USD482.48
EUR565.61
RUB7.83
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Գուրգեն Յանիկյան. «Գալուստ Գյուլբենկյանի որդին իր հոր մասին»

Գուրգեն Յանիկյան. «Գալուստ Գյուլբենկյանի որդին իր հոր մասին»
18.05.2018 | 12:36

(Նախորդ մասը)

Այս տեղեկությունները իր որդին տալիս է մեզ: Ենթադրում եմ, որ Նուբար Գյուլբենկյանը նմանապես օգտվել է այն միլիոններից, որոնք իր հայրը կարողացավ հետ ստանալ շնորհիվ իր պարսկական անցագրի: Այնպես որ, պետք էր սպասել, որ նա երախտիքի գեթ մի փոքր փշուր ունենար դեպի պարսից երկիրը և չվիրավորեր պարսիկների ինքնասիրությունը` գիտենալով այն սերն ու հարգանքը, որ թե՛ ժողովուրդը, թե՛ Ռիզա շահի որդին` ներկայիս շահը, ունեն Պարսկաստանի մեծ Ռիզա շահի հանդեպ:
Գուցե միամտություն է երախտիքի նշույլ սպասել հանդեպ զանազան անհատների մի մարդուց, որ նույնիսկ իր հոր հանդեպ ցույց չի տվել երախտիքի մի փոքր նշույլ 300-էջանոց իր գրքում:

Լողալով հոր միլիոնների մեջ, կրելով նրա ազգանունը և աջ ու ձախ օգտագործելով նրա ստեղծած դրությունը, «ճշմարտասեր» Նուբարը գրում է իր գրքում. «Հայրս ոչ ոքի չէր սիրում… Նա ատում էր բոլորին… Լրտեսների միջոցով նա հետապնդում էր բոլորին թե՛ ընտանեկան շրջանում և թե՛ ընտանիքից դուրս: Նրա բոլոր հագուստները և կոշիկները ցուցակագրված էին, որ հանկարծ չլինի մեկը գողանար… Շատ անգամ նա պատվիրում էր թանկարժեք մրգեր և մենակ նստած ուտում, առանց նույնիսկ առաջարկելու ընտանիքի անդամներին, այդ թվում և` մորս… Նա վերին աստիճանի եսասեր էր և իր անձի համար ոչինչ չէր խնայում… Նույնիսկ ուներ իր հարեմը, որտեղ նրա համար պատրաստվում էին հաճույքի առարկաներ: Երբ ձանձրանում էր այս կամ այն աղջկանից, ճանապարհ էր դնում նրան` վճարելով 10000 փաունդ: Ես գիտեմ նույնիսկ մեկին, որին հայրս ճանապարհ էր դրել` վճարելով հարյուր հազար փաունդ: Իր սեռական գործերի համար նա ուներ մասնավոր քարտուղար, որի պարտականությունն էր ամեն ինչ կարգի բերել նրա հաճույքի համար և հետագայում էլ առանց աղմուկի հաշիվները փակել աղջիկների հետ:


Հայրս թալանեց մորս` սեփականացնելով նրա օժիտը, որ այն ժամանակ 10000 անգլիական փաունդի էր հասնում: Ես վիճում էի հորս հետ և աշխատում ազատվել նրա բռնակալությունից… Ես ուզում էի ստեղծել իմ սեփական կյանքը… Նա ամեն կերպ խեղդում էր իմ ձգտումները… Նա մի անխիղճ բռնակալ էր թե՛ ընտանիքում և թե՛ իր գործերում, միշտ ուզում էր, որ ինքը երևար, չնայած որ ես էլ իր հետ հավասար աշխատում էի: Իմ աշխատանքի արդյունքը նա մենակ էր վայելում` տալով ինձ միայն փշրանքներ, այն էլ` ամեն անգամ կռվով ու դավով»:
Շարունակել Նուբար Գյուլբենկյանի արտահայտությունները հոր մասին` կնշանակի լույս տեսած գրքից արտագրել ամբողջ 10-15 էջ:


Իհարկե, իրավունք չունենք վիճելու Նուբար Գյուլբենկյանի հետ հոր մասին տված տեղեկությունների առթիվ, որովհետև որդին ավելի լավ գիտե: Մեզ մնում է ընդունել, որ Գալուստ Գյուլբենկյանը, ըստ իր որդու, ամբողջովին մի բացասական տիպ էր և չուներ ոչ մի դրական կողմ իբրև մարդ:
Նուբար Գյուլբենկյանը փոքր երեխա չէ, որ չհասկանա իր գրածը: Այսօր նա 61 տարեկան (վրիպում է, հոդվածի հրապարակման ժամանակ Ն. Գյուլբենկյանը 52 տարեկան էր - Խ. Դ.) պատկառելի հասակ ունի: Հիմնվելով գրքի մեջ տրված տեղեկությունների վրա, պետք է ենթադրել, որ նա գեղեցիկ արտաքին ունի և սրբի նմանվող մի դեմք, որը զարդարված է փառավոր մորուքով: Մոնոկլը աչքին, ժպիտը դեմքին, մանիկյուր արած եղունգները, անբաժան ծաղիկը կրծքին` արիստոկրատիկ մի տիպ է: Մնում է սրա վրա ավելացնել և իր ստացած կրթությունը զանազան բարձրագույն դպրոցներում մինչև Օքսֆորդ և իր ստացած շքանշանները, որով կարող ենք ասել, որ մեր դիմաց կանգնած է հարյուրտոկոսանոց մի արիստոկրատ` իր արտաքինով: Այո՛, միայն ու միայն արտաքինով:
Հայրերի ու որդիների անհասկացողությունը նորություն չէ մեր կյանքում: Հարյուրավոր գրքեր են գրվել այդ նյութի մասին: Դա ժամանակների տարբերության արդյունք է:
Քիչ չէ քանակը այն որդիների, որոնք թողել-հեռացել են իրենց ծնողներից և ստեղծել իրենց կյանքը` ըստ իրենց հասկացողության: Նուբար Գյուլբենկյանն իրեն զգում էր շղթայված և չէր կարող ստեղծել իր կյանքը իր ցանկության համաձայն: Նա կարող էր հեռանալ հորից և անկախ կյանք ունենալ, բայց դա չի արել, որովհետև չի ցանկացել ինչ-ինչ պատճառներով: Նա ցանկացել է մնալ միլիոնների հետ, որոնք նրան հնարավորություն էին տալիս վարելու փառավոր ու շռայլ կյանք: Նա վախեցել է աշխատանքից, վախեցել է հանգիստ և ապահով կյանքից զրկվելուց ու գերադասել է օգտվել հոր միլիոններից և սպասել, որ հայրը վախճանվելով իրեն թողնի անհամար հարստության մեծ մասը: Սակայն ապրելով ու գործելով հոր հետ, նա նույնիսկ կանգ չի առել հոր դեմ դատեր բացելու առջև, ինչի մասին ժամանակին գրել են աշխարհի բոլոր թերթերը: Գրքում էլ կա այդ մասին:


Համաձայն գրքի, դրամի համար հոր ու որդու միջև կռիվն սկսվել է շատ առաջ, երբ դեռ Նուբարի շրթունքները չէին ծածկվել աղվամազով: Այդ կռիվը շարունակվել է մինչև վերջ, մինչև հոր մահը: Համաձայն գրքի, հաղթողը գրեթե միշտ եղել է հայրը, որը, որպես կոմպրոմիսի թագավոր, միշտ կարողացել է հանգստացնել որդուն` տալով նրան փշրանքներ, ինչպես ասում է ինքը` Նուբարը:
Անտեղի չէ, սակայն, գիտենալ, որ այդ «փշրանքները» միշտ եղել են ոչ պակաս, քան 50-հազարական դոլարներ։
Որդին զզված էր հորից, անվերջ վեճերից, ինքնասիրությունը վրդովող դեպքերից, չի հեռանում հայրական տնից «կազմելու իր անձնական կյանքը», ինչպես ինքն է խոստովանում, այլ մնում է հոր կողքին, խեղդելով իր մեջ ունեցած դառնությունը նրա հանդեպ: Եվ դա անում է այն հույսով, որ մի օր իրեն կհաջողվի տեր ու տիրական լինել հոր հարստությանը, եթե ոչ նրա կենդանության ժամանակ, գոնե նրա մահից հետո։


Ահա, վերջապես, մահը գալիս է, բացվում է Գալուստ Գյուլբենկյանի կտակը, և, օ՜հ, հիասթափություն… Հայրը այստեղ էլ էր հաղթել որդուն, նրան չէր թողել իր կարողության մեծ մասը, այլ` դարձյալ «փշրանքներ»: Այսինքն, իր ունեցած մոտ մեկ միլիոն դոլար կարողությունից և տարեկան քսան միլիոն դոլար եկամտից, նա Նուբար Գյուլբենկյանին թողել էր մեկ միլիոն թրասթ ֆոնդ (իմա` անձեռնմխելի գումար - Խ. Դ.) և տարեկան մոտ 70000 դոլարի եկամուտ:
Գրքից մենք իմանում ենք նաև, որ Գալուստ Գյուլբենկյանը կտակով իր աղջկան թողել է 750 հազար դոլար:
Հեղինակները չեն մոռացել շեշտել, որ Գալուստ Գյուլբենկյանը կտակով իր մահացած եղբայրների այրիներին թողել է օրական չորս դոլար մինչև նրանց կյանքի վերջը: Այսինքն, նրանք մեկ անգամ ևս ուզել են ընդգծել, թե ինչպիսի՜ անխիղճ մարդ էր եղել Միստեր հինգ տոկոսը: Ազգին էլ ոչինչ չի թողել` կոկորդիլոսի արցունքներով լալիս է վիրավորված որդին:
Ինչպես հայտնի է, իր հարստության մեծագույն մասը նա թողել է Գյուլբենկյան ֆոնդին, որը և պետք է գործադրի դրամն ու եկամուտները համաձայն իր երկրորդ կտակի: Իսկ վերջինս հրապարակ պիտի գա նրա մահվանից հինգ տարի անց:


Այս երկրորդ կտակի համար հանգուցյալը ժամանակ չէր ունեցել, որովհետև ենթադրում էր, թե իր հոր նման 106 տարի պիտի ապրի (անճշտություն է. Գ. Գյուլբենկյանի հայրը` Սարգիս Գյուլբենկյանը ծնվել է 1836-ին, վախճանվել` 1893-ին - Խ. Դ.): Չկա այդ կտակը, բայց կան կենդանի մարդիկ, որոնց հետ հանգուցյալը տարիների ընթացքում խորհրդակցել է մահվանից հետո իր հարստությունը օգտագործելու ձևերի ու միջոցների մասին:
Ինչպես ընդգծում է որդին` Նուբարը, ամեն անգամ, երբ վերջնական կտակի մասին խոսք էր լինում, հայրն ասում էր իր մերձավորներին ու Գյուլբենկյան ֆոնդի նշանակված կառավարիչներին.
-Մի՛ անհանգստացեք, լորդ Ռեդքլիֆը գիտե, թե ես ինչ եմ ուզում: Նա կհետևի այդ հարցին: Հարցը թողեք նրան:
Լորդ Սիրիլ Ռեդքլիֆը Գալուստ Գյուլբենկյանի երկարամյա մտերիմ փաստաբանն էր, որին անչափ հավատում էր, և որի մասին հեղինակները չեն մոռացել մի քանի փաղաքշական խոսքեր ասելու: Չեն մոռացել հեղինակները գովաբանելու մասնավորապես դոկտ. Ժոզե Դե Ազերդո Պերդիկաոյին, որը նույնպես հանգուցյալի փաստաբանն էր:
Մեծահարուստը մեռավ` թողնելով անհամար հարստություն և, որովհետև չկա իր գրավոր վերջնական կամքը, նա թողեց նաև անհամար վիճաբանությունների նյութ, որոնք միայն դատարաններում ու վկաների միջոցով պիտի ստանան վերջնական լուծում:
Հոր ու որդու մենամարտը դեռ չի վերջացել: Գրքից տեղեկանում ենք, որ որդին դատարաններում պահանջում է արդեն մոր օժիտը:


Ընթերցողների համար այնքան էլ հետաքրքիր չէ դրամի համար միլիոնատերերի ընտանեկան ներքին կռիվը: Թող լվան իրենց կեղտոտ շապիկները որքան որ կուզեն: Եթե ես բավականին երկար կանգ առա այս հարցի վրա, դա միայն նրա համար, որ քիչ թե շատ լուսաբանվի այն հարցը, թե ի՞նչ նպատակով է հրապարակ դրվել այս գիրքը: Մի գիրք, որի մեջ որդին մեղադրում է հորը ամեն տեսակ մեղքերի մեջ և աշխատում արդարացնել իր անցած կյանքը և ապագայում անելիք իր քայլերը:
Անձնապես միայն կարդալով այդ գիրքը, ես հասկացա, թե շատ տարիներ առաջ ինչու էր Գալուստ Գյուլբենկյանը երանի տալիս իմ հորը:
Պետք է ենթադրել, որ այս գիրքը լույս է ընծայվել հարմար առիթի պարագայում որպես զենք գործածելու բանկերում դիզված միլիոնների վերջնական տիրոջը որոշելու ժամանակ:
Ես արդեն շեշտեցի վերևում, որ պրն Նուբար Գյուլբենկյանի հետ ծանոթացա միայն կարդալով այս գիրքը, մինչ այդ լսել էի միայն նրա անունը: Ի՞նչ տպավորություն ստացա` հետաքրքիր չէ, որովհետև իմ այս գրությունը կապ չունի անձնականիս հետ, այլ ավելի լուրջ է ու խոր:
Աշխարհումս շատ շատերն էին լսել հայ Գյուլբենկյանի անունը, բայց քչերն էին լսել մարդ Գյուլբենկյանի մասին: Այս բացը գալիս է ծածկելու «Միստեր հինգ տոկոս» վերնագրով գիրքը:
Ինձ չի անհանգստացնում այն բացասական տպավորությունը, որ պիտի ստանա ընթերցողը միլիոնատեր այս անհատի վերաբերյալ, այլ ինձ անհանգստացնում, նույնիսկ վիրավորում է այն տպավորությունը, որ ընթերցողը պիտի ստանա հայի մասին:


Տրամաբանորեն այս տպավորությունը պիտի անդրադառնա մեր բոլորի վրա:
Կարո՞ղ ենք մենք բացատրել բոլոր ընթերցողներին, որ գրքի մեջ հրապարակ հանված հայ միլիոնատերը չի ներկայացնում իսկական հայ մարդը, և որ գործածված գույները այս կամ այն նկատառումով չափազանց խտացված են: Եթե ասենք էլ, չպիտի հավատան, որովհետև նրանք ունեն ոչ թե անծանոթ մեկի հայտարարությունը, այլ սեփական որդու նկարագրությունը:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ