Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Քոութսի զեկույցը» ԱՄՆ-ի հրամա՞նն է` Արցախում պատերազմ սկսելու

«Քոութսի զեկույցը» ԱՄՆ-ի հրամա՞նն է` Արցախում պատերազմ սկսելու
02.03.2018 | 13:05

(Նախորդ մասը)

Դեռ 2016 թ. ապրիլին նկատվել էր, որ «ապրիլյան պատերազմում» կա «գազի հետք»: Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների սանձազերծումից բառացիորեն մեկ օր առաջ, մարտի 31-ին, Իլհամ Ալիևին Վաշինգտոնում ընդունեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին, նշել են այն գլխավոր թեմաները, որ Քերրին քննարկել էր Ալիևի հետ: ՈՒշադրություն դարձնենք. ԼՂՀ-ի հարցը հիշատակվում էր միայն չորրորդը, բայց նկատելի էր, որ նրա ենթատեքստը «ծագել» է միայն առաջին երեքի կապակցությամբ: Եվ այսպես, Քերրին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Ադրբեջանը համարում է «առաջատարներից մեկը «Հարավային գազատար միջանցքի» ստեղծման գործում», որը «կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման ասպարեզում»: Այնուհետև նա «ԱՄՆ-ի աջակցությունն է արտահայտել տարածաշրջանային առևտրի կենտրոնի վերածվելու Ադրբեջանի ջանքերին»: Քերրին նաև երախտագիտություն էր հայտնել «Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ասպարեզում Ադրբեջանի ներդրած ավանդի, խաղաղարար գործողություններին ցուցաբերած աջակցության և ահաբեկչության դեմ պայքարում նրա ունեցած կարևոր դերի համար»: Իսկ «Ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերը քննարկելիս Քերրին ողջունել էր Ադրբեջանի վերջին ժամանակների դրական քայլերը և հետագա առաջընթացի կոչ էր արել»:


Վերջապես, պետդեպարտամենտի ղեկավարի արտահայտությունները Արցախի մասին: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև «Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ջանքերը», ասել էր Ջոն Քիրբին. «Պետքարտուղար Քերրին հավաստել է, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ընդգծել, որ մենք անհանգստացած ենք շփման գծում և միջազգային սահմանում գործադրվող բռնության կապակցությամբ: Նա ընդգծել է մեր հավատարմությունը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա համակողմանի կարգավորման հասնելու ուղղությամբ կողմերի հետ տարվող աշխատանքին»: Ասես միանգամայն չեզոք հայտարարություն լինի, որ քիչ է տարբերվում նախորդ համանման փաստաթղթերից: Բայց այդ ամենն ասվում է մարտի 31-ին, իսկ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը հարձակման է անցնում ԼՂՀ-ի պաշտպանության բանակի դեմ: Եվ այդ կապն անհնար է չնկատել. ստացվում է, որ Քերրին խաղաղարար հայտարարությամբ հրահրել է Բաքվի ագրեսիան, ինչպես նաև «տարածքային ամբողջականության» պաշտոնական պաշտպանությամբ: Բայց իրավիճակի բարդությունն այն է, որ խոսելով կարգավորման մասին, չի կարելի վերացարկվել այլ հայտարարություններից ու արվող գործերից, որովհետև աշխարհը 1996-ի վերջերից, այսինքն, երբ Բաքվում ադրբեջանական իշխանություններն ու Արևմուտքը ստորագրում էին տխրահռչակ «Դարի գործարքը» նավթի ու գազի վերաբերյալ, տեսել և տեսնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը աշխարհի որոշ ուժերի համար ռազմավարական գազատար նախագծերի իրացման խնդիր է և, բնականաբար, այն տարածքների վերահսկողության, որտեղ դրանք պլանավորվում են: Իսկ «հանգամանքների բերումով» այդ տարածքները «սեղմված են» ԱՄՆ-ի ռազմավարական մրցակիցների՝ Իրանի և Ռուսաստանի միջև:


Այդ պատճառով չէ՞ր, արդյոք, որ պետքարտուղար Քերրին 2016 թ. սկզբում ցնծում էր «Հարավային գազատար միջանցք» ամերիկյան նախագծում Ադրբեջանի «առաջատարության» առթիվ, և հենց այդ թեմայից էլ բխում էին մնացած բոլորը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Խորամուխ լինենք այդ նախագծի հետ կապված իրադարձությունների մի շղթայի մեջ: 2016 թ. փետրվարի 29-ին Բաքվում կայացավ «Հարավային գազատար միջանցք» նախագծի կոնսուլտատիվ խորհրդի 2-րդ նիստը: 2016 թ. մարտի 1-ին Թուրքիան, ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի, հայտարարեց ամերիկյան նախագիծը պաշտպանելու մասին: Իսկ ահա Ադրբեջանի կողմից ագրեսիան սկսելու օրը՝ ապրիլի 2-ին, հավաքվել էին «Հարավային գազատար միջանցք» նախագծի բաժնետերերը, և նրանց անունից SOCAR (Ադրբեջանի նավթի պետական ընկերություն) ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաևը հայտարարեց, թե իրենք ծրագրում են մինչև ընթացիկ տարվա վերջ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավել մոտ 2 մլրդ դոլար, որ բանակցություններ են ընթանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Զարգացման ասիական բանկի և այլոց հետ: Միջոցները կներգրավվեն 20 տարի ժամկետով՝ շատ ցածր տոկոսներով: «Դա մեզ հնարավորություն կտա այդ նախագծի իրականացման համար սեփական միջոցներ ներդնել»,- ընդգծեց SOCAR-ի ղեկավարը: Այդ երազանքները կարծես քիչ բանով են տարբերվում Nabucco-ի հետ կապված ծրագրամոլությունից, որը հաջողությամբ իր մահկանացուն է կնքել: Եվ երբ նայում ես «Հարավային գազատար միջանցքի» բաժնետերերի կազմը, ամերիկացիներ, կարծես, չկան, եթե հաշվի չառնենք «Բրիթիշ պետրոլեում» կորպորացիայի սերտ կապերը ամերիկյան վառելիքային ընկերությունների հետ. SOCAR (20 %), BP (LON:BP) (20 %), հնդկական Snam (20 %), բելգիական Fluxys (19 %), իսպանական Enagas (16 %) և շվեյցարական Axpo (5 %): Տևական աշխատանք է պետք պարզելու համար, թե ինչ ունի անելու Axpo-ն, որ հիմնականում զբաղվում է ատոմային էներգետիկայով և հիդրոէլեկտրակայաններով, գազի բիզնեսում: Բայց չէ՞ որ Nabucco-ն էլ էր հայտարարվել «հույժ եվրոպական նախագիծ», սակայն, որպես նրա գլխավոր լոբբիստ միշտ հանդես էր գալիս ԱՄՆ-ը: «Հարավային գազատար միջանցքի» պարագայում էլ իրադրությունը ճիշտ նույնն է. դա այն դեպքն է, երբ, ինչպես ասում են, բուն դերակատարը չկա, բայց «երևում են նրա ականջները»:


Հարց է առաջանում՝ ի՞նչ չափով է «Հարավային գազատար միջանցք» ծրագրվող գազամուղը շոշափում ԼՂՀ-ի տարածքն ու այդ հանրապետության շրջակա անվտանգության գոտին: Այստեղ պետք է հիշել՝ «Հարավային գազատար միջանցքը» Հարավկովկասյան գազամուղի (Բաքու-Թբիլիսի-Էրզրում) ընդլայնման, Թուրքիայում TANAP (Անդրատլանտյան) գազամուղի և Եվրոպայում նրա ճյուղավորման (Անդրադրիատիկ) կառուցման նախագիծն է: Ամերիկացիների ու նրանց եվրոպական արբանյակների պլանները հայտնի են. «Հարավային գազատար միջանցքը» պետք է ապահովի ուղիղ կապը ԵՄ-ի գազի շուկայի և կասպյան «Շահ-Դենիզ» հանքավայրի երկրորդ հերթի միջև: Ենթադրվում է, որ հիմնական մատակարարները կդառնան Ադրբեջանը, Թուրքմենստանը և, հնարավոր է, Իրաքը: Հետագայում ամերիկացիները կցանկանային ներառել նաև Իրանն ու Եգիպտոսը, բայց 2014 թ. սեպտեմբերին, երբ Բաքվում կայացավ «Հարավային գազատար միջանցքի» հիմնարկեքի արարողությունը, ինչպես գրել է ամերիկյան մամուլը, «քաղաքական իրավիճակն այդ երկրներում հնարավորություն չի ընձեռում նրանց ներգրավելու նախագծում»: Առանցքային տարանցման երկիրը կլինի Թուրքիան, տարանցման մյուս երթուղիները կանցնեն Սև ծովով ու Արևելյան Միջերկրականով: Ամեն դեպքում, «Հարավային գազատար միջանցքի» մասին ամերիկյան ճամարտակությունները 2016 թ. հանգեցրին Ադրբեջանի ագրեսիային: Հիմա, չնայած Սպիտակ տանն ուրիշ վարչակազմ է, այդ նույն ճամարտակությունը շարունակվում և դեռ սաստկանում է շնորհիվ «Քոութսի զեկույցի»:

Ստացվում է, որ ԱՄՆ-ը մեկ անգամ էլ է «ազդանշան տալիս» Ալիևին: ՈՒրեմն ի՞նչ, այս անգամ ագրեսիա սպասենք ապրիլից առա՞ջ, չէ՞ որ նախագահական ընտրություններն Ադրբեջանում նշանակված են 2018 թ. ապրիլի 11-ին:
Ապշեցուցիչ է, սակայն ոչ ոք և ոչ մի տեղ չի բացատրում, թե ինչ է նշանակում «Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի ընդլայնում», ասվում է միայն, թե այդ «գործողությունը» գազամատակարարման ծավալը 25 մլրդ խմ-ից կհասցնի 45 մլրդ-ի, իսկ հեռանկարում՝ 55 մլրդ խմ-ի: Եվ հայտնի է, որ հենց սկզբից Հարավկովկասյան գազամուղը գցվում էր որպես մայրուղային արտահանական, այսինքն, խողովակների գրեթե առավելագույն տրամատով (տրամաչափը 42 դյույմ): Հայտնի է նաև, որ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով խողովակները գցված են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին զուգահեռ՝ 10-28 մետր իրարից հեռու: Ինչպե՞ս և ի՞նչ են ընդլայնելու, եթե չի նախատեսվում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կանգնեցում, իսկ 2020 թվականին «Հարավային գազատար միջանցքի» բաժնետերերը մատակարարումների սկիզբ են ակնկալում: Հավանաբար, ինչ-որ բան առևտրային գաղտնիք է, ինչ-որ բան էլ՝ տեխնոլոգիական: Բայց հասկանալի է, որ գազամատակարարումների ծավալը մեծացնելու պլանները կարող են կապված լինել միայն երկու տարբերակի հետ. 1) արտահանական մայր խողովակաշարի տրամաչափի կտրուկ մեծացում. և այստեղ պետք է հասկանալ, որ դա Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարի ամբողջ երկարությամբ խողովակների փոխման աշխատատար գործընթաց է, և դեռ հայտնի էլ չէ, թե դա որքանով կմեծացնի կամ կնվազեցնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործման անվտանգությունը, 2) նույն ուղղությամբ նոր, լրացուցիչ գազամուղ ճյուղի կառուցում: Բայց ահա նու՞յն երթուղով, թե՞ նոր: Ասենք, շատ ավելի հարավով ձգվող երթուղով, որն ավելի մոտ կլինի Իրանի սահմանին, քանի որ նույնիսկ 2014 թ. ինչ-որ մեկը երազում էր իրանական գազը ներգրավել «Հարավային գազատար միջանցքի» խողովակի մեջ: Ռազմաճակատի հենց հարավային տեղամասերում, այսինքն Իրանի հետ սահմանի մոտ էր Ադրբեջանն առանձնակի համառությամբ մարտեր մղում 2016 թ. ապրիլի չորս օրերին:


Այս հարցերը պատասխան չեն ունեցել և չունեն: Կա միայն իրադարձությունների, փաստերի ու ամսաթվերի, քաղգործիչների ու գործարարների հայտարարությունների, աշխարհի առաջատար բանկերի հետ բանակցությունների մասին տեղեկությունների համադրման տրամաբանություն և այլն: Երևում է, ԱՄՆ-ը պատահական չէ, որ երկու տարի առաջ «Հարավային գազատար միջանցքի» նախագծի բաժնետերերին հրահանգեց ակտիվանալ և՝ հատկապես 2016 թ. փետրվարի վերջերից: Պատահական չէին «խունջիկ-մունջիկ գալիս» Ալիևի առջև, ընդգծելով նրա «առաջատարությունը» նախագծում և դրսևորելով անսասան հարգանք Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հանդեպ: Արցախի դեմ ուղղված պատերազմական գործողությունների հետ նշված ամսաթվերի համադրումը հանգեցնում է այն եզրակացությանը, որ դրանք բոլորը սերտորեն փոխկապակցված են: Չի կարելի բացառել, որ հանուն «Եվրոպայի էներգետիկ անվտանգության» կեղծ գաղափարի, հենց Քերրիի թեթև ձեռքով, Վաշինգտոնում ռազմական արկածախնդրության «ազդանշան տվեցին» Ադրբեջանին: Կարող էին նաև այլ նպատակներ լինել, իհարկե, զուր չէ, որ Իրանը 2016 թ. արդեն նաև իբր «պատժամիջոցների հանման» հունվարյան հայտարարությունից հետո, բազմիցս «ոչ» էր ասել ամերիկացիներին թե՛ Սիրիայի, թե՛ Բաշար Ասադի ճակատագրի հարցում և այլն: Այնպես որ, 2018 թվականին էլ «Քոութսի զեկույցի» և նույն «Հարավային գազատար միջանցքի» շուրջ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցչուհի Սաարինիոյի հայտարարության մասին տեղեկությունների շրջանառությունը դարձյալ նման է Արցախի դեմ պատերազմ սկսելու Վաշինգտոնի հրամանի:


ԱՄՆ-ի «գազային նախաձեռնությունների» ձախողման դիրքերից Քոութսը արդարացի է. «Հարավային գազատար միջանցք» նախագծի ձախողումը սպառնալիք է Ամերիկայի շահերին, սակայն պատերազմն Անդրկովկասում սպառնալիք է Արցախի և Հայաստանի անվտանգությանը, էլ չենք խոսում Իրանի ու Ռուսաստանի մասին: Այդ երկրներն էլ չեն կարող չներգրավվել: Խնդիրն այն էլ, որ այդ տերություններն էլ ունեն հետախուզություններ և հակահետախուզություններ և այն էլ՝ ոչ վատ: Մասնագետները համոզված են, որ շատ ոլորտներում ռուս և իրանցի հետախույզներն ու հակահետախույզները շատ անգամ գերազանցում են ԱՄՆ-ի և Իսրայելի իրենց «կոլեգաներին»: Եվ եթե Իրանի ոչնչացումը, այդ թվում իսրայելամետ-ամերիկամետ, բայց առայժմ երևակայական, «Մեծ Քրդստանի» ձեռքով, ԱՄՆ-ի «Գլոբալ Մերձավոր Արևելք» անսքող ռազմավարական պլանի բաղկացուցիչ մասն է, ապա Ռուսաստանի առնչությամբ վաղուց, շատ վաղուց հայտնի է, թե ինչ «փաստաթղթեր» են շրջանառվում: Դրանք են լայնորեն հայտնի, այսպես կոչված, «Հարվարդի նախագիծը» և «Հյուսթոնի նախագիծը»: Եվ եթե «Հարվարդի նախագծի» հիմնական նպատակը՝ ԽՍՀՄ-ի կազմաքանդումն ու ազգամիջյան զինված հակամարտությունների տարածումը, հաջողությամբ իրականացվեց արդեն 1991-92 թթ., ապա հետագան լրիվ «առկախ» մնաց: Փոխարինման նետեցին «Հյուսթոնի նախագիծը»՝ Ռուսաստանի վերացումը: Ընդ որում՝ «Հյուսթոնում» հստակ ասվում է, որ նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ հարավը տրվելու է հենց Թուրքիայի վերահսկողությանը: Այնպես որ, այն նույն շրջանակները, որոնք Արևմտյան Հայաստանը, Միջագետքն ու Կիլիկիան «մաքրեցին» հայ ազգից, այդ ծրագիրն անվանում են անկատար: 90-ական թվականներին «Հյուսթոնի նախագծի» ակտիվ ջատագովը ԱՄՆ-ի պետքարտուղար, հրեուհի Մադլեն Օլբրայթն էր, այն նույն Օլբրայթը, որի հետ լուսանկարվելու համար մեր վայ-ընդդիմադիրների ու իբր «իշխանական կուսակցության» վայ-հայրենասերների «խելքներն իրենցը չէ»: Այնպես որ, Իրանն ու Ռուսաստանը անպայման «ներգրավվելու» են և, համոզված եմ, փշրելու են և՛ ԱՄՆ-ի, և՛ Իսրայելի ատամները: Դրա համար էլ հիմա նրանք Սիրիայում են...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ