Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիան ու քրդերը տանուլ են տալիս Սիրիայում, արժե սպասել՝ տեսնելու, թե ովքեր են հաղթողները

Թուրքիան ու քրդերը տանուլ են տալիս Սիրիայում, արժե սպասել՝ տեսնելու, թե ովքեր են հաղթողները
12.05.2017 | 09:51

(սկիզբը՝ այստեղ)

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում հակամարտության սպառնալիքի լրջությունն է՛լ ավելի ցցուն է ցույց տալիս աշխարհում ԱՄՆ-ի ռազմավարության կառուցման «Atlantic Council» ծպտյալ կենտրոնը (ԱՄՆ-ի տխրահռչակ ատլանտյան խորհուրդը): Կենտրոնի փորձագետ Ահարոն Շթայնը մարտի վերջին նույնիսկ հրապարակեց մի ընդարձակ հոդված («Ինչպես Ռուսաստանը Սիրիայում հաղթեց Թուրքիային»)՝ Ռուսաստան-սիրիացի քրդեր-Թուրքիա եռյակի միջև «սուր նետերի» թեմայով: Իհարկե, իմաստ չունի վերապատմել ամբողջ հոդվածը: Բայց որոշ բաներ արժե հասցնել Հայաստանի և սփյուռքի հայ հասարակությանը, որպեսզի բոլորը համազգային մակարդակով փորձեն հիշել ու գիտակցել ընթացիկ աշխարհաքաղաքական պահի հիմնական առանձնահատկությունները Հայաստան (Արցախ)-Սիրիա-քրդեր գծով: Եվ այսպես, խոսքը Շթայնինն է. «Հոդվածի հեղինակը ուսումնասիրել է թուրքերի, քրդերի, ամերիկացիների ու ռուսների ռազմական գործողությունները Հալեպի հյուսիսային մասում՝ 2014 թ. հուլիսից մինչև 2017 թ. մարտ ընկած ժամանակահատվածում: Նրա հավաքած տվյալները ցույց են տալիս, որ հանդիպական էսկալացման իրենց սեփական գործողությունները ռուսական և քրդական զորքերը ձեռնարկեցին այն ժամանակ, երբ Թուրքիան նրանց մարտահրավեր նետեց «Եփրատի վահան» գործողության ժամանակ, որն անցկացվում էր Թուրքիայի սահմաններից դուրս՝ Սիրիայի տարածքում: Ռուսաստանը պահպանում է էսկալացիոն առավելությունը Թուրքիայի հանդեպ և բազմիցս ցուցադրել է իր ընդունակությունը՝ գործադրելու սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերը (YPG) որպես հակաէսկալացիայի միջոց, ի չիք դարձնելով Մոսկվայի վրա ներգործության լծակները վերականգնելու թուրքական բոլոր փորձերը: Այս դինամիկան դարձել է սիրիական հակամարտության բնորոշ առանձնահատկությունը ռուսական ռազմական ներխուժումն սկսվելուց հետո»: Իսկ Սու-24-ի հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանն իր ջանքերը կենտրոնացրել է Անկարան Հալեպից կտրելու վրա: «Ռուսաստանի գծով մասնագետ Մայքլ Քոֆմանի ասելով, Ռուսաստանը որոշել է տեղերում ինքը ձևավորել սիրիական մարտական ընդդիմության կազմը, ոչնչացնելով նրանց, ում ինքը չի ուզում տեսնել բանակցությունների սեղանի շուրջը: Նոյեմբերի վերջին ռուսներն ընդլայնեցին օդային հարվածների գոտին, ներառելով նաև Ազազ-Հալեպ միջանցքը: Այդ օդային հարվածները միանգամից երեք արդյունք տվեցին.


1. թուրքական ռազմաօդային ուժերը զրկվեցին մարտական թռիչքներ կատարելու հնարավորությունից, իսկ ռուսներն սկսեցին հարվածներ հասցնել այդ շրջանում՝ որպես հակաահաբեկչական կոալիցիայի բաղկացուցիչ մաս,
2. ձախողվեցին դիմադրության շարժման Մանբիջի օջախի շրջափակման համար ապստամբներին օգտագործելու ամերիկա-թուրքական պլանները,
3. ռուսական ավիացիան և քրդական ինքնապաշտպանության ջոկատները թուրքերին դուրս քշեցին Հալեպի հյուսիսային մասից:
2016 թ. փետրվարի սկզբին բոլոր երեք փոխկապակցված նպատակները ձեռք բերվեցին, երբ մատակարարման թուրքական ուղին 10 օրով կտրվեց Ազազից մինչև Հալեպ, իսկ քրդերը գրավեցին Մինագի ավիաբազան և Թել Ռիֆաթը: Միայն այս առաջադրանքների կատարումից հետո Ռուսաստանը 2016 թ. փետրվարի 16-ին համաձայնեց կրակի դադարեցմանը»։


Ես հույս ունեմ, որ ընթերցողը ուշադրություն դարձրեց այն բանին, որ ամերիկացի փորձագետ Շթայնը անուղղակիորեն խոստովանել է նաև, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան միշտ էլ Սիրիայի վերաբերմամբ ունեցել են և ունեն ինչ-որ ընդհանուր պլան, որը ձախողել են հենց Ռուսաստանն ու Իրանը, այդ թվում նաև` սիրիացի քրդերի առումով: Թեև, եթե խորամուխ լինենք քրդական և իրանական աղբյուրներում և վերհիշենք Իրանի ռազմական խորհրդականների դերակատարությունը Հալեպն ազատագրելիս, ապա այն հետևությունը, թե Իրանը ավարտուն տեսք է տալիս Հյուսիսային Սիրիայում Ռուսաստանի ու սիրիացի քրդերի մասնակցությամբ ձևավորված եռանկյանը, ինքնըստինքյան հասկանալի է դառնում: Բայց էլի դառնանք Շթայնին. «Օգոստոսի 14-ին «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» գրավեցին Մանբիջը: Դա անհանգստություն առաջ բերեց Անկարայում, քանի որ այդ խմբավորումը կարողացավ շարունակել ընթացքը դեպի Ջերաբլուս և Էլ-Բաբ: Գրավելով վերջինս, քրդերը ավարտուն տեսքի կբերեին իրենց տարածքը թուրք-սիրիական սահմանի երկայնքով: Օգոստոսի 24-ին թուրքական զորքերն անցան սահմանը՝ առանց լուրջ դիմադրության հանդիպելու: Այդ գործողության մասին սկսեցին խոսել քամահրանքով, ասելով, թե Թուրքիան Հալեպը փոխանակեց Էլ-Բաբի հետ: Բայց սրանով չի կարելի բացատրել ռուսների գործողությունները ռազմարշավի ամբողջ ընթացքում, քանի որ նրանք ձգտում էին ամեն ինչ անել, որպեսզի Անկարան սպառնալիք չստեղծի Հալեպում իրենց գլխավոր շահերի նկատմամբ: Մոսկվան նաև շարունակում էր YPG-ի ջոկատներն օգտագործել որպես Թուրքիայի դեմ ուղղված հակաէսկալացիոն միջոց: Առաջին միջադեպը տեղի ունեցավ հոկտեմբերի կեսերին, երբ թուրքական զինված ուժերն ու նրանց հովանավորյալները Թել Ռիֆաթից հարավ՝ Էլ Բաբից 25 կմ արևմուտք, մարտի մեջ մտան քրդական ջոկատների հետ: Այնուհետև, նոյեմբերի 24-ին սիրիական զինված ուժերին կամ նրանց հետ գործակցող աշխարհազորին աջակցություն ցուցաբերող իրանական անօդաչու սարքը հարված հասցրեց թուրքական զորքերին, որի հետևանքով զոհվեց երեք զինծառայող: Հաջորդ օրը Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ նախագահ Պուտինի հետ, իսկ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 26-ին այցելեց Թեհրան: Մարտական գործողություններն այդ շրջանում սկսեցին մարել այն օրը, երբ Էրդողանը խոսեց Պուտինի հետ: Դրանից հետո սիրիական վարչակազմի հետ գործակցող քրդական աշխարհազորի մի ոչ մեծ ջոկատ այդ շրջանում կապ հաստատեց «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հետ և սկսեց գործել իբրև բուֆեր»:
Եվ, վերջապես, ԱՄՆ-ը խոստովանեց, թե որքան ակտիվ է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Սիրիայի հյուսիսում, ընդ որում` քրդերի կողմից, քանի որ Իրանի անօդաչու ավիացիայի շարժակազմը ԻՀՊԿ-ինն է, ոչ թե Իրանի «սահմանադրական» զինված ուժերինը: Բացի այդ, Շթայնը խոստովանել է այն, ինչ ես անձամբ գրում եմ առնվազն 2014 թվականից. որ սիրիացի քրդերը իրար միջև հաշտ ու խաղաղ բաժանել են դերերը.
1. մի մասը սիրիական բանակի, Ռուսաստանի և Իրանի սերտ դաշնակիցն է,
2. երկրորդ մասը՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ «բանակցողները»:


Ընդ որում` բոլոր սիրիացի քրդերը միանշանակ դեմ են Թուրքիային և, իհարկե, բոլոր նրանց, ում համարում են թուրքամետ ուժեր: Բայց Շթայնը գնալով խորանում է. «Այն բանից հետո, երբ Թուրքիան եռակողմ հանդիպում հրավիրեց՝ մասնակցությամբ Մոսկվայի և Վաշինգտոնի, Ռուսաստանն ակտիվացրեց իր գործողություններն այդ շրջանում»: Դա մարտի 8-ին էր: Մարտի 9-ին Էրդողանը մեկնեց Մոսկվա՝ երկօրյա գագաթնաժողովի: Երբ մարտի 10-ին նա վերադարձավ Անկարա, բոլոր մարտական գործողությունները Սիրիայի հետ՝ թուրքերի կողմից վերահսկվող տարածքներում, դադարեցին: Մինչ այդ Անկարան շարունակ հրետակոծում էր Թել Ռիֆաթը, Մինագի ռազմաօդային բազան և Մանբիջը: Նա դա ավելի շուտ անում էր, որպեսզի թուլացներ YPG-ի և «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» պաշտպանությունը և պայմաններ ստեղծեր սեփական հարձակումը զարգացնելու համար: Եռակողմ գագաթնաժողովն ու Մոսկվա կատարված այցը ոչ մի լավ բան չտվեցին Թուրքիային: Թուրքիան շարունակում էր մարտական գործողությունները Ալ-Արիմայի արևմտյան արվարձանում, այդ պատճառով Ռուսաստանը որոշեց մեծացնել իր ներկայությունը այդ շրջանում, ինչն էլ վերջ դրեց մարտական գործողություններին: Ռուսաստանը պահպանեց Թուրքիայի դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցների մի մասը, որոնք մտցվել էին 2015 թ. դեկտեմբերին՝ ռուսական Սու-24 ինքնաթիռի ոչնչացումից հետո: Երևում է, Թուրքիան 2017 թ. մարտի 16-ին պատասխան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ մաքսատուրք դնելով Ռուսաստանից մատակարարվող ցորենի վրա: Անկարան ժխտում է, թե այդ միջոցները պաշտոնական պատժամիջոցներ են, սակայն մինչև մարտի կեսերը Ռուսաստանը ցորենը մատակարարում էր առանց մաքսատուրքի: Վերջապես, մարտի 20-ին ռուս զինվորականները հաղորդեցին քրդական ինքնապաշտպանական ջոկատների ձեռքին գտնվող Աֆրինում ռազմական ճամբար ստեղծելու մասին:


Այսպիսով, Ռուսաստանն արդեն «ռազմական ճամբար» ունի, թեկուզ և անունը ռազմական բազա չէ, և գտնվում է Թուրքիայի հետ սահմանի վրա: Ահա թե ինչու. «Atlantic Council»-ում, թեկուզ և խոստովանելով, որ «Ռուսաստանը Սիրիայում հաղթել է Թուրքիային», այդուամենայնիվ, թուրք փորձագետներից հետո նույնպես հակամարտության սաստկացում են սպասում Անկարայի ու Մոսկվայի հարաբերություններում: Ճիշտ է, չեն գրում «պատերազմի եզրին», որովհետև այդ հենց ԱՄՆ-Իսրայել դաշնազույգն է կառավարում Թուրքիայի գործողությունները Սիրիայում: Եվ առայժմ Վաշինգտոնի և Թել Ավիվի ռազմավարներն ու վերլուծաբանները չեն որոշել, թե Էրդողանին «էլ ի՞նչ խորհուրդ տան»: Իրաքի շիադավան վարչապետ Հայդեր Ջավադ ալ-Աբադիի ապրիլի 26-ի ոչ այնքան նկատելի հայտարարությունն այն մասին, թե թշնամական ուժերին չհաջողվեց սեպ խրել Իրաքի և Իրանի բարեկամության ու փոխգործակցության մեջ, իմ կարծիքով, հիանալի է պատկերում, թե ինչ են սպասում և ինչի են ծարավի ԱՄՆ-ում, Իսրայելում և, իհարկե, Թուրքիայում. որ պառակտում կլինի կամ «սև կատու կանցնի» շիա արաբների, ալավիների, դրուզների, մյուսների ու Իրանի միջով: Չի լինում: Ասենք, Ռուսաստանն էլ չի ընդունում ԱՄՆ-ի, Իսրայելի ու Թուրքիայի «առաջարկությունները» Իրանը «փոխանակելու» ինչ-որ բանով: Եվ որպես օրինաչափ արդյունք, ամերիկացի փորձագետ Շթայնի հետևյալ գնահատականները. «Այդ շրջան (այսինքն՝ Աֆրին- խմբ.) ռուսական զորքեր գալու մասին տեղեկությունը հակասում է Անկարայի դիրքորոշմանը, որը վաղուց արդեն հայտարարում է, թե իրավունք ունի հարվածներ հասցնելու YPG-ին, քանի որ այն ահաբեկչական կազմակերպություն է համարում: Հալեպի հյուսիսում Ռուսաստանի վերջին գործողությունների շնորհիվ Թուրքիան անկյուն քշվեց: Իրադարձությունների հետևողականությունը հստակորեն մատնանշում է, որ Մոսկվան և Անկարան Սիրիայում տրամագծորեն հակառակ նպատակներ են հետապնդում, իսկ հիմա Ռուսաստանն ու YPG-ն փոխշահավետ համագործակցում են՝ հակազդելով Թուրքիային: Թուրքիան, այնուամենայնիվ, հնարավորություններ ունի Սիրիայում ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա: Անկարան իր տարածքում վարժեցնում է ապստամբների, որոնք նրա հովանավորյալների հետ կռվում են Հալեպի հյուսիսում: Թուրքիան կարող է այդ մարդկանց պարզապես ուղարկել Իդլիբի այլ շրջաններ կամ Համա, նրանց խնդիր առաջադրելով գրոհել վարչակազմի դիրքերը... Աֆրինում քրդական ինքնապաշտպանության ջոկատները, որոնք լավ զինված են և օգտվում են Ռուսաստանի անսքող աջակցությունից, կարող են շարժվել հարավ և գրավել Ռեյխանլիի (Բաբ ալ-Հավա) սահմանային անցակետը: Ռուսաստանն այդ գործողությունները հեշտորեն կարող է հիմնավորել «Ալ Քաիդայի» սիրիական բաժանմունքը ջախջախելու անհրաժեշտությամբ, որը ակտիվորեն գործում է Իդլիբում: Այդ բանը թույլ չտալու համար Անկարան ստիպված է լինելու կրակել ռուս զինվորների վրա, իսկ դա կարող է հանգեցնել բախման սահմանի վրա, և այստեղ Թուրքիան թույլ կողմ կլինի»:
Ահա, ուրեմն, հարգելի հայ հասարակություն, մենք «հասանք» ամերիկացիների առաջին և վերջին հիշատակմանն այն մասին, որ իրենց համար ցանկալի է ռուս և թուրք զինվորականների բախումը Սիրիայում: Շթայնը դա «պատերազմ» չի անվանում, բայց Անկարայի համար կանխավ նախատեսում է «թույլ կողմի» դերը, չնայած Թուրքիան է ՆԱՏՕ-ի անդամ, ոչ թե Ռուսաստանը կամ Իրանը: «Atlantic Council»-ը երկու հետևություն է անում.


1. «Ռուսաստանը Թուրքիայի դաշնակիցը չէ: Նա կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ստիպելու ընդդիմությանը ծառայել իր վերջնական նպատակներին, որոնք ռուսական պայմաններով խաղաղ կարգավորում են ենթադրում, ինչը բացահայտորեն հակասում է Թուրքիայի շահերին:


2. Սակայն Ռուսաստանը Թուրքիայի համար արժեքավոր գործիք է, որ նրան թույլ է տալիս ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա: Անկարան դեմ է «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» ամերիկյան աջակցությանը, քանի որ դրա շնորհիվ զորեղանում են YPG-ի ջոկատները հյուսիսարևելյան սահմանի երկայնքով: Թուրքիան ձգտում է Մոսկվայի միջոցով ԱՄՆ-ին ազդանշան տալ այն մասին, որ ինքը գործողությունների այլ տարբերակներ ևս ունի, բացի թուրք-ամերիկյան դաշինքից, որն ապահովում է Թուրքիայի անվտանգությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում: Սիրիայի իրադարձությունները բացահայտորեն հակասում են դրան... Թուրքիան միջոցների այնքան էլ հարուստ ընտրություն չունի այդ դինամիկան փոխելու համար, հատկապես այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիս-արևելքում ունի իր սեփական նախընտրելի գործընկերը՝ ի դեմս «Սիրիայի ժողովրդավարական ուժերի»: Նա է՛լ ավելի քիչ հնարավորություններ ունի փոխելու այդ երկու խոշոր տերությունների շարժման հետագիծը»:


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ