Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

1905, Բաքու

1905, Բաքու
04.11.2016 | 08:47

(սկիզբը` այստեղ)

ԱԴԱՄՅԱՆ. ՎԵՐՋԻՆ, 3-ՐԴ ՕՐ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՉՈՐԵՔՇԱԲԹԻ


Ադամյանը սեղանի վրայից բարձրացրեց ծանրացած գլուխն ու նայեց պատշգամբին: Մառախլապատ, ցրտաշունչ լուսաբաց էր: Մոխրագույն երանգներով սպիտակ մշուշը թափանցում էր գաջածեփի, ապակու, կոտրտված սպասքեղենի կտորտանքներով լեցուն հյուրասենյակ և խորացնում նրա հոգնությունը:
Բարալիկ, նիհար, վերին շուրթին աղվամազով Նիկոն կծկված-քնած էր բազմոցին:
Ադամյանը դանդաղորեն ոտքի կանգնեց, սեղանից վերցրեց «վինչեսթրներից» մեկն ու ստուգեց պահունակը: Ապա կռացավ որդու վրա, ձեռքը թեթևակի հպեց ուսին.
-Նիկո՜…
Տղան դալուկ դեմքի փոս ընկած աչքերը բացեց.
-Հիմա ոտքի կելնեմ, հայրիկ,- ասաց ու հորանջեց:
Երեխան ուժասպառ էր եղել, բայց ի՞նչ կարող էր անել. որդու օգնությունը պարզապես անհրաժեշտ էր:


Եռօրյա ինքնապաշտպանությունը վերածվել էր յուրատեսակ գործի, աշխատանքի, ասես չկար մահացու վտանգ, չկար մահվան սպառնալիք իր և տան բնակիչների կյանքին:
Պատշգամբի ծակոտված պարկերի վրայից գլուխը հանեց ու տեսավ աստիճանաբար անէացող մառախուղի մեջ խարույկների շուրջը տաքացող թուրքերի սև կերպարանքները: Տաք-տաք վիճում էին տունը գրավելու շուրջ ու լուտանքներ տեղում բնակիչների հասցեին: Ի վերջո, որոշեցին նորից ջահեր շպրտել: Ադամյանի համար նոր անակնկալ չկար` սկսեց մեկ առ մեկ ոչնչացնել ջահակիրներին, մերթ ընդ մերթ Նիկոյից նոր լիցքավորված հրացան պահանջելով:
Պատասխան հրաձգության ներքո թուրքերը տակառով կերոսին բերեցին, հրդեհեցին ու գլորեցին դեպի տան դարպասը: Թեև դուռը երկաթե էր, սակայն բարձր ջերմաստիճանի տակ կձևախեղվեր: Ադամյանը դա հասկացավ, հարկ էր արագ գործել: Ստիպված ոտքի կանգնեց, մոտեցող թուրքերից մի քանիսին թավալգլոր արեց ու հենց այդ պահին գլխից` քունքի մոտ, վիրավորվեց և ընկավ:


-Հայրի՜կ,- բղավեց Նիկոն և հորը քարշ տալով հյուրասենյակ բերեց:
Ադամյանը շոշափեց վերքը. ափն արնոտվեց:
-Տղաս, խուճապի մի մատնվիր, դատարկ բան է, քերծվածք է, շորի կտոր բեր ու հրացանները լիցքավորիր…
Գլուխը փաթաթելով, Ադամյանն օրորվելով քայլերն ուղղեց պատշգամբ:
Հյուրասենյակ ընկան մի քանի վառվող փայտալաթեր: Վարագույրն ու կահույքը բռնկվեցին:
Ադամյանն ամբողջ հասակով կանգնեց և վրա-վրա կրակելով սպանեց ջահեր նետողներից մի քանիսին:
-Նիկո՛, հրացանը…


Երբ որդին պատրաստվեց նոր լիցքավորված «վինչեսթրը» հորը տալու, Ադամյանը նոր վիրավորում ստացավ ուսից ու շպրտվեց պարկերի վրա:
Դա տեսնելով` Նիկոն կանգնեց պատշգամբում և գոռալով ինքն սկսեց կրակել: Թուրքերը պատասխան կրակ բացեցին, և տղան պատշգամբից անշնչացած ընկավ փողոց:
Մշուշոտ աչքերով Ադամյանը նկատեց որդու զոհվելը: Վերցրեց նրա հրացանը, ոտքի կանգնեց և վերջին ուժերը լարելով` պահունակը սպառեց: Դա վերջն էր: Խոցվեց կրծքից և ընկավ: Ադամյանն ավարտեց իր ճակատամարտը…
«Վինչեսթրի» կրակոցների յուրահատուկ ձայնը չլսելով, Մարիամը նկուղից վազելով բարձրացավ: Բնակարանը բոցերի մեջ էր: Տեսավ պատշգամբում ընկած ամուսնուն: Որդին չկար: Անմարդկային ճիչ արձակելով՝ Մարիամը կրակների միջով հասավ ամուսնուն, գրկեց անշունչ Ալեքսին, և նրա ողբն ու աղաղակները միախառնվեցին այրվող կահույքի ճարճատյունին:
Ժամեր անց, երբ կրակն ամբողջն այրեց ու մարեց, հայտնաբերեցին միմյանց գրկախառնված երկու մոխրացած կմախք…
Փետրվարի 13-ին Արամ և Սողոմոն Միքայելի Արամյանցները Թիֆլիսի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցում հոգեհանգիստ մատուցեցին ի հիշատակ Բաքվում զոհված իրենց հոր ընկեր, 50-ամյա Ալեքսանդր Հովհաննեսի, նրա կին, 34 տարեկան Մարիամ Սողոմոնի և նրանց որդի, 15-ամյա Նիկողոս Ադամյանների:

«Տանտերը դիմակայեց եռօրյա պաշարմանը, գնդակահարելով առնվազն քառասուն թաթարի, որոնց դիակները թափված էին փողոցի անկյունում: (Մի քանի ամիս առաջ Ադամովի եղբորը` նույնպես մեծահարուստ և Բաքվի ականավոր նավթարդյունաբերողի, գնդակահարել էին քաղաքային զբոսայգում, նրա դին մարդասպաններն այլանդակել էին):
Թաթարներին ընդհուպ մինչև երրորդ օրը մոտ չէին թողնում:


Այդ օրվա առավոտյան Ադամովը կրկին դիրքավորվեց պատշգամբում և խոշոր տրամաչափի պահունակային «վինչեսթրի» առաջին իսկ կրակոցով սկսեց թաթարների ամբոխում իր մահաբեր գործը: Մինչ հայրը կրակում էր մի հրացանից, նրա որդին լիցքավորում էր մյուսը` հորն անդադար մարտի պատրաստ զենք տրամադրելով: ՈՒշագրավ է, որ շատերն սպանվում էին ճակատից: Հազիվ էր թաթարը հայտնվում տեսադաշտում, զգոն հայը անմիջապես նրան թիրախ էր դարձնում:
Մինչ քաջարի հայը մեկ առ մեկ խոցում էր հակառակորդին, մի քանի թաթարներ ներխուժեցին կերոսինի կրպակ, իսկ մյուսները մեծ քանակությամբ կերոսին հավաքեցին փողոցային լապտերներից: Կերոսինի ու հարդի պաշարով վերադառնալով տան մոտ, նրանք կոտրեցին մուտքի դուռը, նախամուտք լցրեցին կերոսինով ներծծված հարդը ու կրակ տվեցին: Հենց այդ պահին Ադամովը գլխից վիրավորվեց: Նա նահանջեց ընդամենը հինգ րոպեով, ապա վերադարձավ վիրակապված գլխով և շարունակեց մահ սփռել: Մի քանի թաթար, որոնք չէին սպասում նրա վերադառնալուն, տեղնուտեղն սպանվեցին, չհասցնելով փողոցից հեռանալ:
Կրակի լեզուները դանդաղորեն բարձրանում էին շենքի ճակատն ի վեր, բայց հուսալի զենքը չէր լռում: Տասնյոթամյա որդին (հեղինակը ճիշտ չէ, որդին 15 տարեկան էր- Խ. Դ.) դիրք բռնեց հոր կողքին, բայց տեղնուտեղը թաթարների գնդակից խոցվեց և պատշգամբից ընկավ ցած: Այժմ արդեն ուսից վիրավորված հայրը ստիպված եղավ հրացանը հենել պատշգամբի ճաղերին, և հուսահատությունը նրան խիզախություն էր հաղորդում, ու նա շարունակում էր կրակել` հաստատակամորեն որոշելով որքան հնարավոր է բարձր գին պահանջել: Նրա շարժումները դանդաղեցին, թաթարներն ավելի ագրեսիվացան, և, ի վերջո, նա ճակատագրական վիրավորում ստացավ և ընկավ պատշգամբում: Դա ազդանշան դարձավ թաթարների համար. վայրի կատաղությամբ նրանք ներխուժեցին տան ներքևի այն հատվածներ, ուր կրակի բոցերը դեռևս չէին հասել: Նկուղում գտան ինը տղամարդու և տասնմեկ կանանց: Տղամարդկանց քարշ տվեցին փողոց ու մորթեցին, իսկ կանանց տարան իրենց հետ:


Ոստիկանության տվյալների համաձայն, տնից դուրս բերվեց 40 դի: Այլ կերպ ասած, բոլոր բնակիչները կամ գնդակահարվել էին, կամ կրակի բոցերի մեջ այրվել: Ադամովը դաժանորեն պատժեց թշնամիներին` բնակիչներից յուրաքանչյուրի կյանքի դիմաց խլելով թաթարի կյանք. արյունալի, բայց փայլուն արարք, որը բարձր գնահատվեց թե քաղաքի բրիտանական համայնքի, թե ռուս բնակչության կողմից: Խիզախ հայի անունով կոչվում էր նրա նավթային ընկերությունը, բայց իր մահով նա թողեց մի անուն, որը Կովկասի պատմության մեջ պաշտելի պիտի լինի հնամենի ու հալածյալ ազգի բոլոր բարեկամների համար»:
«Petroleum World» («Նավթաշխարհ») ամսագրի հիմնադիր ու խմբագիր,
1905 թ. իրադարձությունների ականատես Ջեյմս Դոդս Հենրիի «Բաքու: Իրադարձություններով հարուստ պատմություն» (Baku. An eventful histoty) հուշագրությունից

«Ցերեկվա ժամը 1-ին (փետրվարի 9-ի- Խ.Դ.) լսվեցին հրացանային կրակոցներ: Ես տնից դուրս վազեցի, իջա Բազարնայա փողոց ու տեսա, որ Ցերկովնայա փողոցում Բաբաջանովի տունը (թ. 93) շրջապատված է թուրքերով: Տան մեջ պաշարվածներն էլ կրակում էին երրորդ հարկից, բայց նրանց արձակած գնդակները չէին կարող որևէ մեկին վնաս հասցնել, քանի որ պաշարողներին խոցելու համար պետք էր, որ նրանք պատուհաններից իրենց գլուխները դուրս հանեին` նշան բռնելու համար, իսկ այդպիսի բան անել պաշարվածները չէին կարող անել` վախենալով սպանվել (ակնհայտ կեղծիք է-Խ. Դ.):


Վերջապես պաշարվածներից մեկը դուրս եկավ պատշգամբ և հրացանի կրակոցով վիրավորեց մի թուրքի, բայց ինքն էլ գնդակահար լինելով` ընկավ փողոց: Պաշարողները և պաշարվածները շարունակում էին փոխհրաձգությունը: Ամբոխից մեկն առաջարկեց հրդեհել տունը. իսկույն մի տակառ նավթ բերեցին և լցնելով տան մուտքի վրա` կրակ տվեցին: Երեկոյան ժամը 6-ի մոտ ամեն ինչ այրվեց, բացի ներքնահարկից: Թուրքերը որոշեցին ներս մտնել ու խուզարկել ներքնահարկը: Այստեղ մեծ արկղեր կային, մի լեզգի դաշույնը ներս խոթեց ու զգաց, որ այդտեղ` արկղերի մեջ, թաքնված դժբախտ մարդիկ կան: Կատաղած ամբոխը վրա տվեց և գտավ 9 հոգու: Ես չեմ կարող նկարագրել այն սարսափը, որ երևում էր հայտնաբերված զոհերի դեմքին… Նրանց մեկ առ մեկ դուրս էին բերում և բոլորի աչքի առաջ կոտորում…

Այդտեղից ամբոխը հայտնաբերեց նաև 10 թաքնված կանանց: Նրանց ինչ-որ տեղ տարան»:

Թուրք ջարդարարի վկայությունից, «Бакинские известия»

«Փետրվարի 9-ի ցերեկվա ժամը 11-ին Պարապետից, որի մոտ փռված էին երկու ձիու դիակ, ճանապարհվեցինք դեպի Վորոնցովսկայա փողոց, որպեսզի գնանք-հասնենք Բաբաջանովի ու Լազարևայի տների հրկիզման վայրը: Մոտենալով Բաբաջանովի տանը, Ցերկովնայա փողոցում տեսանք մի զարհուրելի պատկեր: Տան առջևի ամբողջ սալահատակը կտորտանքների էր վերածվել, այդտեղ անկանոն փռված էր 4 թուրքի դիակ: Ամբողջ տունը (իրականում երկու տուն` Բաբաջանովի և տիկ. Լազարևայի, թթ. 93 և 95) ներկայացնում էր մի միապաղաղ, այրված ավերակ:


Շենքի պատերը նախշված էին գնդակների հազարավոր փոսիկներով: Շենքի ներսում պատկերն ավելի զարհուրելի էր` շուրջ 17 այլակերպ, ածխացած դիակների միախառնված կույտ: Դրանց թվում էին երեխաների 5 դիակներ: Դրանք Ադամովի, Բաբաջանովի, Թադևոսովի և այլոց ընտանիքներն էին: Կային նաև ռուսներ ու վրացիներ: Ոստիկանության տվյալներով, Բաբաջանովի տանը գնդակներից սպանվել և հրդեհից այրվել էր 24 հոգի, բայց այդ թիվն իրականից պակաս էր, որովհետև բացի հիշյալ 17 այրվածներից առավոտյան այդտեղից` փողոցից, տարել էին 12 դիակ, իսկ 4-ն էլ դեռ ընկած էին փողոցում: Ընդամենը` 33 զոհ»:
Օրեստ ՍՅՈՄԻՆ, «Новое обозрение»
(Թիֆլիս), 10 փետրվարի, 1905 թ.

Բաքվում` Սև և Սպիտակ քաղաքներում, հայերի պատասխան գործողությունների արդյունքում թուրքերն սկսեցին տասնյակ զոհեր տալ, և նահանգապետ Նակաշիձեն վերջնականապես հասկացավ, որ իր իշխանությունը լիովին անզոր է, իրադրությունը կատարելապես անվերահսկելի է: Ավելին, հայ-թաթարական բախումները կտարածվեին ամբողջ Անդրկովկասով մեկ, և այդ ամենի համար կմեղադրեին իրեն, ինքն էր պատասխան տալու կայսեր առաջ: Երկար-բարակ մտորելուց հետո որոշեց հաշտության պատվիրակություն ստեղծել: Դրա մեջ ներգրավեց շեյխ-ուլ-իսլամին, Շամախի թեմի առաջնորդ Անանիա արքեպիսկոպոս Սեդրակյանին, ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին, քաղաքագլուխ Իրեցկուն, ոստիկանապետ Դեմյանովսկուն, թաթարներից` նավթարդյունաբերողներ Նաղիևին և Ասադուլաևին, «ԽՈրտՌռ» թերթի խմբագիր Թոփչիբաշևին, հայերից` «Բաքվի նավթարդյունաբերողների համագումարներ» կազմակերպության խորհրդի նախագահ Պողոս Ղուկասյանին, Բաքվի հայոց մարդասիրական ընկերության նախագահ Սամսոն Հարությունյանին, ինժեներ-նավթարդյունաբերող Կոնստանտին Խատիսյանին: Նահանգապետի նստավայրից այս պատվիրակությունը` կազակների և այլ քիչ թե շատ հեղինակավոր անձանց ուղեկցությամբ, դուրս եկավ փողոցներ` հաշտություն ավետելու:


Երբ հասան Պարապետ, շեյխ-ուլ-իսլամն ու արքեպիսկոպոսը համբուրվեցին: Ամբոխը հայերեն, ռուսերեն ու թաթարերեն սկսեց բղավել «հաշտությո՜ւն», իսկ այդ ժամանակ Ցերկովնայա փողոցում զոհվում էր Ադամյանը և մորթվում էին Բաբաջանյանի տան բնակիչները…
(շարունակելի)


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ