ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

Ամե՞ն իշխանություն Աստծուց է

Ամե՞ն իշխանություն Աստծուց է
11.05.2026 | 14:35

Սկիզբը՝ այստեղ

Մաս 2-րդ

Մոռացության տվե՛ք ամեն սրբություն, ամեն հիշողություն, ուխտ ու խոստում, ապրեք անբան ու անմիտ կենդանիների նման, միայն տվյալ պահի ուտելու, հաճույք ստանալու և անհոգ լինելու բնազդները բավարարելով։ Ձեզ պետք չի՛ ոչ մի երազանք, նպատակ, ձգտում։ Ապրեք ձեր իսկ կողմից պահված ու խնամված տնային կենդանիների նման։ Ի վերջո, երբ կգա ժամանակը և կկանգնեք ՏԻՐՈՋ Ատյանում, ձեր խայտառակ անկումը արդյո՞ք պիտի փորձեք արդարացնել, բացատրել ձեր միամտությամբ, հակառակորդի նենգությամբ ու խարդախությամբ, մի խոսքով՝ պատասխանատվությունը գցելով այլոց վրա։ Չէ՛ ոչ մի դեպքում չի՛ ստացվի։

«Որովհետև այդպիսիները՝ սուտ առաքյալներ, նենգավոր մշակներ, կերպարանավորվում են ՔՐԻՍՏՈՍԻ առաքյալների կերպարանքով և դա զարմանալի բան չէ, քանզի ինքը՝ սատանան էլ է կերպարանավորվում որպես լուսո հրեշտակ։ Եվ տարօրինակ չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվեն որպես արդարության պաշտոնյաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի» (Բ Կորնթացիներին 11:13-15)։

Մարտնչող, ագրեսիվ և հնազանդ զանգված, չե՛ք արդարանա նաև նշելով, որ ձեր առաջնորդը Աստվածաշունչ էր կարդում, ծնկի էր գալիս եկեղեցում և ի ցույց ամենքի իբր աղոթք էր անում, բայց չէ՞ որ ՏԷՐՆ է ասել, որ մարդկանց ըստ իրենց գործերի ճանաչեք, չէ՞ որ դևերն էլ են ՏԻՐՈՋԸ ճանաչում, բայց ամեն խաբկանք կիրառում են մարդուն ՏԻՐՈՋ Ճանապարհից շեղելու և կորստյան մատնելու համար, նույնիսկ ներկայանում են որպես ԱՍՏԾՈՒ Լուսավոր Հրեշտակներ։

«Դու հավատում ես, որ մէկ է ԱՍՏՎԱԾ. լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում։ Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի» (Հակոբոս 2:19-20)։

Եղբայրներ, սատանան էլ ոչ թե հավատում, այլ ուղղակի ճանաչում է ԱՍՏԾՈՒՆ և շարունակում է գործել ՆՐԱ դեմ։

Ինչպե՞ս է հնարավոր, որ ՔՐԻՍՏՈՍԻՆ հավատացող հայ մարդն այսօր իրեն հայտարարի իբրև նիկոլական։ Դա նույնն է թե, ինչպես Ավետարանում է ասված՝ չես կարող միաժամանակ ծառայել և՛ ԱՍՏԾՈՒՆ և՛ մամոնային։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է ՏԻՐՈՋ Արդարությանն ու Ճշմարտությանը հավատացողը, աչքի առջև ունենալով ներկա իշխանությունների բոլոր կեղծիքներն ու ստերը, երբ Արաչագործությունից մինչև այսօր երկրի երեսին իր արժանապտիվ գոյությունը պահպանած մի ժողովրդի նրանք դարձրել են ազգերի առջև անարգանքի թիրախ, ոտքերի կոխան ու ծաղրուծանակի առարկա, միաժամանակ լինել նրանց համակրողների, աջակցողների ու պաշտպանների շարքերում։ Իշխանավորներ, որոնք քաջաբար կռվում են միայն անզեն ժողովրդի ու եկեղեցու դեմ, մի օր հայտարարում են, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հաջորդ օրը ջանասիրաբար հրաժարվում են այդ նույն Արցախից ու արցախահայերից` թշնամուն հանձնելով Հայոց աշխարհի ևս մի հատված։ ՈՒ, ով անհեթեթություն, երբևէ չտեսնված բան, երկրի ղեկավար կոչվածն այսքանից հետո ՀՀ քարտեզը պիջակի լամբակին կամ գլխարկին կպցրած շրջում է աշխարհով մեկ, այլ երկրների պաշտոնյաների հետ հանդիպում, իբր շատ է սիրում իր հորջորջած իրական Հայաստանը, իրականում խայտառակում է իրեն և, որ ամենավատն է Հայաստանն ու հայերիս։ Տասնամյականեր առաջ, երբ մարդ էր մահանում հանգուցյալի հարազատներն ու մերձավորները նրա նկարը փակցնում էին իրենց կրծքերին` որպես սգի նշան։

Այսօր, ներկա սերնդի մեջ դժվար թե գտնվի թեկուզ մի հայ, ով առանց ամոթի կհայտարարի, որ իր պապը կամ չգիտեմ որ մի նախնին եղել է անառիկ Կարսի ամրոցը թուլամորթաբար թշնամուն հանձնողներց մեկը։ Նույն կերպ էլ մեր ապագա սերունդները չեն ուզելու հիշել իրենց այն նախնիներին, որոնք ներկայումս դավադրաբար նվիրեցին Արցախն իր չքնաղ Շուշիով։ Իսկ թե հիշվեն էլ, ապա միայն որպես իբր հավատացյալներ, որոնք հին հրեաների նման՝ առաջնորդվելով ոչ թե արդարությամբ, այլ միայն կուշտ ու ապահով լինելու բնազդով, խաչը հանեցին ՏԻՐՈՋԸ։ Մի՛ նմանվեք Հուդային և մի՛ դարձեք հերոստրատներ, որովհետև այդ կերպ դուք էլ կհանդիսանաք որպես ՔՐԻՍՏՈՍԻՆ խաչողներ։

«ԴՈՒ ատեցիր անօրենություն գործողներին, կործանում ես բոլոր ստախոսներին, արյունահեղ ու նենգ մարդուց գարշում ես, ՏԷ՛Ր» (Սաղմոս 5:7)։

Մի՞թե այս բոլոր թվարկած արարքները, գումարած եկեղեցու դեմ հալածանքները կարող են ձեզ համար համարվել որպես հավատի գործեր։ Մի՞թե կուրացել, խլացել եք, չարի կողմից գայթակղվելով դարձել եք աստվածամարտեր, ուշքի եկե՛ք, չէ՞ որ թանկ գնով՝ ՏԻՐՈՋ Արյամբ եք գնվել։

Նիկոլականությունը մերժված և ատված է հենց ՏԻՐՈՋ կողմից։

«Արդ, այս գործերն արա՛, որպեսզի ատես Նիկոլայականների գործերը, որոնք ԵՍ էլ եմ ատում» (Հայտնություն 2:6)։

«Նույնպես և դու ունես նիկոլայականների վարդապետությունը, որը ԵՍ ատում եմ» (Հայտնություն 2:15)։

Իսկ նիկոլայականության իրական իմաստը կայանում է հետևյալ Սուրբգրային տողերում․

«Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ՝ այն, որ այդտեղ պահում ես Բաղաամի վարդապետությանը հետևողներին, որը Բաղակին սովորեցրեց Իսրայելի զավակներին գայթակղեցնել, որպեսզի նրանք կուռքերին զոհաբերված միս ուտեն և պոռնկություն անեն» (Հայտնություն 2:14)։

Հունարեն այն նշանակում է հետևյալը՝ Նիկոլաոս=նիկո֊հաղթող, լաոս֊ժողովուրդ, այսինքն` ժողովրդին հաղթող և եբրայերեն՝ բալահամ=բալահ֊ուտող, խժռող, ամ֊ժողովուրդ, այսինքն` ժողովրդին ուտող, լափող, խժռող, հաղթող։ Այսպիսով՝ հունարեն «Նիկոլաոս» նույնն է թե եբրայերեն «բալահամ» (բաղահամ) և նիկոլականությունը դա ուղղակի ժամանակակից կռապաշտություն է և արժանի ատելության։

Այս կյանքում, երկրի վրա ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցին ուրանալով և հանուն կարճատև ու թվացյալ ապահովության, կորսվելու է Երկնային Արքայության Ճանապարհը։

Եվ առանց ամոթի ու խղճի խայթի հայտարարում եք, թե նիկոլական եք, չէ՞ որ ՏԷՐՆ Է ասում․

«Այսպես է ասում ՏԷՐԸ. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի ՏԻՐՈՋ դեմ» (Երեմիա 17:5)։

Երկնային Արքայությունը ճիգ ու ջանքերով է նվաճվում, գործադրեք այդ ջանքերը ինքներդ ձեր նկատմամբ, ձերբազատվեք չարի սարդոստայնից, որը պարուրել է ձեզ՝ դարձի գալով ու ապաշխարությամբ, փրկության ճանապարհով այդ Արքայությանը հասնելու համար։

«Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսն են, այնուհետև ԱՍՏԾՈ Արքայությունն է ավետարանվում և ամեն մարդ ջանքով է մտնում նրա մեջ» (Ղուկասի 16։16)։

Մի՞թե այս արտահայտությունից եզրակացրել եք, որ Երկնային Արքայությանը հասնելու համար պետք է լծվեք ամեն տեսակ մարդանման արարածների կողմից հենց Եկեղեցու հանդեպ սանձազերծված պղծարար ոտնձգություններին և բռնարարքներին։

Չէ՞ որ այդ ըմբոստությունն իրականում ոչ թե կաթողիկոսի դեմ է, այլ եկեղեցու, որովհետև երբ ձեր վարձու հովիվն ինքը կատարելով մեր ոխերիմ բարեկամների առաջադրանքները, պղծում է սրբավայրերը, պառակտում ժողովրդին ու եկեղեցին, խեղաթյուրում է մեր ողջ պատմությունը, դուք էլ նրա սայլին լծված՝ նրա հորովելն եք երգում, ուրեմն ամբողջովին կիսում եք նրա մեղքերն ու պատասխանատվությունը, ինչպես ինքն է ասել, որ պատասխանատու է պատերազմում պարտության համար, բայց միակ մեղավորը չի։ Վաղը մյուս օրը, ինքը կփորձի նույն կերպ արդարանալ եկեղեցու հանդեպ բռնարարքներ թույլ տալու գործում՝ մեղքը ձեր ուսերին բարդելով և իրականում լիակատար իրավունք կունենա դա ասելու, ինչպես որ իր հայրը՝ սատանան է փորձելու մեղքերը մարդկության վրա բարդել և կործանել։

«Անհավատներին լծակից մի՛ եղեք, որովհետև ի՞նչ կապ ունի արդարությունը անօրենության հետ և կամ ի՞նչ հարաբերություն լույսի և խավարի միջև» (Բ Կորնթացիներին 6:15)։

Հոգևորականներն ինչպես և բոլոր սովորական մարդիկ պատասխանատու են եկեղեցու վիճակի համար և, եթե կան որոշակի խնդիրներ, ապա մի՞թե առավել ճիշտ չէր լինի, որ համախմբվելով, աղոթքով ու ապաշխարությամբ դիմեինք այդ եկեղեցու Գլխին՝ ՏԻՐՈՋԸ, ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, որպեսզի հենց ԻՆՔԸ լուծում տար ծառացած բոլոր հարցերին, բժշկեր ԻՐ Մարմինը, այլ ոչ թե ստախոս, խաբեբա ու դիվահար մարդկանց կուրորեն տրվելով, հետևելով, առավել վատթարացնեինք մեր վիճակը։

«ԻՄՆ է վրեժխնդրությունն ու հատուցումը. նրանց ոտքը կերերա ժամանակին, որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, և շուտով կգա նրանց համար պատրաստվածը» (Բ Օրինաց 32։35)։

Մի՛ արեք բաներ, որ սերունդները հետագայում ձեզ հահոյեն ու մեղադրեն և մինչև ե՞րբ է շարունակվելու մեր ներսում արմատավորված հոգևոր ղամազությունը՝ բթամտությունը։ Ի՞նչ եք տանելու ի վերջո այս աշխարհից, չէ որ մահից ոչ ոք չի խուսափի, գիտակցենք, թե ոչ, հավատանք, թե ոչ, այդ դիպվածը բոլորիս է սպասվում և հենց մահն է, որ իմաստավորում է կյանքը, ինչպես եք կանգնելու ՏԻՐՈՋ առաջ և «զարմացնելու» ՆՐԱՆ, պատմելով ձեր ծրագրերի մասին, որոնցից ՆԱ տեղյակ չի եղել։

«Տեսե՛ք, տեսե՛ք, որ ԵՍ ԵՄ միայն և ԻՆՁԱՆԻՑ բացի ուրիշը չկա։ ԵՍ ԵՄ սպանում և ԵՍ ԵՄ փրկում, ԵՍ ԵՄ հիվանդացնում և ԵՍ ԵՄ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել ԻՄ Ձեռքից» (Բ Օրինաց 32։39)։

Այսպիսով ամեն իշխանություն իհարկե ԱՍՏԾՈ Կամքով է, իսկ ավելի հաճախ՝ ՆՐԱ թույլատու Կամքով, բայց այստեղից չի հետևում և չի ենթադրվում, որ ամեն անաստված ու անօրեն իշխանավորի կամքին մեր խոնարհաբար ու սրբորեն հնազանդվելն էլ ԱՍՏԾՈՒ Կամքն է։ Եվ ի՞նչ են ցուցանում Մեծ Եղեռնի պատմության առանձին դրվագները՝ որտեղ հայությունը չենթարկվեց իշխող թուրքական իշխանությունների կամքին և անելանելի ու անօգնական թվացող վիճակում ապավինելով միայն ՏԻՐՈՋ Զորությանն ու սեփական ուժերին, դիմադրեցին և պայքարեցին, այնտեղ նրանք փրկվեցին կոտորածից։

ՏԷՐՆ ԻՆՔՆ Է տալիս ժողովրդին այս կամ այն իշխանությունը ըստ նրանց հոգևոր վիճակի, որը կախված է մեր ապաշխարությունից և ՏԻՐՈՋ հետ մեր կապվածությունից։

«ԵՍ քեզ թագավոր տվեցի ԻՄ բարկությամբ և հետ վերցրի նրան ԻՄ սրտմտությամբ» (Օսէէ 13:11)։

«ԻՄ ժողովրդի իշխաններն ԻՆՁ չճանաչեցին, որովհետև նրանք ոչ թէ խելացի, այլ անմիտ որդիներ են. չարություն անելիս իմաստուն են, իսկ բարի բան կատարել չգիտեն» (Երեմիա 4:22)։

Դիտարկենք հեղափոխությունների անատոմիան` հիշելով, որ առաջին հեղափոխականը սատանան է եղել։

ԱՍՏՎԱԾ ԻՆՔԸ հեղափոխություն չի կազմակերպում ու մարդկանց գլխին բոլշևիկներ, ֆաշիստներ, քպականներ չի նստեցնում, ԻՆՔԸ Հիտլեր, Լենին, Ստալին, Ելցին, Պուտին ու Հայաստանի անկախության տարիների բոլոր ղեկավարներին՝ Լևոն, Ռոբերտ, Սերժ, նիկոլ և այլ զանազան բախտախնդիրների հատուկ չի ստեղծում մարդկանց պատժելու համար։ Մարդիկ հենց իրենք են իրենց ազատ կամքով հեռանում ԱՍՏԾՈՒՑ և մեղքին տրվելով կերտում դրանց։ Իհակե ՏԻՐՈՋ թույլատու Կամքով է, որ այդ անձինք իշխանության են գալիս, բայց ուշադիր նայենք, թե ինչ խարդավանքներով ու դիվական հնարքներով է լինում նրանց իշխանության հասնելը՝ ժողովուրդների հոգևոր անկմանը համապատասխան։ Մի՞թե մենք 2018 թվին նիկոլից ավելի լավին էինք արժանի։ Չէ՞ որ իշխանություններն իրենց ժողովուրդների տվյալ պահի հայելային արտացոլումն են։

Այս ամենով հանդերձ, միշտ էլ կա դարձի ճանապարհ, որը բաց է լինելու մինչև ՏԻՐՈՋ Երկրորդ Գալուստը և այդ ճանապարհը չի կերտվում բահով ու քլունգով և պայմանավորված չէ նեռին դիմավորելու կամ դիմակայելու գործերով ու նախապատրաստությամբ, այլ միայն աղոթքով ու ապաշխարությամբ։ Եվ Եկեղեցու առաջնային դերն էլ նրանում է, որ հենց ինքը պետք է առաջնորդի իր հավատացյալ անդամներին, ժողովրդին ապաշխարության` պարզապես բացատրելով, սովորեցնելով ու կազմակերպելով դա։

Իսկ որպես հաստատում այն բանի, որ ոչ բոլոր իշխանություններն են լինում ԱՍՏԾՈՒՑ, կրկին դիմենք Աստվածաշնչին.

«Իրենք թագավորներ կարգեցին, բայց ոչ ԻՆՁՆՈՎ, իշխաններ կարգեցին, բայց ԵՍ չիմացա. իրենց արծաթով և իրենց ոսկով իրենց համար կուռքեր շինեցին, որպեսզի կործանվեն» (Օսէէ 8:4)։

Տեղին է հիշել ս․ Օգոստինոս Երանելու կողմից տրված անօրեն պետության բնութագիրը «ԱՍՏԾՈՒ Քաղաքի մասին» աշխատությունում․ «Արդարության բացակայության պայմաններում, ի՞նչ է պետությունը, եթե ոչ մի մեծ ավազակախումբ, որն հասել է իշխանության»։

Իսկ երբ անօրեն ու չար իշխանությունը բացահայտ ու լկտի կերպով հարձակում է ձեռնարկում մեր եկեղեցու վրա, երբ մեր շուրջն անարդարություն ու ապօրինություն է սփռվում, իսկ մենք վախից, թուլամորթությունից, մարդահաճությունից և սրանց նման այլ պատճառներից դրդված լուռ հետևում ենք նրանց գործողություններին ու հանդուրժում այդ ամենը, ապա ինչպես հայրերի մոտ է ասված. «Լռությամբ դավաճանվում է ԱՍՏՎԱԾ»։

«Միաբանություն վասն ապաշխարության»

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ