Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ազգային սնապարծության հերթական դրսևորումը

Ազգային սնապարծության հերթական դրսևորումը
16.02.2018 | 00:20

«Իրատեսի» նախորդ համարում հրապարակվել է մի նյութ` «Արև-Հայր Աստծո որդին հա՞յ է» վերնագրով։ Ողջ նյութը զուրկ է պատմական կամ գրականագիտական աղբյուրներից, մտացածին է (և թող սա վիրավորական չհնչի հեղինակի համար), կառուցված է ազգային սնափառության հենքի վրա։ Այսինքն` որևէ օգուտ մեր ազգին չի տալիս։ Եվ հակառակը` առիթ է տալիս մեր բազում վայ-բարեկամներին, որ նրանք առհասարակ անլուրջ վերաբերվեն մեր պատմությանը։ Ըստ Ավետարանի, հրեաների ծննդաբանությունը հաշվվում է տղամարդու կողմից։ Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին... Հեղինակը Մարիամին համարում է հայուհի, միայն այն պատճառաբանությամբ, որ... հրեաները ծննդաբանությունը հաշվում են մոր կողմից, ուղղափառ հրեաների համար Հիսուսը հրեա չէր։ Հեղինակը մոռանում է ամենակարևորը` Մարիամը հղիացավ Սուրբ Հոգու զորությամբ և նրա զավակ Հիսուսը Աստծու որդին էր։


Հիսուսը հաճախ էր ասում, որ եկել է Իսրայելի մոլորված ոչխարներին փրկելու։ Աստված Աբրահամի սերնդին խոստացավ, որ Մեսիան նրանցից պիտի ծնվեր։ Այս ամենը զարմանալի հնարամտությամբ շրջանցում է հեղինակը։ Այնուհետև հեղինակի թեթև ձեռքով Բեթղեհեմը հանկարծ հայտնվում է Դարանաղյաց գավառում, դառնում է բուն հայկական գյուղ։ Հայաստանում երբևէ չի եղել Բեթլեհեմ (Բեթղեհեմ) անվամբ որևէ գյուղ։ Այնուհետև Տիրոջ ավետման օրը ապրիլի 7-ն է, իսկ ծնունդը` հունվարի սկզբին։ Հեղինակը փորձում է Հիսուսի հայազարմության համար անվիճելի ապացույց գտնել` նրա ծննդյան օրը համարելով օգոստոսի 22-ը, մ. թ. ա. 7 թվականին։ Մտացածին է։ Ընդամենը փորձ է արվում Տիրոջ ծնունդը կապել Նավասարդյան հայոց տոնի հետ։ Հեղինակը հաճախ հենվում է այլ աղբյուրների վրա (ակադեմիկոս Պարիս Հերունի, ռուս հրապարակախոս Ն. Կոտոմկին և այլք), որոնց փաստարկները ևս քիչ թե շատ լուրջ հիմքեր չունեն։


Հեղինակին առաջ է մղում ազգային առաջնահերթությունը, սա հասկանալի է, սակայն աններելի են նման «բացահայտումները»։ Մենք ունենք պարծենալու բան, քանզի Հին ուխտի առաջին ընտրյալ ազգն ենք։ Եվ սա Աստվածաշնչում է գրված։ Հայրն իր ունեցածը տալիս է ավագ որդուն։ Այսինքն, Նոյն իր հարստությունը Սեմին է ժառանգում։ Հաբեթը Սեմի կրտսեր եղբայրն էր։ Իսկ հաջորդ եղբայր Քամը անիծված էր, Սեմն էլ ուրիշ ճանապարհով էր գնացել, Նեբրովթի ճանապարհով։ Աշտարակաշինությունից հետո Հայկն ու Թորգոմը վերադարձան, և Նոյն իր տունը, իր թագավորությունը հանձնեց նրանց, այն է` հայերին։ Այստեղ մի շատ ուշագրավ խնդիր է ծագում։ Օրինակ, Արևշատյան Աշոտը նկարագրել է Սամեղ կոչվող վայրի պատմությունը։ Սամեղը գալիք Երուսաղեմն է։ Ըստ պեղածո նյութերի և պատմական փաստերի` Սամեղի թագավորը Հայկ Նահապետն է, նա է կառուցել Երուսաղեմը։ Հետո Հայկն Աստվածաշնչում անվանվեց Մելքիսեդեկ, այն է` խաղաղության թագավոր։


Ոչ պակաս զարմանալի է երջանկահիշատակ գիտնական Պարիս Հերունու աներկբա պնդումը, որ Հայր Աստվածը... հայ է։ Ես հանդիպել եմ Պարիս Հերունուն, նա իր հայտնի գրքի («Հայերը և հնագույն Հայաստանը») հրատարակելը պատճառաբանում էր բավականին հետաքրքիր մոտեցումով, եթե, ասում էր, անգլիացիներն իրենց Սթոունհենջը համարում են հնագույն աստղադիտարան, ապա ինչու՞ մենք մեր Քարահունջը չհամարենք հնագույն աստղադիտարան։ Առավել ևս, որ բրիտները Հայկական լեռնաշխարհից են հասել Անգլիա։
Մենք, կրկնում եմ, պարծենալու շատ բաներ ունենք։ Թեկուզ նաև այն, որ հիքսոսները գրավեցին Եգիպտոսը, և եգիպտական փարավոնների դինաստիան 150 տարի հայկական էր։ Այս եղելության փաստերը կան։ Ի մասնավորի, պահպանված մումիաների գանգերը արմենոիդ տիպի են, և՛ Հովսեփը, և՛ հրեաներն այդ ժամանակահատվածում բնակվեցին Եգիպտոսում։
Վերադառնալով խնդրո առարկային` նշեմ, որ դարձյալ ոչ մի քննության չի դիմանում այն պնդումը, թե Պետրոսը, Հովհաննեսը և Հակոբոսը հայեր էին, որովհետև խոսում էին արամեերեն։ Գալիլիայում այդ շրջանում հայեր չկային։ Ի՞նչ պատմական աղբյուր է հայտնաբերել հարգարժան Նորս Բագրատունին, երբ պնդում է, թե առաքյալներն արամեերեն գիտեին, այդ լեզվով են խոսել Հիսուսի հետ, հետևաբար հայ էին։ Եբրայական տոհմաբանության մեջ եղել է Արամե անձնանուն։ Եվ սա հիմք է տալիս հեղինակին հայտարարելու, որ արամեերենը հայերենն է։ Իսկ արամեերենը սեմական լեզու է, որով խոսում են հրեաները։ Արամեերենը որևէ առնչություն չունի հայերենի հետ և կապ չունի հայ թագավոր Արամի հետ։


«Արև-Հայր Աստծու որդին հա՞յ է» հրապարակման մեջ, առհասարակ, չկա պատմագիտական որևէ հիմնավորում։ Ես բավարարվում եմ վերը շարադրվածով և առաջարկում հեղինակին ավելի խոհեմ գտնվել նման նյութեր հրապարակելիս։


Խաչիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Դիտվել է՝ 2253

Մեկնաբանություններ