Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանը հյուսիսային Սիրիա է մտնում Իսրայելի հետ սկանդալի ֆոնին

Ռուսաստանը հյուսիսային Սիրիա է մտնում  Իսրայելի հետ սկանդալի ֆոնին
25.01.2019 | 11:53

Չնայած 2019-ի առաջին ամիսն ավարտվում է, արժե վերադառնալ դեկտեմբերի և հունվարի սկզբի որոշ գործերին։ Դեկտեմբերի վերջին Սիրիայի վրա Իսրայելի օդային հարձակումից հետո այդ արաբական երկրում սկսեցին անսպասելի իրադարձություններ ծավալվել։ Թեև կարելի է ենթադրել, որ Սիրիայի ռազմական ղեկավարությունը և Սիրիայում ռուսական ՌՏՈՒ-ի հրամանատարությունը վաղօրոք գիտեին, թե ինչ է լինելու։ Բնական է, որ այդ մասին գիտեին նաև հյուսիսսիրիական Մանբիջ քաղաքում տեղաբաշխված սիրիացի քրդերը։ Մինչև դեկտեմբերի 27-ը գծագրվեց Սիրիայի իրադրության ևս մեկ լուրջ փոփոխություն. աշխարհը տեսնում է, որ Ռուսաստանը երկրորդ անգամ (առաջին անգամ` ռադիոհետախուզական Իլ-20 ռուսական ինքնաթիռի ողբերգությունից հետո) գնում է Իսրայելի հետ հարաբերությունների որոշ սրման։ Բանը հասել է ռուս զինվորականների և ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած հրապարակային մեղադրանքների։ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարեց, որ Իսրայելը Սիրիային օդային հարված է հասցրել այն պահին, երբ Բեյրութի և Դամասկոսի օդանավակայաններում վայրէջք էին կատարում քաղաքացիական օդանավերը։

Ողբերգությունից խուսափելու համար սահմանափակվել էր ՀՕՊ-ի միջոցների և ռադիոէլեկտրոնային պայքարի կիրառումը սիրիական բանակի կողմից։ Հենց դա է «Դամասկոսի ավիակարգավարներին հնարավորություն տվել ուղևորատար օդանավը հեռացնելու վտանգավոր շրջանից և այն ուղղելու Խմեյմիմի պահեստային օդանավակայան»։ «Իսրայելական ավիացիան օգտագործել է 16 հատ GBU-39 կառավարվող ավիառումբ, որոնցից 14-ը ոչնչացվել է սիրիական ՀՕՊ-ի միջոցներով»,- ասել է գեներալ-մայորը։ Հասկանալի պատճառով ՌԴ ՊՆ-ն հիշատակել է նաև վտանգը Բեյրութի երկնքում, որովհետև իսրայելցիները հենց Լիբանանի օդային տարածքից են հրթիռակոծել չգիտես ինչը և ում։
Բայց ՊՆ-ից հետո հանդես եկավ նաև ՌԴ ԱԳՆ-ն։ «Ըստ ստացվող տեղեկության, դեկտեմբերի 25-ի ուշ երեկոյան Իսրայելի ՌՕՈՒ-ի 6 F-16 ինքնաթիռ հարված է հասցրել Դամասկոսի շրջակայքին` գտնվելով Լիբանանի օդային տարածքում,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։- Սիրիական կողմին նյութական վնաս է հասցված, երեք զինծառայող վիրավորված է։ Հատկանշական է, որ իսրայելցիների արձակած 16 կառավարվող ռումբերից 14-ը խոցել է Սիրիայի ՀՕՊ-ը։ ՈՒշագրավ է այն, որ օդային հարվածներն իսրայելական ավիացիան հերթական անգամ իրականացրել է` քողարկվելով քաղաքացիական ինքնաթիռներով, որոնք վայրէջքի էին գնում Դամասկոսի և Բեյրութի օդանավակայաններ։ Մեր լուրջ մտահոգությունն են հարուցում ինչպես հարվածներ հասցնելու հենց փաստը, այլև այն, թե ինչպես են նրանք կատարվել։ Առկա է Սիրիայի ինքնիշխանության և ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի, ներառյալ 1701-րդ բանաձևի դրույթների կոպիտ խախտումը»։


Ռուսական երկու կարևորագույն գերատեսչությունները հերթական անգամ մերկացրին Իսրայելի զինվորական հրամանատարության ստորությունը։ Եվ այժմ հասկանալի է, թե ինչու սիրիական ՀՕՊ-ը կենտրոնացել էր միայն արձակված հրթիռները չեզոքացնելու վրա և չէր փորձում խոցել իսրայելական ավիացիան։ Առայժմ Իսրայելից միայն երկու արձագանք է եղել։
Առաջին. Իսրայելի ԶԼՄ-ները սկսել են լուրեր տարածել, թե իբր օդային հարվածներից Դամասկոսի Ջումրայա արվարձանում սպանվել է «17 զինվորական, այդ թվում` երեք բարձրաստիճան գեներալ»։ Ընդ որում իսրայելցիները և նրանց սիրիացի խամաճիկները հատուկ նշում էին, թե իբր զոհվել է ԻՀՊԿ-ի հատուկ ջոկատի լեգենդար հրամանատար, բրիգադային գեներալ Կասեմ Սոլեյմանին։ Եթե ավիահարվածներից հետո առաջին օրերին Թել Ավիվը պնդում էր, թե ռմբակոծել է «Հզբոլահի» համար նախատեսված «իրանական հրթիռներով» ինչ-որ պահեստներ, ապա հիմա պնդում է, թե թիրախը եղել է Ջումրայայում ինչ-որ հետազոտական կենտրոն, որտեղ «մշակվում էր կենսաբանական և քիմիական զենք»։ Բայց իրանական աղբյուրները չեն հաստատում, թե իրանցիներից որևէ մեկն ընդհանրապես զոհվել կամ վիրավորվել է Դամասկոսի մերձակայքում։


Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրություններում նշվում էր, թե հարվածը հասցվել է այն բանից մի քանի ժամ հետո, երբ դեկտեմբերի 25-ին Դամասկոսի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել իրանական «Ֆարս էյր քեշմ» ընկերության «Բոինգ-747» ինքնաթիռը, որը, հավանաբար, Սիրիա է հասցրել ռազմական սարքավորանք կամ զինամթերք։ Ավելի վաղ բազմիցս հաղորդվել էր, թե այդ ավիաընկերության քաղաքացիական օդանավերը ռազմական բեռներ են տեղափոխում։ Կարճ ասած, տպավորություն է ստեղծվում, թե Իսրայելը փորձում է իր հերթական հանցագործության հետքերը կորցնել։ Հասարակ տրամաբանությունը ցույց է տալիս, որ իսրայելցիները ստում են. հատուկջոկատայինները չեն զբաղվում հրթիռներ կամ քիմիական զենք տեղափոխելով, առավել ևս նրանց գեներալները։ Այլ բան է, եթե խոսքը հատուկ գործողություն ծրագրելու և իրականացնելու մասին է, ինչպես եղել է Հալեպում և Գուտայում։ Այնտեղ գեներալ Սոլեյմանին ոչ միայն պարզապես հայտնվում էր, այլև զբոսնում էր ազատագրված սիրիական քաղաքների փողոցներում, և աշխարհը տեսնում էր այդ կադրերը։ Իրանը չփորձեց անգամ հերքել գեներալ Սոլեյմանիի «վերացման» մասին Իսրայելի պնդումները։ Միայն «Fars News» գործակալությունը ներողամիտ արհամարհանքով արձագանքեց Իսրայելի ստին։ «Իրանական հեղափոխության դեմ հանդես եկող ԶԼՄ-ները չորեքշաբթի օրը հաղորդեցին գեներալ Սոլեյմանիի զոհվելու մասին։ Այսօր առավոտյան «Կոդս» հատուկ ջոկատի ղեկավարը հայտնվեց Իմամ Հոմեյնիի մզկիթում»,- ասված է գործակալության 2018 թ. դեկտեմբերի 27-ի հաղորդագրության մեջ։
Իսրայելում նաև լուրեր են տարածվում, թե իբր ավիահարձակումներից սիրիական բանակի և լիբանանյան «Հզբոլահի» «բազմաթիվ նպատակակետեր» են խոցվել։ Բայց եթե կողմնորոշվենք ռուս զինվորականների այն տվյալներով, որ Իսրայելի 16 ավիառումբերից 14-ը խոցել է Սիրիայի ՀՕՊ-ը, ապա նույնիսկ չարժե մեկնաբանել Թել Ավիվի այդ կարծիքը, թե «խոցվել են 10 կամ 11 նպատակակետեր»։ Այդքանը` ընդամենը 2 կառավարվող ավիառումբո՞վ։ Սուտն էլ չափ կունենա...


Երկրորդ արձագանքը Իսրայելից. հանկարծակի ինքնալուծարվել է երկրի խորհրդարանը` կնեսետը։ Չենք պնդում, թե դա անմիջական կապ ունի ռուսական երկու նախարարությունների հայտարարությունների հետ։ Բայց համոզված ենք, որ այդ իրադարձությունների միջև ինչ-որ կապ, այնուամենայնիվ, կա։ Ըստ էության, Մոսկվան սպառնացել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում հարց կբարձրացնի իսրայելական ՌՕՈՒ-ի կողմից Սիրիայի ինքնիշխանությունը խախտելու մասին, քանի որ ՌԴ ԱԳՆ-ն հիշատակել է 1701-րդ բանաձևը։ Եվ եթե անգամ կնեսետի ինքնալուծարումն ինչ-ինչ ներիսրայելական գործընթացների հետևանք է, ապա աշխարհը չի կարող չնկատել, որ դրա մասին որոշումը կայացվեց հենց Սիրիայի վրա իսրայելական ավիահարձակումից (անհասկանալի է` հաջո՞ղ, թե՞ անհաջող) ու ՌԴ ԱԳՆ-ի և ՊԻ-ի խիստ պատասխանից հետո։


Իսկ դեկտեմբերի 27-ին սիրիական բանակի և ռուսական ռազմական ոստիկանության զորասյան համաձայնեցված մուտքը Մանբիջ (փոքրիկ քաղաք հյուսիսային Սիրիայում) բավական նշանակալի փաստ է, որը լրացնում է իսրայելական հարձակման առաջացրած սկանդալի մթնոլորտը։ Դեկտեմբերի 27-ից քրդերը և տեղացի արաբները կառավարական ուժերի վերահսկողությանն են հանձնել Մանբիջի մոտակա Արիմա շրջանը։ Օրվա ընթացքում հսկողության տակ է վերցվել Արիմայի շրջանի 9 գյուղ։ Ամերիկացիները Մանբիջից հեռացել են, թե ոչ, սկզբում չէր հաղորդվում։ Բայց ԶԼՄ-ները նշում էին, որ դեկտեմբերի 25-ի երեկոյան ամերիկյան ծովային հետևակայինները դեռ պարեկություն էին անում Մանբիջի որոշ շրջաններում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ թեև սիրիական դրոշները ծածանվել են Մանբիջի վերևում, սիրիացիները և ռուսական ռազմական ոստիկանությունը չեն շտապել քաղաք մտնել։ Արդեն Ամանորի տոներից հետո պարզվեցին այլ մանրամասներ։ Իսկապես, ամերիկյան հատուկջոկատայինները շարունակում են պարեկել Մանբիջի փողոցներում։ Բայց պարզվում է, որ ամերիկացիներից բացի քաղաքում կան նաև ֆրանսիացիներ, չնայած 2015-2018 թթ. երբեք չի ասվել, որ Մանբիջում կան ֆրանսիական զորքեր։ Սիրիացիները, ռուսական ռազմական ոստիկանությունը և շիա աշխարհազորայինները երեք կողմից փակել են Մանբիջի ուղղությունը։ Ինչպես պարզվել է, փակել են կոնկրետ թուրքական զորքերի և թրքամետ զինյալների մուտքը դեպի քաղաք։ Եվ Անկարան իսկույն արձագանքել է իրադրության փոփոխությանը, թե` «որ այդպես է, մենք Մանբիջում անելիք չունենք», թեև դեռ դեկտեմբերի 20-ի կողմերը Թուրքիայի նախագահ Էրդողանն սպառնում էր ընդլայնել ռազմական գործողությունների տարածքը Սիրիայի հյուսիսում և հայտարարում, որ կմտնեն Մանբիջ ըստ ԱՄՆ-ի հետ ունեցած պայմանավորվածության։ Ճիշտ է, Մանբիջով «հետաքրքրվելուց» իրենց հրաժարվելը Էրդողանը և Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորում էին «քրդական հարցով». եթե քաղաքից հեռանան քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (ԺԻՋ) մարտիկները։


Հիշեցնենք, թե ինչու է այդքան կարևոր, թե ով է վերահսկելու հենց Մանբիջը։ Բանն այն է, որ այդ քաղաքից ուղիղ ճանապարհ է բացվում դեպի Աֆրին և Էլ Բաբ, որոնք դեռ օկուպացված են Թուրքիայի կողմից։ Այսպիսով, իրավիճակն ինքը արագացնում է այն հարցի լուծումը, որ թուրքերը հեռանան հյուսիսային Սիրիայից։ Եվ այստեղ պարզ է, որ վիճակը չի կարգավորվի առանց քրդական գործոնի, չնայած Մանբիջում շատ ավելի է արաբ բնակչությունը։ Այնուամենայնիվ քուրդ աշխարհազորայինների որոշ մասը որոշել է Մանբիջից հեռանալ Եփրատի մյուս կողմը, այսինքն դեռ շարունակում է հույսեր կապել ամերիկացիների հետ։ Մինչդեռ Մանբիջում գտնվող քրդերի մյուս մասը իրապես խզել է բոլոր կապերը ամերիկամետ «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (ՍԺՈՒ) կառույցի հետ։ Այդ քրդերը, ինչպես նախկինում մի շարք այլ նահանգներում, մտնում են բանակի սիրիական կազմի մեջ և Մանբիջից ոչ մի տեղ չեն հեռանում։ Եվ ինչ հիմքով որևէ մեկը կարող է պահանջել, որ սիրիական բանակի ստորաբաժանումները հեռանան հենց սիրիական քաղաքից։
Հունվարի 8-ին բազմաթիվ ռուսական ԶԼՄ-ներ և հեռուստաալիքներ հաղորդեցին, որ ռուսական ռազմական ոստիկանությունը վերջապես մտնում է Մանբիջ։ ՈՒ դարձյալ չի հաղորդվում, թե այդ քաղաքից հեռանու՞մ են, արդյոք, ամերիկացիներն ու ֆրանսիացիները։ Բայց չէ՞ որ արդեն պետք է հեռանային. բոլորին պարզ է, որ ռուսական ռազմական ոստիկանությունից անմիջապես հետո քաղաք են մտնելու սիրիական բանակի զինծառայողները։ Եվ քաղաքը երեք կողմից շրջափակելու նախնական պլանն արդեն բոլորովին այլ երանգ է ստացել. դա ոչ միայն թուրք զինվորականների և թրքամետ խմբավորումների բանդիտների «աջուձախ» շեղումները կանխելու համար է, այլև Մանբիջից ԱՄՆ-ի և Ֆրանսիայի զինվորականների անվտանգ հեռանալու «միջանցք» տալու։ Հետաքրքիր է և Սիրիայի իրադրության հերթական փոփոխության առնչությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի արձագանքը։ Առաջին. այժմ նա ևս հռչակեց «ԻՊ-ի նկատմամբ իր հաղթանակը»։ Երկրորդ. Անկարայում ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնի հետ բանակցությունների ընթացքում Թուրքիան դիմում է Վաշինգտոնին` առաջարկելով իրեն հանձնել կամ ոչնչացնել Սիրիայում ամերիկյան բազաները։ Ըստ թուրքական «Հուրիեթ» թերթի անանուն աղբյուրների, Թուրքիան կտրականապես դեմ է ԱՄՆ-ի 22 բազաները Սիրիայի քրդական կազմավորումներին հանձնելուն այդ երկրից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո։ Անկարայում Բոլթոնը բանակցել է Թուրքիայի նախագահի խորհրդական և մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինի հետ։ Նրանց զրույցի բովանդակության մասին ոչինչ չի հաղորդվում։ Նրանց մասնակցությամբ նախօրոք հայտարարված մամլո ասուլիսը չեղյալ է հայտարարվել։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ