Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նամակներ Նոր Ջուղայից-6

Նամակներ Նոր Ջուղայից-6
05.05.2017 | 11:54

(սկիզբը` այստեղ)

ՈՒրախ էի, որ հայոց եկեղեցին այդպիսի լայնախոհ, կիրթ, զարգացած հոգևորական ունի:
Մինչ Նոր Ջուղա ժամանելս փորձեցի համացանցից տեղեկություններ հայթայթել շուրջ մեկ տարի առաջ Սպահանի հայոց թեմում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսական փոխանորդ նշանակված Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի մասին: Դրանք խիստ սուղ էին. Անթիլիասի Մայրավանքում զանազան պաշտոններ էր զբաղեցրել, եղել էր Կանադայի Սենթ Քեթրինզ քաղաքի Սբ Պողոս եկեղեցու հոգևոր հովիվ և Սիրիայի թեմի Ջեզիրեի առաջնորդական փոխանորդ: Թեպետ տվյալներն անբավարար էին, բայց ինձ հետաքրքրում էր մարդը, հոգևորականը, Նոր Ջուղայի նման քաղաքի հոգևոր առաջնորդը:


Առաջնորդարանի մուտքը Սբ Ամենափրկիչ վանքի տարածքից է: 14 սենյակներից բաղկացած շինությունը կառուցվել է 1915-1916 թթ.` հնդկաստանաբնակ մեծահարուստ վաճառական Հովհաննես Գալստանյանի կտակած միջոցներով: Այդ մարդը Կալկաթայում ուներ ահռելի կալվածք` պալատով, որին նախանձում էր անգամ անգլիացի նահանգապետը: Կալվածքում ազատորեն շրջում էին փղեր, իսկ Հովհ. Գալստանյանը սիրում էր… բանաստեղծություններ գրել: Առաջնորդարանի սենյակներն ասկետական են, առանց ավելորդությունների:
Հայր սուրբն ինձ ընդունեց աշխատասենյակում և ունկիս հաճելի արևմտահայերենով ջերմորեն ողջունեց: Ինչպես ամեն հոգևորականի, այնպես էլ նրա տարիքը որոշելը դժվար էր: Ժպտացող դեմքից լույս ու զվարթություն էր ճառագում, և դա իսկույն համակրանք առաջացրեց:


Ես ունեի շատ հարցեր, ի մասնավորի` ո՞րն է հայի ու հայի տարբերությունը և հայի ու հայի ընդհանրությունը, ի՞նչ է հայապահպանությունը, որո՞նք են իսլամական պետությունում հայոց քրիստոնեական թեմի առաջնորդ լինելու դժվարությունները, ճի՞շտ է, արդյոք, տպավորությունս, թե ճգնավորի նման է ապրում, որո՞նք են Նոր Ջուղայի համայնքի առանձնահատկությունները և այլն, և այլն: Ես ստացա ոչ միայն հարցերիս, այլև «և այլն, և այլնի» պատասխանները: Ստացա, բայց ոչինչ չեմ հրապարակի, որովհետև երեք ժամ տևած մեր խոսակցությունը միանգամից բարեկամների վերածված երկու մարդկանց փոխըմբռնողական, փոխվստահական, տեղ-տեղ խորհրդապահական առանձնազրույց էր:
Սակայն չեմ կարող չասել հետևյալը: Առաջին, ես պարզապես ուրախ էի (և` եմ), որ հայոց եկեղեցին այդպիսի լայնախոհ, կիրթ, զարգացած հոգևորական ունի: Երկրորդ, Հայր սուրբը, ըստ իս, ոչ թե մարդկանց էր մոտեցնում եկեղեցուն, ինչը սովորական երևույթ է Հայաստանում և միանգամայն անտեղի նորջուղայեցիների պարագայում, այլ եկեղեցին` մարդկանց: Եվ երրորդ, Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միանգամայն ճշգրիտ բնութագրումը պարունակվում է նախանցյալ դարի կեսերին հռչակավոր ծովանկարչի եղբայր Գաբրիել արք. Այվազյանի հետևյալ մտքում. «Մէկ ճշմարիտ քրիստոնեայ մը աշխարհիս ամէն բանէն մեծ ու զարմանալի է: Իր սրտին տէր ըլլալով, փառաւոր իշխանութիւն մը կը վարէ իր անձին վրայ. միշտ հաւասար կը բռնէ ինքզինքը, կիրքերը կը սանձէ ուզածին պէս, յաջողութեան մէջ խոնարհ, ձախորդութեան մէջ կտրիճ, վշտաց մէջ զուարթ, խռովութեան մէջ խաղաղ, ատելեացը հետ հաշտ, թշնամեաց թշուառութեանը վրայ կարեկից, ըսածը ըսած, խօստմանը վրայ հաւատարիմ, բարեկամութիւնը անկեղծ ու հաստատուն, իր պարտքը ընելու համար ամէն բան աչքը առած, հարստութեան աչք չունեցող, պատուոյ ետևէ չեղող, գերաշխարհիկ միտք, ազնուական դիտաւորութիւն ու բոլոր աշխարհս հող ու մոխիր սեպող. ասկէց մեծ ի՞նչ կրնայ ըլլալ»:


Երբ մեր զրույցը մոտենում էր ավարտին, Հայր սուրբն ասաց, թե ինձ… վաղուց է ճանաչում և անգլերենով հավելեց մի նախադասություն, որ թարգմանաբար նշանակում էր «Ձեր փառքը Ձեզնից առաջ է ընկել»: Այս մասին էլ չեմ խոսի, որովհետև ցանկացած գովաբանություն մի ականջիցս մտնում, մյուսից դուրս է գալիս, բացի այդ` ես էլ եմ «բոլոր աշխարհս հող ու մոխիր սեպող»:


Հայր սուրբի հետ այս առանձնազրույցը առաջինն էր, բայց ոչ վերջինը:

Արդեն երեկո էր, և շտապեցի Նիկիտ Միրզայանցի տուն: Ծանոթացա նրա փեսա Անդրե Քեշիշյանի հետ, որի ավտոմեքենայով` բարեկամիս ու նրա տիկնոջ ուղեկցությամբ ուղևորվեցինք, ըստ իս, հյուսիս: Հյուսիս, որովհետև երբ լույսերի մեջ ողողված քաղաքի փողոցներն անցնելով հայտնվեցինք Սոֆա սարի մոտ` ցուրտն ու քամին խփեցին դեմքիս, ու կուչ եկա: Սոֆան մութ երկնքում է՛լ ավելի սև, եռանկյունաձև ուրվագծով սար էր, որի ստորոտի անտառակները պարսիկների ու հայերի հանգստավայրերն էին:
Բայց ցուրտն անտանելի էր, ու Նիկիտին խնդրեցի գնալ Ալավերդի խանի կամուրջ: Պիտի կատարեի «Դորդրեխտի բանտարկյալի», կատվի ու խոլորձի սիրահար Հանս Բուրսի պատվիրանը` Նիկիտի հետ լուսանկարվեի այդ կամրջի վրա և ուղարկեի իրեն:
Կամուրջը գտնվում է Զայանդերուդ գետի վրա: Զայանդերուդ թարգմանաբար նշանակում է «կենսատու գետ», և ես առաջին անգամ տեսա ցամաքած… ջրատար երակ: Ամբողջ ձմեռվա ընթացքում ոչ միայն ձյուն, այլև մի կաթիլ անձրև չէր տեղացել, և 400 կմ երկարություն ունեցող գետը պարզապես ցամաքել էր: Իսկ դա քաղաքացիների համար իսկական ողբերգություն էր, որովհետև կանաչախիտ, բարեկարգ առափնյակները նրանց հանգստի ու ժամանցի գոտիներն էին: Գիշերային լույսերի մեջ պարզորոշ նկատվում էին հունի խորդուբորդ ավազուտները, քարակույտերը, և դա իրոք խղճալի տեսարան էր:


298 մ երկարությամբ և 13,5 մ լայնությամբ կամուրջը քաղաքի մեկ տասնյակ կամուրջներից ամենահինն է: 1599-1602 թթ. այն կառուցել էր Շահ Աբասի զորապետ Ալավերդի խանը, դարեր շարունակ կոչվել էր նրա անունով, և շատ կուզենայի իմանալ` արդյո՞ք շահը նախօրոք կառուցել էր տվել, որպեսզի այս` հարավային մասում բնակեցներ Հայաստանից բռնաքշածներին: Այս կամրջով էր նա հաճախակի գալիս Նոր Ջուղա, մասնակցում քրիստոնյա հպատակների ազգային-կրոնական արարողություններին, գիշերում իր հովանավորյալ խոջա Նազարի տանը, իսկ խոջաները պոռոտաբար ոսկե և արծաթե դրամներ էին նետում գետը, որպեսզի կամրջով անցնելիս բռնակալի աչքը շոյվի:


Չգիտեմ երբվանից, բայց կամուրջն անվանափոխվել է և կոչվում է Սի-օ-սե պոլ, ինչը նշանակում է «33 թռիչք»` կամարների թվին համապատասխան:
Կամրջի վրա «ֆոտոսեսիա» անելիս ցուրտ քամին հասավ ոսկորներիս, և Նիկիտին ասացի.
-Լսո՞ւմ ես, կամուրջը դղրդում է, Շահ Աբասն է իր շքախմբով գալիս, գնանք, թե չէ կընկնենք շահի ձիու սմբակների տակ:


«Ջույֆա» հյուրանոցի մոտ հյուրընկալողներիս հրաժեշտ տալիս, Նիկիտը ավտոմեքենայի լուսամուտից գլուխը հանեց ու խորամանկ ժպտալով հարցրեց.
-Կտակների պատճեններն ստացա՞ր…
Չէ, գրողը տանի, չէի ստացել:
Կարող է թվալ, թե երկարաբանում եմ, բայց ի՜նչ արած` ժամկետս կարճ է, օրերս` երկար:

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ, ՍԵՎ ԿԱՏՈՒՆ ԵՎ «ԲԱՆԱԽՕՍԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ»


Առավոտյան իր ավտոմեքենայով գալիս է Նիկիտը, թե` գնանք գերեզմանատուն:
Մինչ մեկնելն այցելում եմ դիվանատուն, որտեղ Արթին Մուրադյանը հայտնում է, թե երեկոյան ազգային կրթահամալիրում նշանակված է «բանախօսական հանդիպում» զիս հետ, և համայնքն արդեն տեղեկացված է: Իմա` ելույթ պիտի ունենայի, և դա անակնկալ էր:
Գերեզմանատանը մեզ դիմավորում է Բարեզարդման մարմնի պատասխանատու Արման Սիմոնյանը, որը ոչ միայն խորագիտակ էր, այլև հանգստարանի իսկական հետազոտող:
Ինձ համար այստեղ վիշտ չկար, այստեղ թաղված էր նորին մեծություն Պատմությունը, Նոր Ջուղայի 400-ամյա անցյալը: Այստեղ կողք կողքի հանգչում էին կյանքն ու մահը:
Ես ունեի XIX դ. լուսանկարներ, որոնք պատկերում էին բուսականությունից զուրկ մի տափարակ, ուր թափթփված էին տապանաքարերը: Այժմ իրավիճակը միանգամայն այլ էր` պարսպապատ, բարձրաբուն ծառերով մի լռիկ տարածք, որտեղ վերջին հանգրվանն էին գտել ննջեցյալները:
Ո՞րն էր գերեզմանատան բացառիկությունը: Հայերից բացի, այստեղ հուղարկավորված էին քրիստոնյա 13 ազգերի ներկայացուցիչներ, այսինքն` սա ոչ միայն հայկական ազգային, այլև առհասարակ քրիստոնեական գերեզմանատուն էր, հայերս «պատսպարել» էինք Սպահանում վախճանված բոլոր քրիստոնյաներին: Աչքի էին զարնում հատկապես լեհերի ու ռուսների բարեխնամ շիրմաքարերը:


Ոչ մի գերեզման երկաթե ցանկապատ չուներ, ինչպես մեզ մոտ, այսինքն` ինչպես մահն էր բոլորի համար մեկ, այնպես էլ համահավասար էր վախճանյալների հետմահու գոյությունը:
Որոշ տապանաքարերի վրա կային անհասկանալի ափաչափ կլոր փոսորակներ, և Արմանը բացատրեց, թե անձրևներից հետո այդտեղ ջուր է մնում, և թռչունները ծարավ են հագեցնում: Դա հուզիչ էր` շիրմաքարը ծտերին օգնում էր ապրել…
Արմանն ու Նիկիտը համեստաբար ցույց տվեցին Նոր Ջուղայի առաջին հոգևոր առաջնորդի` 1620 թ. վախճանված Մեսրոպ եպիսկոպոսի տապանաքարը, որ իրենց իսկ ջանքերով էր հայտնաբերվել:

Քիչ այն կողմ հռչակավոր Աբգարյան գերդաստանի ջուղայաբնակ անդամների գերեզմանատեղին էր: Արտագաղթածները Հնդկաստանում, Բիրմայում, Հոնգ-Կոնգում, Սինգապուրում, Չինաստանում, Ցեյլոնում, Ֆիլիպյան կղզիներում աներևակայելի հաջողությունների հասան առևտրատնտեսական ասպարեզում: Ռահվիրան` Հարություն Գրիգորի Աբգարյանը (1779-1863) ուներ 17 շոգենավ ու առագաստանավ, յուրաքանչյուրը` իր դրոշով ու հայկական անվանումով` «Տիգրան Մեծ», «Աշոտ Երկաթ», «Կուսան Ջուղայոյ» և այլն, որոնք անվճար էին տեղափոխում ոչ միայն հայ հոգևորականներին ու աշխարհականներին, այլև հայ վաճառականների բեռները: Նա կտակով խոշոր գումարներ հատկացրեց ծննդավայր Նոր Ջուղային, Բասրայի ու Բաղդադի հայկական եկեղեցիներին, Նարեկա վանքին, Լիմ և Կտուց անապատներին: Պատահական չէ, որ ի երախտիք գերդաստանի, Նոր Ջուղայում նշվում է «Բարերարաց հիշատակի օր»:


Ես մի առաքելություն էլ ունեի` հարգանքի տուրք պիտի մատուցեի աշուղ, պարսկահայ աշուղական երգիծական գրականության հիմնադիր Ամիր-օղլուն: Ինչո՞ւ, որովհետև նա հայոց ազգային կապիտալի ամենահայրենասեր մարդկանցից մեկի, Նիդերլանդական Հնդկաստանի Սմարանգ նավահանգստում ապրող և ռուսաց ցարից իր պապերի հայրենիք Ղարաբաղը գնել ձգտած Հովսեփ Ամիրխանյանի հայրն էր: Վախճանվել է 82 տարեկան հասակում` 1826-ին, իսկ դա Հովսեփի համար ամենածանր տարին էր, երբ հոլանդական գաղութային իշխանությունը` խախտելով պայմանագիրը, նրա ձեռքից խլեց ափիոնի վաճառքի մենաշնորհը:


Հովհաննես Ամիրխանյանի տապանը մյուս շիրմաքարերից գրեթե չէր տարբերվում և ուներ հետևյալ արձանագրությունը.
Ամիրօղլուս է այս տապան,
Որ խօսէի շատ տաղաբան,
Յաւուրս միոյ էի կենդան,
Շրջէի ես աշխարհ համայն:
Յորժամ եկի ի գերեզման,
Հինգ գազ կտաւ ունիմ պատան,
Գիրս կարդէք ամենեքեան,
Միտածէք ձեր օր մահուան:
Ոչ թէ մահն է միայն,
Կայ հասարակ մարդուս բնութեան,
Արդ փոխեցայ աստէն առ Այն,
Որ ետ ինձ շունչ կենդանական:

Նիկիտի հետ կանգնեցինք, ու մրմնջացի Տերունական աղոթքը:

«Բանախօսական հանդիպումը» նշանակված էր երեկոյան 7-ին: Սև կոստյումով ու «Պիեր Կարդեն» փողկապով, նյութերով լի պայուսակը ձեռքիս, գալիք ելույթի մտքերի մեջ խորասուզված անցնում էի Խաղանի փողոցով, որպեսզի հասնեմ կրթահամալիր:
Հանկարծ ճիշտ գլխավերևումս լսեցի մի ահեղաձայն «մյաո՜ւ»: Դա փիսիկի մլավոց չէր, կատվի ագրեսիվ ոռնոց էր: Անակնկալի եկած` կանգ առա: Հասել էի այն տանը, որի առաջին հարկը բնակելի չէր, փոշոտ ապակու մի մասը կոտրված էր, և այդտեղից դուրս եկած սև կատուն սպառնալից նայում էր ինձ:
Հայացքս սևեռեցի սև ուղղահայաց բիբերով նրա դեղին աչքերին, և վայրկյանների ընթացքում տեղի ունեցավ այսպիսի երկխոսություն:


Հարցրեց. «Մեր քաղաքում կատո՞ւ էիր փնտրում: Ե՛ս եմ, տե՛ս, ո՞ւր ես գլուխդ կախ անցնում»: Ասացի. «Ճիշտ է, փնտրում էի, բայց քեզ ու ցեղակիցներիդ չեմ սիրում»: «Ինչո՞ւ, մյաո՜ւ»: «Հինգ-վեց տարեկան էի, մի շիկամազ, շատ սիրուն կատու ունեի, գիշեր-ցերեկ հետը խաղում էի: Մի օր տնից դուրս եկավ, ընկավ ավտոյի տակ: Փոքրիկ դին փաթաթեցի լաթի մեջ ու թաղեցի մեր այգում: Երկա՜ր լաց եղա: Դա առաջին կորուստս էր, ու որոշեցի այլևս կատու չպահել, որպեսզի էլ կորուստներ չունենամ: Երեխա էի, չգիտեի, որ կորուստներն, ավա՜ղ, անխուսափելի են: Դու հիմա ինձ դա ես հիշեցնում, այնպես որ` դու գնա քո բանին, ես` իմ»:
Քայլերս արագացրի, բայց հասկացա, որ դա երկրորդ Նշանն էր…
(շարունակելի)


Երևան-Նոր Ջուղա-Երևան

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ