Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դժոխքից արտաքսվածը կամ տականքի խոստովանությունը

Դժոխքից արտաքսվածը կամ տականքի խոստովանությունը
26.01.2018 | 10:58

«Եվ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից…»
ԾՆՆԴՈՑ, 3, 23

«Может быть» ты сознательно недосоздаешь нас« чтобы мы сами завоевали окончательное право быть человеком».
«Дневник», Юрий НАГИБИН

«Գուցե Աստված էլ ինչ-որ պահ
հոգնած փակում է դեմքն իր ափով`
շշնջալով՝ ինչու՞ ստեղծեցի…»:
Վահան ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Դատարկ բեմի կենտրոնում մի տղամարդ կա ծնկաչոք, ոտաբոբիկ, մարմինը ծածկված ցնցոտիներով, ողողված լույսի մի հզոր ճառագայթով, որի աղբյուրը վերևում է, ասես երկնքից իջնի: Շուրջբոլորը սև է, անթափանց խավար: Նա ձեռքերը միացրել է իրար, աղաչա՞նք է դա, թե՞ պատրաստվում է աղոթելու: Աղերսագին հայացքը հառել է վեր, դեպի լույսի աղբյուրը:
Այո, Տեր, ես մեղավոր եմ, ես իսկապես հանցագործ եմ, ավելին՝ ոճրագործ, եղեռնագործ: Այո, կասեմ, չեմ վարանի՝ ես զազրելի, եղկելի, եպերելի, նողկալի, պժգալի, քստմնելի արարած եմ: Այդ էլ կասեմ: Ես վիժվածք եմ, հրեշ, ճիվաղ, գարշանք: Մի խոսքով, կատարյալ այլանդակություն: Դարձյալ քի՞չ է: Այո, ես կեղտ եմ, ապականության մարմնավորում, ոջիլ, աղտեղություն, թրիք, շան կղկղանք: Դարձյա՞լ, Տեր: Ասում ես, թե այդ բառերով իմ բուն էության մի մա՞սն է արտահայտվում լոկ: Իրավացի ես, Տեր: Այդ դեպքում թույլ տուր մի բառով ասել ու վերջացնել: Ոչ, ոչ, Տեր, ես նպատակ չունեմ որևէ բան մեղմելու, և ինչպե՞ս կարող եմ Քո ամենատես աչքի առջև... Մի բառ՝ կարճ ու հատու, ընդամենը երկու վանկ, և ամեն ինչ ասված կլինի. ես տականք եմ, իսկական տականք, ահա թե ով եմ ես: (Գոհ ժպտում է): Հապա ի՞նչ էի ասում:


Մթություն: Տղամարդը խավարի մեջ դեսուդեն է ընկել: Հուսահատ և անկանոն վազք է, ասես ելք է փնտրում, լավ իմանալով, որ չի գտնելու: Լույսի մի թույլ շող է հայտնվում: Նա կանգնել է կիսախավարի մեջ:
Բայց, ընդունիր, Տեր, որ ես այդպիսին չեմ եղել իմ ամբողջ կյանքում: Ես մաքուր եմ եղել, ազնիվ, այլասեր: Եվ նույնիսկ... չես հավատա: Նույնիսկ պատրաստ եմ եղել իմ անձը զոհելու հանուն վեհ գաղափարի: Դու պիտի հիշես այդ տարիները: Տասնհինգ-տասնվեց տարեկան պատանիներ էինք, դասերից փախչում գնում էինք քաղաքից հեռու՝ անտառում, ձորակների մեջ զինավարժություններ անելու, հայրենասիրական երգեր երգելու: Մի՞թե չես հիշում: Մահապարտների խումբ էինք ստեղծել, կանոնադրություն մշակել, երդում տվել, որ մեր կյանքի գնով պիտի հայրենիքն ազատագրենք:
Ասում ես՝ մանկական խաղե՞ր էին: Այո, գուցե, բայց ես անկեղծ էի, ազնիվ զգացմունքներով լի: Օ՜, իմ կյանքի լավագույն օրերն էին դրանք:
(Պոռթկալով, հիստերիկ): Սո՛ւտ է, ես չեմ մատնել:
Խայթվածի պես ցնցվում է, ծնկի իջնում:


Օ՜, ներողամիտ եղիր, Տեր: ՈՒզում եմ ասել, որ Քեզ սուտ լուրեր են հասցրել: Այլ խոսքով, զրպարտել են ինձ: Իհարկե, իհարկե, Դու ինքդ ես տեսնում մեր բոլորի գործերը: Արդ, մի՞թե չտեսար, Տեր, որ ես իմ միամտության, դյուրահավատության, ավելի շուտ իմ պարծենկոտության զոհը դարձա: Պարզապես ցանկացա այդ աղջկան դուր գալ, ավելի անկեղծ ասած՝ գլուխ գովել: Ո՛չ, ո՛չ, ես չգիտեի, որ նրա հայրը օրգանի աշխատող է: ՈՒրեմն, ասում ես՝ գիտեի և միտումնավոր էի պատմու՞մ: Հաջորդ օրվա արշավին ես չգնացի, որովհետև հիվանդ էի: Ճիշտ է, ես դուրս եկա բակ, բայց ոչ թե խաղալու, այլ մաքուր օդ շնչելու: Հայրս պնդեց... Իբր մաքուր օդն օգտակար է գրիպը բուժելու համար:
Այդ էլ գիտե՞ս, Տեր: ՈՒրեմն, իսկապես, քեզնից ոչինչ չի լինի թաքցնել:
Հետո՞: Ես մոռացել եմ, թե հետո ինչ եղավ: Անկեղծորեն, իսպառ մոռացել եմ: Սակայն հիշում եմ, որ ոչ մեկը չտուժեց, չաքսորվեց, բանտ չնստեց: Պարզապես մի երկու հոգու հեռացրին դպրոցից: Ընդամենը այդքանը: Ինձ ինչու չհեռացրի՞ն: Դե, ասացի, ես այդ օրը հիվանդ էի: Եվ այնուամենայնիվ դա համարում ես մատնությու՞ն: Շա՜տ խիստ ես, Տեր իմ, անողոք: Նույնիսկ մեղա եկա՞: Այն էլ կոմերիտական ժողովու՞մ: Դատապարտեցի իմ զինակից ընկերների՞ն: Այդպիսի բան չեմ հիշում, Տեր: Անկեղծորեն եմ ասում... Մի՞թե կարող էի այդ աստիճանի ստոր լինել:


(Անսպասելի ուրախացած): Հա՞, ասում ես՝ անկեղծ խոստովանությունը կթեթևացնի՞ պատիժը: Այսինքն՝ մեր դատարանների նման եք աշխատում: Որ այդպես է, կջանամ իսկապես անկեղծ լինել, ինչպես ասում են՝ համագործակցել, և հուսամ որպես հատուցում Դրախտի ամենաանշուք, ամենահամեստ, ամենաաննկատ անկյուններից մեկը կտաք ինձ: Հետո կերևա՞: Ես իսկապես անկեղծ կլինեմ, Տե՛ր, ոչինչ չեմ թաքցնի, մանավանդ որ հիշողությունս կարծես թարմացավ: Այո, բոլոր մանրամասներն աչքիս առջև են, միայն թե, Տեր, մեր երկրային դատարանների պես չանեք, երբ ամեն ինչ անկեղծորեն խոստովանում ես, բայց պատիժդ չի թեթևանում: Որովհետև ինձ նմաններն են դատավոր կարգվա՞ծ: Իրավացի ես, Տեր, ինձնից ավելի վատերը:
ՈՒրեմն, այսպես, այդ իրադարձությունը հանգուցային եղավ ամբողջ կյանքիս համար, և որ հիմա ես այստեղ եմ՝ քո ահեղ դատաստանի առջև, պատճառը գուցե հենց այդ չարաբաստիկ... Դու պահանջում ես, որ երևույթներն իրենց անունով կոչե՞մ: Այո, սիրով, չէ որ ես ինքս մեկ բառով որոշեցի, թե ով եմ ես՝ իսկական տականք: Դա և՞ս հաշվի կառնվի: Օ, ի՜նչ մեծահոգի ես, Տեր, բարեգութ և ամենողորմ:


Արդ, այդ չարաբաստիկ մատնությունը վճռորոշ դարձավ հետագա կյանքիս համար: Օրինակ, ես երբեք չեմ փայլել ուշիմությամբ և ջանասիրությամբ: Ես սովորական աշակերտ էի՝ ոչ շատ լավ, ոչ շատ վատ, մի խոսքով՝ միջակ: Այո, կատարյալ միջակություն, բայց այդ դեպքերից հետո իմ գնահատականները բարձրացան, ես գրեթե գերազանցիկ դարձա: Ճիշտ է, պատմության ուսուցիչը շարունակում էր երեք և նույնիսկ երկուս նշանակել, և ես հասկանում էի, թե ինչու... Նա չէր սիրում ինձ և իր արհամարհանքը չէր թաքցնում: Եվ գիտե՞ս ինչն էր ցավալին. պատմությունը միակ առարկան էր, որը սիրում էի:
Դու լավ գիտես, Տեր, որ ես նրա հախից եկա... Իմ սովորական խնդրանքը բավական եղավ, որպեսզի նրան հանրամատչելի լեզվով բացատրեն, թե ինչն ինչոց է: Եվ ըստ երևույթին համը մի քիչ հանել էին: Պարզ ասած, ես ստորացրել էի այդ պատկառելի ծերունուն, որը դեռևս հեղափոխությունից առաջ ուսում էր ստացել Գերմանիայում: Նա 37 թվական էր տեսել: Ճիշտ է՝ ժամանակները փոխվել էին, բայց ծերուկը լավ գիտեր, որ օրգանների հետ կատակ անել չի կարելի: ՈՒստի նա էլ սկսեց մյուս ուսուցիչների նման ինձ բարձր գնահատականներ դնել:
Սակայն դա չէր կարևորը: Ես հասկացա, որ ես՝ լակոտս, իմ ամբողջ ոչնչությամբ հանդերձ, ուժ եմ ներկայացնում: Ճիշտ է, այդ ուժը ուղղակիորեն ինձնից չէր գալիս, այլ անմատչելի, աներևույթ մի տեղից, բայց հենց դրանով էր ազդեցիկ ու խորհրդավոր: Եվ ես սիրեցի այդ ուժը, ես հասկացա, որ պետք է ավելի մոտենամ նրան, նրա բացառիկ արտոնյալը դառնամ: Միաժամանակ ես սկսեցի հասկանալ, որ երկար ճամփա ունեմ անցնելու, որպեսզի կարողանամ ավելի ազատ, ուզածիս չափ օգտվել այդ ուժից:


Օ, ինչե՜ր էին անցնում իմ մտքով, ինչպիսի՜ քաղցր երազանքներ էի փայփայում: Բայց արբեցումն անցնում էր արագ, և ես հայտնվում էի նորից իմ անշուք գոյության մեջ, որն ինձ ասում էր դաժանորեն, թե ով եմ ես: Այո՛, Տեր, ես հստակորեն գիտակցում էի, որ ընդամենը մի ողորմելի արարած եմ, և հենց դա էր ինձ մղում նոր ստորություններ անելու, քիթս ամեն տեղ խոթելու: Եվ ինձնից գոհ էին, խրախուսում էին, նվերներ տալիս:
Ես արդեն տասնյոթ տարեկան էի: Բարեհաջող ավարտեցի դպրոցը և, ինչպես որ սպասվում էր, հեշտությամբ ընդունվեցի համալսարանի պատմագիտական բաժինը: Ահա այստեղ էր, որ բուռն գործունեություն ծավալեցի: Հանձնարարությունները հիմնականում հետևյալն էին. ես պետք է աշխատեի ոչ մի բանով աչքի չընկնել, ավելի շատ պիտի լսեի, քան խոսեի, իսկ խոսելու դեպքում պիտի աշխատեի զրույց հարուցել մեզ հետաքրքրող նյութի շուրջ: Այո, «մեզ»: Եվ քանի որ «մեզ» հետաքրքրում էր ամեն ինչ, ապա կարող ես պատկերացնել, թե որքան շատ էր «մեր» գործը:
Ես պետք է լրտեսեի իմ ուսանող ընկերներին, դասախոսներին, հարևաններին, իմ հեռավոր ու մոտիկ ծանոթներին և անգամ ազգականներին: Միայն հորս ու մորս մասին մատնագիր չստորագրեցի, սակայն իմ շրջապատում գտնվող գրեթե բոլորը դարձան իմ ախտագին հետաքրքրասիրության առարկան: Ոմանց մասին նույնիսկ մի քանի անգամ գրեցի:
Օ՜, ես հսկայական մի ժառանգություն եմ թողել նրանց արխիվներում: Եվ ի՜նչ փառահեղ էջեր կան այնտեղ: Այո՛, այո՛, Տեր, ես հոգի եմ դրել այդ գործի մեջ, ոճ մշակել, նախադասություններ հղկել, բառեր զատել: Ինչպիսի՜ լեզու էր, ինչպիսի՜ նրբին դիվանագիտություն, երկիմաստության ինչպիսի՜ խաղեր, էպիտետների ինչպիսի՜ առատություն:


Դա քեզ զարմացնու՞մ է, Տեր: Նույնիսկ վրդովմու՞նք պատճառում: Բայց դա իմ ստեղծագործությունն էր, իմ արարումը, վերջապես իմ պայքարը: Օ՜, եթե մի հրաշքով այդ բոլոր էջերը վեպեր, պատմվածքներ ու բանաստեղծություններ դառնային, հիմա ես Շեքսպիրի, Գյոթեի և Հյուգոյի փառքը կունենայի: Բայց, ավա՜ղ, այդ ոսկի էջերն ընդմիշտ փակված են դժնի արխիվներում և ամենաշատը երկու-երեք հոգու ուշադրությանն են արժանացել:
Տեր, ես զգում էի, որ իմ մեջ ձիրքեր ես դրել, և երազում էի ողբերգակ դերասան դառնալ կամ մեծ բանաստեղծ, ազգի ցավերի երգիչ: Չէ՞ որ ես հայրենասեր էի: Չէ՞ որ վսեմ նպատակներ ունեի: Երբեմն-երբեմն, հոգու խորքում ամաչում էի ինքս ինձնից, որ այդպիսի ստոր գործով եմ զբաղված, եթե, իհարկե, դա կարելի էր գործ անվանել: Միաժամանակ գլուխ էր ցցում իմ ճղճիմ էությունը, որն ասում էր, թե կարող եմ ազդել կարևոր մարդկանց ճակատագրերին, նրանց բախտը որոշել: Մանավանդ որ նոր ժամանակներ էին սկսվում ինձ համար:
Համալսարանն արդեն ավարտել էի, ինչպես միշտ՝ ոչ լավ, ոչ էլ վատ, միջակությունն ու անշուքությունն արդեն դարձել էին իմ ճակատագիրը, իմ անջնջելի խարանը: Ա՜խ, եթե մի բանով աչքի ընկնեի, գոնե մի քիչ փայլեի, հիմա ուրիշ ճակատագիր կունենայի: Ինչ-որ է, դա չխանգարեց, որ առանց որևէ դժվարության ասպիրանտուրա ընդունվեմ, ավելին՝ օգնեց, քանզի ինձ նման գորշությունների առջև կանաչ ճանապարհ էր բացված: Ես ոչ մեկի աչքը չէի ծակում, ոչ մեկին չէի խանգարում, չասած այն մասին, որ ինձ համար ինչպես պետք էր և որտեղից պետք էր միջնորդել էին:


Իմ հեղինակությունն արդեն բարձրացել էր նրանց աչքում, և ինձ նոր, ավելի կարևոր հանձնարարություններ էին տալիս: Չնայած երիտասարդ տարիքիս, ես արդեն հայրենասերի, ազատախոհ մտավորականի համբավ ունեի, քչից-շատից գրում էի, նույնիսկ մամուլում մի քանի անգամ հանդես եկա այսպես ասած համարձակ հոդվածներով: Եվ այս ամենն ինձ օգնեց, որ գրողների և արվեստագետների շրջանակ թափանցեմ:
Սկզբում նրանց հետ հանդիպում էի սրճարաններում, խմում էի հետները, որպես հավասարը-հավասարի զրուցում կարևոր նյութերի շուրջ, վիճում, կռվում, նույնիսկ գժտվում, հետո նորից բարեկամանում: Բոլորը սիրում էին ինձ, վստահում: Նրանց համար ես ազնիվ ու պարկեշտ մի երիտասարդ էի և, ամենակարևորը՝ փայլուն ապագա ունեցող մի պատմաբան:
Հետո՞... Հետո՝ ի՞նչ... Հետո դիսերտացիայի պաշտպանություն եղավ, դարձա թեկնածու: Մի քանի տարի չանցած դարձա դոկտոր: Պատմագիտության մեջ որևէ հեղաշրջում չարեցի և չէի էլ կարող անել: Ինձ նմաններով լցված էր գիտության ասպարեզը:


Տեր, դու լավ գիտես, թե որն է իմ դժբախտության հիմնական պատճառը: Ոչ մի բանում ամբողջական չեղա, կիսատ-պռատ մարդ էի: Ո՛չ լավն էի, ո՛չ՝ վատ, ո՛չ անտաղանդ, ո՛չ էլ տաղանդավոր, ո՛չ չար, ո՛չ՝ բարի, և վերջապես, ոչ պարկեշտ, ոչ էլ անպարկեշտ: Եթե մի լավ բան էի անում, մեջն անպայման մի կեղտ կար, իսկ ստորություն անելիս էլ ինչ-որ տեղ, ինչ-որ պահի խղճի խայթ էի զգում: Տեր, մի՞թե չէիր կարող ինձ արարել որպես մի ավարտուն, որպես մի ամբողջական տականք: Կամ թե գաղափարի անմնացորդ նվիրյալ դարձնեիր, որ մենակ ու անվեհեր քայլում է ընդդեմ բոլոր արհավիրքների: Ինչպե՞ս կարելի է միաժամանակ սատանային պաշտել և Քեզ: Այո՛, հոգուս խորքում քո ներկայությունն էի զգում երբեմն, բայց գործով ծառայում էի սատանային:
Ես գիտեմ, որ մենք՝ խեղճ մահկանացուներս, չարի և բարու մշտական պայքարի ասպարեզ ենք: Մի՞թե քո շնորհներին արժանանալու համար ամեն օր, ամեն ժամ պիտի փորձության ենթարկվենք: Ծանր է, Տեր, այդ պայքարը, մոլորությունները՝ անհատնում, սատանայի գայթակղություններն էլ անհաղթահարելի: Հիմա եմ հասկանում, թե ինչպիսի կորով ունեն սրբերը, որ կարողանում են հաղթական դուրս գալ այդ մշտական պայքարից: Մինչդեռ ես ամեն անգամ դժվարին ընտրության առջև կանգնելիս դյուրին լուծումներն էի ընտրում և հեռանում քեզնից:


Ես արդեն հակակրանքով էի նայում ինքս ինձ: Իմ ամեն ուրախության մեջ թույն կար խառնված, բայց ես ուժ չունեի դուրս գալու մեղքի կախարդական շրջանակից: Գոնե վերջնականապես լքեիր ինձ և իսպառ թողնեիր սատանայի քմահաճույքին: Ասում ես՝ երբեք չես լքում մարդուն:
Բայց դա դաժան է, Տեր: Առանց քեզ իմ կյանքն ավելի դյուրին կլիներ, սակայն դու ծվարել էիր իմ մեջ, հոգուս հեռավոր մի անկյունում, որպեսզի մշտական տառապանքների ճարակ դարձնեիր ինձ:
Եվ ես փորձեցի քեզ քշել իմ միջից կամ գոնե ձայնդ լռեցնել: Ես դիմեցի ստուգված միջոցին՝ խմիչքին, որին անմիջապես հաջորդեց թղթախաղը, իսկ դրանցից դեպի թմրամոլություն ընդամենը կես քայլ էր:
Ես գիտակցաբար և հետևողականորեն ուծացնում էի ինձ, բթացնում և խլացնում, որպեսզի չլսեմ քո ձայնը: Դարձել էի եղկելի մի երևույթ, կատարյալ մի խլյակ: Կինս հեռացավ՝ տանելով իր հետ երկու երեխաներին, ընկերներս երես թեքեցին: Գործի տեղը մի կերպ հանդուրժում էին ինձ:


Չնայած լավ էի վաստակում, սակայն սկսեցի դրամի պակասություն զգալ, պարտքերի մեջ խրվեցի, որպեսզի կարողանամ թղթախաղիս պարտքերը վճարել: Ելքը գտնվեց միանգամից՝ կաշառքը: Ես չեմ ասի, թե իմ ձեռքերը կատարելապես մաքուր էին: Արդեն առիթներ ունեցել էի կաշառք վերցնելու, սակայն դա պատահական բնույթ էր կրել: Երբեմն-երբեմն այս կամ այն գործարքի դիմաց վարձահատույց էին լինում: Դե, համալսարան է, գիտեք: Մի խոսքով, կաշառքն ինքն էր գալիս իմ ոտքը, ներողություն, իմ ձեռքը, սակայն հիմա ընթացքը փոխվեց, և ես առիթը չէի փախցնում կաշառք վերցնելու, իսկ ավելի ճիշտ՝ բացահայտ դրամաշորթությամբ զբաղվելու:


Հասկանալի է, որ իմ հիմնական աղբյուրը ուսանողներն էին: Ես զզվանքով էի նայում այդ ստրկահոգի զանգվածին: Գոնե մեկն ընդվզեր, բողոքեր, չհամաձայներ: Ես այդպիսի ուսանողի ճակատը կհամբուրեի: Մի ամբողջ սերունդ կարողացել էինք ամորձատել: Եվ դրանք մեր ապագա մտավորականներն էին, դրանց միջից նաև նախարարներ, դեպուտատներ, պետական բարձր պաշտոնյաներ պիտի դուրս գային և ժողովրդի բախտը որոշեին:
Այդպիսով, կաշառքն ու դրամաշորթությունը դարձան իմ հիմնական զբաղմունքը: Եվ գնալով ավելի էի լկտիանում: Տարօրինակ է մարդկային հոգեբանությունը. որքան ավելի լպիրշ ես դառնում, այնքան ավելի են հանդուրժում քեզ, բայց բավական է մի պարկեշտ մարդ կյանքում մեկ անգամ սայթաքի, ողջ-ողջ կխորովեն նրան: Բոլորը հանդուրժում էին իմ ահագնացող, չափ ու սահմանն անցնող այլանդակությունները: Ես վերջնականապես տրվել էի ամենազազրելի մոլություններին: Հարբեցողությանը, խաղամոլությանը և թմրամոլությանը ավելացան մանկապղծությունն ու արվամոլությունը:
Մեղքերի մեջ թաղվելը գոնե մի բանով օգտակար եղավ ինձ համար. «Այնտեղ» կարծես մոռացան իմ գոյության մասին, և դա հասկանալի էր. այդ վիճակում ես ինչպե՞ս կարող էի նրանց օգտակար լինել: Ես արդեն ուրիշ հայացքով սկսեցի նայել իմ մոլություններին: Դրանք իմ փրկարարներն էին, չէ՞ որ դրանց շնորհիվ կարողացա օձիքս ազատել իմ «հովանավորներից»: Հետաքրքիր է, Տեր, կարո՞ղ ես արդյոք բացատրել, թե սատանայի մի որոգայթով ինչպե՞ս են ազատվում նրա մյուս որոգայթից:


Ես վերջնականապես անասնացել էի և հոգու կատարյալ անդորր էի վայելում: Այլևս չգիտեի, թե ինչ բան է խղճի խայթը: Հարբեցողությունը, խաղամոլությունը և կաշառքն ինձ համար անմեղ բաներ էին, մանավանդ վերջինը, որ դարձել էր համաժողովրդական զբաղմունք:
Սակայն միայն ես չէի, բոլորն էին խրված կեղտի մեջ, ամբողջ հասարակությունը, ամբողջ երկիրը: Հատուկենտ մարդիկ կային, որ մնացել էին մաքուր: Եվ հենց դրանք էին անհանդուրժելի: Նրանք զրկված էին, մեկուսացված ամեն ինչից, հեռացված բոլոր քիչ թե շատ կարևոր պաշտոններից, սակայն նրանց լուռ ներկայությունն անգամ ծանր մեղադրանք էր ամբողջ հասարակության համար: Մենք՝ մանր ու մեծ սրիկաներս, խորապես ատում էինք դրանց, ամենազազրելի ստերը տարածում, ծաղրական մականուններ դնում, առիթը չէինք փախցնում նրանց վնասելու, ամենաստոր բաներն անելու: Եթե ճար ունենայինք, հաց ու ջրից էլ կզրկեինք:
Մեղքս ինչ թաքցնեմ, Տեր, տանել չեմ կարող մաքուրներին, ազնիվներին: Քիչ է մնում դրանց շլինքից բռնեմ և թաթախեմ կղկղանքի մեջ: ՈՒ ասեմ՝ դե կե՛ր, դե կե՛ր, մաքուր ես, հա՞... Էլ սրանից հետո մեծ-մեծ չբրդես:
Սակայն շուտով ժամանակն ինքը պիտի իրագործեր իմ այդ բաղձանքը: Փոփոխություններ էին սկսվել պետության մեջ: Օր չկար, որ մի շշմեցնող լուր չհասներ հսկա երկրի տարբեր անկյուններից: Պետության առաջին դեմքերն ասում էին բաներ, որոնց համար նախկինում առանց դատ ու դատաստանի կարող էին բանտ կոխել: Թերթերը սոսկալի հոդվածներ էին տպագրում: Ինչ-որ մի ձեռք տակնուվրա էր անում հասարակությունը: Այլևս ոչ մեկի բերանը փակել չէր լինի. ասում էին՝ ինչ մտածում էին, և ավելի շատ՝ ինչը չէին մտածում: Օդն անգամ լցված էր փոփոխություններով:


Եվ ամբոխը, ներողություն, ժողովուրդը լցվեց փողոց: Բայց դա հետո եղավ: Դրանից առաջ իմ հրեշտակները հայտնվեցին անսպասելի, իմ տերերը, որոնց գոյությունը գրեթե մոռացել էի: Նրանց հայտնվելն ինձ, իհարկե, չզարմացրեց: Այս թոհուբոհի մեջ նրանք պիտի որ մշտական ու ճշգրիտ տեղեկությունների կարիք ունենան: Սակայն ես պիտի շատ զարմանայի:
Նրանք, ովքեր սարսափազդու պետության կողմից նշանակված էին հետևելու, որ հասարակության մեջ և մանավանդ մարդկանց գլուխներում ամեն ինչ անփոփոխ մնա, իմ առջև նստած խոսում էին փոփոխությունների անհրաժեշտության մասին: Իսկ նրանցից մեկն անգամ այսպես բարբառեց. «Պետք է ժողովուրդն իր ճակատագրի տերը դառնա»:
Ես մի բան հասկացա, որ եթե եկել են ինձ նման ստահակի մոտ, ապա իմ կարիքն ունեն, ուրեմն, կարող եմ նազուտուզ անել, ինձ թանկ ծախել: Վերջապես, արժանապատիվ վրդովմունքով հրաժարվել: Չէ՞ որ նոր ժամանակներ էին սկսվել: (Հեգնանքով): Խոսքի ազատությու՜ն... մարդու իրավունքնե՜ր... Սոցիալական հավասարությու՜ն...: Բարոյականությու՜ն... Արդարությու՜ն...
Այո, Տեր, եթե այդ ազնիվ գաղափարներն իսկապես ուզում էին կյանքի կոչել, ինչու՞ չգնացին մաքուր մնացած այն հատուկենտ մարդկանց մոտ, այլ եկան ինձ մոտ (իսկ թե ես ինչ արարած եմ, նրանք հրաշալի գիտեին): Նրանց վերջնական նպատակը դեռևս չէի կարող կռահել, բայց խաղամոլի իմ հոտառությամբ անմիջապես զգացի, որ մութ հաշիվներ ունեն, եթե իմ կարիքն են զգում և որ մեջտեղը մեծ խաղագումար կա:


Ժողովրդին դժվար չեղավ փողոց հանել: Օ, ի՜նչ գեղեցիկ, ի՜նչ ազնիվ բաներից էինք խոսում: Ինչպե՜ս էինք բորբոքում ժողովրդի վսեմ զգացմունքները: Ինչպիսի՜ անգթությամբ և չարամտությամբ էինք աղ լցնում նրա չսպիացած վերքերին: Եվ տասնյակ տարիների ընթացքում մեղքին ու ապօրինություններին հաշտված ամբոխը հավատաց մեզ, բառացիորեն աչքի առջև, մի քանի օրում մաքրվեց ու դարձավ ժողովուրդ՝ բառիս ամենավսեմ իմաստով:
Տեր, ընդունիր, որ մեր փոքրիկ, մեր փառապանծ երկիրը միանգամից թոթափվեց բոլոր արատներից և դարձավ Ավգուստինոս Երանելու «Աստծո քաղաքը»: Մի քանի շաբաթ շարունակ ոչ մի հանցագործություն չգրանցվեց միլիցիայի բաժանմունքներում, զի ժողովուրդն ամենայն բարեխղճությամբ ու խորունկ մի հավատով հետևում էր քո տասը պատվիրանների անթերի կատարմանը:
Եվ ես բոցաշունչ հռետոր դարձած դիմում էի ժողովրդին՝ ասելով, որ եթե գողանում ես, խաբում ու շնանում, ապա մեղավորը միայն դու չես: Հիմնական մեղավորը վերևում է նստած: Եթե նա չմեղսագործի, դու էլ չես մեղսագործի: Եվ ես սեփական փորձով պիտի համոզվեի, որ ձուկն իսկապես գլխից է հոտում:


Ժողովրդի ոգևորությունը կարճ ժամանակում պաղեց կամ գուցե մենք պաղեցրինք, մարդիկ դարձան իրենց առօրյա հոգսերին: Իշխանությունն էլ փոխվեց՝ հեշտ ու հանգիստ անցավ մեզ: «Մեզ» ասելով նկատի ունեմ ինձ նման արարածներից կազմված հրոսակախումբը, որն իրեն հորջորջել էր «Հույս և փրկություն-համաժողովրդական կոմիտե»: Եվ երկիրը, պետությունը, ամբողջ ժողովուրդը հանձնված էր մեզ:
Ես չհասկացա, Տեր, դա Քո ծա՞ղրն էր, թե՞ մի չար դիպված, որ տեղի էր ունեցել առանց Քո գիտության, այն պահին, երբ ուշադրությունդ ավելի կարևոր մի բանի վրա էր: Եթե գայլին թողնեին ոչխարի փարախը մտնի, երևի այդպիսի ավերածություններ չաներ, ինչը մենք արեցինք մեր հարազատ երկրում՝ մի քանի տարվա ընթացքում: Մեր տարածքներով անցած բոլոր չինգիզխաններն ու լենկթեմուրներն անմեղ երեխաներ դարձան մեր համեմատ: Ոչ մի լավ բան չարեցինք մեր ժողովրդի համար, միայն ավերեցինք, պղծեցինք, երկրի հարստությունը իրար մեջ արեցինք, մի մասն էլ ջրի գնով ծախեցինք օտարներին:
Մեջս գոնե մի քիչ խիղճ էր մնացել, այն բառերը, որոնցով ժողովրդին էի ոտքի հանել, մի քիչ էլ ինձ էին մաքրել: Տեր, ես իսկապես ուզում էի դարձի գալ, օգտակար մի բան անել իմ ժողովրդի համար: Ես հասկացել էի, որ մի նոր առիթ ես տալիս փրկվելու: Սակայն, Տեր, նաև ոգի տայիր՝ պայքարելու մինչև վերջ:


Հեղափոխական ընկերներս ներողամիտ հեգնանքով ինձ հասկացրին, որ «թատրոնը վերջացավ», որ հիմա ժամանակն է մեր պայքարի պտուղները քաղելու, ուստի եթե խելքի չգամ, կհայտնվեմ իմ շատ սիրելի ժողովրդի կողքին:
Եվ ես «խելքի եկա»... Միանգամից, վերջնականապես, քանզի հասկացա, որ կամ անմնացորդ քոնը պիտի լինեմ կամ ոտով-գլխով դառնամ սատանայի սպասավորը: Նախորդ իշխանությունները երկկենցաղ գոյության ինչ-որ հնարավորություն էին տալիս. մենք կարող էինք՝ առանց շատ մեր խղճի դեմ գնալու, և՛ Քոնը լինել, և՛ սատանայինը: Մինչդեռ հիմա պահանջը հստակ էր. կամ այս կողմ, կամ՝ այն:
Եվ գիտե՞ս, Տեր, թե ինչու «այն կողմն» ընտրեցի, որովհետև մինչև վերջ ինձ զորավիգ չեղար: Ամենածանր պահին Դու մեզ թողնում ես մենակ: Եվ ես կատարեցի այդ քայլը՝ իմանալով, որ Քեզնից հեռանում եմ ընդմիշտ: Եվ սատանայի պարգևը չուշացավ: Հաջորդ օրը Գերագույնը կանչեց իր մոտ և հայտնեց, որ ինձ նշանակում է բնապահպանության մինիստր: «Ավելի լավ պաշտոն կտայի, եթե հիմարություններ չանեիր: Հաշվիր, որ սա փորձաշրջան է: Ամեն ինչ կախված է այն բանից, թե քեզ ինչպես կպահես»,- ամփոփեց Գերագույնը՝ ձեռքս սեղմելով:
Եվ ես ինձ «խելո՜ք» պահեցի: Իսկ պարգևները չհապաղեցին: Ինչպես ձեռնասուն արջի բերանն են շաքար դնում հաջող կատարված ամեն մի համարից հետո, այնպես էլ իմ նվիրվածության յուրաքանչյուր ապացույցին հաջորդում էր մի բացառիկ պարգև. մի նոր պաշտոն կամ շքեղ մի ուղևորություն, կամ առանձնահատուկ մի արտոնություն, կամ թանկարժեք մի նվեր, կամ ինչ մտքովդ անցնի:


(շարունակելի)

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Դեկտեմբեր,
2003 թ., Փարիզ

Դիտվել է՝ 114236

Մեկնաբանություններ