USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ո՞վ «պատերազմի հրաման» կտա. Իրանի գաղտնի դերը Նախիջևանի ճակատագրում

Ո՞վ «պատերազմի հրաման» կտա. Իրանի գաղտնի դերը Նախիջևանի ճակատագրում
03.07.2018 | 12:33

Հայաստանի ղեկավարության կտրուկ փոփոխությունը հանգեցրեց տարածաշրջանում լարվածության աննախընթաց ծավալման և եթե ոչ պատերազմի, ապա առնվազն այնպիսի ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կտրուկ ավելացման, որպիսիք եղան 2016 թ. ապրիլյան 3-4 օրերին: Բանը հասել է այնտեղ, որ քաղգործիչներից և փորձագետներից քչերն են, որ հիմա չեն զբաղվում մարտական գործողությունների «կանխագուշակմամբ», միայն այն տարբերությամբ, թե երբ են այդ գուշակներն սպասում վերսկսումը: Ոմանք նշում են Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտը, մյուսները պատերազմի հավանականությունը կապում են Թուրքիայում ընտրությունների ավարտի հետ:

Ընդ որում, ինչպես խոստովանել է նախագահ Ալիևը, 2016-ի ապրիլի պատերազմն արտաքնապես կարծես իսկապես կապ չուներ իրականության հետ և «մեկնարկեց բացառապես նրա հրամանով», ինչին կասկածում էին շատերը նաև 2016-ին, որովհետև բոլորին է հայտնի, որ առանց «դրսից» ազդանշան ստանալու Ադրբեջանը նույնիսկ 90-ականներին ռազմական գործողություններ չի սկսել: Իսկ 2016-ին, ինչը դժվար չէ ստուգել, ադրբեջանական հարձակումներից մեկ-երկու օր առաջ, մոտավորապես նույն օրերին, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այցով գտնվում էին ԱՄՆ-ում և հանդիպում էին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, ընդհուպ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:


Վերհիշենք 2016-ի իրադարձությունները, որոնք ապրիլին ողբերգության հանգեցրին Արցախի ճակատներում: Փետրվարի 29-ին Բաքվում կայացավ «Հարավային գազային միջանցքի» (ՀԳՄ) խորհրդակցական խորհրդի 2-րդ նիստը: 2016-ի մարտի 1-ին Թուրքիան էներգետիկայի և բնապաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի շուրթերով հայտարարեց, որ աջակցում է ամերիկյան նախագծին: Մարտի 29-31-ին ԱՄՆ այցելեցին Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Ապրիլի 1-2-ի գիշերը ադրբեջանցիներն սկսեցին հարձակումները, և հենց ապրիլի 2-ին Բաքվում հավաքվեցին ՀԳՄ-ի փայատերերը, նրանց անունից SOCAR-ի (Ադրբեջանի պետնավթընկերություն) ղեկավար Ռովնագ Աբդուլաևը հայտարարեց, որ իրենք նախատեսում են մինչև ընթացիկ (2016) տարվա վերջը միջազգային ֆինանսական կազմակերպություններից մոտ 2 մլրդ դոլարի ներդրում ստանալ, որ բանակցում են Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի, Զարգացման ասիական բանկի հետ. միջոցները կներդրվեն 20 տարով, շատ ցածր տոկոսներով: «Դա մեզ թույլ կտա այդ նախագծի իրականացման համար չօգտագործել սեփական միջոցները»,- ընդգծեց ընկերության տնօրենը: Մի՞թե նկատելի չէ թվարկված իրադարձությունների և Արցախում Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների կապը: Այսինքն՝ նաև ԱՄՆ-ի դերը «ապրիլյան պատերազմում», ինչպես և Արևմուտքի (ավելացնենք՝ նաև Իսրայելի) կողմից Ռուսաստանի և Իրանի տարածքների «գազային անտեսման» բազմամյա փորձերի՝ որպես դեռ 1990-ականների վերջին սկսված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի տրամաբանական շարունակության դերը: Նշենք նաև, որ 2016-ի «ապրիլյան պատերազմից հետո բազմիցս հրահրիչ հայտարարություններ և շանտաժ են արել և՛ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը, և՛ նույնիսկ ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը (այս տարվա փետրվարին):

Այսպիսով, յուրաքանչյուրը, ով մտադիր է կանխագուշակելու Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ կամ նույնիսկ Հայաստանի դեմ բացահայտ պատերազմ վերսկսելու ժամանակը, պարզապես պետք է հաշվի առնի կարգավորման գործում ԱՄՆ-ի երկիմաստ դերը և «ապրիլյան պատերազմում» «Վաշինգտոնի հրամանների» նշանակությունը, որոնք, ինչպես կարելի է ենթադրել, տրվել են Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին 2016 թ. մարտի 29-31-ին պարոն Քերիի հետ ուղղակի շփման աշխատակարգով:


Բացատրենք, թե ինչու 2018-ին ևս պետք է այդ ամենը հիշել: 2018 թ. մայիսի 29-ին Բաքվում կայացավ «Ադրբեջանից Եվրոպային բնական գազի մատակարարման համար նախատեսված գազամուղի» (ՀԳՄ) պաշտոնական բացումը: Կայքերից մեկը ծայրահեղ անկեղծ է. «Շահագործման է հանձնված Հարավկովկասյան գազամուղը, Անդրանատոլիական TANAP գազամուղի գործարկումը նախատեսվում է 2018 թ. հունիսին: Մինչև 2020 թ. նախատեսվում է ավարտել Անդրադրիատիկ TAP գազամուղի շինարարությունը»: Իսկ թե Սևանի, Սյունիքի (Զանգեզուր) կամ նույնիսկ Երևանի վերաբերյալ ինչ հավակնություններ է հայտնում Ալիևը, Հայաստանի նոր կառավարությանն ինչ պայմաններ է թելադրում պաշտոնական Անկարան, ներեցեք, նաև հայկական նոր կառավարության առարկությունները, թե Երևանին այս ու այն բաները հարմար չեն, իրականում այդ ամենը երկրորդական-երրորդական է: Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն և, իհարկե, Ադրբեջանի կողմից, ապա պետք է նկատի ունենալ ոչ թե Բաքվից կամ Անկարայից հնչող կոչերը և ուլտիմատիվ հայտարարությունները, այլ այն, որ ՀԳՄ-ի արևմտյան տերերն «ազդանշան» են տվել, և հենց 2018-ի հունիսին:

Եվ սխալ չի լինի, եթե մենք, 2016-ի օրինակով, կրկին հիշեցնենք. տարածաշրջանում ցանկացած մարտական գործողություն, լինի Արցախի ճակատագծերում, թե Արևելյան Այսրկովկասի որևէ այլ տեղամասում, օբյեկտիվորեն ձեռնտու չէ միայն. 1. Արցախին, 2. Հայաստանին, 3. Իրանին և 4. Ռուսաստանին: Թե ինչու պատերազմը ձեռնտու չէ հայկական երկու հանրապետություններին, կարծում ենք, հասկանալի է առանց լրացուցիչ բացատրությունների: Թե ինչու պետք չէ Ռուսաստանին, հասկանալի է, եթե նկատի ունենանք, որ չնայած Հյուսիսային Կովկասի էական կայունացմանը, ՌԴ-ում հաստատ հիշում են և գիտեն, որ երբ Այսրկովկասը համատարած կերպով «թուրքական» է դառնում, ահաբեկիչների «երթերը» Կովկասի ռուսական մաս դառնում են «հերթափոխային»: Թե ինչու այդ ամենն առավել ևս ձեռնտու չէ Իրանին, պարզից էլ պարզ է. հյուսիսից այն սահմանակից է Հայաստանին, հակամարտության գոտուն, Ադրբեջանին: Վերջապես, երբ Ռուսաստանն ու Իրանը խորապես զբաղված են Իրաքում և Սիրիայում ահաբեկչությունը ճնշելով, նրանց ամենևին պետք չէ պատերազմը իրենց «փորատակին»: Եվ հենց Ռուսաստանն ու Իրանը զգալի ջանքեր գործադրեցին, որ 2016-ի ապրիլի պատերազմական գործողությունները բավական արագ դադարեցվեն: Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը 2016-ի ապրիլին հենց Թեհրանից հնչած կոշտ հայտարարություններից, հատկապես այաթոլահ Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ Ռահիմ Սեֆևիի հայտարարություններից հետո դադարեցրեց հրահրիչ գործողությունները և երկխոսություն սկսեց ռուս և իրանցի գործընկերների հետ:


Սակայն 2016-ի ապրիլի և 2018-ի ամռան միջև տարբերություններ էլ կան: Զարմանալիորեն հենց Հայաստանում են ավելի հաճախ խոսում, որ երկրին ինչ-որ զինված սադրանքներ են սպառնում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) կողմից: Հիշեցնենք, որ ՆԻՀ-ի տարածքը ևս ԵԱՀԿ-ն վաղուց է ճանաչել որպես հակամարտության գոտի: Ընդ որում, քննարկելով այս կամ այն սցենարները, հնարավոր շարժառիթները կամ այն կողմերը, որոնց կարող էր պետք լինել Թուրքիա-Ադրբեջանի պատերազմը Հայաստանի հետ, այն էլ Նախիջևանի կողմից, բոլորովին հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Նախիջևանի կողմից հարձակվելու դեպքում հայերի ցանկացած հավանական հակառակորդ նախ պետք է ագրեսիա սկսի հենց Հայաստանի, ոչ թե չճանաչված Արցախի Հանրապետության դեմ: Իսկ Հայաստանի տարածքի ցանկացած տեղամասի վրա հարձակվելու դեպքում մարտի մեջ կմտնի կանխիչ հակամիջոցների մի ամբողջ համալիր.


1. Հայաստանի և ՌԴ-ի միջև 1997 թ. կնքված «մեծ պայմանագրի» համապատասխան կետերը, ըստ որոնց, երկրները մեկը մյուսին օգնության են հասնում նրանցից մեկի դեմ ագրեսիայի կամ ագրեսիայի սպառնալիքի դեպքում, 2. Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի կարգավիճակը նախատեսում է պատերազմի մեջ նրա մտնելը, եթե վտանգ է սպառնում հենց Հայաստանին, 3. Հայաստանը, որպես ԱՊՀ ՀԱՊԿ-ի անդամ, իրավունք ունի ամբողջ դաշինքից կամ նրա ցանկացած անդամից խնդրելու ցանկացած, այդ թվում՝ ուղղակի ռազմական օգնություն, 4. պարտադիր կերպով մարտի մեջ է մտնում հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորումը (ԶՄԽ)՝ ի դեմս 102-րդ բազայի և ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի: ԶՄԽ-ն պաշտոնապես կազմավորվել է 2016-ի վերջին, և, ինչպես հաղորդվել է, «ինչ-որ բանի» դեպքում գործողության մեջ կմտնեն նաև ՌԴ հարավային զինվորական օկրուգի (ՀԶՕ) զորքերը, որոնց օպերատիվ ղեկավարման տակ էլ գտնվում է ՌԴ 102-րդ ռազմաբազան: Լայնորեն հայտնի է, որ հայ-ռուսական ԶՄԽ-ի ստեղծումը առաջին իսկ օրերից ենթարկվեց Թուրքիայի և Ադրբեջանի սուր քննադատությանը, որոնց քաղգործիչները լկտիորեն Մոսկվային համոզում էին հրաժարվել ԶՄԽ-ից և Անկարան ու Բաքուն դիտել որպես բացառիկ «նվիրված դաշնակիցներ»: Կարծում ենք, որ, հաշվի առնելով թուրքերի կողմից 2015-2016-ին Ռուսաստանի «թիկունքը խրված բոլոր դանակները» (Սիրիայում խփված ինքնաթիռները, օդաչուների սպանությունները, Անկարայում ՌԴ դեսպան Կառլովի նկատմամբ լկտի ահաբեկչությունը), ԶՄԽ-ի ստեղծման և գործունեության հակառակորդների երկերեսանիությունն առավել քան նկատելի է: Ինչպես նկատելի է և այն, որ Մոսկվան մտադիր չի եղել անսալու Անկարայի և Բաքվի փարիսեցիական կոչերին:


Սակայն շատ ավելի քիչ են հիշում և խոսում Իրանի գործոնի մասին այն դեպքում, եթե ինչ-որ ուժեր որևէ պատերազմական բան սկսեն Նախիջևանի տարածքից: Հիշեցնենք, որ Այսրկովկասի նորագույն պատմության մեջ Նախիջևանի ճակատագրում Իրանի գործոնը զգալիորեն ավելի վաղ է դրսևորվել, քան ազգային տեսակետից ադրբեջանցիներին ավելի մոտ Թուրքիայի: Արժե հիշեցնել, որ 1989 թ. աշնան վերջին-դեկտեմբերի սկզբին մարզի բնակիչները զանգվածաբար ճեղքել անցել են դեպի Իրան՝ ավերելով ԽՍՀՄ-ի և Իրանի սահմանային կառույցները: Մի քանի շաբաթվա լռությունից ու անգործությունից հետո Իրանի իշխանությունները պաշտոնապես դիմեցին Մոսկվային՝ խնդրելով «խաղաղեցնել» իր նախիջևանցի քաղաքացիներին: Բայց երբ Գորբաչովի հանցախումբը ոչինչ չարեց, Իրանի իշխանությունը և զինվորական շրջանակը որոշեցին ինքնուրույն վերջ դնել սահմանախախտների հակաօրինական գործողություններին: Ըստ որոշ տվյալների, որոնք պաշտոնապես հաստատված չեն ո՛չ ԽՍՀՄ, ո՛չ էլ Իրանի իշխանությունների կողմից, բայց նշում են ադրբեջանական շրջանակները, երբ ատելություն են քարոզում Իրանի և իրանցիների հանդեպ, Իրանի ուժային կառույցները մարտական զենք են կիրառել Իրան ներխուժած սահմանախախտ ադրբեջանցիների դեմ: Նրանց մեծ մասը ձերբակալվել և հանձնվել է խորհրդային իշխանություններին: Բայց, հետագա տարիների իրանական իշխանությունների խոստովանությամբ, նախիջևանցիների ինչ-որ մասին այդ ժամանակ հաջողվել է թաքնվել Իրանում և հետագայում նաև փոխել քաղաքացիությունը:


Մինչև հիմա դժվար է կռահել Նախիջևանի և Իրանի սահմանին կատարված այդ գործողությունների իրական մեխանիզմները, բայց և չի կարելի բացառել, որ դրանք մանրակրկիտ մշակված էին: Այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ տարածաշրջանում կարող են նախադրյալներ ստեղծվել Այսրկովկասում իրանական քարտի կամ Իրանում ադրբեջանական քարտի խաղարկման համար: Հետագա տարիներին Իրանի հետաքրքրությունը Նախիջևանի նկատմամբ ակնհայտորեն աճել է: Բայց Արցախի անկախության համար պատերազմի ժամանակ Իրանը մեկ անգամ (1993 թ. ամառ) լրջորեն անհանգստացել է. երբ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հասել են Իրանի սահմանին: Այդ ժամանակ Արաքսի երկու սահմանային ջրամբարի անվտանգությունն ապահովելու պատրվակով իրանական ստորաբաժանումները դուրս եկան իրենց պետական սահմանից, այդ թվում՝ Նախիջևանի տարածք: Տարօրինակ է, բայց այն ժամանակ ոչ Ադրբեջանի, ոչ էլ նրա դաշնակից Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես չարձագանքեցին Իրանի կտրուկ քայլին: Բայց դա և ՆԻՀ-ի, և ողջ տարածաշրջանային քաղաքականության համար երկրորդ կարևորագույն քայլն էր, երբ իրանական գործոնը ողջ հասակով ցուցադրեց իր որոշակի անայլընտրանքայնությունն այնպիսի գործերում, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերություններին և Իրանի հյուսիսային սահմաններին կատարվող իրադարձություններին: Իրենց հերթին, 1993-ի այդ իրադարձությունները ցույց տվեցին, թե Նախիջևանն ինչքան խոցելի է և՛ հաղորդակցուղիների, և՛ ռազմական անվտանգության հարցերում: Ի միջի այլոց, Արաքսի երկու ջրամբարների պահպանության և ՆԻՀ իրանական զորքերի դուրս գալու վերը նկարագրված քայլերի կապակցությամբ հարևան Թուրքիան արագացրեց Նախիջևանը թուրքական տարածքներին միացնող կամուրջների շինարարությունը:


Արդեն 2002-ին Նախիջևանի կենսագործունեությունը մեծ չափով կախված էր Իրանից, որը եղել և մնում է մարզին պարենամթերքի և էներգապաշարների հիմնական մատակարարը: Ի տարբերություն Թուրքիայի, որի ընկերությունները զբաղվում են մարզից կաշվե հումքի արտահանմամբ, Իրանն այստեղ ակտիվորեն ստեղծում էր արտադրական ենթակառուցվածքներ և մարզը կապում իրանական «տնտեսական մեծ տարածքին»: Այդ ենթակառուցվածքի կարևորագույն մաս կդառնա էներգաապահովումը: Օրինակ, 2002-ին կառուցված, մինչև 1 մլրդ խմ թողունակությամբ Թավրիզ-Նախիջևան գազամուղը ակնհայտորեն հաշվարկված է ոչ թե ըստ Նախիջևանի սպառման ծավալի, այլ ունի տարանցման նշանակություն: Նախիջևանն ընդհանրապես բոլոր շահագրգիռ կողմերը դիտարկում են որպես տարանցման տարածաշրջան: Տվյալ տնտեսական կապվածությունն ամրապնդվում է քաղաքական կապվածությամբ: Հարկ է նշել, որ, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ Իրանի դիրքերն այնքան էլ նշանակալի չեն, Նախիջևանում արդեն այն ժամանակ հիմնվում էր «իրանական կուսակցություն», որը նախ և առաջ ուներ, իհարկե, տնտեսական շահեր: Նախիջևանի բոլոր քաղաքական խմբավորումներում, այդ թվում՝ Բաքվի կուսակցությունների տեղական ճյուղավորումներում, կան իրանամետ տրամադրություններ: Բայց, դրանով հանդերձ, Նախիջևանի քաղաքական ուժերի տեղաբաշխման մեջ նշանակալի դեր է խաղում թուրքական գործակալությունը, որը ներկայացնում են տարբեր բնագավառների երկու տասնյակ «խորհրդատուներ»: Նախիջևանում բացահայտ հակաիրանական տարրեր են որոշակի վարչական, մտավոր շրջանակներ, ինչպես նաև ադրբեջանական բանակի այստեղ տեղաբաշխված բրիգադների հրամանատարները: Իրանամետ տրամադրությունների ձևավորման գործում որոշակի դեր են խաղում իրենց իրանական ծագումը գիտակցող անձինք: Նախիջևանում իրանական ազդեցության կանխումը Բաքվի վարչակարգի և նրան աջակցող թուրքական կառավարող շրջանակների կարևոր խնդիրներից է: Բայց եթե գնահատենք Նախիջևանում արտաքին ներդրումների մակարդակը, ապա Իրանն առաջ է անցել նույնիսկ Թուրքիայից:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao