Ապրիլին Թեհրանն զգուշացրեց. «ԱՄՆ-ը դաս չի քաղել իր պարտություններից»

Ապրիլին Թեհրանն զգուշացրեց. «ԱՄՆ-ը դաս չի քաղել իր պարտություններից»
24.05.2019 | 01:59

Ես շարունակում եմ պատմել, թե մոլորակում ինչ է կատարվում 2019 թ. ապրիլի 8-ից հետո։ Ըստ էության, աշխարհն այժմ էլ՝ մայիսին, բավական աղմուկով շարունակում է քննարկել երկու փոխադարձ մեղադրական ճանաչման հնարավոր հետևանքները։ ԱՄՆ-ի կողմից դա իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) «արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելն է, Իրանի կողմից՝ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության (ԿՀ) զորքերը Իսլամական պետության (ԻՊ) տիպի «ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելը։ Ապրիլի 8-ից հետո պարզվեց, որ ԱՄՆ-ից ու Իսրայելից հետո անջատողական հանցագործների մի խումբ էլ է ոգևորությամբ ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Ինչպես ապրիլի 10-ին հայտնել է քրդական «Kurdistan.ru» կայքը, «Իրանի ընդդիմադիր քրդական չորս կուսակցությունների ներկայացուցիչները հավաքվել են Իրանական Քրդստանի քաղաքական կուսակցությունների համագործակցության կենտրոնում (ԻՔ ՔԿՀԿ), որպեսզի ողջունեն իրանական ԻՀՊԿ-ի ընտիր ուժերը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ մտցնելու մասին ԱՄՆ-ի որոշումը»։ «ԻՀՊԿ-ի ստեղծումից 40 տարի անց ԱՄՆ-ի այդ քայլը, չնայած ուշացած է, Իրանի ճնշված ժողովուրդները, հատկապես Քրդստանի ժողովուրդը, դրական են համարում»,- ասվում է կենտրոնի պաշտոնական հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԻՀՊԿ-ի նկատմամբ համանման քայլեր են ակնկալվում նաև ԵՄ-ի երկրներից, քանի որ «վերջին չորս տասնամյակում ԻՀՊԿ-ի ահաբեկչական գործողությունների մեծ մասը տեղի է ունեցել նրանց տարածքներում», որ «ԻՀՊԿ-ը վերահսկում է Իրանի տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտները և բոլոր միջոցները գործադրում է Իսլամական Հանրապետության «մութ կառավարումը» տարածելու համար»։ «Հարկ է հիշել, որ ահաբեկչությունն անհնար է արմատախիլ անել, և տարածաշրջանում խաղաղություն չի լինի, քանի դեռ գոյություն ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- ասված է հայտարարության մեջ։


Թե ինչ բան է ԻՔ ՔԿՀԿ-ն, կարծում ենք, պարզ է հայտարարության տեքստից։ Ձևականորեն այն ընդգրկում է «Իրանական Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» (ԻՔ ԺԿ) երկու հիմնական ճյուղերը և «Իրանական Քրդստանի կոմունիստական կուսակցության» երկու հիմնական ճյուղերը։ Ոչ վաղ անցյալում մենք ընթերցողների ուշադրությունը հրավիրել էինք այն բանին, որ ԻՔ ԺԿ-ն բացահայտ ահաբեկչական կազմակերպություն է, որի դեմ 2011-ից սկսած հանդես է եկել նույնիսկ Թուրքիայի քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ)։ Նշյալ կենտրոնը, Իրաքից նրա ակտիվիստներին վռնդելուց հետո, հասկանալի է, գտնվում է Արևմուտքում։ Ողջ հայտարարությունը համատարած կեղծիք է, որովհետև ԻՀՊԿ-ն հիմնականում ճնշում է ԻՔ ԺԿ-ի զինյալներին կամ իրանական տարածքում, կամ էլ Իրաքի լեռներում, որտեղ ահաբեկիչները դեռ ապաստան են գտնում՝ օգտվելով Մասուդ Բարզանիի կլանի և նրա «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության (ՔԺԿ) գաղտնի հովանավորությունից։ ԻՀՊԿ-ի հանդեպ քուրդ ահաբեկիչների այդ հատվածի չարացածությունը (Իրանում առավել քան շատ են օրինական ճանապարհով իրենց իրավունքների համար պայքարող քրդական ընդդիմադիր կուսակցությունները) հասկանալի է. նրանց զինյալներին դեռ ոչ մի անգամ չի հաջողվել որևէ էական բան անել Իրանի և նրա տարածքային ամբողջականության դեմ։ Հասկանալի է նաև, որ հիմա այդ կենտրոնը պարզապես կատարում է իր հովանավորների հրամանը։ Իսկ դրանք, չնայած կենտրոնը գտնվում է Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայություններն են։ Զարմանալին այն է, որ նույնիսկ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ, հակաիրանական տրամադրությամբ երկրները վերջերս հրապարակայնորեն խոստովանեցին, որ առանց Իրանի մասնակցության անհնար է Պաղեստինի անկախության և Երուսաղեմի հարցի արդարացի լուծումը, մի խումբ քուրդ անջատողականներ շարունակում են հույս դնել ԱՄՆ-ի և Իսրայելի վրա, թեև հիանալի տեսնում են, թե ինչպես են Վաշինգտոնն ու Թել Ավիվը պարբերաբար Թուրքիային «հանձնում» սիրիացի քրդերին։ Ահա ապրիլի 10-ին էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը դարձյալ հայտարարեց, որ «Արևելյան Սիրիայում ՔԺԻ-ի (քրդական ժողովրդական ինքնապաշտպանություն) ջոկատների դեմ գործողությունն անխուսափելի է»։ Ճիշտ է, թուրքերն առայժմ ոչինչ չեն սկսել, բայց հո՞ սպառնալիքն ուժի մեջ է մնում. Անկարային զսպում է միայն Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշումը։


Քրդական ցեղերը, թեկուզ այս անգամ Իրանի քրդական ցեղերը, կարող են հայտնվել շատ մեծ քաղաքական փոսում։ Բանն այն է, որ նրանք զինվոր են օտարների խաղերում։ Խնդիրն այն է, որ հենց Ամերիկայում (դե քանի որ ընդառաջեցին Նեթանյահուին, պարզ է, որ վերջինս և նրա «Լիկուդ» դաշինքը հաղթեցին Իսրայելի արտահերթ խորհրդարանական ընտրությունում) աճում է դժգոհությունն այն բանից, որ Թրամփը, որպես հրեա թոռնիկի իսկական պապիկ, ամերիկյան ողջ արտաքին քաղաքականությունը ենթարկել է բացառապես Իսրայելի և ԱՄՆ-ում հրեական լոբբիի շահերին։ Արևմտյան Ասիայում գտնվող ամերիկյան զորքերն «ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին Իրանի հայտարարությունից մեկ օր անց ԱՄՆ-ի ՊՆ-ն հայտարարեց, որ Իրանն Ամերիկայի համար արտակարգ վտանգավոր չէ։ «Պենտագոնը չի փոխի մարտական գործողությունների կանոնները Իրանի որոշման պատճառով,- հայտարարեց ՊՆ-ի ներկայացուցիչ Ռեբեկա Ռեբեյրիխը։- Ինչպես միշտ, պաշտպանության նախարարությունը նախազգուշական միջոցներ է նախատեսել մեր ուժերի անվտանգությունն ամբողջ աշխարհում ապահովելու և մեր խնդիրները լուծելու համար մարտական պատրաստությունը պահելու ուղղությամբ»։


Հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին՝ «Fars News» գործակալությունն ապրիլի 11-ին հայտնել է, որ ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը պետքարտուղար Մայքլ Փոմփեոյին հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունն անթույլատրելի է և չի կարող իրականացվել առանց Կոնգրեսի համաձայնության։ Սենատի նիստում Փոլը Փոմփեոյին շատ անհարմար հարց է տվել 2001 թ. մտցված «Առանց Կոնգրեսի հավանության Իրանի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու և հարված հասցնելու մասին» օրինագծի վերաբերյալ։ Նա հարցրել է. «Այդ օրինագիծը կառավարության համար նախատեսու՞մ է այդպիսի կետ»։ Դրան պետքարտուղարը հստակ պատասխան չի տվել, այլ ասել է, որ դա պետք է ճշտել իրավաբաններից։ Ավելի վաղ Նյու Մեքսիկո նահանգից դեմոկրատ սենատոր Թոմ Յուդալը, մի քանի դեմոկրատների աջակցությամբ, Կոնգրեսի քննարկման էր առաջադրել մի օրինագիծ, որը Թրամփի վարչակազմին արգելում էր ռազմական որևէ գործողություն ձեռնարկել Իրանի դեմ։ Ըստ եղած տեղեկության, այդ օրինագծին կողմ է 10-ից ոչ պակաս դեմոկրատ սենատոր, այդ թվում՝ Դայան Ֆանսթեյնը, Ռիչարդ Դերբինը և Բեռնի Սանդերսը, ինչպես նաև սենատորներից միակ հանրապետական Ռենդ Փոլը։ Սենատում օրենքների հաստատման համար պահանջվում է 51 ձայն։ Յուդալն իր օրենսդրական նախաձեռնության մասին բացատրության մեջ «Թվիթերում» գրել է. «Այժմ Իրանի հետ պատերազմի պահանջներ են հնչեցնում այն նույն մարդիկ, որոնք 16 տարի առաջ մեր վզին փաթաթեցին Իրաքում աղետալի պատերազմը։ Կոնգրեսը պետք է պաշտպանի իր օրինական իրավունքը և վերջ դնի պատերազմի կողմը գահավիժելուն։ Հենց դրա համար էլ ես առաջարկեցի ընդունել «Իրանի հետ ապօրինի պատերազմին հակազդելու միջոցների մասին» օրենքը»։


Իսրայելցիների և ԱՄՆ-ում նրանց կողմնակիցների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում նրանց ապավինած քրդական ցեղերի խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի կոնկրետ զինվորականները և Կոնգրեսում ու Սենատում նրանց շահերը ներկայացնողները հիանալի գիտեն, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ-ի ռազմական մեքենան Իրանի դեմ ուղղելու Իսրայելի պլանը «աշխատի»։ Բայց Պենտագոնի զուսպ արձագանքի և սենատորներ Փոլի ու Յուդալի կոչերի պատճառով մենք չենք ուզում պնդել, թե Իսրայելում ընտրության ավարտից հետո Վաշինգտոնի համար «խաղն ավարտվել է»։ ԱՄՆ-ի հակաիրանական «խաղը» կավարտվի միայն այն ժամանակ, երբ Թրամփն ու իր շրջապատը կտապալվեն։ Չէ՞ որ պետքարտուղար Փոմփեոն Իրանին սպառնացել է ամերիկացի զինվորականների վրա հարձակման հետևանքներով։ «Սպառնալով հարձակվել ԱՄՆ-ի զորքերի վրա՝ նրանք պետք է մի լավ մտածեն»,- ասել է Փոմփեոն։ Նա հիշեցրել է, որ մեկ շաբաթ հետո ԱՄՆ-ը Իրանի ԻՀՊԿ-ն կմտցնի արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցուցակի մեջ։ Այդ դեպքում ինչի՞ համար է այդ նյարդային վերաբերմունքը այս կամ այն երկրի՝ իրեն պաշտպանելու օրինական իրավունքին, պարոն Փոմփեո։ Աշխարհը Վիետնամից գիտի, թե ինչ մեծ քանակությամբ են ոչնչանում գովաբանված ամերիկյան զորքերը, և Իսլամական հեղափոխությունից հետո հենց Իրանի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունների ողջ պատմությունը Վաշինգտոնի խայտառակության պատմությունն է, այդ թվում՝ «Iran Air» ավիաընկերության քաղաքացիական օդանավի ոչնչացման համար, որի ուղևորներն էին հիմնականում կանայք ու երեխաները։ Եվ Իրանը, և ԻՀՊԿ-ն՝ որպես Իսլամական հեղափոխության և Իրանի սահմանների անձեռնմխելիության երաշխավոր, բնական օրինական իրավունք ունեն ոչնչացնելու ամեն մեկին, որը կփորձի հարձակվել ԻՀՊԿ-ի այս կամ այն ստորաբաժանման կամ իրանական որևէ այլ ուժային կառույցի վրա։ Այնպես որ, բառափոխելով Փոմփեոյին, մենք մեր կողմից խորհուրդ կտանք, որ իրանական այս կամ այն ուժային կառույցին սպառնալուց առաջ Ամերիկան «մի լավ մտածի»...


Թրամփի կառավարության անխոհեմ քաղաքականությունը քննադատության փոթորիկ է հարուցել նաև հենց ԱՄՆ-ի ներսում։ Բազմաթիվ զորահրամանատարներ և նշանավոր քաղաքական գործիչներ բազմիցս են նախազգուշացրել Թրամփին ու նրա իսրայելամետ խորհրդատու «ճուռակներին» արտքաղաքական խնդիրների նկատմամբ նման արմատական մոտեցման հետևանքների մասին։ Ըստ երևույթին, Վաշինգտոնում այժմ մտադիր են հետաձգելու Թրամփի որոշման իրականացումը կամ, առնվազն, փորձում են թուլացնել Իրանի և ԱՄՆ-ի ռազմական հակամարտության հավանականությունը։ Իսկ մենք հիշեցնենք, որ, ինչպես նկատել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Խամենեին, «անցել են այն ժամանակները, երբ ամերիկացիները հարված էին հասցնում ու փախչում դեպքի վայրից։ Այժմ ցանկացած թշնամական գործողության դեպքում նրանք հզոր հակահարված կստանան Իրանի կողմից»։ Եվ սա մաքուր ճշմարտություն է. ի տարբերություն Իսրայելի և ԱՄՆ-ի, Իրանը խոսքից հետ չի կանգնում, երբ հավանական հակառակորդին զգուշացնում է, որ պատերազմ սկսելով Իրանի դեմ՝ թշնամին պետք է պատրաստ լինի իր պարտությանը։ Այդպես էր, ի դեպ, 1980 թ., երբ սադդամական Իրաքն սկսում էր իր ագրեսիան Իրանի դեմ...


Ահա Սպիտակ տան վարչակազմի 2019 թ. ապրիլի 8-ի նախաձեռնության ևս մեկ հետևանք։ Ըստ որոշմանը ծանոթ չորս աղբյուրի՝ Եգիպտոսը հրաժարվել է ԱՄՆ-ի գլխավորությամբ և արաբական առանցքային դաշնակիցների հետ «արաբական ՆԱՏՕ» ստեղծելուն մասնակցելուց, ինչը հարվածել է Իրանի հզորացումը զսպելու Թրամփի վարչակազմի ռազմավարությանը։ Եգիպտոսն իր որոշումն ԱՄՆ-ին ու անվտանգության գծով մերձավորարևելյան առաջարկվող դաշինքի (MESA) մյուս մասնակիցներին է հաղորդել Էր Ռիադում կայացած հանդիպումից առաջ՝ հայտնել է աղբյուրներից մեկը։ Եգիպտոսն իր պատվիրակությունը չի ուղարկել այն հանդիպմանը, որը կայացել է առաջ տանելու համար ԱՄՆ-ի ջանքերը արաբական սուննի մուսուլման դաշնակիցներին միավորելու գծով, որպեսզի անվտանգության, քաղաքական ու տնտեսական հակազդեցության դաշինք կնքվի շիա Իրանի դեմ, ասել է աղբյուրը։ Եգիպտոսը դուրս է եկել այն պատճառով, որ կասկածում էր այդ նախաձեռնության լրջությանը, և այն վտանգի պատճառով, որ այդ պլանը միայն կուժեղացնի լարվածությունն Իրանի հետ հարաբերություններում՝ ասել է արաբական աղբյուրը, որը, ինչպես մյուսները, խոսել է միայն անանունության պայմանով։ Ըստ արաբական աղբյուրի, Եգիպտոսի որոշումը պայմանավորված է նաև այն բանով, որ վստահ չեն, թե հաջորդ տարի Թրամփը կհաղթի նախագահական ընտրությունում, և նրա հաջորդը կարող է դադարեցնել այդ նախաձեռնությունը։ Էր Ռիադի հանդիպումից երկու օր հետո Եգիպտոսի նախագահ Աբդել աս Սիսին այցելել է Վաշինգտոն՝ Թրամփի հետ բանակցելու։ Հանդիպումից առաջ Թրամփն ասել է, որ խոսելու են անվտանգության խնդիրների մասին, բայց պարզ չի եղել՝ նրանք քննարկե՞լ են MESA-ի խնդիրը։ Ճիշտ է, երկու աղբյուր հայտնել են, որ MESA-ում մնացած երկրներն առաջ են տանում այդ նախաձեռնությունը և դիվանագիտական ճնշում են գործադրելու Եգիպտոսի վրա, որ նա փոխի դուրս գալու իր որոշումը։ Այդ աղբյուրներից մեկն էլ ասել է, որ այդ որոշումն իբր վերջնական չէ։ «Մենք բոլորս ուզում ենք, որ Եգիպտոսը վերադառնա»,- ասել է մի այլ աղբյուր։ Բայց արաբական աղբյուրը նշել է, որ Կահիրեին դժվար կլինի համոզել, որ վերադառնա։ Արաբական աշխարհում ամենախոշոր զինված ուժերն ունեցող Եգիպտոսի ելքը վերջին հարվածն էր MESA-ի պլանին։ Այդ պլանն արդեն բարդացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում 2018 թ. հոկտեմբերին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգիի սպանության հարուցած միջազգային վրդովմունքի պատճառով։ Այդ սպանության մեջ թուրք պաշտոնյաները և ԱՄՆ-ի որոշ օրենսդիրներ մեղադրել էին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին։ Էր Ռիադը ժխտում էր և ժխտում է մեղադրանքները թագաժառանգի դեմ։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao