Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դրվագներ Կարեն Դեմիրճյանի և Մկրտիչ Սարգսյանի անձնական և աշխատանքային փոխհարաբերություններից

Դրվագներ Կարեն Դեմիրճյանի և Մկրտիչ Սարգսյանի անձնական և աշխատանքային փոխհարաբերություններից
08.09.2017 | 06:32

Կարեն Դեմիրճյանը եղել է և մնում է ղեկավարի իմ իդեալը...
Մկրտիչ ՍԱՐԳՍՅԱՆ

Հետստալինյան Խորհրդային Հայաստանի կյանքում ազգային զարթոնքի բոլոր հայտանիշներն առկա էին։ Ցեղասպանությունից վերապրած ժողովուրդը, Հայրենականի ահեղ կորուստներից պրկված, փորձում էր վերագտնել ինքն իրեն, իր խեղված ինքնությունը, որոնում էր իր կենաց ծառի կենսական արմատները, որ հնարավոր լիներ շարունակել դարավոր երթը այլևս անխոտոր, վերձիգ ճանապարհով։ Եվ այս տարիները դարավոր ճանապարհի բացառիկ հանգրվանը դարձան։
Խորհրդային կիսանկախ պայմաններում հասարակության մեջ ձևավորվում ու մարմին էր ստանում ազգային պետականության ուրվապատկերը։ Այն, որ անմատչելի երազանք էր թվում հարյուրամյակներ շարունակ ու սոսկ ուտոպիական գաղափար՝ մշտապես ընթանալու և ոչ հասանելու, ինքնակամա տեսագծվում էր հայաստանյան կյանքի բոլոր բնագավառներում՝ սահմանադրական իրավակարգի ու տնտեսության, քաղաքաշինության ու կրթության, ինքնաբավ էներգետիկայի, հատկապես գիտության, արվեստի ու գրականության բնագավառներում։ Հայությունը մեծ ներդրումով մասնակցում էր աշխարհի քաղաքակրթական առաջընթացին և տեսանելի էր դառնում քաղաքակիրթ աշխարհի քարտեզին, թոթափում էր իրեն զոհի բարդույթից ու հաստատում արժանապատիվ ապրելու իր աներեր իրավունքը։ Համակարգը ձևավորում էր հեռանկարի ավանդույթը։
Այդ տարիները նշանավորվեցին ազգային գաղափարախոսություն կրող (չնչին բացառությամբ) գործիչների` երկրի ղեկավարությունը ստանձնելու բարեպատեհ իրողությամբ։ Գործիչներ, ովքեր գիտակցում էին իրենց պատմական բախտորոշ դերը իրատեսական քաղաքական ընթացքի մեջ, ժողովրդի հավաքականության գերխնդրում և տեսնում էին հոգևոր և պետական հայրենիքների անընդմիջվող սահմանները, փորձելով հնարավորինս մոտեցնել, ի մի բերել, հաշտեցնել խորհրդային երկրի և հայության կենսական շահերը։


ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ պետական գործիչը այս մտայնության և միջավայրի ծնունդն էր։ Մեկը կենտկոմի այն առաջին քարտուղարներից (1974-1988), որ, գործելով կասկածի ու մեղադրանքի կրեմլյան դամոկլյան սրի ներքո, մինչև վերջ պահպանեց իր ազգային դիմագիծը, մանավանդ ազգային արժանապատվությունը։
Խորհրդանշական մի երկխոսություն է դրվագել Մկրտիչ Սարգսյանը անցյալի մեկ այլ քարտուղարի հետ զրույցից. «Գրիգոր Արտեմովիչին հարցրել են. «Թիկնապահդ երկու-երեք հարյուր մետր հեռվից գալով, ինչպե՞ս է պահպանելու քո անվտանգությունը»: «ՈՒմի՞ց պետք է պահպանի ինձ,- զարմացել է Գրիգոր Հարությունյանը,- մեր ժողովրդի՞ց։ Սրան դրել են, որ ինձ անմիջապես կալանի, երբ հրամանը գա վերևից...»։
Կարեն Դեմիրճյանի ղեկավարության շրջանում կատարելագործվել էր «թիկնապահի» կարգավիճակը, կարևորվել, վերաճելով կենտկոմի անիսիմովյան կոչվող քարտուղարի բարձր պաշտոնի։
Անուրանալի է այդ ժամանակաշրջանի հայ մտավորականության, գրական շատ գործիչների համառ ջանքը (Սիլվա Կապուտիկյան, Սերո Խանզադյան, Հովհաննես Շիրազ, Հրաչյա Հովհաննիսյան, Մկրտիչ Սարգսյան, Վարդգես Պետրոսյան, Պերճ Զեյթունցյան, Մուշեղ Գալշոյան, Հովհաննես Մելքոնյան և այլք), ովքեր ոչ թե ընդդեմ, այլ հանուն կարգախոսն էին ընտրել որպես սկզբունք իրենց գործունեության համար՝ հանուն ազատ զարգացման ու արարման, հանուն ազգային միասնականության, հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն հայոց լեզվի պահպանման, ներգաղթի ու կառուցման և այլն։ Գաղափարական շտամպի պայմաններում, հաճախ դրա ներսում՝ իր ընձեռած հնարավորություններն ու միջոցները կիրառելով, հաճախ պարզապես խիզախաբար առճակատելով ազգային ոգուն խորթ ու անհարիր դրվածքին, խորհրդահայ գրողները գրականություն էին բերում հայոց պատմության փառավոր ու դրամատիկ էջերը, դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի հերոսների կերպարները, Հայրենականի հայ զինվորի վրիժառության արյունոտ օրերն ու «հարուստ հոգևոր կյանքով ապրող» (Կ. Դեմիրճյան) ժամանակակից մարդու ներաշխարհը: Ծանրաբեռ իր ապրած ժամանակով և իր պատմական ճակատագրի դեմ հանդիման` կերտվում էր նոր մտածելակերպ, գրողը նաև պետական մտածողության խնդիր էր դնում։ Օրինակ, 1981 թ. վերլուծելով Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պատմավեպը, Մ. Սարգսյանը եզրակացնում է. «Հարցերի այն խումբը, որ առաջադրվում է հեղինակի կողմից մեր ժամանակակցին, լուրջ աղերսներ ունի պետական մտածողության, պետական կարգապահության, պետական գործչի քաղաքացիական կեցվածքի ու մտահոգությունների և այլ խնդիրների հետ, որոնք շոշափվում են նորովի...»: Ի՞նչ պետականության մասին է ակնարկում հեղինակը. պարզ է` ոչ խորհրդային. Արշակ Երկրորդ, հայոց արքա, հայոց գահ, թագուհի ու սպարապետ... «Այն տարիներին,- հետագայում նկատել է գրողը,- խոշոր քաղաքական տեղաշարժեր չկային, բայց կարծես կար ապագա վերափոխումների շունչը, մթնոլորտը լցված էր այդ փոփոխության հեռավոր արձագանքով...»:


Կարեն Դեմիրճյանը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց 1974 թ.: Մի զրույցի ընթացքում Մ. Սարգսյանը հիշատակել է, որ նրան ճանաչել է ավելի վաղ, քան առաջին դեմք դառնալը, դեռևս 60-ականներից՝ կուսակցական ապարատում (քաղկոմ) աշխատելու տարիներից. «Թեև ինձնից տարիքով փոքր էր, սակայն ճանաչում ուներ, նկատվում, առանձնանում էր որպես անհատականություն։ Դիրք էլ ուներ, հանրապետության արդյունաբերության բնագավառի պետերից էր։ Նրա առաջընթացը սկզբից ևեթ պայմանավորված էր իր իսկ աշխատասիրությամբ ու բանիմացությամբ։ Շարժիչ ուժը արժանիքն էր»։ Նրա արժանիքը նրա հարուստ էությունն էր, հայրենասերի խորաթափանցությունը, ինչպես նաև չաղարտված կենսագրությունը՝ զերծ կուսակցական ֆունկցիոներներին հատուկ նախորդ շրջանի սև բծերից կամ դեմագոգիկ կեցվածքից՝ ամենուրեք նացիոնալիզմ ու հակասովետիզմ փնտրող ու մեղադրող։ Նա ներդաշնակ էր իր միջավայրին ու ժամանակին։
Ահա և ճանաչելով նրան, հայ մտավորականը վստահում է, հավատալով, որ 60-ականների դժվարահաս ձեռքբերումները՝ ստեղծագործելու և խորհելու ընձեռված ազատությունները չեն վերանա ու կորչի, հյուսիսից փչող սառը հոսանքները չեն եղյամի հայ գրողի գրիչն ու հոգին։ Հատկանշական է, որ առաջիններից մեկը նորանշանակ գլավլիտի պետի` Գ. Մարտիրոսյանի (1977) աշխատասենյակն այցելածներից Մ. Սարգսյանն է եղել, որ անմիջական զրույցի ընթացքում նրան հորդորել է, թե՝ «քո ձեռքում հզոր իշխանություն կա, մեր ազգային գործին կծառայեցնես», իսկ այնուհետև ավելացրել. «Եղեռնի 50-ամյակին հասած մակարդակը պետք է պահպանել, նույնիսկ այդ մակարդակը պետք է ավելի բարձրացնել, դա պետք է քո՛ խնդիրը համարես, քեզ կօգնենք և առանց աղմուկի» (Մ. Սարգսյանը այդ շրջանում ՀԳՄ կուսքարտուղարն էր)։ Սակայն լսելով պետի տրտունջը գլավլիտի գործերին վերադասի՝ կենտկոմի և ՊԱԿ-ի համապատասխան բաժինների խիստ և անողոք միջամտության մասին, «խրոխտ» ավելացրել է. «Խոսիր Կարեն Սերոբիչի հետ, նա, որ քեզ բերել է այստեղ, քեզ կպաշտպանի»։


Այսպիսին էր վստահության աստիճանը։
1975 թ. մայիսին ՀԳՄ վարչության առաջին քարտուղար նշանակվեց Վարդգես Պետրոսյանը, որն այդ ժամանակներում վայելում էր Կ. Դեմիրճյանի լիակատար բարյացակամությունը, քանի որ դպրոցահասակ տարիներից ճանաչել էին միմյանց, եղել պարզ ու մտերիմ ընկերներ։ Գրողներից շատերը կարծում էին, որ, վայելելով առաջին քարտուղարի աջակցությունը միությունը կշահի, առավել կշիռ ու հեղինակություն ձեռք կբերի վերուվարում։ Միության առաջին քարտուղարի հետ փոխվել էր նաև վարչության ղեկավար կազմը՝ երիտասարդացել էր՝ 60-ականների գրական սերունդը ստանձնել էր գրական կազմակերպչի պատվարժան դերը։ Այդ նույն մայիսի 8-ի պլենումը վարչության քարտուղարներ էր հաստատել Պերճ Զեյթունցյանին և Լևոն Մկրտչյանին։ Ահա այդ օրերի մասին է վերհիշում Պ. Զեյթունցյանը, գրելով. «Երբ հարց առաջացավ քարտուղարի պաշտոնի նոր նշանակման, մենք՝ այն ժամանակվա ԳՄ երիտասարդ ղեկավարներս, մտածում էինք ո՞ւմ բերել միություն, և հարկ չեղավ երկար մտածելու։ Բանն այն է, որ մեր՝ երիտասարդներիս ներկայությունը այնքան էլ սիրով չէր ընդունվում ավագների կողմից, և մեզ հարկավոր էր համալրվել գոնե մի ավագով՝ հավասարակշռություն ստեղծելու համար։ Եվ, իհարկե, այդ ավագը պետք է ջահելներին ոչ միայն հանդուրժող լիներ, այլև սիրեր նրանց։ Պարզ չէ՞, որ այդ թեկնածուն Մուկուչը պիտի լիներ և ուրիշ ոչ ոք»։
Վարդգես Պետրոսյանը երկար համոզում է Մկրտիչ Սարգսյանին, քանիցս հրավիրել է ԳՄ, առաջարկել զբաղեցնել միության կուսակցական կազմակերպության առաջին քարտուղարի և վարչության քարտուղարի պաշտոնները։ Մ. Սարգսյանը մերժել է և բացատրել պատճառները:
Պաշտոնական, մանավանդ կուսակցական աշխատանքն իրենը չէր համարում, դրանք իրեն հոգեհարազատ չէին, նա առավել հակված էր ստեղծագործական բնույթի աշխատանքի, օրինակ, պատրաստ էր ստանձնելու գրական ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը և, իր բնորոշմամբ, տեսնելու իր աշխատանքի իրական պտուղները... «Իմ գործը մինչ այսօր թերթի, գրքի, գրական տեքստի հետ է եղել, առաջարկվող պաշտոններն ինձ համար չեն, դրանք, մի տեսակ, ընթացիկ գործեր են, բանավոր, կարծես աներևույթ։ Իսկ ես սովոր եմ «զանգ կախել», ոչ թե «ճառ ասել»...»։


Հոկտեմբեր ամսին Հայաստանում մեծ շուքով նշվում էր Ավետիք Իսահակյանի ծննդյան 100-ամյակը։ Հանդիսությունների շրջանակում Վարպետի ծննդավայրում բացվելու էր նրա քանդակը։ Կ. Դեմիրճյանի խնդրանքով Վ. Պետրոսյանի հետ Լենինական (Գյումրի) մեկնեց Մ. Սարգսյանը։ Այստեղ էլ առաջին անգամ տեղի ունեցավ նրանց առանձնազրույցը, որը պիտի վերաճեր երկարատև աշխատանքային փոխհարաբերության, մշտական շփումների ու քննարկումների՝ գրական կազմակերպության, հասարակական ու ազգային բազում հարցերի շուրջ։
-Ինչու՞ եք մերժում առաջարկը,- քարտուղարը դիմել է գրողին,- չէ՞ որ համեմատաբար երիտասարդ է ԳՄ նոր ղեկավար կազմը և նրանց օգնել է պետք, անհրաժեշտ է ավագի ներկայություն, միության ներսում փոխըմբռնման մթնոլորտ է պետք ձևավորել, տարբեր թևերի հավասարակշռություն է պետք, որ, մի խոսքով, ստեղծագործական միջավայր դառնա ԳՄ-ն և ոչ թե ինտրիգների ու խմբավորումների բեմահարթակ։
-Միշտ մտածել եմ, որ, մեղմ ասած, պաշտոնական աթոռը գրողի համար չէ, անհարիր է այն գրողի կոչմանը,- անկեղծորեն պատասխանել է Մ. Սարգսյանը,- հետո մի բան էլ կա. բարդ տեղամաս է, յուրաքանչյուր գրող առանձին, ինքնակա մի երևույթ է՝ հնարավո՞ր է 300-400 գրողի մի հարկի տակ մեկտեղել...
-Մեր օգնությամբ հնարավոր կլինի,- ժպտացել է Կ. Դեմիրճյանը։- ՈՒրիշ ի՞նչ «խանգարող հանգամանքներ» կան...
Մի պահ թերևս լռել է ապագա կուսքարտուղարը և.
-Իմ դոսյեն մաքուր չէ, Կարեն Սերոբովիչ,- հանկարծ ասել է նա։
-Ի՞նչ դոսյե,- զարմացել և լրջացել է Կ. Դեմիրճյանը։
-Դե գիտեք՝ կենտկոմի բյուրոյի կողմից խիստ նկատողություններ, «Եղիցի լույս», գլավլիտի կողմից սևեռուն ուշադրություն իմ գործերին, արգելանքներ, ներկայացված շքանշանի մերժում Մոսկվայից*... Սրանք ինչ-որ տեղ արձանագրվում են, չէ՞ ...
-Հենց Ձեր թվարկած այս առավելությունների համար էլ ես ցանկանում եմ, որ Դուք ընդունեք մեր առաջարկը, և աշխատենք միասին։ Իսկ «դոսյեի» մասին մի մտահոգվեք, պարզապես այն թողեք ինձ...,- և ձեռքսեղմումով փոխհամաձայնության են եկել զրուցակիցները։
ԳՄ-ում մոտ տասը տարի Մ. Սարգսյանը կրեց «դաբլ» քարտուղարի տիտղոսը, ինչպես կատակով դիմում էին նրան գրչընկերները. 1975-1984 թ.՝ կուսակցական կազմակերպության առաջին քարտուղար, 1976-1986 թ.՝ վարչության քարտուղար։
Եվ արդյունավետ եղավ նրանց համատեղ գործունեությունը։


ԳՄ կուսակցական կազմակերպությունը այլևս երբեք որևէ գրողի ստեղծագործություն, առավել ևս վարքագիծ չդարձրեց քննարկման առարկա՝ դատապարտելու, կուսակցական տույժի կամ նկատողության ենթարկելու նպատակով։ ՀԿԿ կենտկոմի բյուրոյում գրողին քաղաքական մեղադրանքներ այլևս չներկայացվեցին։ Փակվեց խորհրդահայ պատմության այդ ամոթալի էջը։ Կենտկոմի հետ ձևավորվեցին «խաղի նոր կանոններ»՝ խորհրդային բառապաշարը, ներառյալ ԽՍՀՄ իշխանության քաղաքական որոշումներն ու կարգադրությունները գաղափարական ոլորտում տեղայնացնելը, միայն կուսակցական ժողովների, արձանագրությունների, լրատվության համար էին կիրառելի, մինչդեռ գեղարվեստական ոճն ու թեման ազատ ճախրանքի ասպարեզ էին «հռչակված», իհարկե ամենատես գլավլիտի հսկիչ անցակետով պայմանավորված։

* Մ. Սարգսյանի 50-ամյակի նախօրեին՝ 1974 թ. ապրիլի 4-ին, Անտոն Քոչինյանը, հիմք ընդունելով ՀԿԿ կենտկոմի բյուրոյի որոշումը, ԽՄԿԿ կենտկոմ է դիմել՝ գրողին «Պատվո նշան» շքանշանով պարգևատրելու առաջարկությամբ։ Եվ թեև առաջին քարտուղարը բարձր է գնահատել գրողի վաստակն ու անցած ուղին, արժևորել հատկապես նրա պատերազմական թեմատիկան, որում արձակագիրը ներկայացրել է «իր սերնդի մարդկանց, որոնք իրենց ուսերի վրա են տարել պատերազմի ամբողջ ծանրությունը», անդրադարձել նրա մասնակցությանը ժամանակակից գրական շարժմանը՝ «նրա եռանդուն հասարակական դիրքորոշմանը կյանքի առաջադրած խնդիրների նկատմամբ» (Վլ. Պետրոսյան, Անտոն Քոչինյանի ժամանակը, 2013, էջեր 400-401), այնուամենայնիվ Մոսկվան գրողին շքանշանի չի արժանացրել՝ նրա գրական գործունեության մեջ ինչ-ինչ «անհանդուրժելի ստվերներ» հաշվի առնելով։ Որոշ ժամանակ անց՝ 1975 թ. ապրիլի 15-ին ՀՍՍՀ ԳԽ նախագահության հրամանագրով (նախագահ՝ Հովհ. Բաղդասարյան) Մ. Սարգսյանին շնորհվել է հանրապետության կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում։ Այսպիսով Ա. Քոչինյանը փորձել է հանրապետական մասշտաբի ամենաբարձր պարգևով «ուղղել» հայ գրողի նկատմամբ Մոսկվայի անբարյացակամ վերաբերմունքից առաջացած սխալը։


(շարունակելի)


Վահագն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4202

Մեկնաբանություններ