Սկիզբը՝ այստեղ
Այլ տարբերակ չկա
Կրեմլում այսօր հայտնել են ԱՄՆ- ի խաղաղության պլանի «հիմնական պարամետրերի» ստացման մասին: Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան ստացել է Ժնևում ԱՄՆ- ի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքում լրամշակված ԱՄՆ- ի խաղաղության պլանի հիմնական պարամետրերը:
«Հիմնական պարամետրերը փոխանցվել են, հաջորդ շաբաթ Մոսկվայում զրույց կլինի»,- ասել է Պեսկովը՝ նկատի ունենալով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի՝ առաջիկա շաբաթվա ընթացքում Մոսկվա նախատեսված այցը:
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանին են փոխանցել Կիևի և Վաշինգտոնի ժնևյան բանակցություններից հետո ստացված մշակումները: Խոսքը Թրամփի «խաղաղության ծրագրի» կրճատված, լրամշակված, խմբագրված տարբերակի մասին է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել, որ այդ առաջարկները կարող են հիմք դառնալ կարգավորման համար, սակայն հավելել, որ «պետք է ամեն ինչ դնել դիվանագիտական լեզվի վրա»… Տեսնենք…
«Նրանք, ինչպես ես հասկացա, իրար մեջ որոշել են, որ այդ բոլոր 28 կետերը պետք է բաժանել չորս առանձին բաղադրիչների,- ասել է Պուտինը:- Մեզ այդ ամենը փոխանցվել է»:
Եթե այդ ամենը փոխանցվել է, ապա ի՞նչ խոսք կարող է լինել հիմնական բաղադրիչների փոխանցման մասին: Իսկ գուցե Սատանան մանրուքների մե՞ջ է…
Պուտինը հերթական անգամ հայտարարել է նաև, որ Ուկրաինայի ղեկավարությունը լեգիտիմ չէ, ուստի Կիևի հետ համաձայնագրեր ստորագրելն անիմաստ է, իսկ Մոսկվային անհրաժեշտ է, որ նրա որոշումները ճանաչեն «հիմնական միջազգային խաղացողները»:
Հարցին, թե նկատի ունեն ՄԱԿ- ը կամ առանձին երկրնե՞ր, Պեսկովը պատասխանել է, որ դա պետք է որոշվի բանակցությունների ընթացքում:
«Մենք չենք ցանկանում առաջ ընկնել և հանրային մեգաֆոնային ձևաչափով քննարկում անցկացնել»,- հավելել է նա:
Թեև Ուկրաինայի ղեկավարության լեգիտիմ չլինելու և նրա հետ համաձայնագիր ստորագրելու անիմաստության վերաբերյալ վերը նշվածը ՌԴ նախագահի հերթական հայտարարությունն է, բայց ուշադրության է արժանի այն, որ տվյալ հայտարարությունն այս անգամ հնչել է Կիևի և ԵՄ- ի առաջարկների մի մասը հաշվի առնելու արդյունքում Թրամփի «խաղաղության ծրագրի» փոփոխություններից, լրամշակումից հետո:
Կիևում հայտարարել են, որ քանի դեռ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Զելենսկին, չեն համաձայնի հրաժարվել տարածքներից:
ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի տեղեկացմամբ, Ժնևում կայացած բանակցություններից հետո 28 կետից բաղկացած նախկին փաստաթուղթը կրճատվել է և այժմ բաղկացած է 22 կետից: ԶԼՄ- ներն ավելի վաղ հրապարակում էին, որ այն վերածվել է 19 կետից բաղկացած նախագծի:
Թրամփը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ, բայց միայն այն բանից հետո, երբ գործարքը կլինի համաձայնեցման վերջնական փուլում: Նա հանձնարարել է ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլին շարունակել շփումները ուկրաինական կողմի հետ, իսկ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին հաջորդ շաբաթվա ընթացքում ուղարկելու է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու համար։
Դատելով ամենից, հաջորդ շաբաթն իսկապես կարող է վճռական լինել Ուկրաինական հակամարտության դադարեցման, ավելի ճիշտ, սառեցման կամ հետագայում ևս, միգուցե ավելի մեծ թափով շարունակելու առումով:
Ինչպես տեղեկացրել է «The Telegraph» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, առաջիկա շաբաթվա ընթացքում այցելելով Մոսկվա, Ուիթքոֆը Պուտինին ուղղակի առաջարկ է փոխանցելու: Ըստ այդմ, ԱՄՆ- ը պատրաստ է ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի և ռուսական զորքերի կողմից գրավված այլ տարածքների նկատմամբ՝ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր կնքելու համար: Բոլոր ողջախոհ մարդիկ, սակայն, հասկանում են, որ միայն ԱՄՆ- ի կողմից Ղրիմի, Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ Ռուսաստանի ԶՈւ վերահսկողության ներքո գտնվող տարածքների նկատմամբ ՌԴ ինքնիշխանության ճանաչումը դեռ բավարար չէ, եթե նույնը չեն ճանաչում նաև Եվրոպան և, հատկապես, Ուկրաինան: Ինչո՞ւ…
Այն պարզ պատճառով, որ եթե Կիևը նույնը չի ճանաչում, ապա հատկապես ԵՄ և եվրոպական մի շարք պետությունների աջակցությամբ իր տնտեսությունը վերականգնելուց, ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնելուց, բանակը հզորացնելուց հետո, մի քանի տարի անց վերսկսելու է պատերազմը ու եվրոճիվաղների անմիջական օգնությամբ, հնարավոր է, նաև ոչ պաշտոնական մասնակցությամբ փորձելու է հասնել ռևանշի, փորձելու է գրավել Դոնբասը և մնացյալը, այն ամենը, ինչը հնարավոր կլինի:
«The Telegraph»- ի զրուցակիցները կարծում են, որ ԱՄՆ- ը կհամաձայնի տարածքների ճանաչմանը՝ չնայած Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների անհամաձայնությանը:
«Ավելի և ավելի ակնհայտ է դառնում, որ ամերիկացիներին չի հետաքրքրում Եվրոպայի դիրքորոշումը,- ասել է աղբյուրներից մեկը։- Նրանք ասում են, որ եվրոպացիները կարող են անել այն, ինչ ուզում են»:
Այսի՞նքն… Ուրեմն Ուկրաինան Դոնբասից, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից իր զորքերը չհանի, Ղրիմի և ՌԴ ԶՈւ վերահսկողության ներքո գտնվող վերոնշյալ մյուս տարածքների նկատմամբ Ռուսասանի ինքնիշխանությունը չճանաչի, բայց ՌԴ- ն այդ պայմաններում ռազմական գործողությունները դադարեցնի՞… Ուկրաինային ժամանակ ու հնարավորություն ընձեռի տնտեսությունն ու բանակը հզորացնելու և հետագայում պատերազմը վերսկսելո՞ւ… Եվրոպան էլ անի այն, ինչ ուզո՞ւմ է, ինչ է թե ԱՄՆ- ը ՌԴ կողմից հակամարտության դադարեցման դիմաց պատրաստ է ճանաչել Ղրիմի, Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ Ռուսաստանի ԶՈւ վերահսկողության ներքո գտնվող տարածքների նկատմամբ ՌԴ ինքնիշխանությունը:
Եթե «The Telegraph»- ի հրապարակած վերոնշյալ տեղեկությունը ճիշտ է, ապա սրանից չի՞ հետևում, որ ԱՄՆ- ի «խաղաղության պլանն» իրականում փուչիկ է, պատերազմի հետաձգման կամ հետաձգված պատերազմի պլան…
Ի դեպ, պարբերականը տեղեկացրել է նաև, որ Ուիթկոֆի հետ Մոսկվա է այցելելու Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել խաղաղության համար պայմանավորվածությունների ցանկացած տարբերակ, բայց «ելնելով այն իրողություններից, որոնք ստեղծվում են երկրի վրա»: Խաղաղության համար բանակցություններ սկսելու պայմաններից մեկը, որը նախագահը նախանշել էր դեռ 2024թ. ամռանը, Ուկրաինական զորքերի դուրսբերումն էր ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։ 2025թ. օգոստոսի սկզբին ՌԴ նախագահը հայտարարեց, որ այդ պայմանները չեն փոխվել։
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան