Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
22.11.2016 | 08:35

(սկիզբը՝ այստեղ)

Կարծում եմ՝ ավելորդ չի լինի համաշխարհային ու այլ բանկերի կողմից անկախ Հայաստանում իրականացված ներդրումային քաղաքականության ուսումնասիրությունը: Ի վերջո, մենք մի օր պետք է կարողանանք հասկանալ, թե ինչու և ինչպես եղավ, որ մեր երկրի վզին հաջողվեց փաթաթել 6-միլիարդանոց արտաքին պարտքն այնպես, որ հիմա շնչահեղձ ենք լինում ու, դիցուք, պաշտպանության նախարարը ստիպված է հազարդրամանոց դրամահավաք նախաձեռնել՝ պատերազմում զոհված հայորդիների ընտանիքներին օգնելու համար: Եթե մեր երկիրը սնանկացել է այդ աստիճանի, արդեն հասել է դրան ու այլ տարբերակներ չունի, ապա պետք է ընդունել, որ մեր գործերն իսկապես վատ են, շատ վատ են, վարչապետ Կարեն Կարապետյանը ճիշտ է բնութագրում մեր տնտեսության ներկա վիճակը: Ինչ խոսք, հայրենիքի համար արյուն թափած, հայրենիքի համար երիտասարդ կյանքները տված մեր հերոսներին ու նրանց ընտանիքներին պետք է օգնել, և դա պետք է արվի անհապաղ, որովհետև նրանք մեր իշխանությունների անպտուղ քաղաքականության պատճառով տուժած քաղաքացիներիցս ամենատուժածներն են: Սիրիայում, և ոչ միայն այնտեղ, զոհված ռուս զինվորների ընտանիքներին Պուտինը, առանց հատուկ դրամահավաքների, կարողանում է օգնել՝ տալով մեկական միլիոն դոլարի միանվագ օգնություն և սոցիալական հատուկ կարգավիճակ՝ մինչև երեխաների չափահաս դառնալը: Նման նպատակների համար մենք պետք է դեռևս հազարական դրամներ հավաքենք այն պարագայում, երբ մեր նախկին ու ներկա իշխանավորները, նախարարները, ԾԻԳ-երի ու ԹԻԳ-երի տնօրենները ոչ միայն թալանեցին մեր երկիրն ու ոչնչացրին մեր երկրի տնտեսությունը, այլև այս դժվարին պահերին մի կողմ են քաշվել ու շարունակում են վարել հոգսերից ազատ իրենց ցոփ կյանքը:

Իսկ ինչո՞ւ չընդօրինակել Քըրք Քրքորյանին, Գալուստ Գուլբենկյանին կամ Ալեք Մանուկյանին ու չստեղծել «Հայկական բանակի աջակցման», «Ապրիլյան պատերազմում զոհվածների երեխաների օգնության», «Հայաստանի գյուղատնտեսության վերելքի», «Հայաստանի արդյունաբերական պոտենցիալի վերականգնման» ու բազմաթիվ այլ ազգօգուտ հիմնադրամներ՝ Հովիկ Աբրահամյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Բալասանյանի, Սուրեն Խաչատրյանի կամ Ալեքսանդր Սարգսյանի ու մյուսների փողերով, որոնց չափերի մասին ժողովուրդն արդեն առասպելներ է պատմում: Ինչո՞ւ նրանք տեղից չեն շարժվում: Էմիրաթներում և այլուր քեֆ-ուրախությունները ստացվում են, իսկ հայրենիքի մատից մի փուշ հանելը չի՞ ստացվում: Ինչո՞ւ է այդպես: Բա ամոթ չէ՞, մեր սիրելի ժողովրդի հաշվին հարստացած սիրելի հայրենակիցներ: Իհարկե, եթե նրանց դեռևս կարելի է սիրելի ու հայրենակիցներ անվանել:


Եթե պետությունը պետություն, իսկ պառլամենտն էլ պառլամենտ լիներ, ապա զոհված ազատամարտիկների ու զինվորների ընտանիքներին օգնելու համար բյուջեում, առաջին տողով, հատուկ հոդված կլիներ նախատեսված: Բյուջեում փող չկա՞... քիչ գողացեք, վարկային միջոցները մի՛ մսխեք, կաշառք մի՛ վերցրեք, «ստվերի» ճանապարհը փակեք, զարգացրեք արդյունաբերությունն ու կտեսնեք, որ կլինի, շատ փող կլինի, ու մեր բարձրագույն իշխանությունները նման անհարգալի ձևով ձեռքերը փրփուրներին չեն գցի:


Համոզված եմ՝ ժողովրդից հազարական դրամներ հավաքելն արվում է զուտ քաղաքական նպատակներով՝ գարնանային ընտրություններից առաջ հերթական անգամ մարդկանց աչքերին թոզ փչելու, իշխանություն-ժողովուրդ գոյություն չունեցող համերաշխության ու համագործակցության էժանագին իմիտացիա անելու համար: Նախկինում ես արդեն ասել եմ՝ Հայաստանի իշխանություններն այնքան են կորցրել իրենց վստահությունը ժողովրդի աչքում, որ եթե նույնիսկ մարդկանց համար իրենց ձեռքերի մեջ ձվածեղ պատրաստեն կամ տասը մատները եկեղեցում մոմի տեղ վառեն, զոհվածների ընտանիքների համար էլ հազարական դրամները հաջողությամբ հավաքեն, միևնույն է, նրանց չեն հավատալու, նրանց չեն վստահելու:


Մեր իշխանությունները ռեալ իրականությունից այնքան են կտրվել, որ ժողովրդի յոթ մղոնից անգամ աչքի ընկնող տրամադրությունը չեն նկատում, ճիշտ եզրահանգումներ չեն անում: Միայն մեկ ճանապարհ կա, որը հուսահատության դուռը հասած ժողովրդին կարող է հետ բերել. դա նոր աշխատատեղերի ստեղծումն ու մարդկանց աշխատանքով ապահովելն է:
Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ ոչինչ չի հասցրել անել, միայն անկեղծորեն ձգտում է երկիրը դուրս բերել օրհասական այս վիճակից ու, խնդրեմ. վերջին սոցիալական հարցումներով նրա վարկանիշը առաջին տեղում է: Կարծում եմ՝ պաշտպանության նախարարի կազմակերպած դրամահավաքը չի կարող բնութագրվել որպես ազնիվ արարք, որովհետև նրա այդ քայլը քաղաքացիների նվիրական զգացմունքների վրա խաղալու անհաջող փորձ է: Երբ մեր քաջարի եղբայրներն ու զավակները 90-ականներին կռվում ու զոհվում էին հանուն Ղարաբաղի ու հանուն մեր հայրենիքի, Հայաստանում՝ հանուն Ղարաբաղի ու հանուն մեր հայրենիքի կռվողների ու զոհվողների թիկունքում, առանց իրենց հաշիվ տալու, սեփական երկիրն էին թալանում, պատերազմող երկրի տնտեսությունն էր ոչնչացվում ու, այդ ամենը արվում էր միայն մեկ նպատակով՝ հարստանալ, հարստանալ ու անհապաղ հարստանալ: Հիմա երկրի վիճակը շատ ծանր է, և օլիգարխիան լավ է հասկանում, որ ծանր է իր մեղքով, դե թող գան ու օգնեն իրենց երկրին: Ինչո՞ւ նրանք չեն ցանկանում Պուտինից լավ օրինակ վերցնել ու մեր զոհված զինվորների երեխաներին օգնության ձեռք մեկնել՝ տրամադրելով մեկական միլիոն դոլարները: Երբ լսում ես, թե որ երկրներում, ինչ ճոխությունների պայմաններում են արվում օլիգարխիայի երեխաների, հարսների ու թոռների ծնունդները, կնունքներն ու հարսանիքները, ակամա հարց ես տալիս, թե ի՞նչ իսան են սրանք, փողի ի՞նչ անհասկանալի մոլուցքով են տառապում: Բա՞յց... անեն ինչ ուզում են, սակայն թող նաև հեռու մնան մեր երկրի գործերից, դրանք մեր ազգային գործերն են, գտնվում են մեր անձնական պատասխանատվության դաշտում, և մենք ամեն ինչ կանենք ու ինքնուրույնաբար կկարգավորենք մեր երկրի խնդիրները՝ նաև հարյուրհազարական դրամներ տալով հայկական բարեգործական հիմնադրամներին:


Հազարդրամանոց ակցիայից իմ դժգոհությունը ուղղված է հատկապես ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանի անձին:
Պարոն Վիգեն Սարգսյան, Ձեր նախկին պաշտոնում Դուք արդեն հասցրել եք երկու ցավոտ հարված հասցնել հելիոֆիկացիայի մեր երկրաստեղծ ծրագրին՝ «տշելով» նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իմ և, նույն հարցով, ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի առաջարկը: Մեկ տարի շարունակ այս ու այն կողմ ուղարկելով: Մի ամբողջ տարի ոչ մի արձագանք, իսկ արդյունքը՝ զրոյական:


Նույն ձևով Դուք «տշեցիք» նաև Աբել Գիզևիչի մշակած ծրագիրը, որն ուղղված էր Հայաստանի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելուն: Այդքանից հետո Դուք հազար դրամներ եք ուզում հավաքել: Լավ բան չէ: Ձեր այդ քայլը ոչ թե ժողովրդին միավորելուն, ազգ-բանակ գաղափարը կյանքի կոչելուն, այլ, ընդհակառակը, ժողովրդի մեջ պառակտություն մտցնելուն է ուղղված: Եթե ժամանակին իմ ծրագրին ընթացք տրվեր, ապա այսօր մենք նման թշվառ վիճակում չէինք հայտնվի, որ մեր թանկագին քաղաքացիներին օգնելու, նրանց ընտանիքներին պատշաճ օգնություն ցույց տալու համար հույսներս դնենք հազարական դրամների հավաքման վրա: Եթե մեր արդյունաբերությունը սկսեր աշխատել նորմալ ձևով, ապա մեր երկրի տնտեսությունը կլիներ կայուն, իսկ մեր սահմանները հագեցած կլինեին էլեկտրոնային պաշտպանիչ համակարգերով, և այդքան շատ զոհեր ու վիրավորներ չէինք տա, զոհվածների արյունը նաև Ձեր ճակատին է՝ Ձեր անհոգության ու պաշտոնական անփութության պատճառով:


Մի՞թե դժվար է հասկանալ, որ այդ դրամահավաքը ջուր է լցնելու ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, մտածում ե՞ք, թե ինչ եք անում: Հարգելի իշխանավորներ, դուք շարունակում եք մեր երկիրը թուլացնել, նվաստացնել ու ստորացնել, ինչո՞ւ եք այդպես վարվում:
Մի հին, բայց շատ կարևոր խորհուրդ կա մարդկանց համար. մտածեք, թե ինչ եք անում, մի արեք այն, ինչը մտածում եք և, ամեն դեպքում, ձեր հեռացումը պետք է մեր ազգի փրկության համար, որքան շուտ, այնքան լավ, փրկությունը ավելի շուտ կգա: Հոդվածաշարիս նպատակները բնավ չեն փոխվել, պետք է հուսալի ելք գտնել հետխորհրդային երկրներում տիրող այս վակխանալիա-բաքոսատոնից դուրս գալու համար: ՈՒ ես գիտեմ, թե ինչ է պետք անել, այդ մասին եմ ես շարունակ գրում, բայց առտնին խնդիրներն ինձ անընդհատ շեղում են իմ ճանապարհից: Խնդիրը միայն մեզ համար չէ, որ ակտուալ է, խնդիրը վերաբերում է հետխորհրդային բոլոր երկրներին ու համայն աշխարհին: Մարդիկ հոգնել էին խորհրդային նոմենկլատուրայի անօրենություններից, մարդիկ հոգնել են հետխորհրդային էլիտայի անկշտությունից: Ամերիկայի, Մոլդովայի ու Բուլղարիայի վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ բոլոր երկրների քաղաքացիներն են հոգնել, հոգնել են իրենց «իսթեբլիշմենթներից», աշխարհում (և ոչ միայն Հայաստանում) հատուկ տեսակի մարդիկ կան, որ պաշտոնի են ձգտում ու այդ պաշտոնը ստանալուն պես սկսում են գռփել ու ճնշել սեփական ժողովուրդներին՝ իրենց արածը նախապես թաքցնելով ու թաքնվելով տարբեր հայրենասիրական ու մարդասիրական կոչերի տակ: Համաշխարհային նշանակության խնդիր է դարձել. ինչպե՞ս ազատվել նման մարդկանցից ու դուրս գալ ստեղծված իրավիճակներից, դժվար է, թվում է, թե ելք չկա: Ամերիկայում, թերևս, ընտրությունների միջոցով դա ստացվում է, ՀՀ-ում առայժմ չի ստացվում:


Գերմանական կայսրության ռայխսկանցլեր Բիսմարկը ժամանակին մի դիպուկ միտք է արտահայտել, որ կիրառելի է նաև մեր դեպքում. «Ես ձեզ հարյուր ձև կպատմեմ, թե ինչպես քնած արջին հանել իր որջից, բայց ոչ մի ձև չգիտեմ, թե ինչպես այդ նույն արջին մտցնեմ իր որջը»:
Խնդրեմ, Ռուսաստանում այսօր ձերբակալել են տնտեսական զարգացման նորանշանակ ու, իր զբաղեցրած պաշտոնի համեմատ, շատ երիտասարդ նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևին՝ երկու միլիոն դոլարի կաշառք վերցնելու համար, Երևանի գետնանցումներից մեկում ձերբակալել են դատավոր Ասատրյանին՝ 1000 դոլար կաշառք ստանալու համար: Հիշեցնեմ, որ մեր երկրում դատավորների աշխատավարձը մեկ կարգով բարձր է դոկտոր-պրոֆեսորների աշխատավարձից, դրա համար էլ մեր ղեկավար այրերի ձայնը տաք տեղից է գալիս, կուշտը սովածին միշտ էլ մանր է բրդում: «1000 դրամն ի՞նչ է, որ, մեր հերոսներին չօգնե՞նք»,- սա ամբոխավարության կլասիկ դրսևորում է: 1000 դրամի հարցը այդքան աղմուկ չէր բարձրացնի, եթե հնչեր շարքային, ազնիվ քաղաքացու շուրթերից: Խորհրդային երկրում նման նախաձեռնությունները, սովորաբար, հնչեցվում էին կթվորուհի-պատգամավորների շուրթերով. «Կազմակերպենք ու կազմակերպված անցկացնենք համամիութենական կոմունիստական շաբաթօրյակը», «Լենինյան շաբաթօրյակին ընդառաջ՝ անցկացնենք համամիութենական կոմերիտական ևս երկու կիրակնօրյակ» և նման բաներ: Այս տեխնոլոգիան իր հորից լավ է յուրացրել Ալիև կրտսերը՝ վերջին սահմանադրական «բարեփոխումներից» հետո ցուցադրաբար, ի գիտություն ընդունելով շալերի մեջ փաթաթված մի ծեր բաջու առաջարկը՝ թող Ալիևն Ադրբեջանը կառավարի ևս 80 տարի, թող կառավարի: Բազմազգ Ադրբեջանի խեղճ ժողովուրդ, նրանք էլ իրենց նախագահի ձեռքն են կրակն ընկել, Ղարաբաղի դեմ զոռով կռվի են ուղարկում, բայց մեր հակառակորդի զինվորները սրտների խորքում գիտեն, որ դրանք հայկական հողեր են, իրենք այդտեղ անելիք չունեն, բայց, ինչ արած, դա էլ Իլհամ Ալիևի բիզնեսը աշխատանքային վիճակում պահելու համար է պետք:


Վերադառնանք մեր խնդիրներին ու փորձենք հասկանալ, թե որտեղից առաջացան մեր արտաքին պարտքերը, և ինչու այդ պարտքերով չկարողացանք ժամանակակից գործարաններ ու ֆաբրիկաներ կառուցել: Որպեսզի պարզ դառնա արտաքին պարտքերի տակ մտնելու մեր առանձնակի սերը (կասկածից վեր է, որ դրանք ոչ միայն հարկադրված, այլև դրսից պարտադրված քայլեր են եղել), անհրաժեշտ է մի փոքր հեռվից գալ ու հասկանալ, թե ինչպես եղավ, որ հիմնահատակ ոչնչացավ մեր երկրի արդյունաբերական պոտենցիալը, և տնտեսությունը հայտնվեց ճգնաժամի մեջ: Այստեղ անմիջական կապ կա Գորբաչովի դավաճանության, հետխորհրդային երկրների շարունակական քայքայման համար մարտնչող արտաքին ուժերի ու, այդ ճակատում, նրանց կողքին մարտնչող ներքին ուժերի անմիջական համագործակցության միջև: ԽՍՀՄ փլուզումից դեռևս մի քանի տարի առաջ մեր համախոհների հետ մշակել ու հասարակական լայն քննարկման էինք դրել Հայաստանի տնտեսության զարգացման կոնցեպցիան՝ որպես ուղենիշ նոր պայմաններում արդյունաբերության ոլորտում աշխատանքները կազմակերպելու համար: Այդ նոր պայմանները խիստ աննպաստ էին մեր երկրի տնտեսության համար: Եթե մի կողմ թողնենք Սպիտակի ավերիչ երկրաշարժի չվերացված հետևանքների, սպասվող ղարաբաղյան պատերազմի, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու դժվարությունների, հետագայում նաև տնտեսական բլոկադայի ենթարկվելու հիմնահարցերն ու սպասվող հեռանկարները, ապա կտեսնենք, որ մեր դժվարությունները միայն այդքանով չէին սահմանափակվում, առջևում ավելի դժվարին խնդիրներ կային: Հայաստանի գործարանները հազարավոր կոոպերացիոն թելերով կապված էին ԽՍՀՄ արդյունաբերական ընդհանուր համալիրի մյուս գործարանների հետ, խորհրդային հազարավոր գործարաններ մասնագիտացել էին մյուսների համար միայն պահեստամասեր արտադրելու գործերով, վերջնական արտադրանքը տալու պատիվը վերապահված էր միայն հատուկ ու սահմանափակ թվով գործարանների: Աշխատանքի կազմակերպման տնտեսապես չհիմնավորված այս անճոռնի ձևը ԽՍՀՄ-ում ներդրել էր Լավրենտի Բերիան՝ Հայրենական պատերազմից անմիջապես հետո: Այն հետապնդում էր զուտ քաղաքական նպատակներ, ուներ նաև պետական ու ռազմական գաղտնիքները մշտապես փակի տակ պահելու միտում: Ազգային բոլոր հանրապետություններն ու փոքրամասնությունները միմյանց հետ կապված էին խոր արտադրական-տնտեսական ու կոմունիստական գաղափարախոսական պարտադրված կապերով ու ընդհանրություններով, ոչ ոք չէր կարող ինքնուրույն աշխատել, ոչ ոք իր գիտական ու արտադրական գործողություններում չէր կարող ազատ լինել՝ բացի անհատական, անձնական սարսափելի սահմանափակումներից: Արտադրական այդ խոր կոոպերացիան էր պատճառը, որ, 1988 թվականից սկսած, մեկը մյուսի հետևից սկսեցին կանգ առնել խորհրդային խոշոր գործարանները, այդ թվում՝ Մինսկի հեռուստացույցների «Հորիզոն» գործարանի գլխավոր հոսքագիծը, երբ գործադուլի պատճառով դադարեցվեց բարձրավոլտ կոնդենսատորների մատակարարումը Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանից: Ստեփանակերտի կոնդենսատորներն օգտագործվում էին լարման բազմապատկիչների մեջ, որոնք ծառայում են հեռուստացույցի կինեսկոպի աշխատանքի համար անհրաժեշտ 15-20 կՎ լարումը ստեղծելու համար: ԽՍՀՄ-ում արտադրված յուրաքանչյուր հեռուստացույցի մեջ կար Ստեփանակերտի գործարանի արտադրության առնվազն 6 բարձրավոլտ կոնդենսատոր:

Փաստեմ, որ դրանք Անդրկովկասում արտադրվող էլեկտրոնային կոմպոնենտներից ամենահուսալիներից էին: Կրեմլի թեթև ձեռքով «անկախության» ծանր բեռը իրենց ուսերին վերցնելուց հետո Հայաստանի ղեկավար այրերը պետք է կարողանային կողմնորոշվել ստեղծված իրավիճակում, մի կողմ դնեին բարձր պաշտոններ ստանալու առիթով առաջացած իրենց անսահման ուրախությունն ու էյֆորիան և մտածեին մեր արդյունաբերության առաջ կանգնած չափազանց բարդ խնդիրները լուծելու մասին:
Երկրի արդյունաբերությունը պետք է արմատապես ձևափոխվեր ու հարմարեցվեր անկախության պայմաններում, նոր տնտեսական միջավայրում աշխատելուն: Արդյունաբերությունը պետք է զարգանար այնպիսի ուղղությամբ, որ ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած տեխնիկան և տեխնոլոգիաները հնարավոր լիներ օգտագործել նոր արտադրատեսակների արտադրությունը յուրացնելու համար: Իսկ որո՞նք էին լինելու այդ նոր արտադրատեսակները, ոչ ոք չգիտեր: Նոր արտադրատեսակները դեռևս պետք էր ստեղծել, պատրաստի լուծումներ չկային: Մյուս հանրապետությունների հետ ունեցած գիտատեխնիկական համագործակցության բոլոր կապերն արդեն խզված էին, նրանց մոտ էլ էին արտադրական լուրջ խնդիրներ առաջացել: Գորբաչովը այնքան անսպասելի ձևով տվեց ԽՍՀՄ փլուզման մեկնարկը, որ անգամ ժամանակ չեղավ կողմնորոշվելու, վերադասավորվելու, վերապրոֆիլավորվելու, նոր պայմանների համար նոր արտադրատեսակներ ստեղծելու համար: Գորբաչովի արագացված քայլերը ռուսերենով բնորոշվում են ր տսպփ ՊՏսՏռ հայտնի արտահայտությամբ, փրկվեք՝ ով ինչպես կարող է: Մեզ համար այդ պայմաններում աշխատելը չափից դուրս բարդ խնդիր էր, որի լուծման համար պահանջվում էր մոբիլիզացնել ու մեկ ընդհանուր խնդրի շուրջ կենտրոնացնել բոլոր գիտահետազոտական ինստիտուտները՝ իրենց գիտնականներով, ինժեներներով ու բանվորներով: ՀՀՇ-ական իշխանությունները նման քայլերի չգնացին, ավելի ճիշտ կլինի ասել, այդ ուղղությամբ ոչինչ չձեռնարկեցին, անկախության առաջին իսկ օրից ամեն ինչ գնաց հակառակ ուղղությամբ: Իշխանության ղեկը բռնած մարդկանց նպատակներն այլ էին, ավելի կոնկրետ ու ավելի երկրային էին, նրանց պետք էր այդ առիթն օգտագործել հարստանալու համար: Այդ իրողությունը պարզ էր այն ժամանակվա գործարանների ու ԳՀԻ-ի տնօրենների մեծամասնության համար: Անհասկանալի մի խնդիր էր առաջացել. ինչպե՞ս չեզոքացնել ՀՀՇ-ականներին ու նրանց հեռու պահել մեր արտադրություններից: Այդ քանդող բրիգադները շատ վտանգավոր էին: Նրանց չեզոքացնել չհաջողվեց: Նման պայմաններում, երբ հայրենիքը լի էր եղածը քանդելու և վաճառելու վճռականությամբ ոտքի ելած «մտավորականներով» ու նրանց հարող ընչաքաղցների բանդաներով, դա անհնար էր:


Ստեղծված իրավիճակը մանրակրկիտ վերլուծելուց հետո կոնկրետ ես հասկացա, որ պետք է խաչ քաշել Հայաստանի արդյունաբերության վրա, հեռանալ զբաղեցրած պաշտոնից, ազատվել իշխանությունների հետ որևէ առնչություն ունենալու պարտադրանքից, մեկուսանալ և աշխատել ինքնուրույն՝ առանց գործող իշխանություններին տեղյակ պահելու, գործել գրեթե ընդհատակում: Ակնհայտ էր՝ Հայաստանի նոր իշխանավորների թալանը երկար, շատ երկար էր շարունակվելու, իսկ թալանին պատրաստ մարդկանց անհնար կլինի մարդկային լեզվով ինչ-որ բան հասկացնել: Նման քայլը հավասար կլիներ գայլի գլխին քարոզ կարդալուն: Միևնույն է, վերջում ասվելու էր՝ շուտ արեք, ոչխարը սարն անցավ:
Մեր իշխանավորները մինչ օրս պահպանել են չլսելու, չտեսնելու կամ չտեսնել տալու իրենց ձեռքբերովի ունակությունները: Նրանց հետ աշխատելն այսօր էլ կարելի է դիտարկել որպես անիմաստ զբաղմունք, սրանց ջրին էլ փլավ գցելն անհնար է: Սկզբում անհրաժեշտություն առաջացավ մշակելու հետխորհրդային Հայաստանի արդյունաբերության զարգացման մի այնպիսի հայեցակարգ ու համապատասխան ռազմավարական ծրագիր, որը թույլ կտար լուծել արդյունաբերության վերապրոֆիլավորման, նոր ռելսերի վրա դնելու խնդիրը՝ վստահ լինելով ու հավատալով, որ վաղ, թե ուշ կգան նոր մարդիկ և նոր ժամանակներ, երբ մեր աշխատանքների կարիքը կզգացվի, նրանց պատշաճ ընթացք կտրվի, ու մենք կկարողանանք հաղթահարել սպասվող տնտեսական ճգնաժամը: Հայաստանի տնտեսության համար այլ տարբերակ չէր թողնվել. խոր տնտեսական ճգնաժամը անպայման գալու էր, դրանում ոչ մի գաղտնիք չկար, նման առաջնորդների իշխանությամբ Հայաստանի տնտեսությունը վաղ, թե ուշ, բայց անպայմանորեն կհայտնվեր տնտեսական խոր ճգնաժամի մեջ: Մեր հաշվարկներով դա պետք է տեղի ունենար 15-20 տարի անց, բայց նույնիսկ հիմա, 25 տարի անց մեր իշխանությունները պատրաստ չեն խորությամբ ընկալելու մեր կատարած աշխատանքների կարևորությունն ու դրանց համապատասխան ընթացք տալու: Ոչինչ, մենք կսպասենք, մենք հպարտ չենք: Մեր մշակած հայեցակարգը ունի բազմաթիվ դրույթներ, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի գործարաններն ու ԳՀ ինստիտուտները զարգացման մեկ ընդհանուր ռելսերի վրա դնելու խնդրին՝ արդյունաբերության մեջ նոր ոլորտ ձևավորելու ճանապարհով: Այստեղից էլ ծնվեց այն գաղափարը, որ Հայաստանի համար հեռանկարային կարող է դառնալ արևային տեխնիկայի ոլորտը, որը, մեզանից ավելի վաղ, հասկացել ու ընդունել էր նաև ակադեմիկոս Պարիս Հերունին: Հետագայում մշակեցինք Հայաստանի հելիոֆիկացիայի համալիր ծրագիրը, որի հիմքում դրվեցին մեր հայեցակարգային մոտեցումները: Հայաստանում հելիոտեխնիկական արդյունաբերություն կազմակերպելու, Հայաստանի, Ղարաբաղի, ապա և, հայերի միջոցով, ողջ աշխարհի հելիոֆիկացիայի խնդիրները մտան իմ հետագա գիտական ու աշխատանքային պլանների մեջ: Այդ պլաններն ուժի մեջ են մինչ օրս, բայց առայժմ, մեզ համար անհասկանալի պատճառներով ու պատճառաբանություններով, չեն իրականանում, չնայած այն բանին, որ այդ ծրագիրը, իրոք, թույլ կտա կարճ ժամանակահատվածում հանգուցալուծել մեր տնտեսության ու երկրի առջև ծառացած բոլոր հրատապ խնդիրները: Իսկ թե ինչու են մեր իշխանություններն այդքան համառում ու չեն արձագանքում արևային թեմաներով արված մեր գործնական առաջարկներին՝ ընդունելով ու հերթով ազատ արձակելով թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 համարների տակ հանդես եկող անհոգ ու «անգլուխ» վարչապետերին, ինձ համար մնում է հետխորհրդային ժամանակաշրջանի հայ իրականության մեծագույն գաղտնիք-առեղծվածներից մեկը:


Պատկերացրեք, առաջարկվում է թշվառ վիճակի մեջ հայտնված երկրի տնտեսությունը դուրս բերել ճգնաժամից՝ առանց հատուկ նախապայմանների կամ անիրագործելի պայմանների, բայց երկրի իշխանությունները չեն ուզում, դեմ են: Ինչո՞ւ: Չգիտենք: Հավանաբար մեր երկրի տերերի տերերն են այդպես կամենում կամ մինչև իր հոր տան ասեղը չլինի, նոր (հին) վարչապետը չի կարող կարել, միգուցե: Գուցե և անձնական փողային շահերը տեսանելի չեն: Թերևս: Սրանցից բան չես հասկանա, Աստված իրենց հետ, եթե 14-րդն էլ վճռորոշ քայլեր չձեռնարկի ու դարձյալ ոչինչ չնախաձեռնի, կսպասենք հաջորդ վարչապետին՝ թվով արդեն 15-րդին: Գուցե մեր բախտը բերի ու մի օր տեսնենք, որ, վերջապես, ընտրությունների միջոցով հարցերը լուծվեցին և իշխանական ասպարեզ մտան գրագետ, ազնիվ, իրենց չվարկաբեկած ու ժամանակին համահունչ շարժվող երիտասարդ դեմքեր, տեսնենք, Աստված բարեհաճ է, մեզ չի մոռանա, մի բան կանի: Մինչև ՀՀ 15-րդ վարչապետի ի հայտ գալը, որը անպայման տեղի կունենա, ընդամենը ժամանակի խնդիր է, մենք կփորձենք ներկայացնել ու քննարկման դնել մեր մշակած հայեցակարգի բոլոր կարևոր դրույթները, ապագա աշխատանքներում դրանք մեր մասնագետներին պետք կգան՝ ուղեցույցի կարգավիճակով: Դրանց մեջ, իմ համոզմամբ, առանձնանում է ամենակարևորը, ամենահայկականը. պետք է ձգտել նպատակային ու լիակատար ձևով Հայաստանում օգտագործել սփյուռքի բոլոր հնարավորությունները, բայց ոչ այնպիսի գռեհիկ ձևերով, ինչպես դա անընդհատ փորձում են անել մեր իշխանությունները՝ սփյուռքի նախարարի միջնորդությամբ՝ խնդրելով, ամաչեցնելով, ամոթանքներ տալով, հայրենասիրական կոչեր հղելով, հորդորելով, վախեցնելով, մարաթոնյան այցերով, հեռուստամարաթոններով ու այլ ձևերով կոնկրետ փողեր աղերսելով: Սրանք հեռանկար չունեցող, իշխանական վերացական քայլեր են, որոնք մերժելի են: Սփյուռքի հարցում մեր հայեցակարգային մոտեցումը հաշվի է առնում երկու կարևոր հանգամանք.
ա) հայկական արտադրության ապրանքների համար սփյուռքը կարող է դառնալ միջնորդ՝ միջազգային շուկայում այն պրոպագանդելու ու առաջ տանելու համար: Այս գաղափարը՝ մի քիչ այլ ռակուրսով, բայց Եվրոպայում ու Ամերիկայում հիմա մեծ հաջողությամբ իրականացնում են հրեաներն ու արաբները՝ տարբեր երկրներում համապատասխանաբար հիմնելով իրենց «կոշերային» ու «հալալ» խանութների ցանցերը:


«Կոշերա» տերմինը հուդաիզմի մեջ դիտարկվում է որպես Գալախի տեսակետով օգտագործման համար թույլատրելի ապրանք, հիմնականում՝ սննդատեսակ: Հրեաների մոտ ամանորյա սեղաններին թույլատրվում է դնել միայն կոշերային ուտեստներ: Նույն գաղափարն է դրված նաև արաբական «հալալի» տակ, օրինակ, թույլատրվում է օգտագործել միայն այն կենդանիների միսը, որոնց մորթը կատարվել է՝ պահպանելով մուսուլմանական ավանդույթները. մորթելիս կենդանու գլուխը պետք է ուղղված լինի դեպի արևելք: Իմ ֆրանսահայ գործընկեր Վազգեն Մելքոնյանը պատմել է Ֆրանսիայում «հալալ» խանութների ֆանտաստիկ հաջողությունների մասին, այդ խանութներից, մեծ հերթերով, գնումներ են կատարում ոչ միայն արաբները, այլև ֆրանսիացիները: Միջազգային շուկան այդպես է արձագանքում, երբ ինչ-որ ապրանքի համար մարդկանց որոշակի խմբերում աժիոտաժային պահանջարկ է նկատվում: Այստեղ մեր հաշվարկները շատ պարզ էին: Մեր հայրենակիցները, հատկապես սննդի հարցերում, աշխատում են գնել հիմնականում հայկական արտադրության ապրանքներ, որոնց նրանք ծանոթ են, գիտեն: Այդպիսով, օտար երկրներում ապրող մեր հայրենակիցները՝ ինքնուրույնաբար կամ նաև մեզ հետ համագործակցելով, իրենց հարևանների կամ աշխատակիցների համար կդառնան, օրինակ, հայկական խոհանոցային արտադրանքի բնական ու անվճար պրոպագանդիստներն ու մարկետոլոգները, և այդ գործերը կանեն ավելի հաջող ձևով, քան դա ի պաշտոնե անում են հայկական դեսպանատները:


(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ