USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Չկա ավելի զարհուրելի թույն, քան առաջնորդի վատ օրինակը, որը շատ վարակիչ է»

«Չկա ավելի զարհուրելի թույն, քան առաջնորդի վատ օրինակը, որը շատ վարակիչ է»
14.09.2018 | 03:11

30 տարի է Հայաստանը գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն` ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, բնապահպանական, բարոյահոգեբանական առումներով շատ խոցելի իրավիճակում` անհեռատես, երկչոտ ռազմաքաղաքական, դիվանագիտական քաղաքականության, նաև երկրի ներքին տնտեսության շատ անարդյունավետ կառավարման հետևանքով: Երկրի ողջ տարածքում ստեղծվել է բնապահպանական` ջրային, հողային, հանքային պաշարների չարաշահման, վատնման աղետալի վիճակ:


Մի՞թե ակնհայտ չէ, որ շատ շուտով, ոչ հեռու ապագայում ջուրը, հատկապես խմելու ջուրը, նավթից էլ, ոսկուց էլ թանկ է լինելու, անգին է լինելու. իսկ մենք պարզապես վատնում, կործանում եք մեր անապակ ջրային պաշարները:
Այսօր առավել քան աղետալի վիճակում է հայտնվել ռազմավարական բացառիկ արժեք կապուտաչյա Սևանա լիճը: Պարոնա՛յք իշխանավորներ, երբ Սևանա լճի մակարդակը բարձրանում էր, ինչու՞ չէիք ձեռնարկում ջրածածկ տարածքները անտառաշերտից` օրգանական այնքան անցանկալի նյութերից, արմատապես մաքրելու գործը` ապահովելով լճի հետագա անվտանգությունը: Դե, իհարկե, ձեր հետաքրքրությունները այլ էին` բարեկամներով, ընկերներով, ծանոթներով չնչին գներով տարածքներ յուրացնել լճի գեղատեսիլ ափերին` կառուցել ռեստորաններ, հյուրանոցներ, ամբողջ համալիրներ` դրանով իսկ խոչընդոտելով լճի մակարդակի հետագա բարձրացմանը, որը նախատեսված էր դեռ տասնամյակներ առաջ: Եվ ահա այսօր հետևանքները աղետալի են. ջրածածկ անտառաշերտը փտում է` լրջորեն վտանգելով լճի մաքրությունը, կենսաբանական վիճակը: Անհաշվենկատ, անհեռատես, աններելի փութաջանությամբ ու անտարբերությամբ լճափին հիմնվել են ամեն տեսակի կառույցներ, որոնցից մեծածավալ կոյուղաջրերը, կենցաղային` քիմիական վտանգավոր նյութերով հագեցած աղտեղությունը հոսում են դեպի լիճ՝ մեծապես ապականելով թե՛ ոռոգման, թե՛ խմելու համար այնքան կարևոր վիթխարի ջրամբարը:
Պարոնա՛յք, հսկայական միջոցներ եք վատնել եկեղեցիներ, դղյակներ կառուցելու վրա, երբեք չփորձելով այդ միջոցներով կենսաքիմիական մաքրման կայաններ կառուցել, որ շրջակա բնակավայրերի կոյուղաջրերը չհոսեն խմելու ջրի արժեք ունեցող լիճ: Դա ձեզ բոլորովին չէր մտահոգում:


Նախկին իշխանություններն իրենց օլիգարխ ընկերներին պատիվ էին անում, անխիղճ եսամոլությամբ հիդրոկայաններ կառուցում գետերի ու գետակների վրա` դրանք պարզապես խցկելով խողովակաշարերի մեջ և վերջ դնելով դրանց գոյությանը, գյուղացուն զրկելով ոչ միայն ոռոգման, այլև խմելու ջրից: Դե, իշխանավորների ընկեր տղերքն էին, բիզնես էին անում, իհարկե, իրենց էլ բաժին հանում: Ոչինչ, որ գետերը զրկվում էին ջրից, իսկ գյուղացու ոռոգման ջուրը վերցնում էին տառապող Սևանից: Ինչպիսի՜ ոչպետական, ոչհայրենասիրական գործելակերպ ու մտածողություն:


Հապա Արարատյան դաշտի ձկնաբուծությու՞նը. ասես ծովային երկիր ենք, Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ են զբաղվում՝ կարճ ժամանակում 15-18 մետրով իջեցնելով, պարզապես հյուծելով սերունդների հավերժական հարստությունը, Արարատյան դաշտի արտեզյան ջրերի մակարդակը: Դե ոչինչ, իշխանավոր տղերքը և նրանց ձկնաբույծ ընկերները թքած ունեին պետական, ժողովրդական շահերի վրա, դե տղերքը այնպես չէին կրթվել ու դաստիարակվել, որ ապրեին ու գործեին պետական մտածողությամբ, հայրենիքի հեռակա շահերով: Եվ այդ ձկնաբուծության արդյունքը եղավ այն, որ Արմավիրի Սևջուր գետը դադարեց գոյություն ունենալուց, գետի հունով սկսեց հոսել կոյուղաջուր, որով ոռոգվում են Արմավիրի գյուղերի բանջարանոցներն ու այգիները:


«Անփոխարինելի» նախագահների կառավարման տարիներին անխղճորեն ոչնչացվեց «Մայր Հայաստան» հուշարձանի շրջակայքի անտառաշերտը` մեծահարուստ ընկերներին հնարավորություն տալով առանձնատուն-դղյակներ կառուցելու անտառի տեղում` մայրաքաղաքը զրկելով պաշտպանիչ անտառաշերտից, թթվածնի աղբյուրից:
Նախկինների իշխանության տարիներին չեն ստեղծվել արդյունաբերական ձեռնարկություններ, տնտեսության հիմնական ճյուղ է դարձել հանքարդյունաբերությունը օտարերկրյա կապիտալի անվերահսկելի շահագործման ներքո` անարդյունավետ, շահամոլական աշխատանքով կործանելով Սյունիքի, Լոռու, Տավուշի, Վայքի բնությունը, Արփա-Կեչուտ ջրամբար-ջրատարով լուրջ սպառնալիքի տակ դնելով Սևանա լճի կենսունակությունը: Ամուլսարի հանքավայրը մեծագույն աղետ է դարձել Ջերմուկ առողջարանի, ողջ քաղաքի, տարածաշրջանի ոռոգման ու խմելու ներքին ջրահոսքերի համար. Թեղուտի հանքավայրը չերաշխավորված, չապահովագրված թունավոր պոչամբարներով պարզապես մեծագույն աղետ է շրջակայքի համար:
Պատկերացնու՞մ եք, նախկիններն «անտեղյակ էին» ապշեցուցիչ, աներևակայելի չափեր ընդունած կոռուպցիայից, համատարած թալանից, կողոպուտից:
Ինչո՞ւ են փաստերն այսքան տխուր. թերևս պետական գործիչների, նաև որոշ զինվորականների հոգիներում դեռևս հայրենապաշտորեն չի հնչել, չի արմատավորվել «Կյանքս` հայրենիքին, պատիվս` ոչ մեկին» սրբազան պատգամը (որպեսզի շատ չծավալվեմ, առաջարկում եմ թերթել «Կյանքս` հայրենիքին, հոգիս` աստծուն, պատիվս` ոչ մեկին» հոդվածը՝ «Իրատես», 23.01.2018 թ., որում արծարծված է մեր ժողովրդի մեջ դարերով, ցավոք, նաև այսօր արմատացած կործանարար էգոիզմը):


Ցավոք, շատերն այդպես չեն ապրել, մտածել ու գործել. նրանք ամեն գնով թալանել են, կողոպտել, կուտակել և բոլորովին էլ չեն մտահոգվել, որ հայ ժողովրդի փրկված միակ սրբազան լիճը, սերունդների մեծագույն հարստությունը կործանվում է, գետերը չորանում են, անվերահսկելի, անարդյունավետ հանքարդյունաբերությունը կործանում է մեր փոքրիկ բնաշխարհը:


Այո, մեզանից յուրաքանչյուրն էլ ապրում է միայն առօրյա` ամեն գնով կամ մի կերպ վաստակելու, ուտելու, հագնվելու հոգսերով, բայց ոչ հայրենի բնությունը պաշտպանելու, պահպանելու, շրջակա քաղաքներից, գյուղերից, ափամերձ հյուրանոցներից, ռեստորաններից, հանգստյան տներից, առողջարաններից դեպի սրբազան լիճը հոսող կոյուղային ապականությունը դադարեցնելու մտահոգությամբ: Թերևս համազգային դրամահավաքով մեր պաշտելի Սևանի շուրջբոլորը կառուցենք կենսաքիմիական մաքրման կայաններ, քանի դեռ ուշ չէ:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 4962

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao