USD487.96
EUR549.93
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Վլադիմիր Պուտինն Իրանի ուղերձը Թրամփին փոխանցեց «գնդակը ձեր դաշտում է» ձևակերպմամբ

Վլադիմիր Պուտինն Իրանի ուղերձը Թրամփին փոխանցեց «գնդակը ձեր դաշտում է» ձևակերպմամբ
27.07.2018 | 02:54

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկար սպասված հանդիպումը Ֆինլանդիայում կայացավ, և մեկնաբանությունների ու ենթադրությունների պակաս չկա: Նորությունների միջազգային լրահոսով որոշ «արտահոսք» եղավ երկու նախագահների Հելսինկի ժամանումից շատ առաջ. իբր կլինեն Եվրոպան, ՈՒկրաինան, Դոնբասը, անգամ Ղրիմը, հասկանալի է՝ Սիրիան Իրանի հետ, ԿԺԴՀ-ի միջուկային հարցը և այլն: Մենք լուրջ կասկածներ ունենք, թե բանակցությունների ընդամենը 2, թեկուզ 3 ժամում նախագահները դեմառդեմ կարող էին քննարկել այն բոլոր հարցերը, որոնք հուզում էին միջազգային հանրությանը: Ավելի շուտ նրանք քննարկել են միայն այն, ինչը համարում էին իրենց երկրների արտաքին քաղաքականության անկյունաքարեր և հիմնական ուղղություններ: Իսկ այլ հարցեր շոշափվել են մակերեսորեն և հանձնարարվել, ասենք, իրենց պատվիրակություններին: Ռուսական կողմից այդ բանակցություններին մասնակցում էին արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը, ԱՄՆ-ից՝ ազգային անվտանգության գծով նախագահի օգնական Ջոն Թոմսոնը և այլք: Հանդիպումն ընթանում էր աշխատանքային նախաճաշի ձևաչափով, առանց մամուլի ներկայության:


ԶԼՄ-ները տարածել են հենց Պուտինի և Թրամփի դրական մեկնաբանություններն իրենց հանդիպման արդյունքների մասին: Երկուսն էլ գոհ են, ճիշտ է, հայտնի չէ, թե ինչն է այդպես ուժեղ ազդել առաջին անմիջական շփման բարձր գնահատականի վրա: Ստիպված կողմնորոշվում ենք անուղղակի տվյալներով, մեկ էլ նախագահների ամփոփիչ մամլո ասուլիսով: Այնուամենայնիվ, մի նրբություն կա. ոչ մի «թղթային» բան Պուտինն ու Թրամփը չեն ստորագրել: Հետևաբար, էական հարցերից ոչ մեկի գծով լուրջ պայմանավորվածություն չի եղել: «Ես կարծում եմ, որ սա շատ լավ սկիզբ է բոլորի համար»,- ասաց Թրամփը: Բայց ու՞մ համար: Եվրոպան մազերն է փետում, հատկապես, այսպես կոչված, «երիտասարդ Եվրոպան», այսինքն՝ արևելաեվրոպացիները, մերձբալթները, և ԱՊՀ նախկին մի շարք երկրներ: Ասիան պատառոտվում է, եղած խնդիրներին հիմա էլ ավելացավ անկայունացումը... հարավային Իրաքում: Դատելով ըստ ամենայնի, աշխարհաքաղաքական ընդդիմադիրները, ասենք Իրանի, ինչ-որ մեկի հուշումով, որոշել են, թե քանի որ չի հաջողվում ներսից լրջորեն ապակայունացնել Իրանը, ապա պետք է Իրաքում ոչնչացնել կայունացման սաղմերը. չէ՞ որ հենց Իրաքն է Իրանի հետ «կամրջում» Սիրիան, հետո՝ Լիբանանն ու Պաղեստինը: Այսինքն՝ բանակցությունները բանակցություններ, բայց հատուկ ծառայությունների գործողությունները շարունակվում են: Էլ չենք խոսում Հեռավոր Արևելքում տիրող լարվածության մասին՝ կապված և՛ ԿԺԴՀ-ի, և՛ չին-ամերիկյան «առևտրային պատերազմի» հետ:


Հուլիսի 17-ին ԶԼՄ-ները տեղեկացրին, որ նախագահները հարցերի լայն շրջանակ են քննարկել. իրադրությունը Սիրիայում և ՈՒկրաինայում, «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծի ապագան, «ամերիկյան ընտրություններին Մոսկվայի միջամտության» մեղադրանք և այլ ցավոտ հարցեր: Նրանք հայտարարեցին անցած հանդիպման օգտակարության և հետագա հանդիպումների նպատակահարմարության մասին: Քաղաքագետները նշում են՝ բանակցությունների արդյունքները զուսպ լավատեսություն են ներշնչում, չնայած ԱՄՆ-ի ներսում ազդեցիկ ուժերը շարունակում են հակազդել Մոսկվայի և Վաշինգտոնի ցանկացած մերձեցմանը: «Բանակցություններն անցան անկեղծ ու գործնական մթնոլորտում, դրանք համարում եմ հաջողված և օգտակար»,- հայտարարեց Պուտինը՝ բացելով մամլո ասուլիսը և ընդգծելով, որ չնայած երկու երկրների հարաբերությունների բարդ շրջան է, բայց դրա «պատճառներն օբյեկտիվ չեն»: «Մեր հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել, բայց դա փոխվեց չորս ժամ առաջ,- իր հերթին նշեց Թրամփը:- Այսօրվա հանդիպումը երկարատև գործընթացի միայն սկիզբն է: Մենք ցանկանում ենք բարեկամություն, համագործակցություն և խաղաղություն: Կարծում եմ, որ դա կարող եմ ասել ոչ միայն Ամերիկայի, այլև Ռուսաստանի անունից»: Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Մանոյլոն RT-ի հետ զրույցում նշեց, որ նախագահները լրագրողների մոտ դուրս եկան այնպիսի տրամադրությամբ, որը վկայում էր փոխըմբռնման հասնելու մասին. «Դեմառդեմ հանդիպումից առաջ Թրամփը շատ հուզված էր, ինչը երևում էր նրա վարքից: Բայց հետո նախագահները դուրս եկան վստահորեն, որպես հին ընկերներ: Եվ ճեպազրույցում պաշտպանում էին միմյանց»:


Ճիշտ է, Թրամփն ի սկզբանե այնքան լարված էր, որ թվում էր, թե «գնում է քննության և վախենում է ձախողումից», բայց Ամերիկայում դժգոհ էին նաև ամփոփիչ մամլո ասուլիսից: Օրինակ, «Վաշինգտոն փոստ» թերթը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հուլիսի 17-ին հաղորդել է, որ, պարզվում է, Թրամփն անտեսել է Պուտինի հետ հանդիպման համար իր օգնականների կազմած փաստաթղթի կետերի մեծ մասը: Ըստ նրանց, Թրամփը երկխոսությունն զգալի չափով վարում էր հակառակ այն պլանի, որ պետք է կոշտ դիրք ընդուներ բանակցությունների ժամանակ: Մասնավորապես, հանդիպումից առաջ նրա հետ քննարկել էին, որ նա պետք է դատապարտի Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը և 2016 թ. ընտրություններին Մոսկվայի իբր միջամտությունը: Սակայն Թրամփը «որոշումը փոխեց խաղի ընթացքում» և բանակցությունները վարում էր յուրովի: Սպիտակ տանը «Վաշինգտոն փոստի» աղբյուրները նշեցին նաև, որ Պուտինի հետ խոսակցության ժամանակ կոշտ դիրք ընդունելու կոչ էր անում Թրամփի ողջ շրջապատը, այդ թվում՝ ազգային անվտանգության գծով նրա օգնական Բոլթոնը և պետքարտուղար Փոմփեոն: Բոլորից քիչ նյարդերը զսպում էր Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, կինոդերասան, հանրապետական Առնոլդ Շվարցենեգերը, որն իր կարծիքը տեսագրությամբ արտահայտել և տեղադրել է սոցցանցերում. «Պարոն Թրամփ, ես նայեցի նախագահ Պուտինի հետ Ձեր մամլո ասուլիսը. այն ամոթալի էր: Դուք նման էիք թրջվելուց փափկած փոքրիկ մակարոնի: Ես սպասում էի, թե նրանից երբ ինքնագիր կխնդրեիք կամ ինքնալուսանկար (սելֆի)»:


Այդ ամենը, սակայն, ամենևին չի հուշում, թե որ ոլորտի գծով Պուտինը և Թրամփը կարող էին իրականում հասնել հաջողության կամ դեպի երկխոսություն նվազագույն առաջընթացի: Մյուս կողմից, բոլորը հիշեցնում են, որ ամփոփիչ ասուլիսում Թրամփը հրապարակավ հայտարարեց, թե Հելսինկիի հանդիպումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները կփոխվեն դեպի լավը, որ դիվանագիտությունը և գործակցությունը գերադասելի են հակամարտությունից և թշնամանքից, իսկ Մոսկվայի և Վաշինգտոնի երկխոսությունը համապատասխանում է խաղաղության շահերին: Պուտինի հետ երկխոսությունը նա համարեց «խորապես արդյունավետ»: Այսինքն, ամենայն հավանականությամբ, գերպետությունների առաջնորդները գոնե ինչ-որ բանի մասին պայմանավորվել են:

ՈՒշադրություն դարձնենք Հելսինկիում Պուտինի պատասխան դիտողություններից մեկին. «Մենք անհրաժեշտ ենք համարում հետագա համատեղ աշխատանքը ռազմաքաղաքական և զինաթափման գծով ողջ համալիրի մշակման համար. այստեղ և՛ ռազմավարական հարձակողական սպառազինության (ՌՀՍ) մասին պայմանագրի գործողության երկարաձգումն է, և՛ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համաշխարհային համակարգի տարրերի զարգացման շուրջ վտանգավոր իրադրությունը, և՛ միջին ու փոքր հեռահարությամբ հրթիռների վերացման մասին պայմանագրի կատարումը, և՛ տիեզերքում զենքի տեղաբաշխման թեման»: Հիմա արդեն պարզ է, թե ամերիկացիներից ինչ է ակնկալում ՌԴ-ի ղեկավարությունը: Դա համաշխարհային անվտանգության հարցերի մի վիթխարի համալիր է. ՌՀՍ-ի մասին բոլոր պայմանագրերի ապագան, ՌԴ-ի սահմանների մոտ ամերիկյան ՀՀՊ-ի եվրոպական տարրերը և այլն: Դա ձեզ համար Սիրիա կամ Իրաք չէ, ՈՒկրաինա կամ Նովոռուսիա չէ, խոսքն ամբողջ մոլորակի և տիեզերքում զենք չտեղաբաշխելու մասին է:
Ի միջի այլոց, Թրամփն էլ չէր ժխտում, որ հենց միջուկային և այլ ռազմավարական զենքի հարցերն են այն գլխավորները, որոնք հուզում են ԱՄՆ-ին և ՌԴ-ին: «Վերջին մի քանի տարում մեր հարաբերությունները վատ են եղել... Մենք խոսելու ենք մեր միջուկային ներուժի մասին: Մեր երկու երկրներին է պատկանում միջուկային ողջ ներուժի 90 %-ը, ուստի մենք պետք է ամեն ինչ անենք այդ հարցում մեր դրությունը լավացնելու համար: Կարծում եմ, որ մենք խոսելու ենք անմիջականորեն միջուկային քաղաքականության հետ կապված հարցի մասին: Սկզբում մենք կհանդիպենք երկուսով, հետո՝ մեր թիմերով... Կարծում եմ, որ մենք կարող ենք մեզ համար շատ կարևոր մեծ թվով հարցեր քննարկել»,- հանդիպման սկզբում իր ներածական խոսքում նշեց Սպիտակ տան ղեկավարը: Պուտինն առարկեց նրան՝ հասկացնելով նախապես, որ կան հարցեր, որոնց լուծումը տրված չէ նույնիսկ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներին. «Մենք հսկայական քանակով քննարկման թեմաներ ունենք՝ սկսած առևտրից, ռազմական հարցերից մինչև Չինաստանի, միջուկային քաղաքականության հետ կապված հարցերը, կխոսենք մեր ընդհանուր բարեկամ Սիի (ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի) մասին»:


Իսկ Ղրիմի հարցը կա՞ր: Երևի, բայց ոչ այն խմբագրությամբ, որը, հնարավոր է, ակնկալում էր Թրամփը, ակնկալում էին Կիևում և հակառուսական այլ շրջանակներում: «Ռուսաստանի համար Ղրիմի հարցը փակված է, ԱՄՆ-ի նախագահն այլ դիրքորոշում ունի»,- այսպես ամփոփեց Պուտինը: Համառոտ, բայց տարողունակ: Այսպիսով, և՛ Ղրիմը, և՛ ՈՒկրաինան ու Նովոռուսիան գլխավորը չեն Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում: Չէ, չենք ասում, թե նախագահները չեն խոսել այդ թեմաներով: «Ներուկրաինական ճգնաժամը քննարկելիս ուշադրություն դարձրինք մինսկյան պայմանավորվածությունների բարեխիղճ իրականացման կարևորությանը: ԱՄՆ-ը կարող էր վճռականորեն պնդել դա և ուկրաինական ղեկավարությանը տրամադրել այդ աշխատանքին»,- ընդգծեց ՌԴ-ի նախագահը, և ԱՄՆ-ի առաջնորդը նրան չուղղեց ու չհերքեց: Կիևում ակնհայտ սուգ է, նույնպիսի տրամադրություն է Վաշինգտոնի ու Եվրոպայի այն շրջանակներում, որոնք կիսում են նորբանդերական իշխանության կարծիքը Ղրիմի և Նովոռուսիայի մասին: Փոխարենը և՛ Թրամփը, և՛ Պուտինը գոհ են բանակցություններից ու գրեթե բացահայտորեն միմյանց «օգնում էին» ամփոփիչ մամլո ասուլիսում, չնայած դա հիմքեր չի տալիս համոզված լինելու, օրինակ, որ ռազմավարական հարցերով փոխըմբռնման չնչին առաջընթաց կար: Պուտինն ասաց, որ Մոսկվայում դա համարում են անհրաժեշտ, բայց Թրամփն առայժմ դրան դրականորեն չպատասխանեց: Թեև նկատելի է, որ նրան ակնհայտորեն «մտածելու ժամանակ» տվել են:

Բայց մի հարց կա, որը Հելսինկիում, երևի, ստացել է և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի պաշտպանությունը: Հաղորդվում է, որ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Դա հնչեցրեց Պուտինը, իսկ Թրամփը ոչ ուղղեց, ոչ էլ հերքեց: «Փոխադարձ առևտրի և ներդրումների զարգացմանը նպաստելու համար ես և նախագահ Թրամփը պայմանավորվեցինք բարձր մակարդակի խումբ ստեղծելու մասին, որը կմիավորեր ռուսական և ամերիկյան բիզնեսի «հրամանատարներին»: Գործարարներն ավելի լավ գիտեն, թե ինչպես փոխշահավետ համագործակցություն կառուցեն: Թող մտածեն, թե ինչ կարելի է անել և անեն իրենց առաջարկությունները»,- ասաց Պուտինը: Նա նշեց, որ բանակցություններում հատուկ ուշադրություն է հատկացվել տնտեսությանը, իսկ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն գործարար շրջանակներն ունեն: Պուտինը հիշեցրեց, որ մայիսին Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովում ամերիկյան պատվիրակությունն ամենաբազմաքանակներից մեկն էր. եկել էր ավելի քան 500 գործարար:
Իհարկե, միայն Պուտինի հայտարարության հիման վրա դժվար է եզրակացնել, թե որքան էր անկեղծ Թրամփը, երբ համաձայնում էր այդպիսի բիզնես-խումբ ստեղծելուն: Բայց հետաքրքիր է այն հանգամանքը, որ իբր առանձնապես չշոշափելով ՈՒկրաինան և շփման կետեր «չգտնելով» Ղրիմի հարցում, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, անուղղակիորեն վերանայեցին Մոսկվայի դեմ ամերիկյան պատժամիջոցների դրույթը: Անկեղծ լինենք. ոչ ոք, նույնիսկ ԱՄՆ-ում, չի կարող երկու գերպետության միջև երկկողմ բիզնես-համագործակցության նորմալ զարգացման հեռանկարներ տեսնել, եթե պահպանվի Վաշինգտոնի հակառուսական «պատժամիջոցային քաղաքականությունը»: Այստեղից ենթադրություն. երբ նախագահները համաձայնեցնում էին իրենց դիրքորոշումները «բարձր մակարդակի խումբ ստեղծելու մասին, որը կմիավորեր ռուսական և ամերիկյան բիզնեսի «հրամանատարներին», ապա թող մտածեն, թե ինչ կարելի է անել և անեն իրենց առաջարկությունները» բաժնում պայմանավորվել են, որ հենց Ռուսաստանի և ԱՄՆ-ի «բիզնեսի հրամանատարները» կներկայացնեն բիզնես-համագործակցությանը խանգարող գործոնների հաղթահարման իրենց պլաններն ու առաջարկությունները: Իսկ հակառուսական պատժամիջոցները հենց այդպիսի գործոններից են: Այնպես որ, Պուտինն ու Թրամփը իրենց «բիզնեսի շնաձկներին» կհանձնարարեն այդ «Ղրիմի համար» պատժամիջոցները հանելու կամ շրջանցելու պլաններ նախապատրաստել:


Ռուսաստանի նախագահը նշեց ևս մեկ սուր խնդրի քաղաքակիրթ լուծման հնարավորությունը: Նախագահներին տրված հարցերի առյուծի բաժինը վերաբերում էր ԱՄՆ-ի 2016 թ. ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը: Ըստ Պուտինի, Ռուսաստանը պատրաստ է քրեական գործերով իրավական օգնության մասին երկկողմ պայմանագրի շրջանակում հարցաքննելու այն 12 ռուսներին, որոնց ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նախօրեին մեղադրել էր նախագահական ընտրությանը միջամտելու համար, և նույնիսկ թույլ տալ, որ այդ հարցաքննություններին ներկա լինեն ամերիկացի քննիչները: Բայց դրա համար ԱՄՆ-ը պետք է պատասխան քայլ անի՝ հարցաքննի ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների այն աշխատակիցներին, որոնք «Hermitage Capital» խմբավորման նախկին ղեկավար ՈՒիլյամ Բրաուդերին օգնել են, որ ապօրինի գործարքներ կատարի, որոնցով Ռուսաստանին վնաս է հասցվել: Դրանով վերացվում է տխրահռչակ «Մագնիտսկու ցուցակը»: «Բանակցություններում որոշակիություն շատ եղավ,- RT գործակալությանը հայտարարեց Մոսկվայում ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկին:- Բոլոր սուր հարցերի գծով առաջարկվել են գործնական քայլեր: Դա և՛ Սիրիան է, և՛ հակաահաբեկչությունը, և՛ «Հյուսիսային հոսք-2»-ը, և՛ միջուկային զինաթափումը, և՛ նույնիսկ գիտության ու մշակույթի բնագավառում համագործակցության հարցեր»:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao