Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եկեք թարգմանենք Լավրովի խոսքերը դիվանագիտականից. «Բաքու, իսկ դու հիշո՞ւմ ես 2008 թվականը և Հարավային Օսիան»

Եկեք թարգմանենք Լավրովի խոսքերը  դիվանագիտականից. «Բաքու, իսկ դու հիշո՞ւմ ես 2008 թվականը և Հարավային Օսիան»
03.02.2017 | 00:59

(սկիզբը` այստեղ)

Ի վերջո, 2016 թ. վերջին Արցախի` որպես «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» մասին պաշտոնական հիշատակումը ԱՊՀ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար գեներալ Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ, ինչը տեղ գտավ նաև ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում, դատարկ խոսք չէ։ Ինչպես Բորդյուժայի հայտարարությունը, այնպես էլ Լավրովի չորությունն իր փաստարկներով, բացառված չէ, նույնպես պատասխան են 2016-ի դեկտեմբերի 29-ին արդեն անմիջականորեն Հայաստանի սահմանագլխին` Չինարի գյուղի մոտ Ադրբեջանի ռազմադիվերսիոն գործողությանը։ Այո, նախագահ Սերժ Սարգսյանը դարձյալ լռեց, ընդունելով ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի «անուշադրությունից նեղացածի» կեցվածք։ Այո, Հայաստանի իշխանությունները դարձյալ չօգտվեցին նույն ՀԱՊԿ-ի շրջանակներում իրենց կանոնադրական իրավունքներից, երևի նրանց ՆԱՏՕ-ն «ռազմական օգնություն էր խոստացել»` ընդդեմ Ադրբեջանի։ Թե՞ ոչ։ Այս բոլոր «լռությունները» հետևանք են սեփական թուլության ու վախկոտությա՞ն։ Թե՞ ուղղակի մեր իշխանությունները չափն անցնում են իրենց բթամտությունը «խաղարկելիս», իբր, դեռ մենք կտեսնենք։ Ի տարբերություն Երևանի, թերևս նաև Բաքվի, Մոսկվայում տխմարների թիվը շատ ավելի քիչ է պատասխանատու պաշտոններում։

Եվ դեռ Բորդյուժայի հայտարարության ժամանակներից էր պարզ, որ ռուսական իշխանությունները հասկանում են Բաքվի հեռագնա նպատակները և նախազգուշացնում են, որ եթե Ադրբեջանը Ռուսաստանին ներքաշի գործընթացի մեջ, ապա դա կարող է անշտկելի հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար։ Բորդյուժայի աննախադեպ շտապողականությունն անցած տարվա վերջին և «ԼՂՀ» ձևակերպման օգտագործումն ապշերոնցիներին ուղղված թափանցիկ ակնարկներ էին «ծանր հետևանքների» վերաբերյալ, իսկ Լավրովի խոսքի չորությունը` սպառնալիք այն մասին, որ եթե Ադրբեջանը շարունակի «պատերազմի արտաքին պատվերների» (այսինքն` տարածաշրջանից դուրս) կատարման քաղաքականությունը, ապա Արցախ-ԼՂՀ-ի վերջնական կարգավիճակի հարցն առաջնակարգ կդառնա բանակցային օրակարգում։


Բայց չէ՞ որ թե՛ Բաքվում, թե՛ առավել ևս Մոսկվայում 1992-ից հիանալի գիտեին, որ Արցախ-ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը դուրս է Ադրբեջանի իրավազորությունից. սա էլ հենց ամբողջ Արցախի խնդրի էությունն է։ Այնպես որ, եթե անաչառ լինենք, ապա այս առումով էլ նախարար Լավրովը ոչ մի գերնոր բան չի մատուցել։ Եվ պետք չէ, որ երևանցի որոշ ուռա-հայրենասերներ սրան խառնեն ճամարտակություններն այն մասին, թե, իբր, «Սասնա ծռեր» խմբի անդամները «Մոսկվային օգնեցին մոռանալ այդ պլանը («Լավրովի պլան» դատարկամտությունը մինչև օրս էլ օգտագործում է Հայաստանի ռուսատյաց հանրությունը- խմբ.)։ Զավթելով Երևանի ոստիկանության ՊՊԾ գունդը, խմբի անդամներն իրենց անհանդուրժողականությունը հայտնեցին Մոսկվայի կողմից պարտադրվող զիջումների հանդեպ և հասկանալ տվեցին, թե Հայաստանում ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի նման դիրքորոշումը»։ Այս զառանցանքից վաղուց է պետք ձեռք քաշել։ Այն, ինչ թերամիտները Երևանում «Լավրովի պլան» են անվանում, ոչ այլ ինչ է, եթե ոչ «2011 թ. Կազանի փաստաթուղթը», որը մերժվել է դեռ նույն 2011 թ. Ալիևի դիրքորոշման պատճառով։ Իսկ հիմա Լավրովի «հիշեցումը», թե «տարածքների հարցը» սերտորեն շաղկապված է Արցախի «վերջնական կարգավիճակի սահմանման» խնդրի հետ, հենց Մոսկվայի վերադարձն է Հարավային Օսիայի և Աբխազիայի առնչությամբ իր 2008 թ. դիրքորոշմանը, այլ ոչ թե ՌԴ ԱԳՆ-ի ինչ-որ «նոր մշակում»։ Հաշվի առնելով, որ այդ «հիշեցումը», ըստ էության, այնքան էլ ուշացած չէ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի վերոհիշյալ հայտարարության համեմատ, աշխարհը պարտավոր կլինի և՛ հասկանալ ներկա իրադրության դրամատիկությունը, և՛ համարժեք գնահատել Ռուսաստանի վճռականությունը` հրաժարվելու Ադրբեջանի 2016 թ. ապրիլյան արկածախնդրությանը «ուշ արձագանքելու» պատասխանատվությունից։ Դա, փաստորեն, բաց ակնարկ է այն մասին, որ Մոսկվան, գոնե այս պահի դրությամբ, թույլ չի տա ապրիլյան ողբերգության կրկնություն, և զուր են Բաքվում հույսեր փայփայում, թե Ռուսաստանը աչք կփակի հարցը ռազմական ուղիով լուծելու փորձի կրկնության դեպքում։ Գուցե և դա ապշերոնյան խանությանն ուղղված ծածուկ ուղերձ է այն մասին, որ եթե հանկարծ ադրբեջանցիները, այնուամենայնիվ, որոշեն նորից պատերազմ սկսել, ապա ինքը Ռուսաստանը կսահմանի «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»։ Չէ՞ որ կա նախադեպ` 2008-ի օգոստոս-սեպտեմբերից։


Հաշվի առնելով Սիրիային նվիրված Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ բանակցությունների արդեն երկրորդ-երրորդ հետաձգումը (նախ պետք է հանդիպեին դեկտեմբերի 20-ին` դեսպան Կառլովի սպանությունը խանգարեց, ապա 27-ին` թուրքերը «բանավեճ» պարտադրեցին հանդիպման վայրը Մոսկվայից Աստանա տեղափոխելու շուրջ և այլն) և դեռ 2016-ի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի դիվերսիայի ֆոնին, բոլորն էլ հասկանում են, որ Բաքուն հիմա Անդրկովկասում լուրջ սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի և Իրանի համար։ Այսինքն, Թուրքիային օգնում է հետ նվաճելու գոնե մեկ-երկու դիրք` Աստանայում Սիրիային նվիրված բանակցություններից առաջ, որոնք սկսվել են հունվարի 23-ին։ «Լավրովի ինքնագոհ հայտարարության պատասխանում» Բաքվի պաշտոնական շրջանակների տենդագին շտապողականության պատճառը հենց սա է. այն բանի գիտակցումը, որ Մոսկվայում հստակ վերծանել են Արցախի ու Հայաստանի առնչությամբ Ադրբեջանի «խաղը» և ոչ միայն կանխել են ուժային գործողությունների վերադարձը, այլև սպառնացել են ճանաչել Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը` «2008 թվականի սցենարով»։ Ի դեպ, պաշտոնական Բաքվի բուն պատասխանը, որ ադրբեջանական լրատվամիջոցները վերահեռարձակել են Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հերթական և բովանդակությամբ հին հայտարարությունների տեսքով, դժգույն փորձ է աշխարհին հայտարարելու «միևնույն է, հայերը մեզնից վատն են»-ի նման մի բան։

Դատեցեք ինքներդ, ահա Մամեդյարովի պատասխանի գլխավոր մասը. «Ամբողջ աշխարհի հանրությունը ճանաչում ու պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է հաշտության գործընթացին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ անցկացվող բանակցությունները միջազգային հարթակ են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիմքի վրա հարցի կարգավորման համար։ Հակամարտության կարգավորման կապակցությամբ կան միջազգային կազմակերպությունների բազմաթիվ որոշումներ ու բանաձևեր` հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։ Ամենակարևոր փաստաթղթերն են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 822 (1993 թ.), N 853 (1993 թ.), N 874 (1993 թ.), N 884 (1993 թ.) բանաձևերը։ Այդ փաստաթղթերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ուժի գործադրումն Ադրբեջանի նկատմամբ և մեր հողերի օկուպացումը։ ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձևերում մեկ անգամ ևս հարգանք է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ, մեկ անգամ ևս հավաստել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, և պահանջում է բոլոր օկուպացիոն ուժերն անհապաղ, լրիվ ու անվերապահորեն դուրս բերել մեր տարածքներից։ Սա ոչ թե կոչ, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջն է»։


Եվ ի՞նչ նոր բան կա այստեղ։ Ո՛չ մի։ Ապշերոնյան խանության արտաքին գործերի նախարարը, ասես թերաճ, ձևացրեց, թե չի լսել ու չի տեսել Լավրովի պատասխանի այս մասը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ կա որոշումների մի ամբողջ տրցակ, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` հակամարտության ամենաթունդ շրջանում, և պահանջում էին դադարեցնել կրակը։ Եթե հետաքրքրվում եք, կարելի է դիմել արխիվներին և տեսնել, թե ինչպես են կատարվել կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ այդ պահանջները, ում կողմից են կատարվել և ում կողմից չեն կատարվել»։ Ապշերոնցիներին հիշեցնեմ նաև, որ Մինսկի խմբում ՌԴ ԱԳՆ բազմամյա ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը 1997-ից ի վեր շարունակ և համոզիչ կերպով տեղն է դրել բաքվեցի նեո-պանթյուրքիստներին, փաստերով ապացուցելով, որ ՄԱԿ-ի ԱԽ բոլոր բանաձևերի կատարումը ձախողել է հենց Ադրբեջանը, որ կրակի անհապաղ դադարեցման պահանջները խախտել է հենց Ադրբեջանը, մասնավորապես Ադրբեջանի ներկա նախագահի հանգուցյալ հայրը` Հեյդար Ալիևը, որը 1994-ի ձմռանը արյունալի սպանդ սանձազերծեց Արցախում։ Սակայն հենց նա էլ, մարդկային հսկայական կորուստներից հետո (մոտավորապես 10 հազար մարդ) 1994-ի գարնանը կրակի դադարեցում խնդրեց, ինչը և ծնունդ տվեց երկու կարևորագույն փաստաթղթերի` Արցախ-ԼՂՀ-ի իշխանությունների ներկայացուցիչների առանձին ստորագրություններով։ Խոսքը Բիշքեկի արձանագրության (1994 թ. մայիս) և «Հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնագրի» (1994 թ. հունիս) մասին է։ Այսօր Լավրովը, ըստ էության, ադրբեջանական կողմին հստակորեն հասկացրել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է փաստաթղթերով և՛ Բաքվին, և՛ ամբողջ աշխարհին ապացուցելու, թե ով, երբ և ինչու չի կատարել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պահանջները, այսինքն, փաստորեն, ենթակա է պատասխանատվության մոլորակի մասշտաբով, ընդհուպ մինչև միջազգային պատժամիջոցների կիրառումը։


Թերևս, որոշ բաներ, իրոք, նոր էին։ Այսպես, առաջին անգամ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը վկայակոչում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993-ին ընդունված բանաձևերը ոչ թե բացարձակապես գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման տեսակետից, ինչը տարիներ ի վեր փորձել է անել Բաքուն, հաճախ նաև Արևմուտքի ներկայացուցիչները, այլ կրակի դադարեցման մասին դրանց պարունակած պահանջի խախտման տեսակետից։ Լավրովը ոչ միայն Բաքվին զրկեց այդ բանաձևերի միակողմանի և արհեստական մեկնաբանման հնարավորությունից, այլև հասկացրեց, որ հենց ապշերոնցիներն են միշտ շահագրգռված եղել ռազմական ուղիով հարցի լուծմամբ։ Հասցեական պատասխանով Լավրովը բացահայտորեն հենց Ադրբեջանին է մեղադրում ապրիլյան ռազմական արկածախնդրությունը նախաձեռնելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ու զորքերի շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը խոչընդոտելու մեջ։ Դա ակնարկ է այն բանի, որ եթե անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություններում ու հաշվետվություններում խուսափում են հասցեական գնահատականներից, ապա Ռուսաստանն առանձին հենց ապշերոնյան խանությանն է համարում պատասխանատու կարգավորման խաղաղ գործընթացի ձախողման, շփման գծում ու տարածաշրջանում լարվածության սրման համար։ Շա՞տ է դա, թե՞ քիչ։ Ժամանակը ցույց կտա։ Ժամանակ, որը վաղուց արդեն Ադրբեջանի ու նրա հովանավորների օգտին չի խոսում, որ մայրաքաղաքում էլ նրանք գտնվեն։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ