Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դրվագներ Կարեն Դեմիրճյանի և Մկրտիչ Սարգսյանի անձնական և աշխատանքային փոխհարաբերություններից

Դրվագներ Կարեն Դեմիրճյանի և Մկրտիչ Սարգսյանի անձնական և աշխատանքային փոխհարաբերություններից
15.09.2017 | 12:12

(Առաջին մասը)

Ահա տիպական մի դրվագ, որ հուշագրել է արձակագիր Վահագն Գրիգորյանը այդ օրերից. «Ժողովում պետք է քննարկվեր ԽՄԿԿ քաղբյուրոյի հերթական որոշումներից մեկը։ Ինչպես լինում էր նման դեպքերում, դահլիճն անուշադիր էր, շատերը տեղերում մասնավոր զրույցներով էին զբաղված, և Մ. Սարգսյանը, որ ի պաշտոնե դատապարտված էր կարդալու այդ մի քանի էջը, դադարեցրեց ընթերցումն ու ասաց.
-Չարչարվողը ես եմ, դո՞ւք եք տանջվում։ Մի հինգ րոպե լուռ նստեք, կարդամ պրծնեմ էս անտերից...
ԳՄ քարտուղարի և կուսկազմակերպության քարտուղարի կողմից քաղբյուրոյի «դարակազմիկ» որոշմանը տված «անտեր» բնորոշումն այնքան հմայեց դահլիճին, որ բոլորը, իրոք, լռեցին»։
Այս տարիներին կեղծ ու արհեստածին թեմաներ չպարտադրվեցին հայ գրողին։ Սոցիալական պատվեր հասկացությունը այլ ենթատեքստ ստացավ։ Գրողների բառապաշարից էլ հավիտյանս վտարվեցին քաղաքական շանտաժն ու պարսավանքը, որ կիրառվում էր միմյանց դեմ անողոք, դիմացինին ոչնչացնելու, աքսորի մատնելու մոլուցքով բռնկված։ (Այսպես մերկացավ գրական խանդն ու նախանձը իր բնական, անթաքույց, «անմեղսունակ» տեսքով՝ նաև միությունում կլան-թայֆաների ի հայտ գալով)։
Հայ մտավորականը շատ ավելի կարևոր մտահոգություններ ուներ այս տարիներին՝ դիմագրավելու համազգային հնչողության բազմաթիրախ ու տագնապալից սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց լուծման համար անհրաժեշտ էր համատեղել ջանքն ու տեսակետը։
Հետագայում բանաստեղծ Հարություն Հովնաթանի հետ մի զրույցում Մ. Սարգսյանը անդրադարձել է Կարեն Դեմիրճյանի այցելություններին և ընթացիկ հանդիպումներին գրողների հետ։ «ԳՄ կարող էր գալ առավոտյան ժամը 10-ին և ժամերով զրուցել։ Գրականությունից էր խոսում, և գրողները, որ առանձնապես լսելու սովորություն չունեն, հմայվում էին, քանի որ խոսքի մեջ կեղծ հնչյուն իսկ չկար։ Չեմ հիշում քաղաքական որևիցե մեղադրանք»։
ԳՄ կուսքարտուղարի հետ հաճախակի հանդիպում էր նաև կենտկոմի իր աշխատասենյակում ժողովներից առաջ կամ հետո և զրույցի թեման, ինչպես պատմում էր Մ. Սարգսյանը, մեր հասարակությանը հուզող խնդիրներն էին, որ այդ տարիներին բարձրաձայնում էին միայն հայ գրողները։ Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի դիպուկ և սրամիտ բնորոշումով՝ միակուսակցական երկրում միակ ընդդիմադիր, ազատախոս «կուսակցությունը» ԳՄ-ն էր, նրա միասնական տեսակետը։
Այսպես։
Ղարաբաղի ու Նախիջևանի հիմնախնդիրը մշտապես ԳՄ-ի տեսադաշտում էր և, թերևս, հանրապետության եզակի ամբիոններից էր, որ չէր դադարում, չէր նահանջում խորհրդային իշխանության արշալույսին կատարված պատմական անարդարության դեմ ծառանալուց, իր հստակ դիրքորոշումը արծարծելուց։ Համապարփակ հիմնավորումներով հայության զատված հատվածներին վերաբերող «փաթեթները» ծրարվում և շարունակ բախում էին կենտրոնական իշխանության գոց ու խուլ դռները, որոնք թեև անպատասխան էին մնում՝ ըստ էության, բայց օրակարգային վիճակում էին պահում հարցի քննությունը, արդար լուծման, վերադարձի հեռանկարը։ Սրան մեծապես «նպաստում» էր ադրբեջանական հակահայկական ոտնձգությունների, հայոց պատմության նենգափոխման, հայոց մշակութային ժառանգության ոչնչացման և սեփականացման դեմ հայ գրողների արժանի հակահարվածը։ Այլևս չէին լռում, ինչպես նախկինում, գիտակցելով, որ ինչպես էլ արդարացվի քաղաքական լիդերների կողմից «լռության դոկտրինը» (Ռ. Խաչատրյան), այն համաձայնության նշան է ընկալվում թշնամու կողմից, ավելի գրգռելով գազանի ախորժակը՝ ավելին հափռելու մոլուցքով տարված ստվարանում է հայության դեմ թուր ճոճող ադրբեջանցի վայ-գիտնականների բանակը։ «ՈՒ՞մ է ծառայում Զիա Բունիաթովը,- 1978 թ. հաշվետու վերընտրական ժողովի զեկույցում իրականության իրատեսական պատկերն է ներկայացնում կուսքարտուղարը,- այս հարցին կարելի է անվրեպ և անսխալ պատասխանել՝ պանթուրքիստական, պանիսլամական վարդապետությանը։ Անկարայի հակասովետական և հակահայկական հողմերը, երևում է, խիստ ախորժելի են և զեփյուռի նման շոյում են ակադեմիկոսի լսելիքը»։
Հանրապետությունում աճում էր ռուսական դպրոցների թիվը։ Երևանի կենտրոնում բոլոր օրինակելի դպրոցները, որոնք ունեին կրթական բարձր ցենզ (խրախուսման լավագույն միջոցը), ռուսական էին: «Հայկական դպրոցներում ռուսաց լեզուն պարտադիր է, բայց Հայաստանում ռուսական դպրոցներում հայերենը պարտադիր չէ, ինչո՞ւ...,- համագումարի ամբիոնից տագնապում է Հովհաննես Շիրազը։- Երեխաներին, նույնիսկ կաշառքով, խցկում են ռուսական դպրոցներ, այս ի՞նչ է կատարվում, այս ի՞նչ վարակ է տարածվում հայերի մեջ»: Վարակի դեմն առնելու ոչ հեշտին միջոցներ են մշակվում առաջին քարտուղարի աշխատասենյակում։ Առաջին հերթին պետք է բարձրացնել հայ մարդու ինքնագնահատականը, ազգային ինքնագիտակցությունը։ Շուտով Երևանի դպրոցներից մեկում ներդրվեցին հայոց լեզվի խորացված ուսուցում, գրաբար, փորձը հետագայում տարածելու նպատակով, հեռուստատեսությամբ հեռարձակվող «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը դարձավ ուսումնական հաղորդումներից ամենադիտարժանը, հետագայում՝ պետական մրցանակի դափնեկրի կոչումով և այլն։ «Հետաքրքիր է, Մկրտիչ Դիվինովիչ,- հանդիպումներից մեկի ժամանակ ասել է առաջին քարտուղարը,- հայոց լեզվի մտահոգությամբ կուրծք ծեծող գրողներից քանի՞սն են իրենց զավակներին ռուսական դպրոց ուղարկում։ Շա՛տ կարևոր է։ Մեր բոլոր ջանքերը ի դերև կելնեն, եթե չլինի անձնական օրինակը, դա սերնդի դաստիարակության լավագույն մեթոդն է և հետո իրենց հայերեն գրվածքները, եթե զավակները չեն ընթերցելու, ուրեմն թող չգրեն ուրիշների համար»։
1978 թ. Հայաստանում բուռն քննարկվում էր ԽՍՀՄ նոր սահմանադրությունը։ Զարգացած սոցիալիզմի դարաշրջանի հիմնական օրենքից վտարված էր «ՀԽՍՀ պետական լեզուն հայերենն է» սահմանումը։ Սուսլովյան չարամիտ ուղեղը գտել էր, որ պատմական տվյալ դարաշրջանում ազգային լեզուները արդեն ատավիզմ են։ ԳՄ կուսակցական ժողովից հետո, որը քննարկել էր նախագիծը և որոշում կայացրել այն մասին, որ անհրաժեշտ է լրամշակել այն, վերաձևակերպելով լեզվի մասին եզրույթը և մի քանի սկզբունքային վերափոխումներ կատարել նրանում, Կ. Դեմիրճյանը զանգահարում է կուսքարտուղարին.
-Ինչպե՞ս ընթացավ նախագծի քննարկումը ձեզ մոտ,- հարցին պատասխանում է Մ. Սարգսյանը.
-Մենք, Կարեն Սերոբովիչ, դեմ ենք նախագծին՝ այս տեսքով, լեզվի մասին հոդվածի բացակայությամբ այն չի կարող կոչվել ՀԽՍՀ Սահմանադրություն... Եվ այդպես էլ արձանագրել ենք։
-Հանրապետության մոտ երեք տասնյակ խոշոր կազմակերպություններ նույնպես դեմ են արտահայտվել նախագծի այդ բացին...,- մտահոգ ասել է Կարեն Դեմիրճյանը,- մենք մեր հերթին մտադիր ենք հիմք ընդունելով ձեր կայացրած որոշումները, հստակ կարծիք ներկայացնելու քաղբյուրո։
Պլենումի նախօրեին, որը պետք է հաստատեր նոր Սահմանադրությունը, Մ. Սարգսյանին է զանգահարում Վրաստանի ԳՄ քարտուղար Գեորգի Ցիցիշվիլին.
-Թանկագին Մկրտիչ, ի՞նչ է կատարվում ձեզ մոտ... Ասում են, հայերն «ապստամբել են»...
-Եթե Հայաստանի գրեթե բոլոր կուսակցական կազմակերպությունները դեմ են արտահայտվել Սահմանադրության նախագծին, ուրեմն համարեք, որ ապստամբել ենք...
-Իսկ մեզ մոտ, չես կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում. Թբիլիսիում ընդդեմ նախագծի բազմահազարանոց երթեր են, ցույցեր, տրանսպարանտներ են թևածում՝ «Հայերը մեզ հետ են» գրություններով, Կարեն Դեմիրճյանի մեծադիր նկարներով։ Մտքովդ չի անցնի՝ կանայք գնում են առջևից բաց կրծքով, վանկարկելով. «Մենք մեր երեխաներին կրծքով ենք կերակրում ու կաթի հետ ենք վրացերենը սերմանում։ Ոչ ոք չի կարող վրաց մանուկից խլել մայրական կաթն ու լեզուն...»։
Հետագայում միայն իմացվեց, թե ինչպես Կ. Դեմիրճյանի անկոտրում ջանքերի շնորհիվ վերականգնվեց լեզվի մասին դրույթը, որը զետեղվեց Սահմանադրությունում իր իսկ հեղինակած տեքստով, կանխելով զարգացած սոցիալիզմի քողի տակ հայ ու վրացի մանուկների մայրենին խլելու անհեռանկար փորձը։
1978 թ. Լիբանանում արաբ իսլամ և քրիստոնյա պատերազմող կողմերի բախման արյունոտ կիզակետում հայտնվեց հակամարտության ընթացքում չեզոք դիրք գրաված հայ համայնքը։ Հայերը զոհեր ունեցան, ենթարկվեցին թալանի ու ավերի։ Հիվանդանոցում բժշկվող 90-ամյա Մարիետա Շահինյանը անմիջապես արձագանքեց կատարվածին՝ միութենական մամուլի էջերում փոքր, բայց տարողունակ մի հայտարարությամբ, որի բուն բովանդակությունը հետևյալն էր` «Ձեռքներդ հեռու հայությունից»... ԳՄ-ն արտահերթ ժողով հրավիրեց՝ ինչպե՞ս կասեցնել տեռորը, ինչպես դադարեցնել կամայականությունը։ Ժողովականները դատապարտեցին կատարվածը, կոչ արեցին խորհրդային իշխանություններին միջամտել կոնֆլիկտին, հետագա բռնություններից զերծ պահել վտանգված ու անպաշտպան հայոց համայնքը։
-Այնտեղ մի անմեղ ժողովուրդ է կոտորվում ոճրագործի ձեռքով,- ժողովում բարձրաձայնում է Մուշեղ Գալշոյանը։- Լիբանանում իմ եղբայրն է մորթվում... Եղեռնից մազապուրծ... Ես ուզում եմ նրա կողքին լինել իմ պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու՝ խորհրդային հանրապետության, «այդ անճարների շուրթերին թրթռացող Մայր հայրենիքի հեղինակությունը» բարձր պահելու նպատակով։ «Նրանք, բեյրութահայերը, սփյուռքահայերը,- արմատախիլ եղած, քամու բերանն ընկած ծառ,- այլևս փրկություն չունեն»։ Թերևս միակ փրկությունը կլինի այն, որ ոչ թե խոսքով դատապարտենք, այլ Կարեն Դեմիրճյանը մեզ՝ թալինցի 20 զինապարտներիս, ընդամենը 20 կալաշնիկով ավտոմատ տրամադրի և մի ինքնաթիռով հասցնի Բեյրութ, մենք ինքներս կարգի կբերենք իրադրությունը,- շարունակում է Մ. Գալշոյանը և ավելացնում, որ տղաները պատրաստ են, սպասում են հրամանի։
Կենտկոմում նույնպես անհանգիստ իրավիճակ է՝ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի և փոխհարաբերությունների համատեքստում. Մոսկվան պետք է վերջապես հասկանա, որ «Հայրենիքի սահմաններից դուրս գտնվող հայերը ոչ թե էմիգրանտներ են..., այլ իրենց պատմական հողերից արտաքսված մարդիկ են» (Կ. Դեմիրճյան), ուրեմն մեր ժողովրդի զատված հատվածը, նրա ամբողջականությունը։
Օրեր անց կենտկոմում Կ. Դեմիրճյանը Մ. Սարգսյանին ասել է հետևյալը.
-Մուշեղին միանգամայն հասկանում եմ, սասունցու ոգին է մեջը խոսում, բայց գործը ավտոմատավորներին չի հասնի։ Խորհրդային իշխանությունն արդեն ակտիվ միջամտում է կոնֆլիկտին, շուտով այնտեղ իդեալական կարգ ու կանոն կհաստատվի։ Իսկ մենք այլ ձևերով կօգնենք մեր համայնքին, այնպես, որ թե՛ արաբ, թե՛ այլազգի հասկանան, որ նրանք անտեր չեն, պետություն ունեն թիկունքում...
«29 բեռնատար ինքնաթիռներ՝ օրը մեկը (հումանիտար- Վ. Ս.) օգնություն հասցրին Բեյրութ...,- փաստում է Ռիմա Դեմիրճյանը «Հիշատակ» գրքում:- Ակցիան հսկայական հոգեբանական ներգործություն ունեցավ ոչ միայն լիբանանյան համայնքի, այլ նաև ամբողջ Սփյուռքի վրա։ Առաջին անգամ միջազգային մակարդակով միութենական հանրապետությունը, նրա ղեկավարությունը և ժողովուրդը օգնություն ցուցաբերեցին արտասահմանյան եղբայրներին...»:
Պարբերաբար, 1976-ից սկսյալ, ԳՄ-ն կենտկոմին հարց էր առաջադրում. ճիշտ գնահատել և արժևորել հայոց գրական ժառանգությունը։ Ինչպես ռուս քաղաքական գործիչների լայնախոհության շնորհիվ իրար հաջորդելով լույս տեսան Կուպրինի, Բունինի, Ցվետաևայի և այլոց ժողովածուները հրատարակչական պատշաճ մակարդակով (հատորներով, գիտական ապարատով), որոնց անունները սերտորեն առնչվում էին սպիտակ էմիգրանտների հետ, և նրանք մեղադրվում էին հակասովետական ունեցած ու չունեցած հայացքների, «ծանր մեղքերի» մեջ, այնպես էլ փորձ էր արվում հայոց «էմիգրացիայից» վերադարձնել դաշնակցական կամ հակասովետական պիտակավորված հայ դասական գրականությունը։

*1985 թ., Ե. Չարենցի հուշարձանի (քանդ.՝ Նիկողայոս Նիկողոսյան) բացման արարողությունը Երևանում, ելույթ է ունենում գրականագետ Հրանտ Թամրազյանը, ձախից՝ Կարեն Դեմիրճյանը հանրապետության պետական և կուսակցական ղեկավարների հետ, աջից՝ Սարգիս Մուրադյան, Արփենիկ Չարենց, Սերո Խանզադյան, Էդվարդ Միրզոյան, Մկրտիչ Սարգսյան, Սիլվա Կապուտիկյան, Լևոն Մկրտչյան, Վահագն Դավթյան:


(շարունակելի)
Վահագն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ