյալ հիմնավորումով. պետական գործին տնօրենը մոտենում է ոչ թե ինստիտուտի ու երկրի պետական շահերից, այլ անձնական խնդիրներից ելնելով:


Գատչինայի հետ կապված մի հին պատմություն կա, որը շատ ուսանելի կլինի անձնական շահերով տառապող մեր չինովնիկների համար: Պալատին կից գեղատեսիլ այգում ինձ մի տեղ ցույց տվեցին, ուր ժամանակին շուրջօրյա հսկողություն էր սահմանված եղել, երկու ժամը մեկ ժամապահ զինվորները, մեկը մյուսին փոխարինելով, 20 տարի շարունակ իրականացրել են իրենց հսկողությունը: Հարց՝ ինչի՞ համար էր դա պետք։ Ոչ ոք չի հիշել, թե ինչի համար էր կատարվում այդ հսկողությունը։ Բացում են արխիվներն ու պարզում, որ դա Եկատերինա 2-րդ կայսրուհու հրամանն է. այգում զբոսնելիս նա մի մանուշակ է տեսնում ու հրամայում, որ այնտեղ ժամապահ կանգնեցնեն՝ ծաղիկը պաշտպանելու համար: Ծաղիկը վաղուց արդեն չկար, կայսրուհին՝ ևս, բայց երկրի ղեկավարի տված հրամանը շարունակել են կատարել: Այս հոգեբանության խորքերում են թաքնված Ռուսական կայսրության հզորությունն ու անծայրածիր տարածքները:


Հայաստանի գործերը, Հայաստանի ճակատագիրը, ցավոք, հիմնականում տնօրինել են բախտախնդիր, շահամոլ ու փողամոլ մարդիկ՝ միշտ պատրաստ համագործակցելու երկիրը նվաճողների հետ։ Անգամ 1915 թվականի եղեռնի ժամանակ հարուստ հայերի մեջ եղել են մարդիկ, որ դավաճանել են սեփական ժողովրդին, համագործակցել են ցեղասպանների հետ՝ իրենց կաշին փրկելու գործը համարելով ավելի կարևոր խնդիր: Իրենց անձնական շահերը փնտրելով ու գտնելով, շարունակ փող աշխատելով, երկրի շահերը մշտապես անտեսելով ու դավաճանելով՝ մեր լիդերները բերեցին նրան, որ «ծովից ծով» երկրի տարածքները փոքրացրին ու դարձրին իրենց գրպաններին համապատասխան: Հիմա կարելի է ողջ Հայաստանը վերցնել ու սեփական գրպանը դնել, ինչը և հաջողությամբ անում են մեր պետական չինովնիկներն ու նրանց կամակատարները:


Հայ-ամերիկյան տնտեսական ֆորումի համար անհրաժեշտ տեղեկագրի նկատմամբ Շիշմանյան-Սաֆարյան նախարարական դեմարշը ուներ իր «ատկատային-փողային» պատճառները: Տեղեկագիրը տպագրվելու էր Համաշխարհային բանկի փողերով, խմբագրական աշխատանքների համար ՀՀ արդյունաբերության նախարարությունը ակնկալում էր ստանալ 300 հազար դոլար, որը, իհարկե շատ էր, մենք այդ աշխատանքները կատարեցինք 6 հազարով: Աշխատանքները պետք էր սկսել ավելի վաղ (մեր ինֆորմացիայով այդ աշխատանքները արդեն պատրաստ էին, մնում էր թարգմանել ու խմբագրել), բայց ձգձգելով, ժամանակը սպանելով, նախարարությունը փորձում էր ստեղծել կարևոր ֆորումի աշխատանքները ձախողելու իրավիճակ ու ավելի շատ գումարներ կորզել։ Այդ պատճառով էլ, ներքին կարգով, աշխատակիցներին արգելել էին մեզ որևէ ինֆորմացիա տրամադրել: Եթե Համաշխարհային բանկը՝ ՀՀ վարչապետի համաձայնությամբ, տար այդ գումարները, ապա կստացվեր 300-6=294 հազար դոլարի հավելյալ գումար՝ սեփական գրպանների համար: Ահա և ՀՀ արդյունաբերության նախարարության ու իր նախարարի հայկական-հայրենական-պետական մտածողության հիմքում դրված թվաբանությունն ու նախարարական ողջ տրամաբանությունը:


Ի միջի այլոց, մեր հրատարակած տեղեկագրում բացակայում են հեղինակների անունները, տպագրությունից դրանք հանվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության բաժնի վարիչ, տեղեկագրի հարցերով պատասխանատու, հետագայում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի պահանջով.
-Շատ մարդու անուն եք գրել, մի քանիսի անունը բավական է:
Դրան էլ ես դեմ գնացի: Իմ մոտեցումը այսպիսին է. նման դեպքերում պետք է, առանց բացառության, նշել աշխատանքի բոլոր մասնակիցների անունները: Հետո, տեղեկագրի անվան մեջ ես ինքնակամ մի հեռահար փոփոխություն կատարեցի՝ «Հայաստանի ձեռնարկությունների տեղեկագրի» փոխարեն օգտագործելով «Հայկական ձեռնարկությունների տեղեկագիր» անվանումը՝ մուտքը ազատ թողնելով Ղարաբաղի ու, հետագայում, նաև սփյուռքի ձեռնարկությունների համար: Նման տեղեկագիր ունենալը հիմա ավելի արդիական է դարձել, երբ մենք շրջանառության մեջ ենք դնում համահայկական արդյունաբերություն կազմակերպելու գաղափարը:
Եթե փորձենք հետադարձ հայացք գցել մեր անկախ երկրում իրականացված արդյունաբերական քաղաքականությանը, ապա կտեսնենք, որ ոչ մի բան իր տեղում չի եղել, ամեն ինչ արվել է ընդդեմ առողջ բանականությանն ու ժամանակի պահանջներին հակառակ. պրոֆիլային նախարարությունները իրենց հիմնական անձնակազմով՝ նախարարների մեծ մասի գլխավորությամբ, աշխատել են միայն սեփական գրպանները լցնելու և այդ աշխատաոճը միայն փող գռփելու ռեժիմի մեջ պահելու և պահպանելու համար, մշտապես պայքարել են, որ մեր պրոֆեսիոնալ մասնագետները հեռու մնան արտադրական-արդյունաբերական գործառույթներից: Ասվածը հաստատելու համար բերեմ ևս մեկ օրինակ:
2012 թվականին «Արմենիա» հեռուստաընկերությունը արևային էներգետիկայի հարցերով քննարկում էր կազմակերպել: Մասնակիցների թվում էին տ.գ.թ. Վահագն Հերունին, Անժելա Հերունին, ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը և ես։ Հաղորդումը վարում էր Նազենին: Լուրջ քննարկում սկսվեց, որի արդյունքում միասնական մի կարծիք ձևավորվեց, որ Արեգ Գալստյանը սխալ պատկերացում ունի արևային էներգետիկայի մասին, տասնյակ տարիներ շարունակ նա տորպեդահարում է Հայաստանի համար հույժ կարևոր այդ ուղղության զարգացումը՝ բազմիցս պատեհ ու անպատեհ առիթներն օգտագործելով, որ ամեն ինչ տարվի թյուր ուղղությամբ՝ մոլորության մեջ գցելով մեր հասարակությանն ու, ցավոք, նաև Հայաստանի ղեկավարությանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ նրա սխալ մեկնաբանություններն ընկալվում են որպես ավելի տրամաբանական ու երկրի համար ավելի կարևոր: Նրա արևային գաղափարը սահմանափակվում է միայն արևով էլեկտրական հոսանք ստանալու խնդրով, որից հետո գալիս է հիմնական եզրահանգումը. արևային էներգիայի օգտագործումը Հայաստանի համար դեռևս վաղաժամկետ է, որովհետև հոսանքի գինը բարձր է ստացվում: Այդ կանխակալ գաղափարը նա մինչ օրս հաջողությամբ օգտագործել է ակադեմիկոս Պարիս Հերունու ու իմ կատարած աշխատանքները նսեմացնելու և իրենց բնականոն հուներից հանելու համար: Հաղորդումը լավ առիթ էր ստեղծել, որ ամեն ինչ պարզաբանվի հանրության առաջ, տետատետ ու մասնագիտական բարձր մակարդակով: Մենք կարողացանք համոզիչ ձևով բացատրել, որ արևային տեխնիկայի զարգացման մեր տարբերակները (արևային տեխնիկայի բնագավառները շատ են ու բազմազան, մերն ուրիշ է. մյուսներից, այդ թվում՝ հոսանք ստանալու ուղղությունից, շեղված ու հեռացած) Հայաստանի համար ունեն հույժ կարևոր նշանակություն, այս ճանապարհով կարող ենք հաղթահարել մեր խոր տնտեսական ճգնաժամը, փոխել երկրի տնտեսական քաղաքականության ռազմավարությունը, ստեղծել հարյուր հազարավոր նոր ու բարձր վճարվող աշխատատեղեր և այլն։ ՀՀ քաղաքացիներն այդ ամենը, նաև «Իրատեսի» հրապարակումների շնորհիվ, ինձնից լավ գիտեն: Մեկ անգամ էլ հիմա կրկնենք՝ արևից թանկարժեք հոսանք ստանալն այսօր Հայաստանին պետք չէ, այսօր Հայաստանին պետք է ստեղծել աշխատատեղեր, արտադրել արտահանմանը միտված արտադրանք, դրանք վաճառել միջազգային շուկայում ու այնտեղից միլիարդավոր դոլարներ բերել Հայաստան՝ մեր երկրի կարիքները հոգալու համար, որ չմնանք 1000-ական դրամահավաքների հույսին:


Համաշխարհային բանկի վարկերի հաշվին արևով հոսանք ստանալու քայլերը կարող են ծառայել միայն երեք նպատակի. ավելացնել երկրի արտաքին պարտքերը, տնտեսությունը տանել դեպի հետագա քայքայում, խոչընդոտել սեփական նախաձեռնությամբ կատարվող աշխատանքներին, որոնք, առաջին տողով, մտնում են Գորբաչովի ու նրա արևմտյան գործընկերների ծրագրային դրույթների մեջ: Ամեն ինչ ճիշտ էր ասված, ամեն ինչ ընկալելի էր, բայց... Բայց եղավ այն, ինչին մենք արդեն ծանոթ ենք. Նազենու պատրաստած այդ հաղորդումը եթեր չտրվեց: Եթե մենք կարողանանք հասկանալ, թե ում նախաձեռնությամբ արվեց, ապա հեշտ կլինի հաշվել ու պարզել, թե ովքեր են մեր երկրի «բարեկամ» թշնամիները, ում ենք մենք պարտական մեր տնտեսական անհաջողությունների համար:

(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ