Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրք-քրդական պատերազմը վերսկսվել է հենց Թուրքիայի ներսում

Թուրք-քրդական պատերազմը  վերսկսվել է հենց Թուրքիայի ներսում
23.02.2018 | 01:21

(Նախորդ մասը)

Սակայն տարօրինակն այն է, որ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնացումը Իրաքում ու Սիրիայում ընթացող հակաահաբեկչական պատերազմների, ինչպես նաև «Քրդական հարցի» շուրջ, ի վերջո, երկրորդ-երրորդ պլան է մղել այն, ինչ հենց հիմա տեղի է ունենում բուն Թուրքիայի քրդաբնակ շրջաններում: Եվ իզուր: Եթե դատելու լինենք ըստ քրդական աղբյուրների հաղորդումների, ապա 2018 թ. հունվարի 31-ից մարտական կատաղի բախումներ են բռնկվել քրդական աշխատավորական կուսակցության (PKK) փեշմերգայի և թուրքական ուժայինների միջև Աղրիի վիլայեթում: Ընդ որում, քրդերի աղբյուրները պնդում են, որ դեռ մինչև Թուրքիայում ընթացող մարտերն սկսվելը PKK-ի պաշտոնատար անձինք Անկարային նախազգուշացնում էին Սիրիական Քրդստանում հնարավոր գործողության, այսինքն, Աֆրինում թուրքական «Ձիթենու ճյուղ» գործողության առնչությամբ: Չէ՞ որ, կոշտ ասած, ո՛չ Աֆրինը, ո՛չ էլ, առավել ևս, նույն Ռաքքան, որոնք վերահսկվում են ամերիկամետ SDF-ի կազմի մեջ մտնող YPG-ի քրդերի կողմից, ոչ մի «Սիրիական Քրդստան» էլ չեն. «Սիրիական Քրդստան» տերմինը ավելի հաճախ վերագրում են, այսպես կոչված, Ջազիր-Ռոժավ տարածքներին, իսկ Աֆրինի ու Ռաքքայի զավթումը, ըստ էության, մոտավորապես նույնն է, ինչ ձգտում էին անել Մասուդ Բարզանիի կողմնակիցները Հյուսիսային Իրաքում. ոչ քրդաբնակ հողերի զավթման միջոցով էապես ընդլայնել ինքնավար Իրաքյան Քրդստանի տարածքը:


Ինչպես հաղորդվում էր 2018 թ. փետրվարի 1-ին, PKK-ի քրդերը ծանուցել են Աղրիում առնվազն երկու թուրք զինվորի զոհվելու մասին: Սակայն մի երկու օր հետո հաղորդումներ ստացվեցին այն մասին, որ PKK-ի պարտիզանների և թուրքերի միջև մարտերը տարածվել են նաև Հաքյարիի վիլայեթում: Թե իրավամբ ինչ է հիմա կատարվում Աղրիի և Հաքյարիի վիլայեթներում, դժվար է ասել: Թուրքական կողմը չի շտապում տեղեկություններ հաղորդել սիրիական Աֆրինից պատկառելի հեռավորության վրա գտնվող նահանգներում տիրող իրադրության մասին: Աղրին առհասարակ դեպի Բիբլիական Արարատ ձգվող լեռնոտ տարածք է (թուրքերը հենց Աղրի-դաղ էլ անվանում են Արարատը): Այսինքն, դա Արևմտյան Հայաստանն է, թեկուզ և վաղուց հայաթափ արված: Իսկ Հաքյարին կիպ փռված է դեպի Իրաքի Կանդիլի լեռներ ձգվող լեռնաշղթայի հարևանությամբ. այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա, ոչ էլ տարակուսելի, որովհետև հենց Կանդիլի լեռներում են վերջին տասնամյակներում տեղակայված եղել PKK-ի պարտիզանների հիմնական բազաներն ու հենակետերը, և 2013 թ. հենց այստեղ էին Թուրքիայից դուրս բերվում այդ կուսակցության ջոկատները՝ համաձայն թուրք-քրդական հաշտության արձանագրությունների, ընդհուպ մինչև նույն տարվա ամառ, երբ, ի պատասխան իր պարտականությունների կատարումից Անկարայի հրաժարման, PKK-ի զինվորական ղեկավարությունը հայտարարեց, որ դադարեցնում է իր փեշմերգայի հետքաշումը Թուրքիայից դեպի իրաքյան Կանդիլի լեռներ: Այնպես որ, Հաքյարիի վիլայեթը, պատկերավոր ասած, «սովոր տեղ» է թուրք-քրդական բախումների համար: Ընդ որում, այստեղ մարտեր են տեղի ունեցել դեռ 2018 թ. հունվարի 14-ին, այսինքն, այն օրը, երբ թուրքերը նոր-նոր էին սկսել Սիրիայում Աֆրինի քրդերի հրետակոծությունը: Հունվարին Հաքյարիում տեղի ունեցած առեղծվածային հրետակոծության մասին հաղորդեցին, փաստորեն, բոլոր թուրքական լրատվամիջոցները: Ահա, օրինակ, «Sabah»-ի հրապարակումը. «Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները նռնականետներից հրետակոծել են թուրք զինվորականների դիրքերը Չուքուրջայի գավառում: Հարձակման հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, երեք հոգի էլ վիրավորվել է»:


Չուքուրջա ավանը տանում է ուղիղ դեպի թուրք-իրաքյան սահման, և տեղին է ենթադրել, որ թուրք զինվորականների վրա քրդերի բոլոր գրոհներին մասնակցել է հենց PKK-ի փեշմերգան, որը ենթարկվում է և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում, և՛ Հյուսիսում, և՛ Հարավում քաջ հայտնի զինվորական հրամանատար Մուրատ Կարայըլանին: Նա անչափ լայն ճանաչում ուներ մամուլում, 2013-14 թթ. բազմիցս հանդես էր եկել հարցազրույցներով, որոնցում պարզաբանել էր Թուրքիայի հետ հաշտության գործընթացից իր կուսակցության դուրս գալու և Թուրքիայի տարածքից դեպի Կանդիլի լեռներ PKK-ի ջոկատների հեռանալու պատճառները: Բացի այդ, նա առաջին քրդերից մեկն էր, որ Անկարային բացահայտորեն մեղադրում էր ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու և այդ ավազակային կառույցի հետ պետական ամենաբարձր մակարդակով համագործակցելու մեջ: Ասենք նաև, որ Սիրիայից անհնար է անցնել Աղրիի վիլայեթ, դա հնարավոր է միայն Իրաքի Կանդիլի լեռների բազմաթիվ կածաններով: Այսինքն, բացառված չէ, որ PKK-ի զինվորական ղեկավարությունը որոշած լինի օգտվել հարմար առիթից (Աֆրինի վրա թուրքերի հարձակումից) և Քրդստանի հարցը քննության առնել անմիջականորեն Թուրքիայի հետ: Չէ՞ որ քաջ հայտնի է, որ Աղրիի (նաև Արարատի լեռնաճյուղավորումների) և Հաքյարիի վիլայեթները PKK-ի փեշմերգայի ռազմական ակտիվացման ավանդական գոտիներ են, այդ կուսակցության պարտիզանները պարբերաբար մարտեր են մղել թուրքերի դեմ փաստորեն բոլոր տարիներին՝ սկսած 2013 թվականի ամռանից: Աղմկոտ հարձակումներ են տեղի ունեցել 2016 և 2017 թթ., ընդ որում` եղել են նաև խփված թուրքական մարտական ուղղաթիռներ, ոչնչացված զրահատեխնիկա և այլն: Իսկ որքանո՞վ է PKK-ի զինվորական ղեկավարությունը իր գործողությունները համատեղում, ասենք, Աֆրինի նույն պաշտպանության կամ էլ, ինչպես նախկինում, Այն-էլ-Արաբում (Քոբանի), Ռաս ալ-Այնում (Սերեկանի) կամ Էլ-Կամշլիում և Էլ-Հասեկեում սիրիացի քրդերի մղած պաշտպանական մարտերի հետ, արդեն երկրորդ պլանի հարց է: Չնայած Անկարան սիրիացի քրդերի կուսակցություններին ու կազմակերպություններին միշտ մեղադրում է այն բանում, որ նրանք հենց PKK-ի որդեգրած կառույցներ են, դա այնքան էլ այդպես չէ: Այդ բոլոր YPG-ները, YPJ-ները, Սիրիայի ժողովրդավարական միությունները (PYD) շատ ավելի ուշ են ստեղծվել, քան PKK-ն, և նրա ջոկատները ազատագրական զինված գործողություններ են ծավալել ընդդեմ Թուրքիայի ուժային կառույցների:


Բայց արդեն փետրվարի 5-ին թուրքերն ընդունեցին, որ PKK-ի հունվարյան և փետրվարյան գրոհները գալիս էին հենց Հյուսիսային Իրաքից, այսինքն, հաստատեցին դրանց Կարայըլանի գլխավորած աշխարհազորի մասնակցությունը: Թուրքերը նույնպես ճշտեցին. «Գրոհը կատարվել էր Չուքուրջայի գավառի ռազմաբազայի վրա»: Այս ամենը կարող է հետագայում կարևոր նշանակություն ունենալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ SDF-ի քրդերի ամերիկամետ ղեկավարությունը Աֆրինում, ինչպես հայտնի է, համաձայնել է Սիրիայի ղեկավարության հետ հունվարի 24-ից սկսած բանակցել սիրիական բանակը Աֆրին, թուրք-սիրիական սահմանի տվյալ գոտի մտցնելու թույլատրելիության հարցի շուրջ. «SDF-ը կողջունի սիրիական բանակի մուտքը Աֆրին, եթե համաձայնագիր ստորագրվի Դամասկոսի հետ»: Իսկ հունվարի 25-ին, այսպես կոչված, «Աֆրինի տարածաշրջանի քրդական ինքնավար վարչակարգը» լիբանանյան «Al Mayadeen TV» հեռուստաալիքով տարածած հայտարարությամբ սիրիական պետությանը կոչ է արել «կատարել իր պարտքն ու ապահովել Թուրքիայի հետ սահմանի պաշտպանությունը»: Հայտարարության մեջ մատնանշվել է, որ թուրքական զորքերի ներխուժումը «սպառնալիք է Սիրիայի տարածքային միասնության համար, ինչը անհանգստություն է պատճառում քաղաքացիական բնակչությանը»: Սա արդեն առաջընթաց է Աֆրինի քրդերի գիտակցության մեջ, որովհետև, ինչպես ավելի վաղ հաղորդել էին միջազգային շատ լրատվամիջոցներ, ասենք նաև իրենք՝ քրդերը, այդ հարցի առնչությամբ հունվարի սկզբից հնչած ռուսաստանյան և իրանական առաջարկությունները կտրականապես մերժվել էին քրդական կողմից: ՈՒ թեև առայժմ Բաշար Ասադը չի շտապում որոշում կայացնել Աֆրինի առնչությամբ, ինչ-որ բաներ հիշատակելով քրդերի հետ Սիրիայի իշխանությունների փոխհարաբերությունների պատմության ոչ հեռու անցյալից, այդ թվում PKK-ի քրդերի, իմաստ կա ակնկալելու, որ թուրքական Աղրիի և Հաքյարիի վիլայեթներում Մուրատ Կարայըլանի ստորաբաժանումների մարտերի վերսկսումից հետո Սիրիայի քրդերի հետ կապված իրադրության հանգուցալուծումը մոտ է:


Հաֆեզ Ասադի օրոք PKK-ի քրդերը Սիրիայում իրոք ունեին ինչ-որ ճամբարներ ու փախստականների ապաստարաններ, բայց բնավ ոչ Աֆրինում. այդ ճամբարները տեղակայված էին Իրաքի հետ սահմանի և Կանդիլի լեռնաշղթայի անմիջական մոտակայքում: Ավելին, PKK-ի սիրիական հենակետերը բազաներ չէին որպես այդպիսին, դրանք ավելի շուտ ինչ-որ տարանցման կետեր էին: Հանրահայտ է, որ Մերձավոր Արևելքում PKK-ի գլխավոր բազաները լիբանանյան Բեքաայի հովտում էին: Հենց այստեղից էլ մարզումներից և ուժերը վերականգնելուց հետո PKK-ի մարտիկները Սիրիայի տարածքով տարանցվում էին Հյուսիսային Իրաք, այդտեղից էլ իրենց ռազմական գործողություններն ու այլ ակտերն էին ձեռնարկում Թուրքիայի տարածքում: Հիմա PKK-ի ջոկատները Հյուսիսային Իրաքում լիովին ազատ են. Անկարայի բարեկամ և թուրքերի աջակից Մասուդ Բարզանին հեռացված է իշխանությունից: Նրա և PKK-ի ղեկավարության միջև թշնամությունը հասել է այնտեղ, որ նախընթաց տարիներին «բարզանականների» փեշմերգան ակտիվորեն օգնում էր թուրքերին պատժիչ գործողություններ իրականացնելու PKK-ի ներկայացուցիչների դեմ Իրաքի լեռներում կամ էլ թուրքական ռազմաօդային ուժերի հրթիռային հարվածներն ուղղորդում թուրքական քրդերի ճամբարների ու թաքստոցների վրա: Օրինակ, ահա թե 2015 թ. դեկտեմբերին PKK-ի և Բարզանիի կլանի փոխհարաբերությունների մասին ինչ էր պատմում Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, պահեստի գնդապետ Սեմյոն Բաղդասարովը. «PKK-ն իրոք շատ վատ է վերաբերվում PDK-ի (Մասուդ Բարզանիի գլխավորած «Քրդստանի ժողովրդավարական կուսակցություն»- խմբ.) նկատմամբ (այնտեղ շատ լավ են հիշում, թե ինչպես էր Բարզանին իր ուղեկցորդներին տրամադրում, որպեսզի նրանք թուրքական զորքերը լեռներով տանեն «Քրդստանի աշխատավորական կուսակցության» վրա գրոհելու), իսկ ահա YNK-ի (Աթ-Թալաբանիի կլանի կուսակցություն՝ Բարզանիի կլանի մրցակից- խմբ.) և «Գորանի» նկատմամբ՝ շատ լավ. նրանք բարեկամաբար են տրամադրված միմյանց հանդեպ, ինչպես և վայել է սոցիալիստներին ու կոմունիստներին: ՈՒստի չի կարելի միանշանակ ասել, թե Իրաքի քրդերը դեմ են PKK-ին»: Սակայն ամեն ինչ խառնեց 2016 թվականը, երբ PKK-ի մարտական ջոկատները Մոսուլի գրոհին մասնակցեցին Իրաքի «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» շիական աշխարհազորի սև դրոշներով և, միաժամանակ, ԻՊ-ի զինյալներից ու թուրք զինվորականներից մաքրեցին հյուսիսիրաքյան Բաշիկա քաղաքը: Պարզ դարձավ, որ YNK-ից ու «Գորանից» հետո PKK-ի քրդերն էլ են սերտ կապեր հաստատել ու համագործակցում Իրանի ԻՀՊԿ-ի հետ:


Քաղաքագիտության թեկնածու, ՌԱԱ ավագ գիտաշխատող Կիրիլ Վերտյաևը Աֆրինի իրադրության հետ կապված չի բացառում «ինչ-որ ոչ հրապարակային պայմանավորվածությունների հնարավոր առկայությունը Ասադի և Սիրիայում Օջալանի կողմնակիցների միջև»: Նա նաև ենթադրում է, որ «այս պատերազմում Թուրքիայի ցանկացած պարտություն հերթական քայլը կլինի անկախ Քրդստանի ստեղծման ճանապարհին, և ընդհակառակը, Աֆրինի նկատմամբ հաղթանակը կլինի բուն Թուրքիայում ազգամիջյան հարաբերությունների սրման լրջագույն փաստ»: Համաձայնենք, որ PKK-ի ղեկավարության, ասենք նաև Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կողմնակիցների համար (իսկ դրանք առաջին հերթին Իրանն ու Ռուսաստանն են) հենց իրադարձությունների այնպիսի շրջադարձը կդառնա փակուղային վիճակից դուրս գալու միջոց, երբ ցանկալի կլինի և՛ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չհասցնել Սիրիայում բացահայտ ռազմական դիմակայության, և՛ Իրաքի ու Սիրիայի կառավարություններին տրված երաշխիքներն ու պարտավորությունները կկատարվեն, և՛ չի տուժի Թեհրանի ու Մոսկվայի միջազգային վարկանիշը: Բայց քանի որ ոչ ոք չի սպասել Աֆրինի մարտերի ավարտին, այլ, ենթադրաբար, PKK-ի զինվորական հրամանատարությունը հրամայել է վերսկսել մարտերը թուրքական Աղրիում ու Հաքյարիում, ապա պետք է խոսել ոչ միայն Ասադի ու Սիրիայում Օջալանի կողմնակիցների միջև տեղային ոչ հրապարակային պայմանավորվածությունների մասին, այլև առնվազն Իրանի և Ռուսաստանի համապատասխան շահագրգիռ շրջանակների հետ PKK-ի ղեկավարության ու հրամանատարության համագործակցության վերաբերյալ հնարավոր համաձայնության մասին:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ