ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Նամակներ Նոր Ջուղայից-5

Նամակներ Նոր Ջուղայից-5
28.04.2017 | 10:10

(սկիզբը` այստեղ)

ՀԱՅՐ ՍՈՒՐԲԸ


Հաջորդ օրն սկսվում է հաճելի գործով: «Սբ Ներսէս Շնորհալի» գրադարանին նվիրում եմ գրքերիցս հինգը, Կրթական խորհրդին` իմ բարեկամ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի խտասկավառակները, որ անվանի կինոռեժիսորը բարեհաճությամբ տրամադրել էր, և մյուս բարեկամիս` Կոմիտասի անվան ազգային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանի հանձնած` կվարտետի ձայնագրությունները և այդ ականավոր երաժշտախմբի 90-ամյակին նվիրված եռալեզու գիրք-ալբոմը (որի կազմողը, ի դեպ, ես եմ):
Դիվանապետ Արթին Մուրադյանը տեղեկացնում է, որ հոգևոր առաջնորդը կարող է ինձ ընդունել օրվա երկրորդ կեսին: Մինչ այդ ինձ «կցում» է Կրոնական խորհրդի պատասխանատու, համակրելի, կենսախինդ երիտասարդ Թովմա Գալստանյանին, որպեսզի ուղեկցի եկեղեցիներ:


Գնում ենք Դավրեժ (Մահլաթ) թաղ, ուր գտնվում է Սբ Մինաս եկեղեցին: Կառուցվել է 1659 թ. ժողովրդի նվիրատվություններով, երբ 1655 թ. Սպահանի Շամսաբադ թաղի հայերը տեղափոխվել են Նոր Ջուղայի հարավ-արևմուտք։ Շամսաբադցիները ունեցել էին իրենց եկեղեցին` Սբ Աստվածածին անվամբ, և սա էլ են նույն անունով կոչել, բայց երբ Մինաս սրբի մասունքն այստեղ է բերվում, եկեղեցին անվանափոխվում է Սբ Մինասի: Իսկ ի՞նչ է նշանակում` «բերվել», արդյո՞ք Լուսավորչի Աջի հետ է բերվել, թե՞ դրանից վաղ, հիշո՞ւմ եք` Դավրիժեցին ասում էր. «…ընդառաջ ելան Լուսավորչի աջին և մեծ պատիվներով բերին խոջա Սաֆարի տունը ի հանգիստ սրբուհի Հռիփսիմեի նշխարների և այլ սրբությունների հետ, որ այնտեղ էին գտնվում»։ Արդյո՞ք «այլ սրբությունների» մեջ էր նաև Մինասինը…
Բակում կան մի շարք տապանաքարեր: Ներս ենք մտնում և ներկա լինում առավոտյան ժամերգության` Հայր Սուրբի մասնակցությամբ: Աչքի են զարնում պատերի վրա, որմնախորշերի և սյունաեզրերի որմնազարդ գունավոր զարդանկարները, կան նաև մի քանի որմնանկարներ՝ դասի պատերի վրա և առաջամասի սյուների երեք կողմերում։ Խորանն ամբողջապես նկարազարդված ու ծաղկազարդված է: Առաջամասի երկու սյուներին, մարմարե սալիկների վրա կա այսպիսի արձանագրություն. «Արդ եղեւ սկիզբն շինութեան եւ հիմնարկութեան սուրբ եկեղեցւոյս, որ ըստ անուամբ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ի թուականութեան հայազնեայ սեռիս ՌՃԸ (1659) ամի ի թագաւորութեան Շահ Աբբաս սանի եւ ի հայրապետութեան Տեառն Յակոբայ սուրբ Աթոռոյն Էջմիածնի եւ յառաջնորդութեան Ջուղայոյ եւ մերոյ նահանգիս Դաւթի արհի Եպիսկոպոսի եւ աջողութեամբն Աստուծոյ եւ առաջնորդութեան Սուրբ Հոգւոյն եւ միաբանութեամբ Սուրբ Գրիգորի եկեղեցւոյ ժողովրդեան Թաւրիզեցւոց եւ Նախիջեւանցւոցն, կատարեցաւ շինուած սուրբ եկեղեցւոյս, թվին ՌՃԺԲ (1663) ամէն։ Զոր եւ բազում ջանիւք եւ աշխատութեամբ շինեցաք սուրբ եկեղեցիս այս»։


Սրա վերջում կա ևս մեկը. «Վերանորոգեցաւ Ս. եկեղեցիս արդեամբ յիշատակի կտակեալ գումարոյ հանգուցեալ Յովսէփայ Պօղոսխանեանի յամի Տեառն 1909»։ Հ. Պողոսխանյանը սերնդեսերունդ Հնդկաստան գաղթած այն հազարավոր ջուղայեցիներից էր, ով Բենգալիայի Ջալպայգուրի քաղաքում, ապա Կալկաթայում զբաղվել էր հնդկականեփի` թելատու շնամեռուկ բույսի առևտրով, հարստացել, բայց սրտով մնացել ծննդավայրի հետ: 1904 թ.` մահվանից մեկ տարի առաջ, նա իր ամբողջ ունեցվածքը՝ շուրջ 300 հազար ռուփի, ավանդ էր դրել Բենգալիայի պաշտոնական ավանդապահի մոտ: Համաձայն կտակի՝ այդ գումարի տարեկան շահութատոկոսի (շուրջ 45 հազար ռուփի) կեսը պետք է հատկացվեր Նոր Ջուղայում հիվանդանոց հիմնելուն, մեկ քառորդը՝ քաղաքի տարեց աղքատներին ու որբերին, մյուս քառորդը՝ Բուշերի, Շիրազի ու Նոր Ջուղայի եկեղեցիների նորոգմանը: Հենց այդ գումարով էլ 1909-ին վերանորոգվել էր Սբ Մինասը, իսկ 1913-ին` Սբ Աստվածածինը: 1911 թ. Նոր Ջուղայում բացվել էր անվճար դեղատուն-հիվանդանոց: 1932 թ. շուրջ երկու տասնյակ բարերարների նվիրատվությամբ կառուցվել էր հիվանդանոցի նոր շենք, որը սակայն փակվել է 1975 թ.՝ գտնվելու վայրով նոր պողոտա անցկացնելու պատճառով:
Հանկարծ կողքիս կանգնած Թովման սկսում է ձայնակցել խորանից շարական երգողին: Հետո իմացա, որ սարկավագ է, հայրը Մեսրոպ ավագ քահանա Գալստանյանն էր, իսկ առաջին շարքում նստած բարեպաշտ կանանց մեջ մայրն էր:


Նկատում եմ երեք կաթոլիկ միանձնուհիների և հարցնում նրանց ով լինելու մասին: Թովման պատասխանում է, որ նրանք եկեղեցի չունեն և այստեղ են հաճախում (ճակատագրի հեգնանք. չորս դար առաջ Շահրիմանենց մասում յոթ եկեղեցի ունեին):
Ժամերգությունից հետո մի քանի լուսանկար եմ անում: Դրսում` փողոցում, նկատում եմ չորս հարգարժան, տարեց տիկնանց: Նրանցից մեկը մոտենում է կայանած ավտոմեքենային, դուռը բացում, ինքը նստում ղեկի մոտ, մյուսներն էլ են տեղավորվում, ու մեքենան հեռանում է…
Թովմային խնդրում եմ ինձ տանել Սբ Բեթղեհեմ եկեղեցի: Անցնում ենք ոլոր-մոլոր փողոցներով, և ուղեկցիս հարցնում եմ.
-Այստեղ երեք բան չեմ նկատել` շուն, կատու և ոստիկան…
Թովման լայն ժպտում է և բացատրում, որ հատուկենտ ոստիկանների կարելի է հանդիպել խոշոր մայրուղիների խաչմերուկներում` ճանապարհային երթևեկություն կարգավորելիս: Իսկ ես մտովի դառնում եմ Երևան ու մտածում, որ, ի տարբերություն Սպահանի, մեր ժողովրդավարական մայրաքաղաքում դեմոկրատիան դեմոկրատիայի թունդ պաշտպաններից պաշտպանելու համար ոստիկանական ուժերին պահում են փողոցներում:


Ըստ ուղեկցիս, շուն պահելը սկզբունքորեն արգելված չէ, բայց չորքոտանուն պիտի ման տաս քաղաքից դուրս, որպեսզի փողոցներն ու պուրակները չաղտոտի, իսկ դրա հնարավորություն քչերն ունեն: Ես մտովի կրկին դառնում եմ Երևան ու մտածում, որ մեր մայրաքաղաքում մի ամբողջ շնարդյունաբերական բիզնես է ծաղկում, բայց շուն պահելու տարրական մշակույթ չկա, թեկուզ` դնչկալ հագցնելու կամ շան «արտադրանքը» հավաքելու տեսակետից:
-Այ, տեսնո՞ւմ եք այս տունը,- այդ պահին հատում ենք Խաղանի փողոցը, և Թովման ժպտալով մատնացույց է անում մի երկհարկանի շինություն, որի առաջին հարկը ակնհայտորեն բնակելի չէ, իսկ միակ փոշոտ պատուհանի ապակին` կոտրված,- ա՛յ, այստեղ մի սև կատու է ապրում:
(Չգիտեի, որ այդ կատվի հետ դեռ հանդիպելու եմ):
Հասնում ենք Մեծ մեյդան թաղ, որտեղ գտնվում է Սբ Բեթղեհեմը: Ես պատահական չէի խնդրել, որ ինձ այստեղ բերի, Սբ Բեթղեհեմը Նոր Ջուղայի ամենագեղեցիկ, ամենավայելչատես եկեղեցին է:


Մտնում ես ներս ու զմայլանքից քար կտրում:
Եկեղեցին կառուցված է քառակուսի կենտրոնագմբեթ ոճով, երկհարկանի է` ութ պատուհանով։ Հսկա գմբեթն ունի 11 մ տրամագիծ, բարձրությունը կամարներից 12,5 մ է, երկրորդ հարկի բարձրությունը` 5,7 մ, իսկ գմբեթի բարձրությունը հատակից մինչև ծայր` 25 մետր։
Եկեղեցու ներսը գունագեղ է, ամբողջությամբ նկարազարդ ու ծաղկազարդ, որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների դրվագներ, ինչպես նաև Դրախտն ու Դժոխքը։ Դրախտի վերին ձախ անկյունում պատկերված է աղոթող խոջա Պետրոսը, գլխավերևում` թագ, որով խորհրդանշվում է, թե արժանի է թագի՝ իր կառուցած այս փառավոր եկեղեցու համար։


Մեծահարուստ վաճառական խոջա Պետրոս Վելիջանյանն այս հրաշալիքը կառուցել է 1628 թ.: Ըստ ավանդության, մի Զատկի կիրակի նա և կինը ցանկանում են մտնել խոջա Ավետիքի կառուցած Սբ Աստվածածին եկեղեցին, բայց չեն կարողանում` մարդաշատության պատճառով: Մեկ այլ վարկածով, խոջա Ավետիքը ծառային պատվիրում է խոչընդոտել խոջա Պետրոսի մուտքը, որպեսզի նա ինքը եկեղեցի կառուցի, և, իբր, դա է պատճառ հանդիսանում Սբ Բեթղեհեմի շինության համար:
Առիթն ստեղծվել է` պատմեմ նաև խոջա Ավետիքի մասին: Այս մարդը ազգասեր ու եկեղեցապաշտ հայ մեծահարուստի տիպար է: 1617 թ. Նոր Ջուղա է այցելում իտալացի ճանապարհորդ Պիետրո դելա Վալեն և իր ուղեգրության մեջ նշում. «Խոջա Ավետիքը ջուղայեցիների առաջնորդներից մեկն է և մեծ հարգ է վայելում ազգի մեջ, ոչ միայն ջերմեռանդ քրիստոնյա է և Արևմուտքի մտերիմ բարեկամ, այլև այն չափ Աստվածասեր ու բարեպաշտ անձ, որ կարող է համարվել արևելյան կրոնի ու քրիստոնեության հայելի: Ասածիս իրավացիությունն ապացուցելու համար ասեմ միայն, որ թեպետ որդիներ ունի, այդուամենայնիվ ունեցվածքի մեծ մասը ծախսում է նոր եկեղեցիներ կառուցելու և դրանք ոսկե խաչերով, սկիհներով և այլ պարագաներով զարդարելու համար: Նոր Ջուղայում, ուր հայերը փոխադրվեցին, երբ Շահ Աբասն ավերեց Երասխ գետի ափին, Թուրքիայի սահմանին գտնվող Հին Ջուղան, տասը գեղեցիկ եկեղեցիներից մեկն ամբողջությամբ ինքն է կառուցել (խոսքը 1613 թ. կառուցած Սբ Աստվածածնի մասին է- Խ. Դ.) և իր ծախքով է պահում: Մեկ այլ եկեղեցու կառուցման ծախքի մեծ մասն էլ է ինքը հոգացել, թեպետ թողեց, որ ուրիշի անունով լինի: Շրջակայքի նմանակերպ կառույցներին էլ է ձեռք մեկնում և աջակցում այլոց: Բայց մեկ ուրիշ արժանահիշատակ բարիք էլ է գործել, որի մասին չեմ կարող լռել: Երբ Հայաստանում ու Վրաստանում պատերազմներ եղան, հազարավոր քրիստոնյաներ գերի ընկան. ինքը հանուն Աստծո գնեց և ազատություն պարգևեց ավելի քան չորս հազար մարդու, հեռավոր վայրերից փնտրեց-գտավ հայերին և վերադարձրեց իրենց զավակներին, ամուսիններին ու ազգականներին: Այդ նպատակի համար պատրաստ դրամ չունենալով և չկարողանալով ունեցած մետաքսը վաճառել, Շիրվանի խանից, որն ինքն էլ էր հայազգի քրիստոնյայի որդի, դրամ փոխ առավ` մետաքսն ու այլ ապրանքները գրավ թողնելով: Ահա՛ կատարյալ ողորմածություն, և սրանից ավելին հնարավո՞ր է` չգիտեմ»:


Սբ Բեթղեհեմի ներսում կան մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը վերաբերում է եկեղեցու կառուցմանը.
«Հազար Հ եւ Է թուին
Որ էր անցեալ հայոց ազգին,
Աւարտեցաւ եկեղեցին երահռչակ եւ պանծալին,
Համանման ադին դրախտին,
Եւ կամ Նոյեան սուրբ տապանին,
Ի ժամանակս Շահ Աբբասին,
Եւ մեր սրբոյ Հայրապետին,
Տէր Մովսիսի քաջ հռետորին,
Դիտապետի այսմ նահանգին,
Հեզահոգի Տէր Խաչատրին,
Որ շինեցաւ ձեռամբ մեծին,
Խօջայ Պետրոս այր ցանկալին,
Խօջայ Պօղոս որդի նորին,
Եւ փափագմամբ աւարտեցին,
Սակս յիշման հոգի նոցին,
Ծնողաց սորին Վիլիջանին,
Շուշան անուն մաւրն նորին,
Տէր ողորմեսցի ամենեսին,
Որք հանդիպիք տեսլեամբ սորին,
զԽաւջայ Պետրոսն բաղձալին,
Յիշեալ լինէք միշտ արժանին,
Եւ որք յիշեն, յիշեալ լիցին,
Ի Քրիստոս յաւիտենին»։


Բեմի արևելյան կողմի պատի կիսակոր մասում, շրջագծի մեջ պատկերված է Հիսուսը` չորս ավետարանիչների և հրեշտակների հետ, իսկ ներքևում` Հիսուսի ոտքերի տակ, ոսկեզօծ տառերով գրված է. «Յիշեցէք ի Քրիստոս զԽաւջա Պետրոսն, որ շինեցաւ ձեռամբ մեծին Խաւջա Պետրոս այր ցանկալին, հօրն իւրոյ Վէլէջանին եւ մօրն Շուշանին, Տէր Աստուած ողորմեսցի սոցին, թիւն ՌՀԷ (1628)»։
Ասեմ, որ եկեղեցին այժմ գործող չէ, բացառիկ լսելականությունը հաշվի առնելով` տարին մեկ-երկու անգամ այստեղ ելույթ է ունենում համայնքային երգչախումբը, սա յուրատեսակ «տուրիստական» կառույց է, ուր զբոսաշրջիկներ են այցելում` նախօրոք գիտնալով Սբ Բեթղեհեմի սքանչելության մասին:
Եկեղեցու բակում` հյուսիսային կողմի դռան մոտ, ծածկի տակ գտնվում է խոջա Պետրոսի աճյունը, որի մարմարե տապանաքարն ունի հետևյալ արձանագրությունը.
«Ի տապանի աստ զետեղի,
Դի մահդասի մեծ Խօճայի,
Որոյ անուն Պետրոս կոչի,
Այր մեծաշուք եւ անւանի,
Ըստ անուանակցին իւրոյ վիմի,
Կարծր հաւատով գործովք բարի,
Քան գկար մարդոյ ողորմածի,
Եւ սրբութեան հետեւողի,
Եւ այլ գործօք անթերի լի,
Որ հաւատուն վկայ լինի,
Որոյ գործոց արդիւնքն յայտնի,
Եկեղեցեաւս հրաշալի,
Կացեալ մաքուր ի յաշխարհի,
Ըստ հաճոյից մերոյն Փրկչի,
Որպէս գործօք ալեօք ծաղկի,
Մինչ սահմանեալ կէտ կոչողի,
Ի նոյն Տեառնէ մեր հրաւիրի,
Ընդ անմահիցն դասակցի,
Խնդրեմք զԱստւածն կենդանի,
Սորա գործեալ մեղքն թողցի,
Եւ յիշողացն ամենայնի,
Թիվն ՌՂԸ-ի (1649),
Յաւուր մեծի պասեքի,
Ս. Յարութեան մէջ գիշերի»։


…Երկու օրում այցելեցի երեք եկեղեցի, և ակնհայտ էր, որ մյուս տասում, ի ցավ սրտի, ոտք դնել ի վիճակի չեմ լինի, ժամկետս կարճ էր` վեց օր: Հարկ էր շտապել և հենց հիմա, որովհետև հանդիպում պիտի կայանար Հայր Սուրբի հետ:
(շարունակելի)

Երևան-Նոր Ջուղա-Երևան

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Խոջա Ավետիք
  • Խոջա Պետրոս
Դիտվել է՝ 3404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ