Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դժոխքից արտաքսվածը կամ տականքի խոստովանությունը

Դժոխքից արտաքսվածը կամ տականքի խոստովանությունը
30.01.2018 | 08:46

(Նախորդ մասը)

Տեր, գիտե՞ս որն է Քո և սատանայի հիմնական տարբերությունը. այն, որ կարճ ժամանակով այս աշխարհ եկած խեղճ մահկանացուն Քեզ հավատարիմ մնալու համար անասելի տառապանքներ պիտի քաշի և իր կենդանության օրոք Քեզնից ոչինչ չստանա: Այդտեղ՝ վերևում էլ հայտնի չէ, թե ինչի կարժանանա: Մինչդեռ սատանան տեղնուտեղը գնահատում է ծառայությունդ, և առավել քան շոշափելի կերպով, երբեմն նույնիսկ ավանսով է տալիս, այն էլ ինչպիսի՜ առատությամբ: ՈՒրեմն, ինչու՞ զարմանալ, որ նրա սպասավորներն ավելի շատ են, քան Քոնը:


Մինիստր նշանակվելու հաջորդ օրն իսկ փառահեղ քեֆ արեցինք հանրապետության ամենամեծ արգելոց-անտառում: Եվ այդտեղ, որտեղ լուցկի բառ արտասանելն անգամ կարող էր հանցանք համարվել, իմ ենթակաները մի փառահեղ խարույկ էին վառել, որպեսզի հենց նույն անտառում խփված վարազի մսից խորոված սարքեն: Եվ ես, որ ի պաշտոնե կոչված էի այդ վարազի բնական գոյությունն ապահովելու այդ արգելոցում, մեծագույն ախորժակով խժռում էի նրա միսը: Ճիշտ են ասում, թե արգելված պտուղը քաղցր է, շա՜տ քաղցր: Քեֆի թունդ պահին, միմոսական լրջությամբ դիմեցի դատախազին, որ մեզ հետ սեղան էր նստել. «Դուք պարտավոր եք քրեական գործ հարուցել իմ դեմ՝ արգելոցում պահպանվող կենդանուն ոչնչացնելու համար»: «Անպայման կհարուցենք,- նույնպիսի լրջությամբ պատասխանեց օրենքի աննկուն պահապանը,- եթե կենդանու հարազատները գրավոր բողոք ներկայացնեն»:
Դրանից մի քանի օր հետո, ձրիակերների մի ոհմակ հետս առած, մեկնեցի Ավստրալիա՝ համաշխարհային բնապահպանական ֆորումին մասնակցելու: Ես ու՜ր, բնապահպանությունն ու՜ր: Աղվեսին որ դնեին հավանոցի վարիչ՝ հաստատ ավելի լավ կաշխատեր: Ինչ-որ թղթեր ստորագրեցի այնտեղ, պարտավորություններ ստանձնեցի, նույնիսկ կրակոտ ելույթ ունեցա, որպեսզի իմ երկիր վերադառնալուն պես թքած ունենամ դրանց վրա և ճիշտ հակառակն անեմ:


Օրինակ՝ անտառները... ծառ ու ծաղիկ չթողեցի իմ հայրենիքում: Ավելի շուտ թողեցի, որ բոլոր ծառերը կտրեն: Իսկ ինչու՞ թողեցի. նախ, որովհետև կոմունիստներն էին տնկել այդ ծառերը, իսկ նրանց ախտավարակ ժառանգությունից պիտի հնարավորինս շուտ ազատվեինք... (Ոգևորվում է, դեմագոգ հռետորի պես) որպեսզի կարողանայինք տասնամյակներով արյունոտ լծի տակ տառապած ժողովրդին դեմոկրատական իշխանության հրճվանքը պարգևել, երկրի վրայից պետք էր վերացնել նրանց պիղծ հետքերը, մենք բոլորս պետք է անցնեինք այդ դժվարին ինքնամաքրումի ճանապարհով, մենք պետք է ջնջեինք այդ ամոթալի խարանը, վե՛րջ ստրկությանը, վե՛րջ նվաստացումներին, վե՛րջ համազգային թալանին:
(ՈՒշքի գալով): Սրանից զատ, իհարկե, կար նաև ուրիշ պատճառ: ՈՒրեմն, մեր Գերագույնի բարեկամը, այդ խելքի պալատը, գնացել էր Ռուսաստան և իր կարծիքով շահավետ պայմանագիր կնքել՝ 10 միլիարդ մոմ՝ ջրի գնով: Մի հանճարեղ խորհրդական ունեինք՝ շատ հեռուներից եկած: Այս իմաստունն անմիջապես լուծումը գտավ. «Եկեք հոսանքն անջատենք, և ժողովուրդն ստիպված կլինի այդ մոմերն առնել, իսկ արտադրված էներգիան էլ կես գնով կվաճառենք հարևան երկրին,- ասաց հանճարեղ խորհրդականը և ժպտալով ավելացրեց,- ես արդեն խոսել եմ նրանց հետ: Հազիվ կարողացա համոզել: Մտածում էին, թե մի հետին միտք ունենք, որ այդքան էժան ենք տալիս...»: Գերագույնը հավանություն տվեց գաղափարին և, իբր սաստելով, դիմեց իր բարեկամին. «Հաջորդ գնալուդ հանկարծ քարե կացին չբերես, թե չէ քո պատճառով ստիպված կլինենք մեր երկիրը հետ տանել դեպի քարեդար»:


Այսինքն՝ ժողովուրդն արդեն քարի դարում էր: Տասը միլիարդ մոմը կարողացանք կարճ ժամանակում վաճառել ժողովրդին: Լավ էլ մոմեր էին՝ ճթճթալով արագ վառվում էին՝ բիկֆորդյան լարի պես: Մոմ ծախելը դարձավ ամենաշահավետ գործը: Բայց հո ամեն մարդու չէինք թողնում: Այդ բիզնեսը մեր ձեռքը վերցրինք և մի քանի ամսում միլիոնների տեր դարձանք: Ի՜նչ տարիներ էին, ափսոս երկար չտևեց...


Հիմա կասես, թե մոմերն ի՞նչ կապ ունեն ծառերի հետ: Էն կապն ունեն, որ գազն ու մազութն էլ էլեկտրականության պես ծախում էինք հարևաններին և հայտարարում, թե անհայտ չարագործները պայթեցրել են գազատարը:
Հետո՞: Դու լավ գիտես, Տեր, թե ինչեր եղան հետո: Կենացները գնալով քաղցրանում էին: Եթե ճար լիներ օդն ու արևի լույսն էլ կծախեինք հարևան երկրներին, իսկ ժողովրդին կասեինք՝ գնա գլխիդ ճարը տես: Մենք խիղճներս իսպառ կորցրել էինք, ասես մրցում էինք, թե ով ավելի ընչաքաղց կլինի, ով ավելի մեծ վատություն կանի իր հարազատ ժողովրդին: Եվ իմ ամեն մի ստորությունից հետո հերթական պարգևն էի ստանում սատանայի առատության եղջյուրից:
Միայն Գերագույնի տեղը չնստեցի, մնացած բոլոր պաշտոններն անցան իմ թրի տակով: Եվ ինչպես Դոն Ժուանն իր կանանց էր փոխում, այնպես էլ ես էի անցնում մի պաշտոնից մյուսը: Ասես գանձ լինեի, որի նմանը դժվար էր գտնել: Մի պահ նույնիսկ այնպես եղավ, որ միաժամանակ հինգ պաշտոն գրավեցի: Ո՞վ է ասել, թե մի քամակով ընդամենը մի աթոռին կնստես: Ես իմ խղճուկ հետույքով միաժամանակ հինգ աթոռ էի զբաղեցնում, այն էլ ի՜նչ աթոռներ:


Փառահե՜ղ մի տուն շինեցի քաղաքի կենտրոնում: Հինգհարկանի շքեղ մի առանձնատուն: Ամեն ինչը դրսից բերեցի՝ կահույքը, լոգանքի պարագաները, անգամ դռների բռնակները: Հատուկ պատվեր... Հսկա տարածություն էր... Բարձր պարիսպ քաշեցի, տանս կողքը մի հոյակապ եկեղեցի կանգնեցրի: ՈՒզում էի նույնիսկ սեփական կաթողիկոս դնել, բայց տղաներն ասացին, թե սխալ կհասկացվի, թե մենք աշխարհիկ պետություն ենք, եկեղեցին պիտի իշխանությունից առանձին լինի: Ասացի՝ առանձին է, էլի, իմ տնից քսան մետր հեռու: Վերջը վարդապետով բավարարվեցի: Շաբաթը մեկ գալիս՝ աղոթում էր մեր մեղքերի համար:
Հապա իմ հագո՜ւստը, իմ օծանելիքնե՜րը, իմ ժամացույցնե՜րը: Ես, որ ամիսը մեկ էի սպիտակեղեն փոխում, ես որ ապրում էի միջատներից իսպառ զերծ մի բնակարանում, որովհետև իմ գուլպաների հոտից շենքի բոլոր ճանճերն ու տարականները սատկել էին, միանգամից սկսեցի հագնվել ամենանրբին դենդիի պես: Ճիշտ է, նրանց ճաշակը չունեի և երբեք չունեցա, սակայն ինչ վերաբերում է շքեղությանն ու թանկությանը, ապա նրանք իմ համեմատ պարզապես ընչազուրկներ էին: Օ, ի՜նչ կոստյումներ և ի՜նչ կոշիկներ էի հագնում, ինչպիսի՜ փողկապներ կապում: (Ասես կախարդված լինի): «Հյուգո Բոսս», «Չերուտտի», «Պիեռ Կարդեն», «Իվ Սեն-Լորան», «Քրիստիան Լակրուա»... Հապա իմ ժամացույցնե՜րը... «Ռոլեքս», «Օմեգա», «Բլանպեն», «Ֆրանկ Մյուլլեր», «Լոնժին», «Պիաժե»... Ո՞ր մեկն ասեմ: Հապա իմ օծանելիքնե՜րը՝ «Ջորջիո Արմանի», «Ժիվանշի», «Գուչչի», «Քենզո», «Կելվին Կլայն»... Օ, ի՜նչ մոգական անուններ, ինչպիսի՜ նրբություն, ինչպիսի՜ արբեցնող բույրեր:


Ես հառնեցի մոխիրներից, վերածնվեցի, դարձա առնական, հմայիչ մի տղամարդ: Ալկոհոլից ու թմրադեղից քայքայված իմ մարմինը շտկվեց ներսից և մանավանդ դրսից: Փոխվեցին նաև դեմքս, աչքերիս արտահայտությունը: Պետական այրի, ազգի հոգսերով ծանրաբեռն հայրենասերի խոհուն, բարի, բայց և վճռական մի դեմք: Մազերս մի քիչ անփույթ էին, բայց դա հատուկ խնամքի արդյունք էր, ճակատս՝ կնճռոտ: Աչքերս՝ հոգնած, տակը՝ փոսեր: Անքնության հետևանք: Ավա՜ղ, Դու լավ գիտես, որ ազգի ցավերը չեն, որ ինձ զրկում էին քնից: Քիթս և բերանս զուրկ են որևէ նկարագրից, իսկ կզակս կարճ է, թերաճ: Սակայն այս թերությունները ես շտկեցի մորուք թողնելով:
Օ՜, մորուքը հրաշք բան է, կատարյալ ապուշին կարող է բիբլիական մարգարեի կերպարանք պարգևել: Մեր հեղափոխության առաջին օրերից դադարեցի ածիլվել: Այսինքն՝ ոչ միայն ես, այլև մեր բոլոր համախոհները: Եվ այդպես էլ շրջում էինք քաղաքով մեկ՝ աբեղաների պես չածիլված, անլվա, գզգզված մազերով: Ես էլ մորուքս առած գնում էի ընտրողների հետ հանդիպման: Խումարից պղտոր աչքերիս ծեծված շան տխրություն հաղորդելով, ճենճակալած մորուքիս հետ խաղալով և անցած գիշերվա ընթացքում օղիով հիմնավորապես բթացրած գլուխս տմբտմբացնելով, իբր լսում էի նրանց: Իբր նշումներ էի անում և ժամանակ առ ժամանակ արտաբերում. «Հասկացա... հասկացա...»: Իմ դեմքը համակ տխրություն էր ու կարեկցանք:


Ես, իհարկե, ոչինչ չէի ուզում հասկանալ, քանի որ թքած ունեի նրանց բոլոր պրոբլեմների, նրանց հանդեպ կիրառվող անմարդկային վերաբերմունքի և աղաղակող ապօրինությունների վրա, սակայն նրանք հավատում էին գավառական դերասանի իմ սարքովի տխրությանը, քանզի դյուրահավատ էին, քանզի ուզում էին հավատալ, քանզի ուրիշ ճար չունեին: Հիշում եմ, նման հանդիպումներից մեկի ժամանակ, երբ պատերազմի դաշտում զոհված զինվորի հայրը խոսում էր իր կիսաքաղց գոյության մասին, ներկաներից մեկը ելավ ու ասաց. «Ի՞նչ ես ուզում էս խեղճ մարդուց («խեղճ մարդը» ես էի), չե՞ս տեսնում՝ մեր բոլորի դարդից սիպտակել ա»: Ժողովրդի այդ մարդը խոսում էր անկեղծ, կարեկցելով ինձ, վստահ, որ անքուն գիշերներ եմ անցկացրել իրենց մասին մտածելով:


Իմ ընտանի՞քը: Չունենայի՜ դրանց: Մորուքս աճեցնելու օրերին էր, երբ կինս հաշտվեց ու հետ կանչեց ինձ: Քաղաքական հոտառություն ուներ, կռահել էր, որ ապագան մերն է: Կյանքումս դրա նման անկուշտ արարած չեմ տեսել: Փողը կուբամետրերով էր մտնում մեր տուն, բայց մի շաբաթ չանցած սկսում էր վնգստալ, թե հացի փող չունենք: Քաղաքում ինչքան պարազիտ ու շառլատան կար եկան լցվեցին մեր տուն: Է՛լ մանիկյուր ու պեդիկյուր անող, է՛լ վարսավիրներ, է՛լ մասաժիստներ, է՛լ կունֆուիստ, է՛լ շիացու, է՛լ կարատեիստ, է՛լ թուղթուգիր անող, է՛լ բախտ բացող, է՛լ աստղագուշակ... Հատուկ խոհարարների և տուն մաքրողների մասին էլ չեմ ասում: Մատը մատին չէր խփում, ու ինչքան շատ էին վրան աշխատում, էնքան ավելի էր գեշանում:
Հենց առաջին անգամ արտասահման գնալուց հետո որոշեց շուն պահել: Իբր բոնտոն ա: Իբր Եվրոպայում բոլոր կարգին մարդիկ շուն են պահում: Դե, մենք էլ քանի որ կարգին մարդիկ ենք և, իհարկե, եվրոպացի, նշանակում է՝ մենք էլ պիտի շուն պահենք: Գնաց մի այլանդակ գամփռ բերեց: Դեռ ոչինչ, որ տունն ամբողջ օրը լցված էր դրա հաչոցով, որ դրա մազերն էինք հանում ճաշի միջից, որ կինս ու աղջիկս հիստերիկ ղժժոցներով և ցուցադրաբար դրա լորձունքոտ դունչն էին համբուրում, որ հյուրերի ներկայությամբ թողնում էին սեղանին դրված ափսեից խփշտի... Բայց չափ ու սահմանն անցավ, երբ պահանջեց, որ իր շան զխկտվելիքն արտասահմանից բերել տամ: Հատո՜ւկ պահածոներ... Իբր դրանց մեջ ինչ-որ վիտամին կա, որ շատ օգտակար է շան համար: Իբր մեր շուկաներում վաճառվող թարմ միսը կարող է խոց առաջացնել այդ հրեշի ստամոքսում:


Տո շա՛ն քած, տո բոստանչու աղջիկ, չես տեսնու՞մ, թե երկիրն ինչ վիճակում է: Պատկառելի ու վաստակաշատ մարդիկ անձրևի ու ձյան տակ ժամերով հերթ են կանգնում, որ մի կտոր ցեխ-հաց առնեն, իսկ դու ուզում ես քո շան լափն անպայման դրսից գա: Ասացի. «Թո՛ղ քո շունը էն ուտի, ինչ որ մենք... Ի՛նչ է, մեզնից լա՞վն է»:
Տղայիս անունը մի տուր: Պատերազմի ծանր օրերին էր: Բանակից ազատեցինք որպես անբուժելի հիվանդ, չնայած եզի առողջություն ուներ: Երանի՜ գնար ու հետ չգար: ՈՒսումը կիսատ թողեց ու «Ֆոտո-մոդելի» ստուդիա բացեց: Իբր ռեկլամների համար գեղեցիկ աղջիկներ են պետք: Իբր պիտի Եվրոպա տանի՝ մանեկեն դարձնի, որ միլիոններ աշխատեն: Էդ միամիտ աղջիկներն էլ եկան ու դրա թակարդն ընկան: Հետո հերթով սկսեց դրանց ծախել: Մի քանիսին տարավ Դուբայ, մի քանիսին էլ Եվրոպա՝ ալբանացի մոցիքուլներին ծախեց: Լա՛վ, մենք մոմը բերում մեր ժողովրդին էինք ծախում, իսկ սա ինչու՞ է մեր աղջիկներին օտարի ձեռքը տալիս: Չես հասկանում, թե ու՛մ է քաշել: Հայրենասիրական ջիղ չկա մեջը:
Աղջիկս սրանից ավելի այլանդակ դուրս եկավ: Թմրաբիզնեսի թագուհին է դարձել: Առաջ ծակվում էր, հետո սկսեց ծախել: Վերջերս, լավ է, գոնե ծակվելը թողեց: Ասում է՝ կամ պիտի ծակվեմ, կամ պիտի ծախեմ: Ասում է, թե երկուսը միաժամանակ չի լինի: «Եվ հետո,- ասում է նա,- ծախելն ավելի թույն կայֆ ա»: Ա՜խ, չունենայի դրանք:


(Հանկարծ զարմացած շուրջն է նայում): Իա՛, էս ի՞նչ եմ տեսնում: Դուք ինչու՞ եկաք այստեղ: Ո՞նց թե չգիտեք: Ա՛յ Գաբրիել հրեշտակ, էս խեղճ ու անտեր ժողովրդին ինչու՞ ես բերել դժոխք: Ինձ որ բերել ես՝ հասկանալի է, բա սրանք ի՞նչ մեղք են գործել: Էնտեղ քիչ չարչարվեցի՞ն, որ հիմա էլ բերել եք էստեղ չարչարեք: ՈՒրեմն, մեր նմաններին հանդուրժելն արդեն մե՞ղք է... Չէ, էդ մեկը չեղավ: Բա դուք չէի՞ք, որ ասում էիք՝ հնազանդ եղեք ձեր տերերին: ՈՒրեմն, դժոխքում էլ պիտի միասին լինենք: Էս խեղճերի բախտը չի բերում, էլի: Մեզնից պրծում չունեն: Հա՛, էդ մեկը ճիշտ եք որոշել, որ մեր պատիժները պիտի տարբեր լինեն: Սրանք ի՞նչ են, որ անձամբ Լյուցիֆերի կողմից չարչարվելու պատվին արժանան:
Իհարկե, իրավացի ես, որ իրավունք չունեին այդքան դյուրահավատ լինելու, բայց դե, Տեր Գաբրիել, մեզ նման խաբեբաներին չէին կարող չհավատալ: Թե չէ ի՞նչ է ստացվում, որ դահիճն ու զոհն ի վերջո նույն տեղն են ընկնում: Չէ՛, չէ՛, Տեր Գաբրիել... Սրանց մեղքը գիտե՞ս որն է... Որ մեզ նման հրեշներ են ծնել, փայփայել ու դաստիարակել: Եթե կուզես իմանալ՝ մենք նրանց ամենաթաքուն իղձերի մարմնավորումն ենք: Մեր մասին խոսելիս կատաղում են, փրփրում, անիծում, յոթհարկանի հայհոյանքներ տալիս, բայց տեղնուտեղը լռում և համակերպվում են, երբ հնչում է սակրամենտալ հարցը. «Դու որ ըլնեիր չէիր անի՞»: Ստացվում է, որ այդ բողոքողները հավանական գողեր են, որ նրանք էլ, եթե պաշտոններ ստանան, պիտի մեզ նման, գուցե և մեզնից ավելի անգթորեն թալանեն: Հապա մենք մեր նախորդներից ավելի անխիղճ չեղա՞նք: Եվ չկա մեկը, որ ասի. «Ոչ, ես նրանց տեղը լինեմ, չեմ խաբի, չեմ թալանի: Կլինեմ իսկապես արդար ու ազնիվ»: Եթե, իհարկե, թողնեն, որ էդ տեսակ մարդը բարձր պաշտոն ստանա:


Դե, մնաս բարով, Գաբրիել հրեշտակ, մենք այլևս չենք հանդիպի: Դու էլ մնաս բարով, իմ թանկագին, իմ սիրասուն ժողովուրդ: Մորս արև, անկեղծ եմ ասում: Գոնե մեկ անգամ... Ամեն մեկս թող գնա իր պատժավայրը: Ձերը հեշտ է՝ մի քիչ կխաշեն եռման ջրում, մի քիչ կխորովեն, հետո երևի դրախտ ուղարկեն: Իմ պատիժն ամենասոսկալին պիտի լինի: Ինձ ամենաստորին պարունակը պիտի աքսորեն ընդմիշտ: Հնարավոր է նույնիսկ ինձ համար հատուկ կամերա... ներողություն, հատուկ պարունակ սարքեն: Ասում են՝ մինչև հիմա ինձ նման մեղավոր այստեղ չի եղել: Աստվածային ամբողջ ատյանն արդեն երեք օր ու գիշեր գլուխ է ջարդում, որ իմ մեղքերին համարժեք պատիժներ գտնի: (Հեգնական): Դե մտածեք, մտածեք, մի քիչ շարժեք ուղեղներդ...
Շանթ ու որոտ, ծուխ ու բոց: Բեմը մթնում է: Հերոսի սրտապատառ, ողորմելի ու երկարաձգված ճիչն ենք լսում, ասես անհատակ անդունդն է ընկնում: Նրա աղաղակը գնալով մարում է: Լույսը վառվում է միանգամից: Բեմը մի պահ դատարկ է: Հանկարծ խորքից հայտնվում է հերոսը: Հագնված է շքեղ, մոդայիկ, գլխին շլյապա է, ձեռքին թզբեհ կա և մի ձեռնափայտ: Շարժումները ծույլ են, անշտապ, ինքնագոհ է և ինքնավստահ: Մոտենում է բեմառաջքին, հեռախոսը գրպանից հանում և մի համար հավաքում:


Հա, բարև, ապեր, ես եմ: Ո՞նց թե որտեղից: Իմ օֆիսից: Արա, ես եմ, ե՛ս, սաղ-սալամաթ: Ձենս էդքան շուտ մոռացա՞ր: Ֆսյո, Անցա՛վ, գնա՛ց: Դե, հըմի որ պատմեմ պըտի չհավատաս: Վոբշե՛մ, դատ ու դատաստան արին: Ըստե չէ, այ տղա, ընդե՛, վերևը: Աստծու մոտ: Սաղ հրեշտակներն ու սատանեքը հավաքվել էին իրար գլխի: Իրեք սուտկա իրար վրա նիստ արին, որ իմ մեղքերին համապատասխան պատիժներ գտնեն: Ինչ առաջարկում էին, Աստված ասում էր. «Քիչ է, մեղմ է»: Վերջը որոշեցին, որ Դժոխքի ամենախորքում պիտի պահեն, Լյուցիֆերի մշտական հսկողության տակ, հավերժական սառույցների մեջ կաշկանդված: Էդ մեկը որ լսեցի, շատ ուրախացա, մտքումս ասի. «Լավ ա, թարմ կմնամ...»: Տո չէ, ապեր, գործը դրան չհասավ: Դժոխքի դռներից մտանք ներս թե չէ, մի ղալմաղալ ընկավ: Սատանեքն ինձ որ տեսան, լեղապատառ փախան մտան ծակերը: Սադայելը եկավ անձամբ, Բեհեզեբուղի հետ, զանգեց Աստծուն ու ասաց, որ ինձ ոչ մի դեպքում ներս չի թողնի: Որ ես մեծ վտանգ եմ ներկայացնում իրենց համար, որ կարող եմ Դժոխքն ուծացնել ու բարոյապես քայքայել: ՈՒ ինձ ոնց որ բերել էին, ըդենց էլ հետ տարան Աստծու մոտ: Ընդունարանում գցել էին, ու ոչ ոք վըրես չէր նայում: Վերջը, չդիմացա, բողոքեցի: Ասի՝ ըսենց չի լինի, Դժոխք որ չեք թողնում, ուրեմն Դրախտ տարեք: «Ոչ մի դեպքում»,- գոռացին բոլորը: Նորից ժողով արին ու գտան, որ միակ ճիշտ լուծումն ինձ նորից էս աշխարհ ուղարկելն է: Ի՞նչ ասիր... մի տարո՞վ: Ձեռ ես առե՞: Ապեր, Աստված ընձի անմահություն պարգևեց: Հա, ցավդ տանեմ, էլ չեմ մեռնելու: Ոնց որ կամ, այ ըսենց հավերժ պըտի ապրեմ: Աստված տեսավ, որ ես ընդեղ, իրա կողքին ավելի վտանգավոր եմ, քան էստեղ: Հա, էն կլեպ փախցնողներին կասես, որ գալիս եմ, թող իմ փայը պատրաստեն, տոկոսներն էլ վրեն: Պատկերացնու՞մ ես դրանց ռոժը, որ ինձ նորից տենան: Համա թե կայֆ կըլնի: Էղավ, չաո, ապեր, անպայման կհանդիպենք, մի հատ լավ քեֆ կանենք:
Հեռախոսը դնում է գրպանը, հետուառաջ անում ծույլ ու ինքնագոհ: Հետո հայացքը կտրուկ հառում է վեր, խոսում հանդուգն, լկտի:


Այ ըսենց կկզըցնեմ սաղիդ՝ վերև ու ներքև: Հըմի հասկացա՞ք, որ մեր դեմ խաղ չկա:
(Ծաղրածուի նման ծռմռվելով, ձայնին հեգնական երանգ հաղորդելով): «Ո՜վ բարեգութ ու բազումողորմ... Ո՜վ ամենատես ու ամենահաս... Մի՛ խոցեր զվիրավորյալս, մի՛ դատապարտեր զպատժյալս, մի՛ տանջեր զչարչարյալս, մի՛ գլորեր զանկյալս, մի՛ կործաներ զգայթակղյալս, մի՛ խորտակեր զբեկյալս, մի սասանեցուցաներ զդղրդյալս...»: Էղա՞վ, Տեր... Իրար հասկացա՞նք...
Գրպանի հեռախոսը զանգում է:
Ալո: Ապե՞ր: Բարև-բարիլուս: Էդ խի լեզուդ կուլ տվիր: Բա քեզ չասի՞ն, որ իսկականից հետ եմ եկել: Կարծում էիր շուլուխ են արե՞լ: Առոք-փառոք, հըլը մի բան էլ ավելի: Անունս ու պատիվս բարձրացավ: Փողի մասին էլ չխոսանք: Ինչ պըտի անե՞մ... Թազա բիզնես... Հըլը մարդ չգիտի, բայց քեզ կասեմ, որովհետև դու էլ կաս մեջը: Սատանաների վերապատրաստման ինստիտուտ եմ բացելու: Հա՛, հա… Սատանաների վերապատրաստման ինստիտուտ: Հերթով կբերենք ու խելք կսովորեցնենք, թե չէ մեղք են, հարիֆ մեռնում են: Պայմանագիրն արդեն կնքված ա: Բա ո՞նց, մարդագլուխը հարյուր միլիոն... Ես ռեկտորը կըլնեմ, դու էլ ուսումնական մասի վարիչը: Ի վերջո դու էլ ես դոկտոր չէ՞, մի քիչ էլ գիտությամբ զբաղվենք: Էղավ, ապեր, սկսիր արդեն դասախոսական կազմը հավաքել: Ո՞նց թե որտեղից... Մեր քաղաքը սատանայական գիտությունների դոկտորներով ա լցված: Դե, գործի անցիր...
Հեռախոսը դնում է գրպանը, հայացքը նորից հառում երկինք:


Տեր Աստված, հիմա արի մի քիչ էլ Դու խոստովանիր ինձ: Փոշմանել ես, չէ՞, որ մարդ արարածին ստեղծեցիր: Հը՛մ, «ի պատկերի իւրում»: Հա, պատկերը Քոնն ա, բայց նե՞րսը... Ներսն ա կարևոր: Պետք է՞ր Քեզ, Տեր Աստված, մարդ կոչված հրեշին ինչու՞ ստեղծեցիր... Ես հիմա եմ հասկանում, թե ինձ ինչու Դժոխքում չպահեցիր: Էդ ուծացնելն ու քայքայելը ճիշտ են, ինձ որ ներս թողնեիր, հետո գլխիդ էիր տալու: Բայց հիմնական պատճառն այն էր, որ Դժոխքում այլևս տեղ չկա, գերբնակեցված է: Գեր-գեր-գերբնակեցված: Ես իմացա, որ միլիոնից մեկին եք Դրախտ ուղարկում, էն էլ պայմանական, մնացած ինը հարյուր իննսունինը հազար ինը հարյուր իննսունիննին ուղարկում եք Դժոխք: Դրա համար էլ տեղ չկա: Դրա համար էլ ինձ նման արարածին՝ «հասարակության համար առանձնապես մեծ վտանգ ներկայացնող անձնավորությանը» անմահություն ես պարգևում և հետ ղրկում: Հիմա եմ հասկանում, թե ինչու մեր հասարակության մեջ տականքները գնալով շատանում են: ՈՒրեմն, ի՞նչ է ստացվում, որ ստորությունն անմա՞հ է: Իսկ պարկեշտությունը մահկանացու՞... Չէ՛, Տեր Աստված, ես իմ կարճ խելքով միտք եմ անում ու տեսնում, որ Քո դրվածքը սխալ է: Ես, ճիշտ է, տականք եմ, բայց ապուշ չեմ: Եթե իսկապես ուզում էիր, որ այս աշխարհը «արցունքի հովիտ չդառնա», պիտի ճիշտ հակառակը լիներ, պիտի կարգին մարդկանց անմահություն պարգևեիր և ոչ թե տանեիր մեր աչքից հեռու Դրախտում պահեիր: Ինչ որ է, քո ստեղծած աշխարհն է, ոնց կուզես պահիր: Իսկ ես իմ հաշիվը լավ գիտեմ: Բարեգութ Աստված (հեգնանքով): «Եվ մարդիկ կնմանվեն աստվածներին...»: Չէ մի հա՜... Տես, հանկարծ հակառակը չլինի... Ո՜վ ամենակարող, ո՜վ ամենակալ, ո՜վ ամենաստեղծ, ո՜վ ամենաբարձրյալ... Հա՛, հա՛, հա՛...
Բեմն անսպասելի մթնում է, շանթն ու որոտն ընդհատում են հերոսի հոխորտանքը, որին հաջորդում են նրա ողորմելի, մեղայական կցկտուր արտահայտությունները. «Ներիր, Տեր, անհասկացողիս... Մեղա, Տեր... Մեղա... Խնայիր... Խղճա...»: Ձայնը նվաղելով անհետանում է: Բացարձակ լռություն: Լույսը հայտնվում է հույսի պես և դանդաղորեն ուժգնանում: Որոշ ժամանակ անց, արդեն ուժեղ լուսավորության ներքո, հայտնվում է սպասարկող բանվորը և արհամարհանքով բեմառաջքին շպրտում հերոսի շքեղ կոստյումը, շլյապան, թզբեհն ու դենդիական ձեռնափայտը: Վարագույրը վերջապես իջնում է: Հանդիսատեսներն իզուր են ծափահարում, դերակատարը չկա: Նրանք ի վերջո ուղղվում են դեպի ելքի դուռը, և այդ պահին, նույն դռնով, ներս է մտնում մեր հերոսը: Նա ոտաբոբիկ է, արտաքինը՝ ծայրաստիճան անխնամ, հագին՝ ցնցոտիներ: Զարմացած դիմում է հանդիսատեսին:


Սպասեք, սպասեք, էս ու՞ր, ներկայացումը դեռ չի վերջացել: Գնացեք տեղներդ նստեք: Կարծում էիք արդեն վե՞րջ: Կարծում էիք Աստված պապան, ինչպես ասեմ, հանդուգն խոսքերիս համար ինձ տարավ այնտե՞ղ: Չէ, դուք ինձնից իսկապես պրծում չունեք (քաջալերվելով): Էդ խի՞ ըդենց վատացաք: Ձեր կողքի տականքներն ինձնից ավելի լավն ե՞ն: Մի տականքով ավել-պակաս, տարբերություն չկա: Լավ, լավ, եկեք մի երկու րոպե էլ ինձ դիմացեք, «վերջին լուրերը» լսեք ու գնացեք:
ՈՒրեմն, էսպես... Դուք տեսաք, թե Աստված ինչպես շանթ ու որոտ թափեց իմ գլխին, տարավ վերև ու նորից դատաստանի առջև կանգնեցրեց... Ասաց, որ երկար խորհրդակցելուց հետո ինձ համար նոր պատիժ են սահմանել: «Այսինքն, նոր պատիժ ասելը շատ կլինի,- բարբառեց Տեր Աստված:- Ընդամենը մի աննշան խմբագրում ենք մտցրել... Անմահությունդ թողնում ենք...»: «Խորապես շնորհակալ եմ»,- ասացի ես: «Մի պայմանով,- շարունակեց Տերը:- Որ այսուհետ ընդմիշտ պիտի ապրես միայն քեզ նման տականքների ձեռքով ավերված ու թալանված երկրներում...»: «Կդիմանանք մի կերպ»,- պատասխանեցի ես: «Սակայն աննշան խմբագրումը հետևյալն է,- լրացրեց Տերը:- Դու պիտի ապրես ոչ թե որպես ազգընտիր նախագահ, ոչ թե որպես վարչապետ, մինիստր, դեպուտատ կամ դեսպան, այլ որպես ժողովրդի նվաստ մի ներկայացուցիչ, ըստ որում` միայն աշխատավարձով...»:
Էսքան բանը լսելուց հետո չոքերս թուլացան, լեշի պես փռվեցի ու ճակատս գետնին խփելով սկսեցի աղաչել ու պաղատել: Մի խոսքով, ինչ երկարացնեմ... Երևի խնդրանքս տեղ հասավ: Աստված-պապան ինչ-որ բան փսփսաց հրեշտակներից մեկի ականջին ու վերջն ասաց, որ պատիժս մի քիչ մեղմում են, այսինքն՝ էս նոր կարգավիճակով մի երկու հարյուր տարի կապրեմ, հետո կերևա...


Մեր մեջ ասած՝ լավ պրծա: Դեռ մի բան էլ ես պիտի շնորհակալ լինեի:
Դե, միամիտ են, էլի: Ես իրենց տեղը ըլնեի, ինձ նման արարածին էդպիսի պատիժ չէի տա: Պադումայե՜շ, էրկու հարուր տարի ա՝ կդիմանանք, կողքից էլ սուսուփուս ուրիշ գործ կսկսենք: Հրե՛ն, լիքը երկրներ կան, որ մեզ նման ազատության, անկախության ու ժողովրդավարության են ձգտում: (Գրեթե շշուկով): Իմ հարուստ փորձը այնտեղ շա՜տ պետք կգա: Մի խոսքով, հասկացաք, չէ՞: (Աչքով է անում, հետո նայում վերև):
Արա, դե ճիշտ ենք ասում էլի, որ մեր դեմ խաղ չկա...
Դե, հիմա կարող եք գնալ, էս անգամ ինձնից պրծաք: Բայց ժամանակավոր, լա՛վ հիշեք, ժա-մա-նա-կա-վոր:
ՎԱՐԱԳՈՒՅՐ

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ
Դեկտեմբեր, 2003 թ.,
Փարիզ

Դիտվել է՝ 4798

Մեկնաբանություններ