Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կինոն ռազմավարական հզոր զենք է-8

Կինոն ռազմավարական հզոր զենք է-8
11.07.2026 | 18:48

Սկիզբը՝ այստեղ

(կամ՝ Էկրանային «սրբերն» ու պատմական մարդակերները)

Մասերկրորդ

Երկրորդ արար: Դավադրություն և պետության ողնաշարը

Տեսարան 1: Անտիոքի դքսության արքունիք

Անտիոքի դքսության շլացուցիչ, մռայլ ու վեհաշուք արքունական դահլիճը։ Հնչում է միջնադարյան կոպիտ, բայց տոնական երաժշտություն։ Սեղանները ծանրաբեռնված են արծաթե սկուտեղներով, վայրի երեների մսով ու Կիպրոսից բերված թունդ գինով։

Իշխան Ռուբենը, հավատալով խաչակիրների «քրիստոնեական սուրբ եղբայրությանն» ու ասպետական պատվին, նստած է պատվավոր տեղում։ Նա ցնծում է՝ կարծելով, թե դիվանագիտությամբ փակել է պատերազմների էջը։

Բոհեմունդ III-ը՝ դեմքին դատարկ, սառը ժպիտ, բարձրացնում է ոսկե գավաթը.

- Հանուն քրիստոնեական դաշինքի և հավերժ խաղաղության, իշխա՛ն։

Ռուբենը խմում է։ Բայց հենց որ գավաթը ցած է դնում, երաժշտությունը կտրուկ ընդհատվում է, իսկ սրահի ծանր վարագույրների հետևից հանկարծակի դուրս են գալիս լաթերով ու երկաթներով պատված տասնյակ զրահակիրներ։ Մինչ հայկական փոքրիկ պատվիրակությունը կհասցնի ձեռքը տանել սրերին, խաչակիրների զենքերը սեղմվում են նրանց կոկորդներին։

Բոհեմունդի դեմքից վերանում է շինծու բարությունը, մնում է միայն զավթիչի ցինիկ հաշվարկը։ Մեկ ակնթարթում Ռուբենին զրկում են իշխանական խորհրդանիշներից, շղթայում և բացահայտ նվաստացմամբ նետում Անտիոքի խոնավ, մութ ու առնետներով լեցուն բանտախուցը։

Հեղինակային դիտարկում (մեդիա-մեկնաբանություն)

Այս տեսարանը պատմական մեծագույն դաս է։ Բոհեմունդի կերպարը մարմնավորում է այն աշխարհաքաղաքական դերակատարներին, ովքեր «խաղաղության դաշինքներն» օգտագործում են որպես հակառակորդին զինաթափելու ծածկույթ։

ՈՒշագրավ է, որ թուրքական պետական կինոարտադրությունը՝ TurkDizi-ին իր սերիալներում պատմության հենց այսպիսի դրվագներն է օգտագործում՝ իրականությունը գլխիվայր շրջելու համար։ Նրանց ֆիլմերում ուխտադրժությունն ու դավադրությունը վերագրվում են բացառապես քրիստոնյա (հայ կամ բյուզանդացի) իշխաններին, իսկ թյուրքական սուլթանները ներկայացվում են որպես այդ «նենգության» զոհեր կամ բացարձակ «արդարամիտ» փրկիչներ։ Ցուցադրելով պատմական իրականությունը, որտեղ հայկական պետականությունը ստիպված էր գոյամարտ մղել բոլոր ճակատներով՝ և՛ արևելյան քոչվորների, և՛ արևմտյան դաշնակիցների ուխտադրժության դեմ, մենք ջախջախում ենք թշնամական քարոզչության ստեղծած միակողմանի ու կեղծ կարծրատիպերը։

Տեսարան 2: Վահկա ամրոցի արքունիք

Հայոց արքունիքում իրարանցում է, տիրում է կատարյալ հոգեբանական կազմալուծում և խուճապ։ Իշխաններն ու ավագանին, գլուխները կորցրած, քայլում են սրահում։

Սեղանին դրված է Բոհեմունդի վերջնագիրը․

«Ռուբեն իշխանի կյանքի և արևշատության դիմաց՝ անհապաղ հանձնել Կիլիկիայի բանալիներն ու սահմանային անառիկ բերդերը՝ Վահկայից մինչև Ադանա»։

- Պարտավոր ենք տեղի տալ ֆրանկների կամքին,- դողդոջուն ձայնով ասում է ծերունազարդ իշխաններից մեկը։- Եթե չհանձնենք բերդերը, նրանք կառնեն մեր տիրոջ արյունը։ Առանց Ռուբենի Ռուբինյանց տունը կգլխատվի, իսկ Կիլիկիան կմատնվի ավերի։ Ի՞նչ արժեն մի քանի քարե ամրոցները մեր իշխանազնի կյանքի դիմաց։ Խաղաղությամբ տանք նրանց ուզածը, միայն թե Տերը խնայի իշխանի կյանքը, միայն թե նոր արյուն չհեղվի հայոց աշխարհում։

- Ճշմարիտ է խոսում, հանձնե՛նք,- հավանություն են տալիս ներկաները։

- Լատիններն ահեղ ուժ ունեն, և եթե մերժենք նրանց դեսպաններին, նրանք իրենց ողջ զորքով կաշխատեն մեր դեմ։ Ավելի լավ է զիջենք այդ հողերը, քան թե հայրենի տունն ու գահը հիմնահատակ կործանենք։

Արքունիքը պատրաստ է ստորագրելու սեփական մահավճիռը, պատրաստ է զիջելու պետության ողնաշարը՝ հանուն ժամանակավոր փրկության պատրանքի։

Բոլորը նայում են գահի կողքին կանգնած Լևոնին, որի լռությունը սպառնալից է։

Երրորդ արար: Ասիմետրիկ Հարված և ռազմավարական ճշգրտություն

Տեսարան 1: Վահկա ամրոց. ուժի ստանձնում

Կիլիկիայի արքունական դահլիճում խուճապի աղմուկը հասնում է գագաթնակետին, երբ Լևոնը կտրուկ քայլերով մոտենում է գահին։ Չի նստում։ Ձեռքը դնում է թիկնակին՝ ստանձնելով երկրի կառավարումն ու խնամակալությունը։ Սրահում տիրում է քար լռություն։ Նրա ձայնը հնչում է սառն ու վճռական.

- Ո՛չ մի ամրոց, ո՛չ մի ափ հող չի՛ հանձնվելու լատիններին,- Լևոնի հայացքը սառեցնում է երկյուղած ավագանուն։- Եթե մենք այսօր Ռուբենի կյանքի գնով զիջենք մեր բերդերը, վաղը նրանք կկանգնեն Վահկայի պարիսպների տակ, իսկ մյուս օրը կկոտորեն մեզ բոլորիս՝ արդեն առանց սուր ճոճելու։ Թշնամու ագահությունը զիջումներով չեն հագեցնում, նրան սանձում են միայն սեփական արյան մեջ խեղդելով։ Զարկե՛ք ռազմակոչի թմբուկները։ Հավաքե՛ք հայոց այրուձին։

Տեսարան 2: Տավրոսի լեռներ. կայծակնային գրոհ

Մինչ արքունիքը փորձում է ուշքի գալ, տեսարանը կտրուկ փոխվում է։ Գիշեր է։

Տավրոսի լեռներով սլանում է հայկական հեծելազորը։ Չկան ջահեր, չկա աղմուկ։ Լևոնի գլխավորությամբ հայկական բանակը կայծակնային, անսպասելի գրոհով հարձակվում է Անտիոքի հյուսիսային և սահմանային ամրոցների վրա։

Կադրում պատկերվում է գիշերային կատաղի մարտ. հայերի սրերը ճեղքում են խաչակիրների զրահները, ամրոցների դարպասները տապալվում են։

Ներկայացվողը ոչ թե սովորական ռազմական գործողություն է, այլ վիրահատական ճշգրտությամբ հարված՝ թշնամու թիկունքին։ Լևոնը ոչ միայն գրավում է ամրությունները, այլև գերի է վերցնում Բոհեմունդ III-ի մերձավորագույն ազնվականներին, նրա ռազմավարական դաշնակիցներին և Անտիոքի էլիտայի ընտանիքների անդամներին, որոնք այդ օրերին գտնվում էին սահմանային կալվածքներում։

Տեսարան 3: Անտիոքի արքունիք. շախ և մատ

Տեսարանը փոխվում է Անտիոքի արքունիք (2026 թվականի մեդիա-էֆեկտներով պատկերված պատմական իրականություն):

Բոհեմունդը նստած է գավաթը ձեռքին՝ սպասելով հայկական բերդերի բանալիներին, երբ ներս է ընկնում սարսափահար սուրհանդակը։ Նա դողացող ձեռքերով դքսին է հանձնում Լևոնի նամակը՝ կնքված Ռուբինյանների առյուծով։

Բոհեմունդը բացում է մագաղաթը, և էկրանին հնչում է Լևոնի հզոր, կայուն ձայնը.

«Քո ձեռքում իմ եղբայրն է՝ ընդամենը մեկ մահկանացու, իսկ իմ ձեռքում քո ողջ դքսության հարավային դարպասներն են, քո անառիկ ամրոցներն ու քո տոհմակից ազնվականները։ Հիմա կշռի՛ր քայլերդ, Անտիոքի դու՛քս, և խորհի՛ր՝ ո՞վ է ավելի ահեղ կորուստներ կրելու»։

Բոհեմունդը գունատվում է։ Հասկանում է, որ խաղաղության պատրանքներով ապրող Ռուբենի փոխարեն իր դեմ կանգնած է հզոր պետական մեքենա՝ ի դեմս Լևոնի, որը պատրաստ է գնալու մինչև վերջ։

Հեղինակային դիտարկում (մեդիա-մեկնաբանություն)

Ահա թե ինչու է կինոն ռազմավարական հզոր զենք: TurkDizi-ն տարիներ շարունակ իր հանդիսատեսին ներարկում է միֆն այն մասին, որ թյուրքական առաջնորդները միակն են տարածաշրջանում, որոնք ունակ են նման կտրուկ, հանդուգն և ասիմետրիկ քայլերի, իսկ հայերն ու բյուզանդացիները միայն խուճապի են մատնվում:

Պատմական իրականության կինեմատոգրաֆիկ վերականգնումը ցույց է տալիս, որ հայկական պետական միտքը դեռևս 12-րդ դարում գործել է բարձրագույն ռազմավարական ճշգրտությամբ: Այսպիսի էկրանավորումը ոչ միայն ջախջախում է թշնամու կեղծ պատմական քարոզչությունը, այլև հանդիսատեսի մեջ վերականգնում է սեփական ուժի, ինքնիշխանության և դիմադրողականության գենետիկ հիշողությունը:

Չորրորդ արար: Կապիտուլյացիա և արժանապատիվ խաղաղություն

Տեսարան 1: Անտիոքի արքունիք. դերերի փոխատեղում

Անտիոքի դքսության արքունական սրահն է, բայց տրամադրությունն արդեն լրիվ այլ է։ Չկան նախկին հոխորտանքն ու ցինիզմը։ Բոհեմունդ III-ը, կորցրած իր նենգ վստահությունը, կանգնած է խորտակված։ Նրա կողքի սեղանին ցուցադրված են արդեն ոչ թե Կիլիկիայի բերդերի բանալիները, այլ հայկական զորքի հարվածներից ջախջախված խաչակիրների զրահներն ու սաղավարտները։

Դարպասները բացվում են։ Ներս է մտնում Լևոնը՝ զրահապատ, կատարյալ հաղթողի կերպարանքով։ Նրան հաջորդում են հայկական ծանր հեծելազորայինները, որոնք ներս են բերում շղթայված անտիոքցի ազնվականներին։ Դրանից հետո սրահ է առաջնորդվում բանտից ազատված, հյուծված, բայց սթափված իշխան Ռուբենը։

Բոհեմունդը, խեղդելով հպարտությունը, դիմում է Լևոնին.

- Դու դրժեցիր ասպետական բոլոր ուխտերը, Լևո՛ն։ Մենք նույն Քրիստոսի արյամբ օծված եղբայրներ ենք և պարտավոր էինք հաշտությամբ կիսել այս երկիրը։

Լևոնը կանգնում է դքսի դիմաց։ Նրա ձայնում չկա ատելություն, առկա է միայն տիրակալի սառը, անդրդվելի կամքը.

- Քրիստոնեական եղբայրությունը ձեզ համար սոսկ քող էր՝ Ռուբինյանց տունը կողոպտելու համար, իսկ խաղաղության դաշինքը՝ զենք՝ հայոց աշխարհը ծնկի բերելու։ Դուք չեք հարգում խաչով կնքված պայմանագրերը, դուք խոնարհվում եք միայն սրի ուժի առջև։ Ես եկել եմ իմ եղբոր և հայրենի հողերի հետևից։-

Լևոնը սեղանին է նետում նոր ուխտագիրը, որը գրված է հայերենով և լատիներենով։

- Ահա իմ պայմանները, դու՛քս։ Դու ոչ միայն անվնաս ու ողջությամբ կվերադարձնես իմ եղբորը, այլև հավիտյան կհրաժարվես Կիլիկիայի տիրույթների հանդեպ ցանկացած ագահ հավակնությունից ու մեր խլված ամրոցներից։ Դու արծաթով ու ոսկով կհատուցես այն ամենի համար, ինչ քո զորքն ավերել է մեր սահմաններին։ Սա՛ է միակ խաղաղությունը, որ ես շնորհում եմ քեզ։ Մերժելու դեպքում՝ հայոց այրուձին հիմնահատակ կկործանի Անտիոքի հպարտ պարիսպները։

Բոհեմունդը նայում է իր գերեվարված ընտանիքին, ապա Լևոնի սառը հայացքին։ Դողացող ձեռքով վերցնում է մատանին և կնքում պայմանագիրը։

Կապիտուլյացիան ստորագրված է։

Տեսարան 2: Վերադարձ Կիլիկիա. իրական խաղաղության դասը

Ռուբենն ու Լևոնը կանգնած են Ռուբինյանների ամրոցի բարձրունքում՝ նայելով հզոր ու անառիկ իշխանապետությանը։

Ռուբենը ցածրաձայն շշնջում է.

- Դու փրկեցիր ինձ... և փրկեցիր այս աշխարհը իմ տկարամտությունից։ Ես հավատում էի, թե խաղաղությունը ծնվում է զիջումով ու սիրալիր կամքով։

Լևոնը ձեռքը դնում է եղբոր ուսին, և նրա խոսքերը հնչում են որպես հավերժական պատգամ, մինչ նա հայացքով չափում է լեռներից այն կողմ ձգվող ապագան։

Կադրը դանդաղորեն մոտենում է Լևոնի դեմքին․ նրա աչքերում չկա պատանեկան ոգևորություն, այլ կա հասուն, աշխարհաքաղաքական բարդ խաղերի պատրաստ պետական տիրակալի հեռատեսություն։

Երաժշտական ֆոնը՝ հայկական փողային և լարային գործիքների ծանր, բայց վեհաշուք ակորդներով, աստիճանաբար բարձրանում է՝ ընդգծելով պահի պատմական կարևորությունը։

- Խաղաղությունը թուլության պտուղ չէ, եղբա՛յր,- Լևոնի ձայնը հնչում է ցածր, բայց այնպիսի կշռով, որ թվում է՝ արձագանքում է Վահկայի սրբատաշ պատերի ու դարավոր ժայռերի մեջ։- Թշնամին հաշտություն է աղերսում միայն այն ժամանակ, երբ քո սուրը հպված է նրա կոկորդին։ Զիջումը ծնում է նոր պատերազմ ու նոր կորուստներ։ Մինչդեռ զորությունն ու անդրդվելի կամքն են պարտադրում իսկական, հաղթական խաղաղություն։

Խոսքն ավարտվելուն պես՝ տեսախցիկը դանդաղորեն բարձրանում է վեր՝ երկու եղբայրներին պատկերելով Վահկա ամրոցի ամենաբարձր աշտարակի կատարին։ Քամին ծածանում է նրանց թիկնոցներն ու Ռուբինյանների առյուծադրոշը։ Նրանց ոտքերի տակ տարածվում է Տավրոսի լեռնաշխարհը՝ անառիկ, հզոր և ամուր՝ պատրաստ դիմակայելու դարի ցանկացած արհավիրքի։

Հեղինակային դիտարկում (մեդիա-մեկնաբանություն)

Այսպիսով, պատմական իրականությունը ցույց է տալիս, որ Կիլիկիայի փրկությունը ոչ թե դիվանագիտական խնդրանքների, այլ Լևոնի կոշտ, ասիմետրիկ և ուժային հակահարվածի արդյունքն էր։

Թուրքական կինոքարոզչությունը միլիարդավոր դոլարներ է ներդնում, որպեսզի էկրաններից ջնջի քրիստոնյա, մասնավորապես՝ հայկական պետական մտքի այսպիսի ռազմավարական հաղթանակները՝ տարածաշրջանի ժողովուրդներին ներշնչելով սեփական անզորության և թյուրքական բացարձակ գերակայության կեղծ միֆը։

Կինոն ռազմավարական հզոր զենք է, քանի որ այն ձևավորում է սերունդների հոգեբանությունը. իսկ պատմական ճշմարտության էկրանավորումը լավագույն վահանն է այդ տեղեկատվական պատերազմում։

Վերջին կադր

Լևոնը կանգնած է Այաս նավահանգստի ծովափնյա աշտարակին:

Կատաղի քամին թրթռացնում է նրա արքայական ծիրանին: Ապագա Մեծագործը նայում է հորիզոնում ուրվագծվող սելջուկյան և լատինական նավերին, ապա ձեռքը դնում սրի դաստապանին ու հաստատակամ ձայնով ասում.

- Այսուհե՛տ կիլիկյան ջրերում միայն հայոց կամքն է տիրելու։ Սա՛ է մեր ծովը։

Վերջաբան. Մեդիա-ռազմավարական հանգանակ

Լևոն Մեծագործ. Արևելքի Առյուծը» երևակայական այս նախագծի առաջին՝ երևակայական սերիան սոսկ գեղարվեստական պատառիկ չէ, այլ տեղեկատվական պատերազմի առաջնագծում պատասխան հարվածի հստակ հայտ։

Սա ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր պատմական ճշմարտությունը փոխարկել ռազմավարական փափուկ ուժի։

Քանի դեռ հայկական մեդիա-միտքն էկրաններից պատմում է միայն իր կոտորածների, կորուստների և աշխարհից արդարություն մուրալու մասին, թշնամու «TurkDizi» բազմամիլիոնանոց մեքենան անարգել ձևավորելու է «պարտված ու թույլ հայի» կործանարար կարծրատիպը։

Կինոն ռազմավարական զենք է, քանի որ այն չի արձանագրում անցյալը, այն ծրագրավորում է ապագան։ Մեր պատմության հաղթական էջերի, Լևոն Մեծագործի պես կոշտ ու հաշվարկող քաղաքական տիրակալների կինեմատոգրաֆիկ վերածնունդը հոգեբանական այն հակաթույնն է, որն ընդունակ է վերականգնելու մեր ազգային դիմադրողականությունը։

Էկրանը պետք է դադարի լինել լացի վայր. այն պետք է դառնա սեփական կամքը պարտադրելու հարթակ։

Ով տիրում է էկրանին, նա էլ ձևավորում է վաղվա աշխարհաքաղաքական իրականությունը։

Երևակայական այս սերիալի, ինչպես և մեր անցյալի մյուս հաղթական էջերի մեդիա-մոդելավորումը, որն «ապրում, շնչում և հրաշքներ է գործում» առայժմ միայն իմ ցնորային աշխարհում, հզոր մի «եղիցի՛»-ով պետք է շնչավորվի ու մարմին առնի։

Բայց այդ ռազմավարական զենքն իրական գործողության մեջ դնելու հերթն արդեն ոչ թե ինձ նման սովորական լրագրողներինն է, այլ կինոարտադրողների, իսկական պրոֆեսիոնալների և համահայկական այն ներուժինը, որն ի զորու է տիրելու էկրանին և կերտելու վաղվա մեր հաղթող տեսակը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅՆ

Դիտվել է՝ 543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ