Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Բարեփոխիչների նամակը», Իսրայելում իրանական լրտեսի ձերբակալումը և ահաբեկիչներից ամերիկյան վերնախավի կաշառք ստանալու ապացույցներ

«Բարեփոխիչների նամակը», Իսրայելում իրանական  լրտեսի ձերբակալումը և ահաբեկիչներից ամերիկյան վերնախավի կաշառք ստանալու  ապացույցներ
20.07.2018 | 03:34

2018 թ. ողջ հունիսին Իրանում կատարվող իրադարձությունների և այնտեղից եկող հաղորդագրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երկրում նախ և առաջ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլահ Սեյեդ Ալի Խամենեիի անձի շուրջը բնակչության զարմանալի միաբանության և համախմբվածության հետ մեկտեղ նկատվում են տարաբնույթ երևույթներ: Երբ «բարեփոխիչները» Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակի պաշտոնը տանուլ տվեցին «պահպանողականներին»՝ ի դեմս Ալի Արդաշիր Լարիջանիի, իսկույն հայտնվեց ինչ-որ «բարեփոխիչների նամակ», որոնք իբր ցանկանում էին բանակցել ԱՄՆ-ի հետ: Հիշեցնենք, որ Իրանի պայմաններում քաղգործիչներին «պահպանողականների» և «բարեփոխիչների» բաժանելը բավական պայմանական է, քանի որ «բարեփոխիչների» ղեկավար համարվող ներկայիս նախագահ Հասան Ռոհանին, այնուամենայնիվ, կոշտ տրամադրված «ուժայինների» ներկայացուցիչ է, ոչ միայն քաղգործիչ:

Կասկած չկա, որ այդ «նամակը» եղել է: Չէ՞ որ սկզբում Արևմուտքում բնավորված «ընդդիմության», ինչպես նաև Իսրայելի և Պարսից ծոցի արաբական վարչակարգերի ԶԼՄ-ների միջոցով հակաիրանական շրջանակներն ուժեղացված կերպով «տեղեկություններ» էին տարածում Իրանի և Իսրայելի միջև իբր ընթացող գաղտնի բանակցությունների մասին, այն էլ՝ Սիրիայի վերաբերյալ: Մայիսի վերջին Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հերքեց այդ տեղեկությունները՝ որպես «լիովին անհիմն և կեղծ». «Իրանը բոլորովին չի ճանաչում Իսրայելի կեղծ, ահաբեկչական և օկուպացիոն վարչակարգը, որպեսզի բանակցության նստի նրա հետ»: Այդպիսի շփոթահարույց նյութերի շարժառիթները միանգամայն պարզ են՝ ավելացրեց Կասեմին. այդ անհեթեթ ու կանխակալ հաղորդագրությունները նետված են պաղեստինցիների դեմ սիոնիստական վարչակազմի վերջին հանցագործություններից համաշխարհային հանրության կարծիքը շեղելու համար, արաբա-հրեական առանցքի հետ կապված կայքերում նման հոդվածների հրապարակումը զարմանալի չէ պաղեստինյան գործին որոշ արաբական երկրների դավաճանության լույսի ներքո: Հունիսին այդ նույն խնդրի մասին խոսեց նաև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, դերծովակալ Ալի Շամխանին, ընդգծելով, որ «այդ լուրերն ուղղված են սիոնիստական վարչակարգի ներկայության օրինականացմանը և դիմադրության շարժման վճռականության թուլացմանը»:


Այժմ Իրանին ուզում են պարտադրել ինչ-որ «բարեփոխիչների» (որպես գաղտնի զրուցակցի)՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու «ցանկությունը»: Բայց ովքե՞ր են նրանք: ՈՒշագրավ է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները, որոնք փոխ առան այդ գաղափարը, լռում են այն մասին, որ ամբողջ հունիսի ընթացքում հենց Թեհրանն էր ամբողջ աշխարհը տառացիորեն ռմբահարում միջազգային ահաբեկիչների հետ կապերում Վաշինգտոնի «ամենակերության» մասին սենսացիոն պնդումներով և հայտարարություններով: Ամերիկայի վրա Իրանի հերթական հարձակումն սկսվեց այսպես. ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի «իրանյան ելույթի» տեքստը պատրաստել է... Մոհամեդ Մոհադեսինը՝ իրանական ահաբեկչական ՄԵՀ («Մոջահեդին-ե Հալք») խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան: Այդ մասին հայտնել է «Ռեալ Իրան» գործակալությունը՝ հղում անելով Վաշինգտոնի որոշ աղբյուրների: Ըստ այդ աղբյուրների, Իրանին ԱՄՆ-ի պետքարտուղարի 12 պահանջներն ի սկզբանե եղել են իրանական ՄԵՀ ընդդիմադիր խմբի պահանջները: Դա արդեն անհեթեթ է, երբ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին պետ և պետդեպարտամենտի ներկայիս ղեկավար Փոմփեոն, ըստ էության, տարածում է ոչ թե ամերիկյան կառույցների ինքնուրույն մշակումները, այլ կրկնում կամ վերահաղորդում է իր այն խամաճիկների «մտքերը», որոնց խղճին ծանրացած են և՛ սեփական երկրի դավաճանությունը, և՛ ահաբեկչությամբ 12 հազ. իրանցիների սպանությունները (սկսած 1979-ից): Բայց հունիսի կեսերին «Ֆարս նյուզ» լրատվամիջոցը, այսպես ասած, պայթեցրեց միջազգային տեղեկատվադաշտը, հաղորդելով, որ «հայտնվել են նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը Փարիզում, 2017 թ. հուլիսին 40000 դոլար է ստացել Իրանի դեմ պայքարող ՄԵՀ կազմակերպության ժողովին մասնակցելու համար»:

Ըստ փաստաթղթերի, Բոլթոնը 2017-ի հուլիսի 1-ին նշված ժողովում դուրս է տվել (հուրախություն կաշառատուների), որ Իսլամական Հանրապետությանը չպետք է թույլ տան նշել Իրանի 1979 թ. հեղափոխության 40-ամյակը, որ «նոր նախագահ Թրամփը լիովին Թեհրանի վարչակազմի դեմ է»: «Ֆարս նյուզը» շարունակում է. «Ամերիկյան «Defense Post»-ի լրագրող Ջոան Սթոքերը հաղորդել է NBC-ին, որ Բոլթոնը 180000 դոլար է ստացել ՄԵՀ-ից՝ նրանց պաշտպանությամբ հանդես գալու համար: Բոլթոնի գրասենյակը մինչ այժմ չի մեկնաբանել այդ հայտարարությունը»:


Որ ԱՄՆ-ը միշտ եղել է կոռուպցիայի միջազգային միջնաբերդը, վաղուց է հայտնի, բայց որ կոռուպցիոն սխեմայով փող է վերցվել ահաբեկիչ մարդասպաններից, մի քիչ ուրիշ բան է: Իրաքի և Սիրիայի իրադարձությունները ցույց տվեցին, որ հենց ամերիկացիներն են ստեղծում «Ալ Քաիդայի» կամ ԻՊ-ի տիպի ահաբեկչական խմբավորումները, հետո նրանց ներկայացնում որպես «ժողովրդավարության համար պայքարող մարտիկների», բազմաթիվ տարիներ նրանց ահաբեկչությունը սնում փողով, այլ միջոցներով: Այդ պատճառով բնավ զարմանալի չէ, որ ՄԵՀ-ի «դրույթները» Փոմփեոյի կողմից ընթերցվելու և Բոլթոնի կաշառվելու մասին տեղեկությունների ֆոնին Իրանի խորհրդարանական դատական հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Աբութորաբին նախազգուշացրեց, որ Իրանը միջազգային դատարան է դիմում՝ ԱՄՆ-ին մեղադրելով 2017 թ. հունիսին Թեհրանում Իրանի խորհրդարանի և այաթոլահ Հոմեյնիի դամբարանի նկատմամբ ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու համար: «Նախագահական քարոզարշավի ժամանակ Թրամփը հստակ պատմեց իր մրցակից տիկին Քլինթոնի ելույթի մասին, այն մասին, որ ԻՊ-ն ստեղծել է ԱՄՆ-ը»,- հիշեցրեց Աբութորաբին: Նշելով, որ պետության ղեկավարի խոսքը պետք է լինի բավական հուսալի, որպեսզի դատարանում ապացույց ծառայի, Աբութորաբին հայտարարեց, որ «Իրանի խորհրդարանը որոշել է հայց հարուցել Վաշինգտոնի դեմ: Դա Իրանի առաջին մեղադրանքը չէ ԱՄՆ-ի հասցեին անցյալ տարվա ահաբեկչությունների գործով: ԻՀՊԿ-ն ահաբեկչական գործողությունների կազմակերպման համար մեղադրել էր Սաուդյան Արաբիային՝ անուղղակիորեն նշելով Վաշինգտոնի դերը, որ այդ գործողությունները տեղի ունեցան ԱՄՆ-ի նախագահի և ահաբեկիչներին պաշտպանող մյուս ղեկավարների հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ հետո»: Եվ երբ Վաշինգտոնը ցավակցություն հայտնեց ողբերգության կապակցությամբ, Թեհրանը մերժեց «բարեկամության մասին այդ հայտարարությունները»: Նշենք, որ իրանցիները պարզապես արձանագրում են փաստերը և ոչինչ չեն ավելացնում: Իսկապես, 2016 թ. հունվարին Թրամփն իր կողմնակիցներին հայտարարել է. «Հիլարի Քլինթոնն Օբամայի հետ ստեղծել է ԻՊ-ը»: «CBS 60 Minutes»-ի հետ հարցազրույցում, որը հաղորդվել է 2016 թ. հուլիսի 17-ին, նա կրկնել է. «Հիլարի Քլինթոնն իր հիմար քաղաքականությամբ հորինեց ԻՊ-ը»: Եվ ինչու՞ Իրանը ԱՄՆ-ին միջազգային լուրջ պատասխանատվության չկանչի ԻՊ-ը ստեղծելու և Իրանում 2017-ի ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար, եթե ԱՄՆ-ի նախագահն ինքն է հրապարակավ մեղադրում իր նախորդներին:


Այսպիսին է այն ֆոնը, որի վրա ընթանում է ԱՄՆ-ի և Իսրայելի քարոզարշավը, որոնք դեռ թույլ օղակներ են փնտրում իրանական հասարակության ներսում: Լավ կլիներ այդ համառ հետևողականությունն օգտագործել անհրաժեշտ ուղղությամբ, օրինակ, միջազգային ահաբեկչական ինտերնացիոնալի դեմ պատերազմում Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Իրաքի իրական աջակցության կողմը: Կամ, ինչու՞ ոչ, Իսրայելի միջուկային զինաթափման: Առնվազն 2017-ի ապրիլից Իրանը մեծ տերություններին պարբերաբար հիշեցնում է Թել Ավիվի միջուկային զինաթափման անհետաձգելի անհրաժեշտության մասին: Բացառություն չէր նաև 2018-ի հունիսը: Այդ պատճառով ընթացիկ ամսվա այն հաղորդագրությունների և հայտարարությունների հոսանքը, որոնցում իրանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ կտրականապես մերժեցին ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցի պարզապես քննարկումը, այն էլ՝ «ՄԵՀ-ի ահաբեկիչների օրակարգով», չի զարմացնում: Հունիսի 8-ին Բահրամ Կասեմին հայտարարեց, որ Իրանի ԱԳՆ-ն մերժում է ցանկացած հարցով ԱՄՆ-ի կառավարության հետ բանակցությունների ցանկացած հեռանկարը, եթե Վաշինգտոնը չի հարգում իրանական ազգը և չի հրաժարվում «սպառնալիքների և պատժամիջոցների լեզվից»: «Իրանը կրկին հիշեցնում է ԱՄՆ-ի կառավարությանը, որ վերջին 40 տարում իրանցիներն անտարբեր են եղել ԱՄՆ-ի տարբեր վարչակազմերի մտցրած կոշտ պատժամիջոցների նկատմամբ... Իրանը երբեք չի խոնարհվել ԱՄՆ-ի խուլիգանական վարքի առաջ և ապագայում էլ երբեք չի անի դա»,- ավելացրել է Կասեմին: Հունիսի 18-ին Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Աբոլֆազլ Հասան Բեյգին հայտարարեց. «ԱՄՆ-ի հետ բանակցություններին Իրանի մասնակցության անհրաժեշտության մասին ցանկացած առաջարկ ուղղված է երկրում պառակտում ստեղծելուն: Այդ առաջարկներն արվում են Թել Ավիվի պատվերով և թելադրանքով: Թրամփին և Իսրայելին չի հաջողվի հասնել իրենց նպատակներին:

Ամերիկացիները, հենվելով Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի մի քանի այլ էմիրաթների տրամադրած փողի վրա, մինչև այժմ փորձել են, բայց չեն կարողացել թավշե և կանաչ հեղափոխություն անել Իրանում»:
Ինչպես տեսնում ենք, Բեյգիի հայտարարության մեջ ակնհայտ երևում է ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության և այն խոսակցությունների կապը, թե ինչ-որ «բարեփոխիչներ» ցանկանում են բանակցել Վաշինգտոնի հետ: Խնդիրը «բարեփոխիչների նամակում» նման տրամադրությունների առկայությունն ընդունելը կամ չընդունելը չէ: Քանի որ հունիսի 19-ին այդ մասին հիշեցրել է այաթոլահ Խամենեիին շատ մերձ «ուսանողական» ISNA գործակալությունը, իսկ ուսանողությունը, ինչպես գիտենք, Իսլամական Հանրապետության ուժեղ հենարանն է, ապա հարցն այն է, թե իսկապե՞ս այդ «նամակը» հենց 100 «քաղաքական և քաղաքացիական իրավապաշտպանների» (ինչպես նրանց բնութագրել է ISNA-ն) ստեղծումն է, թե՞ Իրանի հետախուզության և հակահետախուզության ինչ-որ հատուկ գործողության սկիզբն է: Դժվարանում ենք հստակ պատասխանել այդ հարցին, որովհետև ԱՄՆ-ի հետ բանակցությունների անհնարինության վերաբերյալ Իրանի կառավարության մամլո քարտուղար Մոհամադ Նոուբախտի հայտարարությունների մասին ISNA-ի հաղորդագրությունները, ըստ էության, պարունակում են և՛ «բարեփոխիչների նամակի» պատասխանը, և՛ իրանական հասարակության լայն արձագանքը. «Իրանը մերժում է բանակցություններն ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հետ: Իրանի լայն հասարակությունը դեմ է այդ բանակցությունների գաղափարին»: Նշենք, որ եթե իրականությանը համապատասխանում են «Նամակի» բովանդակության մասին իրազեկումները, ապա «100 քաղաքական և քաղաքացիական իրավապաշտպանները» ոչ մի «սարսափելի» բան չեն առաջարկել: Նամակում իրանական և ամերիկյան կառավարություններին կոչ է արվում «ուղղակի բանակցություններ վարել առանց որևէ նախնական պայմանների»: Բայց հենց կառավարության ներկայացուցիչ Նոուբախտը պարզ հասկացնում է. «Ամերիկայի ծաղրանքներին դիմակայելը մեր իրավունքն է: Նամակը ցույց տվեց քաղաքական իմաստության բացակայությունը... Մենք պետք է կանգնենք և դիմադրենք... Մեր դիրքորոշումը ճիշտ է, և մենք պետք է լինենք միասնական: Իսլամական Հանրապետությունն ապացուցել է, որ ուրիշ երկրների հետ բանակցություններ կվարի այն ժամանակ, երբ դրանք անհրաժեշտ կլինեն իր ազգային շահերին»:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ