Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
14.10.2016 | 00:27

(սկիզբը՝ այստեղ)

Թող ինձ ներեն մեր հարգարժան ընթեցողները, երբ ես գորբաչովյան թեմայից շեղվում ու հաճախ մերօրյա խնդիրներին եմ անդրադառնում։ Ինչ արած, մարդու սիրտը ճմլվում է՝ տեսնելով, թե մեր սիրելի երկրում ինչեր են կատարվում, ու անպատասխան է մնում մեր հարցերի հարցը՝ ե՞րբ ենք վերջապես խելքի գալու։ Թե՞ այսպես շարունակելու ենք մինչև մեր վերջը, ինչը գնալով ավելի ու ավելի է մոտենում՝ դառնալով իրատեսական ու անխուսափելի: Վերջին հաշվով Գորբաչովի հերն էլ անիծած։ Իհարկե, դատելով նրա գործունեության արդյունքներից, կարելի է հասկանալ, որ նա պետական դավաճան ու պետական հանցագործ էր, որը գերազանց կատարեց անգլիական հետախուզության հանձնարարած բոլոր առաջադրանքներն ու ասպարեզից հեռացավ: Գորբաչովի ֆենոմենն այն էր, որ նրան հաջողվեց 300-միլիոնանոց խորհրդային ժողովրդին հրապուրել իր շինծու գաղափարներով, մարդկանց հիմարեցնել ու աշխարհի հզորագույն միջուկային երկիրը խրել այնպիսի ծանծաղուտի մեջ, որից դուրս հանելը հնարավոր լիներ միայն մաս-մաս՝ մասնատված ձևով: Հետխորհրդային բոլոր երկրները հայտնվել են գրեթե նույն ճգնաժամային իրավիճակում և առանձին-առանձին շարունակում են ավելի խրվել ու խորանալ ծանծաղուտում՝ այնտեղից դուրս գալու և վերակենդանանալու ոչ մի նշան ցույց չտալով:


Երկիրը ծանր վիճակի մեջ գցելու, երկիրը հիմնահատակ քանդելու Գորբաչովի տեխնոլոգիաներն ավելի կատարյալ ու բարդ էին, քան դրանք ժամանակին եղել են Լենինի զինանոցում: Դրանք Արևմուտքում կազմված ու Գորբաչովի միջոցով մեզ պարտադրված միասնական ծրագրի դառը պտուղներն են, որոնց հաճույքը մենք դեռ երկար ենք վայելելու: Տարբեր պատճառներով ու կարիերիստական շարժառիթներից ելնելով, մեր երկրներում Գորբաչովի թույլ տված դավաճանական քայլերին ավելացնելով մեր սխալները՝ ավելի ճգնաժամային ու տագնապալի դարձրինք մեր տնտեսության իրական վիճակը։ ՀՀ 14-րդ վարչապետն այն բնութագրեց որպես ծանր, շատ ծանր:


Հետխորհրդային առաջնորդների համեմատությամբ Գորբաչովին կարելի է անմեղ հրեշտակ համարել։ Մեր առաջնորդներն իրենց դավաճանական քայլերում հոգնել կամ կանգ առնել չգիտեն, անընդհատ աշխատում են տանելու և տանելու, քանդելու և քանդելու վրա, «սանրում են ու սանրում» մեր երկիրը։ Հիմնական մեղավորը միայն Գորբաչո՞վն է։ Ճիշտ է ասված՝ գայլի անունն է դուրս եկել, աղվեսներն աշխարհ են քանդում:
Գորբաչովի ամենամեծ դավաճանությունն այն էր, որ ԽՍՀՄ ողջ տնտեսությունը նա փռեց խորհրդային «գայլերի» ու «աղվեսների» ոտքերի տակ (ավելի ճիշտ է ասել՝ սկզբում նա ստեղծեց պահանջված «գայլերին» ու «աղվեսներին»), որոնցից փրկություն չկա, գալիս են, գրաճանաչ են դառնում, հարստանում ու հեռանում են ասպարեզից՝ ստանալով այնքան սպասված շնորհակալագրերը, ավելի ճիշտ՝ պահպանագրերը, որոնք նրանց պետք կգան հետագայում՝ դատական հետապնդումներից խուսափելու համար: ՀՀ 14-րդ վարչապետը նույնպես, օրը ցերեկով, բոլորիս աչքի առաջ, այդպես վարվեց մեր տնտեսության վատ վիճակի համար «հիմնական մեղավոր» ճանաչված կամ պարզապես քավության նոխազ ընտրված քաղաքական ու տնտեսական գործիչների հետ:


Իմ հոդվածաշարի հիմնական իմաստը մեկն է. ազգովին փորձենք գնահատել մեր իրավիճակն ու ճանապարհ գտնենք գորբաչովյան ծուղակներից ու թակարդներից դուրս պրծնելու համար: Քննադատելով Գորբաչովի վարած քաղաքականությունը, ես մեկ անգամ ևս դիմում եմ մեր իշխանություններին (կո՛ւժ, քե՛զ ասեմ, կուլա՛, դո՛ւ լսիր). բավական է, արդեն չափ ու սահմանն անցել եք, վերադարձեք ձեր նախկին դիրքերին, հետ կանգնեք ձեր ընտրած հանցավոր ճանապարհից, եթե այլ ճանապարհ չեք տեսնում, ապա բարի եղեք կամովին դուրս գալ ասպարեզից, չգիտեմ, մի բան արեք, որ մեր ժողովուրդը կարողանա ձեզնից պրծնել ու հանգիստ շունչ քաշել:


Ահա, նորից հնչեցին հայկական իշխանական շեփորներն ու ավետվեց ՀՀ 14-րդ վարչապետի մուտքը դեպի հայկական քաղաքական հարթակ, մենք դիմավորեցինք մեր հերթական ֆանֆարոնին. ի՞նչ է նա անելու, ի՞նչ ճանապարհ է ընտրելու Հայաստանի տնտեսությունն այս ողբալի վիճակից դուրս բերելու համար: Սկիզբը, համոզված եմ, դարձյալ հուսադրող չէ, վառ ապացույցն է, թերևս, այն, որ նոր վարչապետն էլ, իր նախորդների նման, փորձում է մեր տնտեսական ու քաղաքական ծանրագույն խնդիրները լուծել կադրային տեղաշարժերով: Որոշ տեղաշարժերից, իհարկե, մարդիկ գոհ մնացին, շատերին դուր եկավ, որ նրան վերջապես հաջողվեց լուծել հասարակության համար խիստ անցանկալի, օդիոզ ֆիգուրներից ազատվելու հարցը՝ պաշտոններից ազատելով որոշ նախարարների, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Վատ չէր, բայց ովքե՞ր եկան նրանց փոխարինելու։ Համոզված եմ, նորանշանակ նախարարներն էլ դարձյալ ոչինչ չեն կարողանա անել ու անպայման կփոխվեն հաջորդ՝ 15-րդ վարչապետի նախաձեռնությամբ:


Նոր վարչապետն իր կադրային քաղաքականությունը սկսում է նախարարությունների անուններն ու տոհմանունները փոխելով։ Կարելի է, բայց նախորդ 13 վարչապետերից «ժառանգած» հաստոցների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, բանվորների, ինժեներների ու գիտնականների հաշվառումը իրականացնելուց հետո, երբ պարզ կդառնա, թե որն է մեր գիտատեխնիկական ու արտադրական ներուժի իրական պատկերը, ինչի՞ վրա ենք մեր հույսը դնելու: Կարելի է այս ամենը սկսել Սպիտակի աղետի գոտուց, դրան ես պատրաստ եմ աջակցելու:


Չեմ կարող չանդրադառնալ վարչապետին առնչվող նուրբ մի հարցի: Բախտի բերմամբ, թե պատահմամբ էներգետիկայի փոխնախարարներից մեկը 14-րդ վարչապետի փեսան է, որը համակարգում է արևային թեմատիկան։ Նա Հայկ Հարությունյանն է, բավականին շնորհալի մի երիտասարդ, որի մասին անցած տարի առիթ եմ ունեցել գրելու «Իրատեսում»: Նա նման չէ իր գործընկերներից շատերին, ովքեր տարիներ շարունակ ջանք ու եռանդ չեն խնայել՝ իմ ու իմ արևային ուղղության դեմ պայքարելու համար: Հայկը եղել է Աբովյանի հելիոպոլիգոնում, գտել ենք հետաքրքրությունների ընդհանուր եզրեր, բայց իր գործում նա մի լուրջ բացթողում է ունեցել. պետք է պայքարեր, որ իր նման երիտասարդները հավաքվեին ընդհանուր արևային գաղափարի շուրջ, ու միասին աշխատեինք: Այստեղ լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, ես հույս ունեի, որ Հայկը կօգնի իր նման երիտասարդ, բայց արդեն անունով գիտնական Վահագն Հերունուն, որ նա ավարտի իր հոր՝ ակադեմիկոս Պարիս Հերունու կիսատ թողած «Արև» տիպի էլեկտրակայանների կառուցման ծրագիրը, ինչը շատ կարևոր կլիներ Հայաստանի համար: Ի դեպ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահագն Հերունին հրավիրվել է Ամերիկա՝ աշխատելու արևային հզոր ընկերություններից մեկում:


Մեր իշխանությունների գործառույթներում պետք է կարևորվի հայ մասնագետների ներուժն օգտագործելու խնդիրը։ Ոչինչ, որ երիտասարդ, բայց հոր նման հանճարեղ Վահագն Հերունին (ինչպես ասում են՝ հորից գազ քաշած չլինի, մազ քաշած կլինի) աշխատում է Ամերիկայում, կարելի է նրա միջոցով սկսել Հայաստան-Ամերիկա գիտատեխնիկական լայն համագործակցությունը, որ մեզ համար օդի ու ջրի նման կարևոր է, որովհետև նման իրողությունը մեր գործարարներին թույլ կտա օգտագործել Ամերիկայի նման զարգացած երկրի տեխնոլոգիական հզոր պոտենցիալը՝ մեր տնտեսությունը ոտքի հանելու, արդյունքում կզարգանան նաև սփյուռքի հետ ունեցած մեր կապերը:


Հասարակական հարաբերությունների ձևավորման հարցերը քննարկելիս մշտապես առաջին պլան են մղված տնտեսական հարաբերությունները՝ ուշադրությունից դուրս թողնելով առանձնահատուկ մի գործոն՝ մարդը որպես հասարակության սուբյեկտ: Մարդը, որպես կենսաբանական սուբյեկտ, կուտակային համակարգ է, նա պետք է իր մշտական ուշադրության կենտրոնում պահի ոչ միայն և ոչ այնքան իր կենսաբանական կարիքները բավարարելու խնդիրը (ունենա ապրելու տեղ, ապահովված լինի սննդով ու հագուստով, պայմաններ ստեղծի իր կյանքն ու առողջությունը պաշտպանելու, սերունդը շարունակելու համար և այլն), այլև մտածի խնայելու, նեղ օրերի համար հետ գցելու և, ընդհանրապես, կուտակելու մասին՝ օգտագործելով իր և ուրիշների աշխատանքի արդյունքը: Կուտակելու, նեղ օրվա համար պաշար ստեղծելու բնազդը տրված է հասարակության բոլոր անդամներին, բայց դրանից լիարժեք օգտվում է հասարակության չնչին մասը՝ ի դեմս (հին աշխարհում ցեղապետեր, իշխաններ, թագավորներ) աշխարհի երկրների նախագահների, վարչապետերի, քաղաքապետերի, մարզպետների և փոքր ու մեծ չինովնիկների: Կուտակելու բնազդը բավարարելու համար պետք է լավ աշխատել՝ հույսը դնելով սեփական աշխատանքի արդյունքների վրա (այս մոտեցումը հատուկ է ստեղծող մարդկանց, բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ բանվորներին, ինժեներներին, գիտնականներին, գյուղացիներին) կամ լավ պաշտոններ գրավել՝ հույսը դնելով ուրիշի աշխատանքի արդյունքները յուրացնելու վրա (հիշյալ մոտեցումը հատուկ է հասարակության սպառող փոքրամասնությանը, որին հատուկ են ագրեսիան, բախտախնդրությունը, կարիերիզմը): Վերջիններիս կուտակելու բնազդը ժամանակի ընթացքում կարող է հասնել այն աստիճանի, որ դուրս գա նորմալ բանականության սահմաններից: Ի վերջո այդ կուտակային հակումը վերածվում է անկշտության սինդրոմի հատկանիշներ ունեցող անբուժելի հիվանդության: Կուտակման գործընթացները սահմաններ ու սահմանափակումներ չեն ճանաչում, դա անվերջ պրոցես է, որի արդյունքում ստեղծված պրոդուկտը բազմապատիկ կարող է գերազանցել բանականության սահմանները: Այդպիսի կուտակողների մոտ, այսպես կոչված, «դանայան տակառներ» են դրված, որոնք հնարավոր չէ լցնել ու հագենալ: Մտաբերենք ու կուտակման բնազդին կամավոր գերի հանձնվածներին հիշեցնենք։ Եգիպտական թագավոր Բելի որդու՝ Դանայոսի 50 աղջիկները հոր հետ փախչում են Արգոս, որտեղ վրա են հասնում հետապնդողները և Դանայոսից պահանջում իրենց կնության տալ դուստրերին։ Դանայոսը ստիպված կատարում է նրանց պահանջը։ Բայց դուստրերին հրամայում է հարսանիքի գիշերն սպանել ամուսիններին։ Բոլորը (բացառությամբ մեկի, որը դարձավ Արգոսյան թագավորի նախամայրը) կատարում են հոր հրամանը։ Հանցագործության համար Դանայոսի աղջիկներին աստվածները դաժան պատժի են ենթարկում. նրանք մահից հետո Տարտարոսում անտակ տակառը ջուր պետք է լցնեին։ Այստեղից էլ առաջացել է «դանայան տակառ» կամ «դանայան աշխատանք» արտահայտությունը, որ նշանակում է անարդյունք կամ անվերջանալի աշխատանք։


Սոցիալիզմի գաղափարը ավելի իրատեսական կլիներ կենդանական աշխարհի ներկայացուցիչների համար, որտեղ կուտակման խնդիրները բացակայում են (նույնիսկ իրենց հանապազօրյա սննդով ապահովելու հարցում), թեև կենդանիների մեջ էլ են լինում բացառություններ: Օրինակ, դաշտային մկների ամենամեծ վնասը ոչ թե այն է, որ նրանք ամեն օր մի փոր ցորեն են ուտում, այլ այն, որ այդ կրծողները դաշտի տարբեր տեղերում ցորենի հավելյալ պաշարներ են կուտակում, հետո տեղը մոռանում ու չեն օգտագործում: Հավանաբար մկներին հատուկ այդ կուտակային խնդիրը խիստ արդիական է դարձել նաև մեր որոշ օլիգարխների պարագայում, որոնք արդեն հասցրել են 10 միլիարդ դոլար դուրս հանել Հայաստանից ու, հավանաբար մոռացել են, թե որ երկրների, որ սթրիթների բանկերում են ի պահ տվել մեր համաժողովրդական հարստությունը:


Իմ կարծիքով՝ ՀՀ 14-րդ վարչապետի կարևոր գործառույթների մեջ պետք է տեղ գտնի հայ օլիգարխների անաշխատ գումարների հայտնաբերման, հայրենիք վերադարձնելու խնդրի լուծումը՝ 5 միլիարդ դոլարի արտաքին պարտքը փակելու, բանակի համար արդիական զենք գնելու, հայրենական տնտեսության մեջ ներդրումներ կատարելու համար:
Հայաստանի նոր ինդուստրացման խնդիրները չափազանց բարդ են, որ ՀՀ վարչապետը դրանց լուծումները վստահի տեղական հայ օլիգարխներին, նման գործերում նրանք ազնիվ գործընկերներ դառնալ չեն կարող, նրանց աշխատելու տեխնոլոգիաները բոլորովին այլ բնույթի են, դրանք փողից փող «շինելու» տեխնոլոգիաներ են, որոնք արդեն կիրառելի չեն մեր պայմաններում, բանը բանից անցել է, այստեղ մարդկանցից որակական այլ հատկանիշներ են պահանջում:


Վերանվանելով մեր նախարարությունները, փոխելով նրանց ցուցանակները՝ հնարավոր չէ արդյունքի հասնել: Եթե նույնիսկ հրաշք տեղի ունենա և հաջողվի ներդրումների նախարարության միջոցով նոր ներդրումներ բերել Հայաստան, դրանից շատ բան չի փոխվի, ընդամենը կավելանան մեր երկրի պարտքերը: Հայաստանի «գործարար» աշխարհի հետ վարչապետի առաջին հանդիպումից հետո ուզում եմ հռետորական հարցադրում կատարել՝ պարոն Կարապետյան, ինչո՞ւ եք մեր փրկչին մեռելների մեջ որոնում (Ղուկաս, 24,5), մեր օլիգարխները երկրի համար մեռած են դեռ այն օրից, երբ հանդգնեցին ոչնչացնել մեր աշխատող տնտեսությունը, դրա հաշվին հարստացան ու արտասահմանյան բանկերում միլիարդավոր դոլարներ կուտակեցին: Ինչպե՞ս են նրանք փոխելու իրենց կաշիները և, այսուհետ հեշտ՝ քանդելու գործի փոխարեն անցնելու ստեղծելու-ստեղծագործելու ծանր գործին։ Չեմ հավատում, թերևս ուրախ կլինեմ, եթե գոնե այս հարցում սխալվեմ, ու պարզվի, որ նրանցից խերը քիչ է, բայց կա:


Հայաստանի տնտեսության վերականգնման խնդիրն ունի լուծման բազմաթիվ տարբերակներ, որոնց, կարծես թե, մեր իշխանավորները մշտապես վախեցել են մոտենալ: Եթե Աստծո կամքով ՀՀ նոր վարչապետին հաջողվի մտնել Հայաստանի տնտեսության վերականգնման խնդրի տակ, որը մեր պայմաններում, համոզված եմ, տեխնիկական ու կազմակերպչական առումներով չափազանց բարդ, գրեթե անիրագործելի խնդիր է, ապա նա ստիպված կլինի 180 աստիճանով փոխել իր նախկին մոտեցումները «Գազպրոմ Արմենիայի» ու ընդհանրապես իր համար հոգեհարազատ դարձած գազի ոլորտի նկատմամբ: Ասվածը կարելի է հիմնավորել՝ հաշվի առնելով հետևյալ փաստարկները: Հայաստանի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու լավագույն, գրեթե էտյուդային տարբերակներից մեկը եղել ու մնում է Հերունի-Համազասպյանի հելիոֆիկացիայի ծրագրի իրականացումը, որի պետական մակարդակով հաստատված վիրտուալ ընդդիմախոսի կարգավիճակում մշտապես հանդես են եկել մեր երկրում «Գազպրոմ Արմենիայի» ունեցած բիզնես-շահերը: Գազի ու, ընդհանրապես, էներգետիկայի ոլորտին վերաբերող Ռուսաստան-Հայաստան բոլոր միջպետական պայմանագրերի հիմքում դրված է մի անբացատրելի բան, միստիկա. այլընտրական էներգետիկան, ընդհանրապես, ու արևային էներգետիկան, մասնավորապես, քողարկված ձևով հայտարարվում են որպես հիմնական թշնամի, որը կարող է վնասել Հայաստանում «Գազպրոմ Արմենիայի» ունեցած բիզնես-շահերին: Միջպետական պայմանագրերում հստակորեն, սևով սպիտակի վրա գրված է, որ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում Հայաստանում կատարվող բոլոր ծրագրերը պետք է նախօրոք համաձայնեցվեն ռուսական կողմի հետ՝ անվերապահորեն պահպանելով հետևյալ նախնական պայմանը. այլընտրական էներգետիկայի ներդրման պարագայում Հայաստանում օգտագործվող ռուսական գազի ծավալները չպետք է նվազեն: Խոսք չկա, հաճելի պայման է, միջպետական պայմանագրերով Ռուսաստանը մեզ թույլ է տալիս այլընտրանքային էներգետիկան զարգացնել սոսկ հաճույք ստանալու համար, ուրիշ ոչինչ, արևի էներգիայից օգտվել այնպես, որ օգտագործվող գազի ծավալները հանկարծ չպակասեն: Ոզնին էլ գիտի, որ ողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում, պետական մակարդակով խրախուսվում է այլընտրանքային էներգետիկայի զարգացումը՝ հետապնդելով մեկ կարևոր նպատակ. նվազեցնել օգտագործվող գազի ծավալները, տեղավորվել ածխաթթու գազի արտանետումների կիոտոյական լիմիտների մեջ, բնապահպանական խնդիրներ լուծել: Ինքնիշխան Հայաստան երկրում այլ նպատակ է դրվում, ավելի շուտ այն մեզ պարտադրվում է. այլընտրանքային էներգետիկայի զարգացման արդյունքում օգտագործվող գազի ծավալները պարտադիր կարգով պետք է միայն աճեն: Նման մոտեցման համահեղինակներից մեկը, ի պաշտոնե, պետք է որ լիներ ՀՀ այսօրվա վարչապետը:

Պետք է ենթադրել, որ նրա համար գազի բիզնեսը արդեն անցյալում է կամ ժամանակավորապես դադարեցված է: Իսկ ի՞նչ այլընտրանք է նա մեր առջև դնելու, եթե համոզվի, որ մեր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ամենաիրատեսական ճանապարհը Հայաստանում հելիոֆիկացիայի ծրագրի իրականացումն է, ասեմ ավելին, ներկա իրավիճակում դա մեր միակ տեսանելի ճանապարհն է, որին չհամաձայնողների մեջ կարելի է հանդիպել միայն էներգետիկ բիզնեսից անձնական օգուտներ քաղողներին:
Մտահոգության լուրջ հիմքեր կան նաև՝ կապված «Գազպրոմ Արմենիայի» ու «Երևան ՋԷԿ»-ի միջև միլիոնավոր դոլարների հասնող պարտք-պահանջների առաջացման հետ: Առողջ բանականությանը հասանելի չէ՝ ինչպե՞ս է լինում, որ «Երևան ՋԷԿ»-ը «Գազպրոմ Արմենիայից» գազ (հումք) է գնում, նրանից էլեկտրական էներգիա (արտադրանք) է արտադրում, ուռճացված գներով այն վաճառում է մեր միամիտ սպառողներին ու, խնդրեմ, հումք մատակարարողի պարտքերից չի կարողանում ազատվել, անընդհատ նոր պարտքեր է կուտակում: Ի՞նչ է հայկական էներգետիկայի ոլորտում. էշ առնելու, էշ ծախելու հավերժական պատմությո՞ւնն է անվերջ կրկնվում: Բայց էշերի առևտրի ժամանակ պարտքեր չեն առաջանում, էշ առնող-ծախողները գոնե մշտապես զրոյական բալանսի են գալիս: Մեր քաղաքացիները այս պատմություններին տեղյակ են, պարտքերը կուտակվում-կուտակվում են ու մի գեղեցիկ օր էլ դառնում են գույք՝ պարտքի դիմաց քաղաքական առևտրի հերթական թեմա։ Ռուսաստանում նման դեպքերը դարձել են մասսայական ու կրում են «рейдерский захват» պայմանական, բայց ճշգրիտ ձևակերպումը: Անհասկանալի է մնում նաև իրադրությունը կիսահաղորդչային էներգետիկայի բնագավառում: Աշխարհում այս ոլորտը զարգանում է արագացող տեմպերով, որովհետև վարվում է այնպիսի հասցեական պետական քաղաքականություն, որը նպաստում է դրա զարգացմանը:

Գերմանիայում, Հունաստանում և ամենուր ցանկացած մարդ կարող է իր տան գլխին տեղադրել արևային մարտկոցներ ու ստացած էլեկտրական էներգիայի հավելյալ մասը վաճառել բաշխիչ ցանցերին՝ կրկնակի բարձր գներով, որը, սակայն, բոլորովին չի ազդում ցանցից վերցրած էլեկտրական էներգիայի սակագների վրա: Որոշակի ժամանահատվածում (այդ որոշակի ժամանակահատվածը կարող է տևել տասնամյակներ) դոտացիոն հիմունքներով էներգետիկ ոլորտը աշխատեցնելով, հսկայական վնասներ կրելով, իշխանությունները վարում են այնպիսի նպաստավոր տեխնիկական քաղաքականություն, որը բխում է կարևոր խնդիրների նկատմամբ ունեցած պետական հեռանկարային մոտեցումից: Վաղ, թե ուշ պետությունը կսկսի իր հարկերը հավաքել նաև այդ ժամանակավորապես դոտացիոն ոլորտից՝ խրախուսելով ու արդյունքում իրենց երկրներում զարգացնելով «կանաչ» էներգետիկան:


Արևից էլեկտրական էներգիա ստանալը Հունաստանում դարձել է բավականին շահավետ բիզնես, ինչը մեծ տարածում է ստանում երկրով մեկ՝ բարոյական ու դաստիարակչական մեծ ազդեցություն թողնելով, հատկապես, աճող սերնդի վրա: Իմ նախկին ուսանողներից մեկը՝ այժմ Հունաստանի քաղաքացի Արթուրը, կարողացավ մի քանի տարվա ընթացքում դառնալ այդ երկրի ճանաչված «արևային» բիզնեսմեն ու նշանակալի հաջողություններ արձանագրել: Ի՞նչ է կատարվում ՀՀ-ում՝ այդ նույն բնագավառում: Մեր երկրում կատարվում է, սովորական աշխատաոճ դարձած, պրիմիտիվ գողություն և ուրիշ ոչինչ: Դատեք ինքներդ. Հայաստանում «կանաչ» էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունը առքուվաճառքից հետո՝ ամառ-ձմեռ ու ցերեկ-գիշեր տարիֆային պետական աճպարարության պատճառով կարող է կորցնել 4,7 դրամ՝ յուրաքանչյուր կՎտ.ժամ արտադրված էլեկտրական էներգիայի հաշվարկով: Գերմանացի արտադրողը կարող է 200 տոկոսի հասնող եկամուտ ստանալ, իսկ հայ արտադրողը՝ 10 տոկոսի վնաս կրել: Սրանք կոչվում են արհեստական ադմինիստրատիվ արգելքներ, որոնք մեր գործարարների առջև դրվում են այնպիսի բարձրությունների վրա, որ երբևէ հնարավոր չլինի հաղթահարել: Հայկական բիզնես միջավայրի համար նշված իրողությունը սովորական երևույթ է դարձել: Եթե առաջիկայում որևէ փոփոխություն չլինի, ապա ես իրավունք կունենամ հայտարարելու՝ Կարեն Կարապետյանը շարունակում է իր բացահայտ հովանավորչական քաղաքականությունը ռուսական էներգետիկ ընկերակցության օգտին, որը նա, որպես ՀՀ վարչապետ, պարտավոր է ոչ միայն մեղմել, այլև վերանայել ու վերաիմաստավորել, որովհետև «Գազպրոմ Արմենիայի» ու Հայաստանի շահերի միջակայքում նա պետք է գտնի իր տեղը, կայացնի իր կարևոր որոշումը՝ ում օգտին է նա այսուհետ աշխատելու՝ հօգուտ մեր երկրի՞, որովհետև նա մեր երկրի վարչապետն է, թե՞ ռուսական գազպրոմային ընկերների՝ որպես ոլորտի նախկին պատասխանատու պաշտոնյա:

Հույս ունեմ, որ մինչ իր պաշտոնավարման 100-րդ օրը նա կհասցնի ուղղել իր ու իր կոլեգաների թույլ տված գազպրոմային սխալները, կվերանայի ՀՀ ու ՌԴ կառավարությունների միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված գազպրոմյան խայտառակ համաձայնագիրը ու նորմալ պայմաններ կստեղծի Հայաստանում այլընտրանքային էներգետիկան զարգացնելու համար, կանաչ ճանապարհ կբացի հելիոֆիկացիայի երկրաստեղծ ծրագրի առաջ, այսուհետ կբացառի արտաքին ուժերի կողմից այլընտրանքային էներգետիկայի զարգացումը ճզմելու բոլոր փորձերը, որից հետո միայն բարոյական իրավունք կունենա բաց ճակատով ներկայանալու մեր հանրությանը: Իսկ եթե վարչապետության այս նոր «պրոյեկտը» դարձյալ նախատեսված է դրսի խնդիրները լուծելու համար, ապա կհետևի մեր հայկական հստակ պատասխանը՝ մեր դարմանը մի՛ տարեք, ձեր դարմանը ձեզ մնա: Նոր վարչապետի իրական առաքելությունը պարզելուց հետո միայն մենք կկայացնենք մեր որոշումը՝ Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիայի «ստարտափը» տալու վերաբերյալ։ Պատրաստ ենք ողջ աշխարհին ցույց տալու, որ Հայաստանում ոչ թե բնակիչներ, այլ տաղանդաշատ հայեր են ապրում:


(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ