Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

Պիետրո Դելա Վալեն և Ջրօրհնեքը Նոր Ջուղայում 1620 թ.

Պիետրո Դելա Վալեն և Ջրօրհնեքը Նոր Ջուղայում 1620 թ.
02.06.2017 | 08:37

(սկիզբը՝ այստեղ)

-Իրոք այդպես է,- ասաց թագավորը` նաև մահմեդականներին նայելով,- հայերն ավելի լավն են, որովհետև սուր չունեն:
Սրանով հասկացրեց իր քաղաքական համոզմունքը: Իսկ Հայր Իոհանը այդպես ասաց` թերևս հայերին հաճույք պատճառելու համար, քանզի նույն օրը պիտի կայանար իրենց ծեսը: Բայց ես լինեի` վրացի ազնվականների ներկայությամբ այդպես չէի պատասխանի, մանավանդ որ իրականությունը հակառակ էր:
Շարունակելով հարցմունքը, թագավորը դիմեց Հայր Իոհանին, թե` եվրոպացինե՞րն էլ են կատարում այս ծեսը կամ Խաչիջման արարողությունը: Հայր Իոհանը պատասխանեց. «Այո, կատարում ենք, բայց այլ կերպ և այլ օր, այսինքն` Ավագ շաբաթ օր: Բայց Հալեպի ժողովրդին հարմար լինելու համար մեր ֆրանցիսկյան քահանաները սույն արարողությունը կատարում են Հայտնության օրը` Արևելքի մյուս քրիստոնյաների պես»:


Այս ընթացքում անձրևը սաստկացավ ու ճամփաները ցեխոտվեցին, և որպեսզի ժողովուրդը չթրջվի` թագավորը գնաց քրիստոնյաների առաջնորդ հանգուցյալ Խոջա Սաֆարի տուն, ուր ապրում էին նրա երեք որդիները (մի կրտսերն էլ կար, որ գտնվում էր այլ վայրում), և նրանցից անդրանիկի անունն էր Մելիք աղա, երկրորդինը` Ֆրանգյուլ, երրորդինը` Սուլթանում, որոնք պատրաստվել էին ընդունելու թագավորին իրենց հորեղբայր Խոջա Նազարի հետ, որը թեպետ առանձին տուն ուներ, բայց այդ ժամանակ այդտեղ էր: Տան և պարտեզի ամբողջ բակում` դարպասից մինչ սենյակներ, փռված էին ոսկեհյուս ու մետաքսե կերպասներ, որոնք ցեխոտ կոշիկներով ոտնակոխ եղան, որովհետև ըստ սովորության ոտնամաններ հանում էին միայն սենյակ մտնելիս կամ տանը նստելիս: Մենք թագավորին ուղեկցեցինք մինչև տան դուռը և իմացանք, որ նա ուզում է ջուղայեցիների հետ մենակ մնալ, այլ զրույց չի ցանկանում ունենալ, ուստի զանազան ճամփաներով հետ դարձանք` անձրևից պաշտպանվելու համար:


Ես գնացի Խոջա Ավետիքի տուն, որն իմ խնամին էր և հրավիրել էր ճաշելու: Բայց թագավորը Խոջա Սաֆարի որդիների տուն մտնելուց հետո կրկին հրաման է տալիս հյուրերին հրավիրել` իր հետ զրուցելու, մարդիկ է ուղարկում հետևներից, և նրանք, ովքեր ճամփին էին, հետ են դառնում: Եվրոպացիներից ճանապարհին են լինում վերոհիշյալ երեք քահանաները, որոնք թագավորի հետ զրուցում են այնքան, մինչև արքան քաշվում է այլ սենյակ` հանգստանալու, որից հետո քահանաները հեռանում են: Թե այդ երկարատև խոսակցության ժամանակ ինչ է ասվել` չգիտեմ ներկա չլինելու պատճառով, բայց մի քանի կարևոր բաներ կնշեմ, որոնք ինձ հայտնեցին քահանաները և այլ արժանահավատ անձինք:


Նախ, թագավորը մի քանի անգամ ասում է. «Ով չի հավատում Հիսուսին և չի ընդունում, որ Քրիստոսը Աստծո հոգին է (պարսիկներն այդպես են կարծում), ուրեմն գյավուր է»: Այսինքն` անհավատ: Եվ սա զարմանալի չէ, որովհետև մահմեդականներն այդպես են պատկերացնում ու չեն հասկանում հոգի բառի նշանակությունը, ինչ մենք ենք պատկերացնում Սուրբ Երրորդության իմաստով: Որևէ տարակույս չկար, որ թագավորի ասածը ի պաշտպանություն էր մեզ: Բայց մեր հոգևորականներից մեկը` ավգուստինյանների առաջնորդի փոխանորդ Նիկոլա Բերետեն, որ նորընծա էր Պարսկաստանում և տեղի լեզվին չէր տիրապետում, խանդավառված և խոսքի իմաստը չհասկանալով` տգիտաբար պարզամիտ մի արարք է թույլ տալիս: Լսելով Քրիստոսի անունը և գյավուր բառը ու կարծելով, թե մահմեդականներն ուրանում են Քրիստոսի աստվածությունը, թե, իբր, թագավորն ասում է` ով Քրիստոսին Աստված է համարում կամ Աստծո որդի, ուրեմն անհավատ է, հավատքը պաշտպանելու նախանձախնդրությունից դրդված` սկսում է համարձակորեն, առանց վախի թագավորի առջև բարձրաձայնել, թե արքան ճիշտ չէ, ինքը պիտի ճշմարտությունն ասի` թեկուզ կյանքից զրկվի: Եվ որպեսզի թագավորն իր ասածն ըմբռնի, ձեռքով վիզը կտրելու նշան է անում:

Թագավորը, որ իսկույն հասկանում է նորընծայի սխալմունքը, իրեն հատուկ համբերատարությամբ, որով վերաբերվում էր իր նկատմամբ նման հիմարություն ու տգիտություն դրսևորածներին, ժպտալով դիմում է Հայր Իոհանին, որը տիրապետում էր պարսկերենի. «Հայր Իոհան, այս մարդուն հայտնիր, որ ես վատ բան չեմ ասել, լավն եմ ասել, բայց ինքը չի հասկացել»: Հայր Իոհանը ամենայն քաղաքավարությամբ թագավորից ներողություն է հայցում Նիկոլոյի վարմունքի համար և ասում, թե այդ երկու ավգուստինյան հոգևորականները նման են գանձերով լեցուն կողպված տների, բայց առանց բանալու, դրա համար չեն բացվում ու գանձերը ցույց չեն տալիս, այնինչ խելացի, բարի մարդիկ են, մեծ հեղինակություն ունեն, բայց չունեն լեզու` բանալի, որպեսզի կարողանան արտահայտվել և պարունակությունն ի ցույց դնել:


Թագավորը ցանկություն է հայտնում տեսնել սրբերի մասունքները, որոնք բերված էին Հայաստանից, երբ ջուղայեցիք Սպահան փոխադրվեցին և գտնվում էին Ջուղայում: Երբ շուրջառներով, մոմերով և ամենայն վայելչությամբ մի քանի քահանա դրանք ներս են բերում, թագավորը ոտքի է կանգնում, համբուրում, դնում գլխին և ներկա եղողներին հրամայում ամենայն պարկեշտությամբ վերաբերվել այդ սուրբ մասունքներին, այսինքն՝ անում է այն, ինչ կաներ քրիստոնյա թագավորը: Եվ սա զարմանալի չէր, որովհետև մահմեդականները սուրբ են համարում բոլոր նրանց, ում մենք ենք սուրբ անվանում, թեկուզ անուններն էլ չիմանան, գիտեն միայն մի քանիսի անունները, ովքեր Մուհամեդից առաջ են եղել, ինչպես նաև բազմաթիվ սուտ և անհայտ պատմություններով համեմված իրենց մարգարեի գրքում նշվածներին, օրինակ սուրբ Հովհաննես Մկրտչին, սուրբ Գևորգին և մի քանի այլ սրբերի: Սուրբ մասունքների հանդեպ թագավորի ցուցաբերած պարկեշտ վերաբերմունքը երկու ավգուստինյան կրոնավորներին, որոնք քաջատեղյակ էին, թե քրիստոնյա երկրներում ինչպիսի պատիվների են արժանացնում դրանց, թվում է, թե թագավորը ծաղրանք է դրսևորում: Այս մտքին ավելի են հակվում, երբ թագավորը, որպես ընծա, Հայաստանի սուրբ Հռիփսիմեի նշխարը բռնում է, իր ձեռքով մի կտոր ոսկոր պոկում և մաքուր թղթի մեջ փաթաթելով` տալիս Հայր Իոհանին: Այս բանը թեպետ ավգուստինյան կրոնավորներին տգեղ երևույթ և արհամարհանք է թվում, բայց Հայր Իոհանն այդ կարծիքի չի լինում և չի էլ բարկանում, որ պիղծ և անհավատ թագավորը դիպել է սուրբ նշխարներին, լավ գիտենալով, որ մեծամեծներն իրենց երկրներում ինչ անում են` օրինավոր է, արգելանք չկա: Հակառակը, հարկ էր գովել թագավորին, որը, թեև անհավատ, բայց սուրբ մասունքների հանդեպ իր ցուցաբերած պատկառանքով մյուսներին սովորեցնում էր հարգանքով վերաբերվել մեր հավատքին ու սրբություններին:


Թագավորը հարց է տալիս նաև Սուրբ Երրորդության մասին, թե` ինչպես կարող է Աստված միաժամանակ լինել եռյակ ու միակ, թե` մարդ լինելու մեջ է մեր ու մահմեդականների տարբերությունը: Հայր Իոհանը և մյուսները` Հոր թարգմանությամբ, բացատրություններ են տալիս, բայց` անպտուղ, քանզի կարճատև ու տարաբնույթ զրույցի ժամանակ այդպիսի բարդ ու դժվարագույն խնդիր չես պարզաբանի, մանավանդ որ քահանաներից երկուսը պարսկերենի չէին տիրապետում, երրորդն էլ մի քիչ գիտեր:
Այդ հանդիպման ընթացքում թե կրոնի և թե այլ հարցերի մասին էլ են խոսել, բայց ես զանց կանեմ, որովհետև ներկա չեմ եղել, իսկ ներկաները ամեն բան չպատմեցին:
Պատմեմ այն, ինչ հետո է լինում: Երբ անձրևը մի քիչ հանդարտվում է, հյուրերի հետ գտնվող թագավորը պատուհանից նայում ու տեսնում է, որ ջուղայեցի կանայք դիմացի տան առջև` հրապարակի վրա, պար են բռնել և Արևելքի սովորության համաձայն, տաճկերեն կամ պարսկերեն երեք երգ են կատարում: Առաջինը գովեստ ու շնորհակալություն էր թագավորին քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած բարության համար, երկրորդն ուղղված էր Խոջա Նազարին` մաղթելով նրան ու եղբորորդիներին երջանկություն, երրորդը աղաչանք էր առ Աստված, որ թագավորին երջանկություն ու երկար կյանք պարգևի: Թագավորը, որ Հայր Իոհանի մոտ զգուշանում էր գայթակղությունների առիթից, մտածելով, որ քահանայի համար տգեղ կարող են թվալ կանանց պարերը, մանավանդ որ պարսից մեջ սովորություն չկար, որ մահմեդական հարուստ կանայք պարեին կամ բացերես երևային տղամարդկանց առջև, տարակուսած հարցնում է. «Ջուղայեցի այս կանանց պարելը մեղք չէ՞»: Քահանան, որ պղծալի բան չէր տեսնում և մանավանդ ցանկանում էր գովել քրիստոնյա ջուղայեցիներին, պատասխանում է. «Մեղք չէ, քրիստոնյա երկրներում ոչ միայն ազնվական տիկնայք, այլև թագուհիները բաց դեմքով բոլորի առջև պարում են: Իսկ Աստվածաշնչում գրված է, որ հրեա կանայք պարում էին Սավուղի ու Դավթի առջև, վերջապես մեղք չէ, եթե չի պարունակում տգեղ դիտավորություն»: Այս պատասխանից թե թագավորը, թե ջուղայեցիք և թե ներկաները շատ գոհ են մնում:


Խոսակցությունն ավարտվում է ուշ գիշերին, թագավորը քաշվում է այլ սենյակ` քնելու, իսկ մյուսները գնում են: Հայր Իոհանը, իր վանք վերադառնալուց առաջ, եկավ կնոջս քրոջ ամուսին Խոջա Ավետիքի տուն` մեզ այցելելու և ինձ պատմեց ամբողջ վերոշարադրյալը, ինչը հետո լսեցի նաև այլ անձանցից:
Հաջորդ առավոտ Ջուղայից տուն դառնալու ժամանակ տեղեկացա, որ թագավորը դեռևս Խոջա Սաֆարի տանն էր, իսկ ճամփին հանդիպելով Ջուղայի մունետիկին` նրանից իմացա, որ թագավորը հրամայել էր Սպահանից իր համար ուտելիք բերել, որպեսզի Ջուղայում կերակրվելուց հետո վերադառնա Սպահան: Այդպես էլ եղավ»:

Պիետրո Դելա Վալեն «Ճանապարհորդության» մեջ հայերին հիշատակել է առնվազն երկու անգամ: Մեկը վերաբերում է իր խնամի, 1613 թ. Սբ Աստվածածին եկեղեցին կառուցած խոջա Ավետիք Ստեփաննոսյանին, և դա զետեղել եմ իմ «Նամակներ Նոր Ջուղայից-5» հրապարակման մեջ: Կրկին այն հիշեցնեմ. «Խոջա Ավետիքը ջուղայեցիների առաջնորդներից մեկն է և մեծ հարգ է վայելում ազգի մեջ, ոչ միայն ջերմեռանդ քրիստոնյա է և Արևմուտքի մտերիմ բարեկամ, այլև այնչափ Աստվածասեր ու բարեպաշտ անձ, որ կարող է համարվել արևելյան կրոնի ու քրիստոնեության հայելի: Ասածիս իրավացիությունն ապացուցելու համար ասեմ միայն, որ թեպետ որդիներ ունի, այդուամենայնիվ ունեցվածքի մեծ մասը ծախսում է նոր եկեղեցիներ կառուցելու և դրանք ոսկե խաչերով, սկիհներով և այլ պարագաներով զարդարելու համար: Նոր Ջուղայում, ուր հայերը փոխադրվեցին, երբ Շահ Աբասն ավերեց Երասխ գետի ափին, Թուրքիայի սահմանին գտնվող Հին Ջուղան, տասը գեղեցիկ եկեղեցիներից մեկն ամբողջությամբ ինքն է կառուցել և իր ծախքով է պահում: Մեկ այլ եկեղեցու կառուցման ծախքի մեծ մասն էլ է ինքը հոգացել, թեպետ թողեց, որ ուրիշի անունով լինի: Շրջակայքի նմանակերպ կառույցներին էլ է ձեռք մեկնում և աջակցում այլոց: Բայց մեկ ուրիշ արժանահիշատակ բարիք էլ է գործել, որի մասին չեմ կարող լռել: Երբ Հայաստանում ու Վրաստանում պատերազմներ եղան, հազարավոր քրիստոնյաներ գերի ընկան. ինքը հանուն Աստծո գնեց և ազատություն պարգևեց ավելի քան չորս հազար մարդու, հեռավոր վայրերից փնտրեց-գտավ հայերին և վերադարձրեց իրենց զավակներին, ամուսիններին ու ազգականներին: Այդ նպատակի համար պատրաստ դրամ չունենալով և չկարողանալով ունեցած մետաքսը վաճառել, Շիրվանի խանից, որն ինքն էլ էր հայազգի քրիստոնյայի որդի, դրամ փոխ առավ` մետաքսն ու այլ ապրանքները գրավ թողնելով: Ահա՛ կատարյալ ողորմածություն, և սրանից ավելին հնարավո՞ր է` չգիտեմ»:


Ջրօրհնեքին առնչվող հատվածը կուզենայի ամփոփել` մի շարք հանգամանքների վրա ուշադրություն հրավիրելով: Անշուշտ, ակնհայտ հետաքրքրություն են ներկայացնում Նոր Ջուղային վերաբերող գրառումները: Ի մասնավորի, որ խոջա Նազարի կինը վրացուհի էր, Շահ Աբասի ընդունելությանը հյուրասիրությամբ, երգուպարով մասնակցում էին հայ կանայք: Այն, որ շահը հաճախ էր այցելում հայաքաղաք, հյուրասիրություն առնում, գիշերում նշանավոր խոջաների տանը, փայփայում երկրի գանձարանը լցնող հայերին, նորություն չէ, կան մի շարք այլ վկայություններ: Դիցուք, մի անգամ Շահ Աբասը խոջա Սաֆարին հարցնում է. «Ինչքա՞ն փող ունես»: Խոջան պատասխանում է. «Տեր արքա, այնքան ունեմ, որ եթե ամբողջը վերածեմ արծաթե աբասիի ու լցնեմ Զայանդերուդ գետի վրա շինված կամրջի 24 կամարների մեջ, ապա ջուրն այնժամ ոչ թե կամրջի տակով, այլ վրայով կգնա»: (Ի դեպ, սա նշանակում է, որ Ալավերդի խանի կամուրջն ի սկզբանե ունեցել է 24 կամար, և հետագայում են գետն ընդլայնել ու կառուցել ևս 9 կամար, այստեղից էլ ստացել է իր ներկայիս անվանումը` Սի-օ-սե Պոլ` «Երեսուներեք կամար»):


Խիստ ուշագրավ է Շահ Աբասի` հայերին տված գնահատականը, երբ ասում է, թե` հայերը լավն են, որովհետև սուր չունեն: Սրա հետ չի համաձայնում Պ. Դելա Վալեն, ասելով` «իրականությունը հակառակ էր»: Այսինքն, հայերը նաև սուր ունեին…
Կրոնադավանաբանական հարցերին անդրադառնալիս Դելա Վալեն նշում է կարմելյանների և ավգուստինյանների առկայությունը, և զարմանալի բան չկա. մահմեդական Պարսկաստանը քրիստոնյա քարոզիչների, այդ թվում` կաթոլիկների, ճիզվիտների, բողոքականների և այլոց, մշտական թիրախն էր: Զարմանալի է այն, որ Նոր Ջուղայում ժամանակն ու պատմությունը բոլոր քրիստոնյաներից թողեցին միայն Հայ առաքելական եկեղեցին…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Խոջա Ավետիք
  • ՈՒրախությամբ տեղեկացանք, որ Գերապատիվ Տեր Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը միաձայն ընտրվել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ: Սրտանց շնորհավորում ենք Հայր Սուրբին, մաղթում բեղմնավոր գործունեություն:
Դիտվել է՝ 2177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao