Հանդիպում Եռաբլուրում

Հանդիպում Եռաբլուրում
11.06.2019 | 01:07

(Նախորդ մասը)

«ՆԵՐԻ՛Ր ԻՆՁ, ՄԱՅՐԻ՛Կ»
Սոս Հովսեփյանը ծնվել է 1968 թ. մայիսի 20-ին, Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի համանուն ֆակուլտետի շինարարական տեխնոլոգիայի բաժինը: Զորակոչվել է բանակ, պարտաճանաչորեն ծառայել Սախալինում տեղաբաշխված զորամասում, և, ասես վաղօրոք իմանալով թե ուր է թեքվելու պատմության ընթացքը, ջանասիրությամբ ուսումնասիրել է խորհրդային բանակի զենքերը, մարտական տեխնիկան, ձեռք բերել փայլուն գիտելիքներ ու գործնական հմտություններ:
Գրել Սոսի մարտական ուղու մասին, նշանակում է թվարկել պատմական Արցախի քարտեզի տեղանունները՝ Շահումյան, Մարտակերտ, Շուշի, Ասկերան, Հորադիզ, Զանգելան, Ղուբաթլու... Ակտիվորեն մասնակցել է Սարսանգի ջրամբարի, Մարտակերտի շրջանի Գետավան, Զարդախաչ, Հաթերք, Զագլիկ, ՈՒմուդլու, Մեհմանա, Կուսապատ, Մեծ Շեն գյուղերի ազատագրմանը, ավար վերցրել թշնամու մեկ տանկ:


1993 թ, մարտի 22-ին թշնամին անցել էր հակահարձակման: Զենքի բոլոր տեսակներից կրակ էր թափում բարձունքի վրա: Նռնականետի արկը ընկավ հրամանատար Գեղամ Խլղաթյանի ու Սոսի խրամատի վրա: Զոհվում է խիզախ հրամանատարը, Սոսը՝ ստանում ծանր վերքեր: Այդ օրը հրամանատարի աճյունի հետ Երևան հասցրին նաև Սոսին:
Մարտերի ժամանակ բազմիցս ծանր վիրավորվել է՝ բազկից, գլխից, կողից, ոտքերից, և ամեն անգամ տակավին չապաքինված՝ հաղթահարելով վերքերի ցավը, հիվանդանոցից շտապել է հասնել դիրքեր։ Սիրելի հրամանատարի, ձեռքերի մեջ անշնչացած մտերիմ ընկերոջ կորստյան ցավը ցասումով է լցրել սիրտը, աներեր դարձրել համոզմունքը, որ անհնարինը հնարավոր դարձնելու գնով պետք է ոսոխին հետ շպրտել իր որջը, ինչ գնով ուզում է լինի՝ հաղթել, հաղթել հանուն Հայաստանի և Արցախի ազատության ու անկախության, հանուն գալիք սերնդի ապահով ապագայի:


Նկատառելով ծանր վնասվածքները՝ 1992 թ. հոկտեմբերին բժիշկները Սոս Հովսեփյանին տալիս են երկրորդ խմբի զինհաշմանդամի կարգավիճակ, բայց քաջագիտակ տանկիստը, ճարպիկ ու ճկուն հետախույզը, զգայուն հոգու տեր բանաստեղծն անկարող էր հաշտվելու հաշմանդամ լինելու իրողության հետ՝ չէր կարող հեռվից հետևել մարտադաշտի իրադարձություններին:
Ցավը սեղմած ատամների տակ, ոտքի կաղալը թաքցնելով՝ պատրաստվում էր մեկնելու Արցախ, որտեղ ընկերները մարտեր էին մղում անհաջողություններից ավելի գազանացած, զենքերի բոլոր տեսակներից հայկական դիրքերի վրա կրակ տեղացող ոսոխի դեմ:
Երբ մարտադաշտ մեկնելու համար իրերն էր դասավորում, զգաց մոր մտատանջությամբ լի հայացքն ու կարկամեց, բայց... մտքով արդեն ճանապարհին էր: Հաջորդ օրը միայն մայրը տեսավ որդու գրած բանաստեղծությունը՝ «Ներիր ինձ, մայրիկ» վերնագրով.
Ներիր ինձ, մայրիկ, ներիր ինձ մի քիչ,
Որ այսքան վիշտ եմ պատճառում ես քեզ,
Իմ որդեկորույս, քաղցրիկ մայրիկ:
Չէ որ մայրական սիրուց առավել
Հայրենիքն է սիրելի, մայրիկ,
Որին սիրում եմ քեզնից առավել:
Գիտեմ, շատ վիշտ ես տեսել դու
Եվ գուցե մի օր ինձ էլ կորցնես
Ներիր ինձ, մայրիկ, ներիր ինձ, ներիր...
1992 թ.

Ձեռքիս ԼՂՀ ՊԲ, ՀՀ ՊՆ՝ Սոս Հովսեփյանի մասին փաստաթղթերի պատճեններն են, զինակիցների՝ ձեռագիր հուշերը՝ մի գրքի նյութ: Դժվար է առանձին հատվածներ մեջբերելը: Կրճատումներ անելիս սիրտս սեղմվում է:
ԿԱՐԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ (Ազատամարտիկ, երկրորդ խմբի զինհաշմանդամ). 1992 թ. հունիսին՝ Մարտակերտի շրջանի Մատաղիս, Մաղավուզ գյուղերի ինքնապաշտպանական թեժ մարտերի օրերին ինձ՝ տխուր և մտահոգ հայուհուս, բախտ վիճակվեց ծանոթանալու մի հրաշք մարդու՝ քաջարի զինվոր, ճշմարիտ հայրենասեր Սոս Հովսեփյանի հետ: Գիշեր էր: Անտառում նստած՝զրուցում էինք: Իմացա, որ մի քանի անգամ վիրավորվել է, բայց շարունակել է մարտերին մասնակցել: Ադրբեջանցիները վառել էին Մաղավուզ գյուղը: Տները, լրիվ քանդված դպրոցը և գրադարանը դեռ վառվում էին: Թեժ մարտերից հետո տղաները հոգնած-նստած էին: Ամեն ոք մի գործ էր անում, իսկ Սոսը մոմը ձեռքին մտավ գրադարան և սկսեց հատիկ-հատիկ ջոկջկել վառված գրքերը: Ես չզարմացա, միայն Սոսը կարող էր անել դա, գիտեր գրքերի նշանակությունը, որովհետև ծնվել էր մանկավարժի ընտանիքում, դաստիարակվել հայրենասիրության ոգով: Եվ նա մոտ 20 կմ շալակած տարավ այդ գրքերը ու փրկեց: Ավա՜ղ, այլևս չտեսա այդ հրաշալի երիտասարդին: Վիրավորվեցի, ինձ տեղափոխեցին Երևան: Լսեցի, որ Սոսը նույնպես վիրավորվել է, բայց ապաքինվելուց հետո կրկին մեկնել է ճակատ:

Հատված ՀՀ պաշտպանության նախարարի օգնական, գնդապետ Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ 01.09.1992 թ. տեղեկանքից. «Հովսեփյան Սոս Հովսեփի. 05.07.1992 թ. վիրավորվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի համար մղվող մարտերում՝ ձախ բազկից»:
ԼՂՀ զինկոմիսար մայոր ԹՈՒՄԱՆՅԱՆԻ՝ Սոս Հովսեփյանի ուսման վայր ներկայացվելիք տեղեկանքից. «Սոս Հովսեփյանը՝ ծնված 1968 թ., սեպտեմբերի 4-ից ծառայել է ԼՂՀ զինված ուժերում: Զինգրքույկ թիվ 1560»։
Տեղեկանքի տակ ձեռագիր ավելացված է. «Վիրավորվել է երկու ոտքից (բեկորային վնասվածք), պայթել է աջ ականջի թմբկաթաղանթը: Սեպտեմբերի 12-ին վիրավորվել է Վանք գյուղում:
ՌՈՒԲԵՆ ԱՇԽԱՏՈՅԱՆ (մարտական ընկեր). 1993 թ. մարտի 22-ին Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» բարձունքում մեր հրամանատարը զոհվեց: Արցունքն աչքներիս՝ ես ու Սոսը հավաքում էինք նրա մարմնի մասերը: Նայելով Սոսին՝ ինձ հույս էի տալիս, որ մենք կհաղթենք: Նա այնպիսի հայրենասեր մարդ էր, որ չէր վհատվում: ՈՒրախությամբ էր գալիս Արցախ՝ մասնակցելու մարտերին: Ցավոք, մեկ ժամ չանցած, Սոսը վիրավորվեց գլխից՝ թշնամու արկի բեկորից: Գալով Դրմբոն՝ մենք Սոսին տեղափոխեցինք զինվորական հոսպիտալ: Ծանր վիրավոր՝ էլի նույն լավատես երիտասարդն էր:

Ազատամարտի ժամանակ Արցախի ՊԲ առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար ԿԱՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ՝ Սոս Հովսեփյանի մասին բնութագրից.
- Իր պատմության օրհասական ու վճռորոշ պահերին հայ ժողովուրդը բազմիցս ցույց է տվել համախմբվելու, մի բռունցք, մի զարկ դառնալու իր ընդունակությունը: Մեր նորօրյա հերոսամարտում ևս ազգի խիզախ զավակները համախմբվեցին, զենք վերցնելով մեկնեցին ճակատ: Նրանցից մեկը Սոս Հովսեփյանն էր: 1992 թ. մայիսին նա ընդգրկվեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի 2-րդ վաշտի կազմում: Այդ ժամանակ թեժ մարտեր էին ընթանում Ասկերանի շրջանի Խանաբադ, Քյաթուկ գյուղերի և Ասկերանի շրջկենտրոնի ուղղությամբ: Նախիջևանիկ գյուղի ազատագրման ժամանակ Սոսը վիրավորվեց և տեղափոխվեց զինվորական հոսպիտալ: Որպես նվիրյալ զինվոր՝ ապաքինվելուց հետո շարունակեց պայքարը...


1993 թ. հունիսին նա վերադարձավ արդեն մոտոհրաձգային գումարտակի վերակազմավորված մեր ստորաբաժանումը, որի կազմում մասնակցեց Քարակերտի, Աղդամի, Ֆիզուլիի, Հորադիզի, Ղուբաթլուի ուղղությամբ մղվող մարտական գործողություններին: 1993 թ. օգոստոսի 8-ին Աղդամի շրջանի Խաջարլի գյուղի մոտ նա կոնտուզիա տարավ: Ապաքինվելուց հետո նորից շարք վերադարձավ: Սոսն ազնիվ, մաքուր սիրտ ուներ, նվիրված էր հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին՝ խիզախությամբ ու անձնազոհությամբ: Նրա կերպարում զարմանալի ներդաշնակությամբ միավորված էին բանաստեղծը, ճարտարապետը, քաջարի զինվորը: Անսպառ եռանդով՝ ոգևորում էր մարտական ընկերներին՝ օգտագործելով յուրաքանչյուր դադար, տպավորչ դրվագներ էր պատմում հայոց անցյալ կռիվներից: Սոս Հովսեփյանի կերպարով պետք է դաստիարակենք մեր երիտասարդ սերնդին, սահմանը պահող զինվորին:
(շարունակելի)


Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao