Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
31.03.2017 | 10:42

(սկիզբը` այստեղ)

Հայ հասարակության համար առեղծվածային մնաց այն հանգամանքը, թե ինչպես ստացվեց, որ բոլորիս աչքի առջև ԽՍՀՄ գիտատար արդյունաբերության կարևորագույն կենտրոններից մեկը համարվող Հայաստան երկիրը հայտնվեց այսպիսի թշվառ վիճակում: Ընդամենը 25 տարվա ընթացքում արդյունաբերությունը կաթվածահար եղավ ու գրեց իր պատմության ամենացավալի, կորուստներով լի ու ամոթալի էջը՝ ունենալով նվիրյալ գիտնականների, ինժեներների, պրոֆեսիոնալ բանվորների բազմահազարանոց բանակ: Իրողություն, որ խորհրդային տարիներին նախանձի առարկա էր դարձել մեր հարևանների համար:
Նախանձելը՝ նախանձել, բայց նախանձելու բան էլ այլևս չի մնացել, անկախության մեր պատմությունն է դա ցույց տալիս: Հիմա ստիպված ենք հույսներս դնել մեր 14-րդ վարչապետի կազմակերպչական ունակությունների, հմայիչ ժպիտի, ունեցած հունարի, կախարդական փայտիկների ու «վարչապետական» նախընտրական քարոզարշավի հաջողությունների վրա: Այս գործում էլ պարզահնչյուն բացառություններ չկան. ՀՀԿ-ն իր հերթական խորհրդարանական հաղթանակի պատասխանատվությունն էլ է դրել վարչապետ Կարեն Կարապետյանի ուսերին՝ ուշադրությունից դուրս թողնելով մեր բավականին նոսրացած, մի քիչ էլ ծերացած, բայց, ամեն դեպքում, մարտական վիճակում գտնվող նվիրյալ հայ գիտնականների, ինժեներների ու բանվորների բանակը:


Կասկած չկա՝ մեր երկիրը այսպիսի թշվառ վիճակի մեջ է հայտնվել, առաջին հերթին, մեր ապաշնորհ ազգային իշխանությունների մեղքով: Մեր երկրի չինովնիկներն աշխարհաքաղաքական ու տնտեսական բարդ վիճակները հաջողությամբ օգտագործեցին ոչ թե հայ ժողովրդի կենսական խնդիրները լուծելու, այլ երկրի թալանը կազմակերպելու և այդ հաշվին հարստանալու համար: Հայոց աշխարհն այսօր հայտնվել է տագնապի ու ճգնաժամի մեջ, իսկ նույն տագնապի ու ճգնաժամի ալիքների վրա իշխանական բարձունքներին հասած մարդ-արարածներն այնքան են հղփացել, որ անձնական կյանքում կարողանում են չտեսած-չլսած ճոխություններ թույլ տալ:
Նախընտրական քարոզարշավի ելած քաղաքական գործիչները, որոնց մեջ, չգիտես ինչու, մեծ թիվ են կազմում նախկին լրագրողները, արջի ծառայություն են մատուցում մեր ժողովրդին, ջանք ու եռանդ չեն խնայում, որ ամեն ինչի նկատմամբ հավատը կորցրած մեր քաղաքացիները դարձյալ հուսախաբ արվեն, կերակրվեն սին խոստումներով, այն էլ անհավանական չափաբաժիններով:
Քարոզարշավի վրա հսկայական գումարներ են ծախսվում (գովազդային պաստառներ, ընտրակաշառքային հիմնադրամներ, գունավոր բուկլետներ և այլն), որոնք, պետք է ենթադրել, ջրի բերած են, ունեն ծագման հանրահայտ աղբյուրներ, առաջացել են երկրի թալանից ու առատորեն օգտագործվում են ընտրական գործընթացները կազմակերպելու համար՝ որպես ներքին ներդրում՝ երկրի թալանը շարունակելու և տնտեսության բռնաբարման գործը իշխանական փափկասուն զավակներին փոխանցելու համար: Շատ լավ է ստացվում, հայ ժողովրդի ազատության, անկախության ու բարգավաճման կոչերի անվան տակ որոշ մարդիկ իշխանության են հասնում, կազմակերպված ձևով թալանում են սեփական ժողովրդին ու երկիրը, թալանված գումարների մեծ մասը դուրս են բերում իրենց բիզնեսները արտասահմանում կազմակերպելու համար, իսկ դրանց մի մասը ծախսվում է ընտրություններում հերթական հաղթանակը ապահովելու համար, որպեսզի թալանի պրոցեսը երկարաձգվի ևս հինգ տարով:


Որոշ գնահատականներով՝ 25 տարվա ընթացքում Հայաստանից դուրս է բերվել 29 միլիարդ դոլար, դրանք այն գումարներն են, որոնք առաջացել են մեր 1500 գործարանների ու ֆաբրիկաների արտադրական միջոցները մետաղի ջարդոնի անվան տակ վաճառելու արդյունքում: Եթե այդ միջոցները վաճառքի հանվեին իրենց մնացորդային արժեքներով, ապա այդ 29 միլիարդը կավելանար ու կդառնար 290 միլիարդ դոլար:
290-29 միլիարդ դոլարի վնասի իրողությունն է պատճառը, որ արտադրական միջոցների օտարման գործընթացը մեզ մոտ թալան է անվանվում, երբ դրանց վաճառքից պետական բյուջեն չնչին գումարներ է ստացել, իսկ դրանց առյուծի բաժինը մտել է վաճառքը կազմակերպած չինովնիկների ու նրանց «տանիքների» գրպանները: Իհարկե, արտադրական միջոցների օտարումը ինքնին դատապարտելի երևույթ չէ, դա տեղի է ունենում ամենուր՝ բոլոր զարգացած երկրներում, բայց այնտեղ դրանք տեղի են ունենում աստիճանականության սկզբունքով՝ ելնելով գործարանների ու ֆաբրիկաների տեխնիկական վերազինման ու զարգացման ստրատեգիական պլաններից: Օրինակ, ճապոնական ֆիրմաներում ընդունված է, որ երեք տարին մեկ հաստոցակազմը պետք է թարմացվի 50 տոկոսով: Միջազգային բորսաներում հին տեխնիկան աճուրդի է հանվում՝ որպես կապիտալ վերանորոգված ճապոնական տեխնիկա, դրանց գնորդները շատ էին: ԽՍՀՄ ռազմական արդյունաբերությունը մշտապես օգտվել է այդ հնարավորություններից՝ իր առաջատար գործարանները համալրելով գործածությունից դուրս բերված ճապոնական տեխնիկայով, ամեն դեպքում դա մնում էր որպես ճապոնական տեխնիկա: Այսօր էլ իրեն հարգող ոչ մի ֆիրմա թույլ չի տա, որ գործող հաստոցները դուրս բերվեն գործարաններից, եթե դրանց փոխարինողները դեռևս տեղադրված չեն:


ԼՏՊ-ի ու Բագրատյանի ժամանակ մեր հաստոցները գործարաններից դուրս են բերվել ուժի զոռով՝ իրենց դավաճանական գործողությունները թաքցնելով պատերազմող երկրի պետական շահերի պաշտպանության քողի տակ: Պարսիկների ներկայությամբ մեր լավագույն հաստոցները կոպտորեն պոկվում էին հիմքերից ու դուրս էին հանվում, կարելի է ասել, բանվորների հետ միասին՝ փոխարենը ոչինչ չտալով ու չառաջարկելով, միայն խոստանալով, որ հետագայում կբերեն ավելի նորերն ու գերժամանակակիցները: Չբերեցին ո՛չ ժամանակակիցները, ո՛չ էլ գերժամանակակիցները՝ անելանելի ու անմխիթար վիճակում թողնելով մեր գործարանները, ֆաբրիկաներն ու ողջ տնտեսությունը:
Այդ նույն մարդիկ այսօր կոչ են անում զարգացնել ռազմական արդյունաբերությունն այն դեպքում, երբ նույնիսկ լաբորատոր հետազոտություններ կազմակերպելու և փորձնական նմուշներ պատրաստելու էլեմենտար պայմաններն արդեն չկան: Ո՞րն է ելքը: Մեր ժողովուրդը ե՞րբ է, վերջապես, հրաժեշտ տալու այս մղձավանջային իրավիճակին: Դատելով պատգամավորական մրցապայքարի մեջ թաթախված քաղաքական գործիչների բրավո կեցվածքից, կարելի է վստահաբար ասել, որ այդ երանելի ժամանակները շուտ չեն գալու, հակաժողովրդական ճոխ խրախճանքը դեռևս երկար է շարունակվելու, համենայն դեպս, հաջորդ հինգ տարիներին այդպես է լինելու:
Դժվար չէ բացատրել, թե Հայաստանի իշխանություններն ինչու են անընդհատ անտեսում տնտեսության զարգացման այն երկրաստեղծ ծրագրերը, որոնք այս դժվարին տարիներին ստեղծել են մեր մասնագետները, և որոնք կարող են երկիրը հաջողությամբ դուրս բերել տնտեսական այս անտանելի վիճակից՝ տալով միայն դրական արդյունքներ: 25 տարվա ընթացքում մեր երկրում ստեղծվել է հասարակական հարաբերությունների այնպիսի անհասկանալի համակարգ, որի քայլերը դժվար է կանխատեսել, հասկանալ, գնահատել ու մոդելավորել՝ հաշվի առնելով միայն Մարքսի տնտեսագիտական ուսմունքի դրույթները: Այստեղ ուրիշ թվաբանություն է գործում: Կարելի է ասել՝ դա գողական-թալանչիական թվաբանություն է, որի կանոնները հասկանալի չեն շարքային քաղաքացիներիս: Ապրիլի 2-ի ընտրությունների տրամաբանությունն էլ այնքան պարզ ու հասկանալի չէ, հասկանալի չէ, թե, բացի բաղձալի պաշտոններից, ի՞նչ են ուզում այդ մարդիկ ու իրենց կուսակցությունները: Այդ բացը լրացնելու համար էր, որ 2017 թվականի մարտի 18-ին տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հիմնադրած «Այլընտրանք» վերլուծական կենտրոնը ներկայացուցչական «կլոր սեղան» էր կազմակերպել: Հայաստանի ճանաչված տնտեսագետ-գիտնականներն ու փորձագետները քննարկում էին ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ներկայացրած տնտեսական ծրագրերը: Պետք էր մասնագիտական վերլուծության ենթարկել ու հասկանալ՝ ի վերջո, ի՞նչ են ուզում մեր ապագա պատգամավորները, ի՞նչ նոր գաղափարներ են առաջարկում և այդ տնտեսական ծրագրերն ո՞ւր են տանելու մեր երկիրը. դեպի ավելի՞ խոր ճգնաժամ, թե՞, հակառակը՝ տեսանելի ապագայում ճգնաժամը կհաղթահարվի:


Գաղափարների ու ծրագրերի պակաս, բնականաբար, չկա. մեկի պարագայում դրանք ներկայացված են 15 կետով, մյուսի մոտ երկու անգամ ավելի՝ 30-կետով: Կան ավելի լղոզված ձևերով ներկայացված ծրագրեր, առաջարկվում է զարգացնել գյուղատնտեսությունը՝ մեկի փոխարեն չորս բերք ստանալ: Զարգացնել ռազմական արդյունաբերությունը՝ ստեղծելով զինատեսակների բոլոր տեսակները, կրկնապատկել թոշակները, եռապատկել աշխատավարձերը և այլն, և այլն: Խոստումներ, խոստումներ, անվերջ-անհամար խոստումներ, հիմնականում կյանքից ու իրականությունից կտրված, անիրականանալի խոստումներ: Հստակ է միայն այն, որ քաղաքական գործիչների մեջ դեռևս պահպանվել է խորհրդային ժամանակներից եկող աշխատաոճը. աշխատել հրամայելով, հրամաններ տալով, հրամաններ արձակելով, ուղիներ ցույց տալով, մարդկանց խաբելով, թյուրիմացությունների մեջ գցելով՝ սեփական պրիմիտիվ դատողություններն ու պատկերացումները որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնելով, ծայրագույն դեպքերում ձեռքները մաուզերներին տանելով (հիմնականում գործը մաուզերներին է հասնում ընտրություններից հետո, դրանք կոչվում են հետընտրական զարգացումներ):
Հարյուր տոկոսով կարելի է համաձայնել «կլոր սեղանի» մասնակիցների, նաև ինը կուսակցությունների ու դաշինքների տված գնահատականին. Հայաստանի տնտեսության վիճակը ծանր է, ծայրաստիճան ծանր է: Սրա մասին բոլորը գիտեն, դրա համար պարտադիր չէ տնտեսագետ-գիտնական կամ պատգամավորության թեկնածու լինել:
Իմ ելույթում ես ստիպված եղա մերժել Հայաստանի տնտեսության առողջացման համար ներկայացրած բոլոր առաջարկությունները, որովհետև դրանք սիրողական բնույթի էին՝ հեռու գիտական հիմնավորումներից ու համաշխարհային էկոնոմիկայի մեջ տեղի ունեցած արմատական փոփոխությունները հաշվի առնելուց:


Իհարկե, 25 տարի շարունակ մենք զբաղվել ենք ջուր ծեծելով՝ խոսելով տնտեսական թվացյալ հաջողությունների մասին, բայց այդ ընթացքում համաշխարհային տնտեսությունը առաջ է շարժվել՝ հիմնովին փոխելով առաջընթացի վեկտորներն ու դինամիկան, արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման ձևերն ու մեթոդները, դրանց տրամաբանությունը անհասկանալի է մնացել մեր ղեկավար այրերի, պատգամավորության թեկնածուների ու, ցավոք, մեր տնտեսագիտական միտքը առաջ մղող գիտնականների համար: Ի վերջո, պետք է հասկանալ, որ մենք արդեն հեռացել ենք պլանային տնտեսությունից, գտնվում ենք շուկայական հարաբերությունների դաշտում, որտեղ հրամանատարական ցուցումներն ու կողմնակի ձրի խորհուրդները հակացուցված են:
Եթե մեր իշխանավորներն ու պատգամավորները ցանկանում են Հայաստանի տնտեսությունը դուրս բերել ճգնաժամից, ապա պետք է, ընդամենը, հոգ տանեն, որ համապատասխան աշխատանքային պայմաններ ստեղծվեն ազատ շուկայական հարաբերությունների մեջ հայտնված մեր գործարարների համար: Շուկան պետք է կարողանա աշխատել, աշխատել իրեն հատուկ շուկայական կանոններով՝ առանց կողմնակի միջամտությունների, ցուցումների ու պարտադրանքի: Շուկայական հարաբերությունները կարող են աշխատել միայն առողջ միջավայրում, որտեղ տեղ չունեն կոռուպցիոն երևույթները, կաշառակերությունը, գանձագողությունը, մոնոպոլիաներն ու այլ տիպի մոլախոտությունները: Իշխանական զազրախոսությունները պետք է փոխարինվեն ժամանակակից տնտեսագիտական գաղափարախոսությամբ, այլապես ոչինչ չի ստացվի:


Ապագա պատգամավորներն ու գործադիր իշխանությունները ոչ թե պետք է առաջարկեն, թե երկրում ի՞նչ, ինչպե՞ս, որքա՞ն արտադրել ու որտեղ իրացնել, այլ ինչպես անել, որ աշխատող, ստեղծող ու ստեղծագործող մարդը կարողանա աշխատել հավասար մրցակցության պայմաններում՝ առանց իշխանական խոչընդոտների ու օրենսդրական սյուրպրիզների: Երկրների տնտեսական հաջողությունները կախված են նրանից, թե աշխատող մարդիկ որքան ազատ են իրենց գիտա-արտադրական գործողությունների մեջ, ինչպես են կարողանում բարձրանալ ու բարձրացնել սեփական կենսամակարդակը՝ օգտագործելով սեփական բնատուր տաղանդն ու աշխատասիրությունը, որոնք հիմնականում ձևավորվում են պատշաճ կրթության ու աշխատանքային ճիշտ դաստիարակության միջոցով:
Իշխանությունները լավը կամ վատն են լինում այնքանով, որքանով կարողանում են նման հարցերում պետական մոտեցում ցուցաբերել՝ նպաստավոր աշխատանքային պայմաններ ու դրական մոտիվացիա ստեղծելով երկրի քաղաքացիների համար այնպես, որ յուրաքանչյուրը կարողանա առաջ գնալ՝ իր ու իր երկրի համար բարիքներ ստեղծելով և ամբողջությամբ գործի դնելով իր աշխատասիրությունն ու ընդունակությունները: Եթե դա չի արվում, ապա ստացվում է ճիշտ այնպես, ինչպես արդեն ստացվել է ազատ ու անկախ Հայաստանում:
Մեր քաղաքական գործիչները պետք է մի օր հասկանան, որ հայոց պառլամենտը պատվո հարթակ կամ «հարսանեկան» գեներալների տեղը չէ, այնտեղ լուրջ ու պատասխանատու մարդիկ ու մասնագիտական աշխատանք են պահանջվում: Իրար գլուխ ջարդելով և օրենսդիր մարմին խցկվելով նրանք մեծ վնաս են հասցնում երկրին, իրենց ապագա անգործությամբ կամ անորակ օրենսդրական գործունեությամբ կասեցնում են երկրի զարգացումը: Այստեղ այլ որակի մարդիկ են պետք: Մարդիկ, ովքեր ունեն գիտելիքների զգալի պաշար, աշխատանքային փորձ ու հայրենիքին անմնացորդ ծառայելու պատրաստակամություն: Այդ որակները հիմնովին բացակայում են պատգամավորության թեկնածուների մեծամասնության մոտ: Այն, ինչը պարզ չդարձավ «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի «կլոր սեղանի» մասնակից գիտնականների ու փորձագետների համար, պարզ ու հասկանալի ձևով մեզ բացատրեց գեներալ Սեյրան Սարոյանը՝ մարտի 23-ին տված իր հարցազրույցում:
Հարց- Ո՞րը կլինի Ձեր առաջին գործը՝ պատգամավոր դառնալուց հետո:
Պատասխան- Դասատուների (ոչ թե մանկավարժների կամ ուսուցիչների, այլ դասատուների) ռոճիկները կբարձրացնեմ:


Հարց- Բոլորի՞:

Պատասխան- Չէ, սկզբից Արմավիրի մարզի դասատուներինը: Այ մարդ, երեկ Քարակերտ էի գնացել, մարդիկ խմելու ջուր չունեն, սովետի վախտ էլ չեն ունեցել, է, որ սովետի վախտով չեն կարացել, մենք ինչ կարանք:
Մեկնաբանություններն ավելորդ են: Մեր գեներալը հինգ տարի պատգամավոր լինելուց հետո է իմացել, որ իր մարզի գյուղերում խմելու ջուր չկա, ու չի պատկերացնում, թե այդ կենսական նշանակության հարցը ինչպես է հնարավոր լուծել: Մեր պատգամավորներից շատերի համար դա սովորական բան է, «սովետի վախտը» մնացել է որպես ձեռքբերումների տարիներ, երանելի մի բարձունք, որի գագաթին հասնելը համարվում է անիրատեսական գաղափար՝ շատերի, նույնիսկ գեներալ-պատգամավորների համար: Իսկ ի՞նչ ասեն մյուս պատգամավորացուները: Մյուսները նույն ձևով են մտածում, որովհետև երկրի զարգացման ոչ մի ծրագիր նրանք չունեն, չեն ստեղծել, չեն էլ կարող ստեղծել, որովհետև խելքները չի հասնում: Սա է մեր դառը իրականության պատկերը: Ըստ իս, ՀՀ 14-րդ վարչապետի ուսերին շատ ծանր բեռ է դրված՝ հուպ տալ ու քաշել երկրի տնտեսությունը, ձեռքի հետ էլ հանրապետականներին ցեխից հանել: Այն, որ երկրի տնտեսությունը արդեն «քաշվել» է, պարզ ու հասկանալի է մեր ընտրողներից շատերին: Եթե աշխատատեղերի գործը չի ստացվում, ապա պրագմատիկ ընտրողները ցանկանում են վարչապետից մի բան պոկել, Սպիտակում մեկը ձեռքի ժամացույցն է խնդրում, մյուսը՝ Արարատում, ձեռքի գրիչն է ուզում, որ Հայոց նոր պատմությունը գրի: Պետք է նշել, որ ընտրարշավի ժամանակ ՀՀ վարչապետը խախտել է դեմոկրատիայի ու հավասարության բոլոր կանոնները: Գյումրիում չխոսել Շիրակի, իսկ Գավառում՝ Մշո բարբառներով: Վլադիմիր Միհրանի Մովսիսյանը կատարյալ խոսում էր մեր բոլոր բարբառներով, բայց իր պաշտոնական ելույթներում օգտվում էր միայն գրական հայերենից: Մեզ մոտ, սակայն, ամեն ինչ վերածվել է ծափ-ծիծաղի, որովհետև ասպարեզում աշխատող, խելամիտ գաղափարներ չկան: Ցավալի իրողություն: Հայ ժողովուրդը դարերով երազել է ունենալ իր անկախ երկիրը, ստացել է այդ անկախությունը ու հիմա չգիտի՝ ի՞նչ է պետք անել այդ անկախության հետ, ո՞ր ուղղությամբ շարժվել, ինչպե՞ս զարգանալ:
Իրենց զազրախոսություններով մեր ականջը տանող պատգամավորության թեկնածուներին բացատրելու ու հասկացնելու ժամանակն է, որ Ազգային ժողովը կարևոր ներկայացուցչական մարմին է, որի իրավասության մեջ մտնում են երկրի համար կենսական կարևորության խնդիրների օպտիմալ լուծումները գտնելն ու օրենքների տեսքով ձևակերպելը: Օրենքներ, որոնք միտված են լինելու երկրի տնտեսության հզորացմանն ու պաշտպանունակության բարձրացմանը՝ հաշվի առնելով ներքին ու արտաքին պայմաններն ու հանգամանքները: Հայաստանի համար սովորական է դարձել, երբ ընտրություններից առաջ մեր ընտրողներին կասկածելի գաղափարների ու բարի ցանկությունների մի այնպիսի շիլաշփոթ է առաջարկվում, որ մարդիկ մոլորվում են, ամեն անգամ երկրի ղեկավարման կարևոր գործը հանձնելով անկարող ու անպատասխանատու մարդկանց տնօրինմանը: Այս ընտրությունները բացառություն չեն լինելու, պատմությունը ճշտությամբ կրկնվելու է: Վկան՝ քարոզարշավի ընթացքը:


Ի՞նչ է պետք անել. պետք է ազգովին մտնել ակտիվ քաղաքական պայքարի մեջ ու վճռական դերակատարո՞ւմ ունենալ երկրի կառավարման գործերում, թե՞ սպասել: Սպասել այնքան, մինչև ամեն ինչ ինքնըստինքյան կկազմակերպվի, կհարթեցվի ու կկարգավորվի: Այս հարցի պարզաբանումը հույժ կարևոր է հատկապես Հայաստանի տեխնիկական մտավորականության համար. աշխատել ու արդյունք տալ, որպեսզի երկրի տնտեսությունը դուրս գա ճգնաժամային իրավիճակից, ստեղծվեն բավարար աշխատատեղեր, կասեցվի արտագաղթը: Թե՞ սպասել մինչև երկրում ձևավորվի բարենպաստ աշխատանքային մթնոլորտ, վերանան կաշառակերությունն ու կոռուպցիան, սառեցվի ԽԾԲ հարաբերությունների վրա հիմնված կադրային քաղաքականությունը և այլն: Այստեղ ամենակարևորը, թերևս, կոռուպցիայի վերացումն է: Կարող եմ առաջարկել կոռուպցիայի ու կաշառակերության վերացման սեփական տարբերակը, որը հիմնված է աշխատավարձի չափի ու կոռուպցիոն ռիսկերի միջև գոյություն ունեցող հակադարձ ֆունկցիոնալ կախվածության կարգավորիչ դերի ակտիվացման վրա: Կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու համար պետք է բարձրացնել մարդկանց աշխատավարձը, զգալիորեն ավելացնել աշխատավարձի ու սպառողական զամբյուղի տարբերությունը: Կաշառակերությունն ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, կրիտիկականից ավելի ցածր մակարդակի իջեցնելու համար պետք է ունենալ բավարար ու բարձր վճարվող աշխատատեղեր, եկամտի օրինական ու հուսալի աղբյուրներ՝ շարքային քաղաքացիների (նաև պոտենցիալ կաշառակերների) կենսական խնդիրները լուծելու համար: Իր հերթին, արդյունաբերությունը կարող է էֆեկտիվ աշխատել, եթե վերանան կոռուպցիան ու կաշառակերությունը: Աշխատող մարդը պետք է կարողանա ազատ ապրել ու աշխատել, որպեսզի կարողանա (ավելի ճիշտ կլինի ասել՝ ցանկանա, ձգտի) հավելյալ արդյունք ստեղծել, այնպիսի արդյունք, որն իր գումարային, որակական ու քանակական ցուցանիշներով համապատասխանի համաշխարհային շուկաների պահանջներին: Եթե մեր կոռումպացված չինովնիկները կամք դրսևորեն ու ժամանակավորապես հրաժարվեն կաշառք վերցնելու պրակտիկայից: Նման «սխրանքը» մեծ օգնություն կլինի հենց կոռումպացված չինովնիկությանը, որովհետև թույլ կտա պահպանել կոռուպցիոն կենսապահովման իրենց միջավայրը՝ որպես կաշառակերների համար միակ բարեբախտ վայրը երկրագնդի վրա: Հայ մարդն իր կոռուպցիոն գործերը կարող է իրականացնել միայն սեփական հայրենիքում՝ հայրենիքի հաշվին, հայրենիքը կործանելով: Պրոֆեսիոնալ բանվորների, ինժեներների, գիտնականների ու այլ մասնագետների համար կենսապահովման միջավայրը ավելի ընդարձակ է, այն դուրս է գալիս հայրենիքի սահմաններից ու կարող է ներառել աշխարհի ցանկացած զարգացած, մասնագետների համար հոգի տվող ու «գյուլլա» գցող երկիր: Մեր կաշառակեր չինովնիկությունը, դատավորներն ու կաշառակերության ոլորտի մյուս գործիչներն ուրիշ երկրներում տեղ չեն կարող ունենալ, որովհետև կոռումպացված չինովնիկների համար դաշտը սահմանափակվում է հայրենի երկրի սահմաններով, օտար երկրներում նման գործերով զբաղվելը չի ստացվի, տեղական կոռուպցիոներները թույլ չեն տա՝ «յուղոտ» տեղերի սահմանափակ լինելու պատճառով:
Կաշառակերության ու կոռուպցիայի դեմ տարվող պայքարը որքան կարևոր է մեր շարքային քաղաքացիների ու երկրի անվտանգության տեսակետից, նույնքան էլ անհասկանալի է մնում հայրենական կաշառակեր դասի համար, ի՞նչ է պատահել: Պատահել է այն, որ կաշառակերության ու կոռուպցիայի շարքային դեպքերը կուտակվել, կուտակվել ու որակ են տվել, երկիրը կանգնել է կործանման եզրին, պետության անվտանգությունը կարող է երերալ, երերալ ու տեղի տալ: Իզուր չէ, որ կաշառակերության դեմ պայքարի գործը հասել է ՀՀ ԱԱԾ-ին:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 6193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ