Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

MADE IN TURKEY (մաս 29-րդ)

MADE IN TURKEY (մաս 29-րդ)
24.11.2024 | 14:41


Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 28-ՐԴ

(կամ` «Հայոց զորքը հարթավայրում»)

SMS-ՋԱՐԴԸ ՈՐՊԵՍ ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ

Ամեն ինչ կընթանար պլանավորված հունով ու «Made in Turkey» շարքի 27-րդ գլխի ենթադրվող հերթական հատվածը վերանայելու և «Գլուխ 28-րդ» վերտառելու անհրաժեշտություն չէր լինի, եթե…

… եթե միահեծան ոմն ինքնակալի, քաղաքական ուժերին ու իշխանական ողջ համակարգին նետած`

«Ո՞նց կարող ա պետության մեջ ընդհանրապես որևէ մեկը թպրտա»,

նսեմացնող, կեղտոտ «ձեռնոցից» բառացիորեն երեք օր անց, Ենոքավանում կայացած մատաղակերությունից հետո, չգրոհեին:

Պարզաբանման կարոտ հարց է` ովքե՞ր էին հարձակումն իրականացրած ահաբեկիչները:

Անհավատալի է, բայց ակնհայտ` Արտավազդ արքային Մասիս լեռան մի քարանձավի խորքերում շղթայակապ արգելափակած քաջքերը, որ այսահարեցին նաև սրան:

Դիվոտած «գերագույնի»` նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերային «արկածները», այս էլ որերորդ անգամ, հարամեցին առանց այդ էլ արդեն վեց տարի ու վեց ամիս ընկնավորի պարտադրած օրակարգով գոյատևող հանրության հերթական անհանգիստ գիշերը:

Զարգացումները, թերևս, անցնցում ընթացք ունենային, գրում էին իրազեկները, եթե «ոմն»-ը չգինովնար:

Բայց քանի որ, ինչպես կասեր Բուլգակովը. «Աննուշկան ձեթն արդեն թափել էր», ապա կատարվելու էր` ինչ-որ պետք է լիներ:

Գիտեմ` անլուրջ առաջարկ է, այնուամենայնիվ, գրոտեսկային ռեալիզմով փորձենք պատկերացնել`

կառավարության ամառանոց,

աբսուրդի տարրերով խճողված, հոմերական քրքիջն անսպասելի լացի փոխարկվող, ապա մարդկային լսելիքի նուրբ օրգանը եղծող հայհոյանքներին կցմցված սպառնալիքներով, հետո մելամաղձոտ նոտաներին միախառնված անկապ-անհեթեթ մենախոսություններով գերհագեցած ու բեմարվեստի դեռևս չհստակեցված ժանրով ընթացող ինչ-որ պրեմիերա:

Գլխավոր գործող անձինք.

Ըստ օրենքի իրավունքի` վարչապետ, գործնականում` հարբեցող մի ծաղրածու:

Քեֆը լավ մի գորշ կարդինալուհի, որ կողակցի տակից բաղձալի աթոռն իրենով անելու ցանկասիրությամբ է ախտահարված, և ժամանակ առ ժամանակ տարբեր խողովակներով փորձում է շոշոփել Ռուսաստանի ու Արևմուտքի տրամադրությունները:

Անհասկանալի մետամորֆոզ-տրագիկոմեդիայի ակամա հանդիսատես-մասնակիցներ, որոնց շարքում են նաև`

ստեպ-ստեպ մորուքը շոյող մի մանդատակիր, որ իր իսկ վկայությամբ` Սերժի ժամանակ տրուսիկ-մայկա չի ունցել:

Մի այլ երեսփոխան, որ Սերժի ժամանակ, պաշտոնի ընձեռած հնարավորությամբ, գողացել է իր այժմյան պատգամավոր գործընկերոջ մայկա-տրուսիկը:

Գլխավոր դերակատարը մենախոսում է.

- Էս իրական հայրենիքում մենք պետք ա զարգանանք: Դա չի նշանակում, որ մենք մեր պարտությամբ չպետք ա հպարտանանք: Բայց դա չի նշանակում, որ մենք մեր պատմական ձախողումները պետք ա ուրանանք: Որովհետև մեր սխալները և մեր պարտությունները երբեմն մեր ամենամեծ ուսուցիչներն են: Մենք պետք ա կարողանանք սովորել դրանից:

Խռպոտ մի ձայն.

- Կսովորենք, երբ վերջնականապես հասկանանք, որ Արցախը…

- Ղարաբաղը Ադրբեջան ա, և վե՛րջ,- անսպասելի գոռոցով խռպոտին ընդհատում է «գերագույնը»:- Սա փաստացի փաստերով ապացուցվող ա: Քյաբաբ առ քյաբաբ պատժելու եմ դեմ դուրս եկողներին:

Վախվորած ձայնով արձագանքում է մորուքը շոյող մանդատակիրը.

- Մեծարգո վարչապետ, Ձեր հանճարն այսօր փայլում ա առանձնակի լուսարձակումով:

Տրուսիկ-մայկա գողացող երեսփոխանը խրոխտ ազդարարում է.

- Բոլոր «դեմ»-երին կպառկըցընենք ասֆալտին:

Գլխավոր դերակատարը շաղված աչքերով նայում է ձայնի ուղղությամբ.

- Էդ ասֆալտը տեղին հիշեցիր: Առաջիկա ժամերին ասֆալտը ոմանց համար ճակատագրական է լինելու:

Մինչ հավաքվածները կփորձեին կռահել` ի՛նչ է թաքնված ալկոհոլախառն անկապ նախադասության ենթատեքստում, քաջքերի զոհը շարունակեց.

- Ընչի՞ են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից… հետ ա, բանը, ասֆալտը ամենա, ինչի՞ ենք մենք ասֆալտը սիրում, ի վերջո: Որովհետև ասֆալտը՜ը՜ը՜… էդ ասֆա՜լտ ա: Էդ բառը խանդաղատանքով ա պետք արտասանել: Հետևաբար, էդ ասֆալտը բան չի, էն ասֆալտը չի: Էնպես որ պետք ա, նորմալ ա:

Արտասանած անկապությանը հետևում է հոմերական քրքիջը:

Գորշ կարդինալուհին, հեգնախառն ժպիտով, բաժակը մոտեցնում է շուրթերին ու խորհրդավոր լռում:

Այսոտվածն անքթիթ հայացքով նայում է գինովցած ինքնակոչ «first lady»-ին, թափահարում է ցուցամատն ու անսպասելի պայթում.

- Քեզ ընչի՞ չեն «մեծարում» ու չեն գոռում` դավաճան:

Կարդինալուհին կոկետությամբ շուրթերից հեռացնում է բաժակը:

- Ես ի՞նչ կապ ունեմ ադրբեջանական տարածքների հետ:

- 2018-ի ապրիլի 22-ին հարթակից դու՛ չէի՞ր գոռում. «Արցախը մե՜րն ա»: Էն ոնց էիր բլբուլ կտրե՞լ. «Ես ուզում էի ասել, որ մե՜նք, մե՜նք, դու՜ք, մենք բոլո՜րս հարուստ ենք, մե՜նք միասին, մեզանո՜վ, մեր երկրո՜վ, մեր զինվորներո՜վ, մեր Արցախո՜վ: Դա մե՜րն է: Դա մեր հարստությու՜նն է, որի վրա մենք պետք է փայփայենք, որը մենք պետք է ամեն վայրկյան փայփայենք: Մենք դա կորցնելու իրավունք չունե՜նք»: Ես էի գոռու՞մ, թե՞ դու:

- Ա՜խ դու՜…,- «first»-ը նկատելով ներկաների հեգնոտ հայացքները, զսպում է ժայթքելու պատրաստ հիշոցն ու ձայնի երանգը փոխելով շարունակում,- է՜, մի տարի հետո` 2019-ի օգոստոսի 5-ին էլ, դու՛ չէի՞ր Ստեփանակերտի հրապարակից հավատացնում ՀՀ-ի, Արցախի, Սփյուռքի հպարտ քաղաքացիներին, թե` Արցախը մե՛րն է, և վե՜ե՜ե՜րջ: Նաև հիշեցնեմ` քեզ այնքա՜ն հատուկ սուտ ու սին խոստումներդ. «Ռազմավարական նպատակադրումներ և խնդիրներ ունենք, որոնք ՀՀ-ն պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը։ Պետք է կարողանանք ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, ստեղծել 1 մլն 500 000 աշխատատեղ, լուծել 2 500 000 մարդու աշխատանքի հարցն ու վերացնել աղքատությունը։ Բացի այդ, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, ունենալ 10 մլրդ դոլարը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն»։

Շարունակե՞մ ունայն խոսքերդ. «… միջին աշխատավարձը յոթնապատկել, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրներում, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ոլորտի ֆինանսավորումը 20-ապատկել, մինչև 2050-ը զբոսաշրջիկների թիվը պետք է հասցնել 15 միլիոնի, իսկ ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության չեմիպիոն» և բազում ու բազմազն այլ փուչիկներ: Բա՞յց… Հույս չունենա՛ս, չեմ մոռացել: Հիմա գերագույնի գլխավոր հայտարարությունը. «Համոզված եմ, որ ձեզանից շատերը հիմա հարցնում են` իսկ ինչու՞ Արցախի մասին ոչինչ ասված չէ, պատասխանը մեկն է` Արցախը Հայաստան է, և վե՛րջ»:

Ջնոտվածը ցինիկ հռհռոցով ընդմիջում է «կարդինալուհու» խոսքը.

- Էդ վա՜ղ էր, որ էշը կաղ էր:

Կերկերուն մի ձայն անկյունից.

- Շե՛ֆ, ասֆալտի փոխարեն, ես մինչ օրս խանդաղատանքով եմ հիշում 2016-ի մայիսին գրածդ` «Հայոց զորքը հարթավայրում» բանաստեղծությունը, որ ծնվել էր հենց ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում գտնվող մեր խրամատներում, որտեղից երևում էր Տիգրանակերտը (նաև Միրբաշիրը), և որը նվիրել էիր Հայոց բանակին, Ղարաբաղյան ազատամարտի բոլոր մասնակիցներին և նահատակներին:

Կարդինալուհին գինովցած հայացքով շանթում է «կերկերունին»:

- Տեղին էր հիշեցումը:- Ապա նենգ հայացքն ուղղում է հարբած գերագույնին,- բա դու՛ ո՜նց էիր բլբուլ կտրել,- ու ծաղրական ձայնով արտասանում է.

- Տիգրանի քաղաքի լանջերից,

Հորիզոնն է ծփում անսահման…

Անսպասելի լռում է:

Զգացվում է` ինչ-որ դավ է նյութում: Դիմում է հարբած կողակցին.

- Ամեն ինչ տեսել էի, բայց «ծփացող հորիզո՜ն»…

Կառավարական ամառանոցը լցվում է խելագար քրքիջով:

Վախից գունատված ներկաները կծկվել են և ներքուստ անիծում են պահը, երբ որոշեցին այցելել մեծարգո կուսակցապետին:

Քրքիջն անսպասելի մոռացած կարդինալուհին շարունակում է արտասանությունը.

- Դարեր անց մենք այստեղ ենք նորից,

Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։

Մեր սարերը, մեր բախտն ու մեր լացը,

Մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց,

Հորիզոնը այստեղ, մեր դիմաց է,

Թիկունքում` մեր արտերը կանաչ։

Մեր հայացքը այլևս ազատ է,

Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ, հարազատ են,

Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։

«Այս հողի մեջ ոգուս զարկերակն է,

Այս հողով իմ արյունն է հոսում։

Ես պատռել եմ զոհի հին կտակը,

Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում.

Մեր հայացքը այլևս ազատ է,

Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ, հարազատ են,

Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր»։

Դիվահարը ձեռքերի մեջ է առնում գլուխն ու ղժղժոցով սպառնում.

- Ես ձեր բոլորի…

Կարդինալուհին զայրացած վայր է դնում բաժակը.

- ՈՒ՞մ ես վախեցնում: Հավաքվածների՞ս,- քրքջում է:- Ստեղ ո՛չ գայթակղիչ արձան կա, ո՛չ էլ դեռահաս տղա, որ երկրի հակառակ կողմից գաս ու դուխով բռնաբարես:

Գլխավորն ասես չի լսում նրան, մենախոսում է ինքն իրեն.

- Բաղրամյան պողոտայում քյաբաբ ուտողները` 500 դրամանոց, բախվելու ա ժողովրդի հետ, չի՛ կարող որևէ ուժ կանգնել ժողովրդի առաջ: Կտրորենք բոլորիդ 500 դրամանոց քյաբաբ ուտողներ: Հիմա, որ ասեմ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք պտի ասեն ատելության քարոզչություն ա իրականացնում:

Կարճ ընդմիջումից հետո, դիվահարը շարունակում է ճղճղալ, անհասկանալի ինչ-որ բաներ ասում, հայհոյում իրեն հանգստացնելու փորձ անողներին, մերժում բոլորին ու ամեն ինչ:

Արհամարհանքով է նայում իրեն օգնել փորձող կնոջը, անտեսում նրա խորհուրդները:

Խոսքը, ի վերջո, դառնում է կցկտուր, դժվար ընկալելի:

Մերթ գոռում է`«ռա՜դ կանեմ»:

Մերթ էլ` «կնշանակե՜մ»:

Հետո անսպասելի «հիշում» է Թրամփի մորը:

Հաջորդ պահին մտաբերում է «Լադիմիր Լադիմիրովիչին», տարօրինակ ջղակծկում է դեմքն ու անզորությունից սկսում է լաց լինել:

Խելագարությունը հատում է բոլոր սահմանները, երբ գործընկերոջ մայկա-տրուսիկ գողացողն առաջարկում է խմել…

огуречный рассол!

- Էդ ի՞նչ ես ակնարկում,- լացը մոռացած, ակնդետ նայում է «բալասան» առաջարկողին:

- Շե՜ֆ, ճիշտ ա ասում, խիյարի թթվի ջուրը կօգնի,- միջամտում է երկու տարի հետույքը բաց շրջողը:

- Ը՜ը՜ը՜,- դեմքը ծռմռելով բղավում է հարբեցողը,- էդ ուզում եք ասել` «խիյարը թարս ա՞ բուսնել», էդ սպառնում ե՞ք: Բոլորիդ ռադ եմ անելու:

Ներկաները գունատված նայում են իրար:

Գլխավորը լացախառն ծիծաղի միջից գոռում է անսպասելի.

- Վզակոթերիդ տալով բոլորիդ փողոց եմ շպրտելու, շնաբարո դուրսպրծուկներ: Նորից նախկին «ոչինչն» եմ սարքելու: Հեռախո՜սը…,- բղավոցից բոլորը ձգվում են:

Գորշ կարդինալուհին փորձում է հստակեցնել.

- Թաշկինա՞կը:

- Ի՜նչ թաշկինակ,- արցունք, թուք ու փսլինք իրար խառնած ճղճղում է քաջքերի զոհը:- Հեռախո՜սը, ես ձեր բոլորի…

Թրամփին լույս աշխարհ բերողին մոռացած, հիմա էլ հիշում է ներկաների մայրերին:

Սրանք տարակուսած միմյանց են նայում:

Գորշ կարդինալուհին նրանց դուրս է հրավիրում և, որպես ճակատագրի ծաղր, խաղաղ գիշեր մաղթում:

Ինչպես պահանջում է բեմական խաղի տրամաբանությունը.

վարագու՜յր:

ՀԱՋՈՐԴ ԱՐԱՐԸ

Հարբած SMS-«պաշտոնանկությունները» համակարգիչների մոնիտորներին են գամել երեք միլիոն վարչապետերի:

Քանի որ «աստղաթափին» խառն է օղու մատը` երկրում լարված սպասում է:

Օդում թևածում է միայն մեկ հարց` առավոտյան ո՞նց է լիզելու թքածը:

Հատկապես, որ արդեն կա նախադեպը` 2022-ի «կրկեսը»:

Ալկոհոլի հզոր կամքին հանձնված (կապիտուլյանտները միշտ էլ ենթակա են թելադրանքին` Ալիևը կլինի, մեկ ուրիշը, թե՞ օղին, կապ չունի), սույն օբյեկտն իրեն հատուկ ղժղժոց-հայհոյախոսությամբ որոշել էր խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում «մանդատաթափ»-ի ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին:

Աբսու՞րդ է:

Միամշանակ:

Գործադիր իշխանության ղեկավարն իրեն նշանակող ու վերահսկող մարմնում պատգամավորի մանդատ ունենալ-չունենալու հարց է լուծում:

Բայց, հավանաբար, նույն «огуречный рассол»-ի օգնությամբ, խոր խումհարից դուրս գալուց հետո փոշմանել էր և իր անձնական օգտագործման ուսապարկներին պարտադրել խաղալու շատ վատ բեմադրված` «Ասք հարբած միմոսի օղիախառն որոշումը չեղարկելու մասին» ներկայացումը:

Քավության հիմնական նոխազը` ՔՊ-ն, որն ակամա դարձել էր գլխավոր դերակատար, թիվ XVI-ի կեղտոտ լվացքը պարզաջրելու նպատակով իրազեկեց` որոշում են կայացրել 22 ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով չդիմել ՍԴ:

Երբ 2024-ի նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան իշխանամերձ լրատվամիջոցները սկսեցին շրջանառության մեջ դնել գիշերային դիվահարության SMS զոհերի, այդ թվում և երկու մանդատակիրների անուն-ազգանունները, հստակ էր, որ գործ ունենք կայացած պաշտոնանկությունների հետ:

Արևագալին զուգահեռ, երբ դեռ աշխատանքային օրը չէր սկսվել պարզվեց` պաշտոնանկների ցուցակում է նաև ԲԴԽ նախագահը:

«Խնդրե՜ց»… Ինքնակալի «չագուՋին», այս անգամ փոխարինել էր SMS-«խնդրանքը»:

Մի կողմ շպրտվածները, մեկը մյուսին կրկնելով հանրությանն իրազեկում էին` անսալով վարչապետի խնդրանքին…

Ինչպես կասեր հայտնի ֆիլմի հայտնի հերոսը` Նինան (հայկական տարբերակում`արական սեռի) շա՜տ խնդրեց, իրենք էլ չդիմացան նրա գլխահան անող հմայքներին ու հանձնվեցին:

«Խնդրո առարկաները», հընթացս, օգտագործելով «դժբախտ» առիթը, հրաժարականի տեքստում, տեղը-տեղին քծնեցին «պատրոնին»` յուրաքանչուրն իր հունարի սահմաններում:

Խումհարից դուրս եկած միմոսը, որ առավոտյան ընտանեկան «խառը կանաչու» դաստան, թևի տակ առած թռավ Հռոմի պապի դուռը, ավելորդ անգամ ապացուցեց մնացած բոլոր սթափներին` պետական ողջ համակարգն ինքն է վերահսկում: Ասել է` դիվահարված, թե լուրջ, կարող է կայացնել ցա՜ն-կա՜-ցա՜ծ որոշում:

Հոգեխախտը SMS-ջարդը խաղարկեց որպես լակմուսի թուղթ:

Փորձարկեց` համակարգի ներսում` գործադիր, թե օրենսդիր, և հասարակության շրջանում, հանդիպելու՞ է դիմադրության, թե՞ ոչ:

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ