ReAnimania 2019
 

Հանդիպում Եռաբլուրում

Հանդիպում Եռաբլուրում
14.06.2019 | 11:49

(Նախորդ մասը)

ԹՇՆԱՄՈՒ ՏԱՆԿԸ ՀԱՍՑՐԵԼ ԷՐ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ...

ԼՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ (մարտական ընկեր)
1993 թ. փետրվարի 23-ին Երևանից մեկնեցինք Արցախ: Մասնակցեցինք Սարսանգի հէկի մոտակայքում ընթացող, այնուհետև Մարտակերտի «Պուշկեն յալ» կոչվող բարձունքի համար մղվող մարտերին, որից հետո մեկնեցինք Ասկերան՝ հանգստանալու: Հենց այնտեղ էլ լսեցինք Սոսի քաջագործության մասին. հետախուզության ժամանակ նստել էր հակառակորդի տանկն ու հասցրել մեր դիրքերը, որի համար բոլորս նրան շնորհակալություն հայտնեցինք:

ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ (մարտական ընկեր)
Որոշ ժամանակ Սոսն անընդհատ կողքիս էր: Չէի հասցնում մի նռնակը կրակել, երկրորդն արդեն պատրաստ էր: Այդ ժամանակ գիշեր-ցերեկ լարված մարտեր էին մղվում: Հուլիսի 4-ին հրաման ստացանք՝ ազատագրել Նախիջևանիկ գյուղը: Մարտի թեժ պահին Սոսը վիրավորվեց աջ ուսից, բայց վիրակապված թևով էլ դիրքը չլքեց՝ մինչև որ մարտը դադարեց: Սկզբում բուժվում էր Ստեփանակերտում, այնուհետև՝ Երևանում: Հետո, դեռ կարգին չապաքինված, վերադարձավ գումարտակ: Մարտական ընկերները նրան ջերմությամբ ընդունեցին: Արդեն մարտեր էին մղվում Աղդամի համար: Մինչ այդ Սոսը կռվել էր մյուս զորամասերում, ծանր վիրավորումների պատճառով նրան տրվել էր հաշմանդամի կարգավիճակ: Այդ մասին իմացանք նրա զոհվելուց հետո միայն:

ՄՀԵՐ ՀԱՅՐԻՅԱՆ
1993 թ. հուլիսի 23-ին ազատագրվեց Աղդամ քաղաքը, և մեր գումարտակը Աղդամից հարավ դիրքեր գրավելով՝ անցավ պաշտպանության: Փորձելով հետ վերցնել կորցրած տարածքը՝ հակառակորդն ամբողջ ուժով անցավ հարձակման:
Օգոստոսի 8-ի վաղ առավոտյան սկսեց հրետակոծել մեր դիրքերը: Արկերը թափվում էին տեղատարափ անձրևի պես: Մեր խրամատներն ու հաղորդակցության ուղիները քանդվել էին: Հրետակոծությունը դադարեց: Հակառակորդն անցավ հարձակման: Մենք՝ 26 հոգի, դիրքավորվեցինք նրանց հետևում և տանկերի հարձակումը դիմագրավելու համար: Կողքիս Սոսն էր: Հավանաբար թշնամին կարծում էր, թե հրետակոծությունից հետո մեզանից ոչ ոք ողջ չի մնացել: Ինքնավստահ առաջանում էին: Մենք սկսեցինք անխնա ոչնչացնել նրանց: Սոսն արագ մի դիրքից մյուսն էր անցնում, ոգևորում տղաներին, կրակում մե՛կ գնդացրից, մե՛կ նռնականետից: Մենք հրճվում էինք և ինչ-որ մի պահ կորցրինք զգոնությունը: Թուրքերը կրկին սկսեցին հրետակոծել: ՈՒշքի եկա արդեն շտապօգնության մեքենայում՝ Ստեփանակերտ տանող ճանապարհին. ինձ հետ էին Սոսը և էլի վեց հոգի մեր տղաներից: Բոլորը կոնտուզիա էին ստացել:
Լրիվ չապաքինված՝ Սոսը շարք վերադարձավ և գումարտակի հետ մասնակցեց Ղուբաթլուի, Ֆիզուլիի, Հորադիզի մարտերին:
Դեկտեմբերի վերջին թշնամին կատաղի հարձակումներ էր սկսել բոլոր ուղղություններով: Մեր գումարտակը տեղաբաշխված էր Աղդամի շրջանում: Երեք-չորս օր տևած մարտերի արդյունքում մենք ոչ միայն վերականգնեցինք կորցրած տարածքները, այլև շարունակեցինք հարձակումը:

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ծառայության անցնելով երկրորդ վաշտում՝ Սոս Հովսեփյանն առաջին իսկ մարտերում իրեն դրսևորեց որպես համարձակ, խիզախ մարտիկ՝ բարդ իրավիճակներում չկորցնելով սառնարյունությունն ու կշռադատված, ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունը:
...Քյաթուկի ուղղությամբ արյունալի մարտեր էին մղվում: Թշնամու գրոհները հետ էինք մղում, բայց նրանց հրետանին չէր լռում՝ կրակի տակ պահելով մեր դիրքերը: Այդ ժամանակ Սոսը գնդի նռնականետորդ Վարդան Գևորգյանի օգնականն էր:
1994 թ. հունվարի 1-ի առավոտյան սկսվեց մեր գրոհը: Խնդիր էր դրված՝ գրավել ջրատարը, ամրանալ մյուս ափին և շարունակել հարձակումը: Ծանր մարտերով առաջանում էինք, արդեն հասցրել էինք դիրքավորվել իշխող բարձունքի վրա, երբ Սոսը գլխից մահացու վիրավորվեց... Մենք՝ մարտական ընկերներս, խորին հարգանքով էինք համակված Սոսի հանդեպ, և նրա զոհվելը ծանր հարված էր: Միշտ հիշում ենք իրեն: Նրա բանաստեղծություններում Հայաստանի, հայ ժողովրդի, գեղեցիկի հանդեպ անսահման սեր կա: Դեռ մեր ականջում են նրա երգերը, որ մարտից առաջ երգում էր, ոգևորում մեզ: Համարձակ ու խիզախ էր, հավատարիմ ընկեր։

ՈՉ ՓԱՌՔԻ, ԱՅԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «ՍԵՐ ՈՒ ՀԱՎԱՏ ԿՄԱՂԹԵՄ ՁԵԶ, ԻՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ...»
ԼՂՀ նախագահի՝ 1998 թ. սեպտեմբերի 19-ի թիվ 2.8 հրամանագրով Սոս Հովսեփի Հովսեփյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ հետմահու: Շքանշան՝ թիվ 0341
Պարգևատրվել է նաև «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, թիվ 0619
Երևանի քաղաքապետի՝ 1999 թ. հոկտեմբերի 25-ի թիվ 1011 որոշմամբ՝ մայրաքաղաքի մի շարք դպրոցներ անվանակոչվել են ազատամարտիկների անուններով.
«1.2. անվանակոչել թիվ 115 դպրոցը (Շենգավիթի համայնք) զոհված ազատամարտիկ Սոս Հովսեփի Հովսեփյանի անունով:
Ա. ԲԱԶԵՅԱՆ»

1995 թ. «Հայաստան» հրատարակչությունը լույս ընծայեց Սոս Հովսեփյանի «Ներիր ինձ, մայրիկ» վերնագրով բանաստեղծությունների գրքույկը: Ավելի ուշ՝ 2015 թ. այն վերահրատարակեց ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի հրատարակչության բաժինը:


Երբ կարդում ես հայրենիքի դժվարին ճակատագրի ցավով ներծծված նրա բանաստեղծությունները, հույզերը քեզ տանում են Արցախ, որի ազատության համար ահեղ մարտերից մեկում ՝ Սալահլի-Քենգերլի գյուղերի մատույցներում զոհվեց քաջարի հայորդին: 1991 թ. գրված բանաստեղծության այս տողերը Սոս Հովսեփյան ազատամարտիկի՝ հայրենիքի նրա պայծառ, ապահով ապագայի համար նվիրումի վառ վկայությունն են .
Պիտի այսօր վառվի հոգին,
Որ գալիքի գարունը գա,
Պիտի վառվի գարուն հոգին,
Որ գալիքը գարուն դառնա...

...Հաճախ եմ այցի գնում Սոսի շիրմին: Հիմա արդեն ինձ ուղեկցում է կրտսեր եղբորս՝ Գագիկի վեցամյա թոռը՝ Գագիկ Ծառուկյանը: Եվ ամեն անգամ, երբ խունկի անուշ բույրը քուլա-քուլա տարածվում է դեպի երկինք, Գագիկը ջանասիրաբար սրբելով հուշաքարի փոշին՝ տղամարդու խոժոռ հայացքով ասում է.
-Թշնամու դեմ կռվելու համար մեզ չորս ավտոմատ է պետք:
ՈՒ ես դեռ չեմ հարցրել, թե ինչու հատկապես չորս ավտոմատ..... Ս. թ. մայիսի 5-ին Գագիկն ինձ հետ մասնակցում էր հայոց ազգային-ազատագրական պայքարի հերոս, գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանի՝ օտար ափերից հայրենիք բերված աճյունասափորը Եռաբլուրում՝ ԱՍԱԼԱ-ի պանթեոնում ամփոփելու արարողությանը: Մեծ հայրենասերի հիշատակին հնչած խոնարհումի, փառաբանության խոսքերը լսում էր լուռ, կենտրոնացած:
Աճյունասափորը հայոց հողում ամփոփելու արարողությունից հետո քայլեցինք դեպի հայոց մերօրյա հաղթանակով պսակված ազատամարտի հերոսների շիրմաթմբերը: Հասուն այրի լրջությամբ Գագիկը ձեռքը հպեց Մոնթեի, Վազգենի, Զորավար Անդրանիկի, գեներալ Գուրգեն Դալիբալթայանի շիրմաքարերին: Հետո ուղղվեցինք դեպի այն ուղին, որտեղ մեզ սպասում էր Սոսը, ով գիտե, որ այսօր դժվարին վիճակ է, որ «հայրենասիրություն» բառը ոմանց համար անցյալ է և այսօր չի ներշնչում, ու հիշեցնում է սիրելի հրամանատար Մոնթե-Ավոյի պատգամը. «Սեր ու հավատ կմաղթեմ ձեզ, իմ հայ ժողովուրդ...»:
Կապուտակ երկնքից նայող արևի շողերում 1993 թ. ամռան այն օրվա պատառիկը կար...


Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao