Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
04.11.2016 | 00:15

(սկիզբը՝ այստեղ)

Կարեն Կարապետյանի մուտքը հայկական տնտեսական միջավայր նշանավորվեց շատ կարևոր նորամուծությամբ. առաջին անգամ պաշտոնապես հաստատվեց վաղուց պարզ այն ճշմարտությունը, որ Հայաստանի տնտեսական ճգնաժամը խոր, անչափ խոր է: Հետաքրքիր կլիներ իմանալ. Հայաստանում եղա՞ն մարդիկ, որ առաջին անգամ լսեցին, ընդունեցին, ցնցվեցին, զարմացան ու խոր հիասթափություն ապրեցին՝ լսելով նորընծա վարչապետի այդ խոստովանությունը: Պաշտոնական իշխանական էլիտան այլ քաղաքականություն էր որդեգրել՝ այդ մասին պետք է մշտապես լռել, կամ տարբեր ամբիոններից հանդես գալ հուսադրող հայտարարություններով ու ոչնչով չհիմնավորված լավատեսությամբ՝ փորձելով ժամանակ շահել մինչև հաջորդ ընտրությունները։ Ասել է՝ քնեցնել մարդկանց զգոնությունը, շփոթության մեջ գցել ու սին հույսերով կերակրել հանրությանը՝ մինչև մի օր մի բան կստացվի։ Նման դեպքերի համար է ժողովուրդն ասում. «Էշ, մի՛ սատկիր, գարուն կգա, յոնջա կուտես»:
Որ Հայաստանը հայտնվել է անհաղթահարելի տնտեսական ճգնաժամի շրջապտույտում, շարքային քաղաքացիներիս վաղուց էր հայտնի: Բոլորս էլ գիտեինք, որ տնտեսական խոր ճգնաժամը մեր երկրի ներկա ու նախկին ղեկավարության կարևորագույն «ձեռքբերումներից» է։ Անհերքելի այդ փաստի մասին առաջին անգամ լսեցինք պատասխանատու պետական պաշտոնյայի շուրթերից։ Դառը խոստովանություն, որը մի օր պետք է հնչեցվեր, այլ կերպ հնարավոր էլ չէր՝ մախաթը տոպրակում չես պահի:


Վարչապետի տված ինֆորմացիան պետք է որ ավելի ծանրակշիռ ու արժանահավատ հիմքեր ունենա, որովհետև այն գալիս է իշխող վերնախավի խիստ գաղտնի թղթապանակներից, որը նախկինում երբեք ջրի երես դուրս չի հանվել, իշխանական նեղ շրջանակների համար դիտարկվել է որպես պետական-կուսակցական գաղտնիք ու մշտապես ծածուկ է պահվել հանրությունից: Եթե այսօր իշխանությունները հանդես են գալիս նման խոստովանությամբ, նշանակում է, որ մեր գործերն ավելի վատ են. իշխանությունները ոչ միայն ստիպված են խոստովանել տնտեսության անելանելի վիճակի մասին, այլև հաստատում են, որ չունեն այդ վիճակից դուրս գալու որևէ ռազմավարություն, հայտնվել են պատային վիճակում:
ՀՀ 14-րդ վարչապետի հիմնական առաքելությունն է գտնել տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհ ու համապատասխան միջոցներ։ Ինչպե՞ս, որտեղի՞ց: Այս հարցի պատասխանը Հայաստանում ոչ ոք, նույնիսկ վարչապետը, չունի: Պարզ է մի բան. կարճ ժամանակահատվածում (որոշ հաշվարկներով երկրի գործերը կարգավորելու համար վարչապետին տրված է վեց ամիս, որից մեկն արդեն անցել է) հաջողության հասնելու համար անհրաժեշտ է միավորել ազգի մտավոր, տեխնիկական ու ֆինանսական ներուժն ու, առանց ժամանակ կորցնելու, գործի անցնել: Հնարավո՞ր է արդյոք այդ ամենը կազմակերպել ու իրագործել մեր պայմաններում, երբ հասարակությունն այս աստիճանի բևեռացված է: Կարծում եմ՝ ոչ, մեր պայմաններում դա հնարավոր չէ: Հնարավոր չէ մեկ խնդրի շուրջ միավորել հայ մարդկանց, որոնք կանգնած են տնտեսական բարիկադների տարբեր կողմերում ու 25 տարի շարունակ իրարից օտարված են եղել, իրար հետ չեն աշխատել, եղել են անհաշտ ընդդիմախոսների դիրքերում: Այս իրողությունը հաստատվեց այս տարվա հոկտեմբերի վերջին, երբ Երևանի կենտրոնում գիշերով պայթեցրին թիվ 1 տպարանի մասնաշենքերից մեկը: Պայթյունը հասարակության տարբեր շերտեր տարբեր կերպ ընկալեցին։ Իմ կարծիքով, կատարվածը սովորական պայթյուն չէր, այն ապտակ էր ՀՀ նոր վարչապետին ու նրա առաջնորդությամբ Հայաստանում վարվող նոր տնտեսական քաղաքականությանը (պայմանականորեն այն անվանենք ՆՏՔ):


Եթե հավատալու լինենք ԱԻՆ-ի ղեկավարությանը՝ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, իսկ թե որտեղ են սկսվում ու ավարտվում այդ անբացատրելի օրենքի սահմանները, գիտեն սահմանափակ թվով մարդիկ, այսպես կոչված, հայրենական իշխանական էլիտայի ներկայացուցիչները: Մի՞թե հնարավոր չէր քաղաքացիներին նախօրոք զգուշացնել, որ քաղաքի կենտրոնում պայթյուն է որոտալու, մեծեր ու մանուկներ, հանկարծ չվախենաք, դա ոչ երկրաշարժ է և ոչ էլ թշնամական հարձակում, ինչպես ամեն օր Հ2 հեռուստաալիքով մարդկանց ծանուցում են, թե որտեղ և որ ժամերին է հոսանքազրկվելու, որտեղ են ջուրը կտրելու և այլն: Նման դեպքերում ակամա հիշում ես Իոսիֆ Ստալինին. ի՞նչ կաներ նա, եթե իմանար, որ Կրեմլի մոտ ինչ-որ մեկը ինքնագլուխ մի շենք է պայթեցրել... Նման մեկին (ժամանակին ՀՀ նախագահի թեկնածու, գեներալ) Ստալինը պաշտոնից անմիջապես կհեռացներ, մինչև շարքայինի աստիճանի կաստիճանազրկեր և կուղարկեր շտրաֆբատ՝ Թալիշի շրջակայքի հողերը ազատագրելու, իսկ ընտանիքի անդամներին՝ մեծից փոքր, Սիբիր կուղարկեր: Դրանից հետո կարելի է հաշվել, թե քանի մարդ կհամարձակվեր գիշերային «Ы» օպերացիա-պայթեցումներ իրականացնել: Մեր ինտելիգենտ վարչապետն այս առիթով բոլորիս հավաստիացրեց, որ մեղավորներն անպայման կպատժվեն և... օրենքի սահմաններում: Կարծում եմ՝ վարչապետը տեսավ ու հասկացավ, որ այս գաղջ միջավայրում, երբ մարդիկ միայն «երես թռնելով» են իրենց հարցերը լուծում, ինքն անելիք չունի։ Ափսոս։ Իսկ մենք նոր վարչապետի հետ մեծ հույսեր էինք կապել:


Ստալինի կողմից պատժվողների մեջ անպայման կհայտնվեր նաև խորհրդային ժամանակներից հայտնի տնօրեն Գենիկ Կարապետյանը, որը, իմ կարծիքով, վեր է բարձրացել ու բավականին հայտնի գործարար է դարձել իր խելքով, իր շնորհքով և, որքան ինձ է հայտնի, քաղաքականությունից հեռու է եղել, պարզապես հաջողակ տնտեսական գործիչ է, այստեղ հարցեր չկան: Պարոն Կարապետյանի բիզնես հետաքրքրությունները տարբեր են եղել, վերջին տարիներին նա զբաղվել է տուրիզմի ու հյուրանոցային բիզնեսով, նրան են պատկանում «Անի» և «ՍԻԼ» հյուրանոցները, «Արենի» գինու գործարանը, «Վանատուր» տուրիստական գործակալությունը: 2015 թվականին Գենիկ Կարապետյանը դիմեց ինձ առաջարկով՝ «Արենի» գինու գործարանի տարածքում կազմակերպել արևային սրճարան՝ արտասահմանյան զբոսաշրջիկներին սպասարկելու համար: Բիզնեսի առումով առաջարկը գերազանց էր. գինու գործարանը գտնվում է տուրիստական ամենաեռուն մայրուղու վրա, գործարանին կից արդեն գործում էին սեփական արտադրության գինու համտեսի հիանալի սրահը և այլ հարմարություններ: Արևային սրճարանի գաղափարը մեր հելիոֆիկացիայի ծրագրի անկյունաքարերից մեկն է: Եթե մեզ հաջողվի այդ բիզնեսը փորձարկել Հայաստանում, ապա, որոշակի փորձ կուտակելուց հետո, այն կարող ենք տարածել աշխարհով մեկ, կունենանք համահայկական հրաշալի բիզնես՝ սփյուռքի ակտիվ մասնակցությամբ:


Պատկերացնենք՝ մեզ հաջողվում է Ֆրանսիայի, ՈՒրուգվայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիբանանի, Իտալիայի, Իսպանիայի, Ղրիմի, Հունաստանի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չինաստանի, Ամերիկայի երկու օվկիանոսների լողափերին կազմակերպել հայկական արևային սրճարաններ, որտեղ աշխատելու հնարավորություն կստանան մեր սփյուռքահայ տղաներն ու աղջիկները: Ապագա բիզնեսի համաշխարհային ցանկի մեջ կարելի է ընդգրկել նաև «Մետաքսի ճանապարհ» չինական ծրագրի շրջանակներում նախատեսված սպասարկման օբյեկտների կազմակերպման գործը: Նշենք, որ Չինաստանը այդ նախագծի իրականացման վրա ծախսելու է 4 տրիլիոն դոլար, մեծ ուշադրություն է դարձվելու էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների օգտագործմանը՝ արևային էլեկտրակայաններ, արևով աշխատող տրանսպորտային միջոցներ և այլն: Չինական մտահղացումները մենք կարող ենք հարստացնել արևային էներգիայով աշխատող մեր պահածոների գործարաններով, սննդի արևային օբյեկտներով, Հերունու ստեղծած արևային էլեկտրակայաններով, որոնք, անշուշտ, կավելացնեն «Մետաքսի ճանապարհ» ծրագրի մասը կազմելու մեր շանսերը. մեզ շրջանցելու փոխարեն կմտածեն այդ հեռանկարային ծրագրի մեջ մեր լայն ընդգրկվածությունն ապահովելու մասին:


Սրա-նրա վրա «մուննաթ գալով», պատմական անհերքելի փաստերի մասին անվերջ խոսելով, թե «Մետաքսի ճանապարհը» հայերն են կազմակերպել ու Չինաստան-Եվրոպա ճանապարհն անցել է Հայաստանով, արդյունքի չենք հասնի, շատ հնարավոր է՝ Հայաստանը դուրս թողնեն այդ երթուղուց, որը Ադրբեջանի նվիրական երազանքն է, ու նա, իրենից կախված, ամեն ինչ կանի, որ այդ կարևոր բիզնես-ծրագիրը շրջանցի Հայաստանը: Այս պարագայում ի՞նչ կարող ենք անել մենք, որ դուրս չմնանք ծրագրից։ Ինչը, կարող եմ վստահորեն ասել, նաև չինական կողմի ցանկությունն է: Առաջարկում եմ Հայաստանում իրականացնել հետևյալ գաղափարը. պետք է վերականգնել «Մետաքսի ճանապարհի» այն հատվածը, որն անցել է Հայաստանով: Մենք ունեցել ենք առևտրականներին սպասարկող հնագույն հյուրանոցային համալիրներ-քարվանսարաներ, որոնցից մեկը գտնվում է Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտ: Պետք է ցուցակագրել բոլոր նման օբյեկտներն ու սկսել վերականգնողական աշխատանքները՝ այնտեղ կիրառելով ժամանակակից արևային սրճարանները՝ որպես նախատիպ կառուցվող «Մետաքսի ճանապարհի» օբյեկտների համար։ Պետք է փորձենք արտասահմանցի, առաջին հերթին, չինացի զբոսաշրջիկներին տանել այդ երթուղիներով՝ ուղտերի վրա նստած։ Կարող եք չկասկածել՝ Հայաստանը կդառնա այդ ծրագրի հիմնական ու անքակտելի մասը, իսկ մեր տնտեսությունը կունենա զարգացման օրիգինալ հնարավորություն՝ աշխատել «Մետաքսի» շուկայի վրա: Այս բիզնես գաղափարը ես նվիրում եմ խոշոր գործարար Գենիկ Կարապետյանին, որն ափսոսեց իր գրոշները տրամադրել մեր գիտական խմբին՝ իր ուզած արևային սրճարանը կառուցելու համար:


Միայն ապագա արևային սրճարանների համար նախատեսված հայկական արևային տեխնիկական միջոցների արտադրության ծավալները կկազմեն մինչև 2 տրիլիոն դոլար: Հիանալի բիզնես գաղափար՝ աշխարհի հայության ու մեզ համար, որի մասնակիցը կարող էր դառնալ նաև հայ գործարար Գենիկ Կարապետյանը, եթե ձեռքը տաներ գրպանն ու այդ հեռանկարային ծրագրի համար կատարեր իր ներդրումը՝ 10 հազար դոլարի սահմանում, նա կդառնար նաև ապագա մեծ բիզնեսի բաժնետեր-մասնակիցն ու լավ փողեր կաշխատեր՝ հույս չկապելով լուսնի լույսի տակ շենք-շինություններ պայթեցնելու առաջացած հեռանկարի հետ: Անշուշտ, դա կլիներ հայ գիտնական-հայ գործարար առաջին համատեղ նախագիծը, որը կարող էր դրական արդյունք տալ ու դառնալ Հայաստանի նոր ինդուստրացման գործընթացի սկիզբը։ Չստացվեց։ Չկայացավ:


ՀՀ վարչապետը պետք է կարողանա գտնել նման համագործակցության եզրեր մասնագիտացված հայկական հետազոտական խմբերի ու կայացած հայ գործարարների միջև: Գենիկ Կարապետյանի հետ մեր գործարքը չկայացավ, չնայած կատարված էին նախնական նախագծային ու ճարտարապետական աշխատանքները, իսկ հայ խոհարարական արվեստի գիտակ Սեդրակ Մամուլյանը արևային խոհանոցի նախնական փորձնական աշխատանքների և զբոսաշրջիկների համար կազմել էր ճաշացուցակներ:
-Փող չկա, տեսնենք խաղողի մթերումից հետո ի՞նչ կմնա, նոր կմտածենք ֆինանսավորման մասին,- խոստացավ պարոն Կարապետյանը:
Հավանաբար խաղողի մթերումից հետո բան չմնաց, արևային սրճարանների համար ֆինանսներ չգտնվեցին, այս տարի ևս խաղողն ընդունվեց, հավանաբար դարձյալ փող չմնաց, բայց այդ ուղղությամբ մենք այլևս չենք մտածում, հայ խոշոր գործարար Գենիկ Կարապետյանի հետ աշխատել մենք այլևս չենք ցանկանում: Մեր հայ գործարարները պետք է կարողանան իրենց մեջ ուժ գտնել ու ձերբազատվել սեփական աշխատաոճի մեջ տեղ գտած վնասակար սովորություններից, դատարկ խոստումներ տալուց, առաջնորդվեն բիզնեսի մեջ ընդունված կարևորագույն դրույթներից մեկով՝ «Договор дороже денег»: Ի միջի այլոց, «Մետաքսի ճանապարհը» սպասարկող հայ վաճառականներն առանձնանում էին իրենց ազնվությամբ ու ճշտապահությամբ. 300 տարի շարունակ նրանք Չինաստանում ստացել են իրենց ապրանքները, հանել են Եվրոպա, վաճառել ու միայն երկու տարի անց՝ վերադառնալով Չինաստան, վճարել են ստացած ապրանքի դիմաց:


Հիմա գիշերով պայթեցում է ձեռնարկել՝ Երևանի կենտրոնում խոշոր հյուրանոցային համալիր կառուցելու համար, ինչ ասեմ՝ ողջույն արխադաշ Ալուն, հաղթանակ գործին Իլյիչի, պարոն Գենիկը թող կառուցի ու բարգավաճի: Բայց մեր չկայացած բիզնեսի պատմությունը ցույց է տալիս հայկական բիզնես-միջավայրի ամենամեծ բացթողումը. այստեղ բիզնես միջավայր չկա, ամենուր կա միայն «քցոցի ու խաբոցի»: Այդ միջավայրում դժվար է գտնել Հայաստանի գիտնականների ու Հայաստանի հարուստ գործարարների միջև համագործակցության որևէ եզր։ Սա պետք է օղ անենք մեր ականջին: Ավելի իրատեսական է հայ գիտնական-սփյուռքահայ գործարար համագործակցությունը, որի արդյունքում մենք կստանանք համահայկական արդյունաբերություն ու տնտեսություն, ինչի վրա պետք է աշխատել:
Արդեն, սեփական փորձը հաշվի առնելով, կարող ենք փաստել, որ հետխորհրդային երկրներում տնտեսությունների ազատականացումը լայն հնարավորություններ ստեղծեց գիտության, տեխնիկայի ու տեխնոլոգիաների զարգացման համար: Այժմ սեփական նախաձեռնությամբ, առանց վերևներից իջեցվող կարգադրությունների, կուսակցական արժեքավոր ցուցումների ու «դաբրոների» կարելի է գիտության ու տեխնիկայի բնագավառում սեփական նախաձեռնությամբ հրաշքներ գործել, բայց ներդրման, գիտական աշխատանքների առևտրայնացման գործընթացը Հայաստանում արհեստականորեն արգելափակված է: Ո՞րն է ստեղծված անհասկանալի իրավիճակի բացատրությունը, երբ, հրաշալի նախագծեր ունենալու պարագայում, սեփական երկրում բացառվում է դրանց կիրառման, ժամանակակից արտադրություններ կազմակերպելու և բավարար աշխատատեղեր ստեղծելու հնարավորությունը: Երկիրը հայտնվել է տնտեսական ճգնաժամի մեջ, կան այդ ճգնաժամը հաղթահարելու բազմաթիվ տարբերակներ, որոնք մշտապես ու հետևողականորեն մերժվում են, ո՞րն է այս անհասկանալի երևույթի բուն տրամաբանությունը: Տրամաբանություն չկա, բայց տրամաբանության բացակայությունը ևս ունի իր տրամաբանությունը, որը մեր պարագայում բխում է հետխորհրդային երկրներում «ատկատային» տեխնոլոգիաների ներդրման միջոցով արդյունաբերական ու տնտեսական պոտենցիալների զրոյացման խնդիրը լուծելու անհրաժեշտությունից: Քանի որ «ատկատային» տեխնոլոգիաները համաչափորեն ներդրվել ու ձևավորվել են հետխորհրդային բոլոր երկրներում, ապա կարելի է հանգիստ խղճով դուրս գալ Հայաստանից ու այդ հարցերի վերլուծությունը կատարել այլ հանրապետությունների փորձի հիման վրա: Սաակաշվիլու ղեկավարության տարիներին, օրինակ, Վրաստանում կիրառվել են փող աշխատելու բավականին քաղաքակիրթ «ատկատային» տեխնոլոգիաներ: Դրանք արվում էին հետևյալ սխեմայով: Համաշխարհային բանկի կամ միջազգային այլ կազմակերպությունների վարկերի հաշվին երկրում պլանավորում է իրականացնել նախագիծ, որի շուկայական գինը, դիցուք, հավասար է Ա գումարի:

Ամերիկայում ու Եվրոպայում ընդունված կարգի համաձայն՝ հայտարարվում է բաց մրցույթ կամ, ինչպես դրանք անվանում են, «տենդեր»: Կազմակերպիչները նախօրոք հոգ են տանում, որ այդ «բաց» մրցույթներն ի սկզբանե «փակ» լինեն կողմնակի մասնակիցների համար. կարող են մասնակցել միայն երկրի նախագահի լիազորած կազմակերպությունները, մյուսները կարող են հույսով սպասել: Ենթադրենք՝ մրցույթը շահում է Սաակաշվիլու կողմնակիցներից մեկը, որի գնային առաջարկը 3Ա գումար է: Հաջորդ էտապում 3Ա գումար ստացող կազմակերպությունը փնտրում ու գտնում է համապատասխան մասնագիտացում ունեցող մեկ այլ կազմակերպություն, որը պատրաստ էր (ճա՞րն ինչ) այդ ծրագիրն իրականացնելու շուկայական գների սահմաններում, այսինքն՝ Ա գումարով: Գործը արվում է ժամանակին, բայց, հիմնականում, անորակ: Ծրագրի կատարման համար նախատեսված գումարի 2/3-ը, այսինքն՝ 2Ա գումարը մտնում է «տենդերը» շահողի կամ, որ միևնույն է, Սաակաշվիլու թիմի ընդհանուր գրպանը: Մրցութային գումարի 2/3-ը նստում է շահող կողմի հաշվի վրա, դրանք «ատկատային» գումարներն են, որն այնքան հաճելի զուտ շահույթ է, որի մասին չէին կարող երազել անգամ խորհրդային «ստվերային» տնօրեններն ու արևմտյան կապիտալիստները:
Նույն «ատկատային» սխեմաները այսօր հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, դժվար է դրան հավատալ, բայց այն անցել է իր բոլոր չափերն ու սահմանները, հաստատապես մտել է նույնիսկ տիեզերագնացության փակ բնագավառը: Նման մի գործ բացահայտվեց վերջերս, երբ պարզ դարձավ, որ «Գլանաս» հայտի ծրագիրը տապալվեց «ատկատային» մոտեցման պատճառով: Օֆշորային մի կազմակերպություն, որը բաղկացած է եղել ընդամենը երեք հոգուց՝ տնօրեն, նախագահ ու հաշվապահ, հաջողեցրել էր շահել տիեզերական «Գլանաս» ծավալուն ու միլիարդավոր դոլարների հասնող ծրագիր «տենդերը»: Իր շահած ծրագիրը օֆշորային այդ կազմակերպությունն իրականացրել էր մասնագիտացված կոնստրուկտորական բյուրոների ու տիեզերական տեխնիկայի համար ստեղծված խոշոր գործարանների միջոցով, արդյունքում արձակված բոլոր արբանյակները պայթեցին, տեղ չհասան, ծրագիրը տապալվեց, ու գործը բացվեց: Պարզվել է, որ ծրագրով նախատեսված գումարների մեծ մասը մնացել է օֆշորներում: Դրանց չնչին մասը տրվել է մասնագետներին՝ աշխատանքներն իրականացնելու համար: Ասեմ մի պարզ, մասնագիտական ճշմարտություն. նման պայմաններում ծրագրի վրա աշխատող բոլոր մասնագետները՝ բանվորից մինչև ինժեներ ու գիտնական, աշխատում են իրենց ուժերի ներածից քիչ, ավելի ստույգ՝ ուժերի 1/3-ի չափով՝ ելնելով՝ каков привет, таков ответ սկզբունքից, որը բավական չէ տիեզերական գործերում հաջողություններ արձանագրելու համար:


3Ա գումարից Ա գումարով գործ անողը ևս մտածում է իր փայ-գումարը վաստակելու մասին՝ գործի մեջ օգտագործելով էժանագին չինական կամ անհայտ ծագման սարքեր ու սարքավորումներ: Տեխնիկայում ամեն ինչ հաշվելի ու հաշվարկելի է, տարբեր «ատկատային» տեխնոլոգիաներով հնարավոր չէ պիտանի տեխնիկա ստեղծել ու առաջ շարժվել, դա ժամանակակից Ռուսաստանի նոր ռուսների հաշվեսխալներից է, ինչն անմիջապես ընդօրինակել են նրանց փոքր եղբայրները հետխորհրդային մյուս երկրներում: «Ատկատային» տեխնոլոգիաների հիմքում, ի տարբերություն «ստվերայինների», դրված են առուփախի բանաձևերը. միջոցները ներդնել այնպիսի խնայողություններով, որ ստեղծված տեխնիկան իր նմանակներին նմանվի միայն արտաքնապես, ոչ ավելի:


Եթե ուսումնասիրենք «ատկատային» տեխնոլոգիաների ժամանակ գնագոյացման խնդիրները, ապա կտեսնենք, որ ցանկացած արտադրանքի, այդ թվում՝ տիեզերականի, մեջ կա առնվազն երեք բաղադրիչ. ա) արտադրանքի ստեղծման համար անհրաժեշտ արտադրական ծախսերը, բ) որակի ապահովման համար նախատեսված ծախսերը, գ) ծախսեր, որոնք անհրաժեշտ են արտադրանքի հուսալիությունը ապահովելու համար (դիագնոստիկական մեթոդների կիրառում, երկարատև, ոչ քայքայող փորձարկումների կազմակերպում և անցկացում, լրացուցիչ փորձնական նմուշների ստեղծում՝ գերբեռնման ռեժիմներում երկարատև քայքայող փորձարկումներ անցկացնելու համար և այլն):


Մասնագետների աչքից չէր կարող վրիպել այն հանգամանքը, որ Ռուսաստանի «Վոստոչնի» տիեզերակայանից անդրանիկ արձակման ժամանակ Պուտինին ներկայացրել էին բոլորովին «հում» տիեզերանավ՝ իր բազմաստիճան հրթիռներով: Պուտինին մեկ օր սպասեցրին, տիեզերանավի արձակումը մեկ օրով հետաձգեցին միայն այն պատճառով, որ կափույրների «բաց-փակ» վիճակը արձանագրող չորս սենսորներից (տվիչներից) մեկը խափանվել էր, որը, իբրև թե, շատ արագ կարգավորվեց: Համաշխարհային հանրությանը դա ներկայացվեց որպես շարքային դեպք (штатный случай): Իհարկե, ամենևին էլ այդպես չէ, տեղի ունեցածը շարքային դեպք չէր կարող լինել, առավել ևս, այն մանրուք չէր: Կատարվածը նշանակում էր՝ ողջ համակարգը չի անցել տիպային պարտադիր փորձարկումներ, որոնց միջոցով հնարավոր է լինում բացահայտել թույլ տված սխալներն ու վրիպումները: Տեխնիկայում դրանք լինում են, բայց հեշտությամբ հայտնաբերվում ու վերացվում են նախնական փորձարկումների ժամանակ: Եթե դրանք չեն հայտնաբերվել, ուրեմն փորձարկումները ամբողջական ծրագրով չեն իրականացվել:


Հայաստանում ամեն տարի անցկացվում են ՏՏ ոլորտին վերաբերող ցուցահանդեսներ, որտեղ երեխաները ցուցադրում են իրենց ստեղծած ռոբոտները, դրանք շատ օգտակար և ուսանելի միջոցառումներ են: Ցանկացած ռոբոտ բաղկացած է կատարող մեխանիզմներից ու բազմաթիվ սենսորներից, համենայն դեպս՝ չորսից ավելի: Մեր երեխաների մոտ այդ սենսորները մշտապես աշխատանքային ռեժիմներում են գտնվում, աշխատում են անխափան, և գիտե՞ք ինչու. որովհետև երեխաներն են ստեղծել, որոնց մեջ կա պատվախնդրության ընդգծված զգացում, նրանք փողի հետևից չեն գնում, նրանք ազնիվ ու նպատակասլաց գործ են անում, դրա համար էլ նրանց ռոբոտների բոլոր «չորրորդ» սենսորները անխափան աշխատում են:


Ռուսական նշված տիեզերանավի սենսորների աշխատանքը անտեսանելի թելերով ուղղակիորեն կապված է «ատկատների» հետ. որքան շատ են «ատկատները», այնքան շատ են խափանումները, այնքան ցածր է ռազմական, տիեզերական ու շատ կարևոր այլ տեխնիկական համակարգերի հուսալիությունը։ Իմ կատարած հաշվարկներն այդ են ապացուցում: Խորհրդային տարիներին ռազմարդյունաբերության մեջ «ատկատների» մասին խոսք չի եղել, համալիրի գործարաններում ու ինստիտուտներում աշխատող բոլոր մասնագետները՝ բանվորներից, տեխնիկներից մինչև տիտղոսակիր գիտնականներ, ունեցել են ցայտուն արտահայտված պետական մտածողություն: Ժամանակները փոխվել են: Եթե ԽՍՀՄ փլուզումից հետո մեր գիտությունը, տեխնիկան, ընդհանուր տնտեսությունը հետ են շպրտվել տասնյակ տարիներով, ապա գիտակցության, ազնվության, օրինավորության, պետականամետության ցուցանիշներով մեր օլիգարխների ընտրյալ դասը հաջողեցրել է գրավել իր իսկական, բայց ոչ պատվաբեր տեղը՝ գնչուական թափառախմբի ու թուրքական թալանչի ցեղերի միջակայքում: Դրությունն օրհասական է նաև այն պատճառով, որ հետխորհրդային երկրների բարձրագույն ղեկավարությունը ամեն պատեհ առիթ օգտագործում է՝ ցուցադրելու այս ամենի դեմն առնելու իր անճարակությունը, իր անկարողությունը՝ շարունակելով իր համագործակցությունը հետադիմական, հակապետական այդ ուժերի հետ, հաշտվելով այն մտքի հետ, թե միայն նրանց հետ ու միայն նրանց միջոցով է հնարավոր պահել ու պահպանել սեփական իշխանությունը՝ խաչ քաշելով և երկրի, և երկրի ապագայի վրա: Այս տեսակետից մտահոգիչ է մեր երկրների անթագադիր ընդհանուր լիդեր Վլադիմիր Պուտինի վարած ներքին քաղաքականությունը:

Մի կողմից՝ նա խիստ քննադատական ելույթներ է ունենում, մասնավորապես, նույն «Վոստոչնի» տիեզերակայանի շինարարության ժամանակ թույլ տված խոշոր չափի գողությունների ու յուրացումների թեմաներով, մյուս կողմից՝ խուսափում է վճռական քայլեր կատարելուց: Մարդու լեզուն էլ չի պտտվում ասելու, որ այդ հետխորհրդային չարագործները նրա նման հանճարեղ պետական գործչի հալալ եղբայրներն են, նրա թիմակիցներն ու գաղափարակիրները: Նման դեպքերում Ստալինը մեղավորներից ու, առաջին հերթին, ռազմարդյունաբերության ոլորտի պատասխանատու Դմիտրի Ռոգոզինից երեքական կաշի կքերթեր, կհաներ ու մյուսներին իրենց տեղը ցույց կտար, բայց Պուտինը նման քայլերի չի դիմում, որովհետև ինքն էլ, հետխորհրդային մյուս նախագահների նման, գուցե նույն «ատկատների» ձրի մսուրից է օգտվում։ Դժվար է հավատալ, հավատալու բան չէ, բայց դեպքերն ու զարգացող իրադարձություններն ասում են, որ այս աշխարհում ոչինչ բացառված չէ։ Ասա՝ ով է քո բարեկամը, կասեմ՝ ով ես դու:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ