Իրադրությունը շիկացած է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Հայաստանի անմիջական մերձակայքում։ Օրինակ, Հարավային Օսիայի Հանրապետության կառավարությունը հայտնել է, որ վրացիներն սկսել են «անօդաչու թռչող սարքերով» (ԱՕԹՍ) «հարձակվել» Հարավային Օսիայի սահմանամերձ տարածքի վրա։ Վերջին 3-4 շաբաթվա ընթացքում հարավօսական սահմանապահները մի շարք սադրանքներ են գրանցել վրաց ուժայինների կողմից, որոնք գործում են Եվրամիության դիտորդական առաքելության թողտվությամբ։ Դրանց թվում են և՛ սահմանների խախտումը, և՛ ԱՕԹՍ-ներից բացի նույնիսկ ուղղաթիռների թռիչքները, և՛ շատ այլ բաներ, ինչն ակնհայտորեն չի վկայում պաշտոնական Թբիլիսիի՝ խաղաղ երկխոսություն վարելու ցանկությունը Ժնևյան քննարկումների և միջադեպերի կանխման և արձագանքման մեխանիզմների շրջանակներում։
Պաշտոնական Ցխինվալն արդեն հրապարակավ գնահատել է վրացիների գործողությունները որպես սադրանք, և դա ճշմարտություն է, որովհետև այնտեղ պաշտոնապես գտնվում և գործում է Ռուսաստանի ռազմաբազան։ Ի՞նչ կարող է պատահել, եթե հանկարծ ինչ-որ մեկի «նյարդերը չդիմանան»։ Բոլորին է հայտնի, որ Այսրկովկասում (Աբխազիա, Հայաստան) ռուսական ռազմաբազաները մշտապես մարտական պատրաստության վիճակում են։ Աստված չանի՝ ինչ-որ մեկը «կրակի» հանկարծ ռուս զինծառայողների ուղղությամբ, ինչին անմիջապես կհետևի պատասխանը, ինչպես դա տեղի ունեցավ 2008 թ. օգոստոսին, որից հետո ՌԴ-ն պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։
Բայց դա էլ դեռ ամենը չէ։ Երբ անցյալ տարվա աշնանն առաջին անգամ հայտնեցինք Հայաստանի քաղաքացիներին, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև խոշոր վեճ է հասունանում Դավիթ Գարեջա ուղղափառ վանքի շուրջը, մենք գրել ենք, որ տարօրինակ տպավորություն է ստեղծվում. Հայաստանի շրջակա բոլոր երկրներն ուժեղ թափով ինչ-որ բանի են պատրաստվում։ Թե ինչի՞, երևի ոչ ոք 2019-ին ստույգ չէր պատկերացնում։ Հատկապես այն մասին, թե ինչ է կատարվում հակահայկական ու հակառուսական ՎՈՒԱՄ (Վրաստան-ՈՒկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) դաշինքի գծով մերձ դաշնակիցների միջև։ Բայց եկավ 2020 թիվը, և կորոնավիրուսն ընդգրկեց ողջ Այսրկովկասը։ Այնուամենայնիվ, Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններում «տարօրինակությունները» շարունակվում են։ Օրինակ, հունիսի 2-ին հաղորդումներ եղան, որ Վրաստանի Մառնեուլի շրջանում, որտեղ բնակչության մեծամասնությունն ադրբեջանցի է, վերականգնվել է ադրբեջանցի պետական գործիչ Ն. Նարիմանովի (նա 1922 թ. որոշակի դեր է խաղացել վրացական որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու գործում) հուշարձանը։ Այդ համատեքստում և նրա խորհրդային-կոմունիստական անցյալի ֆոնին հատկանշական է, որ Վրաստանում հնարավոր է դարձել, այսպես ասած, «կոմունիստի», իրականում՝ մուսավաթականի, հուշարձանի վերականգնումը։ Արդյո՞ք դա տեղի է ունենում կորոնավիրուսի բռնկման ֆոնին, երբ պաշտոնական Թբիլիսին ջանում է խուսափել Բաքվի և Մառնեուլում ապրող ադրբեջանցիների հետ բախումներից։ Առայժմ պատասխան չկա։ Ի դեպ, հենց այդ շրջանում է եղել համաճարակի խոշոր բռնկումներից մեկը։
Օրերս համացանցում տեղեկություն հայտնվեց, որ Վրաստանի հատուկ ծառայություններն իրենց զեկույցում հաղորդել են ինչ-որ շրջանակների մասին, որոնք փորձում են Կախեթում վրաց-ադրբեջանական ընդհարումներ հրահրել։ Ադրբեջանական քարոզչությունն իսկույն փորձեց սլաքները շուռ տալ հայերի կողմը։ Մենք չգիտենք՝ վրացական հատուկ ծառայությունները «հավատացի՞ն» ադրբեջանցիներին, բայց այստեղ նաև շատ այլ խնդիրներ կան, բացի հայերին վրաց-ադրբեջանական հարաբերությունների մեջ «խցկելու» Բաքվի փորձերից։ Իրականում Ադրբեջանը վաղուց է իրեն մատնել՝ դեռ 2018 թ. ագրեսիվ վարք դրսևորելով վրացական Կախեթի սահմանին։ Եվ խոսքն այն մասին չէ, որ Բաքուն այդ տարածքներն ադրբեջանական է հայտարարել, իսկ Թբիլիսին՝ հին ադրբեջանական քաղաք։ Ոչ էլ այն մասին, թե ադրբեջանական հատուկ ծառայություններն ինչպես են կարողացել Թբիլիսիում առևանգել և սահմանով անարգել անցկացնել Ալիևին քննադատող ադրբեջանցի լրագրողին՝ ապտակ հասցնելով վրացական պետականությանը։
Խնդիրն այն է, որ Բաքուն 2019 թ. սահմանային զորքեր ուղարկեց սահման, որոնք սարքավորվածությամբ չեն տարբերվում ցամաքային բանակային ստորաբաժանումներից։ Ավելին, մի երկու ամիս առաջ արբանյակային լուսանկարներով ուղեկցվող տեղեկություն եղավ, որ ադրբեջանցի սահմանապահները դիրքեր են գրավել Վրաստանի տարածքում, այսինքն, օկուպացրել են վրացական հողի մի մասը։ Բաքուն փորձում է վրաց-ադրբեջանական հակամարտությունում օգտագործել հայկական գործոնը՝ բախումներ հրահրելու համար։ Իրականում վրացական հատուկ ծառայությունները նկատի են ունեցել եթե ոչ ադրբեջանական, ապա թուրքական շրջանակները, որոնք գործում են Ադրբեջանի պետական հովանու ներքո։ Բանն այն է, որ Վրաստանի հետ սահմանին Ադրբեջանն ավելացրել է ռազմական ներկայությունը, որպեսզի «պաշտպանի» Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին, եթե վրացիներն իր հետ բախման մեջ մտնեն։ Ահա թե ինչի համար է պետք բախում հրահրելը. որպեսզի Վրաստանի տարածք ներխուժելու «օրինական» իրավունք ստանան։ Ադրբեջանը դրանով ուզում է փակել դեպի Ռուսաստան Հայաստանի՝ Մառնեուլով անցնող ճանապարհը և նոր դիրքեր ստանալ հայկական Տավուշի մարզի դեմ։
Վրացական տարածքում Ադրբեջանի սահմանապահների սադրանքները, Դավիթ Գարեջա վանքի փաստացի գրավումն ու կողոպուտը, այնուամենայնիվ, ալեկոծել են Վրաստանի ուղղափառ շրջանակները։ Հունիսի 3-ին հայտնի էր դարձել, որ «Վրացական երթ» հայրենասիրական կազմակերպությունը գործողություն է նախատեսում դեպի Դավիթ Գարեջա, և հասկանալի է, թե ինչու։ Չէ՞ որ ադրբեջանցի սահմանապահներն ուժով գրավել էին վանքը։ Հունիսի 4-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ «Վրաստանի մի խումբ քաղաքացիներ մտադիր են սադրանք կատարելու վրաց-ադրբեջանական սահմանում գտնվող պետական պատմամշակութային Դավիթ Գարեջա (Քեշիկչիդաղ) արգելոցի տարածքում»։ Բաքուն հայտնել է, որ այդ մասին տեղեկացրել է Վրաստանի պետական սահմանապահ ոստիկանությանը՝ նախազգուշացնելով, որ «պետական սահմանին ցանկացած սադրանք վճռականորեն խափանվելու է, իսկ դրա հնարավոր հետևանքների պատասխանատվությունը կրելու են սադրանքի կազմակերպիչները»։ Դժվարանում ենք ասել՝ դա նշանակում է, որ իրենց տարածք վերադառնալ, իրենց՝ վրացական վանքն այցելել ցանկացող վրացի քաղաքացիները հանդիպելու են ադրբեջանցիների կրակոցների՞ն։ Բայց իրավիճակն իսկապես տագնապալի է, և պետք է ենթադրել, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև իրադարձությունների զարգացումը գտնվում է Հայաստանի սահմանապահ զորքերի, ռազմական հետախուզության և այլ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Հնարավոր է, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից վրացիներին վախեցնելը խափանի «Վրացական երթ» կազմակերպության պլանները, սակայն հակամարտության պալարը մեծացել է, և «թարախը պետք է դուրս հոսի»։ Թե դա ինչպես տեղի կունենա, կտեսնենք...
Ի՞նչ կկատարվի Վրաստանում, այն էլ՝ կորոնավիրուսից ծանրացած այս բարդ պայմաններում։ Կրկին հիշեցնենք, որ մենք հնարավորություն չունենք սեփական, թեկուզ լրագրողական, հետաքննություն կատարելու, ուստի կօգտվենք «Հարավային Օսիա» պաշտոնաթերթի մի հրապարակումից (լույս է տեսել 2020 թ. հունիսին)։ Մեզ թվում է, որ ou հեղինակների դատողություններում տրամաբանություն կա։ Ըստ վարկածներից մեկի, Վրաստանի ուժային կառույցների ակտիվությունը բացատրվում է ներքաղաքական գործոններով, առավել ստույգ՝ մոտեցող խորհրդարանական ընտրությամբ, որը կորոշի «Վրացական երազանքի» ճակատագիրը. կմնա՞ այն իշխանության ղեկին, թե՞ ստիպված կլինի ընդդիմություն դառնալու։ Որպես կանոն, ընտրություններից առաջ Վրաստանում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը զավեշտախառը մրցակցություն են ծավալում, թե որն ազգայնականության տենդի ավելի բարձր աստիճան կցուցադրի։ Սակայն տվյալ դեպքում մի շարք գործոններ թույլ են տալիս պնդել, որ պատճառը ոչ միայն ներքաղաքական հակասությունների սրումն է, այլև արտաքին խաղացողների փորձը՝ հերթական անգամ իրացնելու իրենց շահերը վրացի անհաջողակ քաղգործիչների հաշվին։ Ամերիկյան դիվանագիտության և ամերիկյան կառույցներից ֆինանսավորվող ԶԼՄ-ների չափազանց սևեռուն հետաքրքրությունը Հարավային Օսիայի շուրջն ընթացող գործընթացների հանդեպ և նրանց ագրեսիվ ու միակողմանի մոտեցումը վկայում են հօգուտ երկրորդ վարկածի։
Ի՞նչ արժե, օրինակ, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Գիլմորի հայտարարությունը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, որը կարելի է ծայրահեղ արմատական ու կանխակալ համարել նույնիսկ ամերիկյան դիվանագիտության ներկայացուցչի համար։ Մեկնաբանելով Հարավային Օսիայի տարածք անցնելու դեպքերի կապակցությամբ Վրաստանի հասցեին արվող մեղադրանքները՝ Գիլմորը հայտարարել է, որ գոյություն չունի Հարավային Օսիա. «Նախ և առաջ ես աջակցություն եմ հայտնում Վրաստանի պատասխանին։ Մեկնաբանություն է հնչեցվել Հարավային Օսիայի տարածք անցնելու մասին։ Բայց Հարավային Օսիայի տարածք գոյություն չունի։ Դա Վրաստանի օկուպացված մասն է։ Այդ տարածքը Վրաստանի տարածքն է։ Հարավային Օսիայի հետ սահմաններ գոյություն չունեն»։
Այսինքն ԱՄՆ-ը անցել է Վրաստանի արմատական ազգայնականների ուղղակի աջակցությանը։ Գիլմորի և ԱՄՆ-ի այլ ներկայացուցիչների վերջին ամիսների հայտարարություններն ուղղակի աջակցություն են Վրաստանի ռևանշիստական շրջանակներին, որոնք լիովին բացառում են Հարավային Օսիայի հետ հակասությունների լուծման խաղաղ մեթոդները։ Բացի դրանից, ԱՄՆ-ը և նրա արևմտյան գործընկերները, դիվանագիտական ու տեղեկատվական ճակատներում միջոցառումներից բացի, նախաձեռնում են նաև այլ գործողություններ, որոնք ուղղված են վրացական քաղաքականության մեջ արմատական ազգայնականների դիրքերի ուժեղացմանը։ Առավել անցանկալի քայլերից մեկն է եղել «Վրացական երազանքի» վրա գործադրված ճնշումը Իրակլի Օքրուաշվիլու և Գիգա ՈՒգուլավայի ազատման նպատակով։ Նրանց, ովքեր միայն լսելով չէ, որ գիտեն Հարավային Օսիայում 2004-08 թթ. իրադարձությունների մասին, կարիք չկա բացատրելու, թե այդ հանցագործներն ինչ դեր են խաղացել Հարավային Օսիայի Հանրապետության (ՀՕՀ) դեմ լայնամասշտաբ ագրեսիան նախապատրաստելու և սկսելու մեջ։ Հետևաբար, նրանց ազատմամբ կարող են շահագրգռված լինել միայն այն ուժերը, որոնք ձգտում են ՌԴ-ի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններում բորբոքել իրավիճակը՝ բոլոր հնարավոր հետևանքներով։ Այն, որ դրա համար ողջ աշխարհին ցուցադրվեց վրացական ինքնիշխանության իրական արժեքը, արևմտյան «ճուռակներին» քիչ է հետաքրքրում, թեև միջադեպը, մեղմ ասած, աղաղակող է։ Իրենց դաշնակցի հանդեպ նման կոշտ շանտաժի օրինակներ դեռ պետք է փնտրել, և անկասկած շատերը եզրակացություններ արեցին այն ստորացուցիչ վիճակից, որում հայտնվել էր Վրաստանը։
Սպառնալով պատժամիջոցներով ու ֆինանսական օգնության կրճատմամբ՝ Արևմուտքը Վրաստանի ղեկավարությանն ստիպեց ազատելու Օքրուաշվիլուն և ՈՒգուլավային, որոնք դատապարտված էին քրեական լուրջ հանցագործությունների համար։ Վրացական իշխանություններին բացեիբաց ու պարզորոշ բացատրեցին, որ, արևմտյան երկրների պահանջներին չհամաձայնելու դեպքում նրանք չեն ստանա այն 500 մլն եվրոն, որ ԵՄ-ն խոստացել էր հատկացնել Վրաստանին կորոնավիրուսի համայնաճարակի հետևանքները վերացնելու համար։ Եվ դա միայն մի մասն է այն պատժիչ միջոցների, որոնք կարող են կիրառվել Վրաստանի նկատմամբ՝ ենթարկվելուց հրաժարվելու դեպքում։ Հաշվի առնելով վրացական տնտեսության, որի բյուջեն կազմող ոլորտները պարզապես խորտակվել են կարանտինի հետևանքով, ողբալի վիճակը, Վրաստանի ղեկավարությունը ստիպված եղավ գնալու նվաստացուցիչ կապիտուլյացիայի, որի հետևանքները դեռ երկար են անդրադառնալու երկրի վարկանիշի վրա։ Եվ ոչ միայն վարկանիշի։ Փաստորեն Արևմուտքը դարձյալ նշեց վրացական քաղաքականության մեջ իր՝ որպես հարցերը լուծող գերագույն դատավորի դերը, որն ազդում է ոչ միայն Վրաստանում ուժերի դասավորության, այլև իշխանության բոլոր ճյուղերի գործունեության վրա։ Կարելի է չկասկածել, որ առաջիկա խորհրդարանական ընտրության ելքը վճռելու են ոչ թե վրացի ընտրողները, այլ, այսպես կոչված, Վրաստանի ռազմավարական գործընկերները, որոնք վաղօրոք նշել են իրենց նախապատվությունը։
Նման անթաքույց ճնշումը ցույց տվեց, թե արևմտյան երկրներն իրականում ինչպիսի նշանակություն են տալիս Վրաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը. ազգայնական գաղափարախոսության ու քարանձավային ռուսատյացության գերիշխման պատճառով այն իրեն աշխարհաքաղաքական թակարդի մեջ է գցել, ինչը հղի է վրացական պետականության կործանմամբ։ Որոշ վրացի փորձագետներ փորձում են հանրությանը հանգստացնել, պնդելով, թե ժամանակակից աշխարհում ազգային ինքնիշխանությունը դառնում է ձևական բան և ունի հարաբերական բնույթ, սակայն մյուսներին հասկանալի է դառնում, որ Վրաստանի և Արևմուտքի հարաբերությունները, ըստ էության, գաղութային բնույթ են կրում՝ ինչ-որ տեղ հիշեցնելով վասալականության ժամանակաշրջանը։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ