Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Սատանան երբևէ հանգիստ չի թողել ո՛չ անհատներին, ո՛չ ազգերին, ո՛չ եկեղեցիները, այլ թունավորելով ապականել է ի սկզբանե»

«Սատանան երբևէ հանգիստ չի թողել ո՛չ անհատներին, ո՛չ ազգերին,  ո՛չ եկեղեցիները, այլ թունավորելով ապականել է ի սկզբանե»
24.02.2017 | 11:55

(սկիզբը՝ այստեղ)

Եկեղեցին մեկ միասնական օրգանիզմ է, յուրաքանչյուրի սայթաքումը կարող է շատերի գլորման պատճառ դառնալ, մեկի արդարությունը՝ շատերի փրկության գրավական:
Վերջին տարիներին բազում խայտառակ միջադեպեր ու իրողություններ ի հայտ եկան, որ վկայում էին Արևմուտքի քրիստոնեական տարբեր եկեղեցիների (մասնավորապես՝ անգլիկան, բողոքական, կաթոլիկ) հոգևորականների այլասերված վարքի մասին: Հիշյալ խնդրի շուրջ է մեր հարցազրույցի շարունակությունը Գորիսի տարածաշրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ:
-Կարո՞ղ ենք բողոքական և կաթոլիկ եկեղեցիները քննադատել: Իմա՝ հանդուրժող են կամ բավարար չափով անհանդուրժող չեն իրենց բազմաթիվ հոգևորականների և, ընդհանրապես, արևմտյան հասարակության բազմահազար անդամների այլասերվածության ամենատարբեր դրսևորումների նկատմամբ: Իսկ բողոքականության հիմնական ուղղություններից մեկը հանդիսացող անգլիկան եկեղեցուն և, հատկապես, անգլիկան համայնքին պատկանող ԱՄՆ-ի եպիսկոպոսական եկեղեցուն մեղադրել ուղղակի այլասերվածությունը խրախուսելու մեջ, քանի որ կան միասեռական ամուսնությունները եկեղեցական ծիսակատարությամբ գրանցելու, միասեռական հոգևորականներին նշված եկեղեցիներում բարձր պաշտոններում ընտրելու, եպիսկոպոս օծելու դեպքեր:


-Եկեղեցուն քննադատելով ու մեղադրելով՝ մենք չենք կարող հետ շրջել դեպքերի զարգացումները: Ստեղծված իրավիճակը հենց միմյանց քննադատելու և մեղադրելու հետևանք է, սեփական գաղափարները ճշմարտությունից, և այդ գաղափարները տարփողելը՝ ճշմարտությանը հնազանդվելուց վեր դասելու հետևանք: Սատանան բաժանել ու տիրում է, որովհետև շատերը չմիավորվեցին Աստծո սիրով:
-Տեսնո՞ւմ եք այս իրավիճակից ինչ-որ ելք կամ խնդրի լուծում, եթե այո, ումի՞ց է կախված այն և ի՞նչ է անհրաժեշտ անել:
-Իրեն քրիստոնյա համարող յուրաքանչյուր գիտակից անձ պետք է նախ ինքը անդատապարտելի ընթացք ունենա Աստծո առաջ, պետք է Սուրբ գիրքը կարդա ո՛չ թե ուրիշների, այլ սեփական մեղքերը տեսնելու և ուղղվելու համար, քանզի երբ ինչ-որ մեկը կարդում է Աստծո Խոսքը, Աստված նրա՛ հետ է խոսում և նրա՛ն է ուղղվելու կոչ անում:
«Հանի՛ր նախ,- ասում է,- քո աչքի գերանը, որպեսզի լավ տեսնես՝ ուրիշի աչքի շյուղը հանելու համար» (Մատթ.7.5):


Որևէ մեկին դատելուց առաջ նախ աղոթե՛նք նրա համար: Աստված մեզնից պատասխան չի պահանջելու ուրիշների արածի ու չարածի համար, այլ մե՛ր գործերի համար, թե ինչու ենք քիչ աղոթել, ինչու մեր սիրտը չի մղկտացել ու կեղեքվել ամեն մի մեղավորի համար, ինչու ենք դատել ուրիշներին՝ փոխանակ աղոթելու նրանց դարձի կամ հավատի անսասանության համար: Մենք, թե՛ անհատապես, թե՛ ազգովին, պետք է զգույշ լինենք դատելու հարցում, որովհետև իրականում դատավոր չենք, այլ դատապարտյալ: Հնարավոր է՝ ստիպված լինենք Դատաստանի օրը սարսափ ապրել՝ պարզելով, որ ինքներս անմասն չենք շատերի մեղքերից, հատկապես մեր խնամքի կամ ենթակայության տակ գտնվողների: Եկեղեցին մեկ միասնական օրգանիզմ է, յուրաքանչյուրի սայթաքումը կարող է շատերի գլորման պատճառ դառնալ, մեկի արդարությունը՝ շատերի փրկության գրավական:
-Ի՞նչ եք կարծում՝ եթե այսպես շարունակվի, ի՞նչ է սպասում հիշյալ եկեղեցիներին և արևմտյան երկրների հասարակություններին:


-Տերն Իր Եկեղեցուն և մարդկությանը հայտարարում է. «Նա, ով ամբարիշտ է, թող ամբարշտություն անի, ով կեղտոտ է, թող կեղտոտ լինի, ով արդար է, թող արդարություն անի, և ով սուրբ է, թող սուրբ լինի: Ահա գալիս Եմ շուտով, և Ինձ հետ են Իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի» (Հայտ. 22.11-12):
Այսինքն՝ լինեն մարդը, ընտանիքը, հասարակությունը, ազգը, Եկեղեցին, յուրաքանչյուրն ինքը պետք է ընտրի՝ ինչ կարգավիճակում է ուզում լինել, և համապատասխան ընթացք որդեգրի:
Աստված երբեք չի լքում մաքուր ու աննենգ սրտով իրեն փնտրող մարդուն: Նա կամենում է, որ բոլորը հասնեն ճշմարիտ գիտությանը և փրկվեն, բայց կփրկվեն միայն նրանք, ովքեր իրենց կամքը կհամաձայնեցնեն Աստծո կամքի հետ: «Նա Տերն է տերերի և Թագավորը թագավորների, և ովքեր Նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ և հավատարիմներ» (Հայտ.17.14):
Փրկության ձգտող մարդը պետք է անցնի երեք փուլերով. կոչում, ընտրություն, հավատարմություն: Առաջին փուլը անցնում է կյանքի կոչված յուրաքանչյուր անձ, որովհետև ոչ ոք չի ծնվում արդեն իսկ կորստյան դատապարտված, երկրորդ՝ ընտրության փուլը, քրիստոնեական հավատն ընդունելն է, որ կանչվածներից շատերին է շնորհվում մանուկ հասակում կամ ավելի ուշ, երրորդ փուլը այդ հավատի կամ Աստծո ընտրության հանդեպ անդավաճան ընթացքն ու նվիրումն է՝ հավատարմությունը մինչև մահ, որ արդեն հավատացյալի ընտրությունն է:
Թող Տերը ողորմի և օրհնի Իր Եկեղեցուն և հաստատի հավատի, հույսի, սիրո, համբերության և հավատարմության մեջ: Ամեն:


Հարցազրույցը՝
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2651

Մեկնաբանություններ