ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մասիսները

Մասիսները
20.03.2015 | 00:52

Այդին
ՄՈՐԻԿՅԱՆ

(սկիզբը` այստեղ)

Արղնիի մութեսարիֆի պաշտոնում էլ՝ կենդանի մնացած հայ անչափահաս պատանիներին ու մանուկներին. «Դիարբեքիր պետք է ուղարկվեն» ասելով, հանձնել է Տիգրանակերտի արյունռուշտ վալի դոկտոր Ռեշիդի վայրագություններին: Արղնիից հետո… նշանակվել է ՈՒրֆայի անկախ մութեսարիֆ և երկրի տարբեր կողմերից հասած 15-20000 հայ տարագրյալների դեմ կատարել է ողբերգական արարքներ: Այստեղ ևս պաշտոնի բարձրացում ստանալով՝ շարունակել է ոճրագործների հետ գործակցելը, ինչը, փաստորեն, կատարելապես հաստատված է:
Նուսրեթ բեյը հայտնել է, թե «հրաման էր ստացվել, որ որևէ հայ կենդանի չպետք է մնար, այլապես սպառնում էր մահապատիժ»:
Բաբերդի կառավարչատան գանձապահ Հովակիմ էֆենդու ընտանիքը մահմեդականություն էր ընդունել և զերծ մնացել տարագրությունից: Նուսրեթը, նրանց տուն գնալով, պահանջել էր, որ աղջիկները իրեն հանձնվեն, և սպառնացել, որ մերժման դեպքում ընտանիքը տարագրվելու է: Նկատի ունենալով, որ տարագրության ժամանակ, համաձայն հասած լուրերի, պետք է ենթարկվեն տարագրյալներին բաժին հասած գազանություններին՝ ջարդվեն ու բնաջնջվեն, կինը, դուստրերը և քույրերը թույն են խմում և մեռնում, իսկ Հովակիմ էֆենդին ու որդին կախվում են:
Նուսրեթը Արղնիում բռնաբարել է դեռահաս Նոյեմին ու նրա քրոջը՝ Ֆիլոմենին:
«Նուսրեթի հետ Նեջատի էֆենդին ևս, Բաբերդի հայերին տարագրելու նպատակով, նրանց սպանել է և ունեցվածքը կողոպտել»:
Նրանք երկուսն էլ մահապատժի դատապարտվեցին:

Դատավորի մուրճի հարված

Ջեմալ Ազմի բեյը, ինչպես նաև «Միություն և առաջադիմություն» կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար Նայիլ բեյը սերտորեն համագործակցել են ստացված գաղտնի հրամանները իրականացնելու գործում… (ինչը) նրանց համարձակություն է տվել անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ հայերին կոտորելու և բնաջնջելու:
Մի շարք հանցագործ, անառակ անձանցից և նույն մակարդակի մի քանի ժանդարմներից նրանց կազմած հրոսակախմբերը իբրև թե ուղեկցելու էին տեղահանության ենթարկված և պաշտպանության միջոցներից զուրկ հայերի քարավանները, քաղաքից հեռացնելուց հետո ամայի վայրերում տղամարդկանց առանձնացրել են կանանցից, և վերոհիշյալ հանցագործներից կազմված չեթեների հրոսակախմբերը հարձակվելով կողոպտել են նրանց իրերը, այնուհետև աներևակայելի դաժանությամբ սպանել և բնաջնջել բոլորին: Իսկ խեղճ կանանց մի վայր տանելով՝ հափշտակել են նրանց զարդեղենն ու շորերը և բռնաբարել են: Այնուհետև՝ ամիսներով ճանապարհներին դեգերելուց հետո, շատերը մահացել են՝ բոլորովին հյուծված տառապալի ուղևորությունից, սովից, ծարավից: Իսկ (ողջ) մնացածներին Էրզիջանի ճանապարհով ուղարկել են հեռավոր վայրեր: Տրապիզոնում մնացած կանանց ու երեխաների մի մասին պաշտպանելու պատրվակով տեղավորել են հիվանդանոցներում և դերվիշների տներում: Այնուհետև ծովային ճանապարհներով այլևայլ վայրեր տեղափոխելու նպատակով խմբերով նստեցրել են նավերը և ծովի խորքերը տանելով… գցել են ջուրը և բոլորին խեղդամահ արել: Այս դատավարության վերջին նիստում պարզվեց, որ մենք բոլորս համոզված ենք, որ կողոպուտն ու կոտորածը մտահղացվել են ոչ թե Տրապիզոնում, այլ նրա սահմաններից դուրս, այն էլ՝ կանոնավոր և խիստ կազմակերպված: (Լուսաբանող կադրեր):
Դատապարտվում է մահվան:

Դատավորի մուրճի հարված

«Իթթիհադ վե թերաքը» կուսակցության ընդհանուր կենտրոնի անդամներից՝ դոկտոր Բեհաէդդին Շաքիր բեյը՝ որպես «Թաշքիլաթը մահսուսե»-ի նախագահ, Կ. Պոլսից Տրապիզոն, Էրզրում և շրջաններ է գնացել, բանակում եղած ոճրագործների խմբերն ազատ է արձակել, նաև այլ չարագործ անձանցից կազմակերպել է չեթեական խմբեր, դրանց գլուխն անցած, հայերի բռնագաղթի ժամանակ հանկարծակի հարձակվելով սպանություններ և խուզարկություններ է գործել տվել զանազան վայրերում… Խաբեության կամ տգիտության հետևանքով նրանց միացել են ևս մի շարք այլ անձինք ու պաշտոնատարներ: Երբեմն բանավոր, երբեմն էլ գրավոր ծածկագիր հեռագրերով գաղտնի հրահանգներ են պատրաստել և ուղարկել, որոնք իրականություն են դարձրել այս արարքները: Նրանք «Թեշքիլաթը մահսուսեի» անդամների միջոցով բնաջնջել և սպանել են հայերին:
Հիշյալ Բեհաէդդին Շաքիր բեյը Խարբերդում «Իթթիհադ վե թերաքը» կուսակցության պատասխանատու քարտուղար, փախստական ռեսնեցի Նուսրեթ բեյին ծածկագիր հեռագիր է ուղարկել, որի թվականն է 21-ը ապրիլի 1915, և որում բառացիորեն ասված է. «Այդտեղից տարագրված հայերի հաշիվը մաքրվելու է: Դրանց սպանելու և բնաջնջելու հետևանքների մասին տեղյակ պահեք: Թե՞ լոկ քաղաքից դուրս են հանվում և ուղարկվում»։
Վերոհիշյալ եղանակով ուղարկված ծածկագիր-հեռագրից բացի, «Իթթիհադ վե թերաքը» կուսակցության ընդհանուր կենտրոնի անդամների վերաբերյալ գտնված թղթածրարի մեջ վավերագրերի շարքում կա նաև հետևյալը. «Մարդիկ սպանող մսագործներ հավաքողը և ղեկավարը եղել է Բեհաէդդին Շաքիրը»:
Բեհաէդդին Շաքիրը Էրզրումից Անթալիայի կառավարիչ Սապար Սամի բեյին ծածկագրել է. «Էրզրումում, Վանում, Բիթլիսում, Դիարբեքիրում, Սվազում, Տրապիզոնում և շրջաններում նույնիսկ մեկ հայ չթողնելու պայմանով՝ Մոսուլ և Զոր են ուղարկվում: Դուք Անթալիայում այդ ուղղությամբ ի՞նչ եք անում»:
Վերոհիշյալ ոճրագործներից Բեհաէդդին Շաքիր բեյի արարքները քրեական օրենսգրքի 181 հոդվածին են համապատասխանում: Համապատասխան 181 հոդվածի՝ մահվան է դատապարտվում:

Դատավորի մուրճի հարված
Դիարբեքիրի բռնագաղթված հայերի թիվը 120000-ի հասնելը, որը նշված է ներքին գործերի նախարարությանը 1915 թ. սեպտեմբերի 15-ին վալի Ռեշիդի ուղարկած ծածկագիր հեռագրում, բավարար է նկատելու, թե այդ գործն ինչ ծավալ ու ահավորություն ունի:
(շարունակելի)

Դիտվել է՝ 159833

Մեկնաբանություններ