Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
20.09.2016 | 00:06

(սկիզբը՝ այստեղ)

ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է «ПЕРЕСТРОЙКА-2»


Ամերիկացիները խնդիր էին դրել հաշվարկել, թե մեր ժամանակներում ինժեներներն ի՞նչ արագությամբ պետք է կարողանան առաջ գնալ, վազել, որպեսզի իրենց մասնագիտական մակարդակները կարողանան պահել օրվա պահանջներին համապատասխան, մնալ տեղում: 1960 թվականից սկսած համաշխարհային գիտությունը, տեխնիկան, տեխնոլոգիաներն ու տնտեսությունները, ընդհանրապես, զարգանում էին այնպիսի կայծակնային արագությամբ ու արագացմամբ, որը հասանելի չէր Խորհրդային Միության դանդաղաշարժ կուսակցական-բյուրոկրատական համակարգի հսկողության տակ աշխատող տնտեսության համար, օրվա պահանջներից շեղված, հորինված կանոններով, դանդաղ, կրիայի քայլերով հետ ու առաջ շարժվող՝ ինժեներական հանրության առաջ դնելով ռուսական կոնսերվատիվիզմին բնորոշ ուղղորդող գաղափարը. раньше батьки в воду не влезть: Ամեն ինչ կարող էր սկսվել միայն Կրեմլի կամ տեղական բատկաների արժեքավոր ցուցումները ստանալուց հետո, բոլոր նախաձեռնողական աշխատանքները անխտիր պետք է անցնեին վերևների մաղերով, նրանց համաձայնությամբ: Սա վերաբերում էր խորհրդային հասարակության բոլոր շերտերին՝ վերից վար: Հայտնի է, թե սկսնակ Բրեժնևին ինչ անարգանքի ենթարկեց Խրուշչովը, երբ առանց Կրեմլի հետ նախօրոք համաձայնեցման կամ տեղյակ պահելու, արդյունաբերական մեծ ցուցահանդես էր կազմակերպել Դնեպրոպետրովսկում: Ոչ մի ինքնուրույն քայլ, ոչ մի նախաձեռնողական դրսևորում, ոչ մի ինքնագործունեություն, ամեն ինչի համար պետք է հարցնել բարձր ղեկավարությանն ու գործել միայն նրա համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո:

Ներքևից եկող նախաձեռնությունները վտանգավոր էին թվում վերևում նստած ղեկավարներին. դրա տակ տեսնում էին իրենց շրջանցելու, իրենց տեղի վրա աչք ունենալու, իրենց պաշտոնները գրավելու միտում: Այդ հողի վրա ինքնասպան եղավ խորհրդային գրող Ալեքսանդր Ֆադեևը, երբ նրան մեղադրեցին «Молодая гвардия» վեպում ԽՄԿԿ կարևոր դերը չնշմարելու համար։ Ըստ Ֆադեևի վեպի՝ կոմերիտականներ Օլեգ Կոշևոյը, Ժորա Հարությունյանն ու մյուսները զինված պայքար էին սկսել գերմանացի ֆաշիստների դեմ, մատաղ կյանքերը զոհաբերելու գնով հաջողությունների էին հասել, բայց կոմունիստական կուսակցության հետ նախօրոք չհամաձայնեցնելով իրենց այդ քայլը, հատուկ չընդգծելով կուսակցության ղեկավար դերը։ Չէ՛ր կարելի։ Ցանկացած գործի գլխին, ամենուր պետք է կանգնած լինեին կոմունիստական կուսակցությունն ու Կրեմլի բարձր ղեկավարությունը:
Խորհրդային պլանային տնտեսության զարգացման հնարավորությունները հասկանալու և գնահատելու համար, որը վաղ, թե ուշ այլասերվելու ու հեռանկարում վերածվելու էր ստվերային տնտեսության, պետք է, առաջին հերթին, հաշվի առնել մարդկային գործոնի կարևոր դերը հետագա զարգացումներում։

Պետք է հիշել, թե ինչ էր սպասում խորհրդային կուսակցական, պետական ու չինովնիկական այլ ղեկավար գործիչներին՝ պաշտոնանկության կամ թոշակի անցնելուց հետո: Հիշենք Խրուշչովին: Իր ղեկավարության տարիներին Խրուշչովը царь и бог էր բոլորի համար, ոչ մի սահմանափակում, ստանում էր այն, ինչը ցանկանում էր, անում էր այն, ինչը խելքին փչում էր: Պաշտոնանկ լինելուց հետո, Բրեժնևի տարիներին նա դարձավ համամիութենական կարգի անհատական թոշակառու՝ կենցաղային ու նյութական ապահովության սահմանափակ հնարավորություններով, ապրում էր միայն թոշակով, հուշեր գրելու գործն էլ էր դրված փակի տակ: Մինչ այդ վիճակին հասնելը Խրուշչովը անձամբ էր տեռորի ու քրեական հետապնդումների ենթարկել գեներալիսիմուս Ստալինի որդուն՝ Վասիլի Ստալինին, որը մահացավ չքավորության մեջ՝ գրեթե բոմժի կարգավիճակով:


Բրեժնևի մահից հետո բոմժի ճակատագրին արժանացավ նաև նրա դուստր Գալինա Բրեժնևան: Ցանկացած մակարդակի խորհրդային ղեկավար անձ քաջատեղյակ էր այս պատմություններին ու հասկանում էր, որ յոթերորդ երկինքները ժամանակավոր հանգրվաններ են իրենց ու իրենց ընտանիքի անդամների համար, որ ժամանակները գալու են, ու իրենք անպայմանորեն հայտնվելու են կենսակերպի ստորին մակարդակներում, կյանքի հատակում, թշվառության մեջ, միջանկյալ վիճակներ չկան, գոյություն չունեն, ապագայի մասին պետք է ժամանակին մտածել՝ սկսած այսօրվանից, երբ պաշտոնը լայն հնարավորություն է տալիս նեղ օրերի համար պաշար հավաքելու: Պաշտոնաթող ղեկավար այրերի նախկին կենսամակարդակը պահպանելու հարցում խորհրդային պետությունը երբեք որևիցե հանձնառություն չի ունեցել, այն լիովին թողնված է եղել կոնկրետ պաշտոնյաների մտահոգության դաշտում: Ի՞նչ անել, ինչպե՞ս շարունակել ներկայիս բարեկեցիկ կյանքը հետագայում, երբ օրերից մի օր, բայց անպայմանորեն կորցնելու ես քեզ պահող պաշտոնն ու զրկվելու ես քեզ լավ կերակրող խորհրդային կերակրատաշտից։ Դա խորհրդային ղեկավայր այրերի զուտ անձնական խնդիրն էր:


Խորհրդային Միությունում չինովնիկության հիշյալ խնդիրն ուներ լուծման միայն մեկ իրատեսական ճանապարհ. պետք է գողանալ, գողանալ քաղաքացիներից, գողանալ կուսակցությունից ու պետությունից, ղեկավարվող օբյեկտը, կազմակերպությունը կամ հանրապետությունը պետք է դարձնել կթու կով, ձրի մսուր, գռփելու միջոց՝ սեփական ընտանիքի կարիքները այսօր ու ապագայում բարձր մակարդակով բավարարելու համար՝ սին հույսեր չկապելով խորհրդային երկրի տնտեսության բարգավաճման ու քաղաքացիների կենսամակարդակի համընդհանուր, յոթնապատիկ բարձրացման հետ, ինչը չկար ու չէր էլ կարող լինել։ Դրանց նախադրյալները չկային ու չէին էլ երևում, խորհրդային չինովնիկները դա լավ գիտեին, պարզ տեսնում էին իրենց զբաղեցրած վեհ բարձունքներից։


Չինովնիկական այդ մտահոգությունը խիստ արդիական է դարձել նաև մեր օրերում, կարելի է ասել, որ այն ժառանգաբար անցել է մեր անկախ երկրի բոլոր ղեկավարներին, որոնց տանջում է մեկ հարց. ի՞նչ կլինի իրենց հետ, եթե մարդիկ մի օր ուշքի գան ու տրամաբանական հարց տան, ո՞վ, ինչպե՞ս ու զարտուղի ի՞նչ ճանապարհներով դարձավ միլիոնատեր պատգամավոր կամ միլիարդատեր վարչապետ, ի՞նչ եղավ բարգավաճող Հայաստան երկրի հետ ու ինչպե՞ս շտկել դրությունը, ինչպե՞ս վերականգնել մեր երկրի տնտեսությունն ու արդյունաբերությունը:
Խորհրդային ու հետխորհրդային անկախ երկրների չինովնիկության մտահոգությունները միասնական են իրենց ձևով, բայց խիստ տարբեր են իրենց բովանդակությամբ. պաշարի փոխարեն հետխորհրդային երկրների բարձր ղեկավարներն ավարներ են հավաքում՝ կաշառակերության զարգացման, երկրի արդյունաբերական հզորությունների ոչնչացման, նավթի, մոլիբդենի, ուրանի, փայտանյութի, սևահողի ու, մարդկային երևակայության սահմաններում չտեղավորվող, տարատեսակ այլ բնական ռեսուրսները օֆշորների միջոցով անխնա, շան մսի գնով օտարման, միջազգային վարկերի յուրացման ու բազում այլ չարագործությունների միջոցով: Խորհրդային բարձր չինովնիկությունն անչափ համեստ էր գտնվել իր նկրտումների բնագավառում՝ բավարարվելով, թերևս, միայն ստվերային տնտեսության զարգացման (պետք է խոստովանել, որ չնայած իր հանցագործ բնույթին, այն նպաստել է արդյունաբերության, տեխնիկայի ու տեխնոլոգիաների որքան էլ ստվերային, բայց, ամեն դեպքում, զարգացմանը), կուսակցական փողերի յուրացման կամ այլ երկրներին ու «եղբայրական» կուսակցություններին տրամադրված օգնություններից «վերցրած» մասնահանումներով:


Կուսակցական փողերի յուրացման մի օրիգինալ դեպք հայտնի դարձավ Աբովյանի «Սիրիուս» գործարանում: ՀԿՏԲ-ի կուսկազմակերպության քարտուղար, գիտությունների թեկնածու Սեդա Ալթունյանը յուրաքանչյուր ամիս 100-200 ռուբլի հավելյալ գումար էր գրպանում կուսակցական անդամավճարների հաշվին: Նա պահել էր անդամավճարների երկու ցուցակ. մեկով, ինչպես հարկն է, գանձումներ էր կատարում կուսակցականներից՝ ելնելով նրանց ընթացիկ աշխատավարձերից, մյուսում, արդեն շրջկոմ ուղարկվող ցուցակում, աշխատավարձերի չափը նվազեցրել էր ու ավելի քիչ հավաքագրում էր ցույց տվել, տարբերությունը դառնում էր նրա անձնական օգուտն ու, համապատասխանաբար, կուսակցությանը հասցրած վնասը: Դրա համար Սեդա Արամովնային հեռացրին կոմունիստական կուսակցության շարքերից, ինչի համար նա չէր էլ ափսոսում։ Բայց շատ էր ափսոսում, որ չկարողացավ ավելի մեծ վնաս հասցնել իր ատելի ԽՄԿԿ-ին ու քիչ օգնություն հասցնել կարիքավոր ուսանողներին, որոնց նա ամեն Աստծո ամիս տրամադրել էր կոմունիստական հավելագրումները: Սա՝ ներքևներում տեղի ունեցող գանձագողությունների մասին, որը տոկոս անգամ չէր կազմում այն պետական մասշտաբային թալանի համեմատ, որը կատարվում էր հենց «Սիրիուսում»։


Որոշակի վերապահումներով կարելի է անհավանական գանձագողությունների դեպքեր պատմել՝ կապված Կրեմլի ամենաազնիվ, ամենակոնսերվատիվ պետական գործչի անուն հանած «գորշ կարդինալ» Միխայիլ Սուսլովի հետ: Նրա կենսագիրները պատմում են, որ Սուսլովը, ի տարբերություն Խրուշչովի ու Բրեժնևի, արտասահմանյան ուղևորությունների չէր գնում, դրա մեծ սիրահարը չէր, տարեկան մի քանի անգամ միայն Փարիզ էր գնում և մշտապես խուսափում էր պաշտոնական հանդիպումներից, ինչո՞ւ։ Կենսագիրները չգիտեն հարցի պատասխանը։ Ըստ իս, Սուսլովի փարիզյան ուղևորությունները ոչ մի կապ չունեին կոմունիստական կուսակցության գաղափարախոսության, միջազգային կարևոր հարթակներում ԽՍՀՄ հաղթարշավը ապահովելու և պետական նշանակության այլ կարևոր գործերի հետ։ Դրանք զուտ անձնական բնույթի ուղևորություններ էին, որոնք չէին լուսաբանվում: Սուսլովը մեկնում էր իր դստեր՝ Մայայի ու թոռների մոտ։ Փարիզում լուծում էր նրանց կայուն ապագային առնչվող ֆինանսական խնդիրները: Նրա փեսան իմ ասպիրանտ-ընկերներից էր, որը Սուսլովի դստեր հետ ամուսնանալուց հետո անմիջապես թողեց Մոսկվայի «Պուլսար» ԳՀԻ-ի ասպիրանտուրան ու տեղափոխվեց Փարիզ՝ աշխատանքի անցնելով Ֆրանսիայում Խորհրդային Միության դեսպանությունում՝ ռազմական կցորդի պաշտոնում:

Դատելով Սուսլովի տնեցիներին պատկանող եվրոպական ապարանքների չափերից ու ճարտարապետական տեսքից (այս չափանիշներով նրանք գերազանցում են Հովիկ Աբրահամյանի երևանյան ապարանքները), կարելի է վստահաբար ասել, որ Սուսլովը հասցրել էր ժամանակին հոգալ իր ընտանիքի անդամների հոգսերը՝ նրանց թողնելով թոռից թոռ երջանիկ ու անհոգ կյանքով ապրելու համար անհրաժեշտ ֆինանսական լայն հնարավորություններ, որը այնժամ, այժմ ու հավիտյանս հավիտենից հնարավոր էր իրականություն դարձնել միայն արտասահմանում: Նման մարդկանց համար Խորհրդային Միությունում ապրելը վտանգավոր էր, որովհետև այդ երկիրը ապագա չուներ՝ ըստ Սուսլովի ու Կրեմլի մյուս ղեկավարների, այդ թվում նաև ըստ Խրուշչովի, որի որդի Սերգեյ Խրուշչովը ևս ապրում է ԱՄՆ-ում: Ըստ էության, հետխորհրդային երկրներում իրենց տնեցիների ապագան սեփական հայրենիքում չեն տեսնում նաև հետխորհրդային երկրների ղեկավար այրերը, որոնք շարունակաբար իրենց ավարը դուրս են հանում ու տեղավորում արտասահմանյան բանկերում՝ հույս ունենալով, որ դրանք ապագայում պետք կգան, սեփական երկրի հետ առանձնակի հույսեր չեն կապում, երկրի հետ ունեցած ֆունկցիոնալ կապը կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է թալանի հնարավորությունը, իսկ թե ի՞նչ կլինի շարքային քաղաքացիների ու նրանց տնեցիների հետ այսօր ու ապագայում, նրանց հետաքրքիր չէ, կարևորն այն է, որ իրենց անձնական գործերը լավ լինեն:


Եթե փորձենք ուսումնասիրել Խորհրդային Միության բոլոր քաղաքացիների ունեցած իրական կարգավիճակը՝ անկախ պետական ստորակարգության մեջ իրենց գրաված դիրքից՝ խնդիրը դիտարկելով միայն նրանց նյութական ապահովության ու իրավունքների տեսակետերից, ապա կտեսնենք, որ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլոր քաղաքացիները, ըստ էության, ազատ չէին, այլ պետական մեքենայից գտնվում էին ճորտային կախվածության մեջ: Եթե ճորտատիրական հասարակարգում մարդիկ (գյուղացիները) իրենց ֆեոդալներից գտնվում էին նյութական ու անձնական դեյուրե կախվածության մեջ, ապա խորհրդային հասարակության մեջ քաղաքացիները ազատ էին միայն դեյուրե, դեֆակտո նրանք ևս գտնվում էին համարժեք կախվածության մեջ իրենց վերադասից ու գործում էին պետական մեքենայի նախանշած շրջանակների սահմաններում:


Մարդը նյութապես շատ թե քիչ ապահովված էր լինում այնքան ժամանակ, քանի դեռ աշխատում էր պետական հիմնարկությունում, եկամտի ոչ մի այլ նշանակալի աղբյուր, սեփական բիզնես կամ սեփական արտադրություն խորհրդային քաղաքացին չէր կարող ունենալ, օրենքով էր դա արգելված։ Համարվում էր հանցավոր արարք: Այս կախվածությունն էլ դարձավ այն հիմնական խոչընդոտներից մեկը, որն արգելափակեց խորհրդային պլանային տնտեսության զարգացումն ու վստահաբար այն տարավ խորհրդային տնտեսության թռիչքային որակափոխման, մուտացիայի ու ստվերային տնտեսության ձևավորման, որը Գորբաչովի տարիներին հասցրել էր հզորանալ այն աստիճանի, որ դարձել էր թելադրող գործոն ու իր կարևոր հետքը թողեց Խորհրդային Միության լիակատար կործանման հարցում:
Խորհրդային շարքային ճորտի կարգավիճակում չհայտնվելու հեռանկարից խուսափելու համար (գոնե նյութական ապահովության տեսակետից) հետխորհրդային երկրների բոլոր ղեկավարներն իրենց առաջնահերթ գործն էին համարում անձնական հարստություններ կուտակելը։ Օրինակները շատ են, կարելի է ասել՝ գործը համատարած էր: Իմ նախկին կոլեգաներից մեկը, տեխնիկական գիտությունների դոկտոր, հետագայում Ղրղզստանի նախագահ Ասկար Ակաևը իր նախագահական պաշտոնավարման ընթացքում հասցրեց հարստանալ այն աստիճանի, որ մի կողմ թողեց գիտական կարիերան (նա օպտիկայի բնագավառում համարվում էր խորհրդային լավագույն մասնագետերից մեկը), մոռացավ գործընկերներին ու հիմա շարունակում է իր անհոգ ու հարուստ կյանքը Թուրքիայի սեփական ապարանքում:


Նուրսուլթան Նազարբաևի, Իլհամ Ալիևի, Պյոտր Պորոշենկոյի մասին խոսելն անգամ ավելորդ է, հեռվից հեռու է երևում, թե ինչ թափ են նրանք առել: Առաջին հայացքից այստեղ կարող էր բացառություն կազմել միայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կարելի է մտածել, որ նա անշահախնդիր ու միայն պետական գործերով մտահոգված մարդ է, նման չէ հետխորհրդային իր կոլեգաներին։ Բայց միայն առաջին հայացքից: Մեր ունեցած դիվանագիտական կցկտուր աղբյուրներից պարզվում է, որ Լուկաշենկոն, իր անձնական նախաձեռնությամբ, կարողանում է ակտիվ տնտեսական կապերի մեջ մտնել այլ երկրների օլիգարխների հետ, ենթադրվում է, որ դա միայն իր երկրի պետական շահերից չի բխում: Այսպիսի մի փաստ: Ժամանակին փորձում էի աշխատանքային ուղղակի կապեր հաստատել Բելառուսի որոշ ձեռնարկությունների հետ՝ մեր արևային տեխնոլոգիաները համատեղ առաջ տանելու։ Բելառուսի մասնագետների հետ նախնական համաձայնության էինք եկել, բայց շատ արագ ես կորցրի իմ հետաքրքրությունն ու հետ կանգնեցի համատեղ արտադրություն կազմակերպելու մտադրությունից՝ լսելով Բելառուսի դեսպան Ստեպան Նիկոլաևիչ Սուխորենկայի հետևյալ խոսքը. «Есть указание Лукашенко: любой бизнес, который связан с Арменией, надо делать через Царукяна»։ Մեկնաբանությունները, կարելի է ասել, ավելորդ են։


Բայց կարելի է նաև այս թեման շարունակել ու զարգացնել, գտնել երկրի ներքին գործերին միջամտելու, հետխորհրդային օլիգարխիայի ներքին պայմանավորվածությունների, ԽՍՀՄ տարածքում միասնական օլիգարխիկ միջավայր ստեղծելու իրական նախանշանները: Ի՞նչ ազատ գորբաչովյան շուկաներ, ի՞նչ ազատ շուկայական հարաբերություններ, հետխորհրդային բոլոր երկրների ղեկավար այրերը դարձել են օլիգարխիկ ընդհանուր համակարգի անդամ, կազմել են մեկ միասնական բռունցք, օլիգարխիկ համերաշխության ու փոխադարձ աջակցության պատրաստ տիպաժների մի ամբողջություն, օլիգարխիկ միասնական ակումբի անդամ, լծվել են իրենց անձնական խնդիրները լուծելու, իրենց ամբարները լցնելու գործերին։ Նրանց համար Ղարաբաղի կամ Մալոռոսիայի մսաղացներն ընդամենը շիրմա են, պայմանավորված պատերազմներ, որոնք ունեն մարդկանց ուշադրությունը շեղելու, պետական մակարդակով կազմակերպված թալանը միջազգային մասշտաբով քողարկելու ու ավելի բարձր տեմպերով շարունակելու միտում:
Լուկաշենկոն մշտապես փորձում է իրեն ներկայացնել, որպես արդարացի, երկրի հոգսերով մտահոգ, պետական մտածողությամբ գործչի տիպար, բայց դեմ չէ ուրիշների, վստահելի օլիգարխների միջոցով Բելառուսում կոնյակի բիզնես կազմակերպելուն, պոմիդորի հույսերով Ստամբուլում մուսուլմանական հավաքներին մասնակցելուն, նավթի հոտից շլացած Բաքվի կողքին կանգնելուն: Խոսակցություններ կան, որ Բաքվի նավթային բիզնեսի բաժնետերերի շարքում, առանց բացառության, ընդգրկված են հետխորհրդային բոլոր նախագահները: Այս տեսակետից մի քիչ արդարացի չէ, երբ Հայաստանում կամ սփյուռքում խոսում են մեր նախագահների ու վարչապետերի միլիարդավոր դոլարների հասնող ավարներից, որոնք կարող են միայն չնչին մասը կազմել Խորհրդային Միությունում կատարված այն մեծ թալանի, որը բաժին հասավ հետխորհրդային մնացած երկրների նախագահներին ու վարչապետերին, և ոչ միայն նրանց: Հետխորհրդային օլիգարխիկ կուռ համակարգի ձևավորման խնդիրը դուրս է գալիս բարոյականության, սոցիալական արդարության դաշտից: Սա այնպիսի զավեշտալի միավորում է, այնպիսի մի չարորակ ուռուցք մեր հետխորհրդային կյանքում, որը ոչ միայն պատասխանատվություն չի կրում ԽՍՀՄ փլուզման հարցում իր ունեցած բացասական դերակատարության համար կամ հետաքրքրված չէ տնտեսությունների զարգացման հարցում, այլև շահագրգռված է երկրների տնտեսությունների հետագա տապալմամբ՝ միշտ պատրաստ լինելով անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվելու այն երկրների իշխանություններին, որոնց բանկերում պահում են իրենց ավարը:


Պուտինի թափած ջանքերը, որ օլիգարխների կողմից երկրից դուրս բերված կապիտալը մի օր հետ բերվի ու ներդրվի երկրի տնտեսության մեջ, իզուր են։ Օլիգարխները սեփական երկրներում ներդրումներ կատարելու մեծ ցանկություն չունեն, այն կատարում են առանց մեծ խանդավառության՝ հաճախ միայն պարտադրանքի տակ: Դա նկատելի է Ռուսաստանի օրինակով։ Պուտինն իր օլիգարխներին մի քանի անգամ ամնիստիա հայտարարեց, որպեսզի նրանք առանց վախենալու կարողանան իրենց գողացած փողերը արտասահմանյան բանկերից հետ բերել ու ներդնել սեփական երկրի տնտեսության մեջ, ոչինչ չի ստացվում, տպավորությունն այնպիսին է, որ օլիգարխներն ավելի հակված են, որ իրենց երկրները տնտեսապես տապալվեն, միայն թե սեփական ունեցվածքը մնա իրենց տրամադրության տակ և արտասահմանյան բանկերում: Այս իրադրությունը հատուկ է նաև Հայաստանին 25 տարվա ընթացքում մեր գիտնականները ոչ մի մազի օժանդակություն չստացան սեփական օլիգարխներից այն դեպքում, երբ հնարավոր էր համատեղ ուժերով տարատեսակ շահավետ բիզնեսներ կազմակերպել, երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից։ Ցավոք, բոլորի հետաքրքրության ցուցանիշը հավասար է բացարձակ զրոյի: Այսպես շարունակվել չի կարող։ Խորհրդային պլանային տնտեսությունը վերածվել է երկրի համար անպտուղ ստվերային-ատկատային տնտեսության այն դեպքում, երբ մրցակից երկրների տնտեսությունները զարգանում են նախկինից ավելի արագ տեմպերով։ Հետխորհրդային երկրների միջին տեխնոլոգիական մակարդակը պոտենցիալ մրցակիցներից հետ է մնում 30-35 տարով։
Անելանելի վիճակ է ստեղծվում մեր արտադրական ձեռնարկությունների համար:

Ժամանակակից արդյունաբերության համար արդեն կրիտիկական նշանակություն ունի 1-2 տարվա տեխնոլոգիական հետամնացության աստիճանը, որը սահմանափակ հնարավորություններ է ստեղծում աշխատելու անգամ ներքին շուկայի համար: Ի՞նչ անել, ինչպե՞ս դուրս գալ ստեղծված տնտեսական կոլապսից: Այս հարցերը ամենից շատ են հուզում մեր շարքային քաղաքացիներին, որոնք մի կերպ գոյատևում են և հույսով սպասում, թե բանականությունը, ի վերջո, կհաղթանակի ու մեր իշխանությունները վճռական քայլեր կձեռնարկեն, որ երկրի տնտեսությունը վերջապես կկարողանա դուրս գալ տնտեսական ճգնաժամից, մանավանդ որ դրա նախադրյալները արդեն կան։


Անցած 25 տարիներին մեր գիտնականները քնած չեն մնացել, ստեղծել են բավականին մեծ գիտական պաշար՝ հիմնված նոր գաղափարների ու նորագույն տեխնոլոգիաների վրա: Դրանց ներդրումը թույլ կտա կտրուկ շրջադարձ կատարել դեպի տնտեսական կայուն զարգացում: Ցավոք, այստեղ լուրջ խնդիրներ են առաջացել. մեր տեխնիկական մտավորականությունը պատրաստ չէ համագործակցելու մեր օլիգարխների հետ, օգտագործելու նրանց կուտակած կապիտալը։ Ձևավորվել է փոխադարձ անվստահության անտանելի մթնոլորտ։ Օլիգարխները չեն ցանկանում ներդրումներ կատարել գիտական աշխատանքների կոմերցիալիզացիայի համար՝ ելնելով գիտնականների արդարացի պահանջատիրությունից, գիտնականները, իրենց հերթին, պատրաստ չեն ինվեստիցիաներ ընդունելու օլիգարխներից, որոնց կապիտալը, մեղմ ասած, օրինական չէ: Մտահոգության առարկաներից է նաև այն, որ օլիգարխները չեն կարող համաձայնել մեր ինժեներների ու գիտնականների հետ ընդհանուր բիզնեսի մեջ մտնելու՝ որպես հավասարը հավասարի: Բացի այդ, գիտնականներն էլ մտահոգ են, որ մեր մշակած նոր տեխնոլոգիաները, գաղափարներն ու նախագծերը օլիգարխների ձեռքերում կդառնան էժանագին բիզնեսի առարկա ու կսկսեն վաճառվել շան մսի գնով, ինչպես տեղի է ունեցել բազմիցս ու շարունակվում է հաստոցների, տեխնոլոգիաների, հումքի ու հանքանյութերի վաճառման պարագայում: Այս մտահոգությունը միայն մերը չէ, այդ կարծիքին են նաև Ռուսաստանի մեր գործընկերները՝ հիշելով ու հիշեցնելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կոալիցիայի կողմից Գերմանիայի տնտեսության կազմակերպված թալանի պատմությունը:


Հաղթանակից հետո, 1945-48 թվականներին Խորհրդային Միությունը կազմակերպված ձևով սկսեց ապամոնտաժել ու երկիր բերել գերմանական կարևոր գործարաններն այն դեպքում, երբ ամերիկացիները, որպես ռազմավար, Գերմանիայից տարան միայն գերմանական պատենտային փաստաթղթերը՝ ուշադրություն չդարձնելով օկուպացված արևմտյան տարածքներում եղած խոշոր գործարանների վրա: Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ, ամեն դեպքում, ամերիկացիները ճիշտ էին վարվել։ Սեփական երկրներում գործարկել աշխատող գործարանները նշանակում է պլանավորված ձևով սեփական երկրի տնտեսությունը տասնյակ տարիներով հետ մղել համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի մակարդակից։ Պատենտների ներդրումը թույլ կտար տարիներով առաջ մղել սեփական տեխնոլոգիաներն ու նրանց բազայի վրա կառուցել մրցակցային լուրջ առավելություններ ունեցող արդյունաբերություն և ընդհանուր տնտեսություն:


Իր երկրի խորհրդային թալանից Գերմանիան միայն շահեց՝ թարմացնելով իր տեխնոլոգիաներն ու առաջ մղելով արտադրությունները, ինչը թույլ տվեց առաջ անցնել զարգացած երկրներից, այդ թվում իր երկրի պատենտները գողացած ԱՄՆ-ից ու, առավել ևս, Խորհրդային Միությունից: Այստեղ մասնագետները տեսնում են գերմանացի ինժեներների ու գիտնականների ավելի մոտիվացված լինելն ու տարբեր բնագավառներում կոլեկտիվ հետազոտություններ կազմակերպելու ներքին մղման հնարավորությունը: Մեր երկրներում ստեղծվել է նույն այն իրավիճակը, ինչը ստեղծվել էր Գերմանիայում՝ կապիտուլյացիայից հետո։ Փաստորեն մենք էլ ենք անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվել Արևմուտքի առաջ ու գնում ենք նրա նախանշած ճանապարհային քարտեզի ոգուն ու տառին համապատասխան: Հուսով ենք, որ ծանր պայմաններում հայտնված մեր գիտական ներուժը իր համար ճանապարհ կհարթի դեպի նոր ու նորագույն տեխնոլոգիաները և ցույց կտա երկրի տնտեսության թռիչքային զարգացման մի աննախադեպ ուսանելի օրինակ:

Պրակտիկ արդյունքների հասնելու և տնտեսությունը վերականգնելու համար մեր հետխորհրդային առաջադեմ տեխնիկական մտավորականությանը անհրաժեշտ է ընդամենը հաղթահարել սեփական օլիգարխիկ համակարգի կատաղի դիմադրությունը, որը նկատելի է ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վորոնեժում, Լվովում, Կիևում, Մինսկում, Նովոսիբիրսկում ու ԽՍՀՄ գիտական մյուս կենտրոններում: Օլիգարխները սկզբունքորեն դեմ են երկրի զարգացմանը ու այդպես շարունակելու են, որովհետև դա է նրանց գրաված, ավելի ճիշտ կլինի ասել, նրանց բռնատիրած դիրքերը պահելու կայուն գրավականը: ԽՄԿԿ կուսակցական բյուրոկրատիային կորցնելուց հետո մենք դեմ առ դեմ հանդիպեցինք ավելի դաժան ու վտանգավոր օլիգարխների բանակին, որը պետք է ասպարեզից հեռացվի նոր, արդեն մտածված ու գիտականորեն հիմնավորված «перестройка-2» հետխորհրդային միասնական շարժման միջոցով: Այլ ճանապարհներ առայժմ տեսանելի չեն, չեն նշմարվում:

(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ