ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Իրանի նախագահը «տնային առաջադրանք» թողեց Երևանին

Իրանի նախագահը «տնային  առաջադրանք» թողեց Երևանին
20.01.2017 | 00:33

(սկիզբը՝ այստեղ)

Կարծում եմ, որ ընթերցողներն իրենք արդեն գլխի ընկան, թե ինչն է շեշտադրվել Երևանում Ռոհանիի հայտարարությունների մասին իրանական լրատվամիջոցների հաղորդագրություններում: Դե, ուրեմն, շարունակենք: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կմեծացնի երաշխիքների մակարդակը իրանցի գործարարների համար, և իր երկրի շահագրգռությունը հայտնեց Սև ծովի ու Պարսից ծոցի կապի առնչությամբ: Նա նաև հույս հայտնեց, որ երկու երկրներն արագորեն կհասնեն ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրին: Սարգսյանը նաև իր երկրի շահագրգռությունն արտահայտեց սկսելու ուղիղ չվերթերը Թեհրանի ու Երևանի միջև: Այսպիսով, ինչպես տեսնում ենք, իրանական պաշտոնական շրջանակները հստակորեն շեշտադրում են՝ Հայաստանով Իրան-Եվրոպա տարանցման ոչ մի միջանցքի հարց պարոն Ռոհանին Երևանում չի քննարկել, և դա վերաբերում է նաև խողովակաշարային հաղորդուղիներին: Խոսքը եղել է Հյուսիս-Հարավ տարանցման միջանցքի մասին, այսինքն, առավելագույնը մինչև Սև ծով և... Ռուսաստան: Եթե մեկնումեկը հիմա ինձ ցույց տա, որ Իրանի համար Հայաստանի առումով «Հյուսիս» հասկացությունը կարող է և այլ բան նշանակել, ազնիվ խոսք, հրապարակայնորեն շնորհակալություն կհայտնեմ աշխարհագրական նոր հայտնագործության համար և կնպաստեմ Նոբելյան մրցանակի առաջադրմանը: Հետո, Հայաստանում ոմանց երազանքները իրանական գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ, էլ չեմ խոսում «երկրորդ գազամուղի» շինարարության մասին, այսպես ասած, Հայաստանի իշխանությունների և գործարարների հույսերը՝ կապված «իրանական գազի տարանցման հետ՝ Հայաստանով դեպի Եվրոպա», առհասարակ ցնորք են: Ռոհանին Սարգսյանին կոշտ առաջարկում է նախ հաղթահարել ամերիկյան «վետոն» (որին հլու-հնազանդ հետևեց Հայաստանը) մասնավորապես մեր երկրի ներսում իրանական բանկերի հնարավորությունների ընդլայնման առնչությամբ: Հավատացեք, ոչ ոք, բացի ԱՄՆ-ից ու Եվրամիության երկրներից, չի սահմանափակել իրանական բանկերի գործունեությունն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Եվ ես չգիտեմ, նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ կլինի՞, արդյոք, սեղմ ժամկետներում կատարելու Հ. Ռոհանիի «պատվիրանը» «Հայաստանի հետ Իրանի բանկային կապերի լիակատար վերականգնման և բանկային հարաբերությունների կարգավորման առումով», ինչպես և, ի դեպ, Իրանի ու Հայաստանի սահմանագլխին ԱՄՆ-ի վերահսկողությունից զերծ Արասի ազատ գոտու ստեղծմանը:


Եկեք ազնվորեն ասենք՝ հայաստանյան լրատվամիջոցներից գոնե մեկում երբևէ լուսաբանվե՞լ են այս հարցերը, այն տեսանկյունից, որով դրանք շոշափեց Ռոհանին 2016-ի դեկտեմբերի 21-ին Երևանում: Ո՛չ, իհարկե, գրել են ինչ ասես, միայն ոչ իրանական տեսակետի մասին առ այն, թե ով կամ ինչն է խանգարում հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը: Առաջ գնանք Հայաստանում Ռոհանիի բանակցությունների մասին IRNA գործակալության հաղորդագրությունների հետքով: «Ռոհանին ասաց, որ երկու երկրները կարող են համագործակցել միմյանց հետ երկաթուղային տրանսպորտի և Պարսից ծոցը Սև ծովին միացնելու ասպարեզում, ինչպես նաև Հյուսիս-Հարավ տարանցման միջանցքի ոլորտում, որն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար: Նա ընդգծեց էներգետիկայի ասպարեզի կապերի զարգացումը, այդ թվում` Հայաստանին իրանական գազի մատակարարման աճն ու երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի երրորդ ցանցի կառուցումը»: Տեսեք, թե որքան «մեղմ» է Իրանի նախագահը ներկայացրել այսօրվա դրությամբ Հայաստանի հետ համագործակցության գերակայությունները: Եվ հենց այդ նպատակով էլ նա Երևանին կոչ է անում ավելի համարձակորեն նայել Արասի ազատ գոտուն: Այնուհետև «նախագահ Ռոհանին կոչ արեց համագործակցել շրջակա միջավայրի ոլորտում»: «Իրանական և հայկական մասնավոր հատվածը, ներդրողներն ու տնտեսական գործիչները կարող են համագործակցել, հաշվի առնելով երկու երկրների միջև առկա հնարավորությունները»,- ասաց նա, ավելացնելով, որ Իրանը պատրաստ է զարգացնելու հարաբերությունները Եվրասիայի պետությունների հետ ազատ առևտրի նպատակով: Սա արդեն ակնարկ է Ամուլսարի ոսկեհանքը անգլիացիներին տալու վերաբերյալ: Ոմանք մոռացել են, որ Ջերմուկի մերձակայքը շատ մոտ է իրանական սահմանին և, ուրեմն, փոխադարձ կապ կլինի Իրանի սահմանամերձ գոտու էկոլոգիայի հետ (շահագործման ընթացքում ցիանիդների օգտագործման հետևանքով- խմբ.): Իրանը այդ մասին անուղղակիորեն հիշեցրեց Հայաստանի իշխանություններին:


Պետք չէ ինձ մեղադրել այն նույն բանի իրանական մեկնությանը ավելորդ նվիրվածության մեջ, ինչի մասին հաղորդել են հայկական լրատվամիջոցները, այդ թվում՝ պաշտոնական: Աշխատանքի սկզբունքը սա է. իմացա՞ր՝ ստուգիր, մեկ անգամ ևս ստուգիր, ծանոթացիր այլ տեսակետների: Ի վերջո, պետք չէ, որ բոլոր հայերը միաբերան հանդես գան իբրև իրականությունից կտրված սին երազկոտներ:
Հիմա ամենակարևորը. հայկական աղբյուրների հաղորդումներից մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին հաստատ շոշափել են և՛ արցախյան հարցը, և՛ Սիրիան՝ Հալեպով, և՛ ամբողջ սիրիահայ համայնքի խնդիրները: Ի՞նչ է այդ մասին գրում IRNA-ն. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող ղարաբաղյան հակամարտությանը, նախագահ Ռոհանին հայտարարեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, որպես Իրանի բարեկամ ու հարևան երկու պետություն, վեճի կարգավորմանը կհասնեն անպարտ խաղի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների միջոցով: Նա ասաց, որ ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար և ընդգծեց, որ Իրանի ու Հայաստանի համագործակցությունը նպատակ ունի արմատախիլ անելու այդ վտանգավոր վիրուսը տարածաշրջանում»: Մոտավորապես նույն ոգով է հանդես եկել նաև «Mehr News» գործակալությունը, թեև նրա թղթակիցների օգտագործած «win-win situation» («իրավիճակ, երբ երկու կողմերն էլ հաղթող են դուրս գալիս») արտահայտությունը այնքան էլ IRNA-ի աշխատակիցների օգտագործած «անպարտ խաղը» չէ: Բայց ավելի զարմանալի է Մոսկվայում հիմնված Iran.ru կայքի կողմից Արցախի հարցի վերաբերյալ կարծիքների փոխանակության մեկնությունը: Իմանալով, թե ով է գլխավորում այդ կայքը (ռուսական փորձագետ, ծագումով տաջիկ Ռաջաբ Սաֆարով- խմբ.) և հասկանալով, թե նա ինչ կապեր ունի ՌԴ վերնախավում և Իրանի վերնախավում, ես վայրկյան իսկ չեմ կասկածում, որ Iran.ru կայքը 2016 թ. դեկտեմբերի 21-ի բանակցությունների մասին իր տեղեկությունը պատահաբար չի վերնագրել ահա այսպես. «Իրանը կօգնի լուծելու հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերմամբ», վկայակոչելով, ի դեպ, «Mehr News»-ին, թեև բուն իրանական գործակալության հաղորդագրության մեջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» արտահայտությունը չկա: Դա այն նույն կիսաերանգ «ուղերձների» կարգից է, որոնց մասին ասում են մնացած աշխարհի հանդեպ ԱՄՆ-ի կողմից իրականացվող «ռեալ քաղաքականության» դրսևորում: Դե, տիկնայք և պարոնայք, Հայաստանում, թե այլուր, խնդրում եմ ծանոթանալ իրանական «ռեալ քաղաքականությանը»:


Նորից գանք IRNA-ին. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ արդեն հող է նախապատրաստվել Թեհրանի ու Երևանի միջև բազմակողմանի կապերի զարգացման համար, և ոչ մի խոչընդոտ չկա համագործակցության առաջընթացի ճանապարհին: Հայաստանի նախագահը նշեց, որ երկու կողմերը մտադիր են ընդլայնելու ապրանքաշրջանառությունը, տնտեսական ու մշակութային կապերը, համագործակցությունը էներգետիկայի, ջրի պաշարների, տրանսպորտի ասպարեզում և բանկային գործում: Նախագահ Սարգսյանն ասաց, որ երկու երկրները հավատում են ահաբեկչության դեմ պայքարին և տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»: Այ, այսպես: Ոչ մի խոչընդոտ չկա և վերջ: Այսինքն, մենք լիիրավ ենք ակնկալելու, որ բանկային կապերի վերականգնման հարցերը, որոնց մասին հիշատակել էր Ռոհանին, Հայաստանի նախագահը պատրաստ է լուծելու հենց 2017 թ. հունվար-փետրվարի ընթացքում: Հիմա վերցնես ու հարցնես. իսկ ո՞վ էր խանգարում մինչ այդ լուծելու Թեհրանի համար այդքան էական հարցը: Դե, լավ, հավատանք ոչ միայն երևանյան բանակցությունների մասին իրանական աղբյուրների հաղորդագրություններին, այլև Հայաստանի նախագահին: Ասել է, չէ՞, որ ոչ մի խոչընդոտ չկա: Այդ դեպքում սպասում ենք հայ-իրանական բոլոր հեռանկարային նախագծերի արագ իրականացմանը, Հայաստանի հարգելի իշխանություններ:


Մնացածը քաջ հայտնի է: Գլխավոր փաստաթուղթը Ս. Սարգսյանի և Հ. Ռոհանիի համատեղ հռչակագիրն է, որի բովանդակությունը լայնորեն լուսաբանվել է: Այնուհետև, ըստ կարևորության. «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համաձայնագիրը Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին»: Եվ հետո միայն՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԻԻՀ ներքին գործերի նախարարության միջև արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության մասին», «ՀՀ պատմության թանգարանի և ԻԻՀ ազգային թանգարանի միջև համագործակցության մասին», «ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների և ԻԻՀ մշակութային ժառանգության, արհեստների ու զբոսաշրջության կազմակերպության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրերը: Փոխըմբռնման հուշագրերը նույնն են, ինչ մտադրությունների մասին արձանագրությունները: Հետագայում կլինեն ավելի լայն բովանդակությամբ երկկողմ փաստաթղթեր:


ՈՒզում եմ նաև նախազգուշացնել իրանա-ռուսական հարաբերությունների վատացման (իբր գազի կամ էլ Հայաստանի ու Ադրբեջանի պատճառով) մասին «երազողներին»: Մեջբերում եմ, կարելի է ասել, այաթոլլահական ISNA գործակալության պաշտոնական հաղորդագրությունը. դեռ դեկտեմբերի 13-ին Իրանի ազգային նավթային ընկերությունը և «Գազպրոմ-նեֆտ» ֆիրման փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Արևմտյան Իրանի Չանղուլեխի և Չեշմեխ-Խոշի հեռանկարային նավթահանքերում ռուսական ֆիրմայի կողմից երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման մասին: Փաստաթուղթը ստորագրվել է Իրանի նավթի և էներգետիկայի նախարար Բիժան Զանգանեի և նրա ռուս պաշտոնակից Ալեքսանդր Նովակի մասնակցությամբ: Հարգելի ռուսատյացներ, Իրանն իր հնարավոր հակառակորդներին թույլ չի տալիս նույնիսկ երկրաբանական հետախուզություն իրականացնել իր տարածքում և այն էլ ածխաջրածինների հանքավայրերի: Այնպես որ, «խոր թաղեք» ձեր այն հույսերը, թե դուք միջնորդ դեր կունենաք Իրանի և Արևմուտքի միջև. Թեհրանը ձեր կարիքը չունի:


Եվ մի երկու խոսք էլ այն մասին, թե ինչ ֆոնային իրադարձություններ են տեղի ունեցել Հ. Ռոհանիի Հայաստան գալու նախօրեին: Նախ, դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարների շտապ հանդիպում: Իրանի նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհանը հայտարարեց, որ կոալիցիան, որի մեջ մտնում են Իրանը, Ռուսաստանն ու Սիրիան, կարող է ներգործել տեղերում տիրող իրադրության վրա, և ջանքերի համակարգումը երեք կողմից կշարունակվի ու կմեծացվի: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստ են որպես երաշխավոր հանդես գալու սիրիական ճգնաժամի կարգավորման գործում՝ փորձագետների կարգավիճակով: «Այսօրվա դրությամբ մասնագետներն աշխատում են սիրիական ճգնաժամի կարգավորմանը նպաստելու անհետաձգելի միջոցառումների վերաբերյալ մոսկովյան հռչակագրի տեքստի վրա: Դա պատկառելի և խիստ անհրաժեշտ փաստաթուղթ է»,- ասաց նա:

Շոյգուն ընդգծեց, որ երեք երկրների պաշտպանության նախարարների և արտաքին գործերի նախարարների հռչակագրի ստորագրումը «նախատեսում է մեր պատրաստակամությունը հանդես գալու որպես երաշխավորներ և համատեղ ծառայելու սիրիական կարգավորման հրատապ հարցերին: Այսպիսով, մենք պաշտպանում ենք այդ հռչակագրի ընդունումը»: Ռուսաստանը հանդես է գալիս ռազմական ոլորտում ռուս-իրանական երկարաժամկետ և բազմակողմանի համագործակցության օգտին՝ հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարը, ավելացնելով, որ «հարաբերություններն աչքի են ընկնում վստահելի քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, համընդհանուր և տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների հանդեպ մոտեցումները համակարգելու պատրաստակամությամբ: Մենք հանդես ենք գալիս ռուս-իրանական երկարաժամկետ ու բազմակողմանի ռազմական համագործակցության օգտին»:


Վերջապես, նույն օրը և դարձյալ Մոսկվայում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու նրա ռուս և թուրք պաշտոնակիցներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հրապարակեցին համատեղ հայտարարություն, որում ընդգծվում է Սիրիայում շարունակվող ճգնաժամի քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը՝ հաղորդում է իրանական «Fars News» լրատվական գործակալությունը: «Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան համոզված են, որ չկա սիրիական հակամարտության ռազմական լուծում»,- ընդգծել են երեք արտգործնախարարները իրենց համատեղ հայտարարության մեջ:

Նրանք նշել են նաև, որ անհրաժեշտ է պահպանել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությունը որպես բազմազգ, բազմակրոն, աշխարհիկ և ժողովրդավարական պետություն: Համատեղ հայտարարության ամբողջ տեքստը կա տարբեր աղբյուրներում, և, կարծում եմ, մեջբերումներ անելու կարիք չկա: Բայց մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչով էր զբաղված Իրանը Հասան Ռոհանիի Հայաստան գալու նախօրեին: Եվ դա մեզ և՛ հիմքեր, և՛ իրավունք է տալիս համարելու, որ Երևանը հենց դրա համար Թեհրանից ստացավ, պատկերավոր ասած, ևս մեկ «տարկետում», ասենք, ընդհուպ մինչև Հայաստանի ղեկավարի Իրան կատարելիք այցը, որի վերաբերյալ պայմանավորվեցին դեկտեմբերի 21-ին: Այնպես որ, տեսնենք՝ Հայաստանի իշխանությունները կկարողանա՞ն համոզել իրենց իրանցի գործընկերներին, որ այլևս «ոչ մի խոչընդոտ չկա»:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ