Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դրվագներ Կարեն Դեմիրճյանի և Մկրտիչ Սարգսյանի անձնական և աշխատանքային փոխհարաբերություններից

Դրվագներ Կարեն Դեմիրճյանի և Մկրտիչ Սարգսյանի  անձնական և աշխատանքային փոխհարաբերություններից
24.09.2017 | 01:31

(Առաջին մասը)

Հայպետհրատում Մ. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում լույս էր տեսել Լևոն Շանթի «Ընտիր երկեր»-ի ժողովածուն (1968) և ստեղծվել «Սփյուռքահայ գրողներ» մատենաշարը։ «Լ. Շանթի միհատորյակի հրապարակ գալուց արդեն անցել են ութ երկար ու ձիգ տարիներ,- պլենումի ամբիոնից ասում է կուսքարտուղարը,- սակայն մեր թատրոնները տակավին չեն մոտենում, ավելի ճիշտ չի թույլատրվում մոտենալ նրա դրամաներին։ Լ. Շանթը վերստին արգելված անուն է նաև մեր մամուլի համար։ Ասացեք, խնդրեմ, քանի անգամ մենք ապրոբացիայի ենթարկենք Լ. Շանթի ստեղծագործությունը։ Իսկապես, ո՞րն է գաղտնիքը... Խնդրում ենք կենտկոմին պարզություն մտցնել այս հարցում և լռության տաբուն վերջնականապես հանել նրա ստեղծագործությունից։ Նաև թույլտվություն տալ մեծատաղանդ արձակագիր, հայ գյուղաշխարհի հրաշալի երգիչ Համաստեղի գործերը հրատարակելու համար, ինչպես նաև՝ Ե. Չարենցի մեծ պոեզիան առաջինը հայտնագործող և արժևորող Նիկոլ Աղբալյանի ստեղծագործությունների վերագնահատում...»:


Հիմնախնդիրը մասամբ լուծում է ստանում. Շանթը վերադարձավ թատերական և հեռուստատեսային բեմահարթակներ, թարգմանվեց ռուսերեն, նրա անունը վերականգնվեց բուհական դասագրքերում և այլն։ Համաստեղը հրատարակվեց շատ տարիներ անց՝ 1989-ին։
Զրույցի ընթացքում Կ. Դեմիրճյանը անկեղծանում է.
-Դուք՝ գրողներդ, Մկրտիչ Դիվինովիչ, ԳՄ-ում հաճախակի հանդիպում եք սփյուռքից ժամանած գրական գործիչների, թերթերի խմբագիրների հետ, հասկացրեք նրանց՝ քիչ գրեն խորհրդային երկրի դեմ, խորհրդային ապրելակերպի դեմ, ավելի լավ չէ՞ իրենց համայնքի, լեզվի, ազգի հրատապ խնդիրներով զբաղվեն, թե չէ փորձում են մեզ բան սովորեցնել, չե՞ք կարծում, որ լուրջ չէ...
Քիչ անց կրկին դիմում է զրուցակցին.
-Դուք իսկապես շատ եք առնչվում սփյուռքի գրողների, մամուլի հետ, կարո՞ղ եք մի ցուցակ պատրաստել այն պարբերականների՝ անկախ կուսակցական պատկանելությունից, որոնք անցնող տարում պոզիտիվ են անդրադարձել մեր երկրին, թեկուզ միայն գրախոսականներ հրապարակել մեր գրողների գրքերի մասին, կամ ընդհանրապես չեն գրել մեր մասին՝ ո՛չ լավ, ո՛չ վատ, չունեն ընդգծված հակասովետական կեցվածք, չեզոք են եղել...
-Ի՞նչ նպատակով, Կարեն Սերոբովիչ...
-Միջոցներ տրամադրելու դժվարին պայմաններում գոյատևող հայ մամուլին...
1978 թ. նոյեմբերի 19-ին Ստեփանավանում համազգային տոնախմբություն էր, նշվում էր Ստ. Շահումյանի ծննդյան 100-ամյակը, և քաղաքի կենտրոնական հատվածում տեղի էր ունենում մեծ հեղափոխականի տուն-թանգարան-հուշահամալիրի և Արա Հարությունյանի քանդակած վեհաշուք արձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Հանդիսության ժամանակ մտավորականության անունից ելույթ էր ունենալու Մ. Սարգսյանը։
Սակայն հանդիսությունից մի քանի օր առաջ կենտկոմի համապատասխան բաժնից պահանջել էին գրողից ելույթի գրավոր տեքստը՝ ընթերցելու։ Մ. Սարգսյանը նեղսրտել էր, զանգահարել Սուրեն Ավետիսյանին.
-Իմ ելույթները, Սուրեն, երբեք կենտկոմը կամ մեկ այլ վերադաս չի պահանջել նախապես ընթերցելու, ընդունված չէ, չլինի՞ ինչ-որ բան է փոխվում կենտկոմում, թե՞ անվստահության բացիլ կա։
-Չէ՛, Մկրտիչ, ոչինչ չի պատահել, պարզապես Մոսկվայից, ԽՍՀՄ կենտկոմից շատ հյուրեր ենք ունենալու, պրոտոկոլային պահանջ է,- եղել էր պատասխանը։
Ելույթը ուշադիր և մանրամասն ընթերցել էին կենտկոմում։ Նրբորեն «խմբագրել» այն։ Հիմնականում ավելացրել էին մակդիրներ ու տերմիններ կոմունիստական բառամթերքից։ Իսկ էջերից մեկի լուսանցքում ընթեռնելի ձեռագրով ավելացվել էր մի ամբողջ պարբերություն՝ ծաղկաքաղ Լ. Ի. Բրեժնևի «իմաստուն» մտքերից։
Կարմիր տրանսպարանտներով ու ծաղիկներով զարդարված բեմահարթակի վրա մի քանի շարքով կանգնած են ՀԿԿ կենտկոմի բյուրոյի ողջ կազմը, հյուրեր, Շահումյանի ազգականները և այլք։ Միկրոֆոնի մոտ է հրավիրվում Մ. Սարգսյանը.
-Հայաստանի աշունն այս տարի բերքառատ ու արգասաբեր եղավ ոչ միայն բերքուբարիքով, այլև մեր ժողովրդի հոգևոր կյանքին ու պատմական ճակատագրին առնչվող մեծագույն իրադարձություններով...,- սկսեց իր ելույթը Մ. Սարգսյանը, իսկ երբ հասավ նշված հատվածին, արտիստիկ կեցվածքով կանգ առավ, թեքեց էջը և հորիզոնական դիրքով ընթերցեց կենտկոմի հավելումը։ Բուռն ծափահարություններով հռետորը ավարտեց ելույթը և անցավ բեմահարթակի հետնամասը։
Քիչ անց Կ. Դեմիրճյանը հետևեց նրան.
-Ողջունում եմ,- սեղմել է նրա ձեռքը առաջին քարտուղարը,- գեղեցիկ ելույթ ունեցաք, հատկապես հրաշալի էին ավելացված հատվածները...,- և պայթել է ծիծաղը բեմի հետնամասում։
Հետագայում Մ. Սարգսյանը, թերևս, այս և նման իրողություններ նկատի ունենալով է արձանագրել. «Իմ իմացած, ճանաչած ղեկավար անձանց մեջ աչքի էր ընկնում, առանձնանում էր թե՛ արտաքին, թե՛ ներքին գեղեցկությամբ։ Հմայիչ մարդ էր... ՈՒներ հումորի արտակարգ զգացում, մարդու հետ վարվելու մեծ կարողություն, ոչ միայն գրագետ, այլև զարգացած ու բանիմաց էր»։
Խորեն Աբրահամյանը որոնումների արվեստագետ էր։ Չէր սիրում տրորված արահետներ։ Ակադեմիական նինջի մեջ չէր։ Մշտապես բեմի վրա նոր մոտեցումներ էր խաղարկում, փորձարկում նոր խաղաոճեր։
1985 թ., երբ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորն էր, նորովի բեմադրեց «Պեպոն»։ Սա հայ բեմի այն թատերգություններից է, որ թե միջավայրի, թե հոգեբանական, թե գաղափարական իր խորքերում միշտ հնարավորություն է տալիս նոր մեկնաբանության, նոր ելուղիների։
Խորեն Աբրահամյանի սենսացիոն Պեպոն տարբերվում էր իր բոլոր նախորդներից. ժամանակակից արտահագուստի մեջ էր հերոսը, նոր մարդ էր՝ արդարություն երազող, պճնված ու կիսամերկ կանանցով շրջապատված... Պրեմիերայի օրը դահլիճի հանդիսականները հայ անվանի արվեստագետներն ու գրողներն էին, ովքեր, մեղմ ասած, հիասթափված էին բեմադրությունից։ Այն չէր արդարացրել իրենց սպասելիքները, չկային թիֆլիսյան բարբառի համն ու հոտը, կոլորիտը, Պեպոյի արդարադատ պարզամտությունը...
Պրեմիերայի ավարտին, հենց թատրոնում, դեռևս տաք շնորհավորանքների մեջ, հանկարծ Կ. Դեմիրճյանը դիմում է Խ. Աբրահամյանին.
-Լա՜վ աշխատել էիք, դերասանական խումբը բեմի վրա պարզապես թևածում էր... Բայց ինձ մի հարց է հետաքրքրում, Խորեն. դու կարդացե՞լ ես «Պեպոն»... Չէ՞ որ, եթե ուշադիր ընթերցած լինեիր, էդ մերկ կանանց ու ջինսերով տղերքի հետ մեկտեղ բեմի վրա կհնչեցնեիր. «Բաս քու սրտի դավթարու՞մն էլ վունչիչ չկա գրած» բառերը։ Պեպոյի ամբողջ իմաստն ու փիլիսոփայությունը սրանում է։ Թե չէ...


«Գրեթե սպառիչ պատասխան տվեց ներկայացման հետ կապված բոլոր հարցերին,- վերհիշում է զրույցին ներկա գտնված Մ. Սարգսյանը։- Գրականության ու արվեստի մարդիկ նրան առարկելու բան չունեցան, քանի որ նրա ասածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ճշմարտություն... Խորեն Աբրահամյանն ինքը առարկելու ոչինչ չունեցավ։ Դեմիրճյանի շուրթերով, այո, ասվել էր ամբողջ ճշմարտությունը»։
1988 թվականի փետրվարին սկիզբ դրվեց հայոց ազգային միասնականության նոր տոմարի հաշվարկին։ Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ համախմբված՝ հայությունը կենտրոնին սահմանադրական «առաջարկ» ներկայացրեց, ԽՍՀՄ-ի գործող օրենսդրության շրջանակներում քաղաքակիրթ լուծում տալու արցախահայության կամարտահայտությանը՝ Մայր հայրենիքին միանալու վերաբերյալ։ Առաջին շաբաթների բազմահազարանոց միտինգները, երթերն ու ցույցերը ոտքի հանեցին ԽՍՀՄ իշխանություններին, որտեղ էլ սկիզբ էր առնում քաղաքական խարդավանքների, կիսատ-պռատ որոշումների և վերակառուցման հում գաղափարների գորբաչովյան ֆարսը։
Կ. Դեմիրճյանը եկավ Թատերական հրապարակ՝ «ի մի բերելու ձեռքբերումները», ինչպես նաև առաջարկելու դադարեցնել հանրահավաքները, հնարավորություն ընձեռելու Մոսկվայի վերին ատյաններին համակողմանի քննության, ըստ իր տեսակետի՝ հարցի աստիճանական առաջընթացի համար։
Մինչ առաջին քարտուղարի հարթակ բարձրանալը, օրեր շարունակ, շարժման խոսնակներից ոմանք ջանք չէին խնայել վարկաբեկելու Հայաստանի իշխանություններին՝ մեղադրելով նրանց անգործության, Մոսկվայի հլու հպատակը լինելու, ժողովրդից կտրված լինելու և այլ ծանր մեղքերի համար, այսպիսով, անվստահություն սերմանելով իշխանության հանդեպ, մի տեսակ, արջի ծառայություն մատուցելով շարժմանը, ջլատելով նրա հավաքական ուժը, զրկելով նույնիսկ վստահելի պետական այրերին շարժումը առաջնորդելու իրավունքից և այլն։ Իրականում հանրապետության իշխանական համակարգը իսկապես պատրաստ չէր դիմագրավելու ժողովրդական աննախադեպ հուզումին, մեկուսի էր և չէր տիրապետում իրավիճակին։ Այդ լարված օրերից Սիլվա Կապուտիկյանը մանրամասնել է մի էպիզոդ «Էջեր փակ գզրոցներից» գրքում (1997). «Դեմիրճյանի դեմքին, սովորական իրոնիայի փոխարեն, մտահոգություն կար, անելանելի իրավիճակի ծանրություն։ Նա շատ ավելին գիտեր, քան մենք բոլորս»։ Ի դեպ, Ադրբեջանում ճիշտ հակառակն էր կատարվում, հակահայկական ատելությամբ բռնկված ամբոխը համախմբվում էր իշխանության շուրջ՝ հանդիսանալով նրա թաքուն և բացահայտ նկրտումների, նաև ոճրագործությունների, կամակատարը։


...Եվ այսպես, ծովացած էր հայությունը մայրաքաղաքի փողոցներում. ելույթի ավարտից հետո ոստիկանական մի ավտոմեքենայի ուղեկցությամբ առաջին քարտուղարի սև «Վոլգան» դանդաղ սահում էր բազմության միջով։ Հրմշտոցով, ալիքվելով, խռնված մարդիկ միջանցք էին բացում մեքենաների համար դեպի Բաղրամյան պողոտա։ Ահա այս թոհուբոհի մեջ ես և ուսանողական ընկերներիցս մի քանիսը ակամայից հայտնվեցինք Կ. Դեմիրճյանի ավտոմեքենայի մոտ և հպվեցինք նրան։ Այդ պահին դանդաղ իջավ դռան անթափանց ապակին և հայացքը դեպի մեզ ուղղած, թափահարելով բռունցքված ձեռքը, բացականչեց.
-Ես ձեր ցավը տանեմ, տղե՛րք, հուպ տվեք մինչև վերջ...
-Լսեցի՞ք,- շրջվեցի դեպի իմ ընկերները,- Կարեն Դեմիրճյանը մեզ հետ է։
Ծանր հիվանդությունից հետո Մ. Սարգսյանը հիմնականում տանն էր լինում, այլևս չէր պաշտոնավարում ԳՄ-ում, և ես շտապեցի հայտնել նրան այդ օրվա իմ տեսածն ու լսածը։ Իր աշխատասեղանի առջև նստած (գրում էր «Գրիգոր Նարեկացի» պատմավեպը), լսեց և առանց զարմանքի ասաց.
-Իսկ դու կասկածու՞մ էիր... Կ. Դեմիրճյանը էրզրումցու և վանեցու զավակ է, կորցրած երկիր ունի, ինչպե՞ս կարող է անմասն մնալ իր ժողովրդի շարժումից։ Ձեռքերը լվացած։ Անհնար է։ Ամենամեծ պատասխանատվությունը այսօր նրա ուսերին է ընկած... Մենք բոլորս նույն տապանում ենք... Ինչու՞ չարախոսել, պարզ է՝ փորձում են ամայացնել շրջապատը, որ իրենք երևան այդ ամայության մեջ։ ՈՒ՞մ ջրաղացին են ջուր լցնում: Նրանց վստահելու՞ եք վաղվա օրը...

1999 թ. հոկտեմբերի 27-ը ըստ Մ. Սարգսյանի՝ դիվերսիա էր մեր Ազատության ու Անկախության դեմ. «ու՞մ էր ձեռնտու» հարցադրումը այսպես «պարզաջրեց» ականատես գրողը։ Ազգադավի ոճիրը տեսանելի ու հեռագնա նպատակներ էր հետապնդում:
Հազվադեպ մի իրավիճակ էր, երբ ՀՀ-ն սկսել էր վարել ներքին և արտաքին անկաշկանդ ու ինքնիշխան քաղաքականություն, երբ ձևավորվել էին ժողովուրդ և իշխանություն լիարժեք փոխըմբռնման պայմաններ, տնտեսական առաջընթացի նախադրյալներ և, ի հակակշիռ տարածաշրջանում ձևավորվող զանազան դաշինքների ու ծրագրերի, առանձնակի կշիռ ու հեղինակություն էր ձեռք բերում «հայկական գործոնը»։
«Նրան ժողովուրդը կանչեց»,- արձանագրել է Մ. Սարգսյանը, նրանում տեսավ իր ապագայի ճարտարապետին, ով գիտեր՝ ի՛նչ անել, ով հասկանում էր ժողովրդի հալից և գալիս էր անհուսության ու աղքատության փոսից նրան հանելու նպատակով, «ժողովրդին ծառայելու երդումով», ծառայելու որդիաբար... «Ժողովուրդը հոգնել էր ՀՀՇ-ից, խաբկանքներից, թալանից, ստորացումներից, հեռանկարի անորոշությունից։ Դեմիրճյանի նախընտրական հանդիպումները ժողովրդի հետ՝ կարոտած մոր և որդու հանդիպումներ էին։ Համբուրում էին, ոտքերի տակ ոչխար էին մորթում։ Ծեր կանայք խաչակնքում էին նրա երեսը, իսկ նա որդիաբար փաթաթվում էր նրանց՝ համբուրելով, Տերյանի պատկերավորությամբ ասած՝ ձեռքերը մաշված ու բարակ»...


Այդ օրվա անքուն գիշերը նա գրեց.
Գնդակները հայի
դիպան հայի սրտին,
Եվ արյունը խեղդեց
և՛ սեր, և՛ երազանք,
Կանգնել ենք շփոթված
մութ անդունդի շուրթին,
Ամոթահար և կույր. հայեր,
այս ո՞ւր հասանք...

Վիրավորանքի, համազգային ամոթի ծանր ապրումներով, երբ անելանելիությունից ու ինքնախարազանումից, հուսախաբությունը պաշարել էր բոլորին և կասկածը, թե՝ Չարենցի խոսքերով՝ գուցե ուղեղային մորմոք է հայի «հին, քաղաքակիրթ, իմաստուն» լինելու առասպելը, Մ. Սարգսյանը համախմբման տագնապ հնչեցրեց, որ այլևս երբեք ճաք չտա ու չսասանվի հայոց պետականության տաճարը։ Այսուհետ «չարության փոխարեն բարության ամրոց-հայրենիքը պիտի կառուցենք», «ուր մարդիկ սիրեն իրար, սատարեն իրար, ուրախանան իրարով, և տխրեն այն ամենով, ինչը խանգարում է...»: Իսկ Կ. Դեմիրճյանը՝ «հայրենասերի իր վառ կերպարով... կմնա մեր ժողովրդի մեջ որպես ոգի, որպես հոգևոր հարստություն»:


Վահագն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2242

Մեկնաբանություններ