Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Թուրքիան լավ գիտի, որ ինքը ստեղծվել է արյան, ոսկորների ու ոճիրների վրա»

«Թուրքիան լավ գիտի, որ ինքը ստեղծվել է արյան, ոսկորների ու ոճիրների վրա»
16.06.2017 | 10:52

«Իրատեսը» շարունակում է զրույցը ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ՝ նրա «Պայթյուններ Թուրքիայում և... ոչ միայն. ASALA-ն՝ ներսից» գրքի շուրջ:

(սկիզբը՝ այստեղ)

«ASALA-Ն ՄԻՇՏ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»


-Պարոն Վարդանյան, աշխարհում, առավել ևս մեզանում՝ հայության շրջանում, ընդունված է կարծել, որ մեծ գործերը նյութական մեծ ներդրումներ են պահանջում: Այնինչ ASALA-ի օրինակը գալիս է հիմնավորապես խարխլելու այս պատկերացումները: Փաստորեն, կարելի՞ է աղքատ ու քաղցած լինելով՝ մեծամասշտաբ հարցեր լուծել, ազգային խնդիրների նկատմամբ պատշաճ տրամադրվածության հասնել աշխարհի հզորների կողմից:
-Գաղտնի բանակի գործունեությունը հենց դրա վկայությունն է, ամենապերճախոս վկայությունը: Ես շատ ապացույցներ ունեմ, որ այն կարող էր իր գոյության երկրորդ-երրորդ տարում արդեն ունենալ տարբեր ուժերի տրամադրած տեխնիկական, ֆինանսական և այլ կարգի հզոր օժանդակություն: Բայց հիշենք, թե ինչի համար ձևավորվեց ASALA-ն, ինչ նպատակի շուրջ միավորվեցին այդ տղաները: Նրանք մինչև 1980 թվականը աներևակայելի զրկանքների միջով են անցել: Որպեսզի այս կամ այն մարտիկին ուղարկեին այս կամ այն երկիրը, առավել ևս՝ Թուրքիա՝ գործողություն կատարելու, մեծ խնդիրներ էին ունենում՝ հենց միայն անձնագրի, ճանապարհածախսի, կեցության հարցերի հետ կապված: Այդ ամենն արվել է նվիրումի շնորհիվ: Մարդիկ հավատում էին իրենց գործին: Եվ անպայման շեշտենք, որ նրանց նպատակը երբեք էլ ցեղասպանության ճանաչումը չի եղել: Նրանք ունեին մի հստակ նպատակ՝ իրենց ու մեր բռնազավթված հայրենիքի ազատագրումը: Այդ ճանապարհին, նրանց իրականացրած գործողությունների արդյունքում է, ինքնաբերաբար, ճանաչվել ցեղասպանությունը: Եվ իրենց նպատակին այսօր էլ հավատում են թե՛ նրանք, որ այդ ամբողջ դժոխքով անցել են, ծանրագույն պատիժ կրել, բացահայտվել, թե՛ նրանք, որ դեռ բացահայտված չեն: Դա նրանց երազն է: Նրանք, ցանկության դեպքում, կարող էին ապահովվել իրենց գործին անհրաժեշտ ամեն ինչով: Յասեր Արաֆաթը, Սադամ Հուսեյնը, Մուամմար Քադաֆին ու Արևելքում հայտնի այլ դեմքեր առաջարկել են Գաղտնի բանակին թե՛ գումար, թե՛ բանակատեղի, թե՛ հանգրվանելու տեղ, թե՛ շատ ուրիշ բաներ: Բոլորին էլ մերժել են՝ անկախությունը չկորցնելու համար: Եթե տալիս են ինչ-որ բան, բնականաբար, դնում են կախվածության մեջ: Իսկ տղաներին դա պետք չէր: Բոլորն էին ապշած, թե այս փոքրիկ խմբավորումը, որ գոյություն ուներ մինչև 1980 թվականը ¥դրանից հետո ASALA-ն սկսեց ընդլայնվել ու հզորանալ¤, ինչպիսի անվրեպ հարվածներ է հասցնում: Համապատասխան վիճակագրությունը փաստում է, որ գործողությունների արդյունավետությամբ, հարվածների անվրեպությամբ, այլ բնորոշիչներով ASALA-ն առաջին տեղերից մեկն է զբաղեցրել աշխարհի մասշտաբով: Եվ այդուհանդերձ, միշտ պահպանել է իր անկախությունը: Բնական է, չես կարող բացարձակ անկախ լինել աշխարհում. ASALA-ն բոլոր հեղափոխական կազմակերպությունների հետ էլ, նշածս ղեկավար անձանց հետ էլ առնչություն ունեցել է: Բայց այդ ամենը արել է հանուն Հայ դատի, հանուն իր նպատակների հանրահռչակման:

«ՀԱԿՈԲ ՏԱՐԱԳՃՅԱՆԸ ՄԱԶԱՉԱՓ ԱՆԳԱՄ ՉԻ ԶԻՋՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՐԵՎԷ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ»


-Չե՞ք կարծում, որ այս գրքի հրատարակությունը կարող է նախադեպ դառնալ, որ կգտնվեն նաև այլ անձինք, որոնք իրենց իմացածը կվստահեն Ձեզ, ու ծայր կառնի ASALA-ին առնչվող գաղտնազերծումների նոր ալիք: Մանավանդ որ Բեյրութում Ձեզ արդեն հուշել են, թե ում հետ պիտի հանդիպեք՝ Հակոբ Տարագճյանի մասին մանրամասնություններ իմանալու համար: Խոսքս «Հետգրություն» բաժնում ներկայացված հայ ծերունուն է վերաբերում, որից իմացել եք, որ ողջ է Հակոբի մտերիմ Զահեր Էլ Խաթիբը:
-Իսկապես Զահեր Էլ Խաթիբը՝ լիբանանցի այդ արաբը, զարմանալիորեն նվիրված է եղել մեր տղաներին, շա՜տ է սատարել նրանց: Ե՛վ տարածքներ է տրամադրել, և՛ ֆինանսական օգնություն: ՈՒ երբ ես դիպվածով իմացա, որ նա ողջ է, մեծ ցանկություն ունեցա զրուցելու նրա հետ: Մի բան են կազմակերպության անդամի պատմությունները, մեկ այլ բան՝ օտարինը, որը մեծ հիացում ուներ այդ նվիրյալ տղաների հանդեպ: Ինձ չհաջողվեց հանդիպել նրա հետ: Դա կախված էր մի շարք հանգամանքներից՝ նախնական պայմանավորվածություն, վստահության ներշնչում, թարգմանչի առկայություն և այլն, և այլն: Ցավում եմ, որովհետև նա շատ ավելին կարող էր պատմել, քան այսօր բացահայտված ASALA-ի վետերանները. վերջիններս այնքան էլ շատ բան չգիտեն իրենց կազմակերպության ներսում եղած անցուդարձերի մասին: Նրանք հիմնականում գիտեն այնքանը, որքանը վերաբերել է իրենց հանձնարարված գործին: Ղեկավարը՝ Հակոբ Հակոբյանը ¥սա ծածկանուններից մեկն է¤, այնպիսի դրվածք ուներ, որ կազմակերպության ներսում մարդիկ իրար մասին հնարավորինս քիչ բան էին իմանում: Կազմակերպության կառուցվածքն այնպիսին էր, որ ղեկավարն ինքն էր անմիջականորեն շփվում բոլոր մարտիկների հետ: Չկար միջնորդավորված օղակ՝ տեղակալներ, կենտրոնական կոմիտե կամ սրանց նման այլ բաներ: ՈՒ սա բնորոշ է բոլոր հեղափոխական կազմակերպություններին: Իսկ Զահեր Էլ Խաթիբը հենց Հակոբ Հակոբյանի և Հակոբ Տարագճյանի մտերիմն էր: Եվ եթե շատ բան Հակոբ Հակոբյանն ու Հակոբ Տարագճյանն իրենց հետ տարան, ապա Զահեր Էլ Խաթիբից դեռ կարելի է իմանալ բացառիկ մանրամասնություններ:
-Հիմա ի՞նչ, սպասե՞նք Զահեր Էլ Խաթիբի պատմությունների գեղարվեստական շարադրանքին, մանավանդ որ, ենթադրում եմ, դրանց հիմնական հերոսը լինելու է Ձեր գրքի ամենախրոխտ ու ամենանուրբ հոգու տեր կերպարներից մեկը՝ Հակոբ Տարագճյանը, որի ձեռագիրն արդեն իսկ շատ բան է ասում նրա ներաշխարհի գեղեցկության մասին:
-Շատ ափսոս, որ գիրքն արդեն տպարանում էր, երբ Հակոբ Տարագճյանի՝ արտասահմանում բնակվող եղբայրը Հակոբի մի քանի նամակ ուղարկեց ինձ, ու ես պարզապես ապշեցի դրանց բովանդակությունից: Այդ նամակները շարադրելիս նա ընդամենը 16 տարեկան է եղել: Անհավատալի է, թե տասնվեցամյա պատանին ինչ դիպուկ է գնահատում տիրող իրավիճակը, թե ինչպիսի ազգային մտահոգություններ ունի, թե ինչ ողբերգություն է ապրում, որ հայ համայնքում դժվար է խոհակիցներ գտնել՝ հեղափոխական խմբավորում ձևավորելու համար: Եվ սա այն դեպքում, որ Լիբանանի հայ համայնքն ամենից մարդաշատն էր, ամենից կենսունակը 1970-ականներին: Բա հիմա՞ ինչ ասես, երբ այդ համայնքի այն օրերի պատկերն այլևս չկա: Մենք գիտենք, որ տասնվեցամյա պատանիները սովորաբար իրենց կյանքն անցկացնում են խնջույքների, ուրախ ժամանցների մեջ: Բայց Հակոբ Տարագճյանն այդ ամենի պատճառով ողբերգություն էր ապրում, նրան ցավ էր պատճառում, որ մոտենում է Ցեղասպանության 60-ամյակը, իսկ հայկական շրջանակներն զբաղված են միայն ցերեկույթներ, մշակութային միջոցառումներ կազմակերպելով և ոչինչ չեն անում ազգային խնդիրների, Հայ դատի արդարացի լուծման ուղղությամբ: Որքանով ինձ հասանելի են եղել Հակոբ Տարագճյանի կյանքի մանրամասները, դրանք հիմք են տալիս պնդելու, որ նա մազաչափ անգամ չի զիջում համաշխարհային ճանաչում ունեցող որևէ հեղափոխականի: Բացառիկ մարդ էր նա, բացառիկ տղա, որն ապրեց ընդամենը 22 տարի: Ես նրան կարող եմ համեմատել Պետրոս Դուրյանի հետ, որ ճիշտ նույնքան ապրեց, բայց թողեց այնպիսի գրական ժառանգություն, որ մինչև այսօր մնում է չգերազանցված, որ չափ ու չափանիշ է մեր գրականության մեջ: Նույնը Հակոբն արեց նորագույն շրջանի հայ հեղափոխության ասպարեզում: Բայց, ի տարբերություն Դուրյանի, մենք այնպես թաղեցինք Հակոբ Տարագճյանի անունը, այնպիսի մի հաստաբեստ տապանաքար դրեցինք նրա հիշատակի վրա, որ այսօր այդ անունը ոչինչ չի ասում որևէ հայի:


«ԱՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԳՐՔԻՍ ՀԵՐՈՍԸ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ, ԻՍԿԱՊԵՍ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ԷՐ»


-Ձեր գիրքը արկածային վեպ է հիշեցնում, և սրանով այն կարող է հետաքրքրել ցանկացած ազգի ընթերցողի, բայց մեզ համար այն ազգային պատմություն է, մեր միս ու արյան զգացողությունները շարժող իրողություն: Ձեզ մինչև վերջ հաջողվե՞լ է պահպանել վավերագրողի սթափությունն ու սառնասրտությունը խորհրդավոր անծանոթին լսելու և նրա պատմածները վիպական շարադրանքի վերածելու ընթացքում:
-Ես շարադրանքի այդ եղանակն ընտրեցի մի պարզ պատճառով: Եղել են շատ քիչ պատմաբաններ, ուսումնասիրողներ, որոնք հավակնել են տալ կազմակերպության ամբողջ պատմությունը: Բայց դա արել են ավանդական եղանակով, այնպես, ինչպես ընդունված է պատմագրության մեջ: Նրանք օգտվել են մամուլում եղած տվյալներից, բացահայտված փաստերից: Այդ եղանակով ASALA-ի պատմություն չես գրի: Ճիշտ է, ASALA-ն ուներ իր մամուլը՝ «Հայաստան» ամսաթերթը, իր ռադիոեթերը, որը տրամադրել էր Զահեր Էլ Խաթիբը: Բայց դա կազմակերպության գաղափարները տարածելու համար էր միայն: Ներքին խոհանոցը չէր մատուցվում հանրությանը, հետևաբար, մամուլի տվյալներով հնարավոր չէր ASALA-ի պատմություն գրել: Բացի այդ, պատմագրությունը մեծ լսարան չունի և չի էլ կարող ունենալ, որովհետև ժամանակակից աշխարհում այդ երկարաբանությունները, պարբերականներին արված կամայական հղումները ոչ ոք չի կարդա: Ցանկացած հեղինակի խնդիրն է նյութն այնպես մատուցել, որ ընթերցող ունենա: Իմ հիմնական նպատակը կազմակերպության գաղափարները, գործունեության առանձնահատկությունները հանրայնացնելն է: Բայց ձևը շատ կարևոր է: Եթե ես էլ պատմագրություն անեի, կդառնար հերթական մի բան, որը կմատնվեր անտարբերության: Իսկ հիմա, թող ներվի ինձ իմ անհամեստությունը, պիտի ասեմ, որ գրքի 2000 օրինակը չորս-հինգ օրում եկան-տարան: Սրանում մեծ դեր ունի նյութի մատուցման՝ փոքր-ինչ անսովոր ձևը: Թող ներվի ինձ, որ ես ամեն ինչ չէ, որ հալած յուղի տեղ եմ ընդունել: Իհարկե, զրուցակիցս երկու-երեք ժամում լիովին համոզեց ինձ, որ ինքը նա է, ով ներկայանում է: Ես էլ անպատրաստ մեկը չեմ այդ ասպարեզում, ում հնարավոր է մոլորեցնել: Բացի այն, որ մոտս նշած տարեթվերը, գործողությունների իրականացման վայրերը Երևան գալուց հետո ստուգեցի-համեմատեցի հրապարակում եղած հավաստի աղբյուրների հետ, նաև վերընթերցեցի իմ սերնդին երիտասարդ տարիներից հայտնի Արթուր Հեյլիի «Օդանավակայան» վեպը, որում նկարագրված են Լինկոլնի օդանավակայանի իրադարձությունները՝ նույն 1970-ականների սկզբին: Չգիտեմ՝ ինչպես կընդունի իմ խոստովանությունը գրքիս հերոսը, եթե ձեռքն ընկնի այս հարցազրույցը, բայց ես պարտավորված եմ զգացել ստուգել-համեմատել նրա հաղորդած տվյալներն այդ վեպում նկարագրված պատմության հետ և համոզվել, որ Լինկոլնի օդանավակայանի նման օրինակելի կառույցում անգամ հնարավոր է եղել պայթուցիկ տանել օդանավ: ՈՒ դա արել է ուղևորը: Իսկ եթե ուղևորը կարող էր անել, օդաչուն կկարողանար ու կկարողանար: Իհարկե, վտանգը կար, մշտական լարվածությունը կար, մանավանդ այնպիսի երկիր իրականացվող չվերթերի ժամանակ, ինչպիսին է Թուրքիան, երկիր, որը լավ գիտի, որ ինքը ստեղծվել է արյան, ոսկորների ու ոճիրների վրա և չափազանց խիստ վերահսկողություն է իրականացնում համապատասխան տեղերում: Հետևաբար, այն ծառայությունը, որ գրքիս հերոսը մատուցում էր կազմակերպությանը, իսկապես անգնահատելի էր: Նա ինքը տեղով մի կազմակերպություն էր՝ կազմակերպության ներսում:
-Կասկածից վեր է, որ նա կիմանա Ձեր գրքի տպագրության մասին: Սպասո՞ւմ եք որևէ արձագանքի: Չէ՞ որ նրանից արդեն մի ծանուցում ստացել եք Երևանում՝ DVD սկավառակի տեսքով:
-Սպասում էի այդ հարցին: Նրա արձագանքը եղել է իմ մեծագույն մտահոգություններից մեկը: Այն արդեն ստացել եմ միջնորդավորված և, բարեբախտաբար, դրական է: Նույնչափ կարևորում էի այսօր մեր կողքին ապրող ASALA-ի վետերանների արձագանքը: Նրանք ևս հիմնականում խանդավառված են, փոխանցել են ինձ իրենց տպավորությունները, խոստովանել, որ ընթերցելիս վերապրել են իրենց ու նահատակ ընկերների անցած ճանապարհը: Սրանք ինձ համար ամենաթանկ, ամենակարևոր գնահատականներն են: Իհարկե, դրական են եղել նաև մյուս ընթերցողների արձագանքները: Գիրքը դեռ նոր է, դեռ նոր պիտի ամփոփ վերաբերմունք ու գնահատական ձևավորվեն նրա նկատմամբ: Թեման այնպիսին է, որ անտարբեր չի թողնի ոչ մեկին:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ