Հայաստանը ոչնչի պատրաստ չէ, թեև աշխարհն անհանգիստ է

Հայաստանը ոչնչի պատրաստ չէ, թեև աշխարհն անհանգիստ է
09.07.2019 | 01:21

(Նախորդ մասը)

Արդեն առաջին տարին չէ, որ շատերն ինձ քիչ է մնում «Իրանի գործակալ» կոչեն այն պատճառով, որ իմ նյութերում ես հաճախ եմ անդրադառնում իրանական թեմային։ Դրանում ես մեղք չունեմ ու ոչ մեկի գործակալը չեմ, պարզապես բավականաչափ հստակ տեսել և տեսնում եմ (դեռ 1993-ից), որ Հայաստանի և Այսրկովկասի շուրջը կատարվող շատ գործընթացներ կապված են ԱՄՆ-ի և Իսրայելի հակաիրանական պլանների հետ։ Այժմ Իրանի շուրջը տիրող իրավիճակով լրջորեն անհանգստացած են նաև Թուրքիայում։ ՈՒզում եմ հայ հասարակությանը ծանոթացնել, թե Անկարայում ինչ են գրում իրանա-ամերիկյան հարաբերությունների վիճակի մասին։ Այդ ժամանակ Երևանում արդեն շատերը կհասկանան նաև մեր երկրի շուրջն ստեղծված իրադրության լրջությունը։


Այսպես, թուրքական «Միլիեթ» թերթը մայիսի վերջին նշում էր, որ այն, ինչն այժմ տեղի է ունենում Վաշինգտոնի և Թեհրանի միջև, կարելի է գնահատել որպես ամերիկացիների ծրագրած լայնածավալ ու բազմաքայլ հոգեբանական պատերազմի սյուժեների իրականացում։ Սակայն «ԱՄՆ-ը կարծես թե տրամադրվում է Իրանի հետ պատերազմի, բայց նրա հետ պատերազմելու չի պատրաստվում։ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, մի կողմից, մեկը մյուսի հետևից նոր պատժամիջոցներ է մտցնում Իրանի դեմ և ռազմանավեր մոտեցնում Պարսից ծոցին, մյուս կողմից, բացահայտ ասում՝ զանգեք ինձ»։ Թրամփը հայտարարել է. «Իրանը պետք է անի հետևյալը. թող ինձ զանգեն, նստենք, խոսենք և արդարացի գործարք կնքենք։ Մենք չենք ուզում վնաս հասցնել Իրանին»։ Իսկ որպեսզի Իրանը զանգի, Թրամփը տվել է Շվեյցարիայի հեռախոսի համար։ Թրամփը շարունակելու է փորձել Իրանին ծնկի բերել տնտեսական ու դիվանագիտական հարձակումներով»։


Հիմա ԱՄՆ-ի ռազմական նախարարի ԺՊ Պատրիկ Շենահենը հայտարարում է, որ, իր համոզմամբ, «Մերձավոր Արևելքում Իրանի կողմից վտանգի մակարդակը բարձր է մնում, բայց Պենտագոնի ձեռնարկած միջոցների շնորհիվ հաջողվել է «դադարի հասցնել» Ամերիկայի քաղաքացիների վրա հարձակումների սպառնալիքը»։ Ըստ որում, Պենտագոնում չեն ճշտում, թե Իրանի կողմից երբ և որտեղից է եղել այդպիսի սպառնալիք։ Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ Թեհրանը «պատասխանատու է Սաուդյան Արաբիայի երկու նավթավերամղիչ կայանների վրա վերջերս արված հարձակման և չորս նավթանավերի նկատմամբ սաբոտաժի համար»։ Այժմ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն ճշտում է. «Մենք վերջնական եզրակացություն չենք արել, ինչի մասին կարող ենք հրապարակավ խոսել, բայց, հաշվի առնելով վերջին տասնամյակում նկատված տարածաշրջանային բոլոր հակամարտությունները, թվում է, թե լիովին հավանական է, որ դրանց հետևում Իրանն է կանգնած եղել»։ Հղում անելով ամերիկյան հատուկ ծառայություններին՝ «Reuters»-ն ավելացնում է. «ԱՄԷ-ի նավթանավերի վրա հարձակումը կարող էին իրականացնել իրանական իշխանություններին համակրող կամ նրանց համար աշխատող ուժերը, բայց ոչ հենց Իրանը»։


ՈՒզում եմ ավելացնել` մենք իրավասու ենք ավելի խոր դատելու։ Հասկանալի է, որ ուժերի տակ (որոնք ինչ-որ բան պայթեցրել են) կարող էին թաքնված լինել ովքեր ասես, ընդհուպ մինչև հենց ԱՄՆ-ի կամ Իսրայելի հատուկ ծառայությունները։ Սակայն մեջբերումներ անենք թուրքական ԶԼՄ-ներից։ «Միլիեթի» կարծիքով, վերը նշված «աշխարհաքաղաքական համերգի» բոլոր մասնակիցները հնարավորություն են պահպանում կրկին քաղաքական նորաձևություն դարձած «փակ դիվանագիտության» իրականացման համար։ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունների անկումները հենց այդպիսի չազդարարվող քաղաքականության հատկանիշներ են։ Թուրքական հանդեսը միջանկյալ եզրակացություն է անում. «Մերձավոր Արևելքն այսօր ոչ միաբևեռ է, ոչ երկբևեռ։ ՈՒժի կենտրոնները գնալով շատանում են։ Հաշվի առնելով նաև ոչպետական խմբերը՝ ակնհայտ է դառնում, որ այդքան շատ գործոններով ուժերի դասավորությունում կարող են ընդունվել ամենաանսպասելի լուծումներ»։


Թուրքական մեկ այլ թերթ՝ «Star gazete»-ն գրում է, որ այժմ գործողությունների նոր սխեմա է գործի մեջ դրվում, որը ներկայացրել է Շենահենը. «Մենք տարածաշրջանում ներկա ենք բազմաթիվ հարցեր լուծելու, ոչ թե Իրանի հետ պատերազմելու համար»։ Իսկապես, «Star gazete»-ն հաստատում է, որ, Թեհրանի վրա ճնշում գործադրելուց բացի, ամերիկացիները «ճնշում են» նաև Անկարային. «Թուրքիան փորձում են աքցանի մեջ առնել սիրիական սահմանի և Միջերկրական ծովի կողմից, իսկ Իրան-ԱՄՆ լարվածությունն Անկարային մղում է կարևոր ռազմավարական քայլեր անելու ի պատասխան այն իրադարձությունների, որոնք վնասում են նրա շահերին»։ Այսպես, Վաշինգտոնը Թուրքիային երկու շաբաթից քիչ ավելի ժամանակ է տվել, որ նա վերջնականապես որոշի ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչներ գնելու հարցը, պահանջելով հրաժարվել ռուսական ԶՀՀ-400-ներ գնելուց։ Ամերիկացիները Թուրքիային սպառնում են պատժամիջոցներով։ Միջերկրական ծովում ճակատ է ստեղծվում, որն ուղղված է Թուրքիան խաղից բացառելուն. այդ դաշինքի մեջ են մտնում ԱՄՆ-ը, Իսրայելը, հունական Կիպրոսը և Հունաստանը։ Ընդ որում, Վաշինգտոնը հայտարարում է, որ պաշտպանում է Թուրքիայի գործողությունները սիրիական Իդլիբ նահանգում և «Ռուսաստանի ու Սիրիայի կառավարության վրա է դնում ապառազմականացված գոտում իրադրության սրման պատասխանատվությունը»։ Միաժամանակ Վաշինգտոնը չի փոխում իր դիրքորոշումը քրդական հարցում, որը Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների գայթաքարն է։ Վաշինգտոնը նաև Թուրքիային իրանական նավթից հրաժարվելու և Սաուդյան Արաբիայի հետ էներգետիկ գործարքներ կնքելու կոչ է արել։


Այժմ անդրադառնամ ամերիկյան աղբյուրներին։ «The National Interest» հանդեսը խոստովանում է, որ երբ Թուրքիան Իրաքի հետ ընդլայնում է համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, ապա թուրքերին առաջարկում են «այդ երկրում զսպել Իրանի հավակնությունները, պայքարի մեջ մտնել տարածաշրջանում գերիշխանության համար, ինչպես եղել է Օսմանյան կայսրության և Իրանում Սեֆյանների արքայատոհմի օրոք։ Թուրքիային խորհուրդ են տալիս Իրաքում հույսը դնել սուննի փոքրամասնության վրա, ստանալ արաբական աշխարհի աջակցությունը։ Տեսականորեն այդ ամենը հնարավոր է, սակայն, ինչպես գրում է «The National Interest»-ը, «ԱՄՆ-ը բազմաթիվ սխալներ է արել՝ գործելով միաժամանակ Թուրքիայի և Իրանի դեմ»։ Այլ հնարավորությունների իրականացման համար նախադրյալներ ամերիկացիները չունեն Թրամփի մարտավարության պատճառով՝ ուժային ճնշում գործադրել գոնե ինչ-որ մեկին բանակցությունների սեղանի շուրջը նստեցնելու նպատակով։ Չի հաջողվում։ Եվ ԱՄՆ-ը, ինչպես ասում է այաթոլահ Խամենեին, ստիպված նահանջում է «բարձր աղմուկով»։ Թեհրանը և Անկարան տեսնում են, որ ամերիկացիներն «ավելի թույլ են, քան պնդում են»։ Բայց ամեն ինչ այդքան հասարակ չէ։ Թուրքիան չի հրաժարվի Վաշինգտոնի հետ բանակցելուց, եթե վերջինս կառուցողական վերաբերմունք ցուցաբերի այն հարցերում, որոնք կարևոր են Թուրքիայի ազգային անվտանգության համար։ Իրանն ամերիկացիների առաջ պայման է դնում, որ «հարգանք դրսևորեն Թեհրանի նկատմամբ, ըստ արժանվույն գնահատեն վիճելի միջուկային գործարքի շրջանակում նրա կողմից պարտավորությունների կատարումը», և նշում, որ Իրանը «պարտադրանքով բանակցություններ չի սկսի»։ Բացի այդ «Stratfor» կենտրոնի կարծիքով, «Իրանը և Թուրքիան թևքում պահած հաղթաթուղթ ունեն՝ Ռուսաստանը։ Նրանք այն բացահայտորեն ցուցադրում են Վաշինգտոնին, երբ վերջինս սպառնալիքներ է հնչեցնում»։ Մոսկվան, իր հերթին, շատ ուժեղ փաստարկներ ունի, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում կորցնում է ռազմավարական առավելությունը, բայց նույնպես չի հրաժարվում տարածաշրջանի անվտանգության խնդիրներով ամերիկացիների հետ երկխոսությունից, նշում է «Stratfor»-ը և եզրակացնում՝ «խաղը բարդանում է»։
ԱՄՆ-ի նախագահ Թրամփի արկածախնդրության պատճառով աշխարհը տարօրինակ ու երկիմաստ վիճակում է։ Եվ հիմա հանկարծ աշխարհի շատ երկրներում սկսեցին խոսել «ԱՄՆ-ի փաստաբանները» ամենատարբեր կազմակերպություններից ու խմբերից, որոնք ընդունված է անվանել «ոչպետական»։ Նրանց պարզունակ կեղծիքը, թե իբր «Թրամփը պատերազմ չի ուզում», «Թրամփը բազմիցս է փորձել շփման մեջ մտնել Իրանի իշխանությունների հետ, բազմիցս է հայտարարել` թող ինձ զանգեն Իրանից, և մենք կպայմանավորվենք»։ Թեհրանը չի զանգի, պարոն Թրամփ, մինչև ԱՄՆ-ը ընդունի իր պարտությունը։


Ես արդեն գրել եմ, որ մայիսի 20-ին Իրանի նախագահ Ռոհանին և ԱԳ նախարար Զարիֆը կոշտ կերպով նախազգուշացրել են Վաշինգտոնին, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի բանակցություն չի լինելու։ Իսկ մայիսի 23-ին նախագահ Ռոհանին է՛լ ավելի կոշտ հայտարարություն է արել. «Իրանը չի հրաժարվի իր անկախությունն ու արժանապատվությունը պահպանելու նպատակից նույնիսկ եթե ենթարկվի ռմբակոծության, իսկ նրա մարդիկ սպանվեն, վիրավորվեն կամ գերի վերցվեն»։ Նա նշել է` Իրաքի հետ 1980-ական թթ. պատերազմի ժամանակ Իրանը գտնվել է ռազմական հարձակման ու իր տարածքի օկուպացիայի վտանգի տակ, բայց այսօր «բախվել է տնտեսական պատերազմի և իր մարդկանց բարօրության վրա հարձակման», և այդ նոր պատերազմն ավելի բարդ է լինելու։ Նա ազգին տոկուն ու միասնական մնալու կոչ է արել. «Թշնամիները ճնշում են գործադրում Իրանի վրա, որ նա զիջի իր անկախությունը, բայց մարդիկ մեկ անգամ էլ ցույց կտան, որ թշնամիների դավադրություններն անպտուղ կմնան։ Մենք թշնամուն կհաղթենք զոհերով ու միասնությամբ։ Ես ուղղակիորեն հայտարարում եմ, որ Իրանի ժողովուրդը կհաղթի ԱՄՆ-ին, Իսրայելին և տարածաշրջանային ռեակցիոներներին միասնության և անզիջում դիմադրության շնորհիվ»։
ԱՄՆ-ում աճում է դիմադրությունը Թրամփի արկածախնդրությանը։ Նույնիսկ Հիլարի Քլինթոնն է Թրամփին կոչ արել, որ դադարեցնի հակամարտությունն Իրանի հետ և վերադառնա դիվանագիտությանը։ Մայիսի 23-ին ավելի քան 70 նախկին ռազմական ղեկավարներ բաց նամակ են գրել Թրամփին՝ համոզելով, որ խուսափի Իրանի հետ պատերազմից և միջոցներ ձեռնարկի ճգնաժամը թուլացնելու համար. «Որպես նախագահ և գլխավոր հրամանատար՝ Ձեր տրամադրության տակ զգալի ուժ կա, որպեսզի անմիջապես իջեցնեք տարածաշրջանային լարվածության վտանգավոր մակարդակները,- ասվում է նամակում։- Ճգնաժամի թուլացման միջոցները պետք է սահմանվեն իրանական ղեկավարության հետ՝ կառավարական բարձր մակարդակում որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետազոտման դիվանագիտության նախաբան»։ Ավելին, Կալիֆոռնիայից սենատոր Դայանա Ֆայնշտեյնը տեսակցություն է խնդրել նախարար Զարիֆի հետ, Իրանի ԱԳՆ-ն հաստատել է դա։ Ըստ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավիի, «նման հանդիպումներն ուղղված են ամերիկյան քաղաքական հասարակության վրա այսպես կոչված, «B-Team»-ի ազդեցության չեզոքացմանը»։ Բացատրեմ. «B-Team» եզրույթը մտցրել է Զարիֆը, այն վերաբերում է հակաիրանական չորս ճուռակի՝ ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամեդ բին Սալման աս Սաուդին և Աբու Դաբիի գահաժառանգ Մուհամեդ բին Զաիդ ալ Նահայանին։


Իսկ Թեհրանում սպասում են կամ ԱՄՆ-ի և Իսրայելի ճակատագրական սխալին, կամ էլ, ասենք, Վաշինգտոնում մասնակի պետհեղաշրջման նման մի բանի։ 70 պաշտոնաթող զինվորականների նամակից և սենատոր Ֆայնշտեյնի գործունեությունից տեսնում ենք, որ ԱՄՆ-ի զինվորականները և հետախուզական հանրությունը դեմ են պատերազմին։ Այսինքն, բավական է Բոլթոնից մեկուսացնել Թրամփին ու նրա հրեա փեսա Ջարեդ Քուշներին, և ինչ-որ բան կարող է փոխվել։ Բայց Թեհրանում ձեռքները ծալած չեն նստում։ Մայիսի 25-ին Իրանի արտաքին քաղաքականության և անվտանգության գծով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ալաեդին Բորուջերդին «Al Alam» հեռուստաալիքով հայտարարեց. «Իրանցիները պատրաստ են ԱՄՆ-ի հետ իրական պատերազմին, սակայն Իրանի նկատմամբ ամերիկացիների քաղաքականությունը հոգեբանական պատերազմ է։ Հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Մերձավոր Արևելք լրացուցիչ զինվորականներ ուղարկելու ԱՄՆ-ի որոշումը»։ Մայիսի 26-ին Իրանի ԱԳ նախարար Զարիֆը Բաղդադում իր գործընկեր ալ Խաքիմի հետ բանակցության ժամանակ Պարսից ծոցի երկրներին առաջարկեց կնքել չհարձակման համաձայնագիր. «Մենք ձգտում ենք նորմալացնել հարաբերությունները Պարսից ծոցի բոլոր երկրների հետ։ Այդ առնչությամբ տարբեր առաջարկություններ ենք արել, այդ թվում՝ ծոցի երկրների հետ չհարձակման մասին պայմանագրի կնքումը»։


Յուրովի պատրաստվում են նաև զինվորականները։ Որոշ տվյալներով, Պարսից ծոցում հայտնվել են ԶՀՀ-300 մարտկոցներ, որոնք Ռուսաստանն է տրամադրել Իրանին։ Մայիսի 25-ին ԻՀՊԿ-ի հրամանատարի ավագ խորհրդական, գեներալ Մորթեզա Ղորբանին հայտարարեց. «Եթե թշնամին Պարսից ծոցում մի չնչին սխալ թույլ տա, ապա կհասկանա, թե այդ դեպքում մենք ինչ կանենք»։ Խորհրդականը նշեց, որ ունեն «լիովին գաղտնի» մի զենք, որն ընդունակ է «ծովի հատակն ուղարկելու» ԱՄՆ-ի նավերը «նրանց վրա եղած ամեն ինչով և ամենքով»։ Այնուամենայնիվ, նա ճշտեց, որ խոսքը ինչ-որ հրթիռների մասին է։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao