Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞րն է մեր ճանապարհը

Ո՞րն է մեր ճանապարհը
05.02.2019 | 07:21

2018 թ. դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մենք ունենք նոր կազմավորված խորհրդարան (ավելի մեծաթիվ), նոր կազմավորված կառավարություն (ավելի քիչ նախարարություններով): Դեռևս չունենք կառավարության ծրագիրը: Ինչու՞ է այն ձգձգվում: Ինչպիսի՞ն կարող է այն լինել` ելնելով կառավարության կազմից: ՈՒ՞ր կարող ենք հասնել այս կառավարությամբ և կառավարման տնտեսական մոդելով:


Նախ անհրաժեշտ է անդրադառնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը նախօրոք բարձրաձայնված ժամկետներից առաջ տեղափոխելու խնդրին: Թեև ես հնարավորություն եմ ունեցել «Իրատեսի» էջերում այդ մասին կարծիք հայտնելու, ամեն դեպքում կուզենայի մեկ անգամ ևս անդրադառնալ այդ խնդրին: Նախորդ անգամ այս հարցի մասին խոսելիս ես համոզմունք հայտնեցի, որ դրանք իրական, այսինքն ընտրողի շահերն ու նրա հեղափոխական ձեռքբերումները պահելու նպատակ չէին հետապնդում: Այդ շրջանում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը որևէ վտանգ չէր սպառնում: Որովհետև իշխանափոխության կարիքը ամենից շատ ժողովուրդն էր զգում, և արդեն կատարված փաստի պարագայում ժողովուրդը երբեք և ոչ մեկին (ՀՀԿ, թե մեկ այլ կառույց) թույլ չէր տա հնին վերադառնալու փորձ անել: Այս դեպքում որևէ մեկի առկայությունը, որպես դրոշակակրի, միայն պիտակի դեր է տանում:


ՈՒրեմն ինչու էին իրականացվում հեղափոխության ձեռքբերումների նկատմամբ սպառնալիքի առկայության ներկայացումները: Դրանք միակ միջոցն էին ժողովրդին իրենց շուրջը կրկին համախմբելու: Կարող ենք նշել այդ խնդիրը լուծելու մեկ այլ ճանապարհ: Այդպիսիք չկան: Իսկ դրանք կարող էին լինել՝ տնտեսության մեջ, արտաքին քաղաքականության մեջ, Արցախի խնդրում: Այսինքն մեր պետության համար կենսական նշանակության հիմնախնդիրների ոլորտում: Եթե ներկա իշխանությունները մինչ ընտրություններն ընկած կես տարվա ընթացքում նշված ուղղություններից որևէ մեկում նշանակալից ինչ-որ հաջողություն ունեցած լինեին, նրանց ընդհանրապես պետք չէր լինի մտածել վաղօրոք ընտրությունների մասին: Իսկ անհրաժեշտության դեպքում ժողովուրդն ինքն առանց կանչի թիկունք կկանգներ իշխանությանը:


Ինչպես բազմիցս հայտարարել էին Փաշինյանն ու նրա թիմակիցները, ժամանակավոր կառավարության առաջնահերթ նպատակն էր ընտրական օրենսգրքի փոփոխությունը և արդար ընտրությունների կազմակերպումը: Արդյոք կատարվե՞ց այդ խոստումը: Գիտենք, որ ստեղծվեցին հանձնաժողովներ, եղան քննարկումներ, կազմվեցին նախագծեր, բայց այդ ամենը գործ չդարձավ: Այսինքն իրենց հապճեպությամբ նրանք անկատար թողեցին արված աշխատանքը: Եվ ինչպիսի պատճառաբանությամբ: Որ հին օրենսգիրքն էլ վատը չէ և դրանով էլ կարելի է անցկացնել արդար ընտրություններ:


Այն բազմաթիվ խնդիրները, որոնք առաջացան ընտրարշավի ժամանակ, որպես իշխանական ռեսուրսի չարաշահման դրսևորումներ (դրանք բազմիցս և շատերը մատնանշել են, ու ես հարկ չեմ համարում դրանց անդրադառնալ) դիտարկվում էին մեկ պրիզմայով՝ միևնույն է, Նիկոլը հաղթելու է, և դրանք ոչ մի էական փոփոխություն չեն մտցնելու ընտրությունների սցենարում:
Այն ֆորմատով, որով դրանք տեղի ունեցան, հավանաբար այդպես էլ կար, չնայած դա ոչ մի չափով չի փոխում կատարված խախտումների բնույթը: Փաստ է, որ դրանք եղել են խախտումներ:


Ինչպես ասացի, 2018 թ. մայիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում կառավարությունը ոչ մի արժանահիշատակ բան չարեց երկրի համար կարևոր ուղղություններից և ոչ մեկում: Ավելին, դրանց մի մասում գրանցվեցին այնպիսի արդյունքներ, որոնք բացասաբար անդրադարձան մեր պետության, նրա իշխանության հեղինակության վրա: Ներսում, այսինքն հասարակության կյանքի փոփոխության առումով, ոչինչ դրական չենք կարող առանձնացնել: Տնտեսական, սոցիալական խնդիրներն ինչպես կային, այնպես էլ մնացին կամ ավելի խորացան: (Վատ դրվող ներկայացումների առումով արժանահիշատակ կարելի էր համարել, թերևս, կոռուպցիայի դեմ պայքարի շոուն):
Մի խոսքով արտահերթի ժամկետներն առաջ չբերելու դեպքում 2019-ի ապրիլ-մայիսին Փաշինյանի կառավարությունը կարող էր այնքան հեղինակազրկվել, որ ընտրություններում հաղթանակի հույսն անգամ կարող էր կասկածի տակ դրվել: Այդ էր որպես կարևորագույն հռչակված նպատակից հրաժարվելու և դրանց անցկացման ժամկետները կես տարով առաջ բերելու պատճառը:


Այժմ հարցի մեկ այլ կողմի մասին: Բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ, հրապարակախոսներ, պարզապես շարքային ընտրողներ (այդ թվում և ես) արձանագրել էին, որ ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետները ամբողջ կես տարով և հապճեպորեն առաջ բերելը քաղաքական դաշտում առաջացնելու է անցանկալի հետևանքներ:
Մեր կարծիքով դրանցից ամենակարևորը նորաստեղծ կուսակցություններին, որոնց մի մասը նոր էր կազմավորվել, իսկ մյուսներն էլ դեռ կազմավորման փուլում էին, պարզապես զրկեցին այն ժամանակից, որն անհրաժեշտ էր նրանց պետական մարմիններում գրանցվելու, իրենց ծրագրային դրույթներն ամբողջացնելու և քաղաքական-լրատվական հարթակներում դրանք ներկայացնելու համար: Այն նորաստեղծ կուսակցություններն էլ, որ հասցրին ներկայանալ և անգամ մասնակցել ընտրություններին, ակնհայտորեն գտնվում էին անհավասար պայմաններում իշխանությունը ներկայացնող դաշինքի և օլիգարխիկ հովանու տակ բազմաթիվ տարիներ աճած կուսակցությունների համեմատ: Իսկ բազմաթիվ կուսակցություններ էլ, այդ թվում «Գալիք» կուսակցությունը, որը ես եմ ներկայացնում, չհասցրին հաղթահարել անգամ պետական գրանցման փուլը, ուր մնաց ընտրական գործընթացներին նախապատրաստվելն ու դրանց պատշաճ կազմակերպումը: Այդպիսի կուսակցությունները քիչ չէին: Եվ դրանց թիկունքում կենդանի, մտածող հազարավոր մարդիկ են կանգնած:


Կարող են հարցադրել` արդյոք կարիք կա՞ նոր կուսակցությունների առաջ դռներ բացել, երբ առանց այդ էլ այս երկրում տասնյակ կուսակցություններ են գրանցված, որոնց մի մասը բազմաթիվ տարիներ իր սայլն է քարշ տալիս ընտրությունից ընտրություն:
Այո, մեր երկրում իրավիճակը հենց այդպիսին էլ եղել է: Տասնյակ տարիներ իշխանության և իշխանական կուսակցության թևի տակ բազմաթիվ մարդ-կուսակցություններ կամ օլիգարխիան ներկայացնող միություններ են եղել երկրում քաղաքական պայքարի իմիտացիա ստեղծելու և ժողովրդի աչքին թոզ փչելու համար: Դրանցից յուրաքանչյուրն այդ ընթացքում կարողացել է լուծել իր խնդիրները՝ իշխանական կերակրատաշտին մոտ թողնվելու կամ սեփական բիզնեսի անձեռնմխելիությունն ապահովելու համար: Եվ այսպես՝ ընտրությունից ընտրություն մենք ականատես ենք եղել մի բեմադրության, որի ծանրակշիռ կողմը եղել են ընտրակաշառքներն ու ժողովրդի նվաստացումը, որպես արժանին արժանիին մատուցումը:
Այժմ երկրին պետք են գաղափարներ բերող, դրանց իրականացման մեխանիզմները ձևակերպող հասարակական միավորումներ (կուսակցություններ կամ դաշինքներ), որոնք հայեցակարգային խնդիրներ կձևակերպեն և դրանց համակարգված լուծման ճանապարհները կներկայացնեն: Այժմ հասարակությունը այդպիսի կուսակցությունների կարիքն ունի, և բոլորովին էլ ավելորդ չէ նոր կուսակցությունների առաջացման այս ալիքը: Այն պարզապես անհրաժեշտություն է:


Տեղին է հնչում հետևյալ հարցը. մենք ունենք ընտրություններում հաղթած դաշինք, արդյոք այդ դաշինքը չէ՞ այն գաղափարների կրողը, ինչի մասին խոսում էինք վերևում, և արդյոք այն չունի՞ համազգային նշանակության ծրագրերի իրականացման ներուժ:
Եթե վերադառնանք իշխանափոխություն դարձած գործընթացի սկզբին, ապա Նիկոլը միայն մի լոզունգ-պահանջ էր ներկայացրել՝ «Մերժիր Սերժին»: Այլ ուղերձ դրա տակ չկար: Նա չէր խոստացել (և այժմ տեսանելի է, որ չէր էլ կարող անել դա) ոչ մի տնտեսական բարեփոխում, ոչ մի ճանապարհ չէր ներկայացրել: Պահանջը մեկն էր՝ փոխել գործող իշխանությունը, և դա լիովին համընկնում էր ժողովրդի իղձերին, ինչը և ժողովուրդն իրականացրեց: Ընթացքում միայն ոմանք հարմար համարեցին, որ նա դառնա վարչապետ: Եվ իր վերելքն արդարացնելու համար նա պետք է խոստումներ տար ժողովրդին: Ինչը և արվեց: Եվ այժմ էլ զարմանալ պետք չէ, որ կառավարության կազմը ներկայացնելու համար վարչապետից երկու ամիս ժամանակ պահանջվեց: Իսկ կառավարության ծրագիրը դեռևս չկա: Փոխարենը հայտնի է, որ կառավարությունում լայնամասշտաբ կրճատումներ են լինելու: Դրանց ենթատեքստը մեկն է՝ նեղ կազմի համար ապահովել բարձր աշխատավարձեր, քանի որ կառավարությանը հատկացվող բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի համապատասխան կրճատումների մասին խոսք չկա: Դա հիմնավորվում է այն մտավախությամբ, որ հակառակ դեպքում կադրերի արտահոսք կլինի դեպի մասնավոր սեկտոր: Թե ինչ կարող են անել մասնավոր սեկտորում այդ կադրերը, և որն է նրանց պահանջվածության գաղտնիքը, մնում է գուշակել: Մեկ խոսք էլ կառավարության կադրերի սղության մասին: Եթե կառավարությունը հայեցակարգ ունենար, ապա իր յուրաքանչյուր պաշտոնյայի համար կգծեր նրա լիազորությունների շրջանակը և դրանով նրան կդարձներ շարժունակ, գործունյա: Իսկ եթե ամեն ինչ, այդ թվում` ոլորտի ռազմավարությունն ու մարտավարությունը, պիտի մնա կադրի հույսին, ապա այդպիսի կառավարություն երբեք չես ձևավորի:


Ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ ես կցանկանայի, որ մեր նոր կառավարությունը դրսևորեր մեր պետությունը անվտանգության և բարեկեցության ուղի տանող կարողություններ: Սակայն ստիպված եմ արձանագրել, որ նման սպասելիքներ այս կառավարությունից ունենալ չենք կարող:
Մեր ակնկալած գաղափարների և դրանց իրականացման ճանապարհների վերաբերյալ գիտելիքների ու կարողությունների բացակայությունն էր ընտրությունների ժամկետների տեղափոխման բուն պատճառը: Այլապես, եթե ներկա իշխանությունները գործեին ինչպես ծրագրել էին, և ընտրություններն անցկացվեին կես տարի հետո, այդ ընթացքում ավելի ցայտուն էին ի հայտ գալու կառավարման նրանց անկարողությունն ու առաջընթացի տանելու գիտելիքների պակասը: Իսկ այդ ընթացքում հնարավոր էր իրադարձությունների զարգացման երկու սցենար: Առաջինը՝ նախկին իշխանությունները ներկայացնող ուժերը կարող էին վերախմբավորել իրենց հնարավորություններն ու այլընտրանքի բացակայության պայմաններում անգամ հավակնել վերադարձի: Երկրորդ, եթե այդ ընթացքում ի հայտ գային գաղափարակիր կուսակցություններ (ինչն ավելի հավանական էր), նրանցից մեկը կամ գուցե մի քանիսի դաշինքը կկարողանար ժողովրդից ավելի մեծ քվե ստանալ ու ձախողել Փաշինյանի՝ իշխանություն մնալու մեծ ցանկությունը:


Ի դեպ, Փաշինյանը գրեթե ճշգրտությամբ կրկնեց իր նախորդի՝ Սերժ Սարգսյանի գործելաոճը իշխանությունն իր ձեռքում պահելու համար: Ս. Սարգսյանը սահմանադրական հանրաքվե կազմակերպեց և հասավ կառավարման մոդելի փոփոխության՝ նախագահականից անցում կատարելով խորհրդարանականի միայն մեկ պատճառով` որպեսզի կարողանա պահել իշխանությունը: Փաշինյանը հրաժարվեց նախընտրական խոստումներից, որոնք նա մինչ այդ հայտարարել էր որպես ժամանակավոր կառավարության գլխավոր նպատակը և հապճեպ արտահերթով նույնպես իր համար ապահովեց իշխանություն: Այսօր այդ քայլի համար նրան հրապարակավ քննադատող չկա («նա գործում է ժողովրդի անունից և իրականացնում է ժողովրդի կամքը»):


Ըստ իս, հենց Փաշինյանի համար լավագույն լուծումը կլիներ ընտրական օրենսգրքի փոփոխությամբ և նախօրոք հայտարարված ժամկետները պահպանելով գնալ ընտրությունների: Եվ եթե անգամ այս դեպքում նա ստիպված լիներ իշխանությունը հանձնելու երկրի հոգսերին ու նպատակներին տեղյակ մեկ այլ ուժի, նա իմաստուն քաղաքական գործչի անունով կշարունակեր մնալ քաղաքականությունում: Այժմ այսպիսի ընտրություններով իր ձեռքում պահելով իշխանությունը` առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում նա և իր թիմը կարող են հեղինակազրկվել ընտրողների աչքում և երկիրը կանգնեցնել նոր ցնցումների առաջ: Իսկ նման հեռանկարի հիմքեր կան:
(շարունակելի)

Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ