Այդին
ՄՈՐԻԿՅԱՆ
(սկիզբը՝ այստեղ)
ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՓԱԴԻՇԱՀԻ 1335 Թ. (1919) ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱԶՄՎԱԾ
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
(Այստեղ և հետագայում մեջբերված դատավարական հատվածները՝ «Հայերի ցեղասպանությունը՝ ըստ երիտթուրքերի դատավարության նյութերի» գրքից, Երևան, 1988)
ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
1335 (1919) ապրիլի 27, երկուշաբթի
Դատի տրված ներկա գտնվող մեղադրյալների անունները. Սայիդ Հալիմ փաշա, Խալիլ բեյ, Ահմեդ Նեսիմի բեյ, Իբրահիմ բեյ (Քյուչյուկ), Թալեաթ բեյ, Ռիզա բեյ, Միդհատ Շյուքրի բեյ, Զիյա Գյոքալփ բեյ, Քեմալ բեյ, Ջևադ բեյ, Աթիֆ բեյ:
Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալների անունները. Թալեաթ էֆենդի, Էնվեր էֆենդի, Ջեմալ էֆենդի, դոկտոր Նազըմ էֆենդի, դոկտոր Բեհաէդդին Շաքիր էֆենդի, դոկտոր Ռուզուհի էֆենդի, Ազիզ էֆենդի:
Նախագահ (խոսքն ուղղելով քարտուղարին)- Փախուստի մեջ գտնվողներից որևէ մեկը ներկայացե՞լ է, թե՞ ոչ: Կարդացեք (որոշումը):
ՈՐՈՇՈՒՄ
«Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի և Մեջլիսի գլխավոր խորհրդի՝ փախուստի մեջ գտնվող անդամներից նախկին մեծ վեզիր Թալեաթ փաշան, զինվորական շարքերից վտարված նախկին մինիստր Էնվեր էֆենդին, նախկին ծովային մինիստր Ջեմալ էֆենդին, հանրակրթության նախկին մինիստր դոկտոր Նազըմ բեյը, դոկտոր Բեհաէդդին Շաքիր բեյը, դոկտոր Ռուզուհի բեյը և նախկին հասարակական անվտանգության տեսուչ Ազիզ բեյը մեղադրվում են (երկիրը) պատերազմի մեջ ներքաշելու, «Թեշքիլաթը մահսուսե»-ի («Հատուկ կազմակերպություն») հետ սերտ առնչություն ունենալու և այլ հանցագործություններ կատարելու համար:
Դատարան ներկայանալու համար Քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն, նախագահության կողմից հատկացվել է 10 օր: Այդ ընթացքում չներկայանալու դեպքում նրանք համարվում են օրինազանցներ, և դատավարությունը նրանց նկատմամբ ընթանալու է հեռակա կարգով: Այսպիսով, նրանք, չներկայանալով դատավարության, զրկվում են քաղաքացիական իրավունքից՝ ունեցվածքի բռնագրավումով, և այդ կապակցությամբ նրանք երբևէ իրավունք չունեն դատական հայց ներկայացնելու: Դատական պրոցեսի ընթացքում մեղադրյալների թաքստոցներն իմացողները պետք է հայտնեն դատարանին, իսկ արդարադատության պաշտոնակատարները պարտավոր են անհապաղ ձերբակալել նրանց: Գլխավոր դատախազության կողմից վերոհիշյալներին կալանքի տակ առնելը և ունեցվածքի բռնագրավումը բխում են Քրեական օրենսգրքի 372 հոդվածից:
Գլխավոր դատախազ Մուստաֆա Նազմի բեյ- Նշեք ամսաթիվը:
Դատական քարտուղար- Ապրիլի 14:
Գլխավոր դատախազ- Առայսօր չեն ներկայացել, ուստի պահանջում եմ նրանց դատի տալ հեռակա կարգով:
Նախագահ- Պարոն դատախազ, հեռակա կարգով դատի տրվածների շահերը պաշտպանողներ չկա՞ն:
Գլխավոր դատախազ- Ոչ, պարոն նախագահ: Նրանց պաշտպանելու ցանկություն ոչ ոք չհայտնեց: (Ակնհայտորեն ցանկանում է շուտ վերջացնել այս զրույցը, ուստի շատ գոհ է, որ նախագահն այլ հարցեր չի տալիս):
(Դիմելով դատական քարտուղարին)
-Խնդրեմ, կարդացեք մեղադրական եզրակացությունը:
(Մեղադրական եզրակացությունն ընթերցում է դատական քարտուղար Շեֆիք բեյը):
ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Մանրամասն քննարկեցինք հարցաքննությանը վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև ռազմական ատյանի գլխավոր դատախազության վերոհիշյալ որոշումը, որը վերաբերում է լուծարքի ենթարկված «Միություն և առաջադիմություն» կուսակցության նախագահ Սայիդ Հալիմ փաշայի, Մեջլիսի գլխավոր խորհրդի անդամներ Թալեաթի, Ջեմալի, Իբրահիմի, Շյուքրիի, Խալիլի, Ահմեդ Նեսիմիի, կուսակցության գլխավոր քարտուղար Միդհատ Շյուքրիի, կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ստամբուլի պատգամավոր Քեմալի, Զիյա Գյուփալթի, դոկտոր Ռուզուհիի, Քյուչյուկ Թալեաթի, ինչպես նաև նույն կոմիտեի անդամներ և «Թեշքիլաթը մահսուսե»-ի ղեկավարներ դոկտոր Բեհաէդդին Շաքիրի, դոկտոր Նազըմի, Ռիզայի և նույն կազմակերպության գործադիր կոմիտեի անդամներ նախկին հասարակական անվտանգության տնօրեն Ազիզ բեյի և մայրաքաղաքի նախկին պարետ Ջևադ բեյի դատաքննությանը:
Դատական փաստաթղթերը վկայում են, որ «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեն միաժամանակ բաղկացած է եղել երկու հատուկ կազմակերպություններից, որոնցից մեկը գործել է հրապարակայնորեն՝ կուսակցության ներքին կանոնադրության և ծրագրի համաձայն, իսկ մյուսը գործել է ընդհատակյա և գաղտնի հրահանգներով: Փաստերը, որոնք հաստատում են այդ կոմիտեի վերոհիշյալ ազդեցիկ ղեկավարների պատասխանատվությունը, վկայում են, որ կոմիտեն, նրա իրավական դեմքը մեղադրվում է օրինազանցության, չարաշահումների և մի շարք կոտորածներ կատարելու հանցանքով: Ստորև բերված փաստաթղթերը լիովին ապացուցում են նրանց կատարած հանցագործությունների չափը: Անցած 1330 (1914) թվականի հուլիսին կուսակցության ազդեցիկ ղեկավարների, այդ թվում` ներկայումս զինվորական շարքերից վտարված, փախուստի մեջ գտնվող Էնվերի, Ջեմալի, Թալեաթի և մյուս գործընկերների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունից անմիջապես հետո, երբ պատերազմ հայտարարվեց, նրանք ձգտեցին օգտագործել այն առիթը, որ Եվրոպան զբաղված է համաշխարհային պատերազմով, և աշխատեցին ահաբեկությամբ, բռնի ուժով լուծել այնպիսի հարցեր, որոնք կարելի էր հարթել հանդարտորեն, արդար և առողջ բանականությամբ: Այդպիսով, իրենց ճակատագրական գործունեությամբ ստեղծեցին անվերջ խռովահույզ վիճակ՝ խիստ ծանրացնելով ժողովրդի կացությունը:
Ռազմական գործողությունների ընթացքում, իրենց գաղտնի մտքերն իրականացնելու համար, սկսեցին աշխուժացնել գաղտնի կոմիտեների գործունեությունը: Այսպես, հանցագործներին բանտերից ազատելով, ստեղծվեց «Թեշքիլաթը մահսուսե»-ն, որն իր գաղտնի հրամաններն ու հրահանգները ստանում էր Ստամբուլում ստեղծված հատուկ կոմիտեից:
Առանձին շրջաններ ուղարկված այս կազմակերպության գործակալներից մի քանիսն իրենց ղեկավարների ցուցումներով, ինչպես նաև «Միություն և առաջադիմություն» կուսակցության այդ վայրերի կոմիտեների ներկայացուցիչներն ու պետական պաշտոնյաները՝ իբրև թե կուսակցության հրամանները կատարելու մղումով կամ էլ որոշ մարդկանց գործադրած հարկադրանքի ներքո, առանց ազգի և հավատի խտրականության, սկսեցին ժողովրդին կոտորել, կողոպտել, ունեցվածքն այրել և շատերին տանջամահ անել: Չնայած որ ահաբեկման սլաքը հիմնականում ուղղված էր հայերի դեմ, այդուհանդերձ տուժեցին նաև (կայսրության) այլ տարրերն ու մեծ թվով թուրքեր:
(Ընդվզումներ և հուզումներ դատարանի դահլիճում: Տեղահանության տեսարաններ):
Ներկա հետաքննության գլխավոր հարցն այն է, որ հայերի տեղահանության ընթացքում, տարբեր ժամանակներում և զանազան վայրերում տեղի ունեցած հանցագործությունները և հատկապես յուրաքանչյուր հանցագործության նկատմամբ օրենքի հիման վրա կատարված քննությունները ցույց են տալիս, որ դրանք ոչ թե սահմանափակ կամ տեղական բնույթ են ունեցել, այլ կանխամտածված իրականացվել են վերոհիշյալ անձերից բաղկացած և միասնական ուժ հանդիսացող «հատուկ կենտրոնի» բանավոր հրահանգներով և գաղտնի հրամաններով:
(շարունակելի)