Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Ալիևը հստակորեն գնում է Ռուսաստանի հետ առճակատման ու գնալով սրում հարաբերությունները. 3

Ալիևը հստակորեն գնում է Ռուսաստանի հետ առճակատման ու գնալով սրում հարաբերությունները. 3
02.09.2025 | 11:02

Սկիզբը՝ այստեղ

Կարևոր է հասկանալ, թե ինչ կա այս ամենի հետևում, բացառված չէ գլոբալիստների պատվերը կամ պարտադրանքը

Հայերիս և Հայաստանի համար իսկապես կարևոր է, թե ինչով կավարտվի Ռուսաստանի հետ Ադրբեջանի առճակատումը՝ անվտանգային և (կամ) տնտեսական փոխադարձ շահերով պայմանավորված քաղաքական առևտրո՞վ, թե այս անգամ երկու պետությունների միջև հարաբերությունների սրումը կխորանա այն աստիճան, որ, ի վերջո, կվերածվի ռազմական բախման: Իրադարձությունների զարգացումը և բաց աղբյուրներում առկա տեղեկությունները կարծես թե ավելի շատ խոսում են վերջին տարբերակի օգտին:

Այո, Բաքուն կրակի հետ է խաղում… Ալիևը սպառնում է բացել զենքի հոսքը դեպի Ուկրաինա: Ալիևը վաղուց թաքուն կամ ոչ այնքան թաքուն զենք է մատակարարում Կիևին, բայց հիմա ուզում է դա անել բացահայտ, պաշտոնապես, հրապարակայնորեն:

Բաքուն դիտարկում է Զելենսկու վարչակարգին սպառազինությունների արտահանման գործող արգելքը վերացնելու տարբերակը, ինչը կարող է պատասխան լինել Ուկրաինայում Ադրբեջանի էներգետիկ օբյեկտներին ռուսական ավիացիայի շարունակական հարվածներին. այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շրջապատին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով, որոնց հղում է արել ադրբեջանական «Haqqin» լրատվական գործակալությունը, նման միջոցի դիմելը հավանական կդառնա, եթե հարձակումներն ազդեն ադրբեջանի պետական նավթային ընկերության (նավթագազային հսկա SOCAR- ի)՝ Ուկրաինայում գտնվող ենթակառուցվածքի վրա: Ընդգծենք՝ արդեն իսկ ազդել են…

Ադրբեջանի պաշտոնական քաղաքական ուղեգծի հնարավոր փոփոխության ազդակ է դարձել Օդեսայի մարզում օգոստոսի 8-ին գազային օբյեկտների ուղղությամբ ռուսական անօդաչուների հարձակումը։ Ինչպես գրել են ԶԼՄ-ները, հարվածը հասցվել է 5 հատ «Խորդենի» կամիկաձե դրոններով, ինչը հրդեհ է առաջացրել և լրջորեն վնասել խողովակաշարի հատվածը: Այդ մայրուղով ադրբեջանական գազը գնում էր Ուկրաինա։

Կառավարությանը մոտ կանգնած ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել են Բաքվի դիրքորոշումը, ըստ որի, ՌԴ- ի կողմից Ադրբեջանի շահերին վնաս հասցնող գործողությունների շարունակման դեպքում իշխանությունները կարող են վերանայել Ուկրաինային սպառազինությունների մատակարարման արգելքի մասին որոշումը և սկսել պահեստներում գտնվող զենքի պաշտոնական վաճառքը:

Ռուսաստանի զինթղթակիցները պնդում են, որ ուկրաինական կողմին ադրբեջանական զենքի մատակարարումը վաղուց արդեն ընթանում է գաղտնի, իսկ ներկայիս հռետորաբանությունը կարող է նշանակել դրանք բաց հարթություն տեղափոխելու պատրաստակամություն:

«Հաշվի առնելով, որ, մի շարք աղբյուրների տվյալներով, Բաքուն արդեն ծավալում է 122 մմ և 155 մմ հրետանային արկերի արտադրություն՝ դրանք հետագայում Ուկրաինա ուղարկելու համար, որոշումն ամեն դեպքում ընդունվել է»,- գրել է զինվորական թղթակից Յուրի Կոտենոկը:

Ռազմական բլոգեր Յուրի Պոդոլյակը հիշեցրել է, որ ռուսական «Խորդենի» հարվածային դրոններով և «Կալիբր» թևավոր հրթիռներով դեռ մինչև վերջերս հարվածներ չէին հասցվել Օդեսայի մարզում գտնվող SOCAR- ի տերմինալին, սակայն իրավիճակը փոխվել է. այժմ այդ օբյեկտն ընդգրկված է օրինական թիրախների ցանկում, ինչը, նրա խոսքով, վաղուց համապատասխանում է պատերազմի վարման նորմերին: Սա է, ըստ բլոգերի, Ռուսաստանի պատասխանն է Ադրբեջանի բացահայտ թշնամական գործողություններին։

«Ի պատասխան երեկ Իլհամ Ալիևը Ռուսաստանի հասցեին հնչեցրեց մի սպառնալիք, որն անձամբ ինձ շատ ծիծաղելի է թվում. «Եթե Ռուսաստանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը Ադրբեջանի շահերի նկատմամբ, ապա պաշտոնական Բաքուն կսկսի դիտարկել Ուկրաինային զենքի մատակարարման էմբարգոյի վերացման հարցը, որն իր զինանոցում է»: Ադրբեջանական բնակչության վրա դա, իհարկե, ինչ- որ ազդեցություն կունենա, բայց մեզ համար ոչ մի տարբերություն չկա, թե պաշտոնական Բաքուն Ուկրաինային հետագայում ինչպես զինամթերք կմատակարարի՝ ուղղակիորե՞ն, թե միջնորդների միջոցով (ինչպես դա անում է արդեն 2023 թվականից)»,– հիշեցրել է Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի վերջին փոփոխությունները, այդ թվում՝ Բաքվի դիրքորոշման փոփոխության պատճառով, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը դադարել է միայն հիպոթետիկ լինել և դարձել է միանգամայն հնարավոր սցենար:

Վերոնշյալի առնչությամբ Պոդոլյակը կարծում է, որ եթե ադրբեջանական զենքը ծախսվի Ուկրաինական ճակատում, որտեղ, ըստ ուկրաինական տվյալների, զգալի մասը ոչնչացվում է մինչև մարտական շփման գծի վրա հայտնվելը, դա Մոսկվայի համար ավելի շահավետ է, քան տարածաշրջանում ռուս- ադրբեջանական հնարավոր պատերազմում նույն զինամթերքի հետ բախվելը։ Ամեն դեպքում, ընդգծել է բլոգերը, դա կհանգեցնի ադրբեջանական բանակի մարտունակության նվազմանը։

«Ես նախկինի պես պնդում եմ, որ պաշտոնական Բաքուն ոչ մի լուրջ պատասխան չունի մեր գործողություններին (ի պատասխան իր ագրեսիվ գործողություններին)։ Նա արդեն (և վաղուց) օգնում է մեր թշնամիներին ինչով կարող է (և այս հարցում մեր համբերությունն ինձ զարմացնում է): Եվ պետք է շարունակել թուլացնել դա անելու նրա հնարավորությունները։ Իսկ ամենակարևորը՝ շարունակել պայքարել Ռուսաստանի ներսում նրա ագենտուրայի դեմ, որը (ինչն հիմա արդեն ակնհայտ է) աշխատում է ի վնաս մեր երկրի և ի շահ ՆԱՏՕ- ի երկրների։ Լավ է, որ այս հարցում ևս մենք այժմ ունենք ամբողջական կոնսենսուս, և այդ պայքարն արդեն սկսվել է»,- ամփոփել է ռազմական բլոգեր Յուրի Պոդոլյակը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան‰

Դիտվել է՝ 260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ