USD484.70
EUR553.96
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Մայրապետը

Մայրապետը
01.06.2018 | 01:22

Հայոց բազմադարյա բարերարությունը բյուրավոր շողշողուն անձանցով բնակեցված մի անտես, մոռացված, ոսկեկուռ տուն է, որտեղ տղամարդկանց առաջնորդը Ալեքսանդր Մանթաշյանցն է, իսկ իգական սեռի մայրապետի գլխանոցը ես կշնորհեի Վառվառե Քանանյանին:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Վառվառեի հայրը Թիֆլիսում ու Մոսկվայում մեծ համբավ վայելող 1-ին գիլդիայի վաճառական, ժառանգական պատվավոր քաղաքացի Ալեքսանդր Ստեփանի Անանյանն էր (1811, Թիֆլիս-1888, Մոսկվա): Մարդ, ով Կովկասի հայոց բարեգործական ընկերության (ԿՀԲԸ) հիմնադրումից ի վեր (1881 թ.) եղավ խորհրդի առաջին նախագահը և զգալի ներդրում ունեցավ, որպեսզի բարերարությունը հայոց մեջ վերածվի ապրելակերպի: Նա 1830-40-ական թթ. բնակություն հաստատեց Մոսկվայում, զբաղվեց բանկային գործունեությամբ, սև խավիարի ու ձկնեղենի առևտրով, քաղաքի կենտրոնում ձեռք բերեց ընդարձակ հողատարածք, կառուցեց սեփական ու եկամտաբեր 15 շքեղ շենք, դարձավ ոչ միայն ամենահեղինակավոր անձանցից մեկը, այլև կայուն տեղ գրավեց բարձրաշխարհիկ հասարակությունում: Մինչ օրս Մոսկվայում մի ամբողջ նրբանցք կրում է նրա անունը` Ананьевский переулок:


1838-1858 թթ. Ալեքսանդր Անանյան ու Մարիամ Ադելխանյան ամուսիններն ունեցան 4 որդի և 6 դուստր, որոնց հայրը ժառանգեց 4 մլն ռուբլի: Զավակներից բոլորի մասին չգիտեմ, ծանոթ են միայն Ելենա Միանսարյանը, Նատալյա Շահ-Պարոնյանը և Աբգար Անանյանը: Երեխաներն ստացան ռուսալեզու տարրական, միջնակարգ ու բարձրագույն կրթություն և, բացառությամբ Վառվառեի, հայերենին չէին տիրապետում: Տիպական է Աբգարի օրինակը: Նա հայերեն չգիտեր, ամաչում էր դրա համար և թիֆլիսահայոց հասարակական կյանքում որևէ մասնակցություն չուներ: Բայց երբ վախճանվեց Ամանորի նախօրյակին` 1916 թ. դեկտեմբերի 31-ին, պարզվեց, որ ազգային կարիքների համար կտակել էր 200 հազար ռուբլի, որից 126 հազարը` ԿՀԲԸ-ին, ինչից 106 հազարը բարեգործականը պիտի հատկացներ միջնակարգ դպրոցներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում աշակերտներ և ուսանողներ պահելու, իսկ 20 հազարը` հայերենը տարածելու համար…


Վառվառեն ամուսնացավ երկու անգամ: Առաջին ամուսինը Նիկողայոս Ակիմյանն էր` բարձրահասակ, գեղեցկադեմ մի զինվորական, որը ժամանակի ընթացքում արժանացավ գեներալի կոչման: Այս ամուսնությունից Վառվառեն ունեցավ Վարդան որդի և Մարիամ դուստր: Ինձ անհայտ պատճառներով Վառվառեն ամուսնալուծվեց ու երեխաների հետ դարձավ հոր տուն: Վարդանի ճակատագիրը նույնպես անհայտ է:
Մակար կաթողիկոսից ստանալով ապահարզանի և կրկին ամուսնանալու թույլտվություն, Վառվառեն կյանքը կապեց ժամանակի ամենաականավոր հայ մտավորականներից մեկի` Գևորգ Եղիայի Քանանյանի (1839, Ղզլար-1897, Մոսկվա) հետ: Պրոֆեսոր Գ. Քանանյանն ավարտել էր Մոսկվայի համալսարանի պատմալեզվագիտական ֆակուլտետը, 1861-1881 թթ. եղել Լազարյան ճեմարանի տեսուչ, 1881-1897 թթ.` վերատեսուչ (ռեկտոր): 1854 թ. նա Ռափայել Պատկանյանի և Մնացական Թիմուրյանի հետ Մոսկվայում հիմնել էր «Գամառ-Քաթիպա» գրական ընկերակցությունը:


Լինելով արևելյան լեզուների ճեմարանի տեսուչ, ինչպես նաև նկատի ունենալով, որ ճեմարանը հիմնվել էր նորջուղայեցի Լազարյանների շնորհիվ, Գ. Քանանյանն առանձնակի վերաբերմունք էր դրսևորում պարսկահայերի և հատկապես ուսանողների նկատմամբ, ինչի համար պարսից շահի կողմից երեք անգամ պարգևատրվեց «Շիր օ խորշիդ» 3-րդ, 2-րդ և 1-ին աստիճանի շքանշաններով: Եվ պատահական չէ, որ կտակով ցանկություն հայտնեց, որ Նոր Ջուղայում իր միջոցներով հիմնվի ազգային դպրոց: Մի բան, որ ի կատար ածեց նրա սիրեցյալ ու նվիրված կողակիցը:


Գ. Քանանյանի մահից չորս տարի անց` 1901 թ., Վառվառեն ձեռնամուխ եղավ ամուսնու վերջին կամքի իրագործմանը: Նոր Ջուղայի Չարսու թաղում, Իրանա-Հնդկաստանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ ու թեմական վերատեսուչ Բագրատ վրդ. Վարդազարյանի զորակցությամբ, Կատարինյան դպրոցին կից սկսվեց դպրոցի ու մանկապարտեզի շինարարությունը: Երկհարկանի շենքի հատակագիծը, դռների ապակիները և մյուս անհրաժեշտ պարագաներն ուղարկվեցին Մոսկվայից: Շենքի կառուցման համար Վառվառեն ծախսեց 11 հազար թուման, ինչպես նաև տրամադրեց ևս 25 հազար թուման (շուրջ 100 հազար ոսկե ռուբլի) անձեռնմխելի գումար, որի շահութատոկոսներով պիտի հոգացվեին դպրոցի կարիքները:
Այսօր էլ Նոր Ջուղայում սրբորեն պահպանվող այդ շինության երկրորդ հարկի միջանցքի հյուսիսային պատին զետեղված է մի մարմարյա հուշատախտակ, որի վրա քանդակված է. «Գէորգ Քանանեան ազգային դպրոց ի հայրապետութեան Տ. Տ. Մկրտիչ սրբազնագոյն կաթողիկոսի Ամենայն Հայոց կառուցաւ դպրոցս յանուն եւ ի յիշատակ հանգուցեալ գիտնական Գէորգ Քանանեանի վերատեսչի Լազարեան ճեմարանի, արդեամբ եւ ծախիւք վսեմաշուք տիկնոջ նորին Վառվառէի Յ. Քանանեան: Օրհնութիւն հիմնադրութեան դպրոցիս եղեւ ի 11 մայիս 1903 ամի: Պաշտօնական բացումն է 25 սեպտեմբերի 1905 ամի»:
Քանանյան ամուսինների հիշատակի ազգատուր խորհրդանիշը կանգուն է։

ՎՍԵՄԱՇՈՒՔ ՏԻԿԻՆԸ
Վառվառե Քանանյանը միջահասակ էր, ուներ սև, խոհական աչքեր, շագանակագույն վարսեր, ճերմակ, լուսաճառագ դեմք: Լուրջ, խոհեմ, կրթված ու վերին աստիճանի դաստիարակված կին էր: Հրաշալի տիրապետում էր ռուսերենին, գերմաներենին, ֆրանսերենին, անգլերենին, բայց տանը գործածում էր հայերենը:
Շատ հարուստ էր, միլիոնատեր, խոշոր գումարներ էր ժառանգել հորից և ամուսնուց: Ապրում էր Անանևսկի նրբանցքի և Սուխարևսկայա հրապարակի անկյունում գտնվող 20 սենյակից բաղկացած 5-հարկանի սեփական առանձնատանը: Քույրերի հետ Մոսկվայի կենտրոնում ժառանգել էր այլ տներ, որոնցից մեկը հայոց եկեղեցու մոտ էր: Կալվածքներ ուներ նաև Քութայիսի նահանգի Անանուր քաղաքի մոտ:
Նրա տանը հաճախակի հյուրընկալվում էին պատմաբան, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Վ. Գերյեն, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Ա. Վեսելովսկին ու նրա որդին` հայտնի հայագետ Յու. Վեսելովսկին, պրոֆեսորներ Մկրտիչ Էմինը, Գր. Խալաթյանցը, 1915-1917 թթ. Երևանի քաղաքագլուխ, իրավաբան Սմբատ Խաչատուրյանը և այլք, և այլք:


Այրի Վ. Քանանյանը, թեպետ իր անբավ հարստությանը, ապրում էր ծայրաստիճան համեստ, անշռայլ կյանքով: Եվ դա որոշակի սառնություն էր մտցրել նրա ու Մոսկվայի բարձրաշխարհիկ հայ կանանց միջև: Այսպես, պսակադրությունների ժամանակ հայ կանայք և օրիորդները այնքան թանկագին քարեր էին կրում, որ հոգևորականներն ստիպված 5-6 ոստիկան էին հրավիրում` անվտանգությունն ապահովելու համար: Կանանցից մեկի ճերմակ շրջազգեստի կոճակներն անգամ ադամանդներ էին:
Այդպիսի ցուցամոլությունից Վառվառեն հեռու էր, նա իր հարստությունը պատրաստվում էր այլ նպատակների համար գործածել:

Վրա հասավ բոլշևիկյան հեղափոխությունը: Սկսվեց «էքսպրոպրիատորներին էքսպրոպրիացիայի» ենթարկելու, այլ կերպ ասած` թալանի, «մեղրամիսը»:
Մայր ու աղջիկ ապրում էին մի խուլուհամր հայ սպասուհու հետ: Կեսգիշերին մոտ էր, երբ առանձնատանը մոտեցան մի քանի զինվորներ ու նավաստիներ: Սկսեցին հրացանի խզակոթով հարվածել դռանն ու բղավել. «Բա՛ց արեք, արագացրե՛ք»:
Վառվառեն ոտքի ցատկեց, լույսը վառեց ու շտապեց դստեր ննջարան: Մարիամը վերմակը քաշել էր ծնոտի տակ, իսկ աչքերը սարսափ էին արտահայտում: Վառվառեն դստերը տարավ սպասուհու սենյակ, ձեռքերի ու շրթունքների շարժումով հասկացրեց, որ դուռը բախում են: Կծկված դստերը թողեց աղախնու մոտ, իսկ ինքը աստիճաններով իջավ առաջին հարկ ու մոտեցավ դռանը.
-Ի՞նչ է պատահել, ինչու՞ եք դուռը թակում:
-Ձեր տան երկրորդ հարկից մեզ վրա կրակ են արձակել,- լսվեց:- Պետք է խուզարկենք, դուռը բացե՛ք:
-Այս տանն ապրում են երեք միայնակ կանայք, որոնք ոչ միայն զենք, այլև դրա հետ վարվելու ունակություն չունեն,- պատասխանեց Վառվառեն:
Որոշ դադարից հետո լսվեց.
-Լավ, համարեք, թե ձեզ հավատացինք: Բայց մենք դեռ կգանք:
Ամբողջ գիշեր Վառվառեն աչք չփակեց: Մտքից դուրս չէր գալիս չարագույժ խոստումը. «Մենք դեռ կգանք»: Անշուշտ, կգային…
Լույսը բացվելուն պես Վառվառեն ձեռքի երկու պայուսակների մեջ տեղավորեց անհրաժեշտ իրեր, փաստաթղթեր, ապա հրաժեշտ տվեց աղախնին ու Մարիամի հետ դուրս եկավ:
Ցուրտ էր: Լսվում էին հատուկենտ կրակոցներ ու հեռավոր թնդանոթաձգություն: Կանայք կծկվեցին մուշտակների մեջ:


Կառքը նրանց հասցրեց Կուրսկի կայարան, որտեղից գնացքը մեկնում էր Թիֆլիս:
Առաջին կարգի վագոնում նոր էին տեղավորվել, հազիվ շունչ քաշել, երբ կուպեի դուռը թափով բացվեց ու ներս ընկան անլվա, չսափրված զինվորներ: Նրանցից մեկը նայեց վախվորած կանանց ու քմծիծաղով ասաց.
-Հը՞, բուրժույկաներ, ճողոպրու՞մ եք: Հետներդ էլ երևի մեզնից թալանած փողն ու ոսկի՞ն եք տանում: Դեռ սպասեք, հենց Մոսկվայից հեռանանք, ձեզ դուրս կշպրտենք, որպեսզի ավելի շուտ հասնեք այնտեղ, ուր ձեր իսկական տեղն է:
Խոզաճարպի և օղու անտանելի հոտ էր փչում:
Վառվառեն հանդգնաբար ոտքի կանգնեց և ցուցադրաբար իջեցրեց կուպեի պատուհանը:
-Հը՜, մադամ, դուր չի՞ գալիս: Սպասեք մեր նոր հանդիպմանը առաջին իսկ կայարանում,-ասաց զինվորը, և դուրս եկան:
Վառվառեն հասկանում էր, որ դա պարապ սպառնալիք չէր, ակնհայտորեն նրանց մահ էր սպասում: Այդ իսկ պատճառով հապշտապ հագնվեցին, պայուսակները վերցրին ու զգուշությամբ դուրս եկան գնացքից: Մեկնելն անհնար էր:
Բայց ու՞ր գնալ: Տուն վերադառնալը նույնչափ վտանգավոր էր: Վառվառեն ելքը գտավ:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Ալեքսանդր ԱՆԱՆՅԱՆ
  • Աբգար ԱՆԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 1842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao