Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Լրագրողի խոհեր-4

Լրագրողի խոհեր-4
27.09.2026 | 12:10



Սկիզբը՝ այստեղ


(Պրովինցիան, ավելի ճիշտ` ծայրագավառը՝ լրագրողի աչքերով)

«Ծառայողական սիրավեպը» բոլոր ժամանակներում արդիական է եղել։ Մի՛շտ։ Անցյալում էլ, հիմա էլ։
Մշտապես անբաժան է եղել հասարակությունից՝ մեծ ու փոքր մակարդակներում։ Ուղղակի որակապես, մասնակիցների թվաքանակով և գործադրվող միջոցներով է տարբերվել։ Դրանց տակ հետաքրքիր պատմություններ են թաքնված՝ ինտրիգներ, տուրուդմբոց, բաժանություններ, անգամ՝ ամուսնալուծություններ, հոր կամ մոր պատիվը պահող պատվախնդիր ապտակներ, «թերմացքը» իրացնելու փորձեր։
Մի օր քաղսովետի շենքի անհարմար աստիճաններով շնչակտուր բարձրանում էր վաղուց ինձ ծանոթ ծանրաքաշ մի տիկին։ Զարմանքով հետ-հետ գնացի, ծածկեցի չորրորդ հարկի աշխատասենյակիս դուռը․ չգիտեմ էլ ինչու, կարծես թաքնվեցի։
«Ա՛յ քեզ բան․ աշխարհին միշտ վերևներից նայող այս տիկինն ի՞նչ գործ ունի այստեղ,– ակամա անցավ մտքովս,– այս ինչպե՜ս է բարեհաճել իջնել «իր բարձունքից», միայն իրենց հասու վերևներից»։
Ժամանակ անց, կրկին պատահմամբ, տեսա նրան աստիճաններով վար իջնելիս՝ մի տեսակ գոհացած։
Հարևան աշխատասենյակում՝ «յոթծովիմերան» տիկնոջ մոտ (ուր բարեհաճել էր այցելել տիկինը), կրթության ոլորտին առնչվող հարց կար հստակեցնելու։ Գնացի և իբր ի միջի այլոց հարցրի, թե ի՜նչ խնդրով էր այցելել Երևանում բարձր պաշտոն ստացած՝ պրովինցիայի նախկին պաշտոնյայի տիկինը։
«Տիրուհին», որ կարճահասակության պատճառով ոտքերը գետնից կտրած, տիրաբար բազմել էր, քաղաքում հայտնի՝ կանանց ճակատագրեր որոշող նախագահուհին էր (իր մասին ժամանակ առաջ հուշապատում եմ գրել՝ «Նա, այդ կինը»)։ Նա խորամանկ ժպտաց և իբրև «գերեզմանային գաղտնիք» պատմեց տիկնոջ այցի նպատակը։
Ժամանակ անց այցելու տիկնոջ ամուսնալուծված որդուն ամուսնացրին ամուսնու երբեմնի քարտուղարուհու հետ, որը որոշ ժամանակ անց էդ պաշտոնյա տիկնոջ «աջ ձեռքն էր», «մաման»։
Եվ կրկին՝ պատասխան ինձ հեռազանգած կնոջը․ «Тоже мне... պրովինցիալկա»։
Այդ երբվանի՞ց է պաշտոնյան, պաշտոնատար անձը հավատարիմ եղել միայն իր կնոջը, մանավանդ՝ պրովինցիայում։
Ա՛յ այստեղ է, որ ինձ օգնության է գալիս ծայրագավառում տասնամյակներ շարունակ հայտնի, երջանկահիշատակ «բիբիսին»՝ խանութպան Քնարիկ Փիրուզյանը։ Նա, որ անգիր գիտեր, թե որ պաշտոնյայի սիրուհին ով է, ով ումից անօրինական երեխա ունի կամ ով է միայնակ մայր, կամ՝ ով է ամոթից ու խայտառակվելուց խուսափելու համար պաշտոնյայի աջակցությամբ հեռացել պրովինցիայից։
Այստեղ է, որ կարճահասակ տիկինը՝ իրեն այդ «պատվարժան» դերում մոռացած, թաքուն, դիվական խորամանկությամբ կկկոցեր մանրիկ, «բզով ծակած» աչքերը և կասեր․ «Ականջդ կանչի՜, Գրիգոր Մատվեյիչ, աջուձախ դովրան էր քշում»։
Իսկ Քնարիկը, էս տիկնոջից ոչ պակաս, մանրամասնորեն գիտեր «ծառայողական սիրավեպերի» ձգվող հաղթական շղթան, ասես «գիշերը մոմ էր բռնել» իրենց կանանց դավաճանած տղամարդ պաշտոնյաների մահճակալների գլխավերևում կամ կուչ եկել մահճակալի տակ։ Եվ մրցում էր վերևում նշածս նախագահուհի տիկնոջ հետ՝ փորձելով խլել վերջինիս պապենական պաշտոնը․ չէր ստացվում։
Եվ ամենակարևորը՝ չէր մոռանում գրավոր իրազեկել վերևներին, որ «տեղները դադար մնան, թե չէ...»։
Թեև «յոթծովիմերան տիկինը» այդ հարցում կարծես մրցակից չունե՛ր․ անգերազանցելի էր՝ շնորհիվ նրա, որ բոլոր բարձր պաշտոնյաների «աջ ձեռքն էր, աջ ոտքը, աջ ամեն ինչը...»։
Այստեղ հպանցիկ հիշեմ (էդքան չկան, որ ծավալվեմ) կուսակցական ապարատի՝ տասնամյակներ շարունակ աթոռներին կառչած, «բաքուներում պրոլետարական կոփվածք ստացած», «ВПШ-ВКШ» ավարտած, «քծնախտով» հիվանդ «բոսերին»։ Նրանց, որ կոշիկների ծայրերի՝ պճեղների վրա զգուշորեն, անաղմուկ, կուսշրջկոմի առաջին քարտուղարների աշխատասենյակ մտնելիս, խոնարհվելով, շինծու ժպիտը դեմքներին ասում էին․ «Ներեցե՛ք, բարև՛ Ձեզ»։

(շարունակելի)

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․ Գուցե ընթերցողներից ոմանք զարմանան, թե ինչու եմ այսքան «անխղճորեն»՝ մանրամասն անդրադառնում պրովինցիային ու ծայրագավառին։
Ասեմ․ երբ հեռու, հեռավոր տարածաշրջանը կորցնում է իր դեմքը, մարդիկ՝ դիմագիծը, նրանց նվաճելը, ստրկացնելը դառնում է ավելի հեշտ, դյուրին։
Ահա, վաղուց, շատ վաղուց է այս վիճակում հայտնվել իմ ծննդավայրը՝ Ալավերդին, Թումանյանի տարածաշրջանը։
Փակված, ավերված միութենական նշանակության երբեմնի հզոր լեռնամետալուրգիական կոմբինատը, հրդեհից սև մոխիրների վերածված, թալանված և ծածկադմբոց արված երբեմնի կարի արտադրական միավորումը, փակված երբեմնի արտադրական ձեռնարկությունները, քանդված ու այդպես էլ չավարտվող շինարարությամբ, հանրապետությունում իր շրջանավարտներով հայտնի թիվ 2 մաթեմատիկական խորացված ուսուցմամբ դպրոցը...։ Բազմաթիվ են ավերակ դարձած նախկին արտադրական ձեռնարկությունները։
Իսկ ժողովուրդը՝ աշխատատեղերի և բարձր աշխատավարձի շնորհիվ վաղուց ըստ պահանջի ապրող, այժմ գործազուրկ ժողովուրդը՝ կիսատ-պռատ, օրվա հացը վաստակելու համար պատրաստ նվաստանալու, ստորանալու, խոնարհվելու, ձեռք պարզելու...։
Այո՛, պրովինցիան էլ ավելի է դիմազրկվել, ավելի ճիշտ՝ դեմքը կորցրել է, և նրա երեսին դաջված է ամոթը՝ ենթարկվողների, ստրկացողների ամոթը։
Սա մեկ օրում չի դաջվել․ այն տասնամյակների պատմություն ունի։ Իր գիտակից կյանքի զգալի մասը պրովինցիայում ապրած մարդու համար սա ոչ միայն ամոթալի է, ցավալի, այլև՝ վիրավորական։
Երբեմն զարմանում եմ․ այս ո՞նց ենք դիմացել այն մերժելի բարքերով տարիներին, այդ ի՞նչ անքակտելի կապով ենք կապված եղել, այդ ինչքա՞ն ենք սիրել մեր բնօրրանը, որ հանդուրժել ենք այն ամենը, որ մեր ծննդավայրը մեր աչքի առաջ դիմազրկվի և մեր հիշողության մեջ դառնա, մնա որպես լքված ծայրագավառ։
Տարիների հեռվից փորձում եմ զարմանքով մտաբերել այն մարդկանց, որ «հողին կառչած» մնացել են պրովինցիայում, դանդաղ մահվան դատապարտել և՛ իրենց, և՛ իրենց շնորհաշատ, մեծ աշխարհներում ապրելու արժանի շնորհալի ժառանգներին։
Արթնանա՞լ է պետք խոր նիրհից, խոր մրափից․ արթնանա՜լ է պետք, վերագտնել և շարունակել ապրել, մարդավարի ապրել, մարդավայել ապրել, մարդու պես ապրել։
Սա ժամանակի հրամայականն է։
Թե չէ մի օր խոր քունը կդառնա երկարատև՝ լեթարգիական, և տարածքը վերջնականապես կնվաճի ուր որ է շեմդ տրորելու, ոտնատակ տալու պատրաստ այլադավան, արյունամած աչքերով օտարը։

Դիտվել է՝ 221

Մեկնաբանություններ

hy袚衼/1575923602">Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն