Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

1905, Բաքու

1905, Բաքու
25.10.2016 | 10:38

(սկիզբը` այստեղ)

Փետրվարյան սառնաշունչ լույսն սկսեց բացվել, և Ադամյանը ոտքի կանգնեց: Մոտեցավ հյուրասենյակի պատշգամբ տանող ապակեպատ մեծ դռանը ու նայեց. փողոցի միայնակ լապտերը դեռ վառվում էր:
Հանկարծ դռան զանգն անդադար ղողանջեց, ու լսվեցին բռունցքի հարվածներ:
Բրդե շալն ուսերին գցելով` ննջարանից դուրս եկավ վախվորած Մարիամն ու հարցրեց.
-Ի՞նչ է պատահել, Ալեքս:
-Մի անհանգստացիր,- ասաց Ադամյանն ու դուռը բացեց:
Մատրյոշան էր: Գլխաշորն ուղղելով` հևիհև խոսեց.
-Կներեք, Ալեքսանդր Իվանիչ, բայց վատ լուրեր եմ բերել: Մեր եկեղեցուց դեպի այս կողմ է գալիս զինված թուրքերի ամբոխը, աչքովս եմ տեսել: Ասում են, երեկ երեկոյան բազմաթիվ հայեր են սպանվել…
-Վերարկուդ հանիր, Մատրյոշա, և Նիկոյին արթնացրու:
Ադամյանը ներքուստ պատրաստ էր: Հարկ էր անմիջապես գործի անցնել:
Դուրս եկավ սանդղահարթակ և սեղմեց հարևան բնակարանի դռան զանգը: Այստեղ ապրում էր Պետերբուրգի համալսարանի շրջանավարտ, երիտասարդ փաստաբան, Բաքվի նահանգային դատարանի երդվյալ հավատարմատար Նիկողոս Թաթոսյանը` կնոջ, ծծկեր երեխայի, մեկուկես տարեկան Էվելինա աղջկա ու քենու հետ:


-Ալեքսանդր Իվանի՞չ, բարի լույս, ի՞նչ է պատահել,- դուռը բացելով հարցրեց խռիվ մազերով ու քնաթաթախ Թաթոսյանը:
-Նիկոլայ, արագ հագնվեք, թուրքեր են գալիս: Ահա թե ինչ պետք է անեք. իջեք ներքև ու երկաթե դարպասը փակեք, արթնացրեք բոլոր բնակիչներին և ամենակարևորը` հորդորեք, որ խուճապի չմատնվեն:
Թաթոսյանն այլայլվեց.
-Հիմա կանեմ:
Բարձրահասակ ու նիհարավուն Նիկոն էլ դուրս եկավ հարթակ:
-Հայրի՜կ…
-Տղաս, նկուղի բանալին վերցրու և բեր հրացաններն ու փամփուշտները: Դու գիտես, ինչը որտեղ է:
Հյուրասենյակում Մարիամն ու Մատրյոշան միմյանց ձեռք բռնած հազիվ էին զսպում արցունքները:


Տունն արթնացավ, լսվեց խուլ աղմուկ, ոտնաձայներն ու խոսակցությունները միախառնվեցին:
Ադամյանը գիտակցում էր, որ ավելի քան 40 հոգու ճակատագրի համար պատասխանատվություն է ստանձնում, իսկ դա ենթադրում էր խելամիտ հաշվարկ, բոլոր թեր ու դեմ գործոնների սթափ գնահատում: Մի խոսքով, այն ամենը, ինչի շուրջ ամբողջ գիշեր խորհել էր: Թուրքերը տան հետնամասից չէին կարող հարձակվել, պետք է գրոհեին ճակատից, բայց երկաթե փակ դարպասն ի վիճակի չէին խորտակելու…
Նիկոն բերեց «վինչեսթրները», ապա` փամփուշտների ծանր արկղը: Ադամյանը հրացաններից մեկի պահունակը լիցքավորեց և ասաց որդուն.
-Պատրաստ եղիր, եթե հարկ լինի` հրացանները հերթով կլիցքավորես ու կտաս ինձ:
Եկավ Թաթոսյանը:
-Ալեքսանդր Իվանիչ, դարպասը պինդ փակեցի, հարևաններին էլ նախազգուշացրի:
-Լավ: Բայց մի բան էլ է պետք անել` անհրաժեշտ է պատշգամբում հրակնատ սարքել:
Փաստաբանը մի պահ մտածեց և ասաց.
-Ինժեներ Քալանթարյանն իր նկուղում պարկերով ցեմենտ, գաջ ու ավազ ունի, բերել էր, որ եղանակը տաքանալուն պես բնակարանը վերանորոգի:
-Բարի, իմ անունից խնդրիր, որ բերի: Դա մեր շենքի անվտանգության համար է:


Քիչ անց Եղիշե Քալանթարյանը, նրա որդի Աբգարը, Նիկոն ու Թաթոսյանը շնչակտուր սկսեցին պարկերը բերել: Պատշգամբը մեծ չէր, և տասը պարկը լիովին բավարարեց:
Ադամյանը հագավ կաշվե սև բաճկոնը, ֆետրե գլխարկը դրեց և «վինչեսթրներից» մեկը վերցնելով` դուրս եկավ պատշգամբ:


Այն, ինչ տեսավ, հիրավի սարսափազդու էր: Ցերկովնայան ամբողջովին բռնած` գոռում-գոչյունով, դոփյունով մոտենում էր զինված թուրքերի ամբոխը: Շուրջ 200 հոգի էին, որոնց գլխավորում էին երեք ձիավոր «ղոչիներ»: Ձեռքներին «բերդանկաներ» էին, «մոսիններ», տապարներ, խանչալներ ու մահակներ:
Մահասփյուռ ջարդարարները կանգ առան հարևան` տիկին Լազարևայի շենքի առաջ, ապա քիչ անց քարշ տալով դուրս հանեցին Գրիգոր Ասլանյանին, նրա տիկնոջն ու դստերը: Ադամյանի աչքի առաջ ցավից ոռնացող, աղջկա կյանքը խնայել աղերսող ամուսիններին գնդակահարեցին, սկսեցին կացնահարել ու մասնատել մարմինները, իսկ մի քանի հոգի հռհռոցներով խելագարվող գիմնազիստուհու շրջազգեստը պատառոտեցին:
Մոտ 50 մետր հեռավորության վրա էին, և առանց երկար-բարակ մտածելու` Ադամյանը նշան բռնեց ու գետնին տապալեց աղջկան մերկացնողներից մեկին:


Թուրքերը մի պահ կարկամեցին, դեսուդեն փախան, ապա նկատելով կրակոցը որտեղից էր` հայհոյանքների տարափ տեղալով շարժվեցին դեպի Բաբաջանյանի տուն:
Ադամյանը կքանստեց պարկերի հետևում և արագորեն ևս չորս կրակոց արձակեց` յուրաքանչյուրով մեկական թուրք գետնին գլորելով:
-Նիկո՛, հրացանը…
Որդին իսկույն հորը տվեց լիցքավորված մյուս «վինչեսթրը»:
Ադամյանը գլուխը բարձրացրեց ու ռուսերեն բղավեց.
-Լսե՛ք, թուրքեր, ձեզ կոչ եմ անում հեռանալ այստեղից, այլապես բոլորիդ մեկ առ մեկ կսատկացնեմ:
Ձիավոր «ղոչիներից» մեկը փափախն ուղղելով` գոռաց.
-Փամփուշտներդ կհերիքե՞ն:
-Կհերիքեն, անհոգ եղիր,- պատասխանեց ու կրակեց «ղոչիի» ճիշտ ճակատին:
«Բեռը» կորցրած ձին ծառս եղավ ու փախավ: Ջարդարարների մեջ խլրտում ընկավ, հասկացան, որ Բաբաջանյանի տունը հեշտությամբ չեն գրավի, վկան` առաջին զոհերը:
Թուրքերը դիրքավորվեցին դիմացի տների անկյուններում ու սկսեցին պատասխան կրակ արձակել պատշգամբի ուղղությամբ: Տան պատերը ծակծկվեցին, պատշգամբից հյուրասենյակ տանող դռան ապակիները կոտրվեցին, փշրվեց ու հատակին ընկավ ավստրիական ջահը: Լսվեցին Մարիամի ու Մատրյոշայի ճիչերը:


Ներքևից մեկը գոռաց.
-Ադամյա՛ն, մենք քեզ ճանաչում ենք, հատուկ եկել ենք քո, ընտանիքիդ ու մյուս գյավուրների հետևից: Բոլորիդ տեղը մեկ առ մեկ գիտենք:
-Հայերից բացի, այստեղ այլազգիներ էլ են ապրում:
-Այլազգիների հետ գործ չունենք, նրանց ձեռք չենք տա, հայերիդ վերջն ենք տալու:
-Որ այդպես է` թույլ տվեք նրանք դուրս գան:
-Թող դուրս գան, բայց դու էլ պիտի թողնես դիակները տանենք:
-Համաձայն եմ:
-Զինադադա՞ր:
-Զինադադար:


Ադամյանը շրջվեց դեպի հյուրասենյակ:
-Նիկո, Թաթոսյանի հետ տնից դուրս բերեք Միքելաձեին, Վայնշտեյնին ու նրանց ընտանիքները: Դարպասը բացելիս զգույշ կլինեք: Հա, կուղեկցեք նաև Մատրյոշային:
-Ալեքսանդր Իվանիչ, թույլ տվեք Նիկոյին էլ հետս տանեմ, կասեմ որդիս է,- լացակումած արձագանքեց աղախինը:
-Ո՛չ, հայրիկ, ես չեմ գնա, քեզ ու մայրիկին մենակ չեմ թողնի…
-Մատրյոշա, նախ, ոչ ոք չի հավատա, որ նա քո տղան է, և հետո` սա մեր ու թուրքերի կռիվն է, դու գնա, մենք ամեն ինչի համար շնորհակալ ենք քեզնից: Իսկ դու, Մարիամ, վերցրու տանը եղած ամենաթանկարժեք իրերը, փողը, բաժնետոմսերը, մուրհակները, փաստաթղթերը և գնա-պատսպարվիր նկուղում:


Ադամյանը գլուխը բարձրացրեց ու տեսավ, թե ինչպես փողոց դուրս եկան վրացին ու հրեան` իրենց ընտանիքներով, և Մատրյոշան: Միքելաձեի ու Վայնշտեյնի ձեռքերին ճամպրուկներ կային. ընդառաջ եկած թուրքերը խլեցին ճամպրուկները և բոլորին խուզարկեցին` յուրացնելով փողն ու ոսկեղենը:
Տեսնելով Մատրյոշայի սլավոնական դիմագծերը, կապտավուն աչքերը` գլխաշորը պոկեցին ու թաթերով փորձեցին խուզարկել, բայց աղախինը զայրացած ինչ-որ բան ասաց և ապտակեց մեկին: Հռհռացին ու բոլորին բաց թողեցին:
Զինադադարը դրանով ավարտվեց, և թուրքերը նոր ուժգնությամբ սկսեցին կրակել պատշգամբի ուղղությամբ:


Ադամյանը նկատեց, թե ինչպես փայտի վրա լաթի կտոր փաթաթած ջարդարարներից մեկը ընկերների օգնությամբ բարձրացավ փողոցային լապտերի ձողն ի վեր, միջի կերոսինը թափեց լաթի վրա և իջնելով` կրակ տվեց: Ակնհայտ էր` սա մտադիր էր վառվող փայտը նետել պատշգամբ կամ բնակարան և հրդեհել տունը: Ադամյանը նշան բռնեց ու կրակեց ճիշտ դեմքին: Ինքնաշեն ջահն ընկավ գետնին:
Թուրքերի կրակոցներն ավելի կատաղի բնույթ ստացան, բայց Ադամյանին դրանք վնաս չէին պատճառում, նշանառուն ամբոխից ընտրություն էր կատարում, հատկապես նրանցից, ում ձեռքին հրազեն կար, և ձգանը անվրեպ քաշում:
«Ես ձեզնից չեմ վախենում, իմ պապերն էլ ձեզնից չեն վախեցել, ձեզ խփել ու շարունակելու ենք խփել: Դո՛ւք պետք է մեզնից ահ ապրեք»:


Թրը՛խկ… Թուրքն ընկավ…
«Մենք եկանք Բաքու, նավթարդյունաբերություն հիմնեցինք, բազմաթիվ տներ կառուցեցինք, ձեռնարկություններ ստեղծեցինք, աշխատանք տվեցինք, աշխատանքով արժանավայել ապրելու հնարավորություն ընձեռեցինք, փորձեցինք ձեզ քաղաքակրթել և ազատորեն ապրելու իրավունք ձեռք բերեցինք: Հիմա դուք ուզում եք այդ իրավունքը խլել, խլել մեր կյանքը և տեր կանգնել մեր ստեղծածին, որովհետև ինքներդ ստեղծելու անընդունակ ցեղ եք, դուք ի վիճակի եք միայն հազար հոգով մեկ հայից խլելու և յուրացնելու»:
Թրը՛խկ… Հերթական թուրքը տապալվեց…


«Մենք պետականություն չունեինք, երբ ռուսները տասնամյակներ առաջ հայացքները շրջեցին այս ուղղությամբ: Մենք ուրախացանք, կռվեցինք պարսիկների, տաճիկների դեմ և ամեն ինչով նպաստեցինք կայսրության հաղթանակին: Հայտնվեցինք ընդհանուր պետության կազմում և հավատացինք, թե հավասար ենք հավասարների մեջ, բայց դա ամենամեծ մոլորությունն էր: Ռուսները մեզ անվանեցին «օգտակար տարր», բայց այդ օգտակարությունն ավարտվեց այն ժամանակ, երբ մեր ստեղծարար աշխատանքով գերակա դիրք գրավեցինք Անդրկովկասի ազգերի ու ազգությունների նկատմամբ: Մեր դերը նսեմացնելու, «հավասարակշռություն» պահպանելու համար իշխանությունն սկսեց ծածուկ մեզ ատել և մեր դեմ հանել մյուսներին: Ո՞Ւր է այսօր իշխանությունը, երեկվանից մեզ կոտորում են, ու ոչ մի ոստիկան, ոչ մի զինվոր չի երևում»:
Թրը՛խկ… Նոր դիակ…
-Նիկո՛, հրացանը…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ


(շարունակելի)

Դիտվել է՝ 2700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ